«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 օգոստոսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2002 թվականի N 1113-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սահմանազատումը հստակեցնելու և դրանց փոխհարաբերությունները կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել 110 կՎ լարման էլեկտրահաղորդող գծերը և որպես պետական սեփականություն ներդնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ բացառությամբ համակարգաստեղծ և էլեկտրաէներգիայի արտահանման համար ծառայող միջհամակարգային էլեկտրահաղորդող գծերի:
2. «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել «Հայկական ատոմային կայանի շինհրապարակ» 110/6 կՎ լարման ենթակայանը, «Հայկական ատոմային կայանի շինհրապարակ» ենթակայանից սնվող 6/0,4 կՎ լարման էլեկտրական ցանցը, «Մեծամոր» 110 կՎ լարման օդային գծերի 6,1 կմ երկարությամբ ճյուղավորումը և որպես պետական սեփականություն ներդնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում։
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին՝
ա) ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքը սահմանված կարգով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունում ներդնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովից համաձայնության ստացումը.
բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի համաձայնությունն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի, որպես ոչ ընթացիկ ակտիվների և ապրանքանյութական պաշարների համալիր, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնման պահի դրությամբ հաշվեկշռային արժեքով հանձնման-ընդունման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքների կատարումը.
գ) ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի արժեքի չափով, սահմանված կարգով՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» և «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալի նվազեցումը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի համապատասխան չափով ավելացումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|