Գլխավոր տեղեկություն
Համար
N 808-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (25.07.2019-29.10.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.06.26/41(1494).1 Հոդ.535.7
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.06.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հունիսի 2019 թվականի N 808-Ն

 

 ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԵՎ ՌՈՏԱՑԻԱՅԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 300-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝

1. Ստեղծել hակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ):

2. Հաստատել՝

1) խորհրդի կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) խորհրդի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) խորհրդի կազմում ներգրավվող հասարակական կազմակերպությունների մրցույթի և ռոտացիայի կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել 2015 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով անցկացվող մրցույթի և ռոտացիայի կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի N 300-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. հունիսի 24
Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2019 թ.

հունիսի 24-ի N 808-Ն

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)

ՀՀ փոխվարչապետ (ոլորտը համակարգող)

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար

ՀՀ արդարադատության նախարար

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (ոլորտը համակարգող)

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

Վճռաբեկ դատարանի նախագահ (համաձայնությամբ)

ՀՀ գլխավոր դատախազ (համաձայնությամբ)

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններից մեկական ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հինգ ներկայացուցիչ (համաձայնությամբ):

(հավելվածը լրաց. 18.07.19 N 971-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2019 թ.

հունիսի 24-ի N 808-Ն

որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ


 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) գործունեության հետ կապված հարաբերությունները:

2. Խորհրդի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի, կոռուպցիայի հաղթահարման ուղղությամբ նախանշվող առաջնահերթությունների և առաջարկվող լուծումների քննարկումն է, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելմանը նպաստող քաղաքականությունների, ծրագրերի և իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելը:

3. Խորհուրդը խորհրդակցական մարմին է և իր գործունեությունն իրականացնում է ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Խորհուրդը քննարկում է՝

1) հակակոռուպցիոն ռազմավարությունները, ինչպես նաև հակակոռուպցիոն քաղաքականությանն առնչվող իրավական ակտերը.

2) հակակոռուպցիոն ռազմավարությունների հիման վրա մշակված ոլորտային ծրագրերը.

3) հակակոռուպցիոն ռազմավարություններից և Հայաստանի Հանրապետության ստանձնած համապատասխան միջազգային պարտավորություններից բխող միջոցառումների իրականացման գործընթացները.

4) հակակոռուպցիոն ռազմավարությունների և ծրագրերի կատարողականները և մոնիթորինգի արդյունքները.

5) կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում միջազգային միջկառավարական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, գործարար ոլորտը ներկայացնող կազմակերպությունների, հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման գործում դերակատարում ունեցող մարմինների հետ համագործակցության արդյունքները.

6) կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ներգրավված միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընթացքը:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Խորհրդի նախագահը և անդամները խորհրդի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով: Խորհրդի կազմակերպատեխնիկական աշխատանքների իրականացումն ապահովում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի և մոնիթորինգի վարչությունը (այսուհետ` քարտուղարություն):

6. Խորհրդի կազմում մրցութային կարգով ներգրավվող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների (այսուհետ՝ հասարակական կազմակերպություններ) նկատմամբ կիրառվում է ռոտացիայի սկզբունքը: Խորհուրդը համարվում է ձևավորված՝ անկախ խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավումից:

7. Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել այն հասարակական կազմակերպությունները, որոնք`

1) ունեն հակակոռուպցիոն ոլորտի երեք և ավելի տարվա գործունեության փորձ՝ վերջին հինգ տարիների ընթացքում.

2) ներկայացրել են միջազգային կազմակերպությունների հետ հակակոռուպցիոն ոլորտում իրականացված երեք և ավելի ծրագրերի, դրանց բովանդակության, իրականացման ժամանակահատվածի և ստացված արդյունքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն.

3) ներկայացրել են հասարակական կազմակերպության հաշվետվողականության և ֆինանսական թափանցիկության վերաբերյալ տեղեկատվություն, մասնավորապես, պետական միջոցներից ֆինանսավորման, միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված դրամաշնորհների, ծրագրերի և դրանց ծախսերի վերաբերյալ հրապարակային հաշվետվություններ.

4) ներկայացրել են քաղաքական կուսակցությունների հետ փոխկապակցվածության բացակայության վերաբերյալ հայտարարություն.

5) ներկայացրել են հասարակական կազմակերպության աշխատակազմի վերաբերյալ մանրամասն և ամբողջական տեղեկատվություն:

8. Խորհրդի գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով: Խորհրդի յուրաքանչյուր նիստի ավարտից հետո եռօրյա ժամկետում նիստի ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պաշտոնական www.gov.am կայքում և հակակոռուպցիոն մոնիթորինգի anti-corruption.gov.am պլատֆորմում:

9. Խորհրդի նիստերը գումարվում են խորհրդի նախագահի նախաձեռնությամբ` ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

10. Խորհրդի նիստերում քննարկված հարցերի վերաբերյալ քարտուղարությունը կազմում է արձանագրություն, որը ստորագրում է խորհրդի նախագահը:

11. Խորհրդի նախագահը՝

1) համակարգում է խորհրդի աշխատանքը.

2) հրավիրում և վարում է խորհրդի նիստերը կամ իր բացակայության դեպքում նիստերի վարումը հանձնարարում է խորհրդի անդամներից որևէ մեկին.

3) հաստատում է նիստի օրակարգը, որը քննարկվելիք այլ հարցերի վերաբերյալ անհրաժեշտ նյութերով խորհրդի անդամներին է հանձնվում որպես կանոն նիստից երեք օր առաջ.

4) իրականացնում է սույն կարգով իր իրավասությանը վերապահված այլ գործառույթներ:

12. Խորհրդի անդամը՝

1) մասնակցում է խորհրդի նիստերին.

2) ներկայացնում է առաջարկություն խորհրդի օրակարգում ներառվելիք հարցերի, հակակոռուպցիոն ռազմավարության և դրա հիման վրա մշակված ոլորտային ծրագրերի, ինչպես նաև խորհրդի կողմից քննարկվող այլ հարցերի վերաբերյալ.

3) իրականացնում է սույն կարգով սահմանված խորհրդի իրավասություններից բխող այլ գործառույթներ:

13. Խորհրդի նիստին մասնակցելու անհնարինության դեպքում խորհրդի անդամը տեղեկացնում է խորհրդի նախագահին: Խորհրդի անդամի խորհրդի աշխատանքներին մասնակցելու անհնարինության կամ մեկ տարվա ընթացքում խորհրդի նիստերի ավելի քան կեսից անհարգելի բացակայելու դեպքում վերջինիս փոխարինման հարցը խորհրդի նախագահը ներկայացնում է խորհրդի քննարկմանը:

14. Խորհրդի նախագահի հրավերով խորհրդի նիստին կարող են մասնակցել արտախորհրդարանական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, խորհրդի կազմում չընդգրկված պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, պետական ու համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

15. Խորհրդի գործունեությունը հրապարակային է, բացառությամբ խորհրդի նախագահի պատճառաբանված բանավոր որոշմամբ նիստը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու դեպքերի։ Խորհուրդն ապահովում է իր աշխատանքների լուսաբանումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 3

ՀՀ վարչապետի 2019 թ.

հունիսի 24-ի N 808-Ն

որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԵՎ ՌՈՏԱՑԻԱՅԻ 

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի (այսուհետ՝ խորհուրդ) կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով անցկացվող մրցույթի և ռոտացիայի (այսուհետ՝ նաև ներգրավում) հետ կապված հարաբերությունները:

2. Խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման գործընթացն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն):

 

II. ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

3. Նախարարությունը խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման համար անցկացվող մրցույթն սկսելուց առնվազն 10 օր առաջ հրապարակում է դրա մասին հայտարարություն: Հայտարարությունը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պաշտոնական www.gov.am կայքում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական www.moj.am կայքում և anti-corruption.gov.am պլատֆորմում:

4. Հայտարարության մեջ պետք է ներառվեն առնվազն հետևյալ տվյալները`

1) հայտերը ներկայացնելու վայրը, հասցեն և հայտեր ընդունելու հետ կապված պատասխանատու անձի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն.

2) հայտերի ընդունման օրերը և ժամերը.

3) հայտեր ներկայացնող հասարակական կազմակերպությանը ներկայացվող պահանջները և հայտին կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

4) հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը:

 

III. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅՏԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

5. Հասարակական կազմակերպությունները հայտերը ներկայացնում են նախարարություն՝ հայտարարությունը հրապարակվելու հաջորդ օրվանից սկսած 10 օրվա ընթացքում:

6. Հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված այն հասարակական կազմակերպությունները, որոնք համապատասխանում են սույն որոշման N 2 հավելվածի 7-րդ կետով ամրագրված պահանջներին (չափանիշներին):

7. Հասարակական կազմակերպությունը հայտին կից ներկայացնում է այն փաստաթղթերը, որոնք փաստում են սույն որոշման N 2 հավելվածի 7-րդ կետով ամրագրված պահանջներին (չափանիշներին) հասարակական կազմակերպության համապատասխանությունը:

8. Հասարակական կազմակերպությունը հայտում նշում է այն լիազոր ներկայացուցչին, ով պետք է ներկայացնի կազմակերպությունը խորհրդում, և ներկայացնում է իր ներկայացուցչի վերաբերյալ տվյալները (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն):

9. Հայտը և կից ներկայացվող փաստաթղթերը (այսուհետ՝ փաստաթղթեր) կարող են հանձնվել առձեռն, ուղարկվել փոստով կամ ներկայացվել հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և սկանավորված:

10. Փաստաթղթերն ընդունելու նպատակով նախարարությունը վարում է համապատասխան գրանցամատյան, որում նշվում են հայտ ներկայացնողի վերաբերյալ հայտով ներկայացված տեղեկությունները և փաստաթղթերի քանակը:

11. Փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե դրանք հանձնվել են փոստ՝ մինչև սույն կարգի 5-րդ կետում նշված ժամկետի ավարտը:

12. Փոստով և էլեկտրոնային եղանակով ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ հասարակական կազմակերպությունը ծանուցվում է փաստաթղթերն ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ իր կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով:

 

IV. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

13. Ներգրավումն անցկացվում է երկու փուլերով: Առաջին փուլում ստուգվում է փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունը: Հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը որոշում է նախարարությունը: Փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունն ստուգելուց հետո կազմվում է համապատասխան արձանագրություն:

14. Փաստաթղթերը թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքերում հայտ ներկայացնողը դրա մասին ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ գրավոր) և նրան տրամադրվում է երկու աշխատանքային օր թերությունները շտկելու համար:

15. Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում հասարակական կազմակերպության ներկայացրած հայտին ընթացք չի տրվում:

16. Եթե սահմանված չափանիշներին համապատասխանում են առավելագույնը հինգ հասարակական կազմակերպություններ, ապա այդ կազմակերպությունները փաստաթղթային փուլի արդյունքների հիման վրա ընդգրկվում են խորհրդի կազմում: Եթե սահմանված չափանիշներին համապատասխանում են հինգից ավելի հասարակական կազմակերպություններ, ապա անցկացվում է մրցույթի երկրորդ փուլ, որի ժամանակ նախապատվությունը տրվում է կոռուպցիայի դեմ պայքարում առավել մեծ փորձառություն ունեցող (առավել երկար գործունեություն և առավել շատ ծրագրեր իրականացրած) հինգ կազմակերպություններին:

17. Նախարարությունը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է մրցույթի արդյունքների մասին տեղեկատվության տեղադրումը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պաշտոնական www.gov.am կայքում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական www.moj.am կայքում և anti-corruption.gov.am պլատֆորմում:

18. Ռոտացիայի սկզբունքը կիրառելու համար նախարարությունը սույն կարգով սահմանված ընթացակարգով կազմակերպությունների ներգրավման օրվանից սկսած երկու տարին մեկ անգամ հրապարակում է խորհրդի կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման մասին նոր հայտարարություն՝ համաձայն սույն կարգի 2-րդ գլխի դրույթների: Խորհրդի անդամ հանդիսացող հասարակական կազմակերպությունները նույնպես կարող են հայտ ներկայացնել: Մինչև ներգրավման նոր գործընթացի ավարտը նրանք շարունակում են պահպանել խորհրդում անդամությունը:

19. Եթե հերթական ներգրավման գործընթացին խորհրդի անդամ հանդիսացող հասարակական կազմակերպություններից բացի մասնակցում են սույն որոշման N 2 հավելվածի 7-րդ կետով սահմանված չափանիշներին համապատասխանող այլ հասարակական կազմակերպություններ, ապա խորհրդի կազմում ընդգրկվելու նախապատվության իրավունք են ստանում խորհրդի անդամ չհանդիսացող հասարակական կազմակերպությունները: Եթե սահմանված չափանիշներին համապատասխանող՝ խորհրդի անդամ չհանդիսացող հասարակական կազմակերպությունները հինգից ավելի են, ապա այս դեպքում դրանց միջև ընտրությունը կատարվում է սույն կարգի 16-րդ կետով սահմանված կարգով: Եթե սահմանված չափանիշներին համապատասխանող՝ խորհրդի անդամ չհանդիսացող հասարակական կազմակերպությունները հինգից պակաս են, ապա հինգից պակասող թվով տեղերում անդամությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է առավել մեծ փորձառություն ունեցող (առավել երկար գործունեություն և առավել շատ ծրագրեր իրականացրած) խորհրդի անդամ հանդիսացող կազմակերպություններին:

Եթե սույն կարգի 18-րդ կետով նախատեսված հայտարարությունից հետո սույն որոշման N 2 հավելվածի 7-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխանող որևէ հասարակական կազմակերպություն հայտ չի ներկայացնում, ապա խորհրդի գործող անդամ հասարակական կազմակերպությունները շարունակում են անդամությունը խորհրդի կազմում 2 տարի ժամկետով՝ մինչև սույն կարգի 18-րդ կետով սահմանված կարգով նոր անդամների ներգրավումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան