Գլխավոր տեղեկություն
Համար
N 28-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.01.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 21.01.2020
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.01.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.01.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունվարի 2020 թվականի N 28-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

     

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (Պ-396-29.11.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հունվարի 17

Երևան

   

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-396-29.11.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությՈՒՆՆԵՐԸ

      

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:

 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը սահմանում է փորձաշրջան՝ մեկից հինգ տարի ժամկետով, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես լրացուցիչ պատիժ կարող է նշանակվել մեկից երեք տարի ժամկետով:

Նախագծով առաջարկվող կարգավորումների պայմաններում, երբ դատարանը պատիժը պայմանականորեն չկիրառելիս սահմանի փորձաշրջան, օրինակ՝ չորս տարի ժամկետով, վերջինս լրացուցիչ պատիժ նշանակելիս հարկադրված կլինի չորս տարի ժամկետով անձին զրկել որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

Ստացվում է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելիս անձի նկատմամբ հնարավոր կլինի նշանակել ավելի երկար ժամկետով լրացուցիչ պատիժ, քան այն դեպքում, երբ անձի նկատմամբ սահմանվում է պատիժ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն:

Բացի դրանից, նախագծի կարգավորումների պայմաններում դատարանները կզրկվեն հնարավորությունից պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում անձի նկատմամբ նշանակել փորձաշրջանի ժամկետից կարճ ժամկետով լրացուցիչ պատիժ, նմանատիպ մոտեցումն ևս ընդունելի չէ:

Միաժամանակ հարկ է նշել, որ նախագծի հիմնավորումից կարելի է ենթադրություն անել առ այն, որ նախագծի հեղինակը ցանկացել է սահմանել, որ պատիժը պայմանականորեն չկիրառելիս անձի նկատմամբ նշանակվող լրացուցիչ պատիժը չի կարող գերազանցել փորձաշրջանի ժամկետը:

Հետևաբար, առաջարկում ենք նախագծում օգտագործել այնպիսի ձևակերպում, որի պայմաններում չեն առաջանա վերոնշյալ խնդրահարույց իրավիճակները:

Միաժամանակ, հաշվի առնելով, որ նախագծով առաջարկվող կարգավորումներն վերաբերում են պատիժը պայմանականորեն չկիրառելու ինստիտուտին, գտնում ենք, որ առավել նպատակահարմար է լրացում կատարել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածում:

2. Նախագծի 2-րդ հոդվածում «հրապարակման օրվան հաջորդող օրվանից» բառերն անհրաժեշտ է փոխարինել «հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները: