Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.09.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.14-2020.12.27 Պաշտոնական հրապարակման օրը 15.12.2020
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.09.2020
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի

քաղաքացիական և վարչական

պալատի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/1235/02/12

2020 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/1235/02/12

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Ռ. Հակոբյան

զեկուցող

Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի սեպտեմբերի 25-ին

գրավոր ընթացակարգով քննելով Լուսինե Տեր-Կարապետյանի ներկայացուցիչ Նարեկ Գասպարյանի վճռաբեկ բողոքը՝ ըստ հայցի Սիրվարդ Գալստյանի ընդդեմ Լուսինե Տեր-Կարապետյանի, երրորդ անձ Գագիկ Բաղդասարյանի` գումար բռնագանձելու և բռնագանձումը գրվադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին, և ըստ հայցի Գագիկ Բաղդասարյանի ընդդեմ Սիրվարդ Գալստյանի` շինծու գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2013 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշման նոր հանգամանքի հիմքով վերանայմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.10.2013 թվականի որոշման դեմ,

 

 Պ Ա Ր Զ Ե Ց

 

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Սիրվարդ Գալստյանը պահանջել է Լուսինե Տեր-Կարապետյանից հօգուտ իրեն բռնագանձել 8.340.000 ՀՀ դրամ և բռնագանձումը տարածել գրավի առարկա հանդիսացող՝ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի թիվ 6 հասցեում գտնվող տան վրա:

Դիմելով դատարան` Գագիկ Բաղդասարյանը պահանջել է կիրառել շինծու գործարքի անվավերության հետևանքներ:

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.01.2013 թվականի որոշմամբ թիվ ԵԱԴԴ/0774/02/12 և ԵԱԴԴ/1235/02/12 քաղաքացիական գործերը` ըստ հայցի Սիրվարդ Գալստյանի ընդդեմ Լուսինե Տեր-Կարապետյանի, երրորդ անձ` Գագիկ Բաղդասարյանի` գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին, և ըստ հայցի Գագիկ Բաղդասարյանի ընդդեմ Սիրվարդ Գալստյանի` շինծու գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, միացվել են մեկ վարույթում՝ թիվ ԵԱԴԴ/1235/02/12 համարի ներքո։

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Սմբատյան) (այսուհետ` Դատարան) 23.07.2013 թվականի վճռով գործի վարույթն ըստ հայցի Գագիկ Բաղդասարյանի ընդդեմ Սիրվարդ Գալստյանի` շինծու գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, կարճվել է, իսկ Սիրվարդ Գալստյանի հայցն ընդդեմ Լուսինե Տեր-Կարապետյանի, երրորդ անձ` Գագիկ Բաղդասարյանի` գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին, բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ա. Մկրտչյան, դատավորներ՝ Ի. Վարդանյան, Ն. Բարսեղյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.10.2013 թվականի որոշմամբ Լուսինե Տեր-Կարապետյանի և երրորդ անձ Գագիկ Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ որոշվել է. «բեկանել Դատարանի 23.07.2013 թվականի վճռի եզրափակիչ մասի` Սիրվարդ Գալստյանի հայցն ընդդեմ Լուսինե Տեր-Կարապետյանի, երրորդ անձ Գագիկ Բաղդասարյանի` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջի մասին բավարարելու, Լուսինե Տեր-Կարապետյանից հօգուտ Սիրվարդ Գալստյանի 20.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ բռնագանձելու և բռնագանձումը գրավադրված գույքի` Լուսինե Տեր-Կարապետյանի կողմից 2008 թվականին Սիրվարդ Գալստյանին վաճառված Երևանի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի թիվ 6-րդ տան վրա տարածելու, 28.02.2012 թվականից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները բռնագանձելու, դատական ծախսերը բաշխելու մասերով, և այդ մասերով փոփոխել` Սիրվարդ Գալստյանի հայցը բավարարել մասնակիորեն` Լուսինե Տեր-Կարապետյանից հօգուտ Սիրվարդ Գալստյանի բռնագանձել 19.300 ԱՄՆ դոլարին բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև 28.02.2012 թվականից 19.300 ԱՄՆ դոլարի նկատմամբ հաշվեգրվող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները` բռնագանձումը տարածելով գրավադրված գույքի` Երևանի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի թիվ 6-րդ տան վրա: (...) Դատարանի 23.07.2013 թվականի վճիռը մնացած մասով թողնել անփոփոխ՝ օրինական ուժի մեջ»:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2013 թվականի որոշմամբ Լուսինե Տեր-Կարապետյանի և Գագիկ Բաղդասարյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լուսինե Տեր-Կարապետյանի ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի 25.10.2013 թվականի որոշման իրավական հիմքը հանդիսացել է թիվ ԵԱԴԴ/0330/02/11 քաղաքացիական գործի շրջանակներում 28.02.2012 թվականին կայացված վճիռը: Միայն տվյալ վճիռն է հիմք հանդիսացել շինծու գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու համար՝ հիփոթեքի և գրավի կանոններ կիրառելով կնքված առուվաճառքի պայմանագրի նկատմամբ, ինչն էլ իր հերթին հիմք է ծառայել հիփոթեքի գումարի բռնագանձման համար: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.02.2018 թվականի որոշմամբ բեկանվել է թիվ ԵԱԴԴ/0330/02/11 քաղաքացիական գործի շրջանակներում 28.02.2012 թվականին կայացված վճիռը և գործն ուղարկվել է նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության: Հետևաբար առկա է թիվ ԵԱԴԴ/1235/02/12 քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի 25.10.2013 թվականի որոշման բեկանման իրավական նախադրյալը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2013 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայման արդյունքում բեկանել Վերաքննիչ դատարանի 25102013 թվականի որոշումը և գործն ուղարկել ընդհանուր իրավասության դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

1) Թիվ ԵԱԴԴ/0330/02/11 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի Գագիկ Բաղդասարյանի ընդդեմ Սիրվարդ Գալստյանի, երրորդ անձինք Լուսինե Տեր-Կարապետյանի, ՀՀ ԱՆ «Աջափնյակ» նոտարական տարածքի նոտար Գոռ Դիլոյանի` շինծու գործարքն անվավեր ճանաչելու պահանջի մասին, Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.02.2012 թվականի վճռով (օրինական ուժի մեջ մտած դատական ակտ) հայցը բավարարվել է՝ որպես շինծու գործարք անվավեր է ճանաչվել 08.12.2008 թվականին Լուսինե Հենրիկի Տեր-Կարապետյանի, որի անունից հանդես է եկել հայցվոր Գագիկ Բաղդասարյանը, և Սիրվարդ Գալստյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, և դրա նկատմամբ կիրառվել են փոխառության և հիփոթեքի պայմանագրերին վերաբերող կանոնները (հատոր 1-ին, գ.թ. 8-10):

2) Դատարանի 23.07.2013 թվականի վճռով գործի վարույթն ըստ հայցի Գագիկ Բաղդասարյանի ընդդեմ Սիրվարդ Գալստյանի` շինծու գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, կարճվել է, իսկ Սիրվարդ Գալստյանի հայցն ընդդեմ Լուսինե Տեր-Կարապետյանի, երրորդ անձ Գագիկ Բաղդասարյանի` գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին, բավարարվել է՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱԴԴ/0330/02/11 քաղաքացիական գործով 28.02.2012 թվականին օրինական ուժի մեջ մտած վճիռը (հատոր 1-ին, գ.թ. 181-185):

3) Վերաքննիչ դատարանի 25.10.2013 թվականի որոշմամբ Լուսինե Տեր-Կարապետյանի և երրորդ անձ Գագիկ Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 23.07.2013 թվականի վճիռը մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է` Սիրվարդ Գալստյանի հայցն ընդդեմ Լուսինե Տեր-Կարապետյանի, երրորդ անձ Գագիկ Բաղդասարյանի` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին, բավարարվել է մասնակիորեն` Լուսինե Տեր-Կարապետյանից հօգուտ Սիրվարդ Գալստյանի բռնագանձվել է 19.300 ԱՄՆ դոլարին բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև 28.02.2012 թվականից 19.300 ԱՄՆ դոլարի նկատմամբ հաշվեգրվող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները` բռնագանձումը տարածելով գրավադրված գույքի` Երևանի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի թիվ 6-րդ տան վրա: Դատարանի 23.07.2013 թվականի վճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ: Վերաքննիչ դատարանը որպես վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստ արձանագրել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱԴԴ/0330/02/11 քաղաքացիական գործով 28.02.2012 թվականին օրինական ուժի մեջ մտած վճիռը (հատոր 2-րդ, գ.թ. 39-42):

4) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2013 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 25.10.2013 թվականի որոշման դեմ Լուսինե Տեր-Կարապետյանի և Գագիկ Բաղդասարյանի կողմից բերված վճռաբեկ բողոքը վերադարձվել է (հատոր 2-րդ, գ.թ. 70-73):

5) Թիվ ԵԱԴԴ/0330/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.02.2018 թվականի որոշմամբ Լուսինե Տեր-Կարապետյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.02.2012 թվականին կայացրած վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

6) Թիվ ԵԱԴԴ/0330/02/11 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 30.05.2019 թվականի վճռով (օրինական ուժի մեջ մտած դատական ակտ) Գագիկ Բաղդասարյանի հայցն ընդդեմ Սիրվարդ Գալստյանի, երրորդ անձինք Լուսինե Տեր-Կարապետյանի, ՀՀ ԱՆ «Աջափնյակ» նոտարական տարածքի նոտար Գոռ Դիլոյանի` շինծու գործարքն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժվել է, իսկ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Լուսինե Տեր-Կարապետյանի հայցը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածով նախատեսված, այն է` մեկ կողմի ներկայացուցչի մյուս կողմի հետ չարամիտ համաձայնությամբ կնքված լինելու հիմքով, անվավեր ճանաչել 08.12.2008 թվականին Գագիկ Բաղդասարյանի և Սիրվարդ Գալստյանի միջև կնքված և առուվաճառքի պայմանագրի ձևակերպում ստացած գործարքը և կիրառել նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված անվավերության հետևանքներ) բավարարվել է՝ անվավեր է ճանաչվել 08.12.2008 թվականին Գագիկ Բաղդասարյանի և Սիրվարդ Գալստյանի միջև կնքված և առուվաճառքի պայմանագրի ձևակերպում ստացած գործարքը և կիրառվել է անվավերության հետևանքներ, այն է` վճռվել է Լուսինե Տեր-Կարապետյանին վերադարձնել Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի թիվ 6-րդ տունը (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բեկանվել է այն դատական ակտը, դատավճիռը, կամ ընդունման պահից անվավեր է ճանաչվել այն վարչական ակտը, որը հիմք է ծառայել տվյալ դատական ակտի կայացման համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք և նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել երեք ամսվա ընթացքում, որի հաշվարկը սկսվում է՝ նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքում՝ այն դատական կամ վարչական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից, որով վերացվել է համապատասխան դատական ակտը, դատավճիռը կամ վարչական ակտը:

ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն՝ խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:

Ելնելով վերը նշված իրավանորմերի համալիր վերլուծությունից և վերոգրյալ իրավական դիրքորոշումներից՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում այն դատական ակտի, դատավճռի բեկանումը կամ վարչական ակտի անվավեր ճանաչումը, որը հիմք է հանդիսացել տվյալ դատական ակտը կայացնելու համար: Հետևաբար դատական ակտի կայացման համար կանխորոշիչ նշանակություն ունեցող դատական ակտի, դատավճռի բեկանման կամ վարչական ակտի անվավեր ճանաչման պայմաններում, տվյալ դատական ակտը ենթակա է նոր հանգամանքի հիմքով վերանայման, որն անխուսափելիորեն պետք է հանգեցնի վերջինիս բեկանմանը՝ բացառելով դրա օրինական ուժի մեջ թողնելու հնարավորությունը:

Սույն գործի փաստական հանգամանքների համաձայն՝ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱԴԴ/0330/02/11 քաղաքացիական գործով ըստ հայցի Գագիկ Բաղդասարյանի ընդդեմ Սիրվարդ Գալստյանի, երրորդ անձինք Լուսինե Տեր-Կարապետյանի, ՀՀ ԱՆ «Աջափնյակ» նոտարական տարածքի նոտար Գոռ Դիլոյանի` շինծու գործարքն անվավեր ճանաչելու պահանջի մասին, 28.02.2012 թվականին օրինական ուժի մեջ մտած վճռով հայցը բավարարվել է՝ որպես շինծու գործարք անվավեր է ճանաչվել 08.12.2008 թվականին Լուսինե Հենրիկի Տեր-Կարապետյանի, որի անունից հանդես է եկել հայցվոր Գագիկ Բաղդասարյանը, և Սիրվարդ Գալստյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, և դրա նկատմամբ կիրառվել են փոխառության և հիփոթեքի պայմանագրերին վերաբերող կանոնները:

Սույն գործով Դատարանի 23.07.2013 թվականի վճռով գործի վարույթն ըստ հայցի Գագիկ Բաղդասարյանի ընդդեմ Սիրվարդ Գալստյանի` շինծու գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, կարճվել է, իսկ Սիրվարդ Գալստյանի հայցն ընդդեմ Լուսինե Տեր-Կարապետյանի, երրորդ անձ Գագիկ Բաղդասարյանի` գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին, բավարարվել է՝ հիմք ընդունելով թիվ ԵԱԴԴ/0330/02/11 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.02.2012 թվականին օրինական ուժի մեջ մտած վճիռը:

Վերաքննիչ դատարանի 25.10.2013 թվականի որոշմամբ Լուսինե Տեր-Կարապետյանի և երրորդ անձ Գագիկ Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 23.07.2013 թվականի վճիռը մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է` Սիրվարդ Գալստյանի հայցն ընդդեմ Լուսինե Տեր-Կարապետյանի, երրորդ անձ Գագիկ Բաղդասարյանի` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին, բավարարվել է մասնակիորեն` Լուսինե Տեր-Կարապետյանից հօգուտ Սիրվարդ Գալստյանի բռնագանձվել է 19.300 ԱՄՆ դոլարին բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև 28.02.2012 թվականից 19.300 ԱՄՆ դոլարի նկատմամբ հաշվեգրվող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները` բռնագանձումը տարածելով գրավադրված գույքի` Երևանի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի թիվ 6-րդ տան վրա: Դատարանի 23.07.2013 թվականի վճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ: Վերաքննիչ դատարանը սույն որոշմամբ որպես վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստ արձանագրել է թիվ ԵԱԴԴ/0330/02/11 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.02.2012 թվականին օրինական ուժի մեջ մտած վճիռը, որը հիմք է ծառայել Վերաքննիչ դատարանի տվյալ որոշման կայացման համար:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2013 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 25.10.2013 թվականի որոշման դեմ Լուսինե Տեր-Կարապետյանի և Գագիկ Բաղդասարյանի կողմից բերված վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Թիվ ԵԱԴԴ/0330/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.02.2018 թվականի որոշմամբ Լուսինե Տեր-Կարապետյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.02.2012 թվականին կայացրած վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։ Թիվ ԵԱԴԴ/0330/02/11 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 30.05.2019 թվականին օրինական ուժի մեջ մտած վճռով Գագիկ Բաղդասարյանի հայցն ընդդեմ Սիրվարդ Գալստյանի, երրորդ անձինք Լուսինե Տեր-Կարապետյանի, ՀՀ ԱՆ «Աջափնյակ» նոտարական տարածքի նոտար Գոռ Դիլոյանի` շինծու գործարքն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժվել է, իսկ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Լուսինե Տեր-Կարապետյանի հայցը բավարարվել է՝ անվավեր է ճանաչվել 08.12.2008 թվականին Գագիկ Բաղդասարյանի և Սիրվարդ Գալստյանի միջև կնքված և առուվաճառքի պայմանագրի ձևակերպում ստացած գործարքը և կիրառվել անվավերության հետևանքներ, այն է` վճռվել է Լուսինե Տեր-Կարապետյանին վերադարձնել Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի թիվ 6-րդ տունը:

Սույն գործով վճռաբեկ բողոք բերած անձը որպես նոր հանգամանք վկայակոչել է թիվ ԵԱԴԴ/0330/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.02.2018 թվականին կայացված որոշումը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի 25.10.2013 թվականի որոշման հիմքում դրված է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.02.2012 թվականի թիվ ԵԱԴԴ/0330/02/11 քաղաքացիական գործով կայացրած վճիռը, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.02.2018 թվականի որոշմամբ բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության: Այսինքն՝ բեկանվել է այն դատական ակտը, որը դրված է Վերաքննիչ դատարանի 25.10.2013 թվականի որոշման հիմքում: Դեռ ավելին, թիվ ԵԱԴԴ/0330/02/11 քաղաքացիական գործով նոր քննության արդյունքում առկա է թիվ ԵԱԴԴ/0330/02/11 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 30.05.2019 թվականի վճիռը (օրինական ուժի մեջ մտած դատական ակտ):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2013 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայման արդյունքում Վերաքննիչ դատարանի 25102013 թվականի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու՝ բողոք բերած անձի պահանջը ենթակա է բավարարման, քանի որ Վերաքննիչ դատարանի վերը նշված որոշման հիմքում դրվել է այն նույն փաստական հիմքը, ինչ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱԴԴ/0330/02/11 քաղաքացիական գործով 28.02.2012 թվականի վճռում, այն է՝ «Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱԴԴ/0330/02/11 քաղաքացիական գործով ըստ հայցի Գագիկ Բաղդասարյանի ընդդեմ Սիրվարդ Գալստյանի, երրորդ անձինք` Լուսինե Տեր-Կարապետյան, ՀՀ ԱՆ «Աջափնյակ» նոտարական տարածքի նոտար Գոռ Դիլոյան` շինծու գործարքն անվավեր ճանաչելու պահանջի մասին, 28.02.2012 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հայցը բավարարվել է. որպես շինծու գործարք անվավեր է ճանաչվել 08.12.2008 թվականին Լուսինե Հենրիկի Տեր-Կարապետյանի, որի անունից հանդես է եկել հայցվոր Գագիկ Բաղդասարյանը, և Սիրվարդ Գալստյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա նկատմամբ կիրառվել են փոխառության և հիփոթեքի պայմանագրերին վերաբերող կանոնները»։

Հետևաբար, հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թե´ Դատարանի 23.07.2013 թվականի վճռի և թե´ Վերաքննիչ դատարանի 25.10.2013 թվականի որոշման հիմքում դրված՝ թիվ ԵԱԴԴ/0330/02/11 քաղաքացիական գործով Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.02.2012 թվականի վճիռն այլևս օրինական ուժի մեջ չէ, ինչը հիմք է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2013 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար։

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թիվ ԵԱԴԴ/0330/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.02.2018 թվականի կայացված որոշումը նոր հանգամանք է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2013 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշման վերանայման հիմք:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար`ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2013 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու և Վերաքննիչ դատարանի 25.10.2013 թվականի որոշումը բեկանելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ և 427-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2013 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը։

2. Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.10.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Մ. Դրմեյան

  Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
 

Ա. Բարսեղյան 

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

 

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան
  Ն. Տավարացյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից թիվ ԵԱԴԴ/1235/02/12 քաղաքացիական գործով 25.09.2020 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

25.09.2020 թվական

 

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2020 թվականի սեպտեմբերի 25-ին գրավոր ընթացակարգով քննելով Լուսինե Տեր-Կարապետյանի ներկայացուցիչ Նարեկ Գասպարյանի վճռաբեկ բողոքը՝ ըստ հայցի Սիրվարդ Գալստյանի ընդդեմ Լուսինե Տեր-Կարապետյանի, երրորդ անձ Գագիկ Բաղդասարյանի` գումար բռնագանձելու և բռնագանձումը գրվադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին, ու ըստ հայցի Գագիկ Բաղդասարյանի ընդդեմ Սիրվարդ Գալստյանի` շինծու գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2013 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշման նոր հանգամանքի հիմքով վերանայմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.10.2013 թվականի որոշման դեմ, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2013 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.10.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Սիրվարդ Գալստյանը պահանջել է Լուսինե Տեր-Կարապետյանից հօգուտ իրեն բռնագանձել 8.340.000 ՀՀ դրամ և բռնագանձումը տարածել գրավի առարկա հանդիսացող՝ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի թիվ 6 հասցեում գտնվող տան վրա:

Դիմելով դատարան` Գագիկ Բաղդասարյանը պահանջել է կիրառել շինծու գործարքի անվավերության հետևանքներ:

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.01.2013 թվականի որոշմամբ թիվ ԵԱԴԴ/0774/02/12 և ԵԱԴԴ/1235/02/12 քաղաքացիական գործերը` ըստ հայցի Սիրվարդ Գալստյանի ընդդեմ Լուսինե Տեր-Կարապետյանի, երրորդ անձ` Գագիկ Բաղդասարյանի` գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին, և ըստ հայցի Գագիկ Բաղդասարյանի ընդդեմ Սիրվարդ Գալստյանի` շինծու գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, միացվել են մեկ վարույթում՝ թիվ ԵԱԴԴ/1235/02/12 համարի ներքո:

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Սմբատյան) (այսուհետ` Դատարան) 23.07.2013 թվականի վճռով գործի վարույթն ըստ հայցի Գագիկ Բաղդասարյանի ընդդեմ Սիրվարդ Գալստյանի` շինծու գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, կարճվել է, իսկ Սիրվարդ Գալստյանի հայցն ընդդեմ Լուսինե Տեր-Կարապետյանի, երրորդ անձ` Գագիկ Բաղդասարյանի` գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին, բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Ա. Մկրտչյան, դատավորներ՝ Ի. Վարդանյան, Ն. Բարսեղյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.10.2013 թվականի որոշմամբ Լուսինե Տեր-Կարապետյանի և երրորդ անձ Գագիկ Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ որոշվել է. «բեկանել Դատարանի 23.07.2013 թվականի վճռի եզրափակիչ մասի` Սիրվարդ Գալստյանի հայցն ընդդեմ Լուսինե Տեր-Կարապետյանի, երրորդ անձ Գագիկ Բաղդասարյանի` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջի մասին բավարարելու, Լուսինե Տեր-Կարապետյանից հօգուտ Սիրվարդ Գալստյանի 20.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ բռնագանձելու և բռնագանձումը գրավադրված գույքի` Լուսինե Տեր-Կարապետյանի կողմից 2008 թվականին Սիրվարդ Գալստյանին վաճառված Երևանի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի թիվ 6-րդ տան վրա տարածելու, 28.02.2012 թվականից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները բռնագանձելու, դատական ծախսերը բաշխելու մասերով, և այդ մասերով փոփոխել` Սիրվարդ Գալստյանի հայցը բավարարել մասնակիորեն` Լուսինե Տեր-Կարապետյանից հօգուտ Սիրվարդ Գալստյանի բռնագանձել 19.300 ԱՄՆ դոլարին բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև 28.02.2012 թվականից 19.300 ԱՄՆ դոլարի նկատմամբ հաշվեգրվող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները` բռնագանձումը տարածելով գրավադրված գույքի` Երևանի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի թիվ 6-րդ տան վրա: (...) Դատարանի 23.07.2013 թվականի վճիռը մնացած մասով թողնել անփոփոխ՝ օրինական ուժի մեջ»:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2013 թվականի որոշմամբ Լուսինե Տեր-Կարապետյանի և Գագիկ Բաղդասարյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լուսինե Տեր-Կարապետյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»:

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն գործով առկա է նոր հանգամանք։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի 25.10.2013 թվականի որոշման իրավական հիմքը հանդիսացել է թիվ ԵԱԴԴ/0330/02/11 քաղաքացիական գործի շրջանակներում 28.02.2012 թվականին կայացված վճիռը: Միայն տվյալ վճիռն է հիմք հանդիսացել շինծու գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու համար՝ հիփոթեքի և գրավի կանոններ կիրառելով կնքված առուվաճառքի պայմանագրի նկատմամբ, ինչն էլ իր հերթին հիմք է ծառայել հիփոթեքի գումարի բռնագանձման համար: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.02.2018 թվականի որոշմամբ բեկանվել է թիվ ԵԱԴԴ/0330/02/11 քաղաքացիական գործի շրջանակներում 28.02.2012 թվականին կայացված վճիռը և գործն ուղարկվել է նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության: Հետևաբար առկա է թիվ ԵԱԴԴ/1235/02/12 քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի 25.10.2013 թվականի որոշման բեկանման իրավական նախադրյալը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2013 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայման արդյունքում բեկանել Վերաքննիչ դատարանի 25.10.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել ընդհանուր իրավասության դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.

«1) Թիվ ԵԱԴԴ/0330/02/11 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի Գագիկ Բաղդասարյանի ընդդեմ Սիրվարդ Գալստյանի, երրորդ անձինք Լուսինե Տեր-Կարապետյանի, ՀՀ ԱՆ «Աջափնյակ» նոտարական տարածքի նոտար Գոռ Դիլոյանի` շինծու գործարքն անվավեր ճանաչելու պահանջի մասին, Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.02.2012 թվականի վճռով (օրինական ուժի մեջ մտած դատական ակտ) հայցը բավարարվել է՝ որպես շինծու գործարք անվավեր է ճանաչվել 08.12.2008 թվականին Լուսինե Հենրիկի Տեր-Կարապետյանի, որի անունից հանդես է եկել հայցվոր Գագիկ Բաղդասարյանը, և Սիրվարդ Գալստյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, և դրա նկատմամբ կիրառվել են փոխառության և հիփոթեքի պայմանագրերին վերաբերող կանոնները (հատոր 1-ին, գ.թ. 8-10):

2) Դատարանի 23.07.2013 թվականի վճռով գործի վարույթն ըստ հայցի Գագիկ Բաղդասարյանի ընդդեմ Սիրվարդ Գալստյանի` շինծու գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, կարճվել է, իսկ Սիրվարդ Գալստյանի հայցն ընդդեմ Լուսինե Տեր-Կարապետյանի, երրորդ անձ Գագիկ Բաղդասարյանի` գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին, բավարարվել է՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱԴԴ/0330/02/11 քաղաքացիական գործով 28.02.2012 թվականին օրինական ուժի մեջ մտած վճիռը (հատոր 1-ին, գ.թ. 181-185):

3) Վերաքննիչ դատարանի 25.10.2013 թվականի որոշմամբ Լուսինե Տեր-Կարապետյանի և երրորդ անձ Գագիկ Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 23.07.2013 թվականի վճիռը մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է` Սիրվարդ Գալստյանի հայցն ընդդեմ Լուսինե Տեր-Կարապետյանի, երրորդ անձ Գագիկ Բաղդասարյանի` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին, բավարարվել է մասնակիորեն` Լուսինե Տեր-Կարապետյանից հօգուտ Սիրվարդ Գալստյանի բռնագանձվել է 19.300 ԱՄՆ դոլարին բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև 28.02.2012 թվականից 19.300 ԱՄՆ դոլարի նկատմամբ հաշվեգրվող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները` բռնագանձումը տարածելով գրավադրված գույքի` Երևանի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի թիվ 6-րդ տան վրա: Դատարանի 23.07.2013 թվականի վճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ: Վերաքննիչ դատարանը որպես վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստ արձանագրել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱԴԴ/0330/02/11 քաղաքացիական գործով 28.02.2012 թվականին օրինական ուժի մեջ մտած վճիռը (հատոր 2-րդ, գ.թ. 39-42):

4) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2013 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 25.10.2013 թվականի որոշման դեմ Լուսինե Տեր-Կարապետյանի և Գագիկ Բաղդասարյանի կողմից բերված վճռաբեկ բողոքը վերադարձվել է (հատոր 2-րդ, գ.թ. 70-73):

5) Թիվ ԵԱԴԴ/0330/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.02.2018 թվականի որոշմամբ Լուսինե Տեր-Կարապետյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.02.2012 թվականին կայացրած վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

6) Թիվ ԵԱԴԴ/0330/02/11 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 30.05.2019 թվականի վճռով (օրինական ուժի մեջ մտած դատական ակտ) Գագիկ Բաղդասարյանի հայցն ընդդեմ Սիրվարդ Գալստյանի, երրորդ անձինք Լուսինե Տեր-Կարապետյանի, ՀՀ ԱՆ «Աջափնյակ» նոտարական տարածքի նոտար Գոռ Դիլոյանի` շինծու գործարքն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժվել է, իսկ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Լուսինե Տեր-Կարապետյանի հայցը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 313-րդ հոդվածով նախատեսված, այն է` մեկ կողմի ներկայացուցչի մյուս կողմի հետ չարամիտ համաձայնությամբ կնքված լինելու հիմքով, անվավեր ճանաչել 08.12.2008 թվականին Գագիկ Բաղդասարյանի և Սիրվարդ Գալստյանի միջև կնքված և առուվաճառքի պայմանագրի ձևակերպում ստացած գործարքը և կիրառել նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված անվավերության հետևանքներ) բավարարվել է՝ անվավեր է ճանաչվել 08.12.2008 թվականին Գագիկ Բաղդասարյանի և Սիրվարդ Գալստյանի միջև կնքված և առուվաճառքի պայմանագրի ձևակերպում ստացած գործարքը և կիրառվել է անվավերության հետևանքներ, այն է` վճռվել է Լուսինե Տեր-Կարապետյանին վերադարձնել Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի թիվ 6-րդ տունը (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից)»:

 

4. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգում նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բեկանվել է այն դատական ակտը, դատավճիռը, կամ ընդունման պահից անվավեր է ճանաչվել այն վարչական ակտը, որը հիմք է ծառայել տվյալ դատական ակտի կայացման համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք և նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել երեք ամսվա ընթացքում, որի հաշվարկը սկսվում է՝ նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքում՝ այն դատական կամ վարչական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից, որով վերացվել է համապատասխան դատական ակտը, դատավճիռը կամ վարչական ակտը:

ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն՝ խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:

Ելնելով վերը նշված իրավանորմերի համալիր վերլուծությունից և վերոգրյալ իրավական դիրքորոշումներից՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում այն դատական ակտի, դատավճռի բեկանումը կամ վարչական ակտի անվավեր ճանաչումը, որը հիմք է հանդիսացել տվյալ դատական ակտը կայացնելու համար: Հետևաբար դատական ակտի կայացման համար կանխորոշիչ նշանակություն ունեցող դատական ակտի, դատավճռի բեկանման կամ վարչական ակտի անվավեր ճանաչման պայմաններում, տվյալ դատական ակտը ենթակա է նոր հանգամանքի հիմքով վերանայման, որն անխուսափելիորեն պետք է հանգեցնի վերջինիս բեկանմանը՝ բացառելով դրա օրինական ուժի մեջ թողնելու հնարավորությունը:

Սույն գործի փաստական հանգամանքների համաձայն՝ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱԴԴ/0330/02/11 քաղաքացիական գործով ըստ հայցի Գագիկ Բաղդասարյանի ընդդեմ Սիրվարդ Գալստյանի, երրորդ անձինք Լուսինե Տեր-Կարապետյանի, ՀՀ ԱՆ «Աջափնյակ» նոտարական տարածքի նոտար Գոռ Դիլոյանի` շինծու գործարքն անվավեր ճանաչելու պահանջի մասին, 28.02.2012 թվականին օրինական ուժի մեջ մտած վճռով հայցը բավարարվել է՝ որպես շինծու գործարք անվավեր է ճանաչվել 08.12.2008 թվականին Լուսինե Հենրիկի Տեր-Կարապետյանի, որի անունից հանդես է եկել հայցվոր Գագիկ Բաղդասարյանը, և Սիրվարդ Գալստյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, և դրա նկատմամբ կիրառվել են փոխառության և հիփոթեքի պայմանագրերին վերաբերող կանոնները:

Սույն գործով Դատարանի 23.07.2013 թվականի վճռով գործի վարույթն ըստ հայցի Գագիկ Բաղդասարյանի ընդդեմ Սիրվարդ Գալստյանի` շինծու գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, կարճվել է, իսկ Սիրվարդ Գալստյանի հայցն ընդդեմ Լուսինե Տեր-Կարապետյանի, երրորդ անձ Գագիկ Բաղդասարյանի` գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին, բավարարվել է՝ հիմք ընդունելով թիվ ԵԱԴԴ/0330/02/11 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.02.2012 թվականին օրինական ուժի մեջ մտած վճիռը:

Վերաքննիչ դատարանի 25.10.2013 թվականի որոշմամբ Լուսինե Տեր-Կարապետյանի և երրորդ անձ Գագիկ Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 23.07.2013 վճիռը մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է` Սիրվարդ Գալստյանի հայցն ընդդեմ Լուսինե Տեր-Կարապետյանի, երրորդ անձ Գագիկ Բաղդասարյանի` գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին, բավարարվել է մասնակիորեն` Լուսինե Տեր-Կարապետյանից հօգուտ Սիրվարդ Գալստյանի բռնագանձվել է 19.300 ԱՄՆ դոլարին բռնագանձման պահին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև 28.02.2012 թվականից 19.300 ԱՄՆ դոլարի նկատմամբ հաշվեգրվող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները` բռնագանձումը տարածելով գրավադրված գույքի` Երևանի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի թիվ 6-րդ տան վրա: Դատարանի 23.07.2013 թվականի վճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ: Վերաքննիչ դատարանը սույն որոշմամբ որպես վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստ արձանագրել է թիվ ԵԱԴԴ/0330/02/11 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.02.2012 թվականին օրինական ուժի մեջ մտած վճիռը, որը հիմք է ծառայել Վերաքննիչ դատարանի տվյալ որոշման կայացման համար:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2013 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 25.10.2013 թվականի որոշման դեմ Լուսինե Տեր-Կարապետյանի և Գագիկ Բաղդասարյանի կողմից բերված վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Թիվ ԵԱԴԴ/0330/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.02.2018 թվականի որոշմամբ Լուսինե Տեր-Կարապետյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.02.2012 թվականին կայացրած վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։ Թիվ ԵԱԴԴ/0330/02/11 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 30.05.2019 թվականին օրինական ուժի մեջ մտած վճռով Գագիկ Բաղդասարյանի հայցն ընդդեմ Սիրվարդ Գալստյանի, երրորդ անձինք Լուսինե Տեր-Կարապետյանի, ՀՀ ԱՆ «Աջափնյակ» նոտարական տարածքի նոտար Գոռ Դիլոյանի` շինծու գործարքն անվավեր ճանաչելու պահանջի մասին, մերժվել է, իսկ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ Լուսինե Տեր-Կարապետյանի հայցը բավարարվել է՝ անվավեր է ճանաչվել 08.12.2008 թվականին Գագիկ Բաղդասարյանի և Սիրվարդ Գալստյանի միջև կնքված և առուվաճառքի պայմանագրի ձևակերպում ստացած գործարքը և կիրառվել անվավերության հետևանքներ, այն է` վճռվել է Լուսինե Տեր-Կարապետյանին վերադարձնել Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցի թիվ 6-րդ տունը:

Սույն գործով վճռաբեկ բողոք բերած անձը որպես նոր հանգամանք վկայակոչել է թիվ ԵԱԴԴ/0330/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.02.2018 թվականին կայացված որոշումը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի 25.10.2013 թվականի որոշման հիմքում դրված է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.02.2012 թվականի թիվ ԵԱԴԴ/0330/02/11 քաղաքացիական գործով կայացրած վճիռը, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.02.2018 թվականի որոշմամբ բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության: Այսինքն՝ բեկանվել է այն դատական ակտը, որը դրված է Վերաքննիչ դատարանի 25.10.2013 թվականի որոշման հիմքում: Դեռ ավելին, թիվ ԵԱԴԴ/0330/02/11 քաղաքացիական գործով նոր քննության արդյունքում առկա է թիվ ԵԱԴԴ/0330/02/11 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 30.05.2019 թվականի վճիռը (օրինական ուժի մեջ մտած դատական ակտ):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2013 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայման արդյունքում Վերաքննիչ դատարանի 25102013 թվականի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու՝ բողոք բերած անձի պահանջը ենթակա է բավարարման, քանի որ Վերաքննիչ դատարանի վերը նշված որոշման հիմքում դրվել է այն նույն փաստական հիմքը, ինչ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱԴԴ/0330/02/11 քաղաքացիական գործով 28.02.2012 թվականի վճռում, այն է՝ «Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱԴԴ/0330/02/11 քաղաքացիական գործով ըստ հայցի Գագիկ Բաղդասարյանի ընդդեմ Սիրվարդ Գալստյանի, երրորդ անձինք` Լուսինե Տեր-Կարապետյան, ՀՀ ԱՆ «Աջափնյակ» նոտարական տարածքի նոտար Գոռ Դիլոյան` շինծու գործարքն անվավեր ճանաչելու պահանջի մասին, 28.02.2012 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հայցը բավարարվել է. որպես շինծու գործարք անվավեր է ճանաչվել 08.12.2008 թվականին Լուսինե Հենրիկի Տեր-Կարապետյանի, որի անունից հանդես է եկել հայցվոր Գագիկ Բաղդասարյանը, և Սիրվարդ Գալստյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա նկատմամբ կիրառվել են փոխառության և հիփոթեքի պայմանագրերին վերաբերող կանոնները»:

Հետևաբար, հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թե´ Դատարանի 23.07.2013 թվականի վճռի և թե´ Վերաքննիչ դատարանի 25.10.2013 թվականի որոշման հիմքում դրված՝ թիվ ԵԱԴԴ/0330/02/11 քաղաքացիական գործով Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.02.2012 թվականի վճիռն այլևս օրինական ուժի մեջ չէ, ինչը հիմք է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2013 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թիվ ԵԱԴԴ/0330/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.02.2018 թվականի կայացված որոշումը նոր հանգամանք է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2013 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշման վերանայման հիմք»:

Վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը դիտելով բավարար՝ Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի ուժով վճռաբեկ բողոքը բավարարել է, նոր հանգամանքի հիմքով վերանայել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2013 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, ու բեկանել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.10.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

 

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:

 

Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, Վճռաբեկ դատարանը սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բեկանվել է այն դատական ակտը, դատավճիռը, կամ ընդունման պահից անվավեր է ճանաչվել այն վարչական ակտը, որը հիմք է ծառայել տվյալ դատական ակտի կայացման համար:

Ամբողջությամբ համաձայնվելով սույն գործով Վճռաբեկ դատարանի արտահայտած այն դիրքորոշման հետ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով դատական ակտը վերանայելու համար անհրաժեշտ պայման է այն դատական ակտի, դատավճռի բեկանումը կամ վարչական ակտի անվավեր ճանաչումը, որը հիմք է հանդիսացել տվյալ դատական ակտը կայացնելու համար, հաշվի առնելով վճռաբեկ բողոքում և սույն գործով Վճռաբեկ դատարանի կողմից նշված պահանջը, որով բողոք բերած անձը պահանջել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2013 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու արդյունքում բեկանել Վերաքննիչ դատարանի 25.10.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել ընդհանուր իրավասության դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության, անհրաժեշտ եմ համարում պարզել՝ արդյո՞ք սույն գործով առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում նշված՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2013 թվականի որոշումը վերանայելու համար նոր հանգամանքի հիմքը։

Այսպես՝

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքի քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում, որը պետք է բավարարի նույն օրենսգրքի համապատասխանաբար 381-րդ և 406-րդ հոդվածների պահանջները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը որպես ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2013 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար շարժառիթ նշել է այն, որ «թե´ Դատարանի 23.07.2013 թվականի վճռի և թե´ Վերաքննիչ դատարանի 25.10.2013 թվականի որոշման հիմքում դրված՝ թիվ ԵԱԴԴ/0330/02/11 քաղաքացիական գործով Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 28.02.2012 թվականի վճիռն այլևս օրինական ուժի մեջ չէ»:

Նախ կարծում եմ, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2013 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում նշված հիմքով վերանայելու համար անհրաժեշտ էր, որպեսզի Վճռաբեկ դատարանը հիմնավորեր, որ բեկանված վերը նշված դատական ակտը հիմք է ծառայել հենց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 18.12.2013 թվականին «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը կայացնելու համար, քանի որ վերանայել է հենց այդ որոշումը, իսկ Վերաքննիչ դատարանի 25.10.2013 թվականի որոշումը բեկանել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.12.2013 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու արդյունքում։

 Դրա հիման վրա գտնում եմ, որ Վճռաբեկ դատարանի նշած այդ շարժառիթը չէր կարող հիմք հանդիսանալ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 18.12.2013 թվականին «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում նշված հիմքով վերանայելու համար։

Չնայած նման պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով Վերաքննիչ դատարանի 25.10.2013 թվականի որոշումն այլևս չէր կարող բեկանվել, այդուհանդերձ, հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանական մասը, ցանկանում եմ կարծիք հայտնել Վճռաբեկ դատարանի նաև այն եզրահանգման վերաբերյալ, որ թիվ ԵԱԴԴ/0330/02/11 քաղաքացիական գործով Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 28.02.2012 թվականին կայացված վճիռը դրվել է սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից 25.10.2013 թվականին կայացված որոշման հիմքում։

Մինչ կարծիք հայտնելը գտնում եմ, որ անհրաժեշտ է պարզել հետևյալ հարցը՝ արդյո՞ք Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտը կայացնելիս իր որոշման հիմքում դրել է թիվ ԵԱԴԴ/0330/02/11 քաղաքացիական գործով Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 28.02.2012 թվականին կայացված վճիռը։

Այսպես՝

Սույն գործով Դատարանը 23.07.2013 թվականին վճիռ կայացնելով նաև Սիրվարդ Գալստյանի հայցն ընդդեմ Լուսինե Տեր-Կարապետյանի և երրորդ անձ Գագիկ Բաղդասարյանի` գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին, բավարարելու վերաբերյալ, իր վճռի հիմքում ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 52-րդ հոդվածի կիրառմամբ դրել է նաև թիվ ԵԱԴԴ/0330/02/11 քաղաքացիական գործով Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 28.02.2012 թվականին կայացված վճիռը։

Ի տարբերություն Դատարանի՝ Վերաքննիչ դատարանը, 25.10.2013 թվականին որոշում կայացնելով Լուսինե Տեր-Կարապետյանի և երրորդ անձ Գագիկ Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելու՝ Դատարանի 23.07.2013 թվականի վճիռը մասնակիորեն բեկանելու և փոփոխելու մասին, որոշման պատճառաբանություններում որևէ անդրադարձ չի կատարել թիվ ԵԱԴԴ/0330/02/11 քաղաքացիական գործով Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 28.02.2012 թվականին կայացված վճռին, այսինքն՝ այդ դատական ակտը չի դրել նման որոշում կայացնելու հիմքում, և որոշումը կայացրել է բացառապես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880-րդ հոդվածի 1-ին մասում և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածում նշված նորմերի վկայակոչմամբ։

Նման պայմաններում հայտնում եմ նաև իմ անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի այն եզրահանգման վերաբերյալ, որ թիվ ԵԱԴԴ/0330/02/11 քաղաքացիական գործով Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 28.02.2012 թվականին կայացված վճիռը դրվել է սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից 25.10.2013 թվականին կայացված որոշման հիմքում։

Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի այն պատճառաբանությանը, որ սույն գործով Վերաքննիչ դատարանն իր 25.10.2013 թվականի որոշման հիմքում դրել է այն փաստական հիմքը, որ «Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱԴԴ/0330/02/11 քաղաքացիական գործով ըստ հայցի Գագիկ Բաղդասարյանի ընդդեմ Սիրվարդ Գալստյանի, երրորդ անձինք` Լուսինե Տեր-Կարապետյան, ՀՀ ԱՆ «Աջափնյակ» նոտարական տարածքի նոտար Գոռ Դիլոյան` շինծու գործարքն անվավեր ճանաչելու պահանջի մասին, 28.02.2012 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հայցը բավարարվել է. որպես շինծու գործարք անվավեր է ճանաչվել 08.12.2008 թվականին Լուսինե Հենրիկի Տեր-Կարապետյանի, որի անունից հանդես է եկել հայցվոր Գագիկ Բաղդասարյանը, և Սիրվարդ Գալստյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա նկատմամբ կիրառվել են փոխառության և հիփոթեքի պայմանագրերին վերաբերող կանոնները», ապա դա ընդամենը ներառվել է «Վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը» վերնագիրը կրող բաժնում, սակայն հետագայում, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, այդ դատական ակտին որևէ անդրադարձ չի կատարվել և այն չի դրվել նման որոշում կայացնելու հիմքում։

 

Վերը նշվածի հիման վրա գտնում եմ, որ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման սույն հատուկ կարծիքում հայտնված պատճառաբանություններով:

 

Դատավոր`

Գ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 դեկտեմբերի 2020 թվական: