Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.10.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.11.14/55(579)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
10.10.2007
Подписан
Նախագահող
Дата подписания
10.10.2007
Дата вступления в силу
10.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն
համայնքների առաջին ատյանի
դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 2-150/2006 թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-1293 (Ա)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Սմբատյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Գյուրջյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ս. Սարգսյանի

2007 թվականի հոկտեմբերի 10-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Մնացական Բարիկյանի վճռաբեկ բողոքը՝ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 28.03.2006 թվականի վճռի դեմ՝ ըստ Զաբելա Խաչատրյանի դիմումի՝ սեփականության իրավունքով գույքի տիրապետման փաստը հաստատելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Զաբելա Խաչատրյանը խնդրել է հաստատել սեփականության իրավունքով գույքը՝ Երևանի Ա. Վշտունու 2-րդ նրբանցքի թիվ 7 տունը, տիրապետելու փաստը:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 28.03.2006 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մնացական Բարիկյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետը, որի արդյունքում խախտել է նույն օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված անձի՝ դատաքննությանը մասնակից դարձվելու իրավունքը:

Բողոք բերած անձն իր պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:

Դատարանը գործը քննել է բողոք բերած անձի բացակայությամբ, որը մասնակից չի դարձվել դատաքննությանը և նրա իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:

Այսինքն, գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները որոշելիս, դատարանը հստակ չի պարզել, թե արդյո՞ք Զաբելա Խաչատրյանը հանդիսանում է համապատասխան գույքի սեփականության իրավունքով տիրապետող միակ անձը, թե ոչ և արդյո՞ք այն վճիռը, որը դատարանը կայացնում է չի շոշափում այլ անձանց իրավունքները և պարտականությունները:

2) Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք.

Բողոք բերած անձն իր պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:

Գործի համար էական նշանակություն ունեցող նոր երևան եկած հանգամանք է այն փաստը, որ Մնացական Բարիկյանը ժառանգությունը ընդունած և գույքը փաստացի տիրապետող ժառանգ է:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 28.03.2006 թվականի վճիռը և Երևանի Ա. Վշտունու 2 նրբանցքի թիվ 7 հասցեի հողամասի և բնակելի տան սեփականության իրավունքով տիրապետելու փաստը հաստատելու պահանջի մասին Զաբելա Խաչատրյանի դիմումը թողնել առանց քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Հայկական ՍՍՌ Կոմունալ տնտեսության մինիստրության կողմից 06.07.1955 թվականի թիվ 1648 գույքաթերթի և հատակագծի համաձայն՝ Շահումյան 1-ին Պարոնյան (ներկայումս Ա. Վշտունու) 2-րդ փակուղու թիվ 7 տունը պատկանում է Մամիկոն Բարիկյանին:

2) Մնացական Բարիկյանը Մամիկոն Բարիկյանի որդին է, հաշվառված է և իր ընտանիքի հետ մշտապես բնակվում է Երևանի Ա. Վշտունու 2 նրբանցք թիվ 7 հասցեում (հիմք՝ բողոքին կից ներկայացված Մնացական Բարիկյանի անձնագիրը, ծննդյան վկայականը, Երևանի Աջափնյակ համայնքի 23.04.2007 թվականի թիվ 02 տեղեկանքը):

3) 28.03.2006 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին դատարանի կողմից Մնացական Բարիկյանին պատշաճ ձևով տեղեկացնելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ: Դատարանը գործը քննել է Մնացական Բարիկյանի բացակայությամբ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործով Զաբելա Խաչատրյանը դիմում է ներկայացրել Դատարան՝ սեփականության իրավունքով գույքի տիրապետման փաստը հաստատելու պահանջով: Դատարանը, առանց բողոք բերած անձին դատավարությանը մասնակից դարձնելու, բավարարել է դիմումը` հաստատել է Զաբելա Խաչատրյանի կողմից վեճի առարկա բնակարանը սեփականության իրավունքով տիրապետելու փաստը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, բեկանել է դատական ակտը (իրավական հիմնավորումները տես` Գյումրու քաղաքապետարան ընդդեմ Ֆելիքս Թորոսյան, 17.11.2006թ., քաղաքացիական գործ թիվ 3-2343/ՎԴ (զբաղեցրած բնակարանից ընտանիքի անդամների հետ միասին վտարելու պահանջով)):

Վերը նշվածի հիման վրա` Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը վճիռ կայացնելիս որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել և որոնք չեն պարզվել:

Վերոնշյալ հոդվածով ահմանվում է դատարանի պարտականությունը՝ պարզելու գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները, այսինքն ապացուցման առարկան:

Հիմք ընդունելով վերոնշյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով վճիռ կայացնելիս Դատարանը ամբողջ ծավալով չի պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները, որի արդյունքում խախտել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի պահանջները: Մասնավորապես, սույն քաղաքացիական գործով Դատարանը պետք է պարզեր Երևանի Ա. Վշտունու 2-րդ նրբանցքի թիվ 7 տունը սեփականության իրավունքով տիրապետող այլ անձանց առկայության հարցը:

2) վճռաբեկ բողոքը երրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը նոր երևան եկած հանգամանքի առկայության վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկը հիմնավոր չի համարում, իսկ իր նախկինում կայացրած որոշումներում արդեն իսկ անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել գործին մասնակից չդարձած անձի կողմից նոր երևան եկած հանգամանքների հիմքով վճռաբեկ բողոք բերելու իրավունքին (իրավական հիմնավորումները տես` «Ակցեռն» ՍՊԸ ընդդեմ «Ռիելթորների և Գնահատողների Ազգային Ասոցիացիա» իրավաբանական անձանց միություն, գործին մասնակից չդարձած «Ալ Տանդեմ», «Ֆիրմա Ագատ» և «Մադաթյան և որդիներ» ՍՊ ընկերություններ, 26.10.2006 թվական, քաղաքացիական գործ թիվ 3-2022/ՏԴ (մինչև իրավունքների խախտումը եղած դրությունը վերականգնելու և իրավունքները խախտող կամ դրանց խախտման վտանգ ստեղծող գործողությունները կանխելու պահանջների մասին):

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված՝ հայցն առանց քննության թողնելու լիազորությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումը քննելիս վեճ է ծագել իրավունքի մասին:

Թեև սույն քաղաքացիական գործով առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ ի հայտ չեն եկել այլ տիրապետողներ, և ըստ էության ծագած չի եղել վեճ իրավունքի մասին, սակայն հետագայում՝ դատարանի վճռի մասին տեղեկացվելուց հետո, Մնացական Բարիկյանը վճռաբեկ բողոք ներկայացնելով՝ վիճարկել է Զաբելա Խաչատրյանի՝ վեճի առարկա հանդիսացող գույքի միակ տիրապետող լինելու հանգամանքը: Այսինքն՝ իրավունքի մասին ծագել է վեճ: Թեև իրավունքի մասին վեճը ծագել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ավարտից հետո, սակայն Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այս պարագայում ևս կիրառելի է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված պահանջն այն մասին, որ եթե վեճ է ծագել իրավունքի մասին իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումը քննելիս, ապա դատարանը դիմումը թողնում է առանց քննության (տես օրինակ՝ Էդիկ Բալայանի դիմումը, 28.09.2006 թ. քաղաքացիական գործ թիվ 3-1805(Ա) (ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին)):

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը, ինչպես նաև վերոնշյալ պատճառաբանությունները, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի և 103-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն, վճռաբեկ բողոքը բավարարելու` Դատարանի վճիռը բեկանելու և դիմումն առանց քննության թողնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետով և 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 28.03.2006 թվականի վճիռը և դիմումը թողնել առանց քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

 

Ս. Գյուրջյան

 

Ս. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան