ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում գործ թիվ ԵԿԴ/0009/11/09 |
ԵԿԴ/0009/11/09
|
Նախագահող դատավոր՝ Ս. Համբարձումյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Դ. Ավետիսյանի | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Հ. Ասատրյանի |
|
|
Ե. Դանիելյանի |
|
|
Հ. Ղուկասյանի |
|
|
Ա. Պողոսյանի |
|
քարտուղարությամբ |
Կ. Աբրահամյանի |
|
դատախազ |
Ն. Հարությունյանի |
2 հունիսի 2009 թվականի ք. Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով խափանման միջոց կալանավորումը չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու մասին որոշումը և դրա հետ կապված իրավունքների սահմանափակումները վերացնելու պահանջի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 24-ի որոշման դեմ պաշտպան Ալեքսանդր Ծատինյանի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2008 թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության և «Զվարթնոց» օ/կ գծային բաժնի աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել Ուկրաինայի Զապորոժիեի մարզի Շևչենկոյի շրջանի ՆԳԲ կողմից Ուկրաինայի քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով 2007 թվականի հունիսի 22-ից հետախուզման մեջ գտնվող Անդրանիկ Գրիգորի Պողոսյանը:
2008 թվականի սեպտեմբերի 8-ին Ա.Պողոսյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
2. 2008 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ գլխավոր դատախազությունը Ուկրաինայի իրավասու մարմիններին գրավոր հայտնել է Հայաստանի Հանրապետությունում Ա.Պողոսյանի հայտնաբերման, ինչպես նաև այն մասին, որ վերջինս հանդիսանում է ՀՀ քաղաքացի: Նույն գրությամբ Ուկրաինայի իրավասու մարմիններից պահանջվել է Ա.Պողոսյանի նկատմամբ Ուկրաինայում հարուցված քրեական գործը:
3. 2008 թվականի հոկտեմբերի 16-ին ՀՀ գլխավոր դատախազության միջազգային իրավական կապերի բաժնի դատախազ Գ.Տիգրանյանի կողմից որոշում է կայացվել Ա.Պողոսյանի խափանման միջոցը` կալանավորումը, չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու մասին՝ մինչև Ուկրաինայի իրավասու մարմիններից պահանջված քրեական գործի ստացումը:
4. 2008 թվականի դեկտեմբերի 10-ին Ա.Պողոսյանի պաշտպան Ա.Ծատինյանը ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին միջնորդություն է ներկայացրել դատախազ Գ.Տիգրանյանին: 2008 թվականի դեկտեմբերի 30-ի գրությամբ դատախազ Գ.Տիգրանյանը մերժել է պաշտպանի միջնորդությունը:
5. 2009 թվականի հունվարի 22-ին Ա.Պողոսյանի պաշտպան Ա.Ծատինյանի կողմից դատախազ Գ.Տիգրանյանի 2008 թվականի հոկտեմբերի 16-ի որոշումը բողոքարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան:
2009 թվականի փետրվարի 11-ի որոշմամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է դատախազ Գ.Տիգրանյանի 2008 թվականի հոկտեմբերի 16-ի որոշումը և դրա հետ կապված իրավունքների սահմանափակումներ հանդիսացող հայտարարված հետախուզումը և քրեական հետապնդումը վերացնելու մասին Ա.Պողոսյանի պաշտպան Ա.Ծատինյանի բողոքը:
6. 2009 թվականի փետրվարի 25-ին պաշտպանի կողմից Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2009 թվականի փետրվարի 11-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերվել:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 24-ի որոշմամբ պաշտպանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2009 թվականի փետրվարի 11-ի որոշումը բեկանվել է, իսկ խափանման միջոց կալանավորումը չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու մասին որոշումը ու դրա հետ կապված իրավունքների սահմանափակումները վերացնելու պահանջի վերաբերյալ փաստաբան Ա.Ծատինյանի կողմից 2009 թվականի հունվարի 19-ին՝ փոստին հանձնելու միջոցով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան ներկայացված բողոքը թողնվել է առանց քննության` դատախազի կայացրած որոշման բողոքարկման մինչդատական կարգը պահպանված չլինելու պատճառով:
7. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 24-ի որոշման դեմ 2009 թվականի ապրիլի 4-ին պաշտպանը վճռաբեկ բողոք է բերել:
2009 թվականի մայիսի 8-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ») բողոքն ընդունել է վարույթ:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8. Ուկրաինայի Հանրապետությունում 2000 թվականի փետրվարի 15-ին թիվ 2000004 քրեական գործով Ա.Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՈւՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 2-րդ մասով (ներկայումս` Ուկրաինայի Հանրապետության քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մաս, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությանը):
Ուկրաինայի Հանրապետության Զապորոժե քաղաքի Շևչենկոյի շրջանի դատարանի 2000 թվականի հուլիս ամսվա որոշմամբ Ա.Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, փոխարինվել է կալանքով:
Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
9. Բողոքաբերը գտնում է, որ ինչպես առաջին ատյանի, այնպես էլ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը թույլ են տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:
Մասնավորապես, առաջին ատյանի դատարանը, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ, 15-րդ, 75-րդ, 290-րդ հոդվածների պահանջները, ըստ էության անդրադարձել է և որպես բողոքի մերժման հիմք նշել է Ա.Պողոսյանին մեղսագրվող արարքի նկատմամբ վաղեմության ժամկետների կիրառման խնդիրը: Բացի այդ, դատարանը, հղում կատարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ և 290-րդ հոդվածներին, գտել է, որ բողոքը ենթակա է մերժման նաև այն հիմքով, որ դատախազի որոշումը բողոքարկվել է դատարան՝ առանց այն վերադաս դատախազին բողոքարկելու:
Բողոքաբերը նշում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, հաշվի չառնելով գործի փաստական հանգամանքները, բողոքը մասնակի բավարարելու հիմք է դիտել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթը և գտել, որ դատախազ Գ.Տիգրանյանի որոշումը պետք է բողոքարկվեր վերադաս դատախազին և այնուհետև դատարան: Ըստ բողոք բերող անձի, սակայն, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածում նման դրույթ նախատեսված չէ, ավելին, այդ հոդվածի 1-ին մասը հնարավորություն է տալիս համապատասխան որոշումը բողոքարկել անմիջապես դատական կարգով:
10. Բողոքաբերը նշում է նաև, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը պարտավոր էր գործը քննել բողոքի սահմաններում և իրավունք չուներ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանին ներկայացված բողոքը առանց քննության թողնել: Ի հիմնավորումն ասվածի՝ բողոքաբերը վկայակոչում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածը, որն ամրագրում է ՀՀ վերաքննիչ դատարանի լիազորությունները և պնդում, որ նշված դատարանն իրավասու չէ գործն ըստ էության լուծող և ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում մասնակի բավարարել բողոքը և չբավարարված մասով առանց քննության թողնել ընդհանուր իրավասության դատարան ներկայացված բողոքը:
11. Ըստ բողոք բերող անձի` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը թույլ է տվել նաև քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի խախտում, քանի որ վերաքննիչ դատարանում գործը քննվել է առանց դատախազի մասնակցության:
Հիմք ընդունելով իր կողմից նշված փաստարկները՝ բողոքաբերը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք Ա.Պողոսյանին զրկել են օրենքով երաշխավորված իրավունքներից, խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտը վերջինիս համար առաջացրել է ծանր հետևանքներ, քանի որ դրա արդյունքում նա զրկվում է իր իրավունքները սահմանափակող` անհիմն և անօրինական քրեական հետապնդման, քրեական հետախուզման և Գ.Տիգրանյանի 2008 թվականի հոկտեմբերի 16-ին կայացված որոշումը վերացնելու հնարավորությունից: Ուստի բողոքաբերը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 24-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը՝ Վճռաբեկ դատարանը գտավ, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի այն հարցին, թե Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը իրավասու էր արդյոք սույն գործով ներկայացված բողոքը քննել ըստ էության:
13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն՝
«1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ- հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների՝ սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:
(...)
3. Բողոքը կարող է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան՝ այն մերժելու մասին տեղեկություն ստանալու կամ, եթե դրա վերաբերյալ պատասխան չի ստացվել, բողոք ներկայացնելուց հետո մեկ ամսվա ժամկետը լրանալու օրվանից՝ մեկ ամսվա ընթացքում։
(...)»:
Վերոշարադրյալ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից երևում է, որ մինչդատական վարույթն իրականացնող մարմինների որոշումների ու գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել դատախազին բողոքարկվելուց և ներկայացված բողոքին վերջինիս կողմից բավարարում չտրվելու դեպքում միայն: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասն այս ընթացակարգի առումով որևէ բացառություն չի նախատեսում:
Նշված հոդվածի 3-րդ մասը, ելնելով անձի իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության պահանջից, որպես մինչդատական վարույթն իրականացնող մարմինների գործողությունների և որոշումների՝ դատական կարգով բողոքարկման լրացուցիչ հիմք, նախատեսում է այն, որ բողոքը կարող է վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան ներկայացվել դատախազի կողմից դրան պատասխանելու մեկամսյա ժամկետը սպառվելուց հետո մեկ ամիս հետո՝ այն դեպքում, եթե ներկայացված բողոքը դատախազի կողմից որևէ արձագանք չի ստացել:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «(…) Քննիչի և հետաքննության մարմնի աշխատակցի գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել համապատասխան դատախազին, դատախազի որոշումները և գործողությունները՝ վերադաս դատախազին (…): Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում քրեական հետապնդման մարմնի գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել դատարան»:
Նշված հոդվածի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունների վերլուծությունից երևում է, որ դատախազի որոշումները, նախքան դատական կարգով բողոքարկվելը, բողոքարկվում են վերադասության կարգով, այսինքն՝ վերադաս դատախազին:
14. Սույն գործի նյութերից երևում է, որ 2008 թվականի հոկտեմբերի 16-ին ՀՀ գլխավոր դատախազության միջազգային իրավական կապերի բաժնի դատախազ Գ.Տիգրանյանի կողմից որոշում է կայացվել Ա.Պողոսյանի խափանման միջոցը` կալանավորումը, չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու մասին: Ա.Պողոսյանի պաշտպանի կողմից 2008 թվականի դեկտեմբերի 10-ին ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին միջնորդություն է ներկայացվել դատախազ Գ.Տիգրանյանին, որը վերջինիս կողմից 2008 թվականի դեկտեմբերի 30-ի գրությամբ մերժվել է (տե՛ս սույն որոշման 3-րդ, 4-րդ կետերը): 2009 թվականի հունվարի 22-ին Ա.Պողոսյանի պաշտպան Ա.Ծատինյանի կողմից դատախազի 2008 թվականի հոկտեմբերի 16-ի որոշումը բողոքարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): Այսինքն սույն գործով քրեական հետապնդման մարմնի որոշումը չէր բողոքարկվել վերադասության կարգով և բողոքարկվել էր միանգամից առաջին ատյանի դատարան:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ և 290-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջները պահպանված չլինելու հիմքով մերժել է ներկայացված բողոքը, սակայն իր որոշման մեջ անդրադարձել և հանգամանորեն քննության է առել նաև բողոքի հիմքերը (գ/թ. 36-38):
Հիմք ընդունելով վերոգրյալ դատողությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը իրավասու չէր սույն գործով ներկայացված բողոքի քննության ժամանակ անդրադառնալ բողոքի հիմքերին, քանի որ այն ներկայացվել էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ և 290-րդ հոդվածների 1-ին մասերով նախատեսված դատավարական ընթացակարգի խախտմամբ, այն է՝ դատախազի որոշման դեմ բողոքը ներկայացվել էր դատարան՝ առանց վերադաս դատախազին բողոքարկելու:
15. Սույն գործով վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի նաև այն հարցին, թե ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իրավասու էր արդյոք մասնակի բավարարել պաշտպան Ա.Ծատինյանի կողմից ներկայաված վերաքննիչ բողոքը՝ դատախազի որոշման բողոքարկման քրեադատավարական կարգը պահպանված չլինելու հիմքով՝ առանց քննության թողնելով այն:
16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը չի համապատասխանում սույն հոդվածով սահմանված պահանջներին, բերել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը կամ բողոքը ժամկետանց է կամ բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման կամ բերվել է 3754 հոդվածի պահանջի խախտմամբ, վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության»:
ՀՀ քրեական օրենսգրքի նշված հոդվածի բովանդակությունից երևում է, որ այն սպառիչ թվարկում է վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու հիմքերը:
17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3761-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են առաջին ատյանի դատարանի՝ հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների (անգործության) դեմ բողոքների կապակցությամբ կայացված որոշումները:
Վերոշարադրյալ հոդվածների վերլուծությունից երևում է, որ սույն գործով առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտը, այն է՝ պաշտպան Ա.Ծատինյանի դիմում-բողոքը ՀՀ գլխավոր դատախազության միջազգային իրավական կապերի բաժնի դատախազ Գ.Տիգրանյանի 16.10.2008թ. կայացրած որոշումը և դրա հետ կապված իրավունքի սահմանափակումներ հանդիսացող հետախուզումը և քրեական հետապնդումը վերացնելու մասին մերժելու վերաբերյալ որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3761-րդ հոդվածի 5-րդ կետի ուժով հանդիսանում է վերաքննության կարգով բողոքարկման ենթակա որոշում: Հետևաբար ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, հիմք ընդունելով նաև այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոքը բերվել է 381-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջների պահպանմամբ, իրավասու չէր այն թողնել առանց քննության:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը պետք է բողոքը վարույթ ընդունելուց հետո պետք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով մերժեր վերաքննիչ բողոքը՝ դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ:
18. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշման պատճառաբանական մասում առկա մոտեցումները հիմք են տալիս ներկայացված վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան նոր քննության:
19. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ և 290-րդ հոդվածներիի 1-ին մասերի, ինչպես նաև 381-րդ հոդվածի 2-րդ մասիվերաբերյալ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:
Ուստի, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն` բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2009 թվականի փետրվարի 11-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 24-ի որոշումները և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Դ. Ավետիսյան |
Դատավորներ` |
|
Հ. Ասատրյան |
Ե. Դանիելյան | ||
Հ. Ղուկասյան | ||
Ա. Պողոսյան |