ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի վճիռ |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/1243/02/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան | |
Դատավորներ՝ Կ. Հակոբյան Լ. Գրիգորյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Ս. Սարգսյանի մասնակցությամբ դատավորներ` Մ. Դրմեյանի Վ. Աբելյանի Ս. Անտոնյանի Վ. Ավանեսյանի Ա. Բարսեղյանի Ե. Խունդկարյանի Է. Հայրիյանի Տ. Պետրոսյանի Ե. Սողոմոնյանի
2009 թվականի մայիսի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ըստ հայցի Վեներա Մինասյանի և Անդրանիկ Ռեիզյանի ընդդեմ Նաիրա Ռեիզյանի, Ինգա և Իռենա Աբգարյանների` բնակտարածության օգտագործման իրավունքը դրամական փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջի մասին քաղաքացիական գործով Նաիրա Ռեիզյանի, Ինգա և Իռենա Աբգարյանների բողոքը` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 20.06.2007 թվականի վճիռը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Վեներա Մինասյանը և Անդրանիկ Ռեիզյանը պահանջել են դրամական փոխհատուցմամբ դադարեցնել Երևանի Բաշինջաղյան փողոցի 190 շենքի թիվ 2 բնակարանի նկատմամբ Նաիրա Ռեիզյանի, Ինգա և Իռենա Աբգարյանների բնակտարածության օգտագործման իրավունքը:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 19.12.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 20.06.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Վերաքննիչ դատարանի՝ 20.06.2007 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու հիմքով բողոք են ներկայացրել Նաիրա Ռեիզյանը, Ինգա և Իռենա Աբգարյանները:
Դատարանի 13.10.2008 թվականի որոշմամբ հարուցվել է նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ:
Դատարանի 16.01.2009 թվականի որոշմամբ նոր երևան եկած հանգամանքների հիմքով հարուցված վարույթը փոխանցվել է Վճռաբեկ դատարան:
Բողոքի պատասխան են ներկայացրել Վեներա Մինասյանը և Անդրանիկ Ռեիզյանը:
2. Բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը
Սույն բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ կետը և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ըստ սեփականության իրավունքի գրանցման թիվ 2118005 վկայականի՝ Երևանի Բաշինջաղյան փողոցի 190 շենքի թիվ 2 բնակարանի համասեփականատերեր են Վեներա Մինասյանը և Անդրանիկ Ռեիզյանը, հանգել է այն եզրահանգման, որ պատասխանողներն այդտեղ ունեն օգտագործման իրավունք:
Մինչդեռ, կից ներկայացվող փաստաթղթերի համաձայն՝ Նաիրա Ռեիզյանը, Ինգա և Իռենա Աբգարյանները ոչ թե ունեն օգտագործման իրավունք, այլ այդ բնակարանի համասեփականատերեր են: Այսպես՝
1. Երևան քաղաքի ժողովրդական պատգամավորների Մաշտոցի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 10.11.1994 թվականի թիվ 24/4 որոշմամբ Վեներա Մինասյանը «Ժիլկոոպ 25» բնակշինկոոպի թիվ 2 երկուսենյականոց բնակարանի փայատեր է ճանաչվել Նաիրա Ռեիզյանի դիմումի հիման վրա:
2. Երևանի Աջափնյակի թաղապետի կողմից ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) «Դավթաշեն» տարածքային ստորաբաժանման ղեկավարին տրված 20.01.2005 թվականի թիվ 55 տեղեկանքի համաձայն` Աջափնյակ համայնքի Բաշինջաղյան փողոցի 190 շենքի 2 բն. Մաշտոցի շրջխորհրդի 10.11.1994 թվականի թիվ 24/4 որոշմամբ 4 անձով համասեփականատերեր են Վեներա Մինասյանը, Նաիրա Ռեիզյանը, Ինգա Աբգարյանը, Իռենա Աբգարյանը:
3. «Ժիլկոոպ -25» կոոպերատիվի նախագահի 25.11.1994 թվականի տեղեկանքի համաձայն` նշված կոոպերատիվ բնակարանի արժեքը՝ 5600 ռուբլին, լրիվ վճարված է:
Նշված ապացույցները Նաիրա Ռեիզյանն իրենից անկախ պատճառներով չի կարողացել ներկայացնել դատարանին, քանի որ դրանք ստացվել են փաստաբանի կողմից Կադաստրի «Դավթաշեն» տարածքային ստորաբաժանմանը կատարած 27.08.2008 թվականի թիվ 154/ՆՌ-02 հարցման արդյունքում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայել Վերաքննիչ դատարանի 20.06.2007 թվականի վճիռը:
2.1 Բողոքի պատասխանի հիմնավորումները
Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի 10.11.1994 թվականի թիվ 24/4 որոշման համաձայն Աջափնյակ համայնքի Բաշինջաղյան փողոցի 190 շենքի թիվ 2 բնակարանը սեփականաշնորհվել է Վեներա Մինասյանի անվամբ: 09.12.1994 թվականին Երքաղխորհրդի գործկոմի ՇՇԱԳՎՎ-ի կողմից տրվել է թիվ 12884 սեփականության վկայագիրը: 03.08.2005 թվականին 01-001-Կ-76 մատյանի 000232 համարի տակ կատարվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցում և Վեներա Մինասյանին` որպես բնակարանի միանձնյա սեփականատիրոջ, տրվել է թիվ 1979333 վկայական: Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 02.11.2005 թվականի թիվ 2298 վճռով` որպես համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույք, բնակարանը ճանաչվել է Վեներա Մինասյանի և Անդրանիկ Ռեիզյանի ընդհանուր համատեղ սեփականություն: Վճռի հիման վրա Վեներա Մինասյանի և Անդրանիկ Ռեիզյանի անվամբ 07.12.2005 թվականի թիվ 01-001-Կ-76 մատյանի 000232 համարի տակ կատարվել է ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի գրանցում, և նրանց անվամբ տրվել է թիվ 2118005 վկայական:
Նաիրա Ռեիզյանի, Ինգա և Իռենա Աբգարյանների ներկայացրած փաստաթղթերը չեն կարող դիտվել նոր երևան եկած հանգամանքներ:
3. Բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. 09.12.1994 թվականի թիվ 12884 սեփականության վկայականի համաձայն՝ Վեներա Մինասյանը Բաշինջաղյան փողոցի 190 շենքի թիվ 2 բնակարանի սեփականատերն է: Սեփականության վկայականի տրման հիմքում դրվել են Երքաղխորհրդի գործկոմի 04.09.1991 թվականի թիվ 16/3 և Մաշտոցի շրջգործկոմի 10.11.1994 թվականի թիվ 24/4 որոշումները (գ. թ. 7):
2. 07.12.2005 թվականի թիվ 2118005 սեփականության վկայականի համաձայն՝ Վեներա Մինասյանը և Անդրանիկ Ռեիզյանը Բաշինջաղյան փողոցի 190 շենքի թիվ 2 բնակարանի սեփականատերերն են: Սեփականության վկայականի տրման հիմքում դրվել է Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի՝ (այսուհետ՝ Դատարան) օրինական ուժի մեջ մտած 02.11.2005 թվականի թիվ 2-2298 վճիռը (գ. թ. 8): Նշված վճռով ճանաչվել է Անդրանիկ Ռեիզյանի սեփականության իրավունքը վիճելի բնակարանի նկատմամբ, որպես ամուսնության ընթացքում ձեռք բերված գույք:
3. Վերաքննիչ դատարանի 20.06.2007 թվականի թիվ 07-2053 վճռով հասատատվել է, որ Վեներա Մինասյանը և Անդրանիկ Ռեիզյանը Երևանի Բաշինջաղյան փողոցի 190 շենքի թիվ 2 բնակարանի սեփականատերերն են: Վճռի հիմքում դրվել է թիվ 2118005 սեփականության իրավունքի վկայականը (գ. թ. 12):
4. Երևան քաղաքի ժողովրդական պատգամավորների Մաշտոցի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 10.11.1994 թվականի թիվ 24/4 որոշմամբ Նաիրա Ռեիզյանի դիմումի հիման վրա Վեներա Մինասյանը ճանաչվել է «Ժիլկոոպ 25» բնակշինկոոպի թիվ 2 երկուսենյականոց բնակարանի փայատեր (գ. թ. 16):
5. Երևանի Աջափնյակի թաղապետի կողմից Կադաստրի «Դավթաշեն» տարածքային ստորաբաժանման ղեկավարին տրված 20.01.2005 թվականի թիվ 55 տեղեկանքի համաձայն` Աջափնյակ համայնքի Բաշինջաղյան փողոցի 190 շենքի թիվ 2 բնակարանի՝ Մաշտոցի շրջխորհրդի 10.11.1994 թվականի թիվ 24/4 որոշմամբ 4 անձով համասեփականատերեր են Վեներա Մինասյանը, Նաիրա Ռեիզյանը, Ինգա և Իռենա Աբգարյանները (գ. թ. 17):
6. «Ժիլկոոպ 25» կոոպերատիվի նախագահի 25.11.1994 թվականի տեղեկանքի համաձայն՝ Վեներա Մինասյանը Մաշտոցի շրջգործկոմի 10.11.1994 թվականի որոշմամբ ճանաչվել է «Ժիլկոոպ-25» երկուսենյականոց բնակարանի փայատեր, և Աջափնյակ համայնքի Բաշինջաղյան փողոցի 190 շենքի թիվ 2 բնակարանի արժեքը կազմող 5600 ռուբլին ամբողջովին վճարված է (գ. թ. 18):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20411-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե՝ բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:
Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայվում է, եթե բողոք բերած անձն ապացուցում է, որ՝
1. այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ
2. այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և
3. այդ հանգամանքները էական նշանակություն ունեն գործի լուծման համար:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար, նոր երևան եկած հանգամանքի էական լինելը յուրաքանչյուր գործով որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն՝ արդյոք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե՝ ոչ:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը վճռի հիմքում դնելով սեփականության իրավունքի թիվ 2118005 վկայականը՝ հաստատել է, որ Վեներա Մինասյանը և Անդրանիկ Ռեիզյանը Երևանի Բաշինջաղյան փողոցի 190 շենքի թիվ 2 բնակարանի սեփականատերերն են, իսկ Նաիրա Ռեիզյանը, Ինգա և Իռենա Աբգարյաններն այդ բնակարանի նկատմամբ ունեն օգտագործման իրավունք:
Վերաքննիչ դատարանի 20.07.2007 թվականի վճռի ուսումնասիրման արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձինք չեն ապացուցել իրենց կողմից վկայակոչված հանգամանքների նոր երևան եկած լինելու փաստը:
Մասնավորապես, բողոք բերած անձանց կողմից որպես նոր երևան եկած հանգամանքներ ներկայացվել են Մաշտոցի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 10.11.1994 թվականի թիվ 24/4 որոշումը, ըստ որի՝ Նաիրա Ռեիզյանի դիմումի հիման վրա Վեներա Մինասյանը ճանաչվել է «Ժիլկոոպ 25» բնակշինկոոպի թիվ 2 երկուսենյականոց բնակարանի փայատեր, Երևանի Աջափնյակի թաղապետի կողմից Կադաստրի «Դավթաշեն» տարածքային ստորաբաժանման ղեկավարին տրված 20.01.2005 թվականի թիվ 55 տեղեկանքը, համաձայն որի՝ Աջափնյակ համայնքի Բաշինջաղյան փողոցի 190 շենքի թիվ 2 բնակարանի՝ Մաշտոցի շրջխորհրդի 10.11.1994 թվականի թիվ 24/4 որոշմամբ 4 անձով համասեփականատերեր են Վեներա Մինասյանը, Նաիրա Ռեիզյանը, Ինգա և Իռենա Աբգարյանները, ինչպես նաև «Ժիլկոոպ 25» կոոպերատիվի նախագահի 25.11.1994 թվականի տեղեկանքը, ըստ որի՝ Աջափնյակ համայնքի Բաշինջաղյան փողոցի 190 շենքի թիվ 2 բնակարանի արժեքը 5600 ռուբլի է, և այն ամբողջովին վճարված է:
Մինչդեռ, բողոք բերողների կողմից չեն ներկայացվել Երևան քաղաքի ժողովրդական պատգամավորների Մաշտոցի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 10.11.1994 թվականի թիվ 24/4 որոշումը, Երևանի Աջափնյակի թաղապետի կողմից Կադաստրի «Դավթաշեն» տարածքային ստորաբաժանման ղեկավարին տրված 20.01.2005 թվականի թիվ 55 և «Ժիլկոոպ 25» կոոպերատիվի նախագահի 25.11.1994 թվականի տեղեկանքները իրենցից անկախ պատճառներով գործի քննության ընթացքում չներկայացնելու հանգամանքը հիմնավորող որևէ ապացույց:
Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն պատճառաբանությանը, որ դրանք դատարան չեն ներկայացվել իրենցից անկախ պատճառներով, քանի որ դրանք ձեռք են բերել միայն փաստաբանի կողմից Կադաստրի «Դավթաշեն» տարածքային ստորաբաժանմանը կատարած 27.08.2008 թվականի թիվ 154/ՆՌ-02 հարցման արդյունքում, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանով չի հիմնավորվում այդ ապացույցները նախկինում ձեռք բերելու և դատարան ներկայացնելու անհնարինությունը հետևյալ պատճառաբանությամբ՝
Սույն գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները:
Սույն գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը, որը հնարավորություն չունի անհրաժեշտ ապացույցն ինքնուրույն ձեռք բերել գործին մասնակցող կամ չմասնակցող այլ անձից, որի մոտ այն գտնվում է, իրավունք ունի տվյալ ապացույցը պահանջելու միջնորդությամբ դիմել դատարան: Միջնորդությունում պետք է նշվեն ապացույցը, գործի համար նշանակություն ունեցող այն հանգամանքները, որոնք կարող են հաստատվել այդ ապացույցով, ինչպես նաև ապացույցի գտնվելու վայրը, եթե այն հայտնի է:
Նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ գործին մասնակցող անձն է կրում իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքների ապացուցման պարտականությունը: Ընդ որում, անհրաժեշտ ապացույցն ինքնուրույն ձեռք բերելու հնարավորություն չունենալու դեպքում գործին մասնակցող անձն իրավունք ունի տվյալ ապացույցը պահանջելու միջնորդությամբ դիմել դատարան:
Հիմք ընդունելով վերոգյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մաշտոցի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 10.11.1994 թվականի թիվ 24/4 որոշումը, Երևանի Աջափնյակի թաղապետի կողմից Կադաստրի «Դավթաշեն» տարածքային ստորաբաժանման ղեկավարին տրված 20.01.2005 թվականի թիվ 55 և «Ժիլկոոպ 25» կոոպերատիվի նախագահի 25.11.1994 թվականի տեղեկանքները, նոր երևան եկած հանգամանքներ չեն, քանի որ բողոք բերած անձինք զրկված չէին նշված փաստաթղթերը սույն գործի քննության ընթացքում պահանջելու և այն դատարանին ներկայացնելու հնարավորությունից:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձանց կողմից բերված հանգամանքները սույն գործի լուծման համար էական նշանակություն չունեն հետևյալ պատճառաբանությամբ՝
«Սպառողական կոոպերացիայի մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 13.12.1993 թվականին, հրապարակվել և ուժի մեջ է մտել 30.12.1993 թվականին տես՝ ՀՀ Գերագույն խորհրդի 13.12.1993 թվականի «Սպառողական կոոպերացիայի մասին» ՀՀ օրենքը կիրարկելու մասին որոշումը) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սպառողական ընկերության գույքը պատկանում է փայատերերին` կոլեկտիվ սեփականության իրավունքով:
Սույն գործում առկա են 09.12.1994 թվականի թիվ 12884 սեփականության վկայականը, ըստ որի՝ Վեներա Մինասյանը Բաշինջաղյան փողոցի 190 շենքի թիվ 2 բնակարանի սեփականատերերն է, և որպես նոր երևան եկած հանգամանք ներկայացված «Ժիլկոոպ 25» կոոպերատիվի նախագահի 25.11.1994 թվականի տեղեկանքը, ըստ որի՝ Վեներա Գևորգի Մինասյանը Մաշտոցի շրջգործկոմի 10.11.1994 թվականի որոշմամբ ճանաչվել է «Ժիլկոոպ-25» Բաշինջաղյան փողոցի 190 շենքի թիվ 2 հասցեում գտնվող երկուսենյականոց բնակարանի փայատեր և բնակարանի արժեքը կազմող 5600 ռուբլին ամբողջովին վճարել է, ինչպես նաև հետագայում տրված 07.12.2005 թվականի թիվ 2118005 սեփականության վկայականը, ըստ որի՝ Անդրանիկ Ռեիզյանը Դատարանի 02.11.2005 թվականի թիվ 2-2298 վճռով, որպես ամուսնության ընթացքում գույք ձեռք բերած անձ, նույնպես ճանաչվել է վիճելի բնակարանի սեփականատեր:
Սույն գործի փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճելի բնակարանի նկատմամբ որպես «Ժիլկոոպ-25» կոոպերատիվի փայատեր է Վեներա Մինասյանը, իսկ Անդրանիկ Ռեիզյանը հետագայում, որպես ամուսնության ընթացքում գույք ձեռք բերած անձ, Դատարանի 02.11.2005 թվականի թիվ 2-2298 վճռով նույնպես ճանաչվել է վիճելի բնակարանի համասեփականատեր:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Նաիրա Ռեիզյանի, Ինգա և Իռենա Աբգարյանների սեփականության իրավունքի ծագման հիմքը վիճելի բնակարանի նկատմամբ բացակայում է:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20418-րդ, 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Նաիրա Ռեիզյանի, Ինգա և Իռենա Աբգարյանների վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 20.06.2007 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Մ. Դրմեյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Է. Հայրիյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |