ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
20 փետրվարի 2007 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Դ. Լոքյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում քննեց «2007 թվականի հունվարի 17-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև Արտադրական ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի փոխառության համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության և Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) միջազգային զարգացման հիմնադրամի միջև Արտադրական ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի փոխառության համաձայնագրի նպատակը Հայաստանի գյուղական վայրերում գյուղատնտեսության և անասնապահական արտադրության արդյունավետության բարելավմանն ուղղված անհրաժեշտ ենթակառուցվածքների ծրագրային վերականգնումն է, որը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից.
ա) մասնավոր սեկտորի հետ համագործակցությամբ ոռոգման համակարգերի, ճանապարհների և կամուրջների, խմելու ջրի մատակարարման համակարգերի և բնական գազի մատակարարման ցանցերի շինարարություն,
բ) ծրագրի կառավարում։
2. Վերոհիշյալ նպատակների իրականացման համար ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամը որպես փոխառություն Հայաստանի Հանրապետությանն է տրամադրում տասը միլիոն (10.000.000) ամերիկյան դոլար գումար` փոխառության դուրս գրված և օգտագործված գումարի 3 տոկոսի չափով տոկոսավճար և 1 տոկոսի չափով ծառայողական վճար վճարելու պայմանով։ Փոխառության գումարը ենթակա է վերադարձման 30 կիսամյակային վճարումներով, այն ժամկետներում և համամասնությամբ, որոնք նախատեսված են համաձայնագրի թիվ 3 հավելվածում։
Փոխառության գումարի օգտագործման (դուրսգրման) և վերադարձման ընդհանուր պայմանները սահմանված են համաձայնագրի 2 հոդվածում։
Համաձայնագրի շրջանակներում ապրանքների ձեռքբերումը նախատեսված է իրականացնել 1982 թվականի նոյեմբերի 2-ին հաստատված` «ՕՊԵԿ հիմնադրամի տրամադրած փոխառությունների հաշվին ձեռքբերումների ուղեցույցին» համապատասխան։
Համաձայնագրի 4 հոդվածում նախատեսված է ՀՀ-ում ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամի կարգավիճակը, համաձայն որի` նրա ունեցվածքը ՀՀ տարածքում բռնագրավման, ազգայնացման կամ այլ եղանակով օտարման ենթակա չէ։
3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնել է հետևյալ հիմնական պարտավորությունները.
- ծրագիրն իրականացնել պատշաճորեն և արդյունավետությամբ, վարչական, ֆինանսական և ինժեներական փորձառության համապատասխան` տրամադրելով անհրաժեշտ ֆոնդեր, կարողություններ, ծառայություններ ու այլ ռեսուրսներ,
- փոխառության միջոցների հաշվին ձեռք բերված բոլոր ապրանքներն ու ծառայություններն օգտագործել բացառապես ծրագրի նպատակների համար,
- համաձայնագիրը և Կողմերի միջև ցանկացած լրացուցիչ համաձայնություն ազատել հարկերից, գանձումներից կամ տուրքերից,
- փոխառության գումարի, տոկոսադրույքի և ծառայողական վճարի վճարումներն ազատել ամեն կարգի վճարումից և սահմանափակումից,
- ապահովագրել փոխառության միջոցների հաշվին ձեռք բերված յուրաքանչյուր ներմուծված ապրանք կամ համապատասխան միջոցներ ձեռնարկել դրանց ապահովագրման համար` ստացման, մատակարարման և օգտագործման կամ տեղադրման վայր փոխադրման ընթացքում հնարավոր պատահարներից,
- ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամին տրամադրել ծրագրի համար անհրաժեշտ նախագծերը, պայմանագրային փաստաթղթերը և շինարարության ու գնումների ժամանակացույցերը, դրանց ցանկացած փոփոխությունները կամ լրացումները,
- ծրագրի ավարտից անմիջապես հետո հիմնադրամին ներկայացնել ծրագրի իրականացման ու ելակետային գործողությունների, դրա արժեքի ու ստացած և ստացվելիք օգուտների մասին հաշվետվություն,
- անմիջապես տեղեկացնել հիմնադրամին ցանկացած պայմանի մասին, որը խոչընդոտում է կամ կարող է խոչընդոտել ծրագրի առաջընթացը, ինչպես նաև այլ պարտավորություններ, որոնք մանրամասնված են համաձայնագրի 3, 4, 5, 6 և 7 հոդվածներում։
4. Համաձայնագրում նախատեսված են դրույթներ պարտավորությունների խախտման դեպքում փոխառության գումարն արագացված մարելու, միջոցների հատկացումը կասեցնելու և դադարեցնելու վերաբերյալ։ Համաձայնագրի բաղկացուցիչ մասն են կազմում թվով 3 հավելվածներ։
Կողմերի միջև հնարավոր վեճերի լուծման նպատակով համաձայնագրով նախատեսված է արբիտրաժային ընթացակարգ։
5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված սկզբունքից։
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2007 թվականի հունվարի 17-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև Արտադրական ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի փոխառության համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|