Գլխավոր տեղեկություն
Համար
N 1334-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (26.03.2020-17.06.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.12.05/90(1448) Հոդ.1237
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.11.2018
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
29.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 նոյեմբերի 2018 թվականի N 1334-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԹԱՐԳՄԱՆՉԻ, ՍՈՒՐԴՈԹԱՐԳՄԱՆՉԻ ԵՎ ՏԵՍՈՂԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՆՐԱ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 12-րդ հոդվածի 9-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 7-րդ մասի, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 7-րդ մասի և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը` համաձայն հավելվածի:

2. (կետն ուժը կորցրել է 19.03.20 N 328-Ն)

3. (կետն ուժը կորցրել է 19.03.20 N 328-Ն)

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 20-ի «Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից թարգմանիչներ նշանակելու, նրանց վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» N 265-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչել 2019 թվականի մարտի 1-ից:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Միրզոյան


2018 թ. նոյեմբերի 29
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

նոյեմբերի 22-ի N 1334-Ն որոշման

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԹԱՐԳՄԱՆՉԻ, ՍՈՒՐԴՈԹԱՐԳՄԱՆՉԻ ԵՎ ՏԵՍՈՂԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՆՐԱ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

1. Թարգմանիչ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Թարգմանչի որակավորման կարգը սահմանելու մասին» N 1509-Ն որոշմանը համապատասխան որակավորված համարվող անձը:

(1-ին կետը խմբ. 19.03.20 N 328-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 19.03.20 N 328-Ն)

3. (կետն ուժը կորցրել է 19.03.20 N 328-Ն)

4. (կետն ուժը կորցրել է 19.03.20 N 328-Ն)

5. Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին թարգմանիչը, սուրդոթարգմանիչն ու տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձն ընտրվում են մրցութային կարգով:

(5-րդ կետը խմբ. 19.03.20 N 328-Ն)

6. Մրցույթը հայտարարվում է իրավասու մարմնի աշխատակազմի (դատարանների դեպքում՝ դատական դեպարտամենտի) կողմից` տվյալ մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում և http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն տարածելու միջոցով: Հայտարարության մեջ նշվում են պահանջվող ծառայությունը, ծառայություն մատուցող անձին ներկայացվող մասնագիտական պահանջները, թարգմանիչ ներգրավվելու դեպքում` համապատասխան լեզուն, ծառայությունների մատուցման գինը, պայմանագրի բովանդակության համառոտ շարադրանքը, հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը, որը չի կարող պակաս լինել 10 աշխատանքային օրվանից:

(6-րդ կետը խմբ. 19.03.20 N 328-Ն)

6.1. Մրցույթին մասնակցելու համար ներկայացված հայտին կից ներկայացվում են փաստաթղթեր, որոնք հավաստում են հայտ ներկայացնող անձի` սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխանելը:

(6.1-ին կետը լրաց. 19.03.20 N 328-Ն)

6.2. Իրավասու մարմնի աշխատակազմի ղեկավարի համապատասխան իրավական ակտով ձևավորվում է մրցութային հանձնաժողով, որը, հայտեր ներկայացնելու վերջնաժամկետի ավարտման օրվանից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում գնահատում է ներկայացված հայտերը:

(6.2-րդ կետը լրաց. 19.03.20 N 328-Ն)

6.3. Մրցույթում հաղթող է ճանաչվում սույն կարգին համապատասխան թարգմանչական աշխատանքի համար նախատեսված գումարի սահմաններում նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը, իսկ եթե անհնար է գնային առաջարկով որոշել հաղթողին, ապա հաղթող է ճանաչվում առավել երկար մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թարգմանիչը, իսկ կազմակերպության դեպքում՝ առավել երկար աշխատանքային գործունեություն իրականացրած և իր կազմում առավել երկար մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող թարգմանիչներ ընդգրկող կազմակերպությունը:

(6.3-րդ կետը լրաց. 19.03.20 N 328-Ն)

6.4. Հաղթող ճանաչված անձի հետ 3 աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է ծառայությունների մատուցման պայմանագիր:

(6.4-րդ կետը լրաց. 19.03.20 N 328-Ն)

6.5. Եթե սահմանված ժամկետում հայտեր չեն ներկայացվում կամ ներկայացված հայտերը չեն բավարարում ներկայացվող պահանջներին, ապա մրցույթը համարվում է չկայացած և հայտարարվում է նոր մրցույթ` նույն ընթացակարգով:

(6.5-րդ կետը լրաց. 19.03.20 N 328-Ն)

6.6. Եթե վարույթում ծագել է թարգմանչի, սուրդոթարգմանչի ու տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի ներգրավման պահանջ և, վարույթի իրականացման առանձնահատկություններով պայմանավորված, մրցույթ հայտարարելը ժամկետի առումով անհնար է, ապա իրավասու մարմնի աշխատակազմն առանց մրցույթ հայտարարելու կարող է թարգմանչի, սուրդոթարգմանչի ու տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի հետ կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր:

(6.6-րդ կետը լրաց. 19.03.20 N 328-Ն)

7. Վճարումը կատարում է Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս իրավասու մարմնի աշխատակազմի (դատարանների դեպքում՝ դատական դեպարտամենտի): Վճարում կատարելու նպատակով իրավասու մարմնի կողմից տրվում է զեկուցագիր: Իրավասու մարմնի աշխատակազմի հաստատած զեկուցագրում նշվում են ծառայություններ մատուցած անձի անունը, ազգանունը, ծառայությունների մատուցման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը (ամսաթվերը, եթե ծառայությունները մատուցվել են մի քանի օրում), ծառայությունների մատուցման ժամերի թիվը (եթե ծառայությունները մատուցվել են մի քանի օրում, ապա ժամերի թիվը նշվում է ըստ օրերի), թարգմանած էջերի թիվը, իրավասու մարմնի անվանումն ու այն վարույթի անվանումը, որում անձը ներգրավվել է ծառայությունների մատուցման նպատակով։

(7-րդ կետը խմբ. 19.03.20 N 328-Ն)

8. Թարգմանչին թարգմանչական աշխատանքի համար վճարվելիք գումարի չափը որոշվում է՝ մեկ էջ թարգմանության դիմաց 1000-2000 դրամի, մեկ ժամ թարգմանության դիմաց 2000-3000 դրամի հաշվարկով, իսկ տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին` մեկ ժամ մատուցած ծառայությունների դիմաց 1000-2000 դրամի հաշվարկով։ Վճարվելիք գումարի կոնկրետ չափը որոշվում է վարույթն իրականացնող մարմնի, թարգմանչի, տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձի և վարույթի մասնակիցների փոխադարձ համաձայնությամբ: Ընդ որում, եթե թարգմանության կամ այլ ծառայության համար ծախսված ժամաքանակի մեջ առկա է մի հատված, որը գերազանցում է 30 րոպեն, բայց պակասում է մեկ ժամից, ապա ժամաքանակի այդ հատվածը հավասարեցվում է մեկ ժամի, իսկ եթե ժամաքանակի մասը չի գերազանցում 30 րոպեն, ապա այդ հատվածը հավասարեցվում է կես ժամի, եթե թարգմանության մեջ առկա է մի հատված, որը գերազանցում է կես էջը, բայց պակասում է մեկ էջից, ապա այն հավասարեցվում է մեկ էջի, իսկ եթե թարգմանության մի հատվածը պակաս է կես էջից, ապա այդ հատվածը հավասարեցվում է կես էջի։

9. Եթե ծառայությունների մատուցման համար ներգրավված անձինք մեկից ավելի են, ապա նրանց հատուցման ենթակա ծախսերը, սույն կարգի համաձայն, որոշվում են յուրաքանչյուրի համար առանձին։

10. Սույն կարգի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգի, վարձատրության չափը և կարգը սահմանելու վրա:

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 19.03.20 N 328-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Միրզոյան