Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.11.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Դատալեքս համակարգ www.datalex.am
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
11.11.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
11.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 

ԵԿԴ/0011/11/14

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

               

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ե. Դանիելյանի

 

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

 

քարտուղարությամբ`

Ս. Օհանյանի
Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

11 նոյեմբերի 2022 թվական

ք. Երևան

դռնբաց դատական նիստում, քննության առնելով դիմող Արման Վահանի Սիմոնյանի (Դավթյանի) ներկայացուցիչ Ռ.Ռևազյանի՝ նոր հանգամանքի հիմքով ներկայացված վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչ Ա.Կարապետյանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 31-ի որոշմամբ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների կողմից Արման Դավթյանի, Սոնա Մկրտչյանի, Արթուր Մանուկյանի, Սամվել Ավագյանի և Արման Սարգսյանի նկատմամբ բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորությունների անցում կատարելու, ոստիկանության բաժնում ապօրինի պահելու և նրանց ցուցմունք տալուն հարկադրելու վերաբերյալ քրեական գործով վարույթը կարճվել է` ոստիկանության բաժնի աշխատակիցների և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչ Վահագն Պողոսյանի արարքներում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 309-րդ և 341-րդ հոդվածներով, իսկ Արման Դավթյանի և Ռոբերտ Ռևազյանի արարքներում` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված հանցակազմերի բացակայության պատճառաբանությամբ:

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Հ.Հարությունյանի՝ 2013 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ, վերոնշյալ որոշման դեմ Ա.Դավթյանի և վերջինիս ու Ս.Մկրտչյանի ներկայացուցիչ Ռ.Ռևազյանի բողոքները մերժվել են:

2. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2014 թվականի մարտի 28-ի որոշմամբ Ա.Դավթյանի, Ս.Մկրտչյանի և վերջիններիս ներկայացուցիչ Ռ.Ռևազյանի բողոքը՝ վերոնշյալ որոշումները վերացնելու և քրեական գործի վարույթը վերսկսելու, արդյունավետ քննություն իրականացնելուն պարտավորեցնելու մասին, մերժվել է:

3. Դիմողներ Ա.Դավթյանի, Ս.Մկրտչյանի ներկայացուցիչ Ռ.Ռևազյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2014 թվականի հունիսի 6-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մարտի 28-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

4. Վճռաբեկ դատարանը 2014 թվականի հուլիսի 23-ի որոշմամբ դիմողներ Ա.Դավթյանի և Ս.Մկրտչյանի ներկայացուցիչ Ռ.Ռևազյանի վճռաբեկ բողոքը վերադարձրել է:

5. Ա.Դավթյանի և նրա ներկայացուցիչ Ռ.Ռևազյանի գանգատի հիման վրա, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` նաև Եվրոպական դատարան) Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով (Davtyan v. Armenia, Application no. 30779/13) 2022 թվականի մարտի 1-ին վճիռ է կայացրել, որով ճանաչել է Ա.Դավթյանի՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Եվրոպական կոնվենցիա) 3-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտման փաստը1։

6. Որպես նոր հանգամանք վկայակոչելով Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը՝ Արման Դավթյանի (Սիմոնյանի2) ներկայացուցիչ Ռ.Ռևազյանը 2022 թվականի մայիսի 16-ին նոր հանգամանքի հիմքով բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան։

7. Վճռաբեկ դատարանի` 2022 թվականի հուլիսի 25-ի որոշմամբ հարուցվել է նոր հանգամանքի հիմքով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2014 թվականի հունիսի 6-ի որոշման վերանայման վարույթ, և բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ3։ Վճռաբեկ դատարանը 2022 թվականի հոկտեմբերի 13-ին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքի քննությունը դատական նիստում իրականացնելու մասին:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Դիմող Արման Սիմոնյանի ներկայացուցիչ Ռ.Ռևազյանը նշել է, որ Եվրոպական դատարանը Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով 2022 թվականի մարտի 1-ի վճռով արձանագրել է, որ դիմումատուն տուժել է անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով: Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ իշխանությունները դիմումատուի նշած ենթադրյալ վատ վերաբերմունքի հանգամանքների վերաբերյալ արդյունավետ քննություն չեն անցկացրել: Եվրոպական դատարանն արձանագրել է, որ տեղի է ունեցել Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ նյութաիրավական և ընթացակարգային հայեցակետերով:

9. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի հուլիսի 23-ի, Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի հունիսի 6-ի որոշումները և գործն ուղարկել՝ նոր քննության:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

10. 2012 թվականի փետրվարի 23-ին քաղաքացիներ Ա.Դավթյանի և Ս.Մկրտչյանի ներկայացուցիչ Ռ.Ռևազյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն` այն մասին, որ Հայաստանի Հելսինկյան կոմիտեին ուղղված նամակով ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արման Վահանի Դավթյանը հայտնել է, որ 2011 թվականի հունիսի 14-ի առավոտյան իրեն, կնոջը` Սոնա Մկրտչյանին, և ընկերոջը` Արթուր Մանուկյանին, բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ թույլ չեն տվել օգտվել հեռախոսազանգից, ռետինե մահակներով և մանրահատակով ծեծի են ենթարկել իրեն` ստիպելով պատմել, թե ինչպես է գողություն կատարել։ Մանրահատակի հարվածից կոտրվել են ձախ ձեռքի մատները, հետագայում իրեն հոսանքահարել են էլեկտրաշոկով։ 2011 թվականի հունիսի 18-ին տարել են դատարան` կալանավորումը խափանման միջոց ընտրելու համար։ Արման Դավթյանը հայտնել է նաև, որ օպերլիազորների պարտադրանքով քննիչ Վիգեն Սարգսյանի մոտ ցուցմունք է գրել, որ բերման ենթարկելուց մի քանի օր առաջ ձեռքը խփել է պատին։ Հետագայում Հայաստանի Հելսինկյան կոմիտեին նմանատիպ բովանդակությամբ դիմում է ներկայացրել նաև Սոնա Մկրտչյանը։

Հայտնելով վերոգրյալը` Ռ.Ռևազյանը խնդրել է տեղի ունեցած անձի իրավունքների խախտումների՝ ապօրինի ազատությունից զրկելու, ինչպես նաև անմարդկային վերաբերմունք դրսևորելու և խոշտանգելու կապակցությամբ, հարուցել քրեական գործ ու պատժել մեղավորներին։

10.1. Քրեական գործի վարույթը կարճելու մասին 2013 թվականի հոկտեմբերի 31-ի որոշման համաձայն՝ նախաքննությամբ ոստիկանության աշխատակիցների կողմից ապօրինի գործողություններ կատարելու, մասնավորապես` Արման Դավթյանին, Սոնա Մկրտչյանին, Արթուր Մանուկյանին, Սամվել Ավագյանին և Արման Սարգսյանին ոստիկանության բաժնում ապօրինի պահելու, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, նրանց ցուցմունք տալուն հարկադրելու հանգամանքը հաստատող ապացույցներ, բացի Արման Դավթյանի ցուցմունքներից, ձեռք չեն բերվել, բացի դա, սպառվել են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները։

Այսինքն` քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար չեն` ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների արարքում Արման Դավթյանի, Սոնա Մկրտչյանի, Արթուր Մանուկյանի, Սամվել Ավագյանի և Արման Սարգսյանի նկատմամբ բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորությունների անցում կատարելու, նրանց ապօրինի ոստիկանության բաժնում պահելու և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչ Վահագն Պողոսյանի կողմից նրանց ցուցմունք տալուն հարկադրելու` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 341-րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի առկայությունը հաստատված համարելու առումով։

11. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2014 թվականի մարտի 28-ի որոշմամբ արձանագրել է. «(…) Քրեական գործի քննության ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ Ա.Գ.Կարապետյանը և ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Հ.Հարությունյանը պահպանել են պահանջվող դատավարական կանոնները. քննիչն իրականացրել է գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, ինչը թույլ է տվել նրան հանգելու ճիշտ հետևության, իսկ նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, ստուգման ենթարկելով քննիչի կողմից կայացված որոշման օրինականությունը, ղեկավարվելով ինչպես օրենսդրական նորմերով, այնպես էլ դրանց պարզաբանման և մեկնաբանման նպատակով ՄԻԵԴ կողմից կայացված նախադեպային որոշումներով, չունենալով այդպիսի հիմքեր իրավացիորեն չի վերացրել այն։

Դատարանն արձանագրում է, որ բողոք բերող Արման Դավթյանի և Սոնա Մկրտչյանի ներկայացուցիչ Ռոբերտ Ռևազյանի կողմից դատարանին չներկայացվեցին բավարար հիմնավորումներ` քննիչի և դատախազի կողմից իր իրավունքներն ու ազատությունները խախտելու վերաբերյալ, ինչը հիմք է բողոքը մերժելու համար։

Դատարանը փաստում է, որ ներկայացված բողոքի, քրեական գործի նյութերի և դատարանում հանդես եկած բողոքաբերի փաստարկների համակարգային վերլուծության արդյունքում, դատարանը չի կարող գալ այնպիսի հիմնավորված հետևության, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք են բերվել բավարար ապացույցներ Արման Վահանի Դավթյանի և Սոնա Ռուբենի Մկրտչյանի հայտնած տեղեկությունները հաստատված համարվելու տեսանկյունից, սակայն անտեսելով այդ ապացույցները վարույթն իրականացնող մարմինը՝ ի դեմս քննիչի, կայացրել է անհիմն և չպատճառաբանված որոշում։

Ավելին, դատարանն արձանագրում է, որ քննիչը քրեական գործի բազմակողմանի ուսումնասիրմամբ, քննության է արժանացրել բողոքաբերների կողմից նշված և վարույթն իրականացնող մարմնին հետագայում հայտնի դարձած ցանկացած տեղեկություն և փաստ, դրա վերաբերյալ կատարել մանրակրկիտ քննություն, իսկ իր որոշմամբ համադրելով ձեռք բերված բոլոր փաստերը՝ եկել համապատասխան հետևության։

Այսպիսով, դատարանը գտնում է, որ բավարար չեն հիմքերը՝ ինչպես ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ Ա.Գ.Կարապետյանի 2013թ. հոկտեմբերի 31-ի, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Հ.Հարությունյանի` բողոքը մերժելու մասին 21.11.2013թ.-ի որոշումները վերացնելու համար (…)»4:

12. Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մարտի 28-ի որոշումը թողնելով անփոփոխ, 2014 թվականի հունիսի 6-ի որոշմամբ փաստել է. «(…) Առաջին ատյանի դատարանը, պահպանելով քրեադատավարական նորմերի պահանջները, հիմնավորապես պատճառաբանելով, իրավացիորեն մերժել է Արման Դավթյանի, Սոնա Մկրտչյանի և նրանց ներկայացուցիչ Ռոբերտ Ռևազյանի բողոքը` գտնելով, որ քննիչն իրականացրել է գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, իսկ բողոքաբերների կողմից դատարանին չեն ներկայացվել բավարար հիմնավորումներ` քննիչի և դատախազի կողմից իրենց իրավունքներն ու ազատությունները խախտելու վերաբերյալ, ուստի վիճարկվող որոշումները` քրեական գործով վարույթը կարճելու և դատախազ Հ.Հարությունյանի կողմից բողոքը մերժելու մասին, օրինական են և հիմնավորված:

(…) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարվել են բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները` գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար, ձեռք բերված ապացույցներին տրվել է պատճառաբանված և օբյեկտիվ գնահատական, և դրանցով անձի իրավունքների կամ ազատությունների խախտումներ թույլ չեն տրվել:

(…) Այսպիսով, քննության առնելով վերը նշված բոլոր հանգամանքներն իրենց համակցության մեջ` Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ձեռք բերված և հետազոտված նյութերի օբյեկտիվ գնահատման արդյունքում կայացրել է օրինական, հիմնավորված և պատճառաբանված որոշում, քրեական հետապնդման մարմնի գործողություններով անձի իրավունքների կամ ազատությունների խախտումներ թույլ չեն տրվել, հետևաբար Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական է և պատճառաբանված, ուստի վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման (…)»5:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններն ու եզրահանգումը.

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով՝ Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումներ արձանագրելու փաստը, Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին 2014 թվականի հուլիսի 23-ի որոշումը վերանայելու հիմք է։

14. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 426.1-րդ հոդվածի համաձայն` «1. Նոր երևան եկած, կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։

2. Նոր երևան եկած, կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի համաձայն` «1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.

(…)

2) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը.

(…)։

2. Սույն հոդվածի առաջին մասի (…) 2-րդ կետ[ով] նախատեսված նոր հանգամանք[ը] հաստատված [է] համարվում (…) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող տվյալ միջազգային դատարանի որոշմամբ՝ դր[ա] ուժի մեջ մտնելու պահից (…)»։

15. Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման հիմք է նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի, այդ թվում՝ Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճիռը, որով հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը6։

16. Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանը, վերահաստատելով Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված իրավունքի վերաբերյալ նախկինում ձևավորած դիրքորոշումները, դրանք կիրառել է կոնկրետ գործի փաստական հանգամանքների նկատմամբ7:

16.1. Այսպես, անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք կոնկրետ գործով առկա է եղել դիմումատուի հանդեպ ենթադրյալ վատ վերաբերմունք, Եվրոպական դատարանը նշել է. «(…) Սույն գործով դիմումատուի ձեռքի, կրծքավանդակի, մեջքի և ձախ սրունքի հատվածում մի շարք վնասվածքներ են հայտնաբերվել, այդ թվում' քննիչի և դատաբժշկի կողմից, երբ նա բերման է ենթարկվել ժամանակավոր պահման վայր և կալանավորված անձանց պահման վայր։ Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի վնասվածքներն ստացվել էին մինչև ոստիկանության բաժին ժամանելը' հիմք ընդունելով քննիչին և դատաբժշկին տված նրա ցուցմունքները, ինչպես նաև վերջինիս եզրահանգումները:

Դատարանն ի սկզբանե նշում է, որ չկա որևէ ապացույց այն մասին, որ դիմումատուն արդեն վնասվածքներ է ունեցել ոստիկանության բաժին մտնելիս: Նրա առաջին ֆիզիկական զննումն անցկացվել է միայն մոտ տասնմեկ ժամ անց, մինչդեռ քննիչի կողմից նրա հարցաքննությունը, որի ժամանակ ձեռքի վնասվածք է արձանագրվել, տեղի է ունեցել ոստիկանությունում արգելանքի տակ պահելու վայր բերվելուց մոտ երկուսուկես ժամ անց:

Դատարանն այնուհետև նկատում է, որ դիմումատուի ցուցմունքները, որոնք տրվել են իր հանդեպ ենթադրյալ վատ վերաբերմունք ցուցաբերելուց անմիջապես հետո, որոնցում նա ընդունել է, որ ինքն է իրեն վնասել մինչև իրեն ձերբակալելը, կարող են արված լինել առաջացած սթրեսի լուրջ ազդեցության, տրավմայի և վախերի հետևանքով' հատկապես հաշվի առնելով, որ նա այդ ցուցմունքները տվել է դեռևս ոստիկանությունում արգելանքի տակ գտնվելու ժամանակ (համեմատեք Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի [Nalbandyan v. Armenia], թիվ 9935/06 և 23339/06, « 102, 2015 թվականի մարտի 31): Հատկանշական է, որ այդ ցուցմունքները ներպետական մակարդակով երբեք հիմք չեն ընդունվել: Ավելին, դիմումատուի ցուցմունքը' մեջքի այրվածքների վերաբերյալ, ակնհայտ կեղծ է եղել, քանի որ նա պնդել է, որ այդ այրվածքները, որոնք նա անվանել է «քերծվածքներե, ստացել էր պատին հենվելու արդյունքում: Հատկանշական է, որ դիմումատուն ավելի ուշ հրաժարվել է այդ ցուցմունքներից և հետևողականորեն հերքել է, որ վնասվածքներն ստացել է մինչև իրեն ձերբակալելը: Հետևաբար Դատարանը համարում է, որ տվյալ ցուցմունքները հավաստի ապացույցներ չեն եղել:

Ի վերջո, ինչ վերաբերում է դատաբժշկի եզրակացություններին, ապա Դատարանը նշում է, որ փորձագետն առանց կասկածի տակ առնելու ընդունել է դիմումատուի այն ցուցմունքը, որ մեջքի այրվածքներն առաջացել են պատին հենվելուց: Նա այնուհետև չի զննել և չի արձանագրել դիմումատուի ձեռքի վնասվածքը, չնայած ակնհայտորեն տեղյակ է եղել այդ մասին: Ավելին, էլեկտրահարման սարքի օգտագործումը բացառող կարծիքը փորձագետն արտահայտել է ոչ թե դիմումատուին զննելուց հետո, այլ միայն մոտ երեք ամիս անց' քննիչի կողմից հարցաքննվելիս: Այս ամենը կասկածի տակ է դնում փորձագետի եզրահանգումների արժանահավատությունը: Ամեն դեպքում, նույնիսկ եթե ենթադրենք, որ դիմումատուի այրվածքների պատճառն էլեկտրահարման սարքը չի եղել, դա, այնուամենայնիվ, չի ազատի Կառավարությանը դիմումատուի վնասվածքների համար պատասխանատվություն կրելու և հիմնավոր բացատրություն տալու պարտավորությունից, ինչն այդ դեպքում Կառավարությունր չի արել:

Հաշվի առնելով վերոնշյալը' Դատարանը գտնում է, որ Կառավարությունը չի կարողացել հիմնավոր բացատրություն տրամադրել դիմումատուի վնասվածքների համար: Մասնավորապես ցույց չի տրվել, որ նրա վնասվածքները եղել են ուժի կիրառման հետևանք, ինչը խիստ անհրաժեշտ է եղել նրա վարքագծի պատճառով: Հետևաբար Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուն ենթարկվել է անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի՝ 3-րդ հոդվածի իմաստով (…)»8:

16.2. Անդրադառնալով դիմումատուի հանդեպ ենթադրաբար արդյունավետ քննություն չիրականացնելու խնդրին՝ Եվրոպական դատարանն արձանագրել է հետևյալը. «(…) Դատարանը նշում է, որ երբ դիմումատուի վնասվածքները հայտնաբերվել են ոստիկանության ժամանակավոր պահման վայրում, ծանուցում է ուղարկվել ՈՄԲ-ին' դիմումատուի դեմ քրեական գործը քննող մարմնին, որի աշխատակիցները ենթադրաբար դաժան վերաբերմունք են ցուցաբերել նրա հանդեպ, և որը հետևաբար անկախ մարմին չէր դիմումատուի վնասվածքների առնչությամբ քննություն իրականացնելու համար: Որևէ քննչական միջոցառում չի ձեռնարկվել' բացի 2011 թվականի հունիսի 28-ի պաշտոնական բողոքից հետո նրա պնդումների առնչությամբ քննությունը հանձնարարվել է ՄՔԲ-ի քննիչին, մի մարմին, որը, ինչպես հետագայում պարզվել է Վճռաբեկ դատարանի կողմից, այդ մեղադրանքներն անաչառ քննող մարմին չէր: Դատարանն այդ եզրահանգման հետ չհամաձայնելու պատճառներ չունի: Այսպիսով, գրեթե երկու տարի անց քրեական գործ է հարուցվել և հանձնվել ՀՔԾ-ին՝ «անաչառ քննությանե: Միայն այդ ժամանակ է, որ դիմումատուն ճանաչվել է տուժող: Դատարանը գտնում է, որ դիմումատուի պնդումների առնչությամբ քննությունն անկողմնակալ մարմնին չհանձնելը և այդքան երկար ժամանակ դիմումատուի արդյունավետ մասնակցությամբ անկախ քննություն չիրականացնելը պետք է լրջորեն ազդեր դրա արդյունավետության ու արդյունքի վրա:

Նման հանգամանքներում Դատարանը համաձայն չէ Կառավարության հետ, որ ապացույցների ցանկացած հնարավոր կորուստ կարելի է վերագրել դիմումատուի կողմից ժամանակին բողոք չներկայացնելուն: Այն մեկուկես ամսով ուշացումն այնքան երկար չի համարում, որպեսզի իմաստազուրկ ճանաչի դիմումատուի 2011 թվականի հուլիսի 28-ի բողոքը: Այս կապակցությամբ կարևոր է նաև նկատի ունենալ այն հոգեբանական հետևանքները, որ վատ վերաբերմունքը կարող է ունենալ տուժողների վրա, ներառյալ' նրանց ներկայանալու կարողությունը խաթարելը (տե'ս Մոկանուն և այ/ք ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Moca ո ս and Others v. Romania [GCJ], թիվ 10865/09 և ևս 2-ը, «274, ՄԻԵԴ 2014 (քաղվածքներ)): Ամեն դեպքում, իշխանության մարմինները շատ վաղ փուլում տեղեկացել են դիմումատուի վնասվածքների մասին, և նրանց պարտականությունն էր ապահովել, որ այդ հարցն ստանա համարժեք, արագ և անաչառ արձագանք: Ճիշտ է, որ դիմումատուն ի սկզբանե հրաժարվել է ցուցմունք տալուց, երբ հարցաքննվել է իր պնդումների վերաբերյալ, սակայն Դատարանը նշում է, որ այդ հարցաքննությունն անցկացվել է այն ժամանակ, երբ քննությունն իրականացվում էր ՄՔԲ-ի կողմից: Այսպիսով, սկզբնական շրջանում դիմումատուի՝ համագործակցության ցանկության բացակայությունը կարող է բացատրվել այդ մարմնի անաչառության բացակայությամբ, ինչը պետք է որ անվստահություն առաջացներ դիմումատուի մոտ: Հատկանշական է, որ նրա վարքագիծը փոխվել է ՀՔԾ քննիչի կողմից հարցաքննությունն սկսվելուն պես, որի ընթացքում դիմումատուն ներկայացրել է իր հանդեպ ցուցաբերված ենթադրյալ վատ վերաբեմունքի մանրամասները (…)»9:

17. Արդյունքում, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ տեղի է ունեցել Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութաիրավական և ընթացակարգային հայեցակետերի խախտում10:

18. Հաշվի առնելով սույն որոշման 16.1-16.2-րդ կետերում ներկայացված փաստերը, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումներ արձանագրելու փաստը ՀՀ Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հուլիսի 23-ի որոշումը վերանայելու հիմք է։

19. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով արձանագրված Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութաիրավական և ընթացակարգային հայեցակետերի խախտումը հիմք է Ռ.Ռևազյանի բողոքի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մարտի 28-ի և Վերաքննիչ դատարանի՝ 2014 թվականի հունիսի 6-ի որոշումները բեկանելու համար:

20. Եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4269-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «[Նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված] վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 426.3 կամ 426.4 հոդվածներով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա (...)»:

20.1. Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «[Եվրոպական կոնվենցիայի] 46-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով պետություններն ունեն հետևյալ պարտավորությունները.

1. վճարել նշանակված փոխհատուցումը,

2. անհրաժեշտության դեպքում հօգուտ դիմումատուի ձեռնարկել անհատական միջոցառումներ, այն է՝

- դադարեցնել Եվրոպական դատարանի կողմից արձանագրված իրավունքի խախտումը կամ դրա հետևանքների ներգործությունը,

- հնարավորինս վերականգնել մինչև խախտումը եղած իրավիճակը (restitutio in integrum), իսկ դրա անհնարինության դեպքում Դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ համատեղելի այլ միջոցներով ապահովել իր ստանձնած պարտավորությունների կատարումը,

3. ձեռնարկել ընդհանուր բնույթի միջոցառումներ՝ կանխելու համար նմանատիպ խախտումներն ապագայում»11։

21. Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ Եվրոպական կոնվենցիայի խախտում արձանագրվելու դեպքում, պետությունն արդարացի փոխհատուցում տրամադրելուց զատ, պարտավորվում է հնարավորության դեպքում ձեռնարկել որոշակի անհատական միջոցառումներ, որոնք հնարավորինս կվերականգնեն մինչև խախտումը եղած իրավիճակը: Այլ կերպ՝ յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել կոնկրետ գործի հանգամանքները, խախտման բնույթը, դրա՝ գործի ելքի վրա ունեցած ազդեցությունը, ինչպես նաև «restitutio in integrumե-ն ապահովելու հնարավորությունը12:

22. Այս առումով, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վարույթի նորոգում պետք է տեղի ունենա բոլոր այն դեպքերում, երբ գործի հանգամանքների գնահատումը վկայում է, որ միայն գործի վերաբացման արդյունքում է հնարավոր վերականգնել մինչև խախտումը եղած իրավիճակը։

23. Վերոնշյալ մոտեցումը համահունչ է «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կայացված [վճիռների] հիման վրա ներպետական մակարդակով որոշակի գործեր վերաքննելու կամ վերաբացելու մասին» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` 2000 թվականի հունվարի 19-ի թիվ R(2000)2` անդամ պետություններին ուղղված հանձնարարականին, ըստ որի՝ գործի վերաքննությունը կամ դատաքննության վերաբացումը բացառիկ դեպքերում հանդես է գալիս որպես ամենապատշաճ, եթե ոչ միակ միջոցը` հասնելու «restitutio in integrumե-ին, եթե նյութական կամ դատավարական իրավունքի խախտումն իր բնույթով այնպիսին է, որ լուրջ կասկած է հարուցում ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ, և դիմումատուն շարունակում է կրել խնդրո առարկա ներպետական որոշման բացասական հետևանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ13։

24. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ դիմող Ա.Սիմոնյանի (Դավթյանի) ներկայացուցիչ Ռ.Ռևազյանի բողոքի վերաբերյալ բողոքարկվող դատական ակտերը վերաբերել են դիմումատուի հանդեպ ենթադրյալ վատ վերաբերմունքին, ինչպես նաև այդ կապակցությամբ իրականացված քննության արդյունավետությանը։ Այս կապակցությամբ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ դիմումատուն ենթարկվել է անմարդկային վերաբերմունքի՝ Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով, և իշխանության մարմիններն արդյունավետ քննություն չեն իրականացրել դիմումատուի հանդեպ ենթադրյալ վատ վերաբերմունքի հանգամանքների վերաբերյալ:

25. Մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 20-23-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Եվրոպական դատարանի` Դավթյանն ընդդեմ Հայաստանի վճռով արձանագրված՝ Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման, մասնավորապես՝ արդյունավետ քննություն չիրականացնելու բացասական հետևանքները սույն բողոքի քննության պահի դրությամբ դիմումատուն շարունակում է կրել։ Նման պայմաններում դիմող Ա.Սիմոնյանի (Դավթյանի) ներկայացուցիչ Ռ.Ռևազյանի բողոքի վերաբերյալ դատական ակտերի բեկանումը կվերականգնի մինչ խախտումն առկա իրավիճակը, քանի որ առկա է ուղիղ պատճառահետևանքային կապ` արձանագրված խախտման և բացասական հետևանքների միջև, որոնք դիմող Ա.Սիմոնյանը (Դավթյանը) շարունակում է կրել։ Հետևաբար, նշված խախտումը վերացնելու ամենապատշաճ միջոցը, ըստ Վճռաբեկ դատարանի, վիճարկվող դատական ակտերը բեկանելը և դիմող Ա.Սիմոնյանի (Դավթյանի) բողոքը բավարարելով վարույթն իրականացնող մարմնին դիմողի իրավունքի խախտումը վերացնելուն պարտավորեցնելն է:

26. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հուլիսի 23-ի որոշման վերանայման արդյունքում Առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մարտի 28-ի և Վերաքննիչ դատարանի` 2014 թվականի հունիսի 6-ի դատական ակտերը պետք է բեկանել ու փոփոխել, դիմողներ Ա.Սիմոնյանի (Դավթյանի), Ս.Մկրտչյանի և նրանց ներկայացուցիչ Ռ.Ռևազյանի բողոքը բավարարել, և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնել վերացնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով 2022 թվականի մարտի 1-ի վճռռվ արձանագրված՝ դիմողի հանդեպ ենթադրյալ վատ վերաբերմունքի, ինչպես նաև այդ կապակցությամբ իրականացված քննության ընթացքում թույլ տրված՝ արդյունավետ քննություն իրականացնելու դատավարական պահանջի խախտումը։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 398-րդ, 418-419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 4262-րդ, 4264-րդ, 4267-րդ, 4269-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հուլիսի 23-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Վերանայման արդյունքում դիմող Արման Վահանի Սիմոնյանի (Դավթյանի) վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2014 թվականի մարտի 28-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2014 թվականի հունիսի 6-ի որոշումը բեկանել ու փոփոխել, Արման Սիմոնյանի (Դավթյանի), Սոնա Մկրտչյանի և նրանց ներկայացուցիչ Ռ.Ռևազյանի բողոքը բավարարել, պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնելու Արման Սիմոնյանի (Դավթյանի) իրավունքների խախտումները:

3․Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

___________________

1 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով 2022 թվականի մարտի 1-ի վճիռը, գանգատ թիվ 30779/13:

2 Տե'ս ՔԿԱԳ բաժնի պետի կողմից 2018 թվականի ապրիլի 20-ին տրված թիվ 206993 վկայականի պատճենը, հատոր 1-ին թերթ 64:

3 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

4 Տե'ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 1-28:

5 Տե'ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 29-46:

6 ՏեԲս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Գրիշա Վիրաբյանի գործով 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՎԲ-05/13, Ժիրայր Սեֆիլյանի գործով` 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13, Բագրատ, Արևիկ և Նարինե Նալբանդյանների գործով` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-06/15, Բագրատ և Նարինե Նալբանդյանների գործով` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-04/15, Արայիկ Զալյանի գործով` 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ՎԲ-02/16, Հրաչյա Մուրադյանի գործով` 2017 թվականի հունիսի 30-ի, Դավիթ Ավետիսյանի գործով` 2017 թվականի օգոստոսի 21-ի թիվ ՍԴ3/0088/01/09, Ալիկ Մաթևոսյանի գործով` 2018 թվականի հունիսի 15-ի թիվ ՎԲ-05/12 որոշումները:

7 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով 2022 թվականի մարտի 1-ի վճիռը:

8 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով 2022 թվականի մարտի 1-ի վճռի 8-12-րդ կետերը:

9 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով 2022 թվականի մարտի 1-ի վճռի 13-14-րդ կետերը:

10 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Դավթյանն ընդդեմ Հայաստանի գործով 2022 թվականի մարտի 1-ի վճռի 16-րդ կետը:

11 Տե'ս Վճռաբեկ դատարանի՝ Ժիրայր Սեֆիլյանի գործով 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13 որոշման 24-րդ կետը:

12 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Բագրատ և Նարինե Նալբանդյանների գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-04/15 որոշման 19-րդ կետը, mutatis mutandis, Աիդա Հովհաննիսյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԿԴ/0062/11/12 որոշման 25.1-րդ կետը, Լաուրա Մեհրաբյանի գործով 2020 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ ԵՇԴ/0005/11/10 որոշման 261-րդ կետը։

13 Տե'ս Explanatory memorandum, Council of Europe, Committee of Ministers, Recommendation R (2000)2 on the re-examination or reopening of certain cases at domestic level following judgements of the European Court of Human Rights:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան

Ա. Պողոսյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան