Գլխավոր տեղեկություն
Номер
N 459
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.06.2001-28.11.2001)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.06.12/16(148) Հոդ.441
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
26.05.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.05.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
26.05.2001
Дата вступления в силу
22.06.2001

040.0459.26.05.01

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

26 մայիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մայիսի 2001 թվականի N 459

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության օդային տարածքի անձեռնմխելիության ապահովման և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ամրապնդման ու զարգացման, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի բնագավառում պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում գործող օդանավակայանների ցանկը (կցվում է).

բ) համատեղ բազավորման աերոդրոմների օգտագործման կարգը (կցվում է):

2. Գյումրու «Շիրակ» օդանավակայանի աերոդրոմը համարել համատեղ բազավորման աերոդրոմ`

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ինքնաթիռների և ուղղաթիռների համար:

3. «Էրեբունի» տարածքային օդանավակայաններ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը բաժանման ձևով վերակազմակերպել և`

ա) «Սիսիան» օդանավակայանի գույքի ներդրմամբ ստեղծել «Սիսիան» օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերություն ու սահմանել կանոնադրական կապիտալի չափը` 30000000 (երեսուն միլիոն) դրամ.

բ) «Ստեփանավան» օդանավակայանի գույքի ներդրմամբ ստեղծել «Ստեփանավան» օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերություն ու սահմանել կանոնադրական կապիտալի չափը` 36000000 (երեսունվեց միլիոն) դրամ.

գ) «Էրեբունի» օդանավակայանի տարածքում գտնվող շինվերանորոգման և արտադրական բազայի գույքի ներդրմամբ ստեղծել «Շինվերանորոգման վարչություն» փակ բաժնետիրական ընկերություն ու սահմանել կանոնադրական կապիտալի չափը` 11000000 (տասնմեկ միլիոն) դրամ:

4. «Ստեփանավան» օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության և «Շինվերանորոգման վարչություն» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը:

5. «Սիսիան» օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` մեկամսյա ժամկետում իրականացնել «Էրեբունի» տարածքային օդանավակայաններ» պետական փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպման աշխատանքները:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` մեկամսյա ժամկետում իրականացնել «Սիսիան» օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը և Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Շինվերանորոգման վարչություն» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
մայիսի 26-ի N 459 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ

 

1. Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան

 

2. Գյումրու «Շիրակ» օդանավակայան

 

3. «Ստեփանավան» օդանավակայան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
մայիսի 26-ի N 459 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՄԱՏԵՂ ԲԱԶԱՎՈՐՄԱՆ ԱԵՐՈԴՐՈՄՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը կանոնակարգում է համատեղ բազավորման աերոդրոմների օգտագործման հիմնադրույթները և մշակված է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, միջազգային պայմանագրերի և այլ իրավական ակտերի պահանջների համաձայն:

2. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների և կազմակերպությունների կողմից նշված աերոդրոմների համատեղ օգտագործման ընթացքում թռիչքների ապահովման, կազմակերպման ու կատարման կարգը:

3. Սույն կարգով սահմանված դրույթները պարտադիր են համատեղ բազավորման աերոդրոմներից օգտվող Հայաստանի Հանրապետության բոլոր նախարարությունների և գերատեսչությունների համար:

4. Համատեղ բազավորման աերոդրոմները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

5. Համատեղ բազավորման աերոդրոմներ են համարվում քաղաքացիական և ռազմական այն աերոդրոմները, որտեղ բազավորվում են Հայաստանի Հանրապետության տարբեր նախարարությունների և գերատեսչությունների ենթակայության տակ գտնվող ինքնաթիռները և ուղղաթիռները (այսուհետև` օդանավ):

6. Համատեղ բազավորման աերոդրոմներում թռիչք-վայրէջքի, աերոնավիգացիոն սպասարկման և այլ օդանավակայանային ծառայությունների սակագները սահմանում է օդանավակայանի սեփականատերը:

 

II. ԹՌԻՉՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

7. Համատեղ բազավորման ռազմական աերոդրոմների պետերին աշխատանքի է նշանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը` ռազմական ավիացիայի պետի ներկայացմամբ:

8. Համատեղ բազավորման աերոդրոմներում իրականացվող թռիչքները պլանավորվում են բազավորվող ավիացիոն կազմակերպությունների միջև բաշխված թռիչքային ժամերի ժամանակացույցի համաձայն, որը երկկողմանի համաձայնեցումից հետո հաստատում է աերոդրոմի սեփականատերը:

9. Համատեղ բազավորման աերոդրոմներում Հայաստանի Հանրապետության տարբեր նախարարությունների կամ գերատեսչությունների կողմից կատարվող թռիչքների անմիջական կառավարումն իրականացվում է օդային երթևեկության կառավարման միավորված խմբի (այսուհետև` ՕԵԿՄԽ) կողմից, որը կազմվում է ռազմական ավիացիայի թռիչքների ղեկավար խմբի և քաղաքացիական ավիացիայի թռիչքների երթևեկության կառավարման կարգավարական հերթափոխի կողմից:

10. Պլանավորված համատեղ իրականացվող թռիչքների ժամանակ ՕԵԿՄԽ-ի ավագ նշանակվում է Հայաստանի Հանրապետության այն նախարարության կամ գերատեսչության ներկայացուցիչը, որի կողմից թռիչքներն իրականացվում են թռիչքային ժամերի ժամանակացույցի համաձայն: Հայաստանի Հանրապետության մյուս նախարարության կամ գերատեսչության թռիչքների ղեկավարը հանդիսանում է ՕԵԿՄԽ-ի ավագի օգնական:

11. Հայաստանի Հանրապետության որևէ նախարարության կամ գերատեսչության կողմից կատարվող թռիչքների կառավարումն իրականացվում է միայն տվյալ նախարարության կամ գերատեսչության կողմից, որի ենթակայության տակ գտնվում են տվյալ օդանավերը:

12. Աերոդրոմի բազավորված զինվորական մասում օդային երթևեկության կառավարման (ՕԵԿ) ստորաբաժանման բացակայության դեպքում ՕԵԿՄԽ-ի մեջ ընդգրկվում է ղեկավար անձնակազմի անդամներից մեկը, որն ունի թռիչքների ղեկավարման թույլտվություն:

13. Համատեղ օգտագործման գոտիներում միաժամանակ իրականացվող թռիչքների անմիջական կառավարումն իրականացվում է ՕԵԿՄԽ-ի կողմից, ընդ որում`

թռիչքի և վայրէջքի գոտում`

տեսողական տեսանելիության սահմաններում` ռազմական ավիացիայի (ՌԱ) թռիչքների ղեկավարի օգնականի և քաղաքացիական ավիացիայի (ՔԱ) մեկնարկային կարգավարի կողմից,

վայրէջքային ուղու վրա, վազքուղու առանցքից ±15 և շեմից մինչև 20 կմ հեռավորության վրա ընկած գոտում` ՌԱ-ի վայրէջքի գոտու ղեկավարի և ՔԱ-ի վայրէջքի կարգավարի կողմից: Հայաստանի Հանրապետության որևէ նախարարության կամ գերատեսչության կողմից կազմակերպվող թռիչքների դեպքում կառավարումը կարող է իրականացվել նշված անձանցից որևէ մեկի կողմից` համապատասխան պատրաստվածություն ունենալու պայմանով.

մոտակա գոտում`

(աերոդրոմի վերահսկիչ կետից հիմնականում 50-60 կմ շառավղով գոտի)

ՌԱ-ի մոտակա գոտու ղեկավարի և ՔԱ-ի աերոդրոմի շրջանի կարգավարի կողմից կամ մոտակա գոտու ղեկավարի հաստիքի բացակայության դեպքում` թռիչքների ղեկավարի և ՔԱ-ի աերոդրոմի շրջանի կարգավարի կողմից:

Նշված ներկայացուցիչներից նշանակվում է կառավարման համատեղ գոտու ավագ, որն իրականացնում է տվյալ նախարարության կամ գերատեսչության թռիչքների անմիջական կառավարումը և համակարգում Հայաստանի Հանրապետության բոլոր նախարարությունների կամ գերատեսչությունների օդանավերի երթևեկությունն իր պատասխանատվության` ՕԵԿ-ի գոտում:

 Նշված գոտիների չափսերը, ըստ բազավորման տեղի պայմանների և կառավարման կազմակերպման առանձնահատկությունների, կարող են փոփոխվել (չգերազանցելով նշված պարամետրերը) և նշվել աերոդրոմի շրջանում կատարվող թռիչքների իրականացման հրահանգում:

Հեռավոր, մոտեցման և ոչ համատեղման գոտիներում կատարվող թռիչքների կառավարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարության կամ գերատեսչության կողմից հաստատված կարգի համաձայն:

14. Հայաստանի Հանրապետության նախարարությունների կամ գերատեսչությունների թռիչքների ղեկավարները, որոնք ընդգրկված են ՕԵԿՄԽ-ի մեջ, վերահսկում են գոտիներում կատարվող թռիչքները և անհրաժեշտության դեպքում կարող են ստանձնել ցանկացած թռիչքի կառավարումը, եթե այն իրականացվում է տվյալ նախարարության կամ գերատեսչության ներկայացուցչի կողմից:

15. Մոտակա և վայրէջքի գոտիներում թռիչքների կառավարումը, որպես կանոն, կատարվում է գերկարճալիք (ԳԿԱ) կապի տարբեր ռադիոհաճախություններով, որոնք միասնական են տվյալ աերոդրոմում բոլոր օդանավերի համար: Օդանավերի ընդունումն ու բացթողումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների կամ գերատեսչությունների կողմից համատեղ մշակված օդային երթևեկության կառավարման միասնական մեթոդիկայի հիման վրա:

Ռազմական մեկտեղանի օդանավերի կառավարումը մոտակա և վայրէջքի գոտիներում, ռազմաօդային ուժերի հրամանատարի որոշմամբ, կարող է կատարվել ԳԿԱ-ի կապի մեկ ռադիոհաճախության վրա:

16. Համատեղ բազավորման աերոդրոմներում թռիչքների կառավարումը կատարվում է միասնական հրամանակարգավարական (ՀԿԿ) և մեկնարկահրամանատարական (ՄՀԿ) կետերից: ՀԿԿ-ի և ՄՀԿ-ի շինություններն ու սարքավորումները պետք է ապահովեն ՕԵԿՄԽ-ի անձնակազմի տեղաբաշխումը ՕԵԿ-ի միասնական սրահում և նրանց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ պայմանները:

ՀԿԿ-ի և ՄՀԿ-ի կահավորումն իրականացվում է համատեղ ֆինանսավորմամբ:

17. Համատեղ բազավորման աերոդրոմներում թռիչքների որոնողափրկարարական աշխատանքների ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների կամ գերատեսչությունների կողմից համատեղ մշակված թռիչքների իրականացման հրահանգների համաձայն:

 

III. ԹՌԻՉՔՆԵՐԻ ՌԱԴԻՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ԿԱՊԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

18. Համատեղ բազավորման ռազմական աերոդրոմներում թռիչքների ռադիոտեխնիկական ապահովման (ՌՏԱ) և կապի ծառայության պետին աշխատանքի է նշանակում ռազմական աերոդրոմի պետը: Կապի և թռիչքների ՌՏԱ-ի միջոցների անխափան և հստակ աշխատանքի կազմակերպման պարտականությունները դրվում են կապի և ՌՏԱ-ի ծառայության պետի վրա:

19. Համատեղ բազավորման աերոդրոմներում կապի վերգետնյա սարքավորումների և թռիչքների ՌՏԱ-ի միջոցների տեղակայումն ու ռադիոտեխնիկական ապահովումը կազմակերպվում է միասնական ծրագրով:

20. Կապի և թռիչքների ՌՏԱ-ի միջոցների համատեղ օգտագործման կարգը և պահպանման ու պատրաստականության պատասխանատվությունը սահմանվում են ռազմական և քաղաքացիական ավիացիայի օդանավերի թռիչքների իրականացման հրահանգով:

21. Կապի և թռիչքների ՌՏԱ-ի միջոցների վրա կատարվող կանխարգելիչ և կանոնակարգային (ռեգլամենտային) աշխատանքները, ինչպես նաև դրանց փոխարինումը և կապիտալ (միջին) վերանորոգումն իրականացվում է միասնական ծրագրով` աերոդրոմում բազավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ` ըստ միջոցների պատկանելության:

22. Կապի վերգետնյա սարքավորումները և թռիչքների ՌՏԱ-ի միջոցները ենթակա են թռիչքային փորձարկման` համապատասխան օդանավ-լաբորատորիաներով (ռազմական և չվերթային օդանավերով): Թռիչքային փորձարկումների ձևերը, ժամկետները, կարգը, հանձնաժողովի կազմը և հաշվետվական փաստաթղթերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության նախարարությունների կամ գերատեսչությունների կողմից` համատեղ:

23. Համատեղ բազավորման օդանավակայանի ղեկավարի կողմից հաստատված թռիչքային փորձարկման արձանագրությունը` համապատասխան հավելվածներով, առաքվում է բազավորվող կողմերին:

24. Կապի վերգետնյա սարքավորումների և թռիչքների ՌՏԱ-ի միջոցների ժամանակին ու լիակատար թռիչքային փորձարկման պատասխանատվությունը կրում է համատեղ բազավորման օդանավակայանի ղեկավարը, իսկ սարքավորումների և միջոցների ժամանակին ու որակով նախապատրաստման համար` կապի և թռիչքների ՌՏԱ-ի զինվորական մասերի հրամանատարները, ռադիոտեխնիկական սարքավորումների (ՌՏՍ) և կապի շահագործման (ԿՇ) բազայի պետը, կապի և թռիչքների ՌՏԱ-ի ծառայությունների պետերը` սարքավորումների պատկանելությանը համապատասխան:

25. Համատեղ բազավորման աերոդրոմներում կապի վերգետնյա սարքավորումների և թռիչքների ՌՏԱ-ի միջոցների տեխնիկական շահագործումը կազմակերպվում և իրականացվում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների կամ գերատեսչությունների կողմից (գերատեսչական նորմատիվ ակտերի համաձայն), որոնց պատկանում են տվյալ միջոցները:

Նշված ակտերում ներկայացվող պահանջների անհամապատասխանության դեպքում, եթե դա կարող է անդրադառնալ թռիչքների ապահովման որակի վրա, Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների կամ գերատեսչությունների կողմից մշակվում են լրացուցիչ պահանջներ, որոնք համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ:

26. Համատեղ բազավորման աերոդրոմներում վայրէջքային ռադիոլոկացիոն, մերձակա նավիգացիոն ռադիոտեխնիկական և ռադիոփարոսային (մետրային ու դեցիմետրային) համակարգերի քանակն ու տիպերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարության և գերատեսչության կողմից:

27. Ռադիոտեխնիկական սարքավորումների շահագործման ժամկետների տնտեսման նպատակով հնարավոր է դրանց փոխադարձ օգտագործում` համաձայն Հայաստանի Հանրապետության նախարարությունների կամ գերատեսչությունների կողմից սահմանված կարգի: Բոլոր դեպքերում, թռիչքների ապահովման նպատակով, պահուստային ռադիոտեխնիկական միջոցները պետք է լինեն պատրաստ վիճակում:

28. Այն աերոդրոմներում, որտեղ բազավորվում են նաև քաղաքացիական ավիացիայի օդանավերը, աերոդրոմի (աերոհանգույցի) շրջանում ՕԵԿ-ի ավիացիոն օդային ռադիոկապը կազմակերպվում է քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ուժերով` համաձայն տվյալ աերոդրոմի ՕԵԿ-ի կառուցվածքի: Ավիացիոն ռադիոկապի մնացած անհրաժեշտ ռադիոհաճախությունները հատկացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Նշված աերոդրոմներում վայրէջքի հիմնական ուղղության առբերիչ ռադիոփարոսները, որպես կանոն, սարքավորվում և շահագործվում են քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից, իսկ երկրորդ ուղղության առբերիչ ռադիոփարոսները` Հայաստանի Հանրապետության նախարարությունների կամ գերատեսչությունների կողմից:

29. Համատեղ բազավորման աերոդրոմներում ստացիոնար լուսատեխնիկական սարքավորումները տեղադրվում են Հայաստանի Հանրապետության այն նախարարության կամ գերատեսչության կողմից, որին պատկանում է աերոդրոմը` համաձայն տիպային սխեմաների: Տիպային սխեմաները սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից:

Շարժական լուսատեխնիկական սարքավորումները, անհրաժեշտության դեպքում, տեղադրվում և շահագործվում են Հայաստանի Հանրապետության այն նախարարության կամ գերատեսչության կողմից, որն իրականացնում է թռիչքները` համաձայնեցնելով երկրորդ կողմի հետ:

30. Համատեղ բազավորման մինիմում վայրէջքի բոլոր աերոդրոմները պետք է բավարարեն ռազմական և քաղաքացիական ավիացիայի աերոդրոմների շահագործման պիտանիության նորմերի պահանջները:

Կարգ չունեցող աերոդրոմներում կապի և թռիչքների ՌՏԱ-ի օբյեկտները պետք է ապահովված լինեն երկու անկախ էներգամատակարարման աղբյուրներով: Մի աղբյուրից մյուսին անցնելու ժամկետը չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության նախարարությունների կամ գերատեսչությունների կողմից սահմանված ժամկետը:

31. ՕԵԿՄԽ-ի պաշտոնական անձանց աշխատանքային տեղերի կահավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների կամ գերատեսչությունների պահանջների համաձայն:

32. Օդանավերի վայրէջքի ֆոտոհսկման և ՕԵԿՄԽ-ի ու օդանավերի անձնակազմերի կամ ՕԵԿ-ի այլ ստորաբաժանումների հետ խոսակցությունների ձայնագրման կազմակերպման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների կամ գերատեսչությունների կողմից սահմանված իրավական ակտերի համաձայն:

33. Համատեղ բազավորման աերոդրոմների ՕԵԿ-ի, նավիգացիայի և վայրէջքային օբյեկտների շինարարական վերանորոգման համար անհրաժեշտ ծախսերն ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության այն նախարարության կամ գերատեսչության ծրագրերում, որին պատկանում է աերոդրոմը:

 

IV. ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ-ԱՎԻԱՑԻՈՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

34. Համատեղ բազավորման աերոդրոմներում օդանավերի թռիչքների ինժեներական- ավիացիոն ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության այն նախարարության կամ գերատեսչության կողմից (գերատեսչական նորմատիվ ակտերի համաձայն), որին պատկանում է օդանավը:

35. Հայաստանի Հանրապետության նախարարությունների կամ գերատեսչությունների ինժեներական-ավիացիոն ծառայությունների համագործակցությունն օդանավերի տեխնիկական սպասարկման հարցերում իրականացվում է երկկողմանի համաձայնությամբ:

 

V. ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱԵՐՈԴՐՈՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

36. Համատեղ բազավորման աերոդրոմներում թռիչքների աերոդրոմատեխնիկական ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության այն նախարարությունների կամ գերատեսչությունների կողմից, որոնց ենթակայության տակ են գտնվում բազավորվող օդանավերը` համաձայն գերատեսչական նորմատիվ ակտերի: Փոխադարձ սպասարկումներում Հայաստանի Հանրապետության նախարարությունների կամ գերատեսչությունների ուժերն ու միջոցներն օգտագործվում են երկկողմանի համաձայնությամբ:

37. Համատեղ բազավորման աերոդրոմում, որպես կանոն, վերգետնյա ծառայությունների պետերից մեկը նշանակվում է աերոդրոմի մշտական թռիչքային պատրաստականության պատասխանատու: Վերջինս պատասխանատվություն է կրում աերոդրոմի տարրերի (վազքուղի, ղեկուղի, անվտանգության գոտիներ և այլն) շահագործման պատրաստականության համար:

38. Համատեղ բազավորման յուրաքանչյուր աերոդրոմի համար սահմանվում են հատուկ ավտոտրանսպորտի երթևեկման երթուղիներ, որոնք համաձայնեցվում են բազավորվող կողմերի հետ:

Թռիչքային գոտի դուրս եկող հատուկ ավտոտրանսպորտային միջոցները պետք է ունենան հատուկ անցագրեր, առկայծիչ փարոսներ, որոնք միացվում են օրվա բոլոր ժամերին, և երկկողմանի ռադիոկապ թռիչքների ղեկավարի հետ:

Վազքուղու (ՎՈւ) և ղեկուղիների (ՂՈւ) վրա աշխատանքներ կատարելիս աերոդրոմատեխնիկական ծառայության պետի կողմից նշանակվում է անմիջական պատասխանատու, որի մեքենան բացի ներաերոդրոմային կապի ռադիոկայանից պետք է ապահովված լինի վայրէջքի կարգավարին հատկացված` ռադիոհաճախությունը լսելու համար նախատեսված ռադիոընդունիչով:

ՎՈւ-ի և ՂՈւ-ի վրա աշխատող տրանսպորտային միջոցները պետք է ապահովված լինեն քարշակման մետաղաճոպանով:

Բազավորվող կողմերի ղեկավարները պատասխանատվություն են կրում աշխատողների կողմից երթևեկության կանոնների պահպանման համար:

39. Աերոդրոմի պահպանման և վերանորոգման նախատեսված աշխատանքների կատարման համար, համաձայն պայմանավորվածության, ծառայության պետին հատկացվում են բազավորվող կողմերի կազմից աշխատողներ և տեխնիկական միջոցներ:

Աերոդրոմի տարրերի վրա իրականացվող բոլոր աշխատանքները կազմակերպվում և կատարվում են միասնական նախագծով ու ղեկավարությամբ:

40. Չնախատեսված աշխատանքներ կատարելու (ձյան և սառցածածկույթի մաքրում, վնասվածքներից ու քայքայումից հետո աերոդրոմի վերականգնում) և աերոդրոմը կարճ ժամկետներում նախապատրաստելու համար օդանավակայանի ղեկավարի որոշմամբ այդ աշխատանքներում ներգրավվում են բոլոր ուժերն ու միջոցները` անկախ գերատեսչական պատկանելությունից:

41. Առանձին դեպքերում, բազավորվող կողմերի ղեկավարների փոխադարձ որոշմամբ, կողմերից մեկի անձնակազմը և տեխնիկական միջոցները կարող են փոխանցվել աերոդրոմի շահագործման պատրաստականության համար պատասխանատու կողմի ենթակայությանը:

42. Շենք-շինությունների և աերոդրոմային ծածկույթների շահագործման պահպանման ու ընթացիկ վերանորոգման պարտականությունների բաշխումը, ֆինանսական և նյութական միջոցների ներդրումը, այդ թվում` կոնկրետ փոխհաշվարկների պայմանները, ձևակերպվում են պայմանագրային հիմունքներով:

43. Համատեղ բազավորման աերոդրոմը վերանորոգման նպատակով փակվում է միայն բազավորվող կողմերի հետ նախօրոք համաձայնեցված ծրագրի համաձայն:

 

VI. ԹՌԻՉՔՆԵՐԻ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԱԿԱԹՌՉՆԱԲԱԽՈՒՄԱՅԻՆ (ԹՌՉՆԱԳԻՏԱԿԱՆ) ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

44. Համատեղ բազավորման աերոդրոմներում թռիչքների օդերևութաբանական ապահովումն իրականացվում է`

ա) ռազմական ավիացիայի համար` զինված ուժերի (ԶՈւ) օդերևութաբանական ստորաբաժանումների կողմից` համաձայն ռազմական ավիացիայի թռիչքների իրականացման և օդերևութաբանական ծառայության հրահանգների.

բ) քաղաքացիական ավիացիայի համար` Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության վարչության ավիաօդերևութաբանական կայանների և կենտրոնների կողմից` համաձայն քաղաքացիական ավիացիայի թռիչքների իրականացման և օդերևութաբանական ծառայության հրահանգների:

Համատեղ բազավորման աերոդրոմում մեկ օդերևութաբանական ստորաբաժանման առկայության դեպքում թռիչքների օդերևութաբանական ապահովումն իրականացվում է դրա կողմից` անկախ բազավորվող օդանավերի գերատեսչական պատկանելությունից:

Թռիչքների հակաթռչնաբախումային (թռչնագիտական) ապահովումն իրականացվում է սահմանված կարգով:

45. Թռիչքների օդերևութաբանական ապահովման կարգը մշակվում է համատեղ, աերոդրոմում բազավորվող կողմերի օդերևութաբանական ստորաբաժանումների պետերի կողմից և ընդգրկվում է տվյալ աերոդրոմի շրջանում թռիչքների իրականացման հրահանգում:

Հրահանգում արտացոլվում են հետևյալ հարցերը`

ա) օդերևութաբանական տեղեկատվության ընդունման կազմակերպումը,

բ) աերոդրոմի շրջանում և թռիչքների երթուղիներում փաստացի եղանակի մասին տվյալների փոխանակման ծավալները և ժամկետները` համաձայն եղանակի օդային և ռադիոլոկացիոն հետախուզման, մթնոլորտի զոնդման, փոթորկի (շտորմային) ազդարարման և այլն,

գ) օդերևութաբանական ծառայության տեխնիկական միջոցների տեղադրումը և շահագործումը, համագործակցությունը դրանց շահագործման և վերանորոգման փուլերում,

դ) աերոդրոմում օդերևութաբանական, ռադիոլոկացիոն և ճառագայթման դիտարկումների համատեղ կատարման կարգը,

ե) դիտարկումներից հետո փոխհամաձայնեցված տվյալների հաղորդումը թռիչքների ղեկավարին ու կարգավարներին, օդում գտնվող օդանավերի անձնակազմերին և սահմանված հասցեներով` ի պատասխան ստացված հարցումների կամ տեղեկատվության փոխանակման նպատակով,

զ) աերոդրոմում փոթորկի ազդարարման և նախազգուշացման կազմակերպումը,

է) օդերևութաբանական տեղեկատվություն ստանալու համար ռադիոհաճախությունների համատեղ օգտագործումը:

46. Հայաստանի Հանրապետության նախարարությունների կամ գերատեսչությունների օդերևութաբանական ստորաբաժանումները սերտորեն համագործակցում են, մշտապես փոխանակում օդերևութաբանական տեղեկատվությունը և թռիչքների ղեկավարին ու կարգավարներին փոխանցում դիտարկումների համաձայնեցված արդյունքներն այն մասով, որով դրանք փոխանցվում են թռիչքներ իրականացնող օդանավերի անձնակազմերին:

Հայաստանի Հանրապետության նախարարությունների կամ գերատեսչությունների օդերևութաբանական ստորաբաժանումները, որպես կանոն, պետք է տեղակայվեն միմյանցից ոչ հեռու: Տարբեր շինություններում տեղակայվելու դեպքում դրանց միջև պետք է ապահովված լինի ուղիղ հեռախոսային կապը:

 

VII. ԱԵՐՈԴՐՈՄԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

47. Օդանավերի պահպանությունը և համատեղ բազավորման աերոդրոմի պաշտպանությունը կազմակերպում է օդանավակայանի ղեկավարը: Նա մշակում է աերոդրոմի պահպանության և պաշտպանության ծրագիրը, որը համաձայնեցվում է բազավորվող մյուս կողմի հետ:

Պահպանության և պաշտպանության ծրագրում պետք է արտացոլվեն անցագրային և ներօբյեկտային կարգի հարցերը, այդ թվում` ամրագրելով և բաշխելով պատասխանատվության գոտիները կողմերի միջև:

Ծրագիրը մշակվում ու կազմվում է մեկ օրինակից և պահվում օդանավակայանի ղեկավարի մոտ, ռազմական ավիացիայի բազավորման առկայության դեպքում ծրագրի պատճենը պահվում է ստորաբաժանման հրամանատարի մոտ:

Ծրագրից քաղվածքը սահմանված պատասխանատվության գոտիների և ամրագրված օբյեկտների սխեմաների հետ միասին ներկայացվում է համապատասխան ղեկավարներին` իրենց վերաբերող մասով, և ընդգրկվում է աերոդրոմի հաշվարկային քարտի մեջ:

48. Կայանատեղերում գտնվող օդանավերի, անգարների, պահեստների և այլ օբյեկտների պահպանությունն իրականացվում է գերատեսչական նորմատիվ ակտերի համաձայն:

Աերոդրոմի տարածք կողմնակի անձանց, տրանսպորտային միջոցների և կենդանիների ներթափանցումից խուսափելու նպատակով աերոդրոմն ամբողջ պարագծով պետք է ցանկապատվի: Ցանկապատը պատշաճ վիճակում պահելու համար այն ըստ հատվածների բաշխվում և ամրագրվում է կողմերի միջև:

49. Կայանատեղերում գտնվող օդանավերի վրա ինժեներատեխնիկական աշխատանքներ կատարելիս օդանավի պահպանության պատասխանատվությունը կրում են ինժեներատեխնիկական անձնակազմի աշխատողները:

50. Կողմնակի անձանց մուտքն օդանավերի կայանատեղեր, առանց համապատասխան թույլտվության, խստիվ արգելվում է:

51. Թռիչքային և սպասարկող անձնակազմերի մուտքն օդանավերի կայանատեղեր կատարվում է գերատեսչական նորմատիվ ակտերի համաձայն:

 

VIII. ՕԵԿ-Ի ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԳԵՏՆՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

52. ՕԵԿ-ի ստորաբաժանումների և վերգետնյա ծառայությունների համագործակցությունը կազմակերպում է օդանավակայանի ղեկավարը: Համագործակցության կարգը սահմանվում է հատուկ հրահանգով:

53. Աերոդրոմում բոլոր աշխատանքները կատարվում են միայն թռիչքների ղեկավարի (ՕԵԿՄԽ-ի ավագի) թույլտվությամբ և աերոդրոմը մշտական պատրաստականության մեջ պահելու համար պատասխանատու անձանց հետ այդ աշխատանքների իրականացման կարգը համաձայնեցնելուց հետո:

Թռիչքների ղեկավարի (ՕԵԿՄԽ-ի ավագի) որոշումները պարտադիր են աերոդրոմի բոլոր ծառայությունների համար և կարող են փոփոխվել միայն օդանավակայանի ղեկավարի կողմից:

54. Սպասարկող անձնակազմի, այդ թվում` նաև պատասխանատու անձանց, և տրանսպորտային միջոցների մուտքը ՎՈՒ, ՂՈՒ և դրանց կից տարածքներ կարող է կատարվել միայն թռիչքների ղեկավարի (ՕԵԿՄԽ-ի ավագի) թույլտվությամբ:

55. Ներաերոդրոմային ռադիոցանցերով համագործակցություն իրականացնող անձինք պետք է ունենան ներաերոդրոմային կապի վարման մասին գիտելիքներ, իմանան հատուկ տրանսպորտային միջոցների երթևեկման երթուղիներն ու կարգը և ունենան համապատասխան թույլտվություն:

56. ՕԵԿ-ի ստորաբաժանումների և թռիչքադաշտում աշխատանքներ իրականացնող վերգետնյա ծառայությունների միջև կատարվող բոլոր ռադիո- և հեռախոսազրույցները պետք է փաստագրվեն (ձայնագրվեն):

57. Թռիչքադաշտում իրականացվող աշխատանքների կազմակերպման և վերահսկման պատասխանատվությունը կրում է աշխատանքային խմբի ավագը: Ընդ որում, յուրաքանչյուր 15 րոպեն մեկ անգամ կատարվում է ռադիոկապի հսկիչ ստուգում: Ռադիոկապի խափանման կամ անկայուն աշխատանքի դեպքում և թռիչքների ղեկավարի (ՕԵԿՄԽ-ի ավագի) ցուցումով թռիչքադաշտում աշխատանքներ իրականացնող խմբի ղեկավարը պարտավոր է ավարտել աշխատանքները և օդանավի վայրէջքից 5 րոպեից ոչ ուշ ազատել թռիչքագոտին:

58. Աշխատանքների պատասխանատուն պարտավոր է զեկուցել թռիչքների ղեկավարին (ՕԵԿՄԽ-ի ավագին) աշխատանքների ավարտի և թռիչքադաշտը տրանսպորտային միջոցներից ազատելու մասին:

Թռիչքների ղեկավարը (ՕԵԿՄԽ-ի ավագը), ստանալով պատասխանատու անձի զեկույցը, պարտավոր է համոզվել թռիչքադաշտի ազատման և շահագործման պատրաստականության մեջ:

59. Թռիչքադաշտում կատարվող աշխատանքների ընթացքում թռիչքների ղեկավարի և աշխատանքների պատասխանատուի միջև պետք է պահպանվի կայուն երկկողմ տեսողական կապ և ռադիոկապ, որոնք պարտադիր պետք է կրկնօրինակվեն լուսային և ձայնային ազդանշաններով (ՎՈՒ-ի լույսերի թարթում, հրթիռ և այլն), ինչը պետք է արտացոլվի թռիչքների իրականացման հրահանգում:

Ներաերոդրոմային ռադիոկապը կատարվում է տվյալ աերոդրոմի համար ռադիոփոխանակման միասնական տերմինաբանությամբ: