ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի նոյեմբերի 28-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
(վերնագիրը խմբ. 21.06.14 ՀՕ-112-Ն)
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Օրենսգրքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենսգրքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ընդերքօգտագործման սկզբունքներն ու կարգը, կարգավորվում են ընդերքն օգտագործելիս բնությունը և շրջակա միջավայրը վնասակար ազդեցություններից պաշտպանության, աշխատանքների կատարման անվտանգության ապահովման, ինչպես նաև ընդերքօգտագործման ընթացքում պետության և անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հետ կապված հարաբերությունները:
2. Նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների և արդյունահանման առանձնահատկությունները սահմանվում են առանձին օրենքով:
3. Ռադիոակտիվ հումքի արդյունահանման առանձնահատկությունները սահմանվում են առանձին օրենքով:
4. Ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանման առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով:
5. Քաղաքաշինական օբյեկտների (այդ թվում` ամբողջությամբ կամ մասնակի ստորերկրյա) նախագծման, ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունների և կառուցապատման հետ կապված ընդերքօգտագործման հարաբերությունները սահմանվում են «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրանց կիրարկումն ապահովող իրավական ակտերով:
Հոդված 2. | Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը |
1. Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը ներառում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության համապատասխան դրույթները, սույն օրենսգիրքը և դրան համապատասխան ընդունված այլ իրավական ակտերը:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենսգրքով, ապա կիրառվում են համապատասխան միջազգային պայմանագրի նորմերը:
Հոդված 3. | Օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենսգրքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
1) ընդերք` հողածածկույթից ներքև, իսկ դրա բացակայության դեպքում` երկրի մակերևույթից, ջրավազանների կամ ջրհոսքերի հատակից ներքև` ըստ խորության տեղադրված երկրակեղևի մաս, որը մատչելի է ընդերքօգտագործման համար.
2) երկրաբանական ուսումնասիրություններ` ընդերքի երկրաբանական աշխատանքների համալիր, որի նպատակն է ուսումնասիրել երկրակեղևի կառուցվածքը, ապարների առաջացման պայմանները, արտածին երկրաբանական պրոցեսները, հրաբխային գործունեությունը, ինչպես նաև հայտնաբերել ու գնահատել օգտակար հանածոների պաշարները.
3) ընդերքօգտագործում` երկրաբանական ուսումնասիրությունների, օգտակար հանածոների արդյունահանման նպատակներով ընդերքի օգտագործում.
4) ընդերքօգտագործող` իրավաբանական անձ (այդ թվում` օտարերկրյա պետության առևտրային կազմակերպություն), որը, սույն օրենսգրքին համապատասխան, իրականացնում է ընդերքօգտագործում.
5) ընդերքի երկրաբանական ուսումնասիրության համաձայնություն` համաձայնություն, որն իրավունք է տալիս ընդերքի որոշակի տեղամասում իրականացնելու`
ա. ռեգիոնալ երկրաբանական ուսումնասիրություն` ռեգիոնալ երկրաբանաերկրաֆիզիկական աշխատանքներ, երկրաբանական հանույթ (քարտեզագրում), երկրաքիմիական, սեյսմաբանական, հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական հետազոտություններ, գիտահետազոտական, հնէաբանական և այլ աշխատանքներ` ուղղված ընդերքի ընդհանուր երկրաբանական ուսումնասիրությանը,
բ. հրաբխային գործունեության ուսումնասիրության երկրաբանական աշխատանքներ, արտածին երկրաբանական պրոցեսների մշտադիտարկումներ,
գ. միներալոգիական, հնէաբանական և երկրաբանական այլ հավաքածուների ստեղծում, գեղագիտական և կիսաթանկարժեք քարերի հավաքում,
դ. գիտական, մշակութային, գեղագիտական և այլ նշանակություն ունեցող երկրաբանական օբյեկտների (եզակի երկրաբանական առաջացումներ, բնության հուշարձաններ, քարանձավներ և այլն) նկարագրում ու պահպանում.
6) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվություն` թույլտվություն, որն իրավունք է տալիս ընդերքի որոշակի տեղամասում իրականացնելու երկրաբանական ուսումնասիրություններ օգտակար հանածոների հայտնաբերման համար.
7) օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն` թույլտվություն, որն իրավունք է տալիս ընդերքի որոշակի տեղամասում իրականացնելու օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ.
8) ընդերքօգտագործման իրավունք` համապատասխան ընդերքօգտագործման համաձայնությունով կամ թույլտվությունով, ծրագրով կամ նախագծով, ընդերքօգտագործման պայմանագրով, լեռնահատկացման ակտով հավաստվող` ընդերքի որոշակի տեղամասի երկրաբանական ուսումնասիրության կամ օգտակար հանածոների արդյունահանման բացառիկ իրավունքներ.
9) ընդերքի տեղամաս` որոշակի աշխարհագրական սահմանանշում պարունակող ընդերքի մաս, որում պետք է իրականացվեն ընդերքօգտագործման աշխատանքներ.
10) օգտակար հանածո` ընդերքում պարփակված պինդ հանքային գոյացումներ, հեղուկ կամ գազային բաղադրամասեր, այդ թվում` ստորերկրյա ջրեր (քաղցրահամ և հանքային) և երկրաջերմային էներգիա, ջրավազանների, ջրհոսքերի հատակային նստվածքներ, որոնց քիմիական կազմը և ֆիզիկական հատկանիշները թույլ են տալիս դրանք օգտագործել ուղղակիորեն կամ վերամշակումից հետո.
11) օգտակար հանածոյի պաշարներ` օգտակար հանածոյի կուտակումներ, որոնց ծավալը, քանակը, որակը և տարածքային դիրքն ու ձևը որոշված են.
12) հանքավայր` ընդերքի մաս, որը պարունակում է օգտակար հանածոյի պաշարներ (այդ թվում` կանխատեսումային), որոնք ստացել են երկրաբանատնտեսագիտական գնահատական.
13) արտադրական լցակույտեր` օգտակար հանածոների ուսումնասիրության, արդյունահանման կամ վերամշակման արդյունքում առաջացած ապարների կուտակումներ` տեղադրված երկրի մակերևույթի վրա կամ լեռնային փորվածքներում.
14) օգտակար հանածոյի երևակում` ընդերքի տեղամաս, որում հայտնաբերվել է օգտակար հանածոյի առկայություն, որի քանակը, որակը և արդյունաբերական նշանակությունը դեռ որոշված չեն.
15) օգտակար հանածոների պաշարների հաշվեկշիռ` հայտնաբերված օգտակար հանածոների պաշարների պետական հաշվառման ձև` յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ, որը պարունակում է տվյալներ ուսումնասիրված հանքավայրերի պաշարների քանակի, որակի և ուսումնասիրվածության աստիճանի, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանում դրանց փոփոխության մասին.
16) հանքավայրերի և օգտակար հանածոների երևակումների կադաստր` հանքավայրերի և օգտակար հանածոների երևակումների մասին համակարգված ամփոփ տեղեկատվություն, որն ընդգրկում է բոլոր հայտնաբերված օբյեկտները` անկախ դրանց տիպից, չափերից, ուսումնասիրվածության աստիճանից ու արդյունաբերական նշանակությունից.
17) օգտակար հանածոյի արդյունահանում` օգտակար հանածոյի դուրսբերումը հանքավայրերից և դրանց մեջ պարփակված օգտակար բաղադրիչների կորզմանն ուղղված աշխատանքների համալիր.
18) լեռնահատկացում` օգտակար հանածոյի արդյունահանման համալիրի տեղադրման նպատակով տրամադրվող ընդերքի տեղամասի եզրակետերի կոորդինատներն ամրագրող` լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործողին տրվող փաստաթուղթ, որն ընդերքօգտագործման իրավունքի անբաժանելի մասն է.
19) երկրաբանական տեղեկություն` ընդերքի տեղամասի կառուցվածքի, կազմի, դրանում օգտակար հանածոների առկայության, քանակի և այլ հատկությունների, ինչպես նաև ընդերքօգտագործման տեխնիկատնտեսական ցուցանիշների մասին տվյալներ.
20) օգտակար հանածոյի արդյունահանման համալիր` օգտակար հանածոյի արդյունահանման և վերամշակման նպատակով կառուցված շենքի, շինության, տեղակայված սարքավորումների, հաղորդակցության ուղիների կամ այլ ենթակառուցվածքների ամբողջություն.
21) նախագիծ` օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների իրականացման նպատակով մշակված և օրենսդրությամբ սահմանված կարգով փորձաքննություններ անցած փաստաթուղթ.
22) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագիր` լիազոր մարմնի հետ համաձայնեցված փաստաթուղթ` երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման վերաբերյալ.
23) ընդերքօգտագործման պայմանագիր` լիազոր մարմնի և ընդերքօգտագործողի միջև կնքված գրավոր համաձայնություն, որով սահմանվում են տվյալ ընդերքօգտագործման (երկրաբանական ուսումնասիրությունների կամ օգտակար հանածոների արդյունահանման) իրավունքի տրամադրման պայմանները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները.
24) լիազոր մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն) լիազորած և սույն օրենսգրքով ընդերքօգտագործման ոլորտում իրեն վերապահված լիազորություններն իրականացնող պետական կառավարման մարմին.
25) ռեկուլտիվացիոն աշխատանքներ` օգտակար հանածոների արդյունահանման նախագծով կամ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ծրագրով շրջակա միջավայրի պահպանության նպատակով նախատեսված ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի վերականգնմանն ուղղված (անվտանգ կամ օգտագործման համար պիտանի վիճակի բերելու) միջոցառումներ.
26) կոնդիցիաներ` օգտակար հանածոյի որակին ու քանակին, հանքավայրի շահագործման տեխնիկատնտեսական ցուցանիշները կանխորոշող բնական պայմաններին ներկայացվող պահանջներ.
27) արտոնյալ դիմումատու` օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու ընդերքօգտագործման իրավունք կրող, որը տվյալ տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման համար իրավունք ձեռք բերելու դիմում է ներկայացրել լիազոր մարմին.
28) հատուկ թույլտվություն` թույլտվություն, որն իրավունք է տալիս համապատասխան մասնագիտական փորձ ունեցող իրավաբանական անձանց իրականացնելու ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ.
29) տեխնածին հանքավայր` օգտակար հանածոների ուսումնասիրության, արդյունահանման, վերամշակման և հարստացման արդյունքում ձևավորված, երկրի մակերևույթի վրա կամ լեռնային փորվածքներում կամ պոչամբարներում օգտակար հանածոյի կուտակումներ, որոնք սահմանված կարգով ստացել են երկրաբանատնտեսագիտական գնահատական.
30) լրահետախուզում` շահագործվող հանքավայրերի թևերի, խոր հորիզոնների, տարանջատ տեղամասերի երկրաբանահետախուզական աշխատանքներ, որի արդյունքում իրականացվում են ցածր կարգերի պաշարների ավելի բարձր կարգերի վերագրում և նոր բացահայտված պաշարների հաշվարկ.
31) շահագործական հետախուզում` իրականացվում է հանքավայրի շահագործման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում, որի հետևանքով ճշգրտվում են հանքային մարմինների ձևաբանության, տեղադրման պայմանների ու օգտակար հանածոների որակական և տեխնոլոգիական հատկանիշները, շահագործման լեռնատեխնիկական և հիդրոերկրաբանական պայմանները, ինչպես նաև կատարվում է պաշարների շարժի օպերատիվ հաշվառում.
32) շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատական` երկրաբանական ուսումնասիրությունների ընթացքում շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունների բացահայտում և գնահատում.
33) բնապահպանական կառավարման պլան` ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող միջոցառումներ և դրանց իրականացման մշտադիտարկման ցուցիչներ, որոնք հստակ են և չափելի` որոշակի ժամանակի ընթացքում.
34) ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործում` ընդերքօգտագործման ընթացքում այնպիսի տեխնոլոգիաների կիրառում, որի դեպքում հնարավորինս կնվազեն օգտակար հանածոյի կորուստները, և կստացվի տնտեսական առավելագույն շահույթ.
35) ընդերքօգտագործման թափոններ` կիրառվում են այն իմաստով, որը սահմանված է «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով.
36) պոչամբար` օգտակար հանածոների հարստացման արդյունքում առաջացած պինդ կամ հեղուկ թափոնների պահման հիդրոտեխնիկական կառուցվածք:
(3-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն, լրաց. 22.06.15 ՀՕ-106-Ն)
Հոդված 4. | Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիմնադրույթները |
1. Ընդերքի օգտագործման և պահպանության հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորման հիմնադրույթներն են`
1) բնակչության անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության ապահովումը.
2) ընդերքի ճանաչումը` որպես պետության բացառիկ սեփականություն.
3) ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում պետական ծրագրերի կազմումը և իրագործումը.
4) ընդերքի օգտագործման և պահպանության նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը.
5) օգտակար հանածոների պաշարների պետական հաշվառման իրականացումը, հաշվեկշռի կազմումը, հանքավայրերի, օգտակար հանածոների երևակումների պետական կադաստրի վարումը և երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական հաշվառման իրականացումը.
6) ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործման ապահովումը.
7) ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում պետական փորձաքննության անցկացումը.
8) ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում պետական նորմավորման իրականացումը.
9) ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնությունը.
10) ընդերքօգտագործման վճարովիությունը:
(4-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն)
Հոդված 5. | Բնակչության անվտանգության, շրջակա միջավայրի պահպանության ապահովումը |
(վերնագիրը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն)
1. Ընդերքի տեղամասերն օգտագործման են տրամադրվում ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի պահպանության և մարդկանց կյանքի ու առողջության պաշտպանության հետ կապված օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման պայմանով:
(5-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն)
Հոդված 6. | Ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում պետական ծրագրերի կազմումը և իրագործումը |
1. Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների իրագործման նպատակով իրականացվում են ընդերքի պահպանությանը և ողջամիտ և համալիր օգտագործմանն ուղղված միջոցառումներ նախատեսող պետական ծրագրերի մշակում, հաստատում և իրագործում:
2. Ընդերքի օգտագործման և պահպանության հանրապետական, տարածաշրջանային և տեղական ծրագրերը հաստատում է կառավարությունը:
3. Ընդերքի օգտագործման և պահպանության պետական ծրագրերի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրների միջոցներից:
Հոդված 7. | Ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում փորձաքննության անցկացումը |
1. Ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում իրականացվում են հետևյալ փորձաքննությունները`
1) ընդերքաբանական.
2) շրջակա միջավայրի վրա ազդեցության.
3) տեխնիկական անվտանգության:
2. Ընդերքաբանական փորձաքննության ենթակա են ուսումնասիրված պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկության արժանահավատությունը, օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաներն ու պաշարները, ինչպես նաև արդյունաբերական նշանակությունը կորցրած կամ հետագա աշխատանքների արդյունքում չհավաստված պաշարների դուրսգրումը: Ընդերքաբանական փորձաքննության նպատակն է գնահատել տեղեկության արժանահավատությունը, հաստատել կոնդիցիաներն ու պաշարները, եզրակացություն տալ պաշարների դուրսգրման հիմնավորվածության մասին:
3. (մասն ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-112-Ն)
4. Ընդերքի տրամադրումն օգտակար հանածոների արդյունահանման նպատակով թույլատրվում է միայն դրանում պարունակվող պաշարների վերաբերյալ տեղեկությունների արժանահավատության ընդերքաբանական փորձաքննությունից և ուսումնասիրված ու գնահատված պաշարների քանակը և որակը սահմանված կարգով հաստատվելուց հետո:
5. Սույն օրենսգրքով սահմանված փորձաքննություններն ընդերքօգտագործողի դիմումի հիման վրա սահմանված կարգով կարող են կատարվել ընդերքի տեղամասի երկրաբանական ուսումնասիրության յուրաքանչյուր փուլում, եթե ընդերքօգտագործողը ցանկանում է սկսել օգտակար հանածոյի արդյունահանում, և փորձաքննության ներկայացված նյութը թույլ է տալիս կատարել օգտակար հանածոների որոշակի քանակի և որակի, դրանց արդյունաբերական նշանակության, լեռնատեխնիկական, ինժեներաերկրաբանական, հիդրոերկրաբանական, բնապահպանական և այլ պայմանների օբյեկտիվ գնահատում:
6. Ընդերքաբանական փորձաքննությունը կատարվում է կառավարության սահմանած կարգով, շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության կատարման կարգը սահմանվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, իսկ տեխնիկական անվտանգության փորձաքննության կատարման կարգը` «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
7. Ընդերքօգտագործողն իրավունք ունի սեփական միջոցների հաշվին կատարելու իրեն տրամադրված երկրաբանական տեղեկության անկախ փորձաքննություն:
8. Եթե անկախ փորձաքննության արդյունքներով էապես փոխվում են հանքավայրի երկրաբանատնտեսագիտական գնահատականը կամ ընդերքի տեղամասի երկրաբանական կառուցվածքի և այլ հատկությունների վերաբերյալ պատկերացումները, ապա ընդերքօգտագործողը կարող է դիմել լիազոր մարմին իր կողմից շահագործվող հանքավայրի կոնդիցիաների վերագնահատման, վերահիմնավորման ու օգտակար հանածոյի պաշարների ճշտման, ինչպես նաև արդյունաբերական նշանակությունը կորցրած կամ հետագա աշխատանքների արդյունքում չհավաստված պաշարների դուրսգրման և ընդերքօգտագործման պայմանագրում և նախագծում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկով: Լիազոր մարմինը պարտավոր է դիմումը քննարկել և մեկամսյա ժամկետում ընդունել որոշում:
9. Երկրաբանական տեղեկության անկախ փորձաքննություն կարող է կատարվել նաև օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման նախագծերի մշակման, հանքավայրի նախապատրաստման ու օգտակար հանածոյի արդյունահանման (եթե այդպիսի անհրաժեշտություն առաջացել է) տեղեկության նկատմամբ նոր մոտեցումների կամ նոր ստացած տվյալների հիման վրա:
10. Անկախ փորձաքննությունը կատարվում է կառավարության սահմանած կարգով:
(7-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն)
Հոդված 8. | Ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում պետական նորմավորման իրականացումը |
1. Ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտում պետական նորմավորումը համապատասխան ազգային ստանդարտների, տեխնիկական կանոնակարգերի, տեխնիկական պայմանների և այլ իրավական ակտերի մշակումն ու ընդունումն է:
2. Սահմանված կարգով ընդունված ազգային ստանդարտները, տեխնիկական կանոնակարգերը, տեխնիկական պայմանները և այլ իրավական ակտերը կանոնակարգում են ընդերքի օգտագործման և պահպանության հետ կապված իրավահարաբերությունները բոլոր մասնակիցների համար:
3. Ընդերքի օգտագործման և պահպանության ոլորտի ազգային ստանդարտները, տեխնիկական կանոնակարգերը, տեխնիկական պայմանները և այլ իրավական ակտերը մշակվում և հաստատվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 9. | Ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնությունը |
1. Ընդերքօգտագործման հետ կապված գործունեության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:
Հոդված 10. | Ընդերքօգտագործման վճարովիությունը |
1. Ընդերքօգտագործումը վճարովի է, բացառությամբ սույն օրենսգրքի 62-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Հոդված 11. | Ընդերքի նկատմամբ սեփականության իրավունքը |
1. Հայաստանի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, որը կարող է տրամադրվել օգտագործման միայն երկրաբանական ուսումնասիրությունների և օգտակար հանածոների արդյունահանման նպատակներով:
2. Ընդերքի տեղամասերը չեն կարող լինել առքուվաճառքի, գրավի առարկա կամ օտարվել այլ ձևով:
Հոդված 12. | Երկրաբանական տեղեկության նկատմամբ սեփականության իրավունքը |
1. Ընդերքի երկրաբանական կառուցվածքի, ընդերքում պարունակվող օգտակար հանածոների, հանքավայրերի երկրաբանական տվյալների, պաշարների չափի, վերամշակման պայմանների, ինչպես նաև ընդերքի այլ առանձնահատկությունների վերաբերյալ տեղեկությունները, որոնք պարունակվում են երկրաբանական հաշվետվություններում, քարտեզներում, երկրաբանական փաստագրման առաջնային և այլ նյութերում, Հայաստանի Հանրապետության սեփականությունն են` անկախ դրանց ստացման ֆինանսավորման աղբյուրներից:
2. Անկախ ֆինանսավորման աղբյուրից` պետական ընդերքաբանական փորձաքննություն անցած երկրաբանական տեղեկությունը պարտադիր կարգով տնօրինման, պահպանության, համակարգման և ընդհանրացման է տրամադրվում լիազոր մարմնին անհատույց` կառավարության սահմանած կարգով:
3. Անկախ տեղեկության ստացման ձևից` ձեռք բերված երկրաբանական տեղեկությունը ընդերքօգտագործողը կարող է տնօրինել և օգտագործել միայն ընդերքօգտագործման իրավունքի սահմաններում:
4. Ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը լրանալուց հետո կամ դրանից հրաժարվելու դեպքում ընդերքօգտագործողների տնօրինման տակ գտնվող երկրաբանական տեղեկությունը 3 ամսվա ընթացքում հանձնվում է լիազոր մարմնին` կառավարության սահմանած կարգով:
5. Քաղաքաշինական գործունեության օբյեկտներ հանդիսացող օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների շինարարության ընթացքում ստացված երկրաբանական տեղեկությունները տնօրինման, պահպանության, համակարգման և ընդհանրացման են տրամադրվում ընդերքի ոլորտի լիազոր մարմնին անհատույց` կառավարության սահմանած կարգով:
Հոդված 13. | Երկրաբանական տեղեկության տրամադրման կարգը և բացահայտման սահմանափակումը |
1. Երկրաբանական տեղեկությունը տրամադրվում է անվճար. լիազոր մարմնին վճարում են միայն տեղեկության տրամադրման հետ կապված մատուցված ծառայությունների դիմաց` կառավարության սահմանած կարգով:
2. Ընդերքօգտագործման իրավունքի սահմաններում ընդերքօգտագործողի ստացած երկրաբանական տեղեկությունը չի կարող բացահայտվել առանց ընդերքօգտագործողի համաձայնության: Լիազոր մարմինը պարտավոր է ապահովել երրորդ անձանցից երկրաբանական տեղեկության գաղտնիությունը դրա կուտակման, արձանագրման, պահպանության, փոխանցման և օգտագործման ընթացքում:
3. Երկրաբանական տեղեկության գաղտնիության բացահայտման դեպքում բացահայտողը ենթարկվում է պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
4. Երկրաբանական տեղեկության բացահայտման արգելքը չի գործում, եթե երկրաբանական տեղեկությունը տրամադրվում է`
1) դատարանի որոշման հիման վրա.
2) ընդերքօգտագործման իրավունքների վերաբերյալ պետական վիճակագրական հաշվետվություն կազմելու նպատակով.
3) լիազոր մարմնի ներքին շրջանակներում օգտագործման նպատակով.
4) ընդերքի պետական տեսչությանը, բնապահպանական պետական տեսչությանը, հարկային մարմիններին` վերջիններիս իրավասության սահմաններում օրենքով սահմանված կարգով իրականացվող վերահսկողական և հսկողական աշխատանքներում օգտագործելու նպատակով:
Հոդված 14. | Տեխնածին հանքավայրի, արդյունահանված օգտակար հանածոյի և արտադրական լցակույտերի նկատմամբ սեփականության իրավունքը |
1. Տեխնածին հանքավայրերը Հայաստանի Հանրապետության բացառիկ սեփականությունն են և կարող են սույն օրենսգրքով սահմանված կարգով տրամադրվել շահագործման` օգտակար հանածոների արդյունահանման նպատակով:
2. Տեխնածին հանքավայրերի շահագործման համար վճարվում են ընդերքօգտագործման վճարներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Ընդերքօգտագործողի գործունեության արդյունքում առաջացած արտադրական լցակույտերի նկատմամբ սեփականության իրավունքը ընդերքօգտագործման իրավունքի թույլտվության գործողության ընթացքում պատկանում է տվյալ ընդերքօգտագործողին:
4. Ընդերքօգտագործողն իրավունք ունի առանց լրացուցիչ թույլտվությունների կամ համաձայնությունների ընդերքօգտագործման իրավունքի գործողության ընթացքում օգտագործելու իր գործունեության արդյունքում առաջացած արտադրական լցակույտերը կամ այլ անձի փոխանցելու դրանց օգտագործման իրավունքը:
5. Արտադրական լցակույտերն օգտագործողն ընդերքօգտագործման վճարները վճարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. Ընդերքօգտագործման իրավունքը դադարելուց հետո արտադրական լցակույտերի նկատմամբ սեփականության իրավունքն անհատույց անցնում է Հայաստանի Հանրապետությանը, որը կարող է դրանք օգտագործման տրամադրել որպես տեխնածին հանքավայրեր:
7. Արտադրական լցակույտերի նկատմամբ օգտագործման իրավունքը Հայաստանի Հանրապետությանն անցնելուց հետո դրանք կարող են տրամադրվել օգտագործման` սույն օրենսգրքով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 2
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 15. | Ընդերքի օգտագործման և պահպանության, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության պետական կառավարումը |
(վերնագիրը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն)
1. Ընդերքի օգտագործման և պահպանության, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության պետական կառավարումն իրականացնում են կառավարությունը և տվյալ բնագավառում լիազոր պետական կառավարման մարմինները` իրենց իրավասությունների շրջանակներում:
2. Ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում կառավարության իրավասություններն են`
1) ընդերքօգտագործման քաղաքականության որոշումն ու իրականացումը.
2) երկրաբանական տեղեկության միասնական համակարգի ստեղծման, վարման և տնօրինման կարգի սահմանումը.
3) օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարման, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասերի պետական հաշվառման, հանքավայրերի և օգտակար հանածոների երևակումների պետական կադաստրի վարման, երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական հաշվառման կարգերի սահմանումը.
4) ընդերքօգտագործման ոլորտում իրավահարաբերությունները կարգավորող իրավական ակտերի հաստատումը.
5) ընդերքօգտագործման թույլտվությունների և երկրաբանական ուսումնասիրությունների համաձայնությունների ձևերի հաստատումը.
6) ընդերքօգտագործման պայմանագրերի օրինակելի ձևերի հաստատումը.
7) օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ եռամսյակային և տարեկան հաշվետվությունների ձևերի սահմանումը.
8) օգտակար հանածոների պաշարների ամենօրյա շարժի գրանցամատյանի ձևի սահմանումը.
9) ստորերկրյա հանքային ջրերի հանքավայրերի շահագործման ժամանակ անհրաժեշտ ռեժիմային դիտարկումների, ջրային ռեսուրսները սպառումից և աղտոտումից պահպանելու միջոցառումների կարգի սահմանումը.
10) օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման կարգի սահմանումը.
11) դիմումատուի ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությանը ներկայացվող որակական չափանիշների գնահատման կարգի սահմանումը.
12) հազվագյուտ երկրաբանական մերկացումների, հանքաբանական գոյացումների, հնէաբանական օբյեկտների ու գիտական և գիտամշակութային հատուկ արժեք ներկայացնող ընդերքի մյուս տեղամասերի կարգավիճակը և պահպանության կարգի սահմանումը.
13) ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում միջազգային համագործակցության իրականացումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ իրավասություններ.
14) ընդերքօգտագործողների և քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը:
(15-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն)
Հոդված 16. | Ընդերքօգտագործման իրավունքի իրականացման համար անհրաժեշտ հողային հարաբերությունները |
1. Ընդերքօգտագործողների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 17. | Ընդերքի օգտագործման և պահպանության, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության բնագավառում լիազոր մարմինների իրավասությունները |
(վերնագիրը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն)
1. Ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազոր մարմնի իրավասություններն են`
1) ընդերքօգտագործման ոլորտում պետական քաղաքականության մշակումը և իրականացման ապահովումը.
2) ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում ընդունված ստանդարտների, նորմերի ու կանոնների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
3) ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործման և պահպանության պետական ծրագրերի մշակումն ու իրականացումը.
4) ընդերքօգտագործման ոլորտում իրավահարաբերությունները կարգավորող իրավական ակտերի մշակումը.
5) ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումը.
6) լեռնահատկացման ակտի օրինակելի ձևի սահմանումը.
7) ընդերքօգտագործման ոլորտում իր իրավասության սահմաններում պետական փորձաքննության իրականացումը.
8) օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարումը, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասերի պետական հաշվառման իրականացումը, հանքավայրերի և օգտակար հանածոների երևակումների պետական կադաստրի վարումը.
9) իր իրավասության սահմաններում ընդերքօգտագործման համար անհրաժեշտ թույլտվությունների ու համաձայնությունների տրամադրումը.
10) իր իրավասության սահմաններում ընդերքի օգտագործման գործընթացը կարգավորող, պետական կառավարումը և վերահսկողությունն ապահովող նորմատիվ ակտերի, ինչպես նաև ընդերքի օգտագործման համար պահանջվող նորմերի ու կանոնների մշակումը և ընդունումը.
11) ընդերքօգտագործման պայմանագրերի կնքումը.
12) ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման ժամանակ ընդերքօգտագործման համար արգելված ընդերքի առանձին տեղամասերի ճշգրտումը.
13) երկրաբանական տեղեկության միասնական համակարգի ստեղծումը, վարումը և տնօրինումը.
14) ընդերքօգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների կիրառումը.
15) Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով երկրաբանական տեղեկության տրամադրումը.
16) ընդերքի օգտագործման և պահպանության վերահսկողության (այսուհետ` ընդերքի վերահսկողության) պետական տեսչության աշխատանքների համակարգումը.
17) ընդերքի վերահսկողության պետական տեսչության աշխատանքային ծրագրերի հաստատումը և կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների ընդունումը.
18) տալ համաձայնություն օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման համար ընդերքօգտագործման իրավունքով ծանրաբեռնված ընդերքի տեղամասում իրականացնելու երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ` այդ մասին առնվազն 14 օր առաջ գրավոր իրազեկելով ընդերքօգտագործման իրավունք կրողին.
19) մուտք գործել ընդերքի ցանկացած տեղամաս երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ իրականացնելու համար` այդ մասին առնվազն 14 օր առաջ գրավոր իրազեկելով ընդերքօգտագործման իրավունք կրողին:
2. Ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի իրավասություններն են`
1) ընդերքօգտագործման բնագավառում շրջակա միջավայրի պահպանության նորմերի, պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը.
2) ընդերքօգտագործման նախագծերի, ծրագրերի, հանքարդյունահանման համալիրի ապամոնտաժման, հանքավայրերի կոնսերվացման, փակման և հրաժարման նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացումը.
3) ընդերքօգտագործման բնագավառում շրջակա միջավայրի պահպանության պետական քաղաքականության ձևավորմանը մասնակցությունը.
4) ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների կիրառումը.
5) հանքարդյունահանման համալիրի ապամոնտաժման, հանքավայրերի կոնսերվացման, փակման և հրաժարման նախագծերի, ծրագրերի կատարման նկատմամբ բնապահպանական վերահսկողության իրականացումը.
6) շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման, հատկացումների չափերի հաշվարկման, ռեկուլտիվացիոն աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ որոշումների ընդունումը.
7) շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փուլում շրջակա միջավայրի նկատմամբ մշտադիտարկումների պլանի կամ ծրագրի հաստատումը և վերահսկումը.
8) օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման կարգի մշակումը:
3. Ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններն են`
1) համայնքի ղեկավարի կողմից, համայնքի ավագանու որոշմամբ, ընդերքօգտագործման իրավունք ունեցող անձանց հետ հողօգտագործման պայմանագրի կնքումը.
2) ընդերքօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի վերականգնմանն ուղղված (անվտանգ օգտագործման համար պիտանի վիճակի բերելու) միջոցառումների` ռեկուլտիվացիայի ծրագիրը համայնքի ղեկավարի համաձայնությանը ներկայացնելը:
Ընդերքի օգտագործման իրավունք ստացած անձը չի կարող սկսել հանքարդյունահանման աշխատանքներն առանց տվյալ տարածքի համապատասխան սեփականատիրոջ համաձայնության կամ հողատարածքի օգտագործման պայմանագրի:
(17-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն)
Հոդված 18. | Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական կառավարումը |
1. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների պետական կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերին համահունչ` մշակված երկրաբանական ուսումնասիրության պետական ծրագրերը կառավարության կողմից հաստատելու և դրանց իրագործումն իրավասու մարմինների կողմից ապահովելու միջոցով:
2. Պետական ծրագրերը մշակվում են կառավարության սահմանած կարգով և ներառում են մասնավորապես`
1) Հայաստանի Հանրապետությունում երկրաբանական ուսումնասիրության ոլորտում տիրող վիճակի գնահատականը` աշխատանքների յուրաքանչյուր տեսակի գծով ծառացած խնդիրների բացահայտմամբ և դրանցից առաջնահերթ լուծում պահանջող հարցերի հիմնավորմամբ.
2) ծրագրվող ժամանակահատվածում պետական պատվերի գծով սկսվող և շարունակվող աշխատանքների ցանկը` դրանց իրականացման համար նախատեսվող ժամկետների սահմանմամբ, ինչպես նաև ծրագրվող աշխատանքների կատարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների կանխատեսմամբ և հիմնավորմամբ.
3) ծրագրվող ժամանակահատվածում մասնավոր ներդրումների հաշվին սկսվող և շարունակվող աշխատանքների ցանկը` դրանց իրականացման համար տնտեսավարող սուբյեկտների ներգրավման և այդ աշխատանքների կատարման ժամկետների սահմանմամբ:
3. Երկրաբանական ուսումնասիրության ոլորտի պետական պատվերի ձևավորումն ապահովում է լիազոր մարմինը` մշակելով կատարվելիք աշխատանքների երկրաբանական ու տեխնիկական առաջադրանքների և (կամ) նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթները:
4. Պետական պատվերով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներն իրականացվում են համաձայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքի:
Գ Լ ՈՒ Խ 3
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Հոդված 19. | Ընդերքօգտագործման ձևերը |
1. Ընդերքը կարող է օգտագործվել`
1) երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով.
2) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով:
Հոդված 20. | Ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումը |
1. Ընդերքօգտագործման իրավունքը տրամադրում է լիազոր մարմինը` սույն օրենսգրքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով` ընդերքօգտագործման թույլտվության կամ համաձայնության, լեռնահատկացման ակտի, ինչպես նաև ընդերքօգտագործողի հետ ընդերքօգտագործման պայմանագրի կնքման միջոցով:
2. Ընդերքօգտագործման իրավունքն անբաժանելի է և կարող է պատկանել միայն մեկ իրավաբանական անձի (այդ թվում` օտարերկրյա պետության առևտրային կազմակերպությանը):
3. Անժամկետ և անհատույց ընդերքօգտագործումն իրականացվում է ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանումը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, սեփական կարիքների համար ընդերքօգտագործողին` սեփականության իրավունքով պատկանող հողամասերից:
4. Ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի ձեռքբերման համար կարող են դիմել միայն հատուկ թույլտվություն ունեցող իրավաբանական անձինք: Հատուկ թույլտվության տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը:
Հոդված 21. | Լեռնահատկացումը |
1. Օգտակար հանածոյի (բացառությամբ ստորերկրյա քաղցրահամ և հանքային ջրերի) արդյունահանման համար լեռնահատկացումը տրվում է ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման հետ միաժամանակ և ընդերքօգտագործման իրավունքի բաղկացուցիչ մասն է:
2. Լեռնահատկացումը կատարվում է հանքարդյունահանման նախագծի համաձայն:
3. Ընդերքօգտագործողը լեռնահատկացման սահմաններում ունի գործունեության բացառիկ իրավունք:
4. Ընդերքօգտագործողն իրավունք ունի ընդերքօգտագործման հետ կապված գործունեությունը ծավալելու միայն ընդերքի այն տեղամասի սահմաններում, որը որոշված է լեռնահատկացմամբ:
5. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող անձն իրավունք ունի լեռնահատկացման ակտով որոշված ընդերքի տեղամասի սահմաններում իրականացնելու երկրաբանական ուսումնասիրություն` տեղյակ պահելով լիազոր մարմնին:
Հոդված 22. | Ընդերքօգտագործման իրավունքի տնօրինումը |
1. Ընդերքօգտագործման իրավունքը փոխանցելի է: Ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումն այլ անձի` օգտագործման իրավունքով արգելվում է:
2. Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցումն իրականացվում է լիազոր մարմնի համաձայնությամբ, որը տրվում է սույն օրենսգրքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով: Լիազոր մարմնի կողմից տրված համաձայնությունը հիմք է ընդերքօգտագործման իրավունքի վերաձևակերպման համար:
3. Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցմանն ուղղված բոլոր գործարքները կամ գործողությունները, որոնք իրականացվել են առանց լիազոր մարմնի համաձայնության, առ ոչինչ են:
Հոդված 23. | Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման վերաբերյալ համաձայնություն տալու կարգը |
1. Անձը, որը մտադիր է օտարել իրեն պատկանող ընդերքօգտագործման իրավունքը, լիազոր մարմին է ներկայացնում ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման համար համաձայնություն տալու մասին դիմում:
2. Դիմումը պետք է ներառի`
1) իրավաբանական անձի լրիվ անվանումը, որին պատկանում է ընդերքօգտագործման իրավունքը.
2) նշում` փոխանցվող ընդերքօգտագործման իրավունքի մասին.
3) սույն օրենսգրքով ընդերքօգտագործման իրավունք հայցելու համար նախատեսված տեղեկությունները.
4) հաշվետվություն ծրագրով կամ նախագծով նախատեսված աշխատանքների կատարման մասին, այդ թվում` նաև բնապահպանական միջոցառումների մասին:
3. Դիմումին կցվող փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենով:
4. Լիազոր մարմինը դիմումն ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում, որոշում է ընդունում ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման համաձայնություն տալու կամ համաձայնություն տալը մերժելու մասին: Սույն մասում նշված ժամկետում լիազոր մարմնի կողմից որոշում չկայացվելու դեպքում համաձայնությունը համարվում է տրված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձը օրենսդրությամբ սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:
5. Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցման վերաբերյալ համաձայնություն տալը լիազոր մարմնի կողմից մերժվում է սույն օրենսգրքով սահմանված` ընդերքօգտագործման իրավունքի հայցը մերժելու դրույթներին համապատասխան:
Հոդված 24. | Ընդերքօգտագործման իրավունքի փոխանցումը |
1. Ընդերքօգտագործման իրավունքը փոխանցվում է առանձնացման կամ բաժանման ձևով իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում` իրավահաջորդության կարգով բաժանիչ հաշվեկշռի հիման վրա, լիազոր մարմնի համաձայնությամբ, որը տրվում է 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջների պահպանմամբ:
Հոդված 25. | Ընդերքօգտագործման իրավունքի երաշխիքները |
1. Ընդերքօգտագործողի իրավունքների պաշտպանությունը երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Հայաստանի Հանրապետության օրենսդրության փոփոխության դեպքում ընդերքօգտագործման իրավունքի տրման պահից սկսած` 3 տարվա ընթացքում, ընդերքօգտագործման իրավունք ստացած անձի նկատմամբ, վերջինիս կողմից լիազոր մարմնին ուղղված դիմումի հիման վրա կիրառվում են օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի տրման պահին գործող բնօգտագործման վճարների (այդ թվում` ռոյալթիի), ռեզիդենտների շահութահարկի, ոչ ռեզիդենտների շահաբաժինների, տոկոսադրույքների, ռոյալթիների հարկման դրույքաչափերը:
Հոդված 26. | Ընդերքօգտագործման արգելումը |
1. Ընդերքի առանձին տեղամասերի օգտագործումն արգելվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ազգային անվտանգության ապահովման, մարդկանց կյանքի և առողջության, պատմամշակութային արժեքների կամ շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից, եթե հայցվող ընդերքի տեղամասի վրա գտնվող հողամասում կան`
1) գերեզմաններ.
2) բնության, պատմության և մշակույթի հուշարձաններ.
3) Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված բույսեր կամ կենդանիների բնակատեղիներ, ինչպես նաև եթե տվյալ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ:
2. Ընդերքօգտագործումը բնության հատուկ պահպանվող տարածքներում կարող է իրականացվել միայն Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրությամբ սահմանված կարգով:
(26-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն)
Հոդված 27. | Ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման ժամկետները |
1. Ընդերքօգտագործման իրավունքը տրամադրվում է որոշակի ժամկետով (բացառությամբ 20-րդ հոդվածի 3-րդ մասի)`
1) ընդերքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով` 3 տարին չգերազանցող ժամկետով, որը կարող է երկարաձգվել` համաձայն սույն օրենսգրքի 42-րդ հոդվածով սահմանված կարգի.
2) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով` հանքավայրի շահագործման ամբողջ ժամանակահատվածի համար` սահմանված կարգով փորձաքննություն անցած նախագծի համաձայն, բայց ոչ ավելի, քան 50 տարի, որը կարող է երկարաձգվել` համաձայն սույն օրենսգրքի 55-րդ հոդվածով սահմանված կարգի:
2. Ընդերքօգտագործման ժամկետներն ամրագրվում են ընդերքօգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերում:
Հոդված 28. | Ընդերքօգտագործման իրավունքի գրավը |
1. Ընդերքօգտագործման իրավունքը կարող է լինել գրավի առարկա:
2. Ընդերքօգտագործողի և գրավառուի միջև գրավի պայմանագիրը կնքվում է լիազոր մարմնին գրավոր տեղեկացնելուց հետո: Կնքված գրավի պայմանագիրը ներկայացվում է լիազոր մարմին ընդերքօգտագործման իրավունքների հաշվառման մատյանում հաշվառելու նպատակով և կարող է ներկայացվել գրանցման՝ «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
3. Գրավադրված ընդերքօգտագործման իրավունքի իրացումն իրականացվում է բացառապես հրապարակային սակարկությունների միջոցով` սույն օրենսգրքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով:
(28-րդ հոդվածը լրաց. 17.12.14 ՀՕ-271-Ն)
Հոդված 29. | Գրավի առարկա հանդիսացող ընդերքօգտագործման իրավունքի հարկադիր օտարումը |
1. Իրավունքի գրավի դեպքում գրավի առարկա հանդիսացող ընդերքօգտագործման իրավունքի հարկադիր օտարումն իրականացվում է հրապարակային սակարկությունների միջոցով:
2. Հրապարակային սակարկություններին մասնակցելու իրավունք ունեն իրավաբանական անձինք (այդ թվում` օտարերկրյա պետության առևտրային կազմակերպությունը), որոնք լիազոր մարմնից համաձայնություն են ստացել դրանց մասնակցելու համար:
3. Հրապարակային սակարկություններին մասնակցելու համաձայնություն ստանալու մասին դիմումը լիազոր մարմին է ներկայացվում և վերջինիս կողմից քննարկվում է սույն օրենսգրքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով:
4. Հրապարակային սակարկությունների արդյունքում ընդերքօգտագործման իրավունքի օտարման գործարք կնքելու համար լիազոր մարմնից լրացուցիչ համաձայնություն չի պահանջվում:
5. Հրապարակային սակարկությունները չկայացած հայտարարվելու դեպքում գրավառուն սույն օրենսգրքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով լիազոր մարմնի տված նախնական համաձայնությամբ իրավունք ունի գրավադրված իրավունքը վերածելու իր սեփականության (ձեռք բերել ընդերքօգտագործման իրավունք) կամ պահանջելու նոր հրապարակային սակարկությունների նշանակում:
6. Գրավի պայմանագրի և այլ համաձայնագրերի դրույթները, որոնք հակասում են սույն հոդվածի կանոններին, առ ոչինչ են:
Հոդված 30. | Զգուշացումը և ընդերքօգտագործման իրավունքի դադարեցումը |
1. Ընդերքօգտագործման իրավունքը դադարեցվում է միայն սույն օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով:
2. Լիազոր մարմինը ընդերքօգտագործման իրավունք կրող իրավաբանական անձին կարող է տալ գրավոր զգուշացում, եթե նա՝
1) չի կատարում սույն օրենսգրքով նախատեսված պարտավորությունները.
2) չի կատարում ընդերքօգտագործման իրավունքի պայմանները, այդ թվում՝ ընդերքօգտագործման պայմանագրով, ծրագրով կամ նախագծով ընդերքօգտագործման իրավունքով նախատեսված իր պարտավորությունների իրականացմանն առնչվող պայմանները, բացառությամբ գործադուլների, տնտեսավարողից անկախ պատճառներով ծառայությունների ընդհատումների` էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և այլ դեպքերի, անհաղթահարելի ուժի` հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժերի, փոթորիկների կամ այլ բնական աղետների, ինչպես նաև պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, անկարգությունների, ապստամբության, ազգայնացման և այլն, որոնք 90 օրվա ընթացքում անհնար են դարձնում աշխատանքների կատարումը, և լիազոր մարմին են ներկայացվել համապատասխան փաստերը վկայող փաստաթղթերը.
3) չի վճարել օրենքով նախատեսված վճարները՝ սահմանված օրվանից մեկ ամսվա ընթացքում:
3. Լիազոր մարմինն իրավունք չունի որոշում ընդունելու ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման մասին, եթե իրավունք կրողը զգուշացման մասին ծանուցումը ստանալուց հետո` ոչ ավելի, քան 90 օրվա ընթացքում, վերացրել է նշված հիմքերը:
4. Ընդերքօգտագործման իրավունքի դադարեցումն ուժի մեջ չի կարող մտնել, քանի դեռ ավարտված չեն ընդերքօգտագործման իրավունք կրողի նկատմամբ վերջինիս իրավունքների հետ կապված դատավարական սկսված գործընթացները:
5. Ընդերքօգտագործման իրավունքը դադարում է, եթե`
1) լրացել է ընդերքօգտագործման իրավունքի գործողության ժամկետը.
2) լուծարվել է ընդերքօգտագործող իրավաբանական անձը, կամ ընդերքօգտագործողը դադարել է անհատ ձեռնարկատեր լինելուց.
3) լիազոր մարմնի սահմանած ժամկետում (90 օր) ընդերքօգտագործման իրավունք կրողը չի վերացրել զգուշացման հիմքերը.
4) ընդերքն օգտագործվել է ոչ այն նպատակով, որի համար տրամադրվել է.
5) ընդերքօգտագործողը հայտնաբերել և լիազոր մարմնին 14 օրվա ընթացքում չի տեղեկացրել`
ա. ընդերքօգտագործման իրավունքում չնշված օգտակար հանածոների կուտակումների հայտնաբերման մասին,
բ. հազվագյուտ և գիտամշակութային արժեք ներկայացնող օբյեկտների առկայության մասին,
գ. չնախատեսված էկոլոգիական ռիսկերի ի հայտ գալու մասին:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում լիազոր մարմինն իրավունք ունի միակողմանի լուծելու ընդերքօգտագործման պայմանագիրը:
7. Ընդերքօգտագործման իրավունքը կարող է դադարեցվել նաև հասարակության և պետության կարիքների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
8. Ընդերքօգտագործման իրավունքի դադարեցումը հիմք է ընդերքօգտագործման նպատակով հատկացված հողամասի նկատմամբ ընդերքօգտագործողի իրավունքների դադարեցման համար:
Հոդված 31. | Ընդերքօգտագործման իրավունքների հաշվառումը |
1. Լիազոր մարմինը վարում է ընդերքօգտագործման իրավունքների հաշվառման կենտրոնացված մատյան, որտեղ հաշվառվում են այդ իրավունքներին առնչվող տեղեկությունները, ինչպես նաև իրավունքների փոփոխությունները, փոխանցումները, գրավը, զգուշացումը և դադարեցումը:
2. Ընդերքօգտագործման իրավունքների հաշվառման կենտրոնացված մատյանը կազմված է երկու միասնական մատյաններից`
1) երկրաբանական ուսումնասիրությունների իրավունքի հաշվառման գրանցամատյանից, որտեղ գրանցվում է երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու ներկայացված դիմումը: Նման գրանցում ստացած յուրաքանչյուր դիմում համարակալվում է: Դիմումի ստացման ամսաթիվը և ժամը նշվում են ստացականում, որը հանձնվում է դիմումատուին կամ նրա լիազորած անձին կամ պատվիրված նամակով ուղարկվում է դիմումատուին.
2) հանքարդյունահանման իրավունքի հաշվառման գրանցամատյանից, որտեղ գրանցվում է հանքարդյունահանման իրավունք հայցելու ներկայացված դիմումը: Նման գրանցում ստացած յուրաքանչյուր դիմում համարակալվում է: Դիմումի ստացման ամսաթիվը և ժամը նշվում են ստացականում, որը հանձնվում է դիմումատուին կամ նրա լիազորած անձին կամ պատվիրված նամակով ուղարկվում է դիմումատուին:
3. Ընդերքօգտագործման իրավունքների հաշվառման կենտրոնացված մատյանից տեղեկատվությունը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 4
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՈՎ
Հոդված 32. | Երկրաբանական ուսումնասիրության կարգը |
1. Երկրաբանական ուսումնասիրություններ կարող է կատարել իրավաբանական անձը (այդ թվում` օտարերկրյա պետության առևտրային կազմակերպությունը), որը ձեռք է բերել այդ իրավունքը սույն օրենսգրքով սահմանված կարգով:
2. Շահագործվող ու շահագործման նախապատրաստվող հանքավայրերի լրահետախուզում և շահագործական հետախուզում իրականացնելու իրավունք ունի միայն տվյալ հանքավայրի շահագործման իրավունք ունեցող անձը:
3. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներն իրականացվում են լիազոր մարմնի տված համաձայնության և կնքված ընդերքօգտագործման պայմանագրի հիման վրա:
4. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություններն իրականացվում են լիազոր մարմնի տված թույլտվության և կնքված ընդերքօգտագործման պայմանագրի հիման վրա:
5. Սույն հոդվածի 3-րդ մասով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը:
6. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրությունների համար ընդերքօգտագործման իրավունքի տրամադրումն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով:
7. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքները ենթակա են պետական ընդերքաբանական փորձաքննության և հաշվառման` կառավարության սահմանած կարգով:
Հոդված 33. | Երկրաբանական ուսումնասիրության նպատակով համաձայնություն հայցելը |
1. Երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու նպատակով դիմումը ներկայացվում է լիազոր մարմին:
2. Դիմումում նշվում և դրան կից ներկայացվում են`
1) դիմումատուի անվանումը, հասցեն (գտնվելու վայրը).
2) դիմումատուի պետական գրանցման վկայականի պատճենը.
3) աշխատանքների իրականացման համար պահանջվող ժամկետը.
4) ընդերքի այն տեղամասի նկարագրությունը, որտեղ ուսումնասիրություն իրականացնելու համար ներկայացվել է դիմումը, և ընդերքի այդ տեղամասի հատակագիծը` ծայրակետային կոորդինատներով.
5) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագիրը.
6) դիմումատուի` Հայաստանի Հանրապետությունում նախկինում ունեցած ընդերքօգտագործման իրավունքի մասին տվյալները.
7) ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկություն, որի բովանդակությունը և դրան ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը.
8) ներկայացված փաստաթղթերի ցանկը:
Հոդված 34. | Երկրաբանական ուսումնասիրության համաձայնության բովանդակությունը |
1. Երկրաբանական ուսումնասիրության համաձայնությունը մասնավորապես ներառում է`
1) համաձայնության հերթական համարը, տրման տարին, ամիսը, ամսաթիվը և գործողության ժամկետը.
2) ընդերքի տեղամասի ծայրակետերի կոորդինատները` միասնական կոորդինատային համակարգով.
3) ուսումնասիրության նպատակը:
2. Համաձայնությանը կցվում են ուսումնասիրության ծրագիրը և պայմանագիրը, որոնք համաձայնության անքակտելի մասերն են:
Հոդված 35. | Երկրաբանական ուսումնասիրության պայմանագիրը |
1. Երկրաբանական ուսումնասիրության նպատակով լիազոր մարմնի և ընդերքօգտագործողի միջև կնքվում է ընդերքօգտագործման պայմանագիր:
2. Պայմանագրում մասնավորապես նշվում են`
1) աշխատանքների նպատակը և կատարման ժամկետները.
2) ընդերքի տեղամասի ծայրակետերի կոորդինատները.
3) պայմանագրի գործողության ժամկետը.
4) ուսումնասիրության արդյունքում ստացված տեղեկությունները սահմանված կարգով լիազոր մարմին ներկայացնելու ընդերքօգտագործողի պարտականությունը:
Հոդված 36. | Երկրաբանական ուսումնասիրության ծրագիրը |
1. Երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումին կից լիազոր մարմնի համաձայնեցմանն է ներկայացվում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագիրը:
2. Աշխատանքային ծրագիրը պետք է ներառի`
1) կատարվելիք աշխատանքների նպատակները և ենթադրվող ժամկետները.
2) ընդերքի ուսումնասիրվելիք տեղամասում նախկինում իրականացված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքների վերլուծությունը, եթե այդպիսի աշխատանքներ կատարվել են.
3) աշխատանքների կատարման նախանշված մեթոդները, եղանակները, միջոցները և մոտավոր ծավալները:
3. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրին կցվում են՝
1) անհրաժեշտ քարտեզագրական նյութերը.
2) կառավարության սահմանած դեպքերում շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը, այդ թվում՝ բնապահպանական միջոցառումների ծրագիրը:
4. Առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցված աշխատանքային ծրագրի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործումն արգելվում է:
(36-րդ հոդվածը փոփ., խմբ. 21.06.14 ՀՕ-112-Ն)
Հոդված 37. | Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության բովանդակությունը |
1. Թույլտվությունը մասնավորապես ներառում է՝
1) թույլտվության հերթական համարը, տրման տարին, ամիսը, ամսաթիվը և գործողության ժամկետը.
2) ընդերքի տեղամասի ծայրակետերի կոորդինատները` միասնական կոորդինատային համակարգով.
3) երկրաբանական ուսումնասիրության նպատակը.
4) օգտակար հանածոյի անվանումը:
2. Թույլտվությանը կցվում են ուսումնասիրության ծրագիրը և երկրաբանական ուսումնասիրության պայմանագիրը, որոնք թույլտվության անքակտելի մասերն են:
Հոդված 38. | Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումը |
1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումը ներկայացվում է լիազոր մարմին:
2. Դիմումում նշվում և դրան կից ներկայացվում են`
1) իրավաբանական անձի դեպքում` դիմումատուի պետական գրանցման վկայականի պատճենը.
2) աշխատանքների իրականացման համար պահանջվող ժամկետը.
3) երկրաբանական ուսումնասիրության ենթակա օգտակար հանածոն(ները).
4) ընդերքի հայցվող տեղամասի ընդհանուր և երկրաբանական նկարագրությունները` երկրաբանական քարտեզով, և հատակագիծը` ծայրակետային կոորդինատներով.
5) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագիրը` համաձայն 39-րդ հոդվածի.
6) դիմումատուի` Հայաստանի Հանրապետությունում նախկինում ունեցած ընդերքօգտագործման իրավունքի մասին տվյալները.
7) դիմումատու իրավաբանական անձի 10 կամ ավելի տոկոս բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող անձանց անունները (անվանումը), քաղաքացիությունը (իրավաբանական անձի դեպքում` պետական գրանցման վկայականի պատճենը).
8) ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկություն, որի բովանդակությունը և դրան ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը.
9) ներկայացված փաստաթղթերի ցանկը:
Հոդված 39. | Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագիրը |
1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումին կից լիազոր մարմին է ներկայացվում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագիրը համաձայնեցման նպատակով:
2. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագիրը պետք է ներառի`
1) կատարվելիք աշխատանքների նպատակներն ու ենթադրվող ժամկետները.
2) աշխատանքների կատարման նախանշված մեթոդները, եղանակները, միջոցները` միջազգային լավագույն փորձին համապատասխան, և մոտավոր ծավալները:
3. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրին կցվում են՝
1) անհրաժեշտ քարտեզագրական նյութերը.
2) շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը, այդ թվում՝ բնապահպանական միջոցառումների ծրագիրը:
4. Առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցված աշխատանքային ծրագրի` օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքի իրականացումն արգելվում է:
(39-րդ հոդվածը փոփ., խմբ. 21.06.14 ՀՕ-112-Ն)
Հոդված 40. | Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ որոշման կայացումը |
1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումի ստացման օրվանից հետո` 5-օրյա ժամկետում, լիազոր մարմինը դիմումատուին ծանուցում է դիմումին կից ներկայացված փաստաթղթերի փաթեթի ամբողջականության և դիմումի գրանցման մասին:
2. Դիմումի գրանցման օրվանից հետո` 10-օրյա ժամկետում, լիազոր մարմինը քննարկում է դիմումին կից ներկայացված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագիրը և այն ներկայացնում է սույն օրենսգրքով սահմանված շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման: Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը ծրագիրն ստանալուց հետո` մինչև 30-օրյա ժամկետում, տրամադրում է եզրակացություն ծրագրի վերաբերյալ:
3. Շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ համապատասխան եզրակացություն մինչև 30-օրյա ժամկետում չտրամադրվելու դեպքում այն համարվում է դրական, իսկ լիազոր մարմնի իրավասու անձը օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:
4. Շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման դրական եզրակացությունն ստանալուց հետո լիազոր մարմինը դիմումի գրանցման օրվանից հետո` մինչև 60-օրյա ժամկետում, որոշում է ընդունում դիմումի վերաբերյալ, որի մասին գրավոր ծանուցում է դիմումատուին: Եթե սույն մասով սահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձը օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:
5. Եթե երկու կամ ավելի անձ դիմում են ներկայացրել ընդերքի միևնույն տեղամասի համար, ապա նախապատվություն է տրվում այն դիմումատուին, որի դիմումն առաջինն է գրանցվել:
6. Եթե դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, կամ ներկայացված ուսումնասիրության ծրագիրը, ինչպես նաև դիմումատուի ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունները չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին, ապա լիազոր մարմինը 10-օրյա ժամկետում տեղեկացնում է դիմումատուին այդ մասին: Դիմումատուն ծանուցումը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, վերացնում է նշված թերությունները: Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը:
7. Լիազոր մարմինը մերժում է դիմումը, եթե`
1) ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում բերված տեղեկությունները կեղծ են.
2) ընդերքի այն տեղամասը, որի համար դիմումատուն դիմել է, կամ դրա մի մասն այլ ընդերքօգտագործման առանձին օբյեկտ է.
3) ընդերքի այն տեղամասը, որի համար դիմումատուն դիմել է, չի կարող լինել ընդերքօգտագործման իրավունքի առանձին օբյեկտ.
4) ընդերքի այն տեղամասը, որի նկատմամբ դիմումատուն հավակնում է ստանալ երկրաբանական ուսումնասիրության իրավունք, գերազանցում է դիմումատուի կողմից երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային համառոտ ծրագրով նախատեսված ընդերքօգտագործման աշխատանքների իրականացման համար պահանջվող տարածքը.
5) դիմումատուի ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունները օրենսդրությամբ սահմանված պահանջներին չբավարարելու դեպքում.
6) երկրաբանական ուսումնասիրության իրավունքի տրամադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերի պահանջներին.
7) սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի 3-5-րդ կետերով սահմանված հիմքերով դադարեցվել է դիմումատուի` նախկինում ունեցած ընդերքօգտագործման որևէ իրավունք.
8) ընդերքի տեղամասը գտնվում է օրենսգրքի 26-րդ հոդվածով սահմանված տարածքներում:
8. Դիմումի մերժման որոշման մեջ նշվում են մերժման բոլոր հիմքերը:
9. Սույն հոդվածով չսահմանված այլ հիմքերով դիմումի մերժումն արգելվում է:
(40-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն)
Հոդված 41. | Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության պայմանագրի կնքումը |
1. Լիազոր մարմնի կողմից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումը բավարարելու վերաբերյալ ծանուցումն ստանալուց հետո դիմումատուն 10-օրյա ժամկետում հրավիրվում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության պայմանագիրն իր կողմից վավերացվելու համար:
2. Երկրաբանական ուսումնասիրության պայմանագիրը պետք է նախատեսի`
1) երկրաբանական ուսումնասիրության նպատակը.
2) աշխատանքների կատարման ժամկետն ըստ փուլերի` երկրաբանական ուսումնասիրությունների կատարման ժամանակացույցը, ստացված տեղեկությունները պետական փորձաքննության ներկայացնելու ենթադրվող ժամկետները.
3) տրամադրվող տեղամասի ծայրակետային կոորդինատները.
4) պայմանագրի գործողության ժամկետը` ըստ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրի.
5) օգտակար հանածոների տեսակները, որոնց ուսումնասիրությունը և հետագա արդյունահանումը թույլ են տրվում ընդերքօգտագործողին.
6) պայման այն մասին, որ աշխատանքների կատարման ընթացքում նոր` նախապես չնշված օգտակար հանածոների տեսակներ հայտնաբերելու դեպքում դրանց ուսումնասիրման համար, ընդերքօգտագործողի հայտի հիման վրա, ընդերքօգտագործման իրավունքում կատարվում են համապատասխան լրացումներ.
7) բնապահպանական միջոցառումները` օրենսդրությամբ սահմանված կարգով.
8) աշխատանքների ընթացքի վերաբերյալ միջանկյալ և վերջնական հաշվետվությունները լիազոր մարմին ներկայացնելու ժամկետները և կարգը:
3. Պայմանագիրը վավերացնելուց հետո` 10-օրյա ժամկետում, դիմումատուին տրվում է օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունքը հավաստող փաստաթղթերի փաթեթը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած:
4. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվությունը, երկրաբանական ուսումնասիրության պայմանագիրը և լիազոր մարմնի հետ համաձայնեցված աշխատանքային ծրագիրը համատեղ հանդիսանում են օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունքը հավաստող փաստաթղթերի փաթեթը:
5. (մասն ուժը կորցրել է 29.06.16 ՀՕ-127-Ն)
6. Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումը, ծրագիրը, թույլտվությունը և պայմանագիրը հիմք են լիազոր մարմնի սահմանած կարգով երկրաբանական ուսումնասիրությունների աշխատանքների` սույն օրենսգրքի 63-րդ հոդվածով սահմանված հաշվառման համար:
(41-րդ հոդվածը փոփ. 29.06.16 ՀՕ-127-Ն)
Հոդված 42. | Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության ժամկետը և դրա երկարաձգումը |
1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվությունը տրվում է 3 տարին չգերազանցող ժամկետով, որն ընդերքօգտագործողի ներկայացրած դիմումի հիման վրա կարող է երկարաձգվել միմյանց հաջորդող 3 ժամանակահատվածի համար` յուրաքանչյուր անգամ 2 տարուց ոչ ավելի ժամկետով:
2. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության գործողության ժամկետը օգտակար հանածոների պաշարների հաստատումից հետո կարող է երկարաձգվել ևս մեկ տարով` հանքարդյունահանման նախագիծը կազմելու համար:
3. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության գործողության ժամկետը չի կարող երկարաձգվել, եթե ընդերքօգտագործման իրավունքի երկարաձգումը պայմանավորված է ընդերքօգտագործողի կողմից պայմանագրային պարտականությունների կատարման խախտմամբ:
4. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության գործողության ժամկետը չի կարող երկարաձգվել, եթե ընդերքօգտագործողն ուսումնասիրության արդյունքների հիման վրա առանձնացված ոչ հեռանկարային տեղամասերից հրաժարում չի նախատեսում, ինչը չի կարող լինել պակաս, քան նախապես հատկացված տեղամասի կեսը:
5. Ժամկետի երկարաձգման դիմումում պետք է նշվեն`
1) երկարաձգման խնդրարկվող ժամանակահատվածը.
2) հանգամանքները, որոնք հիմք են եղել երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները երկարաձգելու համար.
3) հաշվետվություն ծրագրով կամ նախագծով նախատեսված աշխատանքների կատարման, այդ թվում` բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների մասին.
4) փոփոխված աշխատանքային ծրագիրը.
5) երկրաբանական ուսումնասիրությունները շարունակելու հիմնավորումները:
6. Սույն հոդվածի պահանջներին համապատասխան ներկայացված դիմումի հիման վրա օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության ժամկետը երկարաձգվում է ոչ ավելի, քան խնդրարկվող ժամկետով:
7. Երկրաբանական ուսումնասիրության ժամկետի երկարաձգման համար ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 40-րդ հոդվածի 2-4-րդ և 7-րդ մասերով սահմանված կանոնները:
8. Լիազոր մարմնից ծանուցումը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, դիմումատուն ներկայանում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության պայմանագրի համապատասխան փոփոխությունն իր կողմից վավերացվելու համար, որից հետո` 10-օրյա ժամկետում, տրվում է ընդերքօգտագործման իրավունքի համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունքի ժամկետի երկարաձգում հայցելու դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած:
(42-րդ հոդվածը խմբ. 21.06.14 ՀՕ-112-Ն)
Հոդված 43. | Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնումը |
1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք ստացած անձը կարող է դիմել լիազոր մարմին` երկրաբանական ուսումնասիրության նպատակով իրեն տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնման համար` կից ներկայացնելով երկրաբանական ուսումնասիրության փոփոխված աշխատանքային ծրագիրը:
2. Ընդերքի տեղամասի ընդլայնման վերաբերյալ դիմումը լիազոր մարմին կարող է ներկայացվել երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրով նախատեսված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների առնվազն կեսը կատարելուց հետո, որի անհրաժեշտությունը պետք է հիմնավորվի ուսումնասիրության հիման վրա ստացված տեղեկատվությամբ: Ընդերքի տեղամասն ընդհանուր առմամբ կարող է ընդլայնվել ոչ ավելի, քան մեկ անգամ:
3. Ընդերքի տեղամասի ընդլայնման համար ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 40-րդ հոդվածի 2-4-րդ և 7-րդ մասերով սահմանված կանոնները:
4. Լիազոր մարմինը մերժում է սույն հոդվածով նախատեսված ընդերքի տեղամասի ընդլայնման վերաբերյալ ներկայացված դիմումը սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի 3-5-րդ կետերով նախատեսված դեպքերում, ինչպես նաև եթե ընդլայնման վերաբերյալ դիմում է ներկայացվել ընդերքի այնպիսի տեղամասի համար, որը գտնվում է օրենսգրքի 26-րդ հոդվածով սահմանված տարածքներում:
5. Դիմումի մերժման որոշման մեջ նշվում են մերժման բոլոր հիմքերը:
6. Երկրաբանական ուսումնասիրության նպատակով տրամադրված ընդերքի տեղամասն ընդլայնելու վերաբերյալ դիմումի գրանցման օրվանից հետո` 30 օրվա ընթացքում, լիազոր մարմինը քննարկում է դիմումին կից ներկայացված երկրաբանական ուսումնասիրության փոփոխված աշխատանքային ծրագիրը և որոշում ընդունում դիմումի վերաբերյալ, որի մասին գրավոր ծանուցում է դիմումատուին: Եթե սույն մասով սահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձը օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:
7. Լիազոր մարմնից ծանուցումն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, դիմումատուն ներկայանում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության պայմանագրի համապատասխան փոփոխությունն իր կողմից վավերացվելու համար, որից հետո` 10-օրյա ժամկետում, տրվում է ընդերքօգտագործման իրավունքի համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության համար տրամադրված տեղամասի ընդլայնում հայցելու դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած:
(43-րդ հոդվածը խմբ. 21.06.14 ՀՕ-112-Ն)
Հոդված 44. | Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ծրագրի փոփոխությունը |
1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող կամ հայցող անձը կարող է փոփոխություններ կատարել երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրում:
2. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրի յուրաքանչյուր փոփոխություն ուժի մեջ է մտնում լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց և բնապահպանական ծրագրում փոփոխություն կատարելուց հետո:
2.1. Երկրաբանական ուսումնասիրության ծրագրի փոփոխության համար ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 40-րդ հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված կանոնները:
3. Երկրաբանական ուսումնասիրության փոփոխված աշխատանքային ծրագիրը լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու համար ներկայացված դիմումի գրանցման օրվանից հետո` 30 օրվա ընթացքում, լիազոր մարմինը քննարկում է դիմումին կից ներկայացված երկրաբանական ուսումնասիրության փոփոխված աշխատանքային ծրագիրը և որոշում ընդունում դիմումի վերաբերյալ, որի մասին գրավոր ծանուցում է դիմումատուին: Եթե սույն մասով սահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձը օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:
4. Լիազոր մարմնից ծանուցումը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, դիմումատուն ներկայանում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության պայմանագրի համապատասխան փոփոխությունն իր կողմից վավերացվելու համար, որից հետո` 10-օրյա ժամկետում, տրվում է ընդերքօգտագործման իրավունքի համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ծրագրի փոփոխության դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած:
(44-րդ հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-112-Ն)
Հոդված 45. | Ընդերքի տեղամասի կամ դրա մի մասի նկատմամբ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունքից հրաժարումը |
1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող անձը, որը ցանկանում է հրաժարվել ընդերքի տեղամասի կամ դրա մի մասի նկատմամբ երկրաբանական ուսումնասիրության իրավունքից, հրաժարումն ուժի մեջ մտնելու համար պետք է դիմի լիազոր մարմին իր համար ցանկալի օրվանից առնվազն 3 ամիս առաջ:
2. Դիմումում և դրան կից ներկայացվում են`
1) նշում` հրաժարումն ուժի մեջ մտնելու ցանկալի օրվա մասին.
2) ընդերքի այն տեղամասի վրա կատարված աշխատանքների մանրամասն նկարագրությունը, որի նկատմամբ երկրաբանական ուսումնասիրության իրավունքից դիմումատուն ցանկանում է հրաժարվել.
3) նշված աշխատանքների կատարումը հավաստող փաստաթղթեր:
3. Ընդերքի տեղամասի մի մասի նկատմամբ երկրաբանական ուսումնասիրության իրավունքից հրաժարվելու մասին դիմումում պետք է նկարագրվի ընդերքի այդ տեղամասը: Դիմումին կցվում են`
1) ընդերքի այդ տեղամասի նկարագրությունը.
2) երկրաբանական ուսումնասիրության փոփոխված ծրագիրը.
3) տվյալ տեղամասի հատակագիծը, որում պետք է սահմանանշված լինի ընդերքի տեղամասի այն մասը, որի նկատմամբ երկրաբանական ուսումնասիրության իրավունքից ընդերքօգտագործողը ցանկանում է հրաժարվել:
4. Եթե հավաստագիրը վերաբերում է երկրաբանական ուսումնասիրության իրավունքի օբյեկտ համարվող ընդերքի տեղամասի մի մասին, ապա լիազոր մարմինը, 30-օրյա ժամկետում քննարկելով դիմումը և երկրաբանական ուսումնասիրության փոփոխված ծրագիրը, դիմումատուին տրամադրում է հրաժարման հավաստագիր, որը կարող է պարունակել երկրաբանական ուսումնասիրության իրավունքից հրաժարման պայմաններ, որի մասին ծանուցում է դիմումատուին:
5. Լիազոր մարմինը չի տրամադրում հրաժարման հավաստագիր`
1) այն դիմումատուին, որը չի ներկայացրել սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերը.
2) եթե երկրաբանական ուսումնասիրության իրավունքի օբյեկտ համարվող ընդերքի մնացած տեղամասը չի կարող ընդերքօգտագործման պայմանագրի պայմաններին համապատասխան օգտագործվել կամ շահագործվել որպես ողջամիտ և համալիր:
6. Հրաժարման հավաստագիրն ուժի մեջ է մտնում սույն հոդվածով նախատեսված դիմումում նշված օրվանից կամ այն օրվանից, որը նշանակում է լիազոր մարմինը` ելնելով հրաժարման պայմաններից`
1) եթե հավաստագիրը վերաբերում է երկրաբանական ուսումնասիրության իրավունքի օբյեկտ համարվող ընդերքի ամբողջ տեղամասին, ապա օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչվում, և երկրաբանական ուսումնասիրության պայմանագիրը ենթակա է լուծման ընդերքի տեղամասի վերաբերյալ տեղեկատվությունը սահմանված կարգով լիազոր մարմնին հանձնելուց հետո.
2) եթե հավաստագիրը վերաբերում է երկրաբանական ուսումնասիրության իրավունքի օբյեկտ համարվող ընդերքի տեղամասի մի մասին, ապա լիազոր մարմնից ծանուցումը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, դիմումատուն ներկայանում է ընդերքի երկրաբանական ուսումնասիրության պայմանագրի համապատասխան փոփոխությունն իր կողմից վավերացվելու համար, որից հետո` 10-օրյա ժամկետում, տրվում է ընդերքօգտագործման իրավունքի համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունքի օբյեկտ համարվող ընդերքի տեղամասի մի մասից հրաժարման դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած:
7. Ընդերքի տեղամասի կամ դրա մի մասի նկատմամբ երկրաբանական ուսումնասիրության իրավունքից հրաժարումը չի ազատում ընդերքի տեղամասի կամ դրա մի մասի նկատմամբ մինչև հրաժարման ուժի մեջ մտնելու պահն առաջացած պարտավորություններից և պատասխանատվությունից:
Հոդված 46. | Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք ստացած անձի իրավունքները և պարտականությունները |
1. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք ստացած անձը իրավունք ունի`
1) կատարելու բացառիկ իրավունքով տրամադրված տարածքի սահմաններում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ.
2) տրամադրված օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման համար ներգրավել երրորդ անձանց` քաղաքացիաիրավական պայմանագրի կնքմամբ.
3) առաջնահերթությամբ ստանալ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ընդերքի այն տեղամասի նկատմամբ, որի վերաբերյալ սեփական միջոցների հաշվին ստացել է երկրաբանական տեղեկություն:
2. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունք ստացած անձը պարտավոր է`
1) աշխատանքներն իրականացնել` համաձայն լիազոր մարմնի հետ համաձայնեցված աշխատանքային ծրագրի.
2) լիազոր մարմնին տեղեկացնել արդյունաբերական նշանակություն ունեցող օգտակար հանածոների հայտնաբերման մասին դրանց հայտնաբերումից հետո` 14 օրվա ընթացքում.
3) մետաղական օգտակար հանածոների քանակի, որակի և այլ հատկությունների վերաբերյալ տեղեկատվության արժանահավատությունն ապահովելու նպատակով փորձանմուշները հսկողական անալիզի ենթարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
4) յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` 60 օրվա ընթացքում, լիազոր մարմին ներկայացնել միջանկյալ հաշվետվություն` մանրամասնելով կատարված երկրաբանական աշխատանքները.
5) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքում ստացած տեղեկատվությունը հանձնել լիազոր մարմնին՝ սահմանված կարգով.
6) տալ շրջակա միջավայրի ազդեցության գնահատականը, այդ թվում` բնապահպանական կառավարման պլանը և մշտադիտարկումների ծրագրերի կազմումը.
7) կրել սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված այլ պարտականություններ:
(46-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն)
Հոդված 47. | Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ընթացքում փորձնական հանույթի իրականացումը և օգտակար հանածոների փորձանմուշների տեղափոխումը |
1. Երկրաբանական ուսումնասիրության իրավունք ունեցող անձը երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրով նախատեսված լինելու դեպքում իրավունք ունի երկրաբանական ուսումնասիրությունների վերջին փուլում իրականացնելու փորձնական հանույթ և երկրաբանական ուսումնասիրության համար տրամադրված ընդերքի տեղամասից տեղափոխելու օգտակար հանածոյի փորձանմուշներ, եթե դա անհրաժեշտ է օգտակար հանածոյի հետազոտման համար` օգտակար հանածոյի արժեքի որոշման կամ օգտակար հանածոյի փորձաքննություն անցկացնելու նպատակով: Այլ նպատակներով երկրաբանական ուսումնասիրության համար տրամադրված ընդերքի տեղամասից օգտակար հանածոյի տեղափոխումն արգելվում է:
Գ Լ ՈՒ Խ 5
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՒՄՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
Հոդված 48. | Իրավաբանական անձանց և քաղաքացիներին հատկացված հողամասերի սահմաններում ընդերքօգտագործումը |
1. Իրավաբանական անձինք և քաղաքացիները, առանց ընդերքօգտագործման իրավունքի ձևավորման, իրենց սեփական հողամասերի սահմաններում շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, տնտեսական և կենցաղային սեփական կարիքների բավարարման նպատակով կարող են կատարել պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում` մինչև 2 մետր խորությամբ, ինչպես նաև ստորերկրյա կառույցների շինարարություն` մինչև 5 մետր խորությամբ` կառավարության սահմանած կարգով, տեղյակ պահելով լիազոր մարմնին:
Հոդված 48.1 | Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու նպատակով շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը |
1. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու նպատակով իրավաբանական անձը լիազոր մարմին է ներկայացնում շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը: Լիազոր մարմինը հայտը ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, այն ներկայացնում է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին: Հայտը ստանալուց հետո` մինչև 30-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը տրամադրում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման տեխնիկական առաջադրանք:
2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը կազմելու համար համապատասխան տեխնիկական առաջադրանք մինչև 30-օրյա ժամկետում չտրամադրվելու դեպքում շրջակա միջավայրի պահպանության ոլորտի բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի իրավասու անձն օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն, իսկ դիմումատուն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը կազմում է իր հայեցողությամբ:
3. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը կազմելու համար համապատասխան տեխնիկական առաջադրանքը շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնից ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, լիազոր մարմինն այդ մասին ծանուցում է իրավաբանական անձին:
(48.1-ին հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-112-Ն)
Հոդված 49. | Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու դիմումը |
1. Իրավաբանական անձը (այդ թվում` օտարերկրյա պետության առևտրային կազմակերպությունը) կարող է դիմել լիազոր մարմին` օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ստանալու նպատակով:
2. Դիմումում նշվում կամ դրան կից ներկայացվում են`
1) իրավաբանական անձի դեպքում` դիմումատուի պետական գրանցման վկայականի պատճենը, նշում դիմումատուի իրավաբանական անձի կանոնադրական կապիտալի չափի մասին.
2) հանքավայրի շահագործման ակնկալվող ժամկետը` հաշվարկված առկա տեխնիկատնտեսական ցուցանիշների հիման վրա.
3) ընդերքի այն տեղամասի երկրաբանական նկարագրությունը (մանրամասն գծագրված հատակագծով, սպառիչ տեղեկություններով տվյալ հանքավայրի հաստատված պաշարների և օգտակար հանածոյի արդյունահանման պայմանների վերաբերյալ), որի նկատմամբ դիմումատուն հավակնում է ստանալ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք.
4) հաստատված օգտակար հանածոների ցանկը.
5) օգտակար հանածոյի արդյունահանման նախագիծը.
6) հանքի փակման ծրագիրը, որը պետք է ներառի`
ա. հանքի ֆիզիկական փակման ծրագիրը, որում ներառվում է ենթակառուցվածքների, մեքենաների, սարքավորումների և շինությունների ապամոնտաժումը,
բ. օգտակար հանածոյի արդյունահանման հետևանքով խախտված հողատարածքների ռեկուլտիվացիայի, ներառյալ` ռեկուլտիվացիայի ծրագիրը հանքի գոյության ընթացքում (ելնելով հանքավայրի շահագործման եղանակից),
գ. աշխատուժի սոցիալական մեղմացման ծրագիրը` օրենսդրությամբ սահմանված կարգով,
դ. օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման ծրագիրը,
ե. հանքավայրի շահագործման աշխատանքների ավարտից 2 տարի առաջ հանքի փակման վերջնական ծրագրի կազմման հավաստումը,
զ. հանքի փակման ծրագրի իրականացման ֆինանսական երաշխիքները.
7) դիմումատուի` Հայաստանի Հանրապետությունում նախկինում ունեցած ընդերքօգտագործման իրավունքի մասին տվյալներ.
8) դիմումատու իրավաբանական անձի 10 կամ ավելի տոկոս բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող անձանց անունները (անվանումը), քաղաքացիությունը (իրավաբանական անձի դեպքում` պետական գրանցման վկայականի պատճենը), ինչպես նաև նրանց վերաբերյալ այլ տեղեկություններ` լիազոր մարմնի սահմանած կարգին համապատասխան.
9) ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկություն, որի բովանդակությունը և դրան ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը.
10) ֆինանսական առաջարկներ և երաշխիքներ, որոնք պետք է ներառեն մանրամասներ հանքի աշխատանքի, կապիտալ և գործառնական ծախսերի վերաբերյալ.
11) շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման համար սահմանված պետական տուրքի անդորրագիրը:
(49-րդ հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-112-Ն)
Հոդված 50. | Օգտակար հանածոյի արդյունահանման նախագիծը |
1. Օգտակար հանածոյի արդյունահանման նախագիծը պետք է ներառի`
1) օգտակար հանածոների հանքավայրերի բացման այնպիսի եղանակներ և շահագործման համակարգեր, որոնք համապատասխանում են միջազգային լավագույն փորձին և ապահովում են հիմնական և դրանց ուղեկից օգտակար հանածոների պաշարների ողջամիտ և համալիր, տնտեսապես նպատակահարմար և բնապահպանական նվազագույն կորուստներ ապահովող արդյունահանումը, ինչպես նաև կառույցների անվտանգ և երկարատև շահագործումը.
2) նախատեսվող ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ մանրամասներ.
3) առկա տեխնիկատնտեսական ցուցանիշների հիման վրա հանքավայրի շահագործման ակնկալվող ժամկետի հաշվարկը.
4) շրջակա միջավայրի ազդեցության գնահատականը, այդ թվում` բնապահպանական կառավարման պլանը և մշտադիտարկումների ծրագրերը.
5) սոցիալական ազդեցության գնահատականը, որը ներառում է`
ա. վերաբնակեցման անհրաժեշտության դեպքում բնակչության սոցիալական պայմանների բարելավման դրույթներ,
բ. բնակչության կենսամակարդակի բարելավման դրույթներ,
գ. համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացի մասնակցության ապահովման երաշխիքներ.
6) հեռացվող հողաշերտի և զուգընթաց արդյունահանվող աղքատ հանքաքարի պահեստավորումը և պահպանությունը.
7) աշխատանքի անվտանգության, աշխատակիցների առողջության պահպանության և շրջակա միջավայրի պահպանության սահմանված կանոնների և նորմերի ապահովումը.
8) խախտված հողերի վերականգնումը:
2. Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործումը, առանց սահմանված կարգով պետական փորձաքննությունների ենթարկված նախագծի, արգելվում է:
(50-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.06.14 ՀՕ-112-Ն)
Հոդված 51. | Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ որոշման կայացումը |
1. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու նպատակով ներկայացված դիմումի գրանցման օրվանից հետո` 5-օրյա ժամկետում, լիազոր մարմինը ծանուցում է դիմումատուին դիմումի գրանցման մասին:
2. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու նպատակով ներկայացված դիմումի գրանցման օրվանից հետո` 10-օրյա ժամկետում, լիազոր մարմինը քննարկում է դիմումին կից ներկայացված նախագիծը և ներկայացնում է սույն օրենքով սահմանված տեխնիկական անվտանգության փորձաքննության՝
1) տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը նախագիծը ստանալուց հետո` մինչև 60-օրյա ժամկետում, տրամադրում է համապատասխան փորձաքննական եզրակացություն օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի վերաբերյալ: Համապատասխան եզրակացություն մինչև 60-օրյա ժամկետում չտրամադրվելու դեպքում այն համարվում է դրական, իսկ լիազոր մարմնի իրավասու անձը օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն.
2) եթե դիմումատուի ներկայացրած նախագիծը թերի է, ապա տեխնիկական անվտանգության ապահովման ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը նախագիծն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, տեղեկացնում է լիազոր մարմնին՝ նշելով թերությունները: Լիազոր մարմինը տեղեկությունն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, այդ մասին տեղեկացնում է դիմումատուին: Դիմումատուն ծանուցումն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, վերացնում է նշված թերությունները: Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը.
3) լիազոր մարմինը նախագծի ուղղված տարբերակն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, այն ներկայացնում է տեխնիկական անվտանգության փորձաքննության:
3. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու նպատակով ներկայացված դիմումի գրանցման օրվանից հետո` 10-օրյա ժամկետում, լիազոր մարմինը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը՝ կից փաստաթղթերով ներկայացնում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:
4. Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունն ստանալուց հետո` մինչև 100-օրյա ժամկետում, տրամադրում է համապատասխան փորձաքննական եզրակացություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ:
5. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ համապատասխան փորձաքննական եզրակացություն մինչև 100-օրյա ժամկետում չտրամադրվելու դեպքում այն համարվում է դրական, իսկ լիազոր մարմնի իրավասու անձն օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:
6. Եթե դիմումատուի ներկայացրած՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը կազմված է թերի, ապա շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը գնահատման հաշվետվությունն ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում, տեղեկացնում է լիազոր մարմնին՝ նշելով թերությունները: Լիազոր մարմինը տեղեկությունը ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, այդ մասին ծանուցում է դիմումատուին: Դիմումատուն ծանուցումն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, վերացնում է նշված թերությունները: Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը:
7. Լիազոր մարմինը շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության լրամշակված տարբերակն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, այն ներկայացնում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության: Սույն օրենսգրքով սահմանված ժամկետում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն չտրամադրվելու դեպքում այն համարվում է դրական, իսկ լիազոր մարմնի իրավասու անձն օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:
8. Փորձաքննական դրական եզրակացություններն ստանալուց հետո լիազոր մարմինը դիմումի գրանցման օրվանից հետո` մինչև 180-օրյա ժամկետում, որոշում է ընդունում դիմումի վերաբերյալ, որի մասին գրավոր ծանուցում է դիմումատուին: Եթե սույն մասով սահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձն օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:
9. Եթե դիմումատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, կամ ներկայացված արդյունահանման նախագիծը, ինչպես նաև դիմումատուի ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունները չեն համապատասխանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին, ապա լիազոր մարմինը դիմումի գրանցման օրվանից հետո՝ 10-օրյա ժամկետում, տեղեկացնում է դիմումատուին այդ մասին: Դիմումատուն ծանուցումն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, վերացնում է նշված թերությունները: Եթե նշված թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվում, ապա լիազոր մարմինն այդ հիմքով մերժում է դիմումը:
10. Եթե երկու կամ ավելի անձ դիմում է ներկայացրել ընդերքի միևնույն տեղամասի կամ ընդերքի այնպիսի տեղամասերի համար, որոնք ունեն ընդհանուր մաս, ապա նախապատվությունը տրվում է արտոնյալ դիմումատուին, իսկ վերջինիս բացակայության դեպքում` այն անձին, որի դիմումն առաջինն է գրանցվել:
11. Լիազոր մարմինը մերժում է դիմումը, եթե`
1) դիմումին կից ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում բերված տեղեկությունները կեղծ են.
2) դիմումում նշված ընդերքի տեղամասը կամ դրա մի մասն այլ ընդերքօգտագործման իրավունքի օբյեկտ է.
3) ընդերքի այն տեղամասը, որի նկատմամբ դիմումատուն հավակնում է ստանալ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք, գերազանցում է դիմումատուի կողմից օգտակար հանածոյի արդյունահանման` համառոտ նախագծով նախատեսված ընդերքօգտագործման աշխատանքների իրականացման համար պահանջվող տարածքը.
4) օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի տրամադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին.
5) սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի 3-5-րդ կետերով նախատեսված հիմքերով դադարեցվել է դիմումատուի` նախկինում ունեցած ընդերքօգտագործման որևէ իրավունք.
6) սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները խախտվել են.
7) ընդերքի տեղամասը գտնվում է սույն օրենսգրքի 26-րդ հոդվածով սահմանված տարածքներում:
12. Դիմումի մերժման որոշման մեջ նշվում են մերժման բոլոր հիմքերը:
13. Սույն հոդվածով չսահմանված այլ հիմքերով դիմումի մերժումն արգելվում է:
14. Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործումը, առանց սահմանված կարգով պետական փորձաքննությունների ենթարկված նախագծի, արգելվում է:
(51-րդ հոդվածը խմբ. 21.06.14 ՀՕ-112-Ն, փոփ. 29.06.16 ՀՕ-127-Ն)
Հոդված 52. | Օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի փորձաքննությունները |
(հոդվածն ուժը կորցրել է 21.06.14 ՀՕ-112-Ն)
Հոդված 53. | Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության բովանդակությունը |
1. Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը մասնավորապես ներառում է՝
1) թույլտվության հերթական համարը, տրման տարին, ամիսը, ամսաթիվը և ժամկետը.
2) տրամադրված պաշարների քանակն ըստ կարգերի և հանքի տարեկան արտադրողականությունը.
3) ընդերքի տեղամասի ծայրակետերի կոորդինատները` միասնական կոորդինատային համակարգով.
4) օգտակար հանածոյի և ուղեկից բաղադրիչների անվանումը:
2. Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությանը կցվում են համապատասխան փորձաքննություններ անցած օգտակար հանածոյի արդյունահանման նախագիծը, հանքարդյունահանման պայմանագիրը և լեռնահատկացման ակտը, որոնք թույլտվության անքակտելի մասերն են:
Հոդված 54. | Օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի կնքումը |
1. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու դիմումը բավարարելու վերաբերյալ լիազոր մարմնից ծանուցումը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, դիմումատուն հրավիրվում է հանքարդյունահանման պայմանագիրն իր կողմից վավերացվելու համար, որից հետո` 10-օրյա ժամկետում, տրվում են հանքարդյունահանման իրավունքը հավաստող փաստաթղթերը: Նշված ժամկետում չներկայանալու դեպքում հանքարդյունահանման իրավունք հայցելու դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած:
2. (մասն ուժը կորցրել է 29.06.16 ՀՕ-127-Ն)
3. Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը, օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագիրը, լեռնահատկացման ակտը և համապատասխան փորձաքննություններ անցած նախագիծը միասին հանքարդյունահանման իրավունքը հավաստող փաստաթղթեր են:
4. Օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագիրը պետք է նախատեսի`
1) այն օգտակար հանածոների տեսակները, որոնց արդյունահանումը թույլ է տրվում ընդերքօգտագործողին.
2) լեռնահատկացման կոորդինատները.
3) պայմանագրի գործողության ժամկետը` ըստ նախագծի.
4) օգտակար հանածոների արդյունահանման և հումքի վերամշակման աշխատանքների ենթադրվող ժամկետները` ըստ փուլերի, իսկ զուգահեռաբար երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ կատարելու դեպքում` դրանց կատարման ժամանակացույցը.
5) բնապահպանական կառավարման պլանը.
6) հանքավայրի հաստատված պաշարների մասին տեղեկություններ.
7) սույն օրենսգրքով և օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների ներկայացման և աշխատանքների վերահսկման կարգը.
8) դրույթներ` ընդերքն օգտագործելիս կատարվող վճարի հաշվարկման և վճարման վերաբերյալ.
9) դրույթներ` համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պարտավորությունների չափի և կատարման ժամկետների վերաբերյալ.
10) հանքի փակման հետ կապված դրույթները:
5. Օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագիրը կարող է պարունակել կողմերի հարաբերությունները կարգավորող և օրենսդրությանը չհակասող այլ պայմաններ:
(54-րդ հոդվածը փոփ. 29.06.16 ՀՕ-127-Ն)
Հոդված 55. | Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետը և դրա երկարաձգումը |
1. Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությունը տրվում է հանքավայրի շահագործման ողջ ժամկետով, բայց ոչ ավելի, քան 50 տարի, որը հաշվարկվում է տվյալ հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման տեխնիկատնտեսական ցուցանիշների հիման վրա:
2. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող անձը կարող է ցանկացած ժամանակ, բայց ոչ ուշ, քան օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության գործողության ժամկետի ավարտից վեց ամիս առաջ, դիմել լիազոր մարմին` ընդերքի տեղամասի կամ դրա մի մասի նկատմամբ հանքարդյունահանման թույլտվության ժամկետը երկարաձգելու համար:
3. Դիմումում նշվում են`
1) դիմողի անվանումը, գտնվելու հասցեն (վայրը).
2) երկարաձգման խնդրարկվող ժամանակահատվածը.
3) տեղեկություններ` հանքավայրի մնացորդային կամ լրացուցիչ ուսումնասիրվող պաշարների մասին.
4) տեղեկություններ` օգտակար հանածոյի արդյունահանման և հարստացման մեթոդներում առաջարկվող փոփոխությունների մասին, եթե այդպիսիք նախատեսվում են.
5) փոփոխված աշխատանքային նախագիծը.
6) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը.
7) օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու հիմնավորումներ:
4. Ներկայացված դիմումի հիման վրա օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի ժամկետը երկարաձգվում է ոչ ավելի, քան խնդրարկվող ժամկետով:
5. Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու նպատակով ներկայացված դիմումի գրանցման օրվանից հետո` 10-օրյա ժամկետում, լիազոր մարմինը ծանուցում է դիմումատուին դիմումի գրանցման վերաբերյալ:
5.1. Օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության ժամկետի երկարաձգման համար ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված կանոնները:
6. Լիազոր մարմնից ծանուցումը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, դիմումատուն ներկայանում է օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի համապատասխան փոփոխությունն իր կողմից վավերացվելու համար, որից հետո` 10-օրյա ժամկետում, տրվում է ընդերքօգտագործման իրավունքի համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված թույլտվության ժամկետի երկարաձգման դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած:
(55-րդ հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-112-Ն)
Հոդված 56. | Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնումը |
1. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող անձը կարող է դիմել լիազոր մարմին` օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով իրեն տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնման համար:
2. Դիմումում նշվում կամ դրան կից ներկայացվում են`
1) ընդերքի ընդլայնվող տեղամասի նկարագրությունը` մանրամասն գծագրված հատակագծով, սպառիչ տեղեկություններով, տվյալ հանքավայրի հաստատված, մարված պաշարների և օգտակար հանածոյի արդյունահանման տվյալներով.
2) փոփոխված նախագիծը.
3) նախատեսվող նոր ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ մանրամասներ, եթե այդպիսիք նախատեսվում են.
4) այլ տեղեկություններ` դիմումատուի հայեցողությամբ:
3. Լիազոր մարմինը մերժում է սույն հոդվածով նախատեսված ընդերքի տեղամասի ընդլայնման վերաբերյալ ներկայացված դիմումը, եթե առկա են սույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքերը:
4. Դիմումի մերժման որոշման մեջ նշվում են մերժման բոլոր հիմքերը:
5. Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքի տեղամասի ընդլայնման նպատակով ներկայացված դիմումի գրանցման օրվանից հետո` 10-օրյա ժամկետում, լիազոր մարմինը ծանուցում է դիմումատուին դիմումի գրանցման վերաբերյալ:
6. Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով տրամադրված տեղամասի ընդլայնման համար ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված կանոնները:
7. Լիազոր մարմնից ծանուցումը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, դիմումատուն ներկայանում է օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի համապատասխան փոփոխությունն իր կողմից վավերացնելու համար, որից հետո` 10-օրյա ժամկետում, տրվում է ընդերքօգտագործման իրավունքի համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասի ընդլայնում հայցելու դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած:
(56-րդ հոդվածը խմբ. 21.06.14 ՀՕ-112-Ն)
Հոդված 57. | Օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի փոփոխությունը |
1. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող կամ հայցող անձը կարող է փոփոխություններ կատարել օգտակար հանածոյի արդյունահանման նախագծում:
2. Նախագծի յուրաքանչյուր փոփոխություն ուժի մեջ է մտնում սահմանված կարգով փորձաքննություն անցնելուց հետո:
3. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող անձը պետք է դիմի լիազոր մարմին` օգտակար հանածոյի արդյունահանման փոփոխված նախագիծը քննարկելու համար:
4. Օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի փոփոխության համար ներկայացված դիմումի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված կանոնները:
5. Լիազոր մարմնից ծանուցումն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, դիմումատուն ներկայանում է օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի համապատասխան փոփոխությունն իր կողմից վավերացվելու համար, որից հետո` 10-օրյա ժամկետում, տրվում է ընդերքօգտագործման իրավունքի համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով աշխատանքային նախագծի փոփոխության համար ներկայացված դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած:
(57-րդ հոդվածը խմբ. 21.06.14 ՀՕ-112-Ն)
Հոդված 58. | Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի օբյեկտ համարվող ընդերքի տեղամասից հրաժարումը |
1. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ունեցող անձը, որը ցանկանում է հրաժարվել ընդերքի տեղամասի կամ դրա մի մասի նկատմամբ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից, պետք է դիմի լիազոր մարմին` հրաժարումն ուժի մեջ մտնելու` իր համար ցանկալի օրվանից առնվազն 3 ամիս առաջ:
2. Դիմումում նշվում և դրան կից ներկայացվում են`
1) նշում` հրաժարումն ուժի մեջ մտնելու ցանկալի օրվա մասին.
2) ընդերքի այն տեղամասի վրա կատարված աշխատանքների մանրամասն նկարագրությունը, որի նկատմամբ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից դիմումատուն ցանկանում է հրաժարվել.
3) հանքի փակման ծրագիրը, որում ներառվում են`
ա. ենթակառուցվածքների, մեքենաների, սարքավորումների և շինությունների ապամոնտաժումը,
բ. օգտակար հանածոյի արդյունահանման հետևանքով խախտված հողատարածքների ռեկուլտիվացիայի ծրագիրը, ներառյալ` հանքի գոյության ընթացքում կատարած ռեկուլտիվացման աշխատանքները,
գ. աշխատուժի սոցիալական մեղմացման ծրագիրը, որը ներառում է հանքի փակումից հետո աշխատատեղերի ստեղծման, մասնագիտական վերաորակավորման և ուսուցման դրույթներ,
դ. օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, հանքավայրի շահագործման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի, դրանց հարակից համայնքների անվտանգության և բնակչության առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման ծրագիրը.
4) հանքի փակման ծրագրի իրականացման ֆինանսական երաշխիքները.
5) նշված աշխատանքների կատարումը հավաստող փաստաթղթեր:
3. Ընդերքի տեղամասի մի մասի նկատմամբ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից հրաժարվելու մասին դիմումին կցվում է ընդերքի տվյալ տեղամասի հատակագիծը, որում պետք է սահմանանշված լինի ընդերքի տեղամասի այն մասը, որի նկատմամբ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից ընդերքօգտագործողը ցանկանում է հրաժարվել, ինչպես նաև փոփոխված աշխատանքային նախագիծը:
4. Լիազոր մարմինը 30-օրյա ժամկետում դիմումատուին տրամադրում է հրաժարման հավաստագիր, որը կարող է պարունակել օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից հրաժարման պայմաններ, որի մասին ծանուցում է դիմումատուին:
5. Լիազոր մարմինը չի տրամադրում հրաժարման հավաստագիր, եթե`
1) դիմումատուն չի ներկայացրել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը.
2) օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի օբյեկտ մնացող ընդերքի տեղամասը չի կարող օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի պայմաններին համապատասխան օգտագործվել կամ շահագործվել ողջամիտ և համալիր.
3) ընդերքի տեղամասի այն մասը, որի նկատմամբ ընդերքօգտագործողը ցանկանում է հրաժարվել օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից, չի կարող լինել ընդերքօգտագործման իրավունքի առանձին օբյեկտ: Սույն պահանջը չի կիրառվում, եթե ընդերքի տվյալ տեղամասի վերաբերյալ առկա տեխնիկատնտեսական ցուցանիշները բավարար չեն այն որպես ընդերքօգտագործման իրավունքի առանձին օբյեկտ համարելու համար:
6. Հրաժարման հավաստագիրն ուժի մեջ է մտնում սույն հոդվածով նախատեսված դիմումում նշված օրվանից կամ այն օրվանից, որը նշանակում է լիազոր մարմինը` ելնելով հրաժարման պայմաններից: Եթե հավաստագիրը վերաբերում է օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի օբյեկտ համարվող ընդերքի ամբողջ տեղամասին, ապա օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագիրը նույն օրվանից համարվում է լուծված:
7. Եթե հավաստագիրը վերաբերում է օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի օբյեկտ համարվող ընդերքի տեղամասի մի մասին, ապա հավաստագիրն ուժի մեջ մտնելուց հետո ընդերքօգտագործողը դիմում է լիազոր մարմին` սահմանված կարգով փոփոխված աշխատանքային նախագիծը քննարկելու համար: Ընդերքի տեղամասի մի մասի նկատմամբ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից հրաժարվելու մասին դիմումի գրանցման օրվանից հետո լիազոր մարմինը 10-օրյա ժամկետում դիմումին կից ներկայացված փոփոխված նախագիծը ներկայացնում է սույն օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված փորձաքննությունների:
8. Դիմումի գրանցման օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, օգտակար հանածոյի արդյունահանման փոփոխված նախագծի փորձաքննությունների դրական եզրակացություններն ստանալուց հետո լիազոր մարմինը 10-օրյա ժամկետում որոշում է ընդունում դիմումի վերաբերյալ, որի մասին գրավոր ծանուցում է դիմումատուին:
9. Լիազոր մարմնից ծանուցումն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, դիմումատուն ներկայանում է օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի համապատասխան փոփոխությունն իր կողմից վավերացնելու համար, որից հետո` 10-օրյա ժամկետում, տրվում է ընդերքօգտագործման իրավունքի համապատասխան փոփոխված տարբերակը: Նշված ժամկետներում դիմումատուի չներկայանալու դեպքում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով աշխատանքային նախագծի փոփոխության համար ներկայացված դիմումը բավարարելու վերաբերյալ որոշումը համարվում է ուժը կորցրած: Եթե սույն մասով սահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձը օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն:
10. Փոփոխված նախագծի վերաբերյալ բացասական փորձագիտական եզրակացության դեպքում դիմումատուն իրավունք ունի վերացնելու թերությունները և կրկին ներկայացնելու հաստատման: Դրական փորձագիտական եզրակացություն ստացած փոփոխված նախագիծը լիազոր մարմին ներկայացնելուց հետո` 10-օրյա ժամկետում, օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրում կատարվում են համապատասխան փոփոխություններ:
11. Ընդերքի տեղամասի կամ դրա մի մասի նկատմամբ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից հրաժարումը չի ազատում ընդերքի տեղամասի կամ դրա մի մասի նկատմամբ` մինչև հրաժարման ուժի մեջ մտնելու պահն առաջացած պարտականություններից և պատասխանատվությունից:
12. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից հրաժարումը հիմք է ընդերքօգտագործման նպատակով տրամադրված հողամասի կամ դրա մի մասի նկատմամբ ընդերքօգտագործողի իրավունքների դադարումը գրանցելու համար:
Հոդված 59. | Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձի իրավունքները և պարտականությունները |
1. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձն իրավունք ունի`
1) բացառիկ իրավունքով կատարելու լեռնահատկացման սահմաններում երկրաբանական ուսումնասիրության և օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ ընդերքի հատկացված տեղամասում.
2) մտնելու ընդերքի տեղամաս և իրականացնելու նախագծով նախատեսված բոլոր անհրաժեշտ աշխատանքներն օգտակար հանածոների արդյունահանման և ուսումնասիրության նպատակով.
3) օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների իրականացման նպատակով կառուցելու անհրաժեշտ շենքեր, շինություններ, հաղորդակցության ուղիներ, տեղադրելու սարքավորումներ, փոխադրելու, հարստացնելու օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների ընթացքում արդյունահանված օգտակար հանածոներ.
4) տնօրինելու արդյունահանված օգտակար հանածոները.
5) սույն օրենսգրքի պահանջների պահպանմամբ հանքարդյունահանման իրավունքի ընթացքում օգտագործելու սեփական գործունեության արդյունքում առաջացած արտադրական լցակույտերը.
6) իրեն տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի շրջանակում իրականացվող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարմանը քաղաքացիաիրավական պայմանագրերի կնքմամբ ներգրավելու երրորդ անձանց.
7) դիմելու լիազոր մարմին օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի պայմանները փոփոխելու նպատակով, եթե ի հայտ են գալիս էապես նոր` նախկինում չնախատեսված հանգամանքներ.
8) վաղաժամկետ հրաժարվելու օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքից` կատարելով պայմանագրով և օրենքով նախատեսված պարտավորությունները:
2. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձն ունի սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված այլ իրավունքներ:
3. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձը պարտավոր է`
1) աշխատանքներն իրականացնել օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի և նախագծի պայմաններին համապատասխան.
2) կատարել լիազոր մարմնի` օրենսդրության պահանջների պահպանման վերաբերյալ տրված ցուցումները.
3) պահպանել օգտակար հանածոյի արդյունահանման, տեղափոխման և վերամշակման ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ընդունված ստանդարտների, նորմերի ու կանոնների պահանջները.
4) ապահովել օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի պահանջների կատարումը.
5) վարել երկրաբանական, մարկշեյդերական և այլ փաստագրություն, պահպանել դրանք ընդերքօգտագործման բոլոր ձևերի աշխատանքների ընթացքում.
6) վարել օգտակար հանածոների պաշարների ամենօրյա շարժի գրանցամատյանը.
7) լիազոր մարմին ներկայացնել օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ եռամսյակային և տարեկան հաշվետվությունները.
8) լիազոր մարմնին հանձնել անհրաժեշտ երկրաբանական տեղեկությունը.
9) հավաքել, պահպանել և լիազոր մարմնին տրամադրել ուսումնասիրված, արդյունահանված և ընդերքում կորսված օգտակար հանածոների պաշարների, դրանց պարունակած բաղադրամասերի, որակի ու քանակի մասին տվյալներ.
10) ապահովել ընդերքօգտագործման հետ կապված աշխատանքների կատարման անվտանգությունը.
11) ապահովել ընդերքի, մթնոլորտի, հողի, անտառների, ջրերի ու շրջակա միջավայրի մյուս օբյեկտների, ինչպես նաև շինությունների և այլ կառույցների պահպանությունն ընդերքօգտագործման հետ կապված աշխատանքների վնասակար ազդեցությունից.
12) ապահովել բնության, պատմական և մշակույթի հուշարձանների պահպանությունն ընդերքօգտագործման հետ կապված աշխատանքների վնասակար ազդեցությունից.
13) նախագծի և օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրի համաձայն վերականգնել և բարելավել ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողամասերը (ռեկուլտիվացիա), ինչպես նաև դրանք պիտանի դարձնել տնտեսության մեջ օգտագործման համար կամ բերել անվտանգ վիճակի.
14) լիազոր մարմնին տեղեկացնել օգտակար հանածոյի արդյունահանման պայմանագրում չնշված օգտակար հանածոների կուտակումների հայտնաբերման մասին դրանց հայտնաբերումից հետո` 14 օրվա ընթացքում.
15) նոր հայտնաբերված օգտակար հանածոների արդյունահանում չիրականացնելու դեպքում դրանց պահուստավորումն իրականացնել կառավարության սահմանած կարգով.
16) ապահովել հանքի փակման ծրագրի իրականացումը.
17) ապահովել օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների համար նախատեսված վճարի վճարումը:
4. Ոչ ուշ, քան հինգ տարին մեկ անգամ շահագործվող հանքավայրերում (տեղամասերում) կոնդիցիաները և պաշարները ենթարկել վերագնահատման և ներկայացնել լիազոր մարմնի վերահաստատմանը:
5. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք ստացած անձը կրում է սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված այլ պարտականություններ:
(59-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն)
Հոդված 60. | Օգտակար հանածոների արդյունահանման հետ կապված լեռնային փորվածքների և կառույցների սառեցումը |
1. Օգտակար հանածոների արդյունահանման հետ կապված լեռնային փորվածքների և կառույցների սառեցումը կատարվում է ընդերքօգտագործողի կազմած նախագծով` կառավարության սահմանած կարգով:
Գ Լ ՈՒ Խ 6
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 61. | Ընդերքօգտագործման վճարների տեսակները |
1. Ընդերքօգտագործումը վճարովի է, բացառությամբ սույն օրենսգրքի 62-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
2. Ընդերքն օգտագործելիս կատարվում են հետևյալ վճարները`
1) բնապահպանական` բնապահպանական միջոցառումների իրականացման համար.
2) շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման (ռեկուլտիվացիոն)` ընդերքօգտագործման ընթացքում խախտված հողերի վերականգնման համար.
3) մշտադիտարկումների իրականացման` օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման համար.
4) բնօգտագործման (բացառությամբ մետաղական օգտակար հանածոների)` պետական սեփականություն համարվող բնական պաշարների օգտագործման համար.
5) ռոյալթի (մետաղական օգտակար հանածոների)` պետական սեփականություն համարվող բնական պաշարների օգտագործման համար.
6) ընդերքօգտագործման թույլտվությունների տրամադրման պետական տուրք:
3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված վճարը վճարվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
4. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված վճարը վճարվում է սույն օրենսգրքի 69-րդ հոդվածով նախատեսված դեպքում և կարգով:
5. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված վճարի չափերի հաշվարկման և վճարման կարգը սահմանում է կառավարությունը:
6. Սույն հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված վճարը վճարվում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
7. Լիազոր մարմինը թույլտվության տրման մասին որոշման ընդունումից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ ձևով այդ մասին տեղեկացնում է դիմումատուին: Տեղեկացմամբ դիմումատուն պետք է նախազգուշացվի սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված հետևանքների մասին:
8. Դիմումատուն սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված ծառայության մատուցման համար օրենքով սահմանված պետական տուրքը պարտավոր է վճարել ոչ ուշ, քան թույլտվության տրման դիմումը բավարարելու մասին պատշաճ ձևով տեղեկացումից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:
9. Դիմումատուն լիազոր մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ կարող է չներկայացնել: Դիմումատուի կողմից պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում լիազոր մարմինը թույլտվության տրման դիմումը բավարարելու մասին որոշումն ընդունելուց հետո գանձապետական առցանց կառավարման համակարգի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով հավաստիանում է պետական տուրքի՝ սույն հոդվածի 8-րդ մասում նշված ժամկետում վճարված լինելու մասին և դիմումատուին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է թույլտվությունը, ինչպես նաև դրա վերաբերյալ համապատասխան որոշումը:
10. Թույլտվությունն ուժի մեջ է մտնում թույլտվության տրամադրման որոշման մասին պատշաճ ձևով տեղեկացումից հետո, իսկ հայտատուի կողմից պետական տուրքը թույլտվության տրամադրման որոշման մասին պատշաճ ձևով տեղեկացումից հետո վճարման դեպքում՝ հայտատուի կողմից պետական տուրքը վճարվելու օրվանից: Սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված ժամկետում դիմումատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում լիազոր մարմնի կայացրած համապատասխան որոշումը չեղյալ է ճանաչվում:
(61-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն, լրաց. 29.06.16 ՀՕ-127-Ն)
Հոդված 62. | Ընդերքօգտագործման վճարներից ազատվելը |
1. Ընդերքօգտագործման վճար չեն վճարում այն ընդերքօգտագործողները, որոնք`
1) սեփական կարիքների համար իրենց հատկացված հողամասի (անկախ սեփականության ձևից) սահմաններում, համաձայն սույն օրենսգրքի 48-րդ հոդվածի, կատարում են ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում.
2) իրականացնում են ռեգիոնալ երկրաբանական ուսումնասիրություններ (հրաբխային, սեյսմաբանական և արտածին երկրաբանական երևույթների մշտադիտարկում, այդ թվում` ինժեներաերկրաբանական, հիդրոերկրաբանական հետազոտություններ և այլն).
3) ստեղծում են միներալոգիական, հնէաբանական և այլ հավաքածուներ.
4) իրականացնում են եզակի երկրաբանական գոյացությունների, բնության հուշարձանների ուսումնասիրություն, նկարագրում և պահպանում:
Գ Լ ՈՒ Խ 7
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Հոդված 63. | Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների, օգտակար հանածոների պաշարների, հանքավայրերի, երևակումների պետական հաշվառումը |
1. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները ենթակա են պետական հաշվառման:
2. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ կատարելն առանց պետական հաշվառման արգելվում է:
3. Օգտակար հանածոների պաշարները, հանքավայրերը և երևակումները ենթակա են պետական հաշվառման օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի, ինչպես նաև օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների կադաստրի ձևով:
4. Օգտակար հանածոների պաշարների, հանքավայրերի, երևակումների և երկրաբանական ուսումնասիրությունների պետական հաշվառման տվյալների հիման վրա ձևավորվում է ընդերքօգտագործման ֆոնդ:
5. Օգտակար հանածոների պաշարների վերաբերյալ ընդերքաբանական փորձաքննության եզրակացությունը հիմք է դրանք պետական հաշվեկշռում հաշվառելու համար:
6. Պետական հաշվեկշռում հաշվառված օգտակար հանածոների պաշարները ենթակա են դուրսգրման, եթե դրանք`
1) արդյունահանվել են.
2) կորսվել են արդյունահանման ընթացքում.
3) տեխնիկական պատճառներով կորցրել են արդյունաբերական նշանակությունը.
4) չեն հաստատվել լրացուցիչ երկրաբանական ուսումնասիրությունների և օգտակար հանածոյի արդյունահանման արդյունքում:
7. Օգտակար հանածոների պաշարների վերահաստատման արդյունքում պետական հաշվեկշռում կատարվում են համապատասխան փոփոխություններ:
8. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման համար տրամադրված ընդերքի տեղամասերի հաշվառման մատյանը, օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռը և հանքավայրերի ու երևակումների պետական կադաստրը վարում է լիազոր մարմինը` կառավարության սահմանած կարգով:
9. Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռը կազմվում և պարբերաբար փոփոխվում է դրանց հաստատված պաշարների և սահմանված կարգով ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող համապատասխան տեղեկատվության (հաշվետվությունների) հիման վրա: Այն պետք է ներառի տեղեկություններ արդյունաբերական նշանակություն ունեցող հանքավայրերում պարունակվող բոլոր տեսակի հայտնաբերված օգտակար հանածոների պաշարների քանակի, որակի և ուսումնասիրվածության աստիճանի, գործող կամ նախագծվող արդյունաբերական ձեռնարկության ուսումնասիրված և նախնական գնահատված պաշարներով ապահովվածության մասին:
10. Օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների պետական կադաստրը վարվում է լիազոր մարմնում կուտակվող տեղեկատվության հիման վրա: Այն ներառում է տվյալներ, որոնք բնութագրում են յուրաքանչյուր հանքավայրի և երևակման երկրաբանական կառուցվածքը, դրանցում պարունակվող օգտակար հանածոների ուսումնասիրված, գնահատված, նախնական գնահատված և կանխատեսումային պաշարները, հանքավայրերի շահագործման լեռնատեխնիկական, հիդրոերկրաբանական, էկոլոգիական և այլ պայմանները, ինչպես նաև երկրաբանատնտեսագիտական գնահատականը:
Գ Լ ՈՒ Խ 8
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
(վերնագիրը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն)
Հոդված 64. | Ընդերքօգտագործման ընթացքում շրջակա միջավայրի պահպանության պայմաններն ու պահանջները |
(վերնագիրը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն)
1. Ընդերքօգտագործողը պետք է ապահովի հետևյալ միջոցառումների իրականացումը`
1) մթնոլորտի, ջրային ռեսուրսների, հողի, կենդանական և բուսական աշխարհի պաշտպանությունն ու պահպանումը.
2) բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմի պահպանումը.
3) ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողերի ռեկուլտիվացիայի, ծառատնկման, կանաչապատման աշխատանքների իրականացումը, մշակված հանքային տարածությունների վերականգնումը.
4) արդյունաբերական (ընդերքօգտագործման) թափոնների օգտագործման, օգտահանման, չեզոքացման և նվազեցման աշխատանքների միջոցառումների կատարումը.
5) վտանգավոր նյութերի և արտադրության ու սպառման թափոնների (բացառությամբ ռադիոակտիվ) գործածության առաջացման, հավաքման, փոխադրման, պահման, մշակման, օգտահանման, հեռացման, վնասազերծման, տեղադրման և թաղման համար սահմանված նորմերի պահպանումը.
6) շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթարկված փաստաթղթերի պահանջների ու միջոցառումների կատարումը.
7) բնապահպանական վճարների հաշվարկման կարգի պահպանումը.
8) բնապահպանական վարչական վիճակագրության վարման և ներկայացման կարգի պահպանումը.
9) շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովումը:
(64-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն, 22.06.15 ՀՕ-106-Ն)
Հոդված 65. | Ընդերքի պահպանության հիմնական պահանջները |
1. Ընդերքի պահպանության հիմնական պահանջներն են`
1) երկրաբանական լիակատար և համալիր ուսումնասիրության հիման վրա ընդերքի կառուցվածքի, դրանում պարունակվող օգտակար հանածոների քանակի, որակի և այլ հատկությունների վերաբերյալ հավաստի տեղեկատվության ապահովումը.
2) ընդերքօգտագործման տրամադրման սահմանված կարգի պահպանումը և ընդերքի ինքնակամ օգտագործման արգելումը: Սույն կետի իմաստով ինքնակամ ընդերքօգտագործում է համարվում նաև երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային ծրագրի խախտումը.
3) օգտակար հանածոների պաշարների շարժի հավաստի հաշվառման ապահովումը.
4) օգտակար հանածոների պաշարների լիակատար կորզումը և հիմնական ու համատեղ գտնվող օգտակար հանածոների և դրանց ուղեկցող բաղադրամասերի ողջամիտ և համալիր օգտագործումը կամ դրանց պահեստավորումն ու պահպանումը.
5) օգտակար հանածոների հանքավայրերի մակերեսների ինքնակամ կառուցապատման կանխումը և այլ նպատակների համար այդ մակերեսների օգտագործման սահմանված կարգի պահպանումը.
6) լեռնային փորվածքների լցոնումը, մեկուսացումը կամ ցանկապատումը.
7) հրդեհումից, հեղեղումից և օգտակար հանածոների որակն ու հանքավայրերի արդյունաբերական արժեքը նվազեցնող կամ դրանց շահագործումը բարդացնող այլ գործոններից օգտակար հանածոների հանքավայրերի պահպանումը:
Հոդված 66. | Գիտական և գիտամշակութային արժեք ներկայացնող ընդերքի տեղամասերի պահպանությունը |
1. Հազվագյուտ երկրաբանական մերկացումներ և հանքաբանական գոյացումներ, երկնաքարեր, հնէաբանական, հնագիտական, գիտական և գիտամշակութային հատուկ արժեք ներկայացնող այլ օբյեկտներ հայտնաբերելու դեպքում ընդերքօգտագործողները պարտավոր են համապատասխան տեղամասերում աշխատանքները դադարեցնել և այդ մասին հայտնել լիազոր մարմնին:
2. Հազվագյուտ երկրաբանական մերկացումների, հանքաբանական գոյացումների, հնէաբանական օբյեկտների ու գիտական և գիտամշակութային հատուկ արժեք ներկայացնող ընդերքի մյուս տեղամասերի կարգավիճակը և պահպանության կարգը սահմանում է կառավարությունը:
Հոդված 67. | Ստորերկրյա ջրերի հանքավայրերի սանիտարական պահպանման գոտիները |
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն` ստորերկրյա ջրերի հանքավայրերն ու ջրատար հորիզոններն աղտոտումից զերծ պահելու և պահպանությունն ապահովելու նպատակով ջրհանների ու աղբյուրների շուրջը ստեղծվում են սանիտարական պահպանման գոտիներ, որոնց սահմաններում իրագործվում են հողի, ջրի, մթնոլորտի և կանաչապատ տարածքների հնարավոր աղտոտումը և հողի դեգրադացումը բացառող միջոցառումներ:
2. Սանիտարական պահպանման գոտիների նախագծումը կատարվում է բնապահպանական պահանջների (հիդրոերկրաբանական, հիդրոլոգիական և սանիտարական նորմերի) հիման վրա, որոնք հանքավայրի և ջրատար հորիզոնի շահագործման և ջրամատակարարման նախագծի անբաժանելի մասն են և համաձայնեցվում են լիազոր մարմնի հետ:
3. Ընդերքօգտագործողը սանիտարական գոտիների սահմաններում ունի գործունեության բացառիկ իրավունք և յուրաքանչյուր գործունեություն այլ անձի կողմից կարող է իրականացվել միայն ընդերքօգտագործողի համաձայնությամբ:
Հոդված 68. | Ընդերքի պահպանության միջոցառումների ֆինանսավորումը |
1. Շրջակա միջավայրի և ընդերքի պահպանության միջոցառումների ֆինանսավորումը կատարվում է ընդերքօգտագործողների միջոցների հաշվին:
2. Հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժերի, փոթորիկների կամ այլ բնական աղետների, ինչպես նաև պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, անկարգությունների, ապստամբության, ազգայնացման և այլ անհաղթահարելի ուժի դեպքերում ընդերքի պահպանության միջոցառումներն իրականացվում են պետական ծրագրերով` պետական բյուջեի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական աղբյուրների միջոցների հաշվին` որպես ընդհանուր բնապահպանական ծրագրի մաս:
(68-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն)
Հոդված 69. | Շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխը |
(վերնագիրը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն)
1. Օգտակար հանածո արդյունահանողների կողմից սահմանված չափով կատարվող հատկացումների հաշվին ստեղծվում է շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխ: Դրամագլխի օգտագործման և հատկացումների չափերի հաշվարկման կարգը սահմանում է կառավարությունը:
2. Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացումներ կատարելու ընդերքօգտագործողի պարտականությունը ներառվում է ընդերքօգտագործման պայմանագրում:
3. Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի գումարները պահվում են կենտրոնական գանձապետարանում բացված լիազոր մարմնի արտաբյուջետային հաշվում և բացառապես օգտագործվում են`
1) ընդերքօգտագործողի կողմից իրականացվող՝ նախագծով ստանձնված բնապահպանական (այդ թվում` ռեկուլտիվացիոն) աշխատանքների կատարման նպատակով.
2) ընդերքօգտագործողի կողմից նախագծով ստանձնված, բայց իր կողմից չիրականացված բնապահպանական (այդ թվում` ռեկուլտիվացիոն) աշխատանքների կատարման նպատակով.
3) ընդերքօգտագործողի գործունեության հետևանքով բնությանը և շրջակա միջավայրին հասցված և նրա կողմից չհատուցված վնասների վերականգնման նպատակով:
4. Բնապահպանական աշխատանքների իրականացման համար դրամագլխից ընդերքօգտագործողին տրամադրվող գումարը չի կարող գերազանցել ընդերքօգտագործողի կատարած` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հատկացումները:
5. Սույն հոդվածով նախատեսված միջոցառումների կատարումից հետո ընդերքօգտագործողի կողմից շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին վճարված գումարի մնացորդը վերադարձվում է ընդերքօգտագործողին:
(69-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն)
Հոդված 70. | Բնապահպանական (այդ թվում` ռեկուլտիվացիոն) աշխատանքները |
1. Ընդերքօգտագործողը պարտավոր է նախագծով սահմանված ժամկետներում և կարգով, ինչպես նաև ընդերքօգտագործման պայմանագրի դրույթներին համապատասխան, իրականացնել բնապահպանական (այդ թվում` ռեկուլտիվացիոն) աշխատանքներ:
2. Նախագծի փոփոխության, ընդերքի տեղամասի ընդլայնման, ընդերքի տեղամասի կամ դրա մի մասի նկատմամբ ընդերքօգտագործման իրավունքից հրաժարվելու դեպքում ընդերքօգտագործման պայմանագրում շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացումների չափի վերաբերյալ դրույթները համապատասխանաբար ենթակա են փոփոխության:
3. Եթե ընդերքօգտագործողը սահմանված ժամկետում չի կատարում նախագծով կամ ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված բնապահպանական (այդ թվում` ռեկուլտիվացիոն) աշխատանքները, ապա լիազոր մարմինը գրավոր ծանուցման միջոցով ընդերքօգտագործողից պահանջում է իր սահմանած ժամկետում իրականացնել նշված միջոցառումները:
4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված պահանջը չկատարվելու դեպքում լիազոր մարմինը սեփական նախաձեռնությամբ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի միջոցների հաշվին ձեռնարկում է նշված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ միջոցառումները` այդ մասին նախապես ծանուցելով ընդերքօգտագործողին:
5. Լիազոր մարմինն ընդերքօգտագործողների կատարած հատկացումների հաշվին հանքի փակման ծրագրով նախատեսված ժամկետներում օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման նպատակով իրականացնում է մշտադիտարկում հետագա աղետների կանխման և կանխարգելման միջոցառումների մշակման համար:
(70-րդ հոդվածը փոփ. 21.06.14 ՀՕ-112-Ն)
Հոդված 71. | Հանքարդյունահանման համալիրի ապամոնտաժումը |
1. Ընդերքօգտագործման իրավունք կրողը պարտավոր է հանքարդյունահանման համալիրի ապամոնտաժումն իրականացնել` համաձայն սույն օրենսգրքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված հանքի փակման ծրագրի:
Գ Լ ՈՒ Խ 9
ԸՆԴԵՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 72. | Ընդերքի օգտագործման և պահպանության պետական վերահսկողության խնդիրները |
1. Ընդերքի օգտագործման և պահպանության պետական վերահսկողության խնդիրներն են`
1) ընդերքօգտագործման վերաբերյալ օրենսդրության նորմերի կատարման նպատակով պետական վերահսկողության ապահովումը.
2) օգտակար հանածոների պաշարների շարժի, հանքավայրերի պետական հաշվառման և հաշվետվությունների ներկայացման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանության ապահովումը.
3) ընդերքօգտագործման ոլորտի իրավախախտումների հայտնաբերումը և համապատասխան որոշումների կայացումը` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան.
4) ընդերքօգտագործման հետևանքով ընդերքի վրա վնասակար ներգործությունների կանխարգելմանն ու նվազեցմանը նպաստելը.
5) օգտակար հանածոների արդյունահանման սահմանված չափաքանակների գերազանցման և ընտրովի շահագործման կանխարգելումը:
Հոդված 73. | Ընդերքի օգտագործման և պահպանության պետական վերահսկողության հիմնական ուղղությունները |
1. Ընդերքի օգտագործման և պահպանության պետական վերահսկողությունն իրականացվում է հետևյալ ուղղություններով`
1) ընդերքի օգտագործման, պահպանության և ընդերքն օգտագործման տրամադրելու սահմանված պահանջների ապահովման.
2) երկրաբանական ուսումնասիրության, օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման արդյունքների, ինչպես նաև դրանց շահագործման համար սահմանված ընդերքօգտագործման պահանջների ապահովման.
3) ընդերքօգտագործման ընթացքում երկրաբանական և մարկշեյդերական փաստագրության վարման լիարժեքության, օգտակար հանածոների պաշարների շարժի հաշվառման իրականացման և տեղեկատվության ներկայացման սահմանված պահանջների ապահովման.
4) ուսումնասիրության աշխատանքային ծրագրերին և արդյունահանման նախագծերին համապատասխան` ընդերքօգտագործման աշխատանքների ապահովման.
5) փորձաքննության ենթարկված փաստաթղթերով ամրագրված ընդերքօգտագործման պահանջների ու միջոցառումների ապահովման.
6) ընդերքօգտագործման վճար վճարողների հաշվառման կարգի պահանջների ապահովման.
7) ընդերքօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների, վճարների հաշվարկման և հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման կարգի ապահովման.
8) ընդերքօգտագործման վարչական վիճակագրության վարման և ներկայացման կարգի ապահովման:
2. Ընդերքի օգտագործման և պահպանության պետական վերահսկողությունն իրականացվում է նաև ընդերքօգտագործման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ:
Հոդված 74. | Ընդերքի օգտագործումն ու պահպանությունն իրականացնող պետական մարմինը |
1. Ընդերքի օգտագործման և պահպանության պետական վերահսկողության իրականացումն ապահովում է լիազոր մարմինը` ընդերքի պետական տեսչական համակարգի միջոցով, որի կառուցվածքը սահմանում է կառավարությունը:
2. Ընդերքի պետական տեսչական համակարգն ընդերքի պետական տեսչության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ամբողջությունն է:
3. Տարածքային ստորաբաժանումներն ընդերքօգտագործման վերաբերյալ օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վարչատարածքային սկզբունքով վերահսկողական գործառույթներ իրականացնող կառույցներն են:
Հոդված 75. | Ընդերքի պետական տեսուչների պաշտոնների դասակարգումը |
1. Ընդերքի պետական տեսուչների պաշտոնները դասակարգվում են հետևյալ կարգով`
1) Հայասատանի Հանարապետության ընդերքի գլխավոր պետական տեսուչ.
2) Հայաստանի Հանրապետության ընդերքի գլխավոր պետական տեսչի տեղակալ.
3) ընդերքի հանրապետական ավագ պետական տեսուչ.
4) ընդերքի հանրապետական պետական տեսուչ.
5) ընդերքի տարածքային ավագ պետական տեսուչ.
6) ընդերքի տարածքային պետական տեսուչ:
2. Սույն հոդվածի 1-ին մասով դասակարգված անձանց պաշտոնները և դասային աստիճանները սահմանվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և իրավական այլ ակտերով նախատեսված` քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոններ զբաղեցնող պաշտոնատար անձանց պաշտոնի անձնագրով:
Հոդված 76. | Ընդերքի պետական տեսչի լիազորությունները |
1. Ընդերքի պետական տեսուչը լիազորված է`
1) իրականացնել ընդերքօգտագործման վերաբերյալ օրենսդրության պահանջների կատարման ստուգումներ.
2) ստուգվող սուբյեկտի ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործել ստուգվող սուբյեկտի գրասենյակային, արտադրական, պահեստային, լաբորատոր և այլ տարածքներ ու ստորաբաժանումներ.
3) ստուգման ընթացքում պահանջել փաստաթղթեր, տվյալներ, բացատրություններ, տեղեկանքներ, ինչպես նաև վերցնել փորձանմուշներ, կատարել կապարակնքում և չափագրումներ, որոնք անմիջականորեն առնչվում են ստուգման նպատակներին.
4) ընդերքօգտագործման վերաբերյալ օրենսդրության խախտում հայտնաբերելու դեպքում արձանագրել խախտումները.
5) օրենքով սահմանված կարգով և դեպքերում առգրավել ապօրինի արդյունահանված կամ ձեռք բերված օգտակար հանածոները կամ դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքը.
6) ստուգումների ընթացքում օրենքով սահմանված կարգով ներգրավել մասնագետների և փորձագետների.
7) օրենքով սահմանված կարգով կիրառել հարկադրանքի միջոցներ.
8) վարչական իրավախախտում արձանագրելու դեպքում իրականացնել գործերի վարույթ և գործերի քննությամբ կայացնել համապատասխան որոշումներ.
9) ընդերքօգտագործման պայմանագրերը լուծելու վերաբերյալ լիազոր մարմին ներկայացնել միջնորդագրեր.
10) իրականացված ստուգումների արդյունքներով բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափագրման, հաշվարկված և չհաշվարկված ծավալների վերաբերյալ կազմել համապատասխան փաստաթղթեր.
11) օրենքով սահմանված դեպքերում և կարգով հայց ներկայացնել դատարան.
12) ընդերքօգտագործման վերաբերյալ օրենսդրության խախտման համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդում ներկայացնել իրավապահ մարմիններին:
2. Ընդերքի վերահսկողության պետական տեսուչը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված այլ լիազորություններ:
Հոդված 77. | Ընդերքի օգտագործման և պահպանության պետական վերահսկողության ձևերը |
1. Ընդերքի օգտագործման և պահպանության պետական վերահսկողությունն իրականացվում է տեսչական ստուգումների, ստուգումների և ուսումնասիրությունների միջոցով` «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան:
2. Ընդերքի պետական տեսուչը սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով նախատեսված տեղեկանքների պատճենը պարտավոր է ուղարկել հարկային մարմին:
3. Լիազոր մարմինը պարտավոր է հարկային մարմնին տեղեկություններ տրամադրել կնքված ընդերքօգտագործման պայմանագրերի վերաբերյալ:
Հոդված 78. | Պատասխանատվությունը սույն օրենսգրքի պահանջները խախտելու համար |
1. Սույն օրենսգրքի պահանջների խախտման համար ընդերքօգտագործողները և (կամ) նրանց պաշտոնատար անձինք կրում են Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով պատասխանատվություն:
2. Արգելվում է առանց ընդերքօգտագործման իրավունքի ընդերքօգտագործման իրականացումը: Առանց սույն օրենսգրքով սահմանված թույլտվությունների օգտակար հանածոների արդյունահանում կամ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելն առաջացնում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ապօրինի գործունեության համար սահմանված պատասխանատվություն:
Գ Լ ՈՒ Խ 10ուղղ.
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԾԱԳՈՂ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
Հոդված 79. | Վեճերի լուծման կարգը |
1. Ընդերքօգտագործման ընթացքում ծագած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 11ուղղ.
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 80. | Անցումային դրույթներ |
1. Սույն օրենսգիրքը կիրառվում է ընդերքօգտագործման ընթացքում առաջացող այն իրավահարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
2. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ծագած պայմանագրային կամ ընդերքօգտագործման ընթացքում առաջացող այլ իրավահարաբերությունների նկատմամբ սույն օրենսգիրքը կիրառվում է այն իրավունքների ու պարտականությունների մասով, որոնք կծագեն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո:
3. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը տրամադրված ընդերքօգտագործման իրավունքները պահպանում են իրենց ուժը նաև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո:
4. Այն ընդերքօգտագործողները, որոնք սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահին ընդերքօգտագործման համար անհրաժեշտ հողամասերի նկատմամբ չունեն գրանցված իրավունքներ, իրավունք ունեն սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո սահմանված կարգով դիմելու համապատասխան համայնքի ղեկավարին հողահատկացման համար:
5. Ընդերքօգտագործման ոլորտում նախկինում տրված լիցենզիաները պահպանում են իրենց ուժը մինչև նոր օրենսգրքին համապատասխան թույլտվությունների ստացումը: Ընդերքօգտագործման իրավունքի վերաձևակերպման դեպքում սույն օրենսգրքով սահմանված թույլտվությունների տրման և գործողության ժամկետներ են համարվում մինչև սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը ընդերքօգտագործման ոլորտում տրված լիցենզիաների տրման և գործողության ժամկետները:
6. Սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո` 12 ամսվա ընթացքում, ընդերքօգտագործողները պարտավոր են դիմել լիազոր մարմին` իրենց ընդերքօգտագործման իրավունքը (լիցենզիա, պայմանագիր, լեռնահատկացման ակտ) վերաձևակերպելու համար: Վերաձևակերպման համար ընդերքօգտագործողից լրացուցիչ վճարներ չեն գանձվում:
7. Սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո` 12 ամսվա ընթացքում, ընդերքօգտագործման իրավունքը (լիցենզիա, պայմանագիր, լեռնահատկացման ակտ) չվերաձևակերպելու դեպքում ընդերքօգտագործողի գործունեությունը համարվելու է առանց թույլտվության իրականացրած գործունեություն, և կիրառվելու են պատասխանատվության միջոցներ:
8. Սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահին կոնսերվացված և չօգտագործվող արտադրական լցակույտերը (պոչերը) օգտագործման տրամադրվելու դեպքում օգտագործողն ազատվում է բնօգտագործման վճար և (կամ) ռոյալթի վճարելու պարտականությունից: Նշված պոչամբարների օգտագործումը վերսկսելու դեպքում բնօգտագործման վճարները և ռոյալթիները վճարվում են սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:
9. Սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահին օգտագործվող արտադրական լցակույտերը (պոչամբարները) օգտագործման տրամադրվելու դեպքում օգտագործողը վճարվելիք բնօգտագործման վճարներից և (կամ) ռոյալթիներից հաշվանցում է այն գումարը, որը, որպես բնօգտագործման վճար և (կամ) ռոյալթի, արդեն իսկ վճարվել է օգտակար հանածոների համար: Հաշվանցման կարգը սահմանում է կառավարությունը:
(80-րդ հոդվածը փոփ. 19.12.12 ՀՕ-257-Ն, 22.06.15 ՀՕ-106-Ն)
Հոդված 81. | Եզրափակիչ դրույթներ |
1. Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրքը և «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 5-ի ՀՕ-440-Ն օրենքը:
3. Մինչև նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների և արդյունահանման առանձնահատկությունների մասին, ինչպես նաև ռադիոակտիվ հումքի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման առանձնահատկությունների մասին օրենքների ընդունումը նշված հարաբերությունները կարգավորվում են կառավարության որոշումներով:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. դեկտեմբերի 17 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|