ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/0989/02/11 |
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/0989/02/11 |
Նախագահող դատավոր՝ Ա. Թումանյան |
Դատավորներ՝ |
Գ. Մատինյան |
Լ. Գրիգորյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2013 թվականի հունիսի 26-ին,
քննարկելով ըստ հայցի Մարջան և Մարիամ Բադալյանների ընդդեմ Նարեկ Հարությունյանի, Սամվել Գրիգորյանի, Նարեկ Հակոբջանյանի, Ռաֆաել Ոսկանյանի, Կոտայքի նոտարական տարածքի նոտար Ռ. Մխիթարյանի, Երևանի Նոր Նորք նոտարական տարածքի նոտար Ն. Գասպարյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյանի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` փողի փոխառության և հողամասի նվիրատվության շինծու պայմանագրերն առոչինչ և անվավեր ճանաչելու, բնակարանի առուվաճառքի պայմանագրով չվճարված գումարի պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.04.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Նարեկ Հակոբջանյանի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Մարջան և Մարիամ Բադալյանները պահանջել են առոչինչ և անվավեր ճանաչել Մարջան Բադալյանի, Նարեկ Հարությունյանի և Սամվել Գրիգորյանի միջև 06.07.2009 թվականին կնքված փողի փոխառության պայմանագիրը, Ռաֆաել Ոսկանյանի և Մարջան Բադալյանի միջև 21.06.2011 թվականին կնքված հողամասի նվիրատվության պայմանագիրը, համապարտության կարգով Նարեկ Հարությունյանից, Սամվել Գրիգորյանից և Նարեկ Հակոբջանյանից բռնագանձել անշարժ գույքի առուվաճառքի 29.09.2008 թվականի պայմանագրով չվճարված 11.250 ԱՄՆ դոլարը, փաստաբանին վճարված 80.000 ՀՀ դրամը, ինչպես նաև 29.09.2008 թվականից մինչև պարտավորության դադարման օրը 11.250 ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի համաձայն հաշվեգրել տոկոսներ:ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Յու. Բաղդասարյան) (այսուհետ` Դատարան) 02.11.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.04.2013 թվականի որոշմամբ Դատարանի 02.11.2012 թվականի վճռի դեմ Նարեկ Հակոբջանյանի բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նարեկ Հակոբջանյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Մարջան և Մարիամ Բադալյանները:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 75-րդ և 77-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Նարեկ Հակոբջանյանի կողմից վերաքննիչ բողոքում ներկայացվել է վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու վերաբերյալ միջնորդություն, որը Վերաքննիչ դատարանը չի քննարկել: Ավելին, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Նարեկ Հակոբջանյանը Դատարանի 02.11.2012 թվականի վճիռը չի ստացել, քանի որ Դատարանի կողմից Նարեկ Հակոբջանյանին ուղարկված գրությունում նշվել է ոչ թե Նարեկ Հակոբջանյանի, այլ Նարեկ Հարությունյանի բնակության հասցեն: Նարեկ Հակոբջանյանը վճռի մասին տեղեկացել է դատական ակտերի հարկադիր կատարողից: Այսինքն` վճռի բողոքարկման մեկամսյա ժամկետի բացթողումը եղել է Նարեկ Հակոբջանյանի կամքից անկախ: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը պետք է քննարկեր վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու մասին միջնորդությունը և այն բավարարեր:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 11.04.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Նարեկ Հակոբջանյանը Դատարանի 02.11.2012 թվականի վճիռը ժամանակին ստացել է: Իսկ ինչ վերաբերում է այն պատճառաբանությանը, որ վճռի մասին իմացել է միայն դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, ապա այդ փաստը հիմնավորող ապացույց չի ներկայացրել:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը եկավ հետևյալ եզրակացության.
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` հրապարակվելուց անմիջապես հետո վճռի օրինակը հանձնվում է գործին մասնակցած անձանց: Գործի մասնակիցներից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկվում է նրան:
Նույն օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի:
Նույն օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը, գործին մասնակցող անձի դիմումի հիման վրա, նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի ճանաչելու դեպքում, վերականգնում է բաց թողնված ժամկետը:
Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է դատարանի վճիռն օրենսդրությամբ սահմանված ժամկետում անձին չհանձնելու և բողոքարկման ժամկետները բաց թողնելու իրավական հետևանքներին: Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ: Այդ ժամկետում վերաքննիչ բողոք բերելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրականացման համար օրենքն ընդհանուր իրավասության դատարանին պարտավորեցնում է վճռի հրապարակվելուց անմիջապես հետո դրա օրինակը հանձնել գործին մասնակցած անձանց, իսկ նրանցից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում հրապարակման կամ առնվազն հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկել նրան: Միաժամանակ, այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը բաց է թողնում վերոգրյալ ժամկետը, վերջինս իրավունք ունի ներկայացնել դրա բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն, որի քննարկումը վերաքննիչ դատարանը պարտավոր է իրականացնել` հաշվի առնելով նաև անձի` սահմանադրական նորմով երաշխավորված դատական պաշտպանության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները (տե′ս ըստ հայցի «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Դանիել Բարսեղյանի և այլոց թիվ ԱՐԱԴ/0716/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2011 թվականի որոշումը):
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, վերադարձնելով վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ 2012 թվականի նոյեմբերի 02-ին կայացված վճռի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք միայն 2013 թվականի մարտի 15-ին, այսինքն` վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված մեկամսյա ժամկետից հետո: Թեպետ բողոք բերած անձը նշել է, որ դատական նիստերի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված չի եղել և վճիռը չի ստացել, սակայն չի միջնորդել հարգելի ճանաչել վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը և այն վերականգնել:
Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի վճիռը հրապարակվել է 02.11.2012 թվականին, որը Նարեկ Հակոբջանյանին փոստային ծառայության միջոցով ուղարկվել է «գ. Նոր Գյուղ» հասցեով: Հետադարձ ծանուցման թերթիկի համաձայն՝ փոստային ծառայությանը հանձնված առաքանին 13.11.2012 թվականին վերադարձվել է Դատարանին «Անհայտ» նշումով: Մինչդեռ Նարեկ Հակոբջանյանի կողմից 26.03.2012 թվականին Դատարան ներկայացված դիմումում, 20.04.2012 թվականին ներկայացրած հայցադիմումի պատասխանում Նարեկ Հակոբջանյանը նշել է «Երևան, Իսակովի 84» հասցեն: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը չի քննարկել բողոք բերած անձի կողմից վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին վերաքննիչ բողոքում ներկայացված միջնորդությունը` հաշվի չառնելով, որ Դատարանը չի ձեռնարկել բավարար միջոցներ դատական ակտը Նարեկ Հակոբջանյանին հանձնելու ուղղությամբ:
Վերոնշյալ դիրքորոշման լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի կողմից սխալ հասցե նշված լինելու հետևանքով Նարեկ Հակոբջանյանը Դատարանի 02.11.2012 թվականի վճիռը չի ստացել, ինչի արդյունքում վերջինս զրկվել է օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում վերաքննիչ բողոք բերելու իրավունքից: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածը, քանի որ չքննարկելով բողոք բերելու դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը, վերաքննիչ բողոքը վերադարձրել է: Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի հիման վրա վերաքննիչ բողոքի վերադարձմամբ վիճարկվող որոշմամբ խախտվել են ՀՀ Սահմանադրության և միջազգային իրավական փաստաթղթերով նախատեսված` անձի դատական պաշտպանության, դատարանի մատչելիության, դատարանում լսվելու, վերաքննիչ դատարանում իրավական պաշտպանություն հայցելու իրավունքները:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.04.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան Դատավորներ` Տ. Պետրոսյան Ե. Սողոմոնյան
Ա. Բարսեղյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Է. Հայրիյան