Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.01.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
31.01.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
31.01.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

      

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

  

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և

վարչական պալատի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/2272/05/15

Վարչական գործ թիվ ՎԴ/2272/05/15
2018թ.

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(
այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

   

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

   

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Ռ. Հակոբյանի

   

Ե. Սողոմոնյանի

   

Ն. Տավարացյանի

 

2018 թվականի հունվարի 31-ին

քննարկելով Միշա Պետրոսյանի վճռաբեկ բողոքը՝ ըստ հայցի Միշա Պետրոսյանի ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն)` Նախարարությանը Միշա Պետրոսյանի անձնական օգտագործման գույքն առանց մաքսային վճարի վճարման Հայաստանի Հանրապետություն ներմուծել թույլատրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.08.2016 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու մասին,  

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Միշա Պետրոսյանը պահանջել է պարտավորեցնել Նախարարությանը թույլատրել անձնական օգտագործման գույքն առանց մաքսային վճարի վճարման ներմուծել Հայաստանի Հանրապետություն:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Անի Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 20.11.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (դատավորներ` Ա. Առաքելյան, Հ. Բեդևյան,    Ա. Սարգսյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.05.2016 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Դատարանի 20.11.2015 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել՝ հայցը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 22.06.2016 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 12.05.2016 թվականի որոշման դեմ Միշա Պետրոսյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է, և սահմանվել է ժամկետ` վճռաբեկ բողոքի սխալները շտկելու և այն կրկին բերելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.08.2016 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 12.05.2016 թվականի որոշման դեմ Միշա Պետրոսյանի վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:

Սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Միշա Պետրոսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը       

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 22.06.2016 թվականի որոշմամբ Միշա Պետրոսյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վերջինս վճռաբեկ բողոքում չի նշել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի այն կետի առկայության մասին հիմնավորումները, որը, ըստ բողոք բերող անձի, հիմք է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար, ինչպես նաև վճռաբեկ բողոքին չի կցել վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը։ Կրկին բերված վճռաբեկ բողոքով այդ թերությունը շտկվել է, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.08.2016 թվականի որոշմամբ Միշա Պետրոսյանի վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության այն պատճառաբանությամբ, որ չի կցվել այն գործին մասնակցող անձին ուղարկելու վերաբերյալ ապացույցը, ուստի կրկին նույն հիմքով բերվել է վճռաբեկ բողոք, որի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել։

ՀՀ սահմանադրական դատարանի 25.05.2017 թվականի թիվ ՍԴՈ-1370 որոշմամբ արձանագրվել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը չի կարող համարվել բողոքում նշված հիմքով նույն գործով արդեն իսկ կայացված վճռաբեկ դատարանի որոշում։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.08.2016 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը և իր կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը՝ «Վերաքննիչ դատարանի 12.05.2016 թվականի որոշումը բեկանելու և Դատարանի 20.11.2015 թվականի վճռին օրինական ուժ տալու մասին», ընդունել վարույթ և այն բավարարել։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առկա է նոր հանգամանք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները կարող են վերանայվել նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե սահմանադրական դատարանը տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է դատարանի կիրառած օրենքի դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելը կամ այն սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող այլ մեկնաբանությամբ կիրառելը: Հետևաբար, եթե դատարանը կիրառել է այն դրույթը, որը ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական և անվավեր, կամ կիրառված դրույթի վերաբերյալ դատարանի մեկնաբանությունները և այդ դրույթի կիրառումը դրա սահմանադրաիրավական բովանդակության համատեքստում չեն, ապա դատական ակտն օրենքով սահմանված կարգով ենթակա է վերանայման նոր հանգամանքի հիմքով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` վճռաբեկ բողոքին կցվում են նաև օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը և բողոքի պատճենը գործը քննող դատարան և դատավարության մասնակիցներին ուղարկելու մասին ապացույցները, վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վճռաբեկ բողոքը վերադարձնելու կամ առանց քննության թողնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում գործը վճռաբեկ դատարանում ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում` նշելով առկա թերությունները։ Վճռաբեկ բողոքը կրկին բերվելու դեպքում ժամկետները հաշվարկվում են վերստին։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե բողոքում նշված հիմքով նույն գործով վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 22.06.2016 թվականի որոշմամբ Միշա Պետրոսյանի կողմից բերված վճռաբեկ բողոքը վերադարձվել է, և սահմանվել է եռօրյա ժամկետ` որոշումն ստանալու պահից վճռաբեկ բողոքի թերությունները վերացնելու և այն կրկին բերելու համար: Վերը նշված որոշումը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում չի նշել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի այն կետի առկայության մասին հիմնավորումները, որը, ըստ բողոք բերող անձի, հիմք է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար։ Միաժամանակ, բողոք բերած անձը վճռաբեկ բողոքին չի կցել վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը)(...)»:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 22.06.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումն ստանալուց հետո Միշա Պետրոսյանը սահմանված ժամկետում ուղղել է նշված թերությունները և վճռաբեկ բողոքը կրկին է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան։ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, Միշա Պետրոսյանի կողմից կրկին ներկայացված վճռաբեկ բողոքը 17.08.2016 թվականի որոշմամբ թողել է առանց քննության՝ պատճառաբանելով, որ «(...) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 22.06.2016 թվականի որոշմամբ Միշա Պետրոսյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է և միաժամանակ սահմանվել է ժամկետ` վճռաբեկ բողոքի սխալները շտկելու և այն կրկին բերելու համար: Մինչդեռ վերջինս, վերացնելով որոշմամբ արձանագրված սխալները, միաժամանակ թույլ է տվել նոր սխալ, մասնավորապես` վճռաբեկ բողոքին չի կցել կրկին ներկայացված վճռաբեկ բողոքի պատճենը գործին մասնակցող անձին ուղարկելու վերաբերյալ ապացույցը (բողոքին կցված են նախկին վճռաբեկ բողոքը գործը քննող դատարան և գործին մասնակցող անձին ուղարկված լինելու վերաբերյալ ապացույցները), այսինքն` կրկին նույն հիմքով ներկայացրել է վճռաբեկ բողոք, որի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել (...)»։

ՀՀ սահմանադրական դատարանը, Միշա Պետրոսյանի դիմումի հիման վրա քննելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը, 25.05.2017 թվականի թիվ ՍԴՈ-1370 որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը չի կարող համարվել բողոքում նշված հիմքով նույն գործով արդեն իսկ կայացված վճռաբեկ դատարանի որոշում: Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանը նշել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը դիմող Միշա Պետրոսյանի նկատմամբ կիրառվել է նույն որոշման եզրափակիչ մասի առաջին կետում բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող մեկնաբանությամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու իրավունք ունեն  դատավարության մասնակիցները (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմումը կարող է ներկայացվել համապատասխան հիմքն ի հայտ գալուց հետո՝ 3 ամսվա ընթացքում։

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն` նույն հոդվածում նշված գործերով` դիմողի նկատմամբ կիրառված օրենքի դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ սահմանադրական դատարանը, որոշման եզրափակիչ մասում բացահայտելով օրենքի դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը, այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ գտել է, որ այդ դրույթը նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով:

Այսպիսով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի  1-ին կետով, 185-րդ հոդվածի 1-ին մասով և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասով ամրագրված իրավադրույթների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ֆիզիկական և իրավաբանական անձինք տվյալ դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի  182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու իրավունք ունեն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում`

- դիմողի նկատմամբ կայացվել է վերջնական դատական ակտ,

- տվյալ դատական ակտով դիմողի նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանն ընդունել է որոշում, որով այն ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր, կամ ՀՀ սահմանադրական դատարանը, այն ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ,

- համապատասխան հիմքն ի հայտ գալուց հետո նոր հանգամանքով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու դրությամբ եռամսյա ժամկետը չի լրացել։

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.08.2016 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշմամբ Միշա Պետրոսյանի նկատմամբ կիրառված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի սահմանադրականության վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանը 25.05.2017 թվականին ընդունել է թիվ ՍԴՈ-1370 որոշումը: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.08.2016 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշմամբ դիմողի նկատմամբ կայացվել է վերջնական դատական ակտ, որն օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից, դարձել է վերջնական և բողոքարկման ոչ ենթակա: ՀՀ սահմանադրական դատարանի 25.05.2017 թվականի թիվ ՍԴՈ-1370 որոշմամբ նոր հանգամանքի հիմքն ի հայտ գալուց հետո դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու դրությամբ եռամսյա ժամկետը չի լրացել։ Հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 185-րդ հոդվածի 1-ին մասի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի ուժով սույն գործով բողոք բերած անձն ունի նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.08.2016 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշման վերանայման դիմում ներկայացնելու իրավունք:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 17.08.2016 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը չի կիրառվել իր սահմանադրաիրավական բովանդակության համատեքստում, այսինքն` այդ դրույթը կիրառվել է ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված որոշմամբ բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությանը հակասող մեկնաբանությամբ:

ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (մասնավորապես` 11.05.2007 թվականի թիվ ՍԴՈ-701, 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114) անդրադարձել է նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի իրավակարգավորումներին առնչվող հիմնախնդիրներին` առաջադրելով այն հայեցակարգային դիրքորոշումը, որ սահմանադրական դատարան դիմելու` անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը: ՀՀ սահմանադրական դատարանը գտել է նաև, որ նոր հանգամանքների հիման վրա դատական ակտի վերանայման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովումը, որոնց օրենսդրորեն հստակեցումը կմեծացնի վստահությունն արդարադատության նկատմամբ, մարդկանց հնարավորություն կտա առավել երաշխավորված ու արդյունավետ իրացնել դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 25.05.2017 թվականի թիվ ՍԴՈ-1370 որոշմամբ կատարված այն բացահայտումը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը կիրառվել է նույն որոշման մեջ նշված սահմանադրաիրավական բովանդակությանը հակասող մեկնաբանությամբ, նոր հանգամանք է և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.08.2016 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշման վերանայման հիմք։

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին կետի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.08.2016 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը վերանայելու և այն վերացնելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը նոր հանգամանքով վերանայելու և վերացնելու պարագայում ենթակա է լուծման սույն գործով Վերաքննիչ դատարանի 12.05.2016 թվականի որոշման դեմ Միշա Պետրոսյանի կրկին բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը:

Անդրադառնալով նշված վճռաբեկ բողոքին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

Բողոքում պատճառաբանվել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 27.11.2009 թվականի պայմանագրի 1-ին հոդվածը, «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» միջազգային համաձայնագրի 12-րդ հոդվածի 1-ին մասը, 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածը, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասը, 4-րդ հոդվածը, 249-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 11-21-րդ մասերը։

Բողոք բերած անձը նշված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը պատճառաբանել է այն հիմնավորմամբ, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, ինչպես նաև Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա: Նշված հիմնավորումը պատճառաբանել է այն փաստարկով, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրի և Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերի համաձայն։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.05.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 20.11.2015 թվականի վճռին:

Վճռաբեկ դատարանը, քննարկելով բողոք բերած անձի հիմնավորումը՝ վճռաբեկ բողոքը քննության ընդունելու մասին, գտնում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են նույն օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հիմքերը: Նույն հոդվածի    1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են նույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, կամ առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վճռաբեկ բողոքը նույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով բերելու դեպքում վճռաբեկ բողոք բերող անձը վճռաբեկ բողոքում նշում է այն նյութական կամ դատավարական նորմը, որը խախտվել է` հիմնավորելով, որ այդ խախտումն ազդել է գործի ելքի վրա:

Մինչդեռ սույն գործով բողոք բերած անձի ներկայացրած փաստարկները բավարար չեն դատական սխալի առկայությունը և գործի ելքի վրա դրա ազդեցությունը հիմնավորված համարելու համար:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, մասնավորապես, եթե տարբեր գործերով ստորադաս դատարանների առնվազն երկու դատական ակտերում միևնույն նորմը կիրառվել է հակասական մեկնաբանությամբ, բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասում բացահայտված` տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը, բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, վճռաբեկ դատարանը համարում է, որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ վճռաբեկ բողոքը չի պարունակում հիմնավորումներ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` օրենքի միատեսակ կիրառության հիմքի վերաբերյալ:

 

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով բողոքը քննության ընդունելու հետևության հանգելու համար: Հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ, 172-րդ, 180-րդ, 182-րդ, 183-րդ և 190-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.08.2016 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը և այն վերացնել։

2. Թիվ ՎԴ/2272/05/15 վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 12.05.2016 թվականի որոշման դեմ Միշա Պետրոսյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան

  Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան
  Մ. Դրմեյան
 

Գ. Հակոբյան

  Ռ. Հակոբյան
  Ե. Սողոմոնյան
  Ն. Տավարացյան