ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր Մ․ Մարտիրոսյան Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
ԵԴ/0190/01/21 | ||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Լ. Թադևոսյանի Դ. Խաչատուրյանի | |
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
22 փետրվարի 2024 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի դեկտեմբերի 8-ի որոշման դեմ Սերժիկ Արշավիրի Ոսկանյանի աշտպան Ա.Ջուվանովայի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2019 թվականի դեկտեմբերի 17-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորքի բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, հարուցվել է թիվ 17956519 քրեական գործը:
2. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Է.Դանիելյանի՝ 2019 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ քրեական գործն ընդունվել է վարույթ:
3. Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի հունվարի 21-ի որոշմամբ մեղադրյալ Սերժիկ Արշավիրի Ոսկանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
4. Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի հունվարի 25-ի որոշմամբ Սերժիկ Ոսկանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով։
5. Նախաքննության մարմնի` 2020 թվականի փետրվարի 20-ի որոշմամբ նշանակվել է ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն` Ս.Ոսկանյանի հոգեկան առողջության վիճակը պարզելու նպատակով։
5.1. 2020 թվականի սեպտեմբերի 24-ին տրվել է ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի թիվ 330/20 եզրակացությունը` Սերժիկ Ոսկանյանին՝ իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ անմեղսունակ ճանաչելու վերաբերյալ։
6. Նախաքննության մարմնի` 2021 թվականի փետրվարի 8-ի որոշմամբ Ս.Ոսկանյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացվել է: Նախաքննության մարմնի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ, Ս.Ոսկանյանի նկատմամբ կիրառվել է անվտանգության միջոց՝ նա հանձնվել է օրինական ներկայացուցիչ Ա.Ոսկանյանի հսկողությանը:
7. 2021 թվականի փետրվարի 16-ին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ Ս.Ոսկանյանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու վերաբերյալ։
8. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ Ս.Ոսկանյանն ազատվել է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 297-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից և նրա նկատմամբ նշանակվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում: Նախաքննության մարմնի՝ 2021 թվականի փետրվարի 8-ի որոշմամբ կիրառված անվտանգության միջոցը՝ հիվանդին հսկողության համար ազգականին (օրինական ներկայացուցիչ, նրա հայր Ա.Ոսկանյանին) հանձնելը թողնվել է անփոփոխ։
9. Նշված որոշման դեմ պաշտպան Ա.Ջուվանովայի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2022 թվականի դեկտեմբերի 8-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնելով անփոփոխ:
10. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Ս.Ոսկանյանի պաշտպան Ա.Ջուվանովան բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի հունիսի 6-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
11. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական և դատավարական նորմերի էական խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Ըստ բողոքաբերի՝ թույլ են տրվել Ս.Ոսկանյանի հիմնարար իրավունքների և ազատությունների խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա։ Բացի այդ, բողոքի հեղինակի կարծիքով, բողոքում բարձրացված հարցը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:
Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները խախտել են ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի, 117-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, բացի այդ, ստորադաս դատարանների որոշումները հակասում են Վճռաբեկ դատարանի՝ Հարություն Շուքուրյանի գործով 2010 թվականի մայիսի 4-ի թիվ ԵՔՐԴ/0350/01/08 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշմանը:
Բողոքաբերի պնդմամբ՝ ստորադաս դատարանի դատական ակտը չի պարունակում հիմնավորված պատճառաբանություն այն մասին, որ Սերժիկ Ոսկանյանը շարունակում է վտանգ ներկայացնել հասարակության համար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված դատական ակտի համար հիմք հանդիսացած ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի եզրակացության տրամադրումից անցել է մոտ երկու տարի։
11.1. Բողոքաբերը նշել է նաև, որ Ս.Ոսկանյանի մոտ հոգեկան վիճակի սրացում չի դիտվել, վերջինս մշտապես գտնվել է հսկողության տակ, աշխատում է, հակաօրինական վարքագիծ չի դրսևորել, որպիսի պայմաններում բացակայում է ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում բուժման անհրաժեշտությունը։
12. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և կայացնել նոր դատական ակտ:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
13. 2020 թվականի սեպտեմբերի 24-ի՝ ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի թիվ 330/20 եզրակացության համաձայն՝ «Սերժիկ Արշավիրի Ոսկանյանը տառապում է «Շիզոֆրենիա պարանոիդ ձև, էպիզոդիկ ընթացք, աճող դեֆեկտ F20.01» խրոնիկական հոգեկան հիվանդությամբ:
(…)
Ուստի իրեն մեղսագրվող արարքի կատարման նկատմամբ Սերժիկ Արշավիրի Ոսկանյանին հարկ է ճանաչել անմեղսունակ:
Ներկայիս հոգեվիճակով նա չի կարող մասնակցել քննչական և դատավարական գործողություններին, հասարակության համար վտանգ է ներկայացնում, կարիք ունի հարկադիր բուժման ընդհանուր տիպի հոգեբուժական բաժանմունքում»1:
14. Առաջին ատյանի դատարանը, հիմք ընդունելով քրեական օրենքով արգելված ենթադրյալ արարքը կատարելու պահին Ս.Ոսկանյանի` անմեղսունակության վիճակում գտնվելու վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը, նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու մասին որոշմամբ փաստել է. «(…) Հաշվի առնելով, որ Սերժիկ Արշավիրի Ոսկանյանը հանցանքը կատարել է անմեղսունակության վիճակում, ներկա հոգեկան վիճակով սոցիալական վտանգ է ներկայացնում ինչպես իր, այնպես էլ իր շրջապատի համար՝ [դ]ատարանը գտնում է, որ նրան պետք է ազատել քրեական պատասխանատվությունից և պատժից՝ նշանակելով հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում:
Անդրադառնալով նախաքննության մարմնի 2021 թվականի փետրվարի 8-ի որոշմամբ կիրառված անվտանգության միջոց՝ հիվանդին հսկողության համար ազգականին (օրինական ներկայացուցիչ, նրա հայր Արշավիր Սերժիկի Ոսկանյանին) հանձնելու հարցին, Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է թողնել անփոփոխ՝ մինչև որոշման օրինական ուժի մեջ մտնելը»2:
15. Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնելով անփոփոխ, արձանագրել է հետևյալը. «(…) [Բ]ժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման համար անհրաժեշտ է ներքոշարադրյալ պայմանների միաժամանակյա առկայությունը՝
- կատարվել է քրեական օրենքով չթույլատրված արարք,
- արարքը կատարելիս անձը գտնվել է անմեղսունակության վիճակում,
- անձը շարունակում է վտանգավոր լինել հասարակության համար։
(…)
- ՀՀ առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի 2020թ-ի սեպտեմբերի 20-ի թիվ 330/20 եզրակացությամբ հաստատվել է, որ Սերժիկ Ոսկանյանը տառապում է «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև, էպիզոդիկ ընթացք, աճող դեֆեկտ F20.01» քրոնիկական հոգեկան հիվանդությամբ։ Սերժիկ Ոսկանյանը իրեն մեղսագրվող արարքի կապակցությամբ ճանաչվել է անմեղսունակ, նա իր հոգեվիճակով հասարակության համար վտանգ է ներկայացնում և ունի հարկադիր բուժման կարիք ընդհանուր տիպի հոգեբուժական բաժանմունքում։
(…)
- Սերժիկ Ոսկանյանը 2009թ-ի օգոստոսի 24-ից հաշվառված է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունում «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև, էպիզոդիկ աճող դեֆեկտով» ախտորոշմամբ։
- Սերժիկ Ոսկանյանը բազմիցս ստացիոնար բուժում է ստացել քաղաքային հոգեբուժական ստացիոնարներում (2009 թվականի հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 21-ը ստացիոնար բուժում է ստացել «Նորք» հոգեբուժական կենտրոն» ՓԲ ընկերությունում, 2012 թվականի հոկտեմբերի 2-ից 5-ը՝ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն» ՓԲ ընկերությունում, 2013 թվականի նոյեմբերի 9-ից 25-ը՝ «Նորք» հոգեբուժական կենտրոն» ՓԲ ընկերությունում, 2016 թվականի հուլիսի 2-ից 26-ը՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն» ՓԲ ընկերությունում)։
(…)
- Ըստ ՀՀ առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի 2020թ-ի սեպտեմբերի 20-ի թիվ 330/20 եզրակացության՝ փորձաքննության ընթացքում Սերժիկ Ոսկանյանը նշել է, որ ժամանակ առ ժամանակ, կախված դեղորայքն ընդունում է, թե ոչ, ունենում է տեսողական ցնորքներ։ Քննադատությունն իր հոգեկան վիճակի և ստեղծված իրավիճակի վերաբերյալ մասնակի է։
Վերոշարադրյալ փաստական հանգամանքների համակցությամբ վերաքննիչ դատարանը գտնում է, որ անմեղսունակության վիճակում քրեական օրենքով չթույլատրված արարք կատարած անձ Սերժիկ Ոսկանյանի բուժումը, ինչպես նաև նրա կողմից հանրորեն վտանգավոր նոր արարքների կատարումը կանխել հնարավոր է հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժման իրականացման պայմաններում, ուստի Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հանգել է իրավաչափ եզրակացության առ այն, որ Սերժիկ Ոսկանյանին պետք է ազատել քրեական պատասխանատվությունից և պատժից՝ նրա նկատմամբ նշանակելով բժշկական բնույթի հարկադրանքի միջոց»3:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
16. Վճռաբեկ դատարանը նախևառաջ փաստում է, որ սույն գործով բողոքը վարույթ է ընդունվել` Վճռաբեկ դատարանի՝ օրենքի միատեսակ կիրառության ապահովման և իրավունքի զարգացման գործառույթների իրացման նկատառումներով, որպիսի հիմքերը, դատական սխալի հետ մեկտեղ, ուղղակիորեն նշվել են բողոքաբերի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքում։
17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները բավարա՞ր էին արդյոք Սերժիկ Ոսկանյանի նկատմամբ ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելու համար:
18. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 5-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
(...)
ե. անձանց օրինական կալանքի վերցնելը՝ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով, ինչպես նաև հոգեկան հիվանդներին, գինեմոլներին կամ թմրամոլներին կամ թափառաշրջիկներին օրինական կալանքի վերցնելը, (...)»:
Վերոնշյալ կարգավորումը մեկնաբանելիս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) նշել է, որ անձը չի կարող ազատությունից զրկվել «հոգեկան առողջության խնդիրներ» ունենալու հիմքով, եթե բավարարված չեն հետևյալ երեք նվազագույն պայմանները.
- պետք է օբյեկտիվ բժշկական փորձաքննություններով հիմնավորված լինի, որ անձն ունի հոգեկան հիվանդություն, բացառությամբ երբ պահանջվում է անձին կալանավորել հրատապ կարգով,
- անձի հոգեկան խանգարումը պետք է այն տեսակի խանգարում լինի, որի դեպքում հարկադիր պահումն արդարացված է։ Պետք է ապացուցված լինի, որ տվյալ հանգամանքներում անհրաժեշտ է անձին զրկել ազատությունից,
- հոգեկան խանգարումը՝ հաստատված օբյեկտիվ բժշկական ապացույցներով, պետք է առկա լինի ազատազրկման ողջ ժամանակահատվածի ընթացքում4։
18.1. Եվրոպական դատարանը փաստել է, որ հոգեկան հիվանդությամբ տառապող անձին ազատությունից զրկելը չի կարող համարվել Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածին համապատասխան, եթե դրա մասին որոշումը կայացվել է առանց բժշկական փորձագետի եզրակացության5։ Ավելին, անձի մոտ հոգեկան առողջության վիճակը պետք է գնահատվի վերջինի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը կայացնելու պահին, և ազատությունից զրկելու անհրաժեշտությունը պետք է հիմնավորվի անձի հոգեկան առողջության խնդիրների շարունակական լինելու հանգամանքով։ Եվրոպական դատարանն ընդգծել է նաև, որ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելիս, պետք է հաշվի առնել, թե արդյո՞ք անձի կլինիկական վիճակը տվյալ պահի դրությամբ ենթարկվել է փոփոխությունների։ Այսպես, իր նախադեպային որոշումներից մեկով, Եվրոպական դատարանն արձանագրել է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի (ե) կետով սահմանված սկզբունքի խախտում՝ նշելով, որ դիմումատուն 2006 թվականին տեղափոխվել է հոգեբուժական հաստատություն 2004 թվականին տրված փորձագիտական եզրակացության հիման վրա, մինչդեռ այդ ընթացքում այլ բժշկական հետազոտություններ չեն իրականացվել՝ պարզելու դիմումատուին մասնագիտացված տիպի հոգեբուժական հաստատությունում սահմանափակելու շարունակական անհրաժեշտությունը6։
Մեկ այլ գործով Եվրոպական դատարանը չափից ավելի է համարել բժշկական եզրակացության և դատարանի որոշման միջև առկա ավելի քան երկու տարի ժամանակային խզումը և արձանագրել Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված սկզբունքի խախտում՝ նշելով, որ բժշկական եզրակացությունը բավարար չափով նոր չէր՝ անձին ազատությունից զրկելը հիմնավորելու համար7։
19. ՀՀ քրեական օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Անմեղսունակության վիճակում սույն օրենսգրքով նախատեսված արարք կատարած անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության»։
ՀՀ քրեական օրենսգրքի 114-րդ հոդվածի համաձայն՝ «1. Դատարանը բժշկական բնույթի հարկադրանքի միջոց է նշանակում այն անձի նկատմամբ, որը՝
1) պատժի սպառնալիքով արգելված արարքի կատարման պահին գտնվել է անմեղսունակության վիճակում, (…)
2. Դատարանն անձի նկատմամբ նշանակում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց, եթե հանգում է հետևության, որ անձը, իր առողջական վիճակով պայմանավորված, կարիք ունի բժշկական միջամտության, որը կապահովի իր կամ այլ անձի անվտանգությունը (...)»։
ՀՀ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի համաձայն՝ «1. Դատարանը հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում է նշանակում պատժի սպառնալիքով արգելված արարք կատարած այն անձի նկատմամբ, որի հոգեկան վիճակը պահանջում է բուժման, խնամքի և հսկողության այնպիսի պայմաններ, որոնք կարող են իրականացվել միայն հիվանդանոցային պայմաններում:
2. Դատարանը հոգեբուժական կազմակերպության հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում է նշանակում պատժի սպառնալիքով արգելված արարք կատարած այն անձի նկատմամբ, որն իր հոգեկան վիճակով վտանգավոր է իր կամ այլ անձի համար և պահանջում է մշտական հսկողություն»:
ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելիս դատարանը հաշվի է առնում պատժի սպառնալիքով արգելված արարք կատարած անձի հոգեկան առողջության խնդրի դրսևորումն ու բնույթը, կատարված արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, դրա կատարմանը նպաստած գործոնները, անձի կողմից պատժի սպառնալիքով արգելված արարք կրկին կատարելու հավանականությունը, իր կամ այլ անձի համար վտանգավորություն ներկայացնելը: Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի կոնկրետ տեսակը նշանակելու որոշում կայացնելիս դատարանը հիմնվում է հոգեբուժական կազմակերպության հանձնաժողովի տված եզրակացության վրա»։
20. Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով և զարգացնելով Տիգրան Գասպարյանի գործով արտահայտած իրավական դիրքորոշումները, կրկնում է, որ անմեղսունակ անձանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման հնարավորությունը պայմանավորվում է ոչ թե փորձաքննության անցկացման պահի դրությամբ անձի՝ իր կամ այլ անձանց համար վտանգ ներկայացնելու հանգամանքով, այլ մինչև բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման վարույթի դատական քննության ավարտը հասարակության համար վտանգավոր լինելու շարունակականության հանգամանքով: Վերջինս սույն որոշման 18-18.1-րդ կետում վկայակոչված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ կարող է գնահատվել ոչ միայն բժշկական փաստաթղթերի հետազոտության, այլ նաև հոգեկան հիվանդությամբ տառապող անձի անհատական հատկանիշների, դատական նիստերի դահլիճում անձի դրսևորած վարքագծի, ունեցած հոգեվիճակի անմիջական գնահատման արդյունքում: Հետևաբար, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման մինչդատական վարույթի ընթացքում նախաքննական մարմնի կողմից անձի անմեղսունակության վերաբերյալ ստացված փորձագիտական եզրակացությունն ինքնին չի կարող բավարար համարվել հոգեկան հիվանդություն ունեցող անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման անհրաժեշտությունը որոշելու համար` անգամ եթե այն նշում է պարունակում անձի` իր կամ իրեն շրջապատող միջավայրի համար վտանգ ներկայացնելու մասին8:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր դեպքում անձի հարկադիր պահումը պետք է արդարացված լինի և հիմնավորվի, որ այդ հանգամանքներում անհրաժեշտ է անձին զրկել ազատությունից՝ ելնելով տվյալ պահին նրա հոգեկան վիճակից։ Այլ խոսքերով, անձի ազատության հիմնարար իրավունքի սահմանափակման համատեքստում պետք է քննարկման առարկա դարձվի ազատությունից զրկելու հետ կապված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի կիրառման համապատասխան բժշկական ցուցումի առկայության հանգամանքը՝ դատական քննության տվյալ պահի դրությամբ, քանի որ հնարավոր են դեպքեր, երբ մինչդատական վարույթի ընթացքում ստացված փորձագիտական եզրակացությունը լիովին չարտացոլի անձի՝ իր կամ այլ անձանց համար վտանգավորությունը՝ դատական վարույթի շրջանակներում հարկադրանքի միջոցի կիրառման պահին, հատկապես այն դեպքերում, երբ փորձագիտական եզրակացության և դատարանի որոշման կայացման միջև առկա է երկար ժամանակային խզում։ Նույնը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ անձի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվում դատական վարույթի ընթացքում, սակայն երկար ժամանակ է անցնում փորձաքննության անցկացման պահից մինչև վարույթի ավարտը։ Այդ ընթացքում անձի հոգեկան վիճակը կարող է ենթարկվել փոփոխությունների՝ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելու մասին դատարանի որոշումը դարձնելով ժամանակավրեպ և հատուկ գիտելիքների կիրառմամբ ձեռք բերված այնպիսի ապացույցի վրա հիմնված, որն այլևս չի կարող դիտարկվել որպես տվյալ պահին անձի հոգեկան վիճակն օբյեկտիվորեն արտացոլող տվյալ։ Հետևաբար, անձի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման անհրաժեշտության և դրա տեսակի ընտրության վերաբերյալ դատարանի եզրահանգումը չի կարող հիմնվել ժամանակային մեծ խզմամբ ձեռք բերված փորձագիտական եզրակացության հետևությունների վրա:
21. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- 2020 թվականի փետրվարի 20-ին Սերժիկ Ոսկանյանի նկատմամբ նշանակվել է ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն9։
- 2020 թվականի սեպտեմբերի 24-ին ստացվել է ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի թիվ 330/20 եզրակացությունը, որով Սերժիկ Ոսկանյանը՝ իրեն մեղսագրվող արարքի կատարման նկատմամբ ճանաչվել է անմեղսունակ։ Նույն եզրակացությամբ նշվել է, որ Ս.Ոսկանյանը չի կարող մասնակցել քննչական և դատավարական գործողություններին, հասարակության համար վտանգ է ներկայացնում, կարիք ունի հարկադիր բուժման՝ ընդհանուր տիպի հոգեբուժական բաժանմունքում10։
- Առաջին ատյանի դատարանը, հիմնվելով 2020 թվականի սեպտեմբերի 24-ին ստացված թիվ 330/20 եզրակացության վրա, 2022 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ Սերժիկ Ոսկանյանին ազատել է ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից և նրա նկատմամբ նշանակել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում11:
- Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով 2020 թվականի սեպտեմբերի 24-ին ստացված թիվ 330/20 եզրակացությունը, 2022 թվականի դեկտեմբերի 8-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է անփոփոխ12:
22. Նախորդ կետում մեջբերված փաստերը վերլուծելով սույն որոշման 18-20-րդ կետերում վկայակոչված իրավական նորմերի և դիրքորոշումների լույսի ներքո, հարկ է արձանագրել, որ Ս.Ոսկանյանի վերաբերյալ դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության ստացման պահից մինչև նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշման կայացումն անցել է երկու տարի, սակայն ինչպես Առաջին ատյանի դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը միջոցներ չեն ձեռնարկել դատական վարույթի շրջանակներում Ս.Ոսկանյանի հոգեկան առողջության վիճակը գնահատելու ուղղությամբ, ինչը հնարավորություն կտար պարզել, թե արդյո՞ք Ս.Ոսկանյանի հոգեկան վիճակը պահանջում է բուժման, խնամքի և հսկողության այնպիսի պայմաններ, որոնք կարող են իրականացվել միայն հիվանդանոցային պայմաններում: Մասնավորապես, չի պարզվել, թե գործը դատարան ուղարկելուց հետո, արդյո՞ք Սերժիկ Ոսկանյանը շարունակել է իր առողջական վիճակով պայմանավորված վտանգ ներկայացնել իր կամ այլ անձանց համար: Արդյունքում ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ ժամանակային խզմամբ պայմանավորված, Ս.Ոսկանյանի առողջական վիճակի վերաբերյալ մինչդատական վարույթի ընթացքում ձեռքբերված փորձագիտական եզրակացությունն անհրաժեշտ, սակայն ոչ բավարար փաստական տվյալ էր նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում նշանակելու համար: Այս առումով հատկանշական է նաև, որ ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի՝ 2022 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 330/20 եզրակացությամբ նշվել է, որ Սերժիկ Ոսկանյանն իր հոգեվիճակով չի կարող մասնակցել քննչական և դատավարական գործողություններին և հասարակության համար վտանգ է ներկայացնում, մինչդեռ ինչպես Առաջին ատյանի դատարանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանի դատական նիստերի արձանագրությունների ուսումնասիրությունից երևում է, որ Ս.Ոսկանյանը մասնակցել է գործի դատական քննությանը, դրսևորել պատշաճ վարքագիծ, ինչը ևս կարող էր վկայել նրա առողջական վիճակի փոփոխության մասին։
23. Վերոգրյալը հիմք է տալիս փաստելու, որ մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները բավարար չէին Սերժիկ Ոսկանյանի նկատմամբ բնույթի հարկադրանքի միջոց՝ ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում նշանակելու համար:
24. Վերը նշվածի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, դատական ակտ կայացնելիս, թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի խախտում, որն էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի հիման վրա, Առաջին ատյանի դատարանի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումները բեկանելու և վարույթն Առաջին ատյանի դատարան` նոր քննության փոխանցելու հիմք է: Նոր քննության ընթացքում, Առաջին ատյանի դատարանը պետք է լուծի Սերժիկ Ոսկանյանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելու և դրա տեսակի ընտրության հարցը` սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ:
25. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սերժիկ Ոսկանյանի նկատմամբ նախաքննության մարմնի կողմից կիրառված անվտանգության միջոցը՝ հիվանդին հսկողության համար ազգականին (օրինական ներկայացուցիչ, նրա հայր Ա.Ոսկանյանին) հանձնելը պետք է թողնել անփոփոխ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 281-րդ, 359-րդ, 361-363-րդ, 385-388-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Սերժիկ Արշավիրի Ոսկանյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2022 թվականի սեպտեմբերի 7-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի դեկտեմբերի 8-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2. Սերժիկ Արշավիրի Ոսկանյանի նկատմամբ որպես անվտանգության միջոց կիրառված՝ հսկողության համար ազգականին հանձնելը թողնել անփոփոխ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
________________________
1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 93-94:
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 4, թերթեր 24-25:
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 4, թերթեր 78-79:
4 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Ilnseher v. Germany [GC] գործով 2018 թվականի դեկտեմբերի 4-ի վճիռը, գանգատներ թիվ 10211/12 և 27505/14, կետ 127, Stanev v. Bulgaria [GC] գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, կետ 145, Shtukaturov v. Russia գործով 2008 թվականի մարտի 27-ի վճիռը, գանգատ թիվ 44009/05, կետ 114, Varbanov v. Bulgaria գործով 2000 թվականի հոկտեմբերի 5-ի վճիռը, գանգատ թիվ 31365/96, կետ 45։
5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Ruiz Rivera v. Switerland գործով 2014 թվականի փետրվարի 18-ի վճիռը, գանգատ թիվ 8300/06, կետ 59, S.R. v. The Netherlands գործով 2012 թվականի սեպտեմբերի 18-ի որոշումը, գանգատ թիվ 13837/07, կետ 31։
6 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Yaikov v. Russia գործով 2015 թվականի հունիսի 18-ի վճիռը, գանգատ թիվ 39317/05, կետեր 64-67։
7 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Kadusic v. Switzerland գործով 2018 թվականի հունվարի 9-ի վճիռը, գանգատ թիվ 43977/13, կետեր 44, 55։
8 Տե'ս Վճռաբեկ դատարանի՝ Տիգրան Գասպարյանի գործով 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԳԴ1/0058/01/16 որոշման 15.1-րդ կետը:
9 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը։
10 Տե՛ս սույն որոշման 13-րդ կետը։
11 Տե՛ս սույն որոշման 14-րդ կետը։
12 Տե՛ս սույն որոշման 15-րդ կետը։
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Լ. Թադևոսյան Դ. Խաչատուրյան |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական: