Գլխավոր տեղեկություն
Номер
N 322-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (18.08.2011-31.07.2014)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.05.12/20(754) Հոդ.519
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
06.05.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.05.2010
Дата вступления в силу
13.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մայիսի 2010 թվականի N 322-Ն

 

ԳԼՈԲԱԼ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը` հանրապետական գործադիր մարմիններում բնապահպանական և (կամ) բնապահպանական բաղադրիչներ ունեցող ներդրումային ու այլ նպատակային ծրագրեր քննարկելու և դրանց ազգային գերակայությունները գնահատելու, ինչպես նաև դրանք Գլոբալ էկոլոգիական հիմնադրամին ներկայացնելու նպատակով`

1. Ստեղծել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համագործակցության հանձնաժողով:

2. Հաստատել`

1) Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համագործակցության հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համագործակցության հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մայիսի 6
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2010 թ.

մայիսի 6-ի N 322-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԳԼՈԲԱԼ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

ՀՀ բնապահպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի ազգային համակարգող

ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող

«Օզոնային շերտի պահպանության մասին» կոնվենցիայի ազգային համակարգող

ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող

«Կայուն օրգանական աղտոտիչների մասին» կոնվենցիայի ազգային համակարգող

«Հանուն մարդկային զարգացման» ասոցիացիայի ազգային կոմիտեի նախագահ (համաձայնությամբ)

«Շրջակա միջավայրի իրավական պահպանություն» հասարակական կենտրոնի նախագահ (համաձայնությամբ)

ՀՀ ԳԱԱ «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն

ՀՀ ԳԱԱ «Բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական ռազմավարական ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

(Հավելվածը լրաց. 08.06.10 N 413-Ն, փոփ., լրաց. 09.08.11 N 747-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2010 թ.

մայիսի 6-ի N 322-Ն որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ԳԼՈԲԱԼ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով սահմանվում են Գլոբալ էկոլոգիական հիմնադրամին (այսուհետ` ԳԷՀ) ներկայացվող ծրագրային առաջարկների քննարկման և ընդունման ընթացակարգերը:

2. Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համագործակցության հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) իր գործունեությունն իրականացնում է ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ և սույն աշխատակարգով:

3. Հանձնաժողովի գործունեության հիմնական նպատակը ԳԷՀ-ին ներկայացվող ծրագրային առաջարկների բացահայտման և գնահատման աշխատանքների արդյունավետ կազմակերպումն ու համակարգումն է:

 

II. ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

4. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`

1) բացահայտել ԳԷՀ-ին ներկայացվող բնապահպանական և (կամ) բնապահպանական բաղադրիչներ ունեցող ներդրումային ու այլ նպատակային ծրագրեր.

2) խորհրդակցելով բոլոր շահագրգիռ կողմերի հետ գնահատել Հայաստանի կողմից ԳԷՀ-ին ներկայացվող ծրագրային առաջարկները` ելնելով ազգային գերակայություններից: Ազգային գերակայությունների սահմանման համար հիմք են նշված ռազմավարական փաստաթղթերը`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիր,

բ. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն,

գ. Կայուն զարգացման ծրագիր,

դ. շրջակա միջավայրի պահպանության գծով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կամ հավանության արժանացած ռազմավարական ծրագրեր:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ: Հանձնաժողովի նիստերը հրավիրում է հանձնաժողովի նախագահը:

6. Անհրաժեշտության դեպքում կարող է հրավիրվել արտահերթ նիստ` հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ:

7. Հանձնաժողովի նիստերի քարտուղարության աշխատանքների իրականացումն ապահովում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական ռազմավարական ծրագրերի և մոնիթորինգի վարչությունը (այսուհետ` վարչություն):

(7-րդ կետը փոփ. 09.08.11 N 747-Ն)

8. Հանձնաժողովի նիստերին մասնակցելու նպատակով հրավիրվում են oրակարգում ընդգրկված և քննարկվող ծրագրային առաջարկներ ներկայացրած Հայաստանի Հանրապետության նախարարությունների և պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներ կամ նրանց տեղակալները: Հանձնաժողովի նիստերին դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել իրականացվող ԳԷՀ-ի ծրագրերի ղեկավարները, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Համաշխարհային բանկի խորհրդատուները, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և շահագրգիռ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչները:

9. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նիստը վարում է նրա կողմից լիազորված հանձնաժողովի անդամը:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

10. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված oրակարգով:

11. Հանձնաժողովի նիստի oրակարգում նշվում են`

1) քննարկման ենթակա հարցերը (ներկայացված ԳԷՀ-ի ծրագրային առաջարկներ կամ դրանց ներկայացման հետ կապված հարցեր).

2) քննարկվող յուրաքանչյուր հարցը զեկուցողի անունը, ազգանունը.

3) նիստի անցկացման oրը, վայրը և ժամը:

12. Նիստի oրակարգում ընդգրկված հարցերին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերը և oրակարգի նախագիծը նիստի անդամներին փոխանցվում են նիստի անցկացման oրվանից առնվազն 3 oր առաջ: Նշված փաստաթղթերը կարող են ուղարկվել նաև էլեկտրոնային փոստի միջոցով:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿԸ, ՔՆՆԱՐԿՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

 

13. Հանձնաժողովը թափանցիկ և անկողմնակալ քննարկումների արդյունքում ընտրում և ըստ առաջնահերթությունների դասակարգում է ԳԷՀ-ի ծրագրային առաջարկները, ընդունում է որոշումներ ԳԷՀ-ի ծրագրերի նախապատրաստման (մշակման) և ներկայացման ընթացքում ծագած հարցերի կարգավորման վերաբերյալ:

14. Նշված նպատակի իրականացման համար հանձնաժողովը`

1) ուսումնասիրում, բացահայտում և գնահատում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների և պետական կառավարման այլ մարմինների կողմից ներկայացված ԳԷՀ-ի ծրագրային առաջարկներին վերաբերող փաստաթղթերը` ստուգելով դրանց համապատասխանությունը ծրագրային առաջարկների մշակմանը և ձևաչափերին ներկայացվող ԳԷՀ-ի կողմից սահմանված պահանջներին.

2) հավանություն է տալիս ընտրված ԳԷՀ-ին ներկայացվող ծրագրային առաջարկներին` ընդունելով որոշում դրանք ԳԷՀ -ի քարտուղարություն ներկայացնելու վերաբերյալ:

15. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

16. Հանձնաժողովի նիստի oրակարգում ընդգրկված հարցերը ներկայացնում է համապատասխան նախարարության կամ պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը:

17. Համապատասխան նախարարության կամ պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը հանձնաժողովի նիստերի ժամանակ հիմնավորում է ներկայացված ծրագրային առաջարկությունների անհրաժեշտությունը և տվյալ պահին իրականացնելու առաջնահերթությունը:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄԸ

 

18. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Հանձնաժողովի նիստերն արձանագրում է վարչությունը, իսկ արձանագրությունն ստորագրում է հանձնաժողովի նախագահը:

19. Նիստի արձանագրությունն ընդգրկում է`

1) նիստի անցկացման oրը, վայրը և ժամը.

2) նիստի oրակարգը.

3) նիստի մասնակիցների ցանկը.

4) նիստում քննարկված հարցերի, ելույթների հիմնական դրույթները.

5) ընդունված որոշումները:

20. Նիստի արձանագրությանը կցվում են քննարկված հարցերին վերաբերող փաստաթղթերը: Հանձնաժողովի կողմից քննարկված հարցերի մասին տեղեկությունները, այդ թվում` հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, հանձնաժողովի անդամներին են տրամադրվում էլեկտրոնային փոստի միջոցով, ընդունված որոշումները տեղադրվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ինտերնետային կայքում:

21. Նիստերի արձանագրությունները պահվում են վարչությունում` փաստաթղթերի արխիվացման կարգին համապատասխան:

 

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

22. Հանձնաժողովի նախագահը, ի պաշտոնե, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարն է:

23. Հանձնաժողովի նախագահը`

1) հրավիրում և վարում է նիստը.

2) մասնակցում է որոշումների ընդունման գործընթացին.

3) առանձին հարցերի քննարկման նպատակով հրավիրում է մասնագետների, փորձագետների և այլ անձանց.

4) իրականացնում է սույն աշխատակարգով նախատեսված այլ լիազորություններ:

 

VIII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ՀՐԱՎԻՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

24. Հանձնաժողովի անդամները`

1) լսում են հրավիրված անձանց հիմնավորումները, բարձրացված հարցերի կամ ծագած խնդիրների վերաբերյալ ներկայացումները.

2) հանձնաժողովում անցկացված քննարկումների հիման վրա քվեարկությունների միջոցով մասնակցում են համապատասխան որոշումների ընդունմանը.

3) առաջարկություններ են ներկայացնում առանձին հարցերի քննարկման նպատակով մասնագետների, փորձագետների և այլ անձանց հրավիրելու վերաբերյալ:

25. Հրավիրված անձինք`

1) ներկայացնում են նիստի oրակարգում ընդգրկված, համապատասխան նախարարության կամ պետական կառավարման այլ մարմնի կողմից ներկայացված ԳԷՀ-ի ծրագրային առաջարկները, հիմնավորում դրանց համապատասխանությունը ԳԷՀ-ի նպատակներին և Հայաստանի ռազմավարական փաստաթղթերին, այդ ծրագրերի իրականացման առաջնայնությունը.

 2) պատասխանում են հանձնաժողովի անդամների հարցերին:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան