Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.12.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.04.18-2022.05.01 Պաշտոնական հրապարակման օրը 27.04.2022
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
24.12.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական 

դատարանի որոշում

 Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/1535/02/11

2021 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/1535/02/11

Նախագահող դատավոր  Ն. Կարապետյան

Դատավորներ

 Ա. Մխիթարյան

 Գ. Խանդանյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Ա. ՄԿՐՏՉՅԱն

Ս. Անտոնյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2021 թվականի դեկտեմբերի 24-ին

գրավոր ընթացակարգով քննելով Հայկ, Վարդուհի և Մելսիդա Դավթյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.03.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արմեն Եղիազարյանի ընդդեմ Հայրապետ Դավթյանի իրավահաջորդներ Հայկ, Վարդուհի և Մելսիդա Դավթյանների՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Արմեն Եղիազարյանը պահանջել է Հայրապետ Դավթյանի իրավահաջորդներից բռնագանձել 12.650.000 ՀՀ դրամ և նշված գումարի վրա հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ս. Երիցյան) (այսուհետ՝ Դատարան) 22.09.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 1903.2021 թվականի որոշմամբ Հայրապետ Դավթյանի իրավահաջորդներ Հայկ, Վարդուհի և Մելսիդա Դավթյանների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 22.09.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Վճռաբեկ բողոք են ներկայացրել Հայկ, Վարդուհի և Մելսիդա Դավթյանները (ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմեն Եղիազարյանը (ներկայացուցիչ Սյուզաննա Սարդարյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականին ընդունված օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ մասը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ և 1244-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման:

 

Բողոք բերած անձինք նշված պնդումները պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ և 1244-րդ հոդվածների պահանջները՝ Դատարանը սույն գործի լուծման համար պետք է պարզեր հետևյալ հարցը՝ արդյո՞ք հայցվոր Արմեն Եղիազարյանը Հայրապետ Դավթյանի մահից հետո վեցամսյա ժամկետում ներկայացրել է իր պահանջը նրա ժառանգներին կամ ժառանգության բացման վայրի նոտարին։ Դատարանի վճռի եզրափակիչ մասում պետք է հստակ նշեր, թե բողոք բերող անձանց ժառանգություն ստացած որ գույքի վրա է տարածվում հայցապահանջը։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ և 1244-րդ հոդվածները կրում են հրամայական-համապարտադիր բնույթ և ենթակա են կիրառման՝ անկախ կողմերի դիրքորոշումից:

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականին ընդունված օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ մասը, որը սույն գործով կիրառելի չէ, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության 2018 թվականի օրենսգիրքը չի նախատեսում ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականին ընդունված օրենսգրքի դրույթների կիրառում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում գործի քննության ընթացքում: Եթե անգամ այն ենթակա լիներ կիրառման, ապա կիրառելի կլիներ միայն այն դեպքում, երբ առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում հայցվոր կողմը հայտներ դիրքորոշում առ այն, որ պահպանել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ և 1244-րդ հոդվածների պահանջները, իսկ պատասխանող կողմը որևէ կերպ չարձագանքեր դրան:

Տվյալ դեպքում հայցվորն առաջին ատյանի դատարանում դիրքորոշում չի հայտնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ և 1244-րդ հոդվածների առնչությամբ, գործի փաստերում բացակայում է որևէ տվյալ այն մասին, թե արդյոք վիճելի իրավահարաբերության շրջանակներում առկա է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ և 1244-րդ հոդվածների պահանջների կատարում, թե ոչ: Հետևաբար, առաջին ատյանի դատարանը պարտավոր էր կիրառել նշված հոդվածների պահանջները, իսկ պատասխանողի կողմից դիրքորոշում արտահայտելը որևէ նշանակություն չպետք է ունենար դատարանի համար։ Նույն մոտեցումը պետք է գործի նաև վերաքննիչ դատարանում գործի քննության սահմանների վրա:

Սույն գործով ներկայացված վերաքննիչ բողոքը չի կարող դիտարկվել որպես դիրքորոշում, որը չի հայտնվել առաջին ատյանի դատարանում։ Հակառակ մոտեցման դեպքում կստացվի, որ կողմը փաստացի զրկվում է իր շահերին վերաբերող դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունքից: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականին ընդունված օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ մասի կամ ՀՀ քաղաքացիական դատավարության 2018 թվականի օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառման համար պետք է գործի նախապայման, այն է՝ նշված նորմը կիրառելի չէ այն դեպքերում, երբ գործի փաստերի նկատմամբ կիրառելի է համապարտադիր-հրամայական իրավական նորմ, և այն չի կիրառվել՝ անկախ առաջին ատյանի դատարանում այդ հարցի վերաբերյալ դիրքորոշում արտահայտված լինել-չլինելուց։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 1903.2021 թվականի որոշումը և փոփոխել այն՝ ամբողջությամբ մերժել Արմեն Եղիազարյանի հայցը կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում կիրառման ենթակա էր ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականին ընդունված օրենսգիրքը, հետևաբար այն ենթակա էր կիրառման նաև Վերաքննիչ դատարանում: 

Վճռաբեկ դատարանի՝ թիվ ԼԴ1/0188/02/16 քաղաքացիական գործով 05.05.2020 թվականի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն՝ վերաքննիչ դատարանը ոչ թե իրավասու է չանդրադառնալու, այլ պարտավոր է չանդրադառնալ վերաքննիչ բողոքի այնպիսի հիմքերի, ի հիմնավորումն որոնց բողոք բերած անձը հայտնում է այնպիսի դիրքորոշում, որը կարող էր հայտնել, սակայն չի հայտնել առաջին ատյանի դատարանում:

Համապատասխանող Հայկ Դավթյանը, ներկա լինելով դատական նիստին, չի առարկել հայցապահանջի դեմ: Բողոքաբերներն առաջին ատյանի դատարանում չեն հայտնել այն դիրքորոշումը, որը ներկայացրել են վերաքննիչ բողոքում, ինչպես նաև վճռաբեկ բողոքում բացակայում է որևէ փաստարկ այն մասին, որ բողոքաբերները զրկված են եղել իրենց դիրքորոշումն առաջին ատյանի դատարանում հայտնելու հնարավորությունից:

Եթե որևէ կողմ դատարանում չի հայտնում իր դիրքորոշումը որևէ հարցի վերաբերյալ, ապա դատարանը չի կարող այդ դիրքորոշման նկատմամբ կիրառելի օրենսդրությունն ինքնուրույն կիրառել:

Եթե նույնիսկ վերաքննիչ բողոքի փաստարկները քննարկման առարկա լինեին, չէին կարող հիմք հանդիսանալ դատական ակտի բեկանման և հայցի մերժման համար, քանի որ վճռաբեկ բողոքում նշված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ և 1244-րդ հոդվածները կիրառելի չեն սույն գործի փաստերի նկատմամբ: Այսպես, վերոնշյալ իրավանորմերը վերաբերում են այնպիսի պահանջներին, որոնք մինչ ժառանգատուի մահը ներկայացված չեն եղել նրան և ներկայացվում են անմիջապես ժառանգներին:

Վերաքննիչ բողոքում վկայակոչված թիվ ԵԱՔԴ/2190/02/15 քաղաքացիական գործի և սույն գործի փաստական կազմն էականորեն տարբերվում են, քանի որ այդ գործով հայցվորը ժառանգատուին մինչ վերջինիս մահը պահանջ չի ներկայացրել:

Վճռաբեկ դատարանը, թիվ ԱՐԱԴ/0416/02/13 քաղաքացիական գործով անդրադառնալով այն դեպքին, երբ ժառանգատուի մահից հետո պահանջ է ներկայացվում նրա ժառանգին, նշել է, որ պահանջը կարող է ներկայացվել ժառանգին ինչպես անմիջականորեն, այնպես էլ նրա դեմ հայց հարուցելով, մինչդեռ ժառանգի դեմ նույն պահանջի վերաբերյալ առանձին հայց չի կարող հարուցվել, եթե ժառանգատուի դեմ արդեն իսկ հայց է հարուցվել, այլ պետք է կատարվի դատավարական իրավահաջորդություն:

Տվյալ դեպքում հայցվորն իր պահանջը ներկայացրել է ժառանգատու Հայրապետ Դավթյանին 09.11.2011 թվականին՝ դատական կարգով հայց հարուցելու միջոցով:

Պատասխանողը մահացել է 15.11.2011 թվականին, այնուհետև սույն գործով տեղի է ունեցել դատավարական իրավահաջորդություն, որի նկատմամբ կիրառելի են ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականին ընդունված օրենսգրքի 36-րդ հոդվածի դրույթները, այլ ոչ թե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ և 1244-րդ հոդվածները: Միաժամանակ, բողոքաբերները դատական նիստերի ընթացքում հայտնել են, որ տեղեկացված են եղել հայցվորի նկատմամբ ժառանգատուի ունեցած պարտքի մասին ու ընդունում են, որ այն պետք է կատարվի, որպիսի պայմաններում վերաքննիչ բողոքն անհիմն է:

 

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացրած անձը պահանջել է մերժել վճռաբեկ բողոքն ամբողջությամբ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Արմեն Եղիազարյանը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Հայրապետ Դավթյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, որը Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 10.11.2011 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ (հատոր 1, գ.թ. 1-51):

2) Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 21.01.2019 թվականին որոշում է կայացրել քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին (հատոր 1, գ.թ. 54-55):

3) Հայրապետ Դավթյանի իրավահաջորդներ Հայկ, Վարդուհի և Մելսիդա Դավթյանները Դատարանի 22.09.2020 թվականի վճռի դեմ 21.10.2020 թվականին վերաքննիչ բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան այն հիմքով, որ Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքին 1243-րդ և 1244-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, և որպես հիմնավորումներ նշել են. Դատարանը սույն գործի լուծման համար պետք է պարզեր հետևյալ հարցը՝ արդյո՞ք հայցվորը Հայրապետ Դավթյանի մահից հետո վեցամսյա ժամկետում ներկայացրել է իր պահանջը նրա ժառանգներին կամ ժառանգության բացման վայրի նոտարին։ Դատարանի վճռի եզրափակիչ մասում պետք է հստակ նշեր, թե բողոք բերող անձանց ժառանգություն ստացած որ գույքի վրա է տարածվում գումարի բռնագանձման պահանջը։ Հայցվորը օրենքով սահմանված ժամկետում որևէ պահանջ Հայրապետ Դավթյանի ժառանգներին չի ներկայացրել, որի պայմաններում կորցրել է իր պահանջի իրավունքը, հետևաբար ներկայացված հայցադիմումը ենթակա էր մերժման (հատոր 2, գ.թ. 116-122)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված հիմքով՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր: Այս որոշմամբ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

 Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, հարկ է համարում անդրադառնալ այն իրավական հարցին, թե արդյոք վերաքննիչ բողոքը չի կարող քննվել վերաքննիչ դատարանում այն հիմնավորմամբ, որ կողմը բողոքում շոշափվող հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը չի հայտնել առաջին ատյանի դատարանում, եթե բողոքը ներկայացվել է առաջին ատյանի դատարանի կողմից գործի փաստերի նկատմամբ կիրառելի իրավական կարգավորումները սխալ որոշված լինելու հիմքով։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքում վիճարկվում է նաև սույն գործի քննության շրջանակներում ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականին ընդունված օրենսգրքի կարգավորումների կիրառության իրավաչափությունն ընդհանրապես՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում առաջնահերթորեն անդրադառնալ կիրառելի դատավարական օրենսդրությունը որոշելու հարցին։

1. ՀՀ քաղաքացիական դատավարության 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած օրենսգրքի 439-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ մասի համաձայն` մինչև սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումների, դիմումների և բողոքների վարույթ ընդունելու հարցը լուծելիս կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով կիրառելի դատավարական օրենսդրությունը որոշելու հարցին, նշել է, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով ամրագրված են նորմատիվ իրավական ակտերի՝ ժամանակի մեջ գործողության կանոնները: Ըստ այդմ, ընդհանուր կանոնի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա: Այսինքն՝ նորմատիվ իրավական ակտը փաստացի իրավական հետևանքներ է առաջացնում դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած կամ գործող հարաբերությունների համար: Այս ընդհանուր կանոնից կարող է նախատեսվել բացառություն միայն Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով: Օրենսդիրը միաժամանակ սահմանել է, որ ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա, եթե օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ: Այսինքն՝ ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտը չի կարող իրավական ազդեցություն ունենալ ուժը կորցնելուց հետո ծագած իրավահարաբերությունների նկատմամբ: Նման իրավակարգավորումը նպատակ ունի պաշտպանելու հասարակական հարաբերությունների այն մասնակիցներին, ովքեր արդեն իսկ մտել են որոշակի իրավահարաբերությունների մեջ մինչև նոր իրավական ակտի ընդունումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս իրենց վարքագիծն արդեն իսկ համապատասխանեցրել են ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մի մասի իմպերատիվ պահանջներին:

Վերոգրյալից հետևում է, որ օրենսդիրը որդեգրել է այն սկզբունքը, որ իրավական ակտերը կարգավորում են հասարակական հարաբերություններն այնքան ժամանակ, քանի դեռ չեն կորցրել իրենց իրավաբանական ուժը: Իրավաբանական ուժի մեջ գտնվելու հանգամանքով է պայմանավորված իրավական ակտի՝ հասարակական հարաբերությունների վրա ներազդելու հնարավորությունը: Այն ժամանակ, երբ նման ակտը կորցնում է իր իրավաբանական ուժը, դադարում է կարգավորել հասարակական հարաբերություններ, և այդ հարաբերությունների հնարավոր մասնակիցները դադարում են ունենալ իմպերատիվ պարտականություն՝ իրենց վարքագիծը համապատասխանեցնելու արդեն իսկ ուժը կորցրած իրավական ակտի պահանջներին: Միաժամանակ, օրենսդիրը թույլատրել է ընդհանուր կանոնից շեղում միայն այն դեպքում, երբ օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով անմիջականորեն այլ բան է նախատեսվել: Նման պայմաններում ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտը կամ դրա մի մասը կարող է իրավական ազդեցություն ունենալ դրա՝ ուժը կորցնելուց հետո գործող իրավահարաբերությունների նկատմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ուժը կորցրած է ճանաչվել 17.06.1998 թվականին ընդունված և 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը: Միևնույն ժամանակ, 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ «Անցումային և եզրափակիչ դրույթներ» վերտառությամբ 439-րդ հոդվածով սահմանվել են ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի կիրառության երկու դեպքեր՝

- 09.02.2018 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերի քննությունը,

- և մինչև նույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումների, դիմումների և բողոքների վարույթ ընդունելու հարցը քննելը:

Վերոգրյալի հաշվառմամբ, համադրելով նորմատիվ ակտերի ժամանակի մեջ գործողության կանոնները 09.02.2018 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի անցումային և եզրափակիչ դրույթների հետ՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ 09.04.2018 թվականի դրությամբ առաջին ատյանի դատարանում քննվող գործերի նկատմամբ ենթակա են կիրառման 17.06.1998 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը, սակայն այդ գործերով 09.04.2018 թվականից հետո վերաքննիչ բողոքարկում իրականացված լինելու պայմաններում վերաքննիչ վարույթի նկատմամբ պետք է կիրառվեն 09.02.2018 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը (տե՛ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ «Ամիգո Արմեն» ՍՊԸ-ի թիվ ՍԴ2/0037/04/16 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.02.2019 թվականի որոշումը):

Տվյալ դեպքում բողոքաբերները վերաքննիչ բողոքը ներկայացրել են 21.10.2020 թվականին, հետևաբար վերաքննիչ վարույթի նկատմամբ կիրառելի են ՀՀ քաղաքացիական դատավարության 09.02.2018 թվականի օրենսգրքի կարգավորումները։

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ Վերաքննիչ դատարանի կողմից 17.06.1998 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածը վկայակոչվել է, որպես առաջին ատյանի դատարանում գործի քննության պահին գործող նորմ, սակայն վերաքննիչ վարույթի նկատմամբ կիրառվել են գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կանոնները։ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ այն դեպքերում, երբ վերաքննիչ վարույթը կարգավորող նորմը պահանջում է համապատասխան վարքագծի (դատավարական գործողության) դրսևորում առաջին ատյանի դատարանում, և առաջին ատյանի դատարանում գործի քննության նկատմամբ կիրառելի են նախկին ՀՀ քաղաքացիական դատավարության կանոնները, Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված իրավական որոշակիությունը պահանջում է, որ վերաքննիչ դատարանը հաշվի առնի, թե արդյոք վերաքննիչ վարույթում կիրառվող նորմի պահանջը հասանելի է եղել դատավարության մասնակիցներին, և արդյոք նրանք կարող էին կանխատեսելի վարքագիծ դրսևորել։ Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով 17.06.1998 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածը և նշելով գործի քննության պահին դրա գործողության հանգամանքը, ըստ էության արտացոլել է տվյալ նորմի պահանջի կանխատեսելիությունը բողոքաբերի համար։

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքում բարձրացված իրավական հարցի վերաբերյալ կարգավորում նախատեսված է ինչպես ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականին ընդունված օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ մասում, այնպես էլ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասում՝ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի նշված հիմքը գնահատում է գործի ելքի վրա ազդեցություն չունեցող և ստորև անդրադառնում է գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառության հարցին՝ հաշվի առնելով նաև ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականին ընդունված օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները։

2. Անդրադառնալով վճռաբեկ բողոքի քննության համար առաջադրված իրավական հարցին՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը։

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը՝ այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, սակայն այդ սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի դրանից, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե´ս Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի գործով ՄԻԵԴ-ի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանն անդրադառնում է վերաքննիչ բողոքի հիմքին և դրա հիմնավորումներին, եթե բողոք բերած անձը տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:

Սահմանադրական դատարանը 06.12.2011 թվականի թիվ ՍԴՈ-1004 որոշմամբ անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ մասի1 սահմանադրականության գնահատմանը սահմանափակ վերաքննության ինստիտուտի առանձնահատկությունների տեսանկյունից և արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը պետք է դիտարկել նույն օրենսգրքով սահմանված` կողմերի դատավարական պարտականությունների, ինչպես նաև վերաքննիչ բողոքի հիմքերի` նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման հասկացության համատեքստում: Սահմանադրական դատարանը մասնավորապես նշել է, որ վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող նորմատիվ պահանջները համահունչ են բողոք ներկայացնող կողմի դատավարական իրավունքներին ու պարտականություններին:

Սույն գործի՝ առաջին ատյանի դատարանում քննության նկատմամբ կիրառելի ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցվորը պարտավոր է, ի թիվս այլնի, հայցադիմումում նշել իր պահանջները, այն հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները, ինչպես նաև հայցապահանջները հաստատող ապացույցները:

Նույն օրենսգրքի 95-րդ հոդվածը սահմանում է հայցադիմումի պատասխանին ներկայացվող պահանջները, այն է` հայցադիմումի պատասխանը, ի թիվս այլնի, պետք է պարունակի հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջն ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը: Ընդ որում, առարկելու դեպքում պատասխանում, մասնավորապես, պետք է անդրադարձ կատարվի հայցի հիմքում ընկած փաստերին, որոնք նա չի ընդունում, այն փաստերին, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցներին, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված, ինչպես նաև պետք է անդրադարձ կատարվի այն հարցին, թե արդյոք հայցվորի ներկայացրած փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար:

Նույն օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունում մրցակցության սկզբունքին համապատասխան հայցվորն ու պատասխանողը կրում են իրենց վկայակոչած փաստերն ապացուցելու պարտականություն:

Վերոնշյալ իրավակարգավորումներից հետևում է, որ կողմերը կրում են հայցի առարկայի և դրա փաստական հիմքերի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու պարտականություն: Ինչ վերաբերում է հայցի իրավական հիմքին, վիճելի իրավահարաբերությունը որակելուն և դրա նկատմամբ կիրառելի նորմերի ընտրությանը, ապա դատավարության կողմերի համար հայցի իրավական հիմքը մատնանշելու և այդ կապակցությամբ դիրքորոշում արտահայտելու պարտականություն օրենսգրքով սահմանված չէ:

ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգրքի 1498-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործը դատաքննության նախապատրաստելիս դատավորը (...) դատական քննությունը արդյունավետ իրականացնելու համար կարող է հրավիրել նախնական դատական նիստ (...):

Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ դատարանը նախնական դատական նիստում մասնավորապես պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա օրենսդրությունը:

Նույն օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` դատարանը վճիռ կայացնելիս, ի թիվս այլնի, որոշում է նաև տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը:

Նույն օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` (…) վճռի պատճառաբանական մասում պետք է նշվեն դատարանի կողմից պարզված` գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, ինչպես նաև այն օրենքները, որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս (…):

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արձանագրել է, որ գործը դատաքննության նախապատրաստելու՝ որպես քաղաքացիական դատավարության ինքնուրույն փուլի բովանդակությունը կազմում են գործի հարուցման փուլի ավարտից հետո գործի քննության արդյունավետությունն ապահովելու նպատակով դատարանի և գործին մասնակցող անձանց կողմից իրականացվող նախապատրաստական բնույթի գործողությունները (տե՛ս, օրինակ, Գագիկ Խաչատրյանն ընդդեմ Իսակ Դիլանչյանի, Անահիտ Բաբայանի, Հռիփսիմե Ավետիսյանի, Հասմիկ Մելիքյանի և Վիկտորյա Հովսեփյանի թիվ ԵԿԴ/4715/02/14 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը): Մասնավորապես, գործը դատաքննության նախապատրաստելու փուլում դատարանի կարևորագույն խնդիրներից մեկն է որոշել վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա օրենսդրությունը, որոնց վերաբերյալ վերջնական եզրահանգումները պետք է արտացոլվեն կայացվող դատական ակտում: Ըստ այդմ, դատարանը կրում է պարտականություն՝ ճիշտ ընտրելու կիրառելի իրավունքը` անկախ դրա վերաբերյալ կողմերի դիրքորոշումից: Դատարանը կաշկանդված չէ կողմերի` վիճելի իրավահարաբերության որակման և դրա նկատմամբ կիրառելի նորմերի վերաբերյալ դիրքորոշումներով: Դատարանի խնդիրն է, ի թիվս այլնի, գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա որոշել վիճելի իրավահարաբերության բնույթը և դրա նկատմամբ կիրառելի իրավանորմ(եր)ը:

Անդրադառնալով վերաքննիչ բողոքի հիմք հանդիսացող դատական սխալի հասկացությանը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է դատական սխալի՝ որպես վերաքննիչ բողոքի հիմքի հետևյալ դրսևորումները՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտում կամ սխալ կիրառում, այն է՝ դատարանը չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր, կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը:

Վերոգրյալից բխում է, որ կիրառելի իրավունքի սխալ ընտրության վերաբերյալ վերաքննիչ բողոքի փաստարկներն ուղղված են տվյալ դատական սխալի՝ որպես վերաքննիչ բողոքի հիմքի առկայությունը հիմնավորելուն: Ուստի, դրանք չեն հանդիսանում ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով «դիրքորոշում», որը կարող է արտահայտվել առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ և կանխորոշված է դատավարության կողմերի իրավունքների և պարտականությունների ծավալով:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի նկատմամբ.

Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ մերժել է պատասխանողի իրավահաջորդների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն այն հիմնավորմամբ, որ բողոքաբերները՝ վերաքննիչ բողոքում բարձրացված հարցերը չեն կարող քննարկման առարկա դառնալ Վերաքննիչ դատարանում, քանի որ բողոքաբերները՝ որպես գործին մասնակցող անձինք, պատշաճ ծանուցված լինելով գործի քննության մասին, որևէ առարկություն չեն ներկայացրել և չեն հայտնել դիրքորոշում՝ վերաքննիչ բողոքում նշված հարցերի վերաբերյալ, և չեն ներկայացրել որևէ փաստարկ՝ առաջին ատյանի դատարանում նման դիրքորոշում հայտնելու հնարավորությունից զրկված լինելու վերաբերյալ։

Վճռաբեկ դատարանը, սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների հիման վրա անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, անհրաժեշտ է համարում նշել, որ Դատարանի 22.09.2020 թվականի վճռի դեմ բողոքաբերների ներկայացրած վերաքննիչ բողոքով վիճարկվել է Դատարանի կողմից վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմը չկիրառելու հանգամանքը։ Մասնավորապես, վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկները վերաբերում են սույն գործի փաստերի նկատմամբ Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ և 1244-րդ հոդվածների չկիրառմանը, որի վերաբերյալ բողոքաբերները կարող էին դիրքորոշում արտահայտել բացառապես վճռի կայացումից հետո՝ վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու շրջանակներում։

Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը՝ դրանում ներկայացված հարցի վերաբերյալ Դատարանում դիրքորոշում արտահայտած չլինելու պատճառաբանությամբ, հաշվի չի առել այն հանգամանքը, որ նշված օրենսդրական սահմանափակումը կիրառելի չէ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքի հիմնավորումները վերաբերում են վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավունքը որոշելու հետ կապված ենթադրյալ դատական սխալին։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, սխալ կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի ընդունված օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ մասը, չի ապահովել ստորադաս դատարանի դատական ակտի վերանայման հնարավորությունը՝ դրանով իսկ խախտելով բողոքաբերների դատական պաշտպանության իրավունքը:

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքի որևէ հիմքի և հիմնավորման` այդ կերպ զրկելով վերաքննիչ բողոք ներկայացրած անձին բողոքում բարձրացված յուրաքանչյուր հիմքի կապակցությամբ վերադաս դատարանի եզրահանգումը ստանալու իրավունքից` խախտելով բողոքաբերի՝ իր վերաբերյալ կայացված դատական ակտը վերանայելու իրավունքը։

Վերոգրյալ պատճառաբանությամբ միաժամանակ հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները: Ինչ վերաբերում է պատասխանում վկայակոչված Վճռաբեկ դատարանի՝ թիվ ԼԴ1/0188/02/16 քաղաքացիական գործով 05.05.2020 թվականի որոշմամբ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետին տրված մեկնաբանությանը, ապա այն կիրառելի չէ սույն գործով, քանի որ երկու գործերի փաստական կազմերը նույնանման չեն2:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Վերաքննիչ դատարանին վերագրվող դատավարական խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները, և վճռաբեկ բողոքի հիմքերը գնահատում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։ Միաժամանակ, նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը ըստ էության չի քննել վերաքննիչ բողոքը, և առկա է վերաքննիչ բողոքի նոր քննության անհրաժեշտություն՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործն անհրաժեշտ է ուղարկել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.03.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

______________________________________________

1Թիվ ՍԴՈ-1004 որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ մասի («Վերաքննիչ բողոքը (կամ դրա մասը) ենթակա է քննության, եթե բողոք բերող անձը տվյալ հարցի վերաբերյալ բողոքում արտահայտած իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից») սահմանադրաիրավական բովանդակությունը վերաբերելի է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության 09.02.2018 թվականի 379-րդ հոդվածի 5-րդ մասին, քանի որ նշված իրավանորմերն ունեն համանման բովանդակություն։

2Թիվ ԼԴ1/0188/02/16 քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերի ու հիմնավորումների շրջանակից՝ վերաքննության օբյեկտ դարձնելով ոչ թե Դատարանի 31.08.2018 թվականի վճիռը բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակում, այլ՝ գործն ընդհանրապես:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ս. Անտոնյան

Հ. Բեդևյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԱՆԴ/1535/02/11 քաղաքացիական գործով 24․12․2021 թվականին կայացված որոշման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), գրավոր ընթացակարգով քննելով Հայկ, Վարդուհի և Մելսիդա Դավթյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.03.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արմեն Եղիազարյանի ընդդեմ Հայրապետ Դավթյանի իրավահաջորդներ Հայկ, Վարդուհի և Մելսիդա Դավթյանների՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, 24122021 թվականին որոշել է «Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.03.2021 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության»:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ս. Անտոնյանս համաձայն չլինելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 24122021 թվականին թիվ ԵԱՆԴ/1535/02/11 քաղաքացիական գործով կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը նույն որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արմեն Եղիազարյանը պահանջել է Հայրապետ Դավթյանի իրավահաջորդներից բռնագանձել 12.650.000 ՀՀ դրամ և նշված գումարի վրա հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ս. Երիցյան) (այսուհետ՝ Դատարան) 22.09.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 1903.2021 թվականի որոշմամբ Հայրապետ Դավթյանի իրավահաջորդներ Հայկ, Վարդուհի և Մելսիդա Դավթյանների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 22.09.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Վճռաբեկ բողոք են ներկայացրել Հայկ, Վարդուհի և Մելսիդա Դավթյանները (ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմեն Եղիազարյանը (ներկայացուցիչ Սյուզաննա Սարդարյան):

 

2. Վճռաբեկ դատարանը բողոքը քննել է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականին ընդունված օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ մասը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ և 1244-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման:

 

Բողոք բերած անձինք նշված պնդումները պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ և 1244-րդ հոդվածների պահանջները՝ Դատարանը սույն գործի լուծման համար պետք է պարզեր հետևյալ հարցը՝ արդյո՞ք հայցվոր Արմեն Եղիազարյանը Հայրապետ Դավթյանի մահից հետո վեցամսյա ժամկետում ներկայացրել է իր պահանջը նրա ժառանգներին կամ ժառանգության բացման վայրի նոտարին։ Դատարանի վճռի եզրափակիչ մասում պետք է հստակ նշեր, թե բողոք բերող անձանց ժառանգություն ստացած որ գույքի վրա է տարածվում հայցապահանջը։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ և 1244-րդ հոդվածները կրում են հրամայական-համապարտադիր բնույթ և ենթակա են կիրառման՝ անկախ կողմերի դիրքորոշումից:

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականին ընդունված օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ մասը, որը սույն գործով կիրառելի չէ, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության 2018 թվականի օրենսգիրքը չի նախատեսում ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականին ընդունված օրենսգրքի դրույթների կիրառում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում գործի քննության ընթացքում: Եթե անգամ այն ենթակա լիներ կիրառման, ապա կիրառելի կլիներ միայն այն դեպքում, երբ առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում հայցվոր կողմը հայտներ դիրքորոշում առ այն, որ պահպանել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ և 1244-րդ հոդվածների պահանջները, իսկ պատասխանող կողմը որևէ կերպ չարձագանքեր դրան:

Տվյալ դեպքում հայցվորն առաջին ատյանի դատարանում դիրքորոշում չի հայտնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ և 1244-րդ հոդվածների առնչությամբ, գործի փաստերում բացակայում է որևէ տվյալ այն մասին, թե արդյոք վիճելի իրավահարաբերության շրջանակներում առկա է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ և 1244-րդ հոդվածների պահանջների կատարում, թե ոչ: Հետևաբար, առաջին ատյանի դատարանը պարտավոր էր կիրառել նշված հոդվածների պահանջները, իսկ պատասխանողի կողմից դիրքորոշում արտահայտելը որևէ նշանակություն չպետք է ունենար դատարանի համար։ Նույն մոտեցումը պետք է գործի նաև վերաքննիչ դատարանում գործի քննության սահմանների վրա:

Սույն գործով ներկայացված վերաքննիչ բողոքը չի կարող դիտարկվել որպես դիրքորոշում, որը չի հայտնվել առաջին ատյանի դատարանում։ Հակառակ մոտեցման դեպքում կստացվի, որ կողմը փաստացի զրկվում է իր շահերին վերաբերող դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունքից: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականին ընդունված օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ մասի կամ ՀՀ քաղաքացիական դատավարության 2018 թվականի օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառման համար պետք է գործի նախապայման, այն է՝ նշված նորմը կիրառելի չէ այն դեպքերում, երբ գործի փաստերի նկատմամբ կիրառելի է համապարտադիր-հրամայական իրավական նորմ, և այն չի կիրառվել՝ անկախ առաջին ատյանի դատարանում այդ հարցի վերաբերյալ դիրքորոշում արտահայտված լինել-չլինելուց։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 1903.2021 թվականի որոշումը և փոփոխել այն՝ ամբողջությամբ մերժել Արմեն Եղիազարյանի հայցը կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում կիրառման ենթակա էր ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականին ընդունված օրենսգիրքը, հետևաբար այն ենթակա էր կիրառման նաև Վերաքննիչ դատարանում:

Վճռաբեկ դատարանի՝ թիվ ԼԴ1/0188/02/16 քաղաքացիական գործով 05.05.2020 թվականի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն՝ վերաքննիչ դատարանը ոչ թե իրավասու է չանդրադառնալու, այլ պարտավոր է չանդրադառնալ վերաքննիչ բողոքի այնպիսի հիմքերի, ի հիմնավորումն որոնց բողոք բերած անձը հայտնում է այնպիսի դիրքորոշում, որը կարող էր հայտնել, սակայն չի հայտնել առաջին ատյանի դատարանում:

Համապատասխանող Հայկ Դավթյանը, ներկա լինելով դատական նիստին, չի առարկել հայցապահանջի դեմ: Բողոքաբերներն առաջին ատյանի դատարանում չեն հայտնել այն դիրքորոշումը, որը ներկայացրել են վերաքննիչ բողոքում, ինչպես նաև վճռաբեկ բողոքում բացակայում է որևէ փաստարկ այն մասին, որ բողոքաբերները զրկված են եղել իրենց դիրքորոշումն առաջին ատյանի դատարանում հայտնելու հնարավորությունից:

Եթե որևէ կողմ դատարանում չի հայտնում իր դիրքորոշումը որևէ հարցի վերաբերյալ, ապա դատարանը չի կարող այդ դիրքորոշման նկատմամբ կիրառելի օրենսդրությունն ինքնուրույն կիրառել:

Եթե նույնիսկ վերաքննիչ բողոքի փաստարկները քննարկման առարկա լինեին, չէին կարող հիմք հանդիսանալ դատական ակտի բեկանման և հայցի մերժման համար, քանի որ վճռաբեկ բողոքում նշված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ և 1244-րդ հոդվածները կիրառելի չեն սույն գործի փաստերի նկատմամբ: Այսպես, վերոնշյալ իրավանորմերը վերաբերում են այնպիսի պահանջներին, որոնք մինչ ժառանգատուի մահը ներկայացված չեն եղել նրան և ներկայացվում են անմիջապես ժառանգներին:

Վերաքննիչ բողոքում վկայակոչված թիվ ԵԱՔԴ/2190/02/15 քաղաքացիական գործի և սույն գործի փաստական կազմն էականորեն տարբերվում են, քանի որ այդ գործով հայցվորը ժառանգատուին մինչ վերջինիս մահը պահանջ չի ներկայացրել:

Վճռաբեկ դատարանը, թիվ ԱՐԱԴ/0416/02/13 քաղաքացիական գործով անդրադառնալով այն դեպքին, երբ ժառանգատուի մահից հետո պահանջ է ներկայացվում նրա ժառանգին, նշել է, որ պահանջը կարող է ներկայացվել ժառանգին ինչպես անմիջականորեն, այնպես էլ նրա դեմ հայց հարուցելով, մինչդեռ ժառանգի դեմ նույն պահանջի վերաբերյալ առանձին հայց չի կարող հարուցվել, եթե ժառանգատուի դեմ արդեն իսկ հայց է հարուցվել, այլ պետք է կատարվի դատավարական իրավահաջորդություն:

Տվյալ դեպքում հայցվորն իր պահանջը ներկայացրել է ժառանգատու Հայրապետ Դավթյանին 09.11.2011 թվականին՝ դատական կարգով հայց հարուցելու միջոցով:

Պատասխանողը մահացել է 15.11.2011 թվականին, այնուհետև սույն գործով տեղի է ունեցել դատավարական իրավահաջորդություն, որի նկատմամբ կիրառելի են ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականին ընդունված օրենսգրքի 36-րդ հոդվածի դրույթները, այլ ոչ թե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ և 1244-րդ հոդվածները: Միաժամանակ, բողոքաբերները դատական նիստերի ընթացքում հայտնել են, որ տեղեկացված են եղել հայցվորի նկատմամբ ժառանգատուի ունեցած պարտքի մասին ու ընդունում են, որ այն պետք է կատարվի, որպիսի պայմաններում վերաքննիչ բողոքն անհիմն է:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացրած անձը պահանջել է մերժել վճռաբեկ բողոքն ամբողջությամբ:

 

3. Որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Արմեն Եղիազարյանը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Հայրապետ Դավթյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, որը Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 10.11.2011 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ (հատոր 1, գ.թ. 1-51).

2) Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 21.01.2019 թվականին որոշում է կայացրել քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին (հատոր 1, գ.թ. 54-55).

3) Հայրապետ Դավթյանի իրավահաջորդներ Հայկ, Վարդուհի և Մելսիդա Դավթյանները Դատարանի 22.09.2020 թվականի վճռի դեմ 21.10.2020 թվականին վերաքննիչ բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան այն հիմքով, որ Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքին 1243-րդ և 1244-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, և որպես հիմնավորումներ նշել են. Դատարանը սույն գործի լուծման համար պետք է պարզեր հետևյալ հարցը՝ արդյո՞ք հայցվորը Հայրապետ Դավթյանի մահից հետո վեցամսյա ժամկետում ներկայացրել է իր պահանջը նրա ժառանգներին կամ ժառանգության բացման վայրի նոտարին։ Դատարանի վճռի եզրափակիչ մասում պետք է հստակ նշեր, թե բողոք բերող անձանց ժառանգություն ստացած որ գույքի վրա է տարածվում գումարի բռնագանձման պահանջը։ Հայցվորը օրենքով սահմանված ժամկետում որևէ պահանջ Հայրապետ Դավթյանի ժառանգներին չի ներկայացրել, որի պայմաններում կորցրել է իր պահանջի իրավունքը, հետևաբար ներկայացված հայցադիմումը ենթակա էր մերժման (հատոր 2, գ.թ. 116-122)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված հիմքով՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր: Այս որոշմամբ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

 Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, հարկ է համարում անդրադառնալ այն իրավական հարցին, թե արդյոք վերաքննիչ բողոքը չի կարող քննվել վերաքննիչ դատարանում այն հիմնավորմամբ, որ կողմը բողոքում շոշափվող հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը չի հայտնել առաջին ատյանի դատարանում, եթե բողոքը ներկայացվել է առաջին ատյանի դատարանի կողմից գործի փաստերի նկատմամբ կիրառելի իրավական կարգավորումները սխալ որոշված լինելու հիմքով։

 

Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ մերժել է պատասխանողի իրավահաջորդների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքն այն հիմնավորմամբ, որ բողոքաբերների՝ վերաքննիչ բողոքում բարձրացված հարցերը չեն կարող քննարկման առարկա դառնալ Վերաքննիչ դատարանում, քանի որ բողոքաբերները՝ որպես գործին մասնակցող անձինք, պատշաճ ծանուցված լինելով գործի քննության մասին, որևէ առարկություն չեն ներկայացրել և չեն հայտնել դիրքորոշում՝ վերաքննիչ բողոքում նշված հարցերի վերաբերյալ, և չեն ներկայացրել որևէ փաստարկ՝ առաջին ատյանի դատարանում նման դիրքորոշում հայտնելու հնարավորությունից զրկված լինելու վերաբերյալ։

Վճռաբեկ դատարանը, սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների հիման վրա անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, անհրաժեշտ է համարել նշել, որ Դատարանի 22.09.2020 թվականի վճռի դեմ բողոքաբերների ներկայացրած վերաքննիչ բողոքով վիճարկվել է Դատարանի կողմից վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմը չկիրառելու հանգամանքը։ Մասնավորապես, վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկները վերաբերում են սույն գործի փաստերի նկատմամբ Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ և 1244-րդ հոդվածների չկիրառմանը, որի վերաբերյալ բողոքաբերները կարող էին դիրքորոշում արտահայտել բացառապես վճռի կայացումից հետո՝ վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու շրջանակներում։

Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը՝ դրանում ներկայացված հարցի վերաբերյալ Դատարանում դիրքորոշում արտահայտած չլինելու պատճառաբանությամբ, հաշվի չի առել այն հանգամանքը, որ նշված օրենսդրական սահմանափակումը կիրառելի չէ այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքի հիմնավորումները վերաբերում են վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավունքը որոշելու հետ կապված ենթադրյալ դատական սխալին։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, սխալ կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի ընդունված օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ մասը, չի ապահովել ստորադաս դատարանի դատական ակտի վերանայման հնարավորությունը՝ դրանով իսկ խախտելով բողոքաբերների դատական պաշտպանության իրավունքը:

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքի որևէ հիմքի և հիմնավորման` այդ կերպ զրկելով վերաքննիչ բողոք ներկայացրած անձին բողոքում բարձրացված յուրաքանչյուր հիմքի կապակցությամբ վերադաս դատարանի եզրահանգումը ստանալու իրավունքից` խախտելով բողոքաբերի՝ իր վերաբերյալ կայացված դատական ակտը վերանայելու իրավունքը։

Վերոգրյալ պատճառաբանությամբ միաժամանակ հերքվել է վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները: Ինչ վերաբերում է պատասխանում վկայակոչված Վճռաբեկ դատարանի՝ թիվ ԼԴ1/0188/02/16 քաղաքացիական գործով 05.05.2020 թվականի որոշմամբ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետին տրված մեկնաբանությանը, ապա այն կիրառելի չէ սույն գործով, քանի որ երկու գործերի փաստական կազմերը նույնանման չեն :

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարել Վերաքննիչ դատարանին վերագրվող դատավարական խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկները, և վճռաբեկ բողոքի հիմքերը գնահատել է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։ Միաժամանակ, նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը ըստ էության չի քննել վերաքննիչ բողոքը, և առկա է վերաքննիչ բողոքի նոր քննության անհրաժեշտություն՝ Վճռաբեկ դատարանը գտել է, որ գործն անհրաժեշտ է ուղարկել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության:

 

5. Հատուկ կարծիքը հիմնավորող պատճառաբանությունները.

Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ համաձայն չեմ, գտնում եմ, որ վճռաբեկ բողոքը պետք է մերժվեր հետևյալ պատճառաբանությամբ.

Ընդհանուր առմամբ ընդունելով այն դիրքորոշումը,որ դատարանի կիրառած իրավանորմերի առնչությամբ դատական ակտի բողոքարկումը չի կարող պայմանավորվել այդ հարցի կապակցությամբ դիրքորոշում արտահայտված լինելու հանգամանքով, սակայն յուրաքանչյուր դեպքում վերադաս դատարանը պարտավոր է հաշվի առնել իրավահարաբերության փաստական կազմի վերաբերյալ կողմերի արտահայտած դիրքորոշումներով։

Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանությունները չեն կարող Վերաքննիչ դատարանի թիվ ԵԱՆԴ/1535/02/11 որոշումը բեկանելու հիմք հանդիսանալ, քանի որ գործի նյութերից հետևում է, որ հայցի հարուցման պահին առկա չի եղել ունիվերսալ, համապարփակ իրավահաջորդության իրավական հարց, քանի որ պատասխանողը մահացել է հայցադիմումը դատարանի կողմից վարույթ ընդունելուց հետո։ Այսինքն պատասխանողի իրավահաջորդները գործին մասնակից են դարձվել դատավարական իրավահաջորդության հիմքով, որպես պատասխանողի իրավահաջորդներ։ Վերաքննիչ բողոքում դրված նյութական իրավունքի նորմերի խախտման հիմքով բողոք բերելու համար պատասխանողներն առնվազն պետք է կասկածի տակ դնեին դատավարական իրավահաջորդության հարցը և ներկայացնեին գործի վարույթը կարճելու մասին միջնորդություն քանի որ վերաքննիչ բողոքի հիմքում ընկած իրավանորմերը թույլ են տալիս եզրահանգելու, որ ըստ վերաքննիչ բողոք բերողների հայց հարուցելու պահին պատասխանողը մահացած է եղել։

Սույն գործի նյութերի ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրահանգելու, որ վերաքննիչ բողոքի հիմքում դրվել են այնպիսի հանգամանքներ, որոնց վերաբերյալ պատասխանողի իրավահաջորդները մասնակցելով գործի քննությանը և ապացուցման բեռի շրջանակներում չվիճարկելով դատավարական իրավահաջորդության փաստը չէին կարող վերաքննիչ բողոք ներկայացնել ունիվերսալ իրավահաջորդությունից բխող իրավանորմերի խախտման հիմքով։ Ավելին՝ այդ հանգամանքների վերաբերյալ դիրքորոշման ներկայացումը կարող էր բացառել գործի քննությունը ընդհանուր իրավասության դատարանում։ Հետևաբար վստահաբար պնդում եմ, որ բողոք ենթակա է մերժման։

 

Դատավոր`

 

Ս. Անտոնյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 ապրիլի 2022 թվական: