«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 օգոստոսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 12106254
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐ
16 օգոստոսի 2006 թ. ք. Երևան |
N 10-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԽՄԲՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հաստատել համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը՝ համաձայն հավելվածի:
Հ. Աբրահամյան |
Հավելված |
Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԽՄԲՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ
1. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԻ ԽՈՒՄԲ
15000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքի տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի քարտուղար
2. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՈՒՄԲ
2.1 Համայնքային ծառայության առաջատար պաշտոնների առաջին ենթախումբ
1. 15000-ից պակաս բնակչություն ունեցող համայնքի տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի քարտուղար
2. Տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի բաժնի պետ
2.2 Համայնքային ծառայության առաջատար պաշտոնների 2-րդ ենթախումբ
Տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի բաժնի պետի տեղակալ
2.3 Համայնքային ծառայության առաջատար պաշտոնների 3-րդ ենթախումբ
Տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի (բաժնի) գլխավոր մասնագետ
3. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՈՒՄԲ
3.1 Համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների առաջին ենթախումբ
Տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի (բաժնի) առաջատար մասնագետ
3.2 Համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների 2-րդ ենթախումբ
Տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի (բաժնի) 1-ին կարգի մասնագետ
3.3 Համայնքային ծառայության կրտսեր պաշտոնների 3-րդ ենթախումբ
Տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի (բաժնի) 2-րդ կարգի մասնագետ
Սույն անվանացանկով նախատեսվում է տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերում միատեսակ անվանումներով պաշտոններ, որոնք դասակարգվում են համայնքային ծառայության պաշտոնների տարբեր խմբերում և ենթախմբերում:
Համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների խմբում ընդգրկվում է միայն 15000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքի տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը:
Համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի առաջին ենթախմբում ընդգրկվում է 15000-ից պակաս բնակչություն ունեցող համայնքի տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի քարտուղարի պաշտոնը: Համայնքային ծառայության առաջատար պաշտոնների խմբի առաջին ենթախմբում ընդգրկվում է նաև տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի բաժնի պետի պաշտոնը:
Տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմը կարող է ունենալ միայն «բաժին» տեսակի կառուցվածքային ստորաբաժանում, որը պետք է բաղկացած լինի առնվազն 5 համայնքային ծառայողից:
Բաժնում կարող են ընդգրկվել համայնքային ծառայության հետևյալ պաշտոնների տեսակները`
տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի բաժնի պետ,
տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի բաժնի պետի տեղակալ (նշված պաշտոնը կարող է նախատեսվել միայն առնվազն 8 համայնքային ծառայողից բաղկացած բաժնում),
տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի բաժնի գլխավոր մասնագետ,
տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի բաժնի առաջատար մասնագետ,
տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի բաժնի 1-ին կարգի մասնագետ,
տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի բաժնի 2-րդ կարգի մասնագետ:
Բաժիններին անվանում շնորհելու և դրանց քանակը որոշելու, ինչպես նաև դրանցում վերը նշված այս կամ այն անվանումով պաշտոնի տեսակը և դրանց քանակը նախատեսելու հետ կապված հարցերի լուծումը թողնվում է կոնկրետ տեղական ինքնակառավարման մարմնի հայեցողությանը:
Վերը նշված պաշտոնները, բացի նշված պարտադիր անվանումներից, կարող են ունենալ նաև ավանդական անվանումներով հավելվածներ, որոնք չեն փոխում այդ պաշտոնների կարգավիճակը և զբաղեցրած տեղը համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում (օրինակ` բաժնի պետ - գլխավոր ճարտարապետ, բաժնի գլխավոր մասնագետ - գլխավոր հաշվապահ, և այլն), որոնց ընտրության հարցը նույնպես թողնվում է կոնկրետ տեղական ինքնակառավարման մարմնի հայեցողությանը:
Տեղական ինքնակառավարման մարմինը, ելնելով համայնքի բնակչության քանակից, համայնքային խնդիրների ու գործառույթների ծավալից, ինչպես նաև համայնքի ֆինանսատնտեսական կարողություններից, հնարավոր է, որ իր կազմակերպական կառուցվածքում ընդհանրապես չունենա կառուցվածքային ստորաբաժանումներ (բաժիններ): Այս դեպքում աշխատակազմի բաժնին բնորոշ համայնքային ծառայության պաշտոնները կունենան բաժնի համար նախատեսված պաշտոնների նույն անվանումները, օրինակ`
տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի գլխավոր մասնագետ,
տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի առաջատար մասնագետ,
տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ,
տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետ:
Նշված պաշտոններն իրենց կարգավիճակով (պաշտոնի անձնագրով) պետք է համապատասխանեն բաժնի համանուն պաշտոնների կարգավիճակին, և համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում դրանք ընդգրկվում են բաժնի համանուն պաշտոնների համապատասխան խմբի միևնույն ենթախմբում: