ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, նախագահող դատավոր՝ Ս. Յուզբաշյան
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, նախագահող դատավոր՝ Ռ. Պապոյան |
ԵԴ/0551/15/22 |
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Լ. Թադևոսյանի Դ. Խաչատուրյանի | |
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
19 հունվարի 2024 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Մանիշակ Ալբերտի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի
` 2023 թվականի մարտի 13-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հունիսի 9-ի դատավճռով Մանիշակ Ալբերտի Հարությունյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 177–րդ հոդվածի 2–րդ մասի 3–րդ կետով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Մ.Հարությունյանի նկատմամբ նշանակված տուգանքի վճարման համար սահմանվել է 1 (մեկ) տարի ժամկետ:
2. 2022 թվականի դեկտեմբերի 20-ին ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետ Վ.Խալաթյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Մ.Հարությունյանի նկատմամբ նշանակված՝ 500․000 ՀՀ դրամ տուգանքի չվճարված` 414․000 (չորս հարյուր տասնչորս հազար) ՀՀ դրամի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ։
3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի հունվարի 19-ի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետ Վ.Խալաթյանի միջնորդությունը մերժվել է։
4․ Դատախազ Ռ.Բախշյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան), 2023 թվականի մարտի 13-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հունվարի 19-ի որոշումը թողնելով անփոփոխ։
5․ Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի օգոստոսի 9-ի որոշմամբ վարույթ է ընդունվել և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
6. Բողոք բերած անձը փաստարկել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ` նյութական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են վարույթի ելքի վրա, ինչպես նաև դատական ակտի պատճառաբանությունները հակասում են Վճռաբեկ դատարանի՝ Գարուն Ասրյանի վերաբերյալ 2023 թվականի հունիսի 30-ի թիվ ՍԴ/0006/13/22 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին:
Բողոքաբերը փաստարկել է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու իրավական ընթացակարգի սահմանման նպատակը տուգանք պատժատեսակի կատարման ապահովումն է՝ առանց վատթարացնելու դատապարտված անձանց վիճակը։
7. Ի հիմնավորումն վերոնշյալի՝ բողոքաբերը նշել է, որ առանց տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու իրավական ընթացակարգն ապահովելու, տուգանքն ազատազրկմամբ փոխարինելը գործնականում անհնարին կդառնա, քանի որ քննարկվող իրավանորմը տուգանքը ազատազրկմամբ փոխարինելու իրավական ընթացակարգ չի սահմանել։
Բացի այդ, բողոքաբերը, մեջբերելով Վճռաբեկ դատարանի՝ Գարուն Ասրյանի վերաբերյալ որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները, նշել է, որ Մ.Հարությունյանի նկատմամբ առկա չէ նշանակված տուգանք պատժատեսակը հանրային աշխատանքներով փոխարինելու անհնարինություն, հետևաբար գույքի բռնագանձման ինստիտուտը նրա համար վատթարացնող բնույթ չի կարող ունենալ։
8․ Արդյունքում բողոքաբերը խնդրել է Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հունվարի 19–ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մարտի 13-ի որոշումը բեկանել, կայացնել նոր դատական ակտ՝ բավարարելով Մ․Հարությունյանի նկատմամբ նշանակված տուգանք պատժատեսակին համարժեք գույք բռնագանձելու միջնորդությունը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
9․ Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է, որ «(…) եթե նախկին իրավակարգավորումներով տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում այն կարող էր փոխարինվել միայն հանրային աշխատանքներով, ապա նոր իրավակարգավորումներով տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում՝ նախատեսվել են նախկինից միանգամայն տարբերվող, նոր հետևանքներ։ Մասնավորապես՝ նոր իրավակարգավորումներով նախատեսվել է որ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում դատապարտյալից բռնագանձվում է նշանակված (չվճարված) տուգանքի չափին համարժեք գույք կամ տուգանքը փոխարինվում է ազատազրկմամբ (…)։
Ամփոփելով վերոգրյալ եզրահանգումները` Դատարանը, գտնում է , որ նոր իրավակարգավորումները ոչ միայն չեն բարելավում հանցանք կատարած անձի վիճակը, այլև վատթարացնում են այն, քանի որ նշանակված (չվճարված) տուգանքի չափին համարժեք գույքի բռնագանձման կամ տուգանքն ազատազրկմամբ փոխարինելու առումով դատապարտյալի համար ստեղծում են ոչ նպաստավոր պայմաններ։ Նման պայմաններում՝ Դատարանը գտնում է, որ նոր իրավակարգավորումներին չի կարող տրվել հետադարձ ուժ, այն է՝ 2022 թվականի հուլիսի 1–ից գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 59–րդ և ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 28–րդ հոդվածները չեն կարող կիրառվել մինչև 2022 թվականի հուլիսի 1–ը հանցանք կատարած անձանց նկատմամբ (…)»1։
10. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) [Տ]ուգանքի ամբողջական վճարումից խուսափող դատապարտյալի գույքն անհատույց և հարկադրաբար վերցնելու իրավակարգավորումն ըստ էության քրեաիրավական նոր ինստիտուտ է, որի կիրառումը թեև դատապարտյալների պատիժը չի խստացնում (ինչպես նշվեց՝ գույքի բռնագանձումը առանձին պատժատեսակ չէր և չէ), սակայն վատթարացնում է այն դատապարտյալների վիճակը, ովքեր մինչ այդ կարգավորման ուժի մեջ մտնելն օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով դատապարտվել են տուգանքի, դրա գումարը չեն վճարել, և առկա են բավարար փաստական տվյալներ, այդ թվում՝ ուժի մեջ գտնվող դատական ակտ՝ այն մասին, որ նրանք (չարամտորեն) խուսափում են տուգանքի գումարն ամբողջությամբ վճարելուց։ Ընդ որում, բռնագանձման ենթակա գույքի բացակայությունը, թե գործող և թե 2003 թվականի ապրիլի 18–ին ընդունված քրեական օրենսգրքերով թվարկված այլ դեպքերը հանգեցնում են տուգանքից խուսափող դատապարտյալի նկատմամբ նշանակված և չվճարված տուգանքն ուղղակիորեն ազատազրկմամբ փոխարինելուն (վիճակը վատթարացնող օրենք է), այն դեպքում , երբ հանցանքի կատարման և դատավճռի ի կատար ածման պահին գործող 2003 թվականի ապրիլի 18–ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի և մինչև 2022 թվականի հուլիսի 1–ը գործող ՀՀ քրեակատարողական օրենսգրքում կարգավորումները դատապարտյալների վիճակը բարելավող են․ տուգանքը կարող էր փոխարինվել և դատավճռի կատարման գործընթացն ավարտվեր, տուգանքն ազատազրկումից ավելի մեղմ պատժատեսակով՝ հանրային աշխատանքներով փոխարինելով և այդ պատիժը կրելով (…)»2։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
11. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք 2021 թվականի մայիսի 5–ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված՝ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կարգավորումն անձի վիճակը վատթարացնող դիտարկելու մասին ստորադաս դատարանների հետևությունները։
12. 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 9-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»։
2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով տուգանքը վճարելու անհնարինության դեպքում` հանրային աշխատանքների երեք ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց, իսկ տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում՝ հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց: Եթե տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքը գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամը, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ: Տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարվող հաշվարկի արդյունքում ժամային արժեքները կլորացնելը կատարվում է դատապարտյալի օգտին»։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 8. Եթե դատապարտվողն ի վիճակի չէ անհապաղ և ամբողջությամբ վճարելու նշանակված տուգանքը, ապա դատարանը նրա համար վճարման ժամկետ է սահմանում՝ առավելագույնը 1 տարի, կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում։ Եթե տուգանքը նշանակելուց հետո դատապարտյալի նյութական վիճակի վատթարացման հետևանքով նա զրկվում է տուգանքը վճարելու հնարավորությունից, ապա դատարանը, հաշվի առնելով դատապարտյալի դիրքորոշումը`
1) երկարաձգում է տուգանքի վճարման սահմանված վերջնաժամկետը` առավելագույնը 1 տարով,
2) նշանակում է հանրային աշխատանքներ` հանրային աշխատանքների 24 ժամը հաշվարկելով հանցանքը կատարելու պահին նվազագույն աշխատավարձի չափով:
(…)
11. Տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք, եթե այդպիսին առկա է: Եթե այդպիսի գույք առկա չէ, ապա տուգանքը փոխարինվում է ազատազրկմամբ` ազատազրկման 3 օրը հաշվարկելով նվազագույն աշխատավարձի դիմաց»:
13․ Վճռաբեկ դատարանը Գարուն Ասրյանի վերաբերյալ որոշմամբ անդրադառնալով տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու ինստիտուտի էությանը՝ ընդգծել է, որ այն նախևառաջ միտված է ապահովելու տուգանք պատժատեսակի պատշաճ կատարումը, ընդ որում՝ անձի իրավունքներին հնարավորինս նվազ միջամտությամբ։ Այսպես՝ տուգանքի չափին համարժեք գույքի բռնագանձումն ինքնին պատժատեսակ չէ և ընդգրկված չէ քրեական օրենսդրությամբ սահմանված պատժի համակարգում, չունի պատժիչ բնույթ, քանի որ դրա միակ նպատակը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով նշանակված պատժի կատարումն ապահովելն է։ Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հատկապես կարևորել է բռնագանձվող գույքի և տուգանքի չափի միջև համաչափության ապահովման՝ օրենսդրորեն ամրագրված երաշխիքը, ըստ որի՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք:
Քննարկվող ինստիտուտը դիտարկելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորման համատեքստում, ըստ որի՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում այն միանգամից փոխարինվում էր մեկ այլ պատժատեսակով՝ հանրային աշխատանքներով, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ բռնագանձման պարագայում պատժատեսակի փոփոխություն, որպես այդպիսին, տեղի չի ունենում։ Այլ կերպ՝ նախքան չվճարված տուգանքն ավելի խիստ պատժատեսակով փոխարինելը, օրենսդրորեն նախատեսվել է միջանկյալ հնարավորություն՝ տուգանքի կատարումն ապահովող ինքնուրույն գործիք, որը թույլ է տալիս հասնելու դատարանի դատավճռով նշանակված պատժի կատարմանը՝ անձի իրավունքների համեմատաբար նվազ սահմանափակման արդյունքում։
Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կատարված փոփոխությունն ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող է, քանի որ թույլ է տալիս տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժատեսակով։ Հետևաբար, մինչև գործող քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կատարված արարքների դեպքում, եթե դատապարտյալը խուսափում է իր նկատմամբ նշանակված տուգանքը վճարելուց, դատարանը համապատասխան միջնորդության քննարկման արդյունքում պետք է տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ դատական ակտ կայացնի։ Համապատասխան գույքի բացակայության դեպքում միայն նշանակված տուգանքը կարող է փոխարինվել հանրային աշխատանքներով՝ նախկին դատավարական ընթացակարգերին համապատասխան, քանի որ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգավորումը՝ տուգանքի չափին համարժեք գույքի բացակայության դեպքում այն ազատազրկմամբ փոխարինելը, անձի համար ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող է, ուստի հետադարձ ուժ չի կարող ունենալ3։
14. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ հանցանքը նախկին քրեական օրենսգրքի գործողության պայմաններում կատարելու դեպքում տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու ինստիտուտն ըստ էության միջանկյալ գործիք է, որը թույլ է տալիս դատարանի դատավճռով նշանակված տուգանքն անմիջաբար չփոխարինել հանրային աշխատանքներով, այսինքն՝ դատարանը պետք է նախ և առաջ քննարկի տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու հարցը, իսկ այդպիսի գույքի բացակայության փաստը օրենքով սահմանված կարգով հաստատվելու դեպքում՝ տուգանքը փոխարինի հանրային աշխատանքներով4։
15. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանը մերժել է Մ.Հարությունյանից տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետի միջնորդությունը՝ ընդգծելով, որ նոր կարգավորումն անձի վիճակը վատթարացնող է, ուստի հետադարձ ուժ ունենալ չի կարող5։
- Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի դատական ակտը՝ նշելով, որ նոր իրավակարգավորումների պայմաններում, բռնագանձման ենթակա գույքի բացակայությունը հանգեցնում է տուգանքից խուսափող դատապարտյալի նկատմամբ նշանակված և չվճարված տուգանքն ուղղակիորեն ազատազրկմամբ փոխարինելուն, այն դեպքում, երբ նախկին քրեական օրենսգիրքը հնարավորություն էր տալիս տուգանքը փոխարինել ազատազրկումից ավելի մեղմ պատժատեսակով՝ հանրային աշխատանքներով6:
16․ Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-14-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի և դրանց վերլուծության համատեքստում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների այն դիրքորոշումը, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված իրավակարգավորումն անձի վիճակը վատթարացնող է, հիմնավոր չէ։ Մասնավորապես, նախկին և գործող քրեական օրենսգրքերի համապատասխան իրավակարգավորումների համակցված վերլուծությունը ցույց է տալիս, որ կատարված փոփոխություններն ընդհանուր առմամբ անձի պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող են, քանի որ թույլ են տալիս նշանակված տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժով՝ հանրային աշխատանքներով՝ նախատեսելով միջանկյալ գործիքակազմ։
17. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ նոր իրավակարգավորումների համաձայն՝ բռնագանձման ենթակա գույքի բացակայությունը հանգեցնում է տուգանքից խուսափող դատապարտյալի նկատմամբ նշանակված և չվճարված տուգանքն ուղղակիորեն ազատազրկմամբ փոխարինելուն, հետևաբար վերոնշյալ ինստիտուտն անձի վիճակը վատթարացնող է, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ տուգանքի չափին համարժեք գույքի բացակայության դեպքում, այն պետք է փոխարինվի հանրային աշխատանքներով՝ նախկինում գործող դատավարական ընթացակարգերին համապատասխան, քանի որ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգավորումը՝ տուգանքի չափին համարժեք գույքի բացակայության դեպքում այն ազատազրկմամբ փոխարինելը, անձի համար ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող է, ուստի հետադարձ ուժ չի կարող ունենալ։
18. Վերոշարադրյալ դատողությունների հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված՝ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կարգավորումն անձի վիճակը վատթարացնող դիտարկելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններն իրավաչափ չեն։
19. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, սույն վարույթով դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել դատական սխալ՝ նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է՝ սխալ է մեկնաբանել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ, 59-րդ հոդվածները, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի՝ հիմք է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և վարույթը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` նոր քննության փոխանցելու համար7:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում, Վերաքննիչ դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է քննության առնի դատախազի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը և ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի պետ Վ․Խալաթյանի միջնորդության վերաբերյալ հանգի համապատասխան հետևության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Դատապարտյալ Մանիշակ Ալբերտի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մարտի 13-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
____________________________
1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 35-42։
2 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 25-47։
3 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուն Ասրյանի վերաբերյալ 2023 թվականի հունիսի 30-ի թիվ ՍԴ/0006/13/22 որոշումը։
4 Տե՛ս նույն որոշումը։
5 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
6 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։
7 Հատուկ վերանայման արդյունքում դատական ակտը բեկանելուց հետո Վճռաբեկ դատարանի կողմից վարույթը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության փոխանցելու լիազորության վերաբերյալ տե՛ս, Վճռաբեկ դատարանի` Ավաթ Ամինի վերաբերյալ 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը, կետ 17.1։
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Լ. Թադևոսյան Դ. Խաչատուրյան |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական: