Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-679
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.02.2007-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
20.02.2007
Подписан
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Дата подписания
20.02.2007
Дата вступления в силу
20.02.2007

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՕՊԵԿ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան

20 փետրվարի 2007 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Դ. Լոքյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «2007 թվականի հունվարի 17-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև Արտադրական ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի փոխառության համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) միջազգային զարգացման հիմնադրամի միջև Արտադրական ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի փոխառության համաձայնագրի նպատակը Հայաստանի գյուղական վայրերում գյուղատնտեսության և անասնապահական արտադրության արդյունավետության բարելավմանն ուղղված անհրաժեշտ ենթակառուցվածքների ծրագրային վերականգնումն է, որը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից.

ա) մասնավոր սեկտորի հետ համագործակցությամբ ոռոգման համակարգերի, ճանապարհների և կամուրջների, խմելու ջրի մատակարարման համակարգերի և բնական գազի մատակարարման ցանցերի շինարարություն,

բ) ծրագրի կառավարում։

2. Վերոհիշյալ նպատակների իրականացման համար ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամը որպես փոխառություն Հայաստանի Հանրապետությանն է տրամադրում տասը միլիոն (10.000.000) ամերիկյան դոլար գումար` փոխառության դուրս գրված և օգտագործված գումարի 3 տոկոսի չափով տոկոսավճար և 1 տոկոսի չափով ծառայողական վճար վճարելու պայմանով։ Փոխառության գումարը ենթակա է վերադարձման 30 կիսամյակային վճարումներով, այն ժամկետներում և համամասնությամբ, որոնք նախատեսված են համաձայնագրի թիվ 3 հավելվածում։

Փոխառության գումարի օգտագործման (դուրսգրման) և վերադարձման ընդհանուր պայմանները սահմանված են համաձայնագրի 2 հոդվածում։

Համաձայնագրի շրջանակներում ապրանքների ձեռքբերումը նախատեսված է իրականացնել 1982 թվականի նոյեմբերի 2-ին հաստատված` «ՕՊԵԿ հիմնադրամի տրամադրած փոխառությունների հաշվին ձեռքբերումների ուղեցույցին» համապատասխան։

Համաձայնագրի 4 հոդվածում նախատեսված է ՀՀ-ում ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամի կարգավիճակը, համաձայն որի` նրա ունեցվածքը ՀՀ տարածքում բռնագրավման, ազգայնացման կամ այլ եղանակով օտարման ենթակա չէ։

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնել է հետևյալ հիմնական պարտավորությունները.

- ծրագիրն իրականացնել պատշաճորեն և արդյունավետությամբ, վարչական, ֆինանսական և ինժեներական փորձառության համապատասխան` տրամադրելով անհրաժեշտ ֆոնդեր, կարողություններ, ծառայություններ ու այլ ռեսուրսներ,

- փոխառության միջոցների հաշվին ձեռք բերված բոլոր ապրանքներն ու ծառայություններն օգտագործել բացառապես ծրագրի նպատակների համար,

- համաձայնագիրը և Կողմերի միջև ցանկացած լրացուցիչ համաձայնություն ազատել հարկերից, գանձումներից կամ տուրքերից,

- փոխառության գումարի, տոկոսադրույքի և ծառայողական վճարի վճարումներն ազատել ամեն կարգի վճարումից և սահմանափակումից,

- ապահովագրել փոխառության միջոցների հաշվին ձեռք բերված յուրաքանչյուր ներմուծված ապրանք կամ համապատասխան միջոցներ ձեռնարկել դրանց ապահովագրման համար` ստացման, մատակարարման և օգտագործման կամ տեղադրման վայր փոխադրման ընթացքում հնարավոր պատահարներից,

- ՕՊԵԿ միջազգային զարգացման հիմնադրամին տրամադրել ծրագրի համար անհրաժեշտ նախագծերը, պայմանագրային փաստաթղթերը և շինարարության ու գնումների ժամանակացույցերը, դրանց ցանկացած փոփոխությունները կամ լրացումները,

- ծրագրի ավարտից անմիջապես հետո հիմնադրամին ներկայացնել ծրագրի իրականացման ու ելակետային գործողությունների, դրա արժեքի ու ստացած և ստացվելիք օգուտների մասին հաշվետվություն,

- անմիջապես տեղեկացնել հիմնադրամին ցանկացած պայմանի մասին, որը խոչընդոտում է կամ կարող է խոչընդոտել ծրագրի առաջընթացը, ինչպես նաև այլ պարտավորություններ, որոնք մանրամասնված են համաձայնագրի 3, 4, 5, 6 և 7 հոդվածներում։

4. Համաձայնագրում նախատեսված են դրույթներ պարտավորությունների խախտման դեպքում փոխառության գումարն արագացված մարելու, միջոցների հատկացումը կասեցնելու և դադարեցնելու վերաբերյալ։ Համաձայնագրի բաղկացուցիչ մասն են կազմում թվով 3 հավելվածներ։

Կողմերի միջև հնարավոր վեճերի լուծման նպատակով համաձայնագրով նախատեսված է արբիտրաժային ընթացակարգ։

5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված սկզբունքից։

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2007 թվականի հունվարի 17-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև Արտադրական ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի փոխառության համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։


 

Նախագահող

Գ. Հարությունյան


20 փետրվարի 2007 թվականի
ՍԴՈ-679