ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N ԱԽ-5-Ո-11
2008թ.
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ԵՎ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ Մ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, ԵՐԵՎԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ Կ. ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԵՎ ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
նախագահությամբ |
Հ. Մանուկյանի |
մասնակցությամբ ԱԽ անդամներ |
Վ. Աբելյանի, Ս. Անտոնյանի, Մ. Սիմոնյանի, Ա. Թումանյանի, Ա. Խաչատրյանի, Մ. Մարտիրոսյանի, Տ. Պետրոսյանի, Ն. Տավարացյանի, Հ. Մովսեսյանի, Տ. Բարսեղյանի, Գ. Բադիրյանի, Հ. Փանոսյանի |
մասնակցությամբ դատավորներ |
Մ. Խաչատրյանի, Մ. Պետրոսյանի, Կ. Ղազարյանի |
քարտուղարությամբ |
Շ. Վարդանյանի |
2008 թվականի հունիսի 26-ին Երևան քաղաքում՝ դռնփակ նիստում, քննարկելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մ. Խաչատրյանին, Երևանի քրեական դատարանի դատավոր Կ. Ղազարյանին և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մ. Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.
2008 թվականի ապրիլի 9-ին Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի թիվ N-Կ-2-09/08 որոշմամբ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մ. Խաչատրյանի, Երևանի քրեական դատարանի դատավոր Կ. Ղազարյանի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մ.Պետրոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ դատարաններում կատարված դատական պրակտիկայի ամփոփման արդյունքները:
2. Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.
Կարգապահական հանձնաժողովը Արդարադատության խորհրդին է ներկայացրել եզրակացություն՝ կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող ներքոհիշյալ խախտումների վերաբերյալ, որոնք հանձնաժողովը գնահատել է որպես նյութական և դատավարական նորմերի ակնհայտ խախտումներ:
Ըստ եզրակացության՝
Նախաքննության մարմնի կողմից Հակոբ Գագիկի Հովհաննիսյանին ՀՀ քր. օր-ի 112-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա 2007 թվականի հուլիսի 29-ին, ժամը 1300 -ի սահմաններում, Երևան քաղաքի Բաշինջաղյան 1-ին փողոցի վրա գտնվող թիվ 156 միջնակարգ դպրոցի մոտ Արա Խաչատրյանի հետ անձնական փոխհարաբերությունների շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, մարմնական վնասվածքներ հասցնելու նպատակով հետապնդել և դանակով հարվածել է վիճաբանությանը միջամտող անչափահաս Նարեկ Թումասյանին և դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող` ծանր վնաս:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի նոյեմբերի 23-ի դատավճռով Հ.Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման՝ 3 (երեք) տարի ժամկետով:
Ամբաստանյալ Հ.Հովհաննիսյանի և վերջինիս պաշտպանի վերաքննիչ բողոքների հիման վրա քննելով գործը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը պատժի մասով փոփոխել է Հ.Հովհաննիսյանի վերաբերյալ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավճիռը: 2007 թվականի դեկտեմբերի 21-ի դատավճռով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Հակոբ Հովհաննիսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտել ազատազրկման՝ 1 (մեկ) տարի ժամկետով:
Հ. Հովհաննիսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առել այն, որ Հ.Հովհաննիսյանի հարազատների կողմից կամովին հատուցվել է հանցագործությամբ պատճառված գույքային վնասը, որ նա զղջացել է կատարածի համար, ինչպես նաև այն, որ տուժողը նշել է, որ հաշտվել է ամբաստանյալի հետ և խնդրել նրա նկատմամբ մեղմ պատիժ նշանակել:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վերոնշյալ հանգամանքների հետ մեկտեղ դատապարտյալ Հ.Հովհաննիսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ «ամբաստանյալն անչափահաս տուժողին չի ճանաչել, նրա նկատմամբ թշնամություն և մարմնական վնասվածք հասցնելու որևէ դիտավորություն չի ունեցել, ուստի նրա գործողությունները վերջին հաշվով պայմանավորված են սույն գործով վկա Արա Խաչատրյանի անօրինական գործողությունների ու նրա կողմից դրսևորած վարքագծի հետևանքով ամբաստանյալի տղամարդկային արժանապատվությունը նսեմացնելու հետ»:
Վերաքննիչ քրեական դատարանը գտել է, որ նշված հանգամանքներն էականորեն նվազեցնում են հանցանքի՝ հանրային վտանգավորության աստիճանը, ուստի մատնանշված հանգամանքներն իրենց համակցությամբ դիտում է որպես բացառիկ հանգամանքների համակցություն:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի դատավճռի դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը վճռաբեկ բողոք է բերել:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր 29.02.2008թ. թիվ ՎԲ-13/08 որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարել է` Հակոբ Գագիկի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի դատավճիռը բեկանել և օրինական ուժ է տվել Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի նոյեմբերի 23-ի դատավճռին:
Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը գտել է, որ դատավճռում նշված այն հետևությունը, որ «ամբաստանյալն անչափահաս տուժողին մարմնական վնասվածք հասցնելու որևէ դիտավորություն չի ունեցել», հիմնավոր չէ, քանի որ Հ.Հովհաննիսյանը դատապարտվել է ուղղակի դիտավորությամբ տուժողին դանակով հարվածելու և կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս պատճառելու համար, հետևաբար, քննարկվող հանգամանքի առկայությունը գործով ձեռք բերված ապացույցներով ոչ միայն չի հաստատվում, այլև ուղղակիորեն հերքվում է: Միաժամանակ, հաստատված ճանաչելով այն հանգամանքը, որ վկա Արա Խաչատրյանը թույլ է տվել «անօրինական գործողություններ»՝ վերաքննիչ դատարանը չի պահպանել ապացուցման ընդհանուր քրեադատավարական կանոնները, քանի որ չի մատնանշվել, թե կոնկրետ ինչ դրսևորում են ունեցել վկա Ա.Խաչատրյանի «անօրինական գործողությունները»: Այնինչ, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 4-րդ մասի՝ «Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»: Օրենքի այս պահանջի հիման վրա՝ դատարանը պարտավոր է դատավճռում շարադրված հետևությունների և դրանց հիմք կազմող փաստերի միջև ապահովել տրամաբանական (պատճառահետևանքային) կապ:
Քրեական գործով բացակայում է տրամաբանական կապը՝ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի կողմից մեղմացնող ճանաչված հավելյալ այն հանգամանքների միջև, որ «ամբաստանյալն անչափահաս տուժողին չի ճանաչել, նրա նկատմամբ թշնամություն չի ունեցել» և, որ Հ.Հովհաննիսյանի «գործողությունները վերջին հաշվով պայմանավորված են սույն գործով վկա Արա Խաչատրյանի անօրինական գործողությունների ու նրա կողմից դրսևորած վարքագծի հետևանքով ամբաստանյալի տղամարդկային արժանապատվությունը նսեմացնելու հետ»:
Գործի նյութերով հիմնավորված չէ նաև պատճառահետևանքային կապը «վկա Արա Խաչատրյանի կողմից դրսևորած վարքագծի», «ամբաստանյալի տղամարդկային արժանապատվությունը նսեմացնելու» և կատարված հանցագործության՝ տուժող Ն. Թումասյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու միջև:
Դրա հետ մեկտեղ հաստատված է այն փաստը, որ Հ.Հովհաննիսյանը հետապնդել, բռնել, դանակով հարվածել ու ծանր մարմնական վնաս է պատճառել մի անձի, որը որևէ առնչություն չուներ դատապարտյալի «տղամարդկային արժանապատվությունը» ենթադրաբար նսեմացնելու հետ:
Կարգապահական հանձնաժողովը հանգել է այն հետևության, որ հանցավորի տղամարդկային արժանապատվությունը նսեմացնելու հանգամանքը հաստատված ճանաչելով, այն որպես հանցավորի պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք հաշվի առնելով և արդյունքում՝ ամբաստանյալ Հ.Հովհաննիսյանի նկատմամբ ակնհայտ անարդարացի պատիժ նշանակելով` վերաքննիչ քրեական դատարանն արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել նյութական իրավունքի ակնհայտ խախտումներ:
Ավելին` քննության առնելով Հ.Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառման իրավաչափության հարցը՝ Կարգապահական հանձնաժողովը հանգել է այն հետևության, որ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բացառիկ ճանաչված հանգամանքների համակցությունը՝ այն, որ դատապարտյալն «ընդունում է իր կողմից կատարած արարքը, անկեղծորեն զղջում է, կամովին հատուցել է հանցագործությամբ պատճառված նյութական վնասը, տուժողը հաշտվել է ամբաստանյալի հետ և խնդրել է վերջինիս նկատմամբ նշանակել ավելի մեղմ պատիժ», չէր կարող էականորեն նվազեցնել Հ. Հովհաննիսյանի արարքի հանրային վտանգավորությունը, և այդ հանգամանքներն այն աստիճան առանձնահատուկ չեն, որ տվյալ գործը դարձնեն բացառիկ: Մինչդեռ, օրենքում օգտագործված «բացառիկ» բառը ենթադրում է, որ տվյալ փաստական հանգամանքը կամ դրանց համակցությունը դուրս են գալիս սովորականի շրջանակներից: Այլ կերպ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառման համար հիմք հանդիսացած մեղմացնող հանգամանքը կամ մեղմացնող հանգամանքների համակցությունը պետք է այն աստիճան առանձնահատուկ լինեն, որ վերածվեն բացառության:
Վերոգրյալը հաշվի առնելով, Կարգապահական հանձնաժողովը գտել է, որ Հ.Հովհաննիսյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների համակցությունը որպես բացառիկ գնահատելով՝ վերաքննիչ քրեական դատարանը չի պահպանել ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի պահանջները և այդ հոդվածն առանց բավարար հիմքի կիրառելու արդյունքում Հ.Հովհաննիսյանի նկատմամբ նշանակել է ակնհայտ մեղմ պատիժ: Դրա արդյունքում խախտվել են արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքն ամրագրող ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածը, պատժի նշանակման ընդհանուր սկզբունքներն ամրագրող ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածը, ինչպես նաև պատժի նպատակներն ամրագրող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածը:
3. Դատավորների բացատրությունում բերված փաստարկները Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Դատավորներ Մ. Խաչատրյանը, Մ. Պետրոսյանը և Կ. Ղազարյանը չառարկեցին եզրակացության մեջ նշված փաստերի առկայության դեմ, վիճարկեցին դրանց որակումը որպես կարգապահական խախտում:
Մասնավորապես.
Դատավորները նշեցին, որ դատարանը ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առել մի շարք հանգամանքներ, որոնք նրա պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող են եղել և դրանց համակցությունը ճանաչվել է որպես բացառիկ հանգամանք: Հաշվի է առնվել նաև ծանրացնող որևէ հանգամանքի բացակայությունը:
ՀՀ քրեական օրենսգրքի 64 հոդվածի 2-րդ մասի համաձայն բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցությունը:
Դատավորները նշել են, որ բացառիկ հանգամանքի վերաբերյալ եզրահանգումները դատարանի հայեցողական լիազորությունն է, որի հիմքում ընկած է դատարանի անկախությունը:
Նրանց կարծիքով, սույն գործով դատարանն ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս քրեական օրենքի որևէ խախտում թույլ չի տվել, քանի որ դատարանի եզրահանգումները հիմնված են քրեական օրենսգրքի համապատասխան դրույթների վրա:
Դատարանը յուրաքանչյուր գործով պատժի տեսակն ու չափը որոշելիս, քրեական օրենսգրքի 10-րդ գլխով ղեկավարվելով, մեղավոր անձի նկատմամբ պատիժ նշանակելիս հիմնվում է օրենքի և իր ներքին համոզման վրա:
ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն` հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը պետք է լինի արդարացի, համապատասխանի հանցանքի ծանրությանը, այն կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը և, որը առավել կարևոր է, բավարար լինի նրան ուղղելու և նոր հանցագործություններ կանխելու համար:
Քննության առնելով Հակոբ Հովհաննիսյանի վերաբերյալ քրեական գործը, վերաքննիչ դատարանը եկել է եզրակացության, որ գործի կոնկրետ հանգամանքները հաշվի առնելով, ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանքները նկատի ունենալով և ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ պատիժ նշանակելով` դատարանը պահպանել է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները:
Ինչ վերաբերում է դատավճռով նշված այն հանգամանքին, որ ամբաստանյալը տուժողին մարմնական վնասվածք հասցնելու դիտավորություն չի ունեցել, ինչը իրավացիորեն նշված է վարույթ հարուցելու որոշման մեջ, ապա իրականում պետք է նշվեր ոչ թե դիտավորություն, այլ նպատակ բառը: Ընդ որում, այստեղ դատարանը անդրադարձել է ոչ թե արարքի որակմանը, այլ դեպքի հանգամանքներին: Սակայն անկախ հիշյալ հանգամանքի առկայությունից կամ բացակայությունից, գործում եղած պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող մնացած հանգամանքները լիարժեք բավարար էին ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ պատիժ նշանակելու համար:
Դատավորները նշել են, որ վերաքննիչ քրեական դատարանը հաշվի է առել գործով առկա մեղմացնող հանգամանքները, այդպիսիք դիտվել են բացառիկ, սակայն Կարգապահական հանձնաժողովը գտել է, որ նշված հանգամանքները բացառիկ չեն: Օրենսդիրը չի տալիս բացառիկ հանգամանքի հասկացությունը: Քրեական իրավունքի տեսության մեջ ընդունված է բացառիկ դիտել երկու և ավելի պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքի գոյությունը: Այսինքն նշված հարցը գնահատողական է:
Ելնելով վերոգրյալից դատավորները խնդրել են իրենց նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը կարճել:
4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Խորհուրդը հիմք է ընդունում Կարգապահական հանձնաժողովի եզրակացությամբ արձանագրված հետևյալ փաստերը.
1. Դատապարտյալ Հակոբ Հովհաննիսյանը 2007 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 1300 -ի սահմաններում, Երևան քաղաքի Բաշինջաղյան 1-ին փողոցի վրա գտնվող թիվ 156 միջնակարգ դպրոցի մոտ Արա Խաչատրյանի հետ անձնական փոխհարաբերությունների շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ հասցնելու նպատակով հետապնդել և դանակով հարվածել է վիճաբանությանը միջամտող անչափահաս Նարեկ Թումասյանին և դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող` ծանր վնաս:
2. Դատապարտյալ Հ.Հովհաննիսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը` որպես պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առել այն, որ Հ.Հովհաննիսյանի հարազատների կողմից կամովին հատուցվել է հանցագործությամբ պատճառված գույքային վնասը, որ նա զղջացել է կատարածի համար, ինչպես նաև այն, որ տուժողը նշել է ամբաստանյալի հետ հաշտվելու մասին և խնդրել նրա նկատմամբ մեղմ պատիժ նշանակել:
3. Վերաքննիչ քրեական դատարանը դատապարտյալ Հ.Հովհաննիսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առել այն հանգամանքը, որ «ամբաստանյալն անչափահաս տուժողին չի ճանաչել, նրա նկատմամբ թշնամություն և մարմնական վնասվածք հասցնելու որևէ դիտավորություն չի ունեցել, ուստի նրա գործողությունները վերջին հաշվով պայմանավորված են սույն գործով վկա Արա Խաչատրյանի անօրինական գործողությունների ու նրա կողմից դրսևորած վարքագծի հետևանքով ամբաստանյալի տղամարդկային արժանապատվությունը նսեմացնելու հետ»:
4. Վերաքննիչ քրեական դատարանը գտել է, որ նշված հանգամանքներն էականորեն նվազեցնում են հանցանքի՝ հանրային վտանգավորության աստիճանը, և դրանք համակցության մեջ ճանաչել է բացառիկ:
5. Կարգապահական խախտման վերաբերյալ Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությանը կից ներկայացված եզրակացության համաձայն` դատավորներ Մ. Խաչատրյանի, Մ. Պետրոսյանի, Կ. Ղազարյանի կողմից պատիժ նշանակելիս չի պահպանվել ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի պահանջները և այդ հոդվածն առանց բավարար հիմքի կիրառելու արդյունքում Հ.Հովհաննիսյանի նկատմամբ նշանակվել է ակնհայտ մեղմ պատիժ: Դրա արդյունքում խախտվել են արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքն ամրագրող ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածը, պատժի նշանակման ընդհանուր սկզբունքներն ամրագրող ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածը, ինչպես նաև պատժի նպատակներն ամրագրող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածը, ինչն էլ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հիմք է հանդիսանում:
5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Խորհուրդը որպես կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք արձանագրում է այն, որ վերաքննիչ քրեական դատարանի դատավորների կողմից թույլ են տրվել նյութական և դատավարական օրենքի խախտումներ, որպիսի հանգամանքը հաստատվել է ՀՀ վճռաբեկ դատարանի 2008թ. փետրվարի 29-ի` Հակոբ Հովհաննիսյանի վերաբերյալ կայացված որոշումը: Խորհուրդը նպատակահարմար չի գտնում անդրադառնալ վճռաբեկ դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ արդեն իսկ հաստատված հանգամանքներին:
Քննարկելով ներկայացված միջնորդությունը, ուսումնասիրելով միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերը և դատավորների բացատրությունները` Խորհուրդը գտնում է, որ սույն գործով կիրառելի է ՀՀ դատական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն՝ եթե Արդարադատության խորհուրդը նպատակահարմար չի գտնում դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժի միջոց, ապա կարող է բավարարվել հարցի քննարկմամբ` որոշմամբ ամրագրելով կարգապահական պատասխանատվության հիմքերի առկայությունը և կարճելով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը:
Սույն կարգապահական վարույթը Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցվել է դատավորներ Մ. Խաչատրյանի, Մ. Պետրոսյանի, Կ. Ղազարյանի կողմից նյութական և դատավարական նորմերի ակնհայտ խախտումներ թույլ տալու հիմքով: Խորհուրդը գտնում է, որ այն դեպքերում, երբ կարգապահական պատասխանատվության հիմք են դատավորի կողմից նյութական կամ դատավարական նորմերի ակնհայտ խախտումները, Խորհուրդը ելնում է դատավորի մեղավորության կանխավարկածից, քանի որ դատական ակտերը, որոնք պարունակում են նյութական և դատավարական օրենքի նորմերի խախտումներ, չեն կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ:
Խորհուրդը դատավարական և նյութական օրենքների նորմերի վերը նշված խախտումները բնութագրում է որպես ակնհայտ այն պատճառաբանությամբ, որ դրանցով խախտվել են արդարադատության իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքների, միջազգային պայմանագրերի նորմերի պահանջները, որոնք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել վերոհիշյալ իրավական ակտերով երաշխավորված իրավունքների և ազատությունների սահմանափակմանը, դրանցից զրկելուն, գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը խոչընդոտելուն և ազդել են կամ կարող են ազդել գործով ճիշտ և օրինական որոշման կայացմանը (Խորհուրդը նյութական կամ դատավարական օրենքի նորմերի ակնհայտ խախտման վերաբերյալ իր իրավական դիրքորոշումն արտահայտել է նախկինում կայացված որոշումներում. տես օրինակ՝ Արդարադատության խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 12-ի ԱԽ-7-Ո-18 թվակիր որոշումը):
Միաժամանակ Խորհուրդը հարկ է համարում արձանագրել նաև, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մ. Խաչատրյանը դատավորի պաշտոնը ստանձնել է 1991 թվականից, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մ. Պետրոսյանը` 2000 թվականից, Երևանի քրեական դատարանի դատավոր Կ. Ղազարյանը` 1999 թվականից: Բացի այդ այս դատավորները փորձառու դատավորներ են, աչքի են ընկել օրինավոր վարքագծով, իրենց գործունեությամբ նպաստում են արդարադատության որակի բարձրացմանը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 162-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը մերժել: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մ. Խաչատրյանին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մ. Պետրոսյանին և Երևանի քրեական դատարանի դատավոր Կ. Ղազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճել` բավարարվելով հարցի քննարկմամբ:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Արդարադատության խորհրդի անդամներ` | Վ. ԱԲԵԼՅԱՆ |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ | |
Ա. ԹՈՒՄԱՆՅԱՆ | |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ | |
Մ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ | |
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ | |
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ | |
Տ. ԲԱՐՍԵՂՅԱՆ | |
Հ. ՓԱՆՈՍՅԱՆ | |
Գ. ԲԱԴԻՐՅԱՆ |