118.0368.07.05.02
«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 մայիսի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 11802082
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
7 մայիսի 2002 թ. |
N 368 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԳՐԱՎԱՏԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և ՀՀ կառավարության 24.09.2001 թ. N 895 որոշումը
Հրամայում եմ`
1. Հաստատել գրավատան կազմակերպումը լիցենզավորող հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել նախարարի 25.07. 2001 թ. N 271 ա հրամանը:
Նախարար՝ |
Վ. Խաչատրյան |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Գրավատան կազմակերպումը լիցենզավորող հանձնաժողովի
I Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության գրավատան կազմակերպումը լիցենզավորող հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թ. ապրիլի 26-ի N 323 հրամանով:
2. Գրավատան կազմակերպումը լիցենզավորող հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
3. Հանձնաժողովը ձևավորվում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներից:
4. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալներից մեկն ի պաշտոնե այդ հանձնաժողովի նախագահն է:
5. Հանձնաժողովի քարտուղարը ի պաշտոնե ֆինանսական շուկայի զարգացման և արժութային կարգավորման վարչության պետն է:
II Հանձնաժողովի խնդիրներն ու գործառույթները
6. Հանձնաժողովի հիմնական խնդիրը՝ Հայաստանի Հանրապետությունում գրավատան կազմակերպման բնագավառում լիցենզավորման գործընթացի իրականացմանը նպաստելն է:
7. Հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները՝
ա) քննարկում է լիցենզիա ստանալու համար դիմած կազմակերպության կողմից ներկայացրած փաստաթղթերը, ֆինանսական շուկայի զարգացման և արժութային կարգավորման վարչության և իրավաբանական գլխավոր վարչության կողմից տրված դիտողությունները: Քննարկելով նշված փաստաթղթերը և դիտողությունները, հանձնաժողովը կայացնում է լիցենզիա տալու կամ լիցենզիա տալը մերժելու վերաբերյալ եզրակացություններ, որոնք ներկայացվում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին.
բ) քննության է առնում լիցենզավորված կազմակերպությունների կողմից լիցենզիայի գործողության կասեցման կամ լիցենզիայի ուժը կորցրած ճանաչման համար հիմք հանդիսացող խախտում կատարելու դեպքում նրանց հանդեպ պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ հարցերը, ֆինանսական շուկայի զարգացման և արժութային կարգավորման վարչության առաջարկությունները և կայացնում համապատասխան պատժամիջոցի կիրառման վերաբերյալ եզրակացություններ, որոնք ներկայացվում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին.
գ) առաջարկություններ է ներկայացնում լիցենզավորող մարմնին լիցենզավորման բնագավառի օրենսդրության կատարելագործման վերաբերյալ:
III Հանձնաժողովի գործունեության կազմակերպումը
8. Հանձնաժողովը հարցերը քննարկում է իր նիստերում, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության:
9. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
10. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ՝ փակ գաղտնի քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված ի օգուտ հայտատուի կամ լիցենզավորված անձի (այսուհետև՝ հրավիրված անձ):
11. Հարցերի քննարկման մասին հրավիրված անձին պատշաճ ձևով հայտնվում է քննարկումից ոչ ուշ, քան յոթ օր առաջ՝ տեղեկացնելով նրան քննարկման վայրի (հասցեի), ամսաթվի ու ժամի մասին:
Հանձնաժողովն իր հերթական նիստի, տեղի, ժամանակի և քննարկվող հարցերի մասին տեղեկատվություն է հրապարակում մամուլում՝ նիստի օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջ:
12. Հանձնաժողովի նիստի նախագահողը հարցերը քննարկելիս հայտարարում է, թե ինչ հարց է քննվելու, ովքեր են հրավիրվել քննարկմանը, հարցերի քննարկմանը մասնակցող անձանց բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, հրապարակում է հայտի, ինչպես նաև քննարկվող այլ փաստաթղթի բովանդակությունը:
13. Հարցերի քննարկմանը հրավիրված անձանց չմասնակցելը հիմք չի հանդիսանում հարցերը չքննարկելու կամ այն մերժելու համար, եթե հրավիրված անձը չի խնդրել քննարկումն անցկացնել այլ ժամկետում: Հրավիրված անձի սույն խնդրանքը կարող է բավարարել, եթե նա քննարկմանը չի կարող մասնակցել հարգելի պատճառով և, եթե քննարկումը հետաձգելիս չեն խախտվի օրենքով նախատեսված քննարկման ժամկետները:
14. Հրավիրված անձն իրավունք ունի քննարկմանը մասնակից դարձնել մասնագետի, փորձագետի, աուդիտորի, իրավաբանի կամ թարգմանչի: Հրավիրված անձը կամ նրա շահերի պաշտպաններն իրավունք ունեն ելույթներ ունենալ, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին, միջնորդություններ հարուցել:
15. Հարցերի քննարկումները կատարվում են դռնբաց: Դռնփակ են քննարկվում այն հարցերը, որոնք վերաբերում են պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններին:
Հրավիրված անձի պահանջով քննարկումը կարող է կատարվել դռնփակ, եթե հարցերի քննարկման ժամանակ բացահայտվելու են առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ:
Դռնբաց քննարկվող հարցերի քննարկմանը կարող են մասնակցել լրագրողներ, մասնագետներ, պաշտոնատար և այլ անձինք:
16. Հանձնաժողովի որոշումը կայացվում է հարցի քննության ավարտից հետո առանձին սենյակում՝ դռնփակ: Հանձնաժողովի կողմից որոշման կայացման ժամանակ այդ սենյակում կարող են գտնվել միայն հանձնաժողովի անդամները:
17. Հանձնաժողովի եզրակացությունները հրապարակվում են և պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում են հրավիրված անձին:
18. Հանձնաժողովի եզրակացությունն այն կայացնելու օրը հանձնվում է լիցենզավորող մարմնի ղեկավարին:
19. Հանձնաժողովում հարցերի քննարկման ժամանակ կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է՝
ա) հանձնաժողովի նիստի ամսաթիվը և տեղը.
բ) հանձնաժողովի տեսակը և կազմը.
գ) քննարկվող հարցի բովանդակությունը.
դ) տեղեկություններ քննարկմանը մասնակցող անձանց մասին.
ե) հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները.
զ) հարցի քննարկման ընթացքում հետազոտված փաստաթղթերը և այլ ապացույցները.
է) հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը.
ը) տեղեկություններ ընդունված եզրակացության հրապարակման մասին:
Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ստորագրում են նիստի նախագահողը և քարտուղարը:
20. Հանձնաժողովի նախագահը՝
ա) հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք.
բ) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և վերահսկողություն իրականացնում հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման համար.
գ) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
դ) իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
21. Հանձնաժողովի քարտուղարը՝
ա) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.
բ) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և դրանց գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերն ու գրագրությունները.
գ) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրություններից քաղվածքները և կազմակերպում դրանց տարածումը.
դ) կազմում է միջոցառումների ծրագիր, նախապատրաստում է առաջարկություններ հանձնաժողովի աշխատանքային պլանների կազմման և կատարման վերաբերյալ.
ե) մշակում և հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում վերջինիս բնագավառին վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները, նախապատրաստում առաջարկություններ դրանց վերաբերյալ.
զ) կազմում է հանձնաժողովի նիստի արձանագրությունները և կազմակերպում դրանց տարածումը.
է) վերլուծում է հանձնաժողովի գործունեության բնագավառին վերաբերող հարցերը և արդյունքների մասին զեկուցում հանձնաժողովի նախագահին:
22. Հանձնաժողովի անդամները՝
ա) մասնակցում են հանձնաժողովի նիստերին, հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակման և դրանց իրականացման հետ կապված աշխատանքներին.
բ) հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին:
IV Հանձնաժողովի գործունեության դադարումը
23. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
24. Հանձնաժողովի գործունեության դադարումից հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և այլ նյութերը ենթակա են պահպանման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: