ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի նոյեմբերի 28-ին
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի գործունեության իրավական, կազմակերպական և տնտեսական հարաբերությունները, սահմանում է ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի պետական կարգավորման հիմունքները, ինչպես նաև կարգավորում է երկաթուղային տրանսպորտի գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի փոխհարաբերությունները պետական կառավարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ:
Հոդված 2. | Երկաթուղային տրանսպորտի գործունեության հիմունքները |
1. Երկաթուղային տրանսպորտը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության միասնական տրանսպորտային համակարգի բաղկացուցիչ մասը:
2. Երկաթուղային տրանսպորտը բաղկացած է ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտից, ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտից, ինչպես նաև կազմակերպությունների տեխնոլոգիական երկաթուղային տրանսպորտից, որոնք նախատեսված են այդ կազմակերպությունների սեփական կարիքների համար:
3. Սույն օրենքով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
4. Երկաթուղային տրանսպորտի գործունեության իրականացման սկզբունքներն են`
1) աշխատանքի անխափանությունը և կայունությունը.
2) մատուցվող ծառայությունների մատչելիությունը, անվտանգության և որակի ապահովումը:
5. Հայաստանի Հանրապետությունը երկաթուղային տրանսպորտի ոլորտում առաջացած խնդիրների լուծումն ապահովում է արդյունավետ կարգավորման և վերահսկողության միջոցով, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտի զարգացմանն իր մասնակցությամբ:
6. Երկաթուղային տրանսպորտի գույքը կարող է գտնվել պետական սեփականության և (կամ) սեփականության այլ ձևերի ներքո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
7. Երկաթուղային տրանսպորտի գույքը կարող է փոխանցվել կոնցեսիոն պայմանագրով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 3. | Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
1) երկաթուղային տրանսպորտ` ընդհանուր օգտագործման տրանսպորտի տեսակ, որը, հանդիսանալով ընդհանուր արտադրատեխնոլոգիական համակարգ, ներառում է արտադրական նշանակության կազմակերպություններ.
2) ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտ` արտադրատեխնոլոգիական համալիր, որը ներառում է երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքները, երկաթուղային շարժակազմը, այլ գույք, որը նախատեսված է ֆիզիկական, իրավաբանական անձանց և պետության կարիքների ապահովման նպատակով երկաթուղային տրանսպորտով փոխադրումներ իրականացնելու, ինչպես նաև այդ փոխադրումների հետ կապված աշխատանքների (ծառայությունների) իրականացման (մատուցման) համար.
3) ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտ` արտադրատեխնոլոգիական համալիրների համակցություն, որը ներառում է ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր, շենքեր, կառույցներ, շինություններ, առանձին դեպքերում նաև երկաթուղային շարժակազմ, ինչպես նաև այլ գույք, որը նախատեսված է ֆիզիկական և իրավաբանական անձանց կարիքների ապահովման համար այն աշխատանքներում (ծառայություններում), որոնք իրականացվում (մատուցվում) են ոչ ընդհանուր օգտագործման վայրերում` պայմանագրի հիման վրա, կամ սեփական կարիքների համար.
4) երկաթուղային տրանսպորտի գործունեություն` երկաթուղու կառույցների, սարքավորումների և շարժակազմի պահպանման ու շահագործման, գնացքների երթևեկության և ազդանշանային համակարգերի կազմակերպման, երկաթուղային տրանսպորտով ուղևորների, բեռների, ուղեբեռների, բեռնածանրոցների փոխադրումների նախապատրաստման ու իրականացման հետ կապված գործունեություն.
5) ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածք (այսուհետ` ենթակառուցվածք)` տեխնոլոգիական համալիր, որը ներառում է ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր և այլ շինություններ, երկաթուղային կայարաններ, էլեկտրամատակարարման կառույցներ, կապի ցանցեր, ազդանշանային համակարգեր, կենտրոնացումներ և պատնեշումներ, տեղեկատվական համալիրներ և երթևեկության կառավարման համակարգ, այլ շենքեր, կառույցներ, շինություններ և սարքավորումներ, որոնք ապահովում են այդ համալիրի գործունեության իրականացումը.
6) ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր` երկաթուղային կայարանների տարածքներում երկաթուղային գծեր, որոնք բաց են գնացքների ընդունման և ուղարկման, տեսակավորման և մանևրային աշխատանքների, բեռների, ուղեբեռների և բեռնածանրոցների ընդունման և հանձնման, ուղևորների սպասարկման համար գործողությունների իրականացման, ինչպես նաև այն երկաթուղային գծերը, որոնք միացնում են վերոհիշյալ կայարանները.
7) ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր` երկաթուղային մերձատար գծեր, որոնք անմիջականորեն կամ այլ երկաթուղային մերձատար ուղիների վրայով սահմանակցում են ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին և նախատեսված են առանձին օգտագործողների` պայմանագրի հիման վրա երկաթուղային տրանսպորտի ծառայությունների մատուցման կամ սեփական կարիքների նպատակով աշխատանքների իրականացման համար.
8) ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր օգտագործող` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը սեփականության կամ օգտագործման իրավունքով ունի ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր, ինչպես նաև շենքեր, շինություններ, կառույցներ, այլ օբյեկտներ, որոնք կապված են տրանսպորտային աշխատանքների իրականացման և երկաթուղային տրանսպորտի ծառայությունների մատուցման հետ.
9) երկաթուղային տրանսպորտի օբյեկտներ` երկաթուղային գծեր, կամուրջներ, թունելներ, դրանց սպասարկման և նորոգման օժանդակ կառույցներ ու շինություններ. երկաթուղային կայարաններ, էլեկտրամատակարարման կառույցներ, կապի ցանցեր, ազդանշանային համակարգեր, կենտրոնացումներ և պատնեշումներ, տեղեկատվական համալիրներ և երթևեկության կառավարման համակարգ, երկաթուղային տրանսպորտի շարժակազմի պահպանումը, տեխնիկական պատրաստականությունը և փոխադրումների գործընթացի կազմակերպումն ապահովող շինություններ ու կառույցներ, երկաթուղային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական սպասարկման կայաններ ու կետեր (դեպոներ), նորոգման գործարաններ, երկաթուղային տրանսպորտի գործունեության իրականացումն ապահովող այլ շենքեր, կառույցներ, շինություններ և սարքավորումներ.
10) ընդհանուր օգտագործման վայրեր` ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր, փակ և բաց պահեստներ, ինչպես նաև երկաթուղային կայարանի տարածքում հատուկ առանձնացված հողատարածքներ, որոնք պատկանում են ենթակառուցվածքի սեփականատիրոջը և օգտագործվում են երկաթուղային տրանսպորտի ծառայություններից օգտվողների կողմից` բեռնման, բեռնաթափման, տեսակավորման, բեռի պահպանման գործողությունների իրականացման համար, այդ թվում նաև` երկաթուղային տրանսպորտի ծառայություններից օգտվողների բեռնարկղերի, ուղեբեռների պահպանման համար.
11) ոչ ընդհանուր օգտագործման վայրեր` ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր, փակ և բաց պահեստներ, ինչպես նաև երկաթուղային կայարանի տարածքում գտնվող հողատարածքներ, որոնք չեն պատկանում ենթակառուցվածքի սեփականատիրոջը կամ նրա կողմից տրված չեն վարձակալության և օգտագործվում են բեռների բեռնման, բեռնաթափման, երկաթուղային տրանսպորտի ծառայություններից օգտվողների բեռնարկղերի բեռնման և բեռնաթափման համար.
12) երկաթուղային շարժակազմ` գնացքաքարշեր (լոկոմոտիվներ), բեռնատար վագոններ, ուղևորատար վագոններ, շարժիչավագոնային շարժակազմ, ինչպես նաև այլ շարժակազմ, որը նախատեսված է փոխադրումների իրականացման և ենթակառուցվածքների գործունեության համար.
13) փոխադրման գործընթաց` կազմակերպական և տեխնոլոգիական փոխկապակցված գործողությունների ամբողջություն, որն իրականացվում է երկաթուղային տրանսպորտով ուղևորների, բեռների, ուղեբեռների, բեռնածանրոցների փոխադրումների նախապատրաստման, իրականացման և ավարտման ժամանակ.
14) երկաթուղային տրանսպորտի ծառայություններից օգտվողներ` ուղևոր, բեռնառաքող (առաքող) կամ բեռ ստացող (ստացող), այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն օգտվում է երկաթուղային տրանսպորտի գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մատուցվող երկաթուղային տրանսպորտի ծառայություններից (աշխատանքներից).
15) ենթակառուցվածքի սեփականատեր կամ կառավարիչ (այսուհետ` ենթակառուցվածքի կառավարիչ)` իրավաբանական անձ, որը սեփականության կամ այլ իրավունքով ունի ենթակառուցվածք և երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզիա և պայմանագրի հիման վրա ենթակառուցվածքն օգտագործում է երկաթուղային տրանսպորտի ծառայություններ մատուցելու նպատակով.
16) ենթակառուցվածքի օգտագործման ռեժիմի վերաբերյալ տեղեկատվություն (այսուհետ` ենթակառուցվածքի վերաբերյալ տեղեկատվություն)` ենթակառուցվածքի կառավարչի կազմած տարեկան տեղեկատվություն` ենթակառուցվածքի օգտագործման պայմանների, հիմնական բեռնման-բեռնաթափման կետերի միջև փոխադրման տևողության (նվազագույն և առավելագույն ժամկետների), երկաթուղային տրանսպորտով փոխադրվող ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների բեռնափոխադրումների առավելագույն սակագների և Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն) սահմանած այլ տեղեկատվության վերաբերյալ.
17) փոխադրող` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը սույն օրենքով և փոխադրման պայմանագրով պարտավորվում է ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտով փոխադրել ուղևորներ, առաքողի կողմից իրենց վստահված բեռ, ուղեբեռ, բեռնածանրոց` առաքման կետից մինչև նշանակման վայր, ինչպես նաև հանձնել բեռը, ուղեբեռը դրանց ստացման համար իրավասու անձին, և կատարում է նշված գործառույթները` օգտագործելով երկաթուղային շարժակազմը և այլ համապատասխան սարքեր.
18) բեռնառաքող` ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը փոխադրման պայմանագրով և (կամ) փոխադրման փաստաթղթով հանդես է գալիս իր կամ բեռի, ուղեբեռի, բեռնածանրոցի սեփականատիրոջ անունից և որպես առաքող պատասխանատվություն է կրում փոխադրման փաստաթղթերը լրացնելու և փոխադրման վճարները վճարելու համար.
19) բեռ ստացող` ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն իրավասու է ստանալու բեռը, ուղեբեռը, բեռնածանրոցը.
20) երկաթուղային շարժակազմի օպերատոր (այսուհետ` օպերատոր)` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը սեփականության կամ այլ իրավունքով ունի վագոններ, բեռնարկղեր և պայմանագրի հիման վրա փոխադրողի հետ մասնակցում է փոխադրման գործընթացին` իրենց պատկանող վագոնների և բեռնարկղերի օգտագործմամբ.
21) երկաթուղային տրանսպորտի երթևեկության անվտանգության և շահագործման ապահովում` տնտեսական, կազմակերպաիրավական, տեխնիկական և այլ միջոցառումների համակարգ, որն իրականացվում է պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, երկաթուղային տրանսպորտի կազմակերպությունների և այլ իրավաբանական անձանց կողմից` կանխարգելելու համար երկաթուղային տրանսպորտային պատահարների առաջացումը և նվազեցնելու քաղաքացիների կյանքին և առողջությանը, շրջակա միջավայրին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց գույքին վնասի պատճառման ռիսկը.
22) երկաթուղային տրանսպորտային պատահար` իրադրություն, որն առաջանում է երկաթուղային շարժակազմի երթևեկության ժամանակ, շարժակազմի մասնակցությամբ, և որի հետևանքով վնաս է պատճառվում քաղաքացիների կյանքին և առողջությանը, շրջակա միջավայրին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց գույքին.
23) երկաթուղային տրանսպորտի օբյեկտների հողեր` հողեր, որոնք օգտագործվում են կամ նախատեսված են երկաթուղային տրանսպորտի կազմակերպությունների գործունեության և (կամ) շենքերի, կառույցների, շինությունների և երկաթուղային տրանսպորտի այլ օբյեկտների շահագործման ապահովման համար, այդ թվում նաև` հողատարածքներ, որոնք գտնվում են երկաթուղային տրանսպորտի օբյեկտների հողերի օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում.
24) երկաթուղու օտարման շերտ (այսուհետ` օտարման շերտ)` երկաթուղային գծի հողապաստառը և դրան հարակից հողամասերը, որոնք նախատեսված են երկաթուղային տրանսպորտի օբյեկտների տեղակայման համար.
25) երկաթուղու պաշտպանական գոտիներ` հողատարածքներ, որոնք անհրաժեշտ են երկաթուղային տրանսպորտի օբյեկտների պահպանության, դիմացկունության և կայունության ապահովման համար, հարակից են այն հողատարածքներին, որոնք նախատեսված են երկաթուղային տրանսպորտի օբյեկտների տեղակայման, ձյան ու ավազի կուտակումներից և այլ բացասական ազդեցություններից երկաթուղային գծերի պահպանության ապահովման համար.
26) ուղևոր` անձ, որը երթևեկության փաստաթղթով (տոմսով) երթևեկում է գնացքով, կամ ունի երթևեկության փաստաթուղթ և գտնվում է երկաթուղային կանգառի, երկաթուղային կայարանի կամ ուղևորների համար նախատեսված կառամատույցների տարածքում` նշված ուղևորությունից անմիջապես առաջ կամ հետո.
27) բեռ` իրեր, այլ նյութական արժեքներ, որոնք երկաթուղային տրանսպորտի բեռնային վագոնով տեղափոխման համար փոխադրման պայմանագրով ընդունել է փոխադրողը.
28) ուղեբեռ` իրեր, այլ նյութական արժեքներ, որոնք ուղևորն ուղարկում է լրացուցիչ վճարով ուղեբեռային վագոնով, ապահովված փոխադրման փաստաթղթերով և հետևում են նույն ուղղությամբ, ինչ որ ուղևորը.
29) բեռնածանրոց` բեռ, որը սահմանված կարգով ընդունվել է ֆիզիկական կամ իրավաբանական անձից` ուղևորատար, փոստաուղեբեռային կամ բեռնաուղևորատար գնացքով փոխադրելու համար.
30) վտանգավոր բեռ` բեռ, ուղեբեռ, բեռնածանրոց, որոնք իրենց քիմիական, կենսաբանական, ռադիոակտիվ կամ այլ հատկությունների պատճառով փոխադրման, մանևրային, բեռնման-բեռնաթափման և պահպանման ժամանակ կարող են դառնալ պայթյունի, հրդեհի, քիմիական կամ այլ տիպի վարակի պատճառ, կամ վնաս հասցնել տեխնիկական միջոցներին, սարքերին, սարքավորումներին և երկաթուղային տրանսպորտի այլ օբյեկտներին, երրորդ անձանց, ինչպես նաև քաղաքացիների կյանքին կամ առողջությանը, շրջակա միջավայրին.
31) հատուկ երկաթուղային փոխադրումներ` երկաթուղային փոխադրումներ, որոնք նախատեսված են հատուկ պետական և պաշտպանական կարիքների համար, ինչպես նաև դատապարտյալների և կալանավորների երկաթուղային փոխադրումներ.
32) գնացք` վագոնների ձևավորված և հատուկ կազմ` մեկ կամ մի քանի գործող երկաթուղային շարժակազմերով կամ շարժիչային վագոններով, որոնք սարքավորված են անվտանգ երթևեկության համար.
33) սակագին` դրույքաչափ, որը սահմանվում է փոխադրողի կողմից երկաթուղային տրանսպորտի ծառայություններից օգտվողների համար.
34) ենթակառուցվածքի օգտագործման վճար` փոխադրողի կողմից ենթակառուցվածքի օգտագործման համար ենթակառուցվածքի կառավարչին տրվող վճար.
35) փոխադրման փաստաթղթեր` անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք ուղեկցում են ուղևորին, բեռին, ուղեբեռին, բեռնածանրոցին` երկաթուղային տրանսպորտով փոխադրման ընթացքում.
36) երկաթուղային կայարան (կանգառ)` կետ, որը երկաթուղային գիծը բաժանում է գծանցների կամ բլոկ-տեղամասերի, ապահովում է ենթակառուցվածքի գործունեությունը, ունի գծային կառույցների զարգացում, որը թույլ է տալիս իրականացնել գնացքների ընդունման, ուղարկման և վազանցման, ուղևորների սպասարկման, բեռների, ուղեբեռների (բեռնածանրոցների) ընդունման, հանձնման գործողություններ, իսկ զարգացած գծային կառույցների դեպքում իրականացնել գնացքների մանևրային և տեսակավորման, անջատման և կցման աշխատանքներ, ինչպես նաև գնացքների հետ կապված տեխնիկական այլ գործողություններ.
37) ցածր ծանրաբեռնվածության գծեր (տեղամասեր)` ոչ բարձր բեռնածանրաբեռնվածությամբ և աշխատանքի ցածր արդյունավետությամբ ընդհանուր օգտագործման ուղիներ.
38) հատուկ նշանակության վագոններ` միայն որոշակի տեսակի բեռների փոխադրման համար նախատեսված, ինչպես նաև իզոթերմիկ, երկաթուղային գծերի տեղակայման, հրդեհաշեջ և այլ նշանակության մասնագիտացված վագոններ.
39) երկաթուղային գծի տեխնիկական անձնագիր` փաստաթուղթ, որը պարունակում է երկաթուղային գծի տեխնիկական չափանիշներ` թեքություններ, վտանգավոր հատվածներ ու տեղամասեր, երաշխավորվող շարժման արագություններ, կառույցների տեսակներ ու դրանց տեղաբաշխումը.
40) երկաթուղային տրանսպորտով միջազգային հաղորդակցություն` ուղևորների, բեռների, ուղեբեռների, բեռնածանրոցների և փոստի փոխադրում Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների միջև.
41) երկաթուղային գծի հողապաստառ (այսուհետ` հողապաստառ)` երկաթուղային գծի համար հիմք ծառայող կառուցվածք, որը ներառում է հողաթումբը կամ փորվածքը, հողաթմբի հիմքի կամ փորվածքի եզրի կողմում առափներ ունեցող ջրահեռացման առուներն ու ապահովիչ շերտերը.
42) երկաթուղային կայարանի փակում` գնացքների ժամանման, մեկնման կամ ուղեբեռների, բեռների կամ բեռնածանրոցների ընդունման, հանձնման, բեռնման, բեռնաթափման, տեսակավորման և (կամ) պահպանման (այդ թվում` բեռնարկղերում) հետ կապված գործողության դադարեցումը.
43) երկաթուղային գծի փակում` երկաթուղային գծով ուղևորատար և բեռնատար գնացքների երթևեկության դադարեցումը.
44) երկաթուղային գիծ` ինժեներական կառույց, որը բաղկացած է ռելսերից, կոճերից, ռելսային ամրացումներից, բալաստային պրիզմայից և հողապաստառից ու նախատեսված է երկաթուղային շարժակազմի երթևեկության համար:
(3-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 05.02.13 ՀՕ-7-Ն)
Հոդված 4. | Երկաթուղային տրանսպորտի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը |
1. Երկաթուղային տրանսպորտի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, «Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, սույն օրենքից և այլ իրավական ակտերից:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են երկաթուղային տրանսպորտի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Գ Լ ՈՒ Խ 2
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Հոդված 5. | Պետական կարգավորման սկզբունքները |
1. Երկաթուղային տրանսպորտի բնագավառում պետական քաղաքականությունն իրականացվում է հետևյալ սկզբունքներով`
1) պետության, երկաթուղային տրանսպորտի ծառայություններից օգտվողների և ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի կազմակերպությունների շահերի ապահովում.
2) երկաթուղային տրանսպորտի, ինչպես նաև նրա համալիր զարգացման ամբողջական, արդյունավետ, անվտանգ և որակյալ գործունեության ապահովում.
3) ենթակառուցվածքի կառավարչի և փոխադրողների հետ համատեղ իրականացվող փոխադրման գործընթացի անընդհատության ապահովում.
4) երկաթուղային տրանսպորտի բնագավառում տնտեսվարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության ապահովում.
5) շրջակա միջավայրի պահպանության խնդիրների գերակայության ապահովում.
6) օգտագործման միանման և անխտրական վճարների կիրառում.
7) մրցակցության զարգացում և երկաթուղային տրանսպորտի ծառայությունների շուկայի հիմնում:
Հոդված 6. | Կառավարության իրավասությունները երկաթուղային տրանսպորտի բնագավառում |
1. Երկաթուղային տրանսպորտի բնագավառի պետական քաղաքականությունը մշակում և իրականացնում են կառավարությունը և նրա լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազոր մարմին):
2. Երկաթուղային տրանսպորտի բնագավառում կառավարությունն իրականացնում է հետևյալ իրավասությունները`
1) երկաթուղային տրանսպորտի բնագավառի պետական քաղաքականության մշակում և իրականացում.
2) կառավարության կողմից ֆինանսավորում կամ կառավարում պահանջող երկաթուղային տրանսպորտի բնագավառի զարգացման ծրագրերի հաստատում.
3) պետության կողմից երկաթուղային տրանսպորտի կազմակերպությունների ստեղծում, վերակազմակերպում և լուծարում.
4) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով հայտարարված արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ գործողությունների ձեռնարկում` երկաթուղային տրանսպորտի բնագավառի կառավարման և (կամ) գործունեության կանոնակարգման, օգտագործման վճարների և սակագների առավելագույն դրույքաչափերի հաստատման համար.
5) երկաթուղային տրանսպորտով փոխադրվող ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների ցանկի հաստատում.
6) վտանգավոր բեռների ցանկի և դրանց փոխադրման կարգի հաստատում.
6.1) (կետն ուժը կորցրել է 21.12.15 ՀՕ-18-Ն)
7) օրենքով նախատեսված այլ իրավասություններ:
(6-րդ հոդվածը լրաց. 05.02.13 ՀՕ-7-Ն, փոփ. 21.12.15 ՀՕ-18-Ն)
Հոդված 7. | Լիազոր մարմնի իրավասությունները |
1. Լիազոր մարմինն իրականացնում է հետևյալ իրավասությունները`
1) երկաթուղային տրանսպորտի բնագավառում պետական քաղաքականության իրականացում.
2) երկաթուղային տրանսպորտի բնագավառում պետական կառավարման իրականացում.
3) երկաթուղային տրանսպորտի բնագավառում միջազգային համագործակցության ապահովում.
4) գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի ընդունում և դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
5) օրենքով սահմանված կարգով երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզավորում.
6) երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների կատարման նկատմամբ հսկողության իրականացում.
7) երկաթուղային տրանսպորտի տեխնիկական շահագործման կանոնների և ենթակառուցվածքից օգտվելու պայմանների հաստատում.
8) ենթակառուցվածքի կառավարչի, փոխադրողների և երկաթուղային տրանսպորտի բնագավառում գործունեություն իրականացնող այլ անձանց փոխհարաբերությունները կանոնակարգող կանոնների ընդունում.
9) օրենքով նախատեսված այլ իրավասությունների իրականացում:
2. Երկաթուղային տրանսպորտի շահագործման, երթևեկության և այլ տեխնիկական միջոցների անվտանգության նկատմամբ վերահսկողության ապահովման նպատակով լիազոր մարմինը`
1) իրականացնում է երկաթուղային տրանսպորտով փոխադրման գործընթացի հետ կապված տեխնիկական միջոցների շահագործման և երթևեկության անվտանգության ոլորտում տեխնիկական վերահսկողություն և կարգավորում, այդ թվում նաև` տրանսպորտային պատահարների և երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության կանոնների խախտման հետ կապված միջադեպերի ծառայողական քննություն և հաշվառում.
2) մշակում և իրականացնում է ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտի գործունեության հետ կապված այլ տեխնիկական միջոցների շահագործման ոլորտում պետական քաղաքականություն.
3) իրականացնում է երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության ոլորտում բնապահպանական անվտանգության, բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխատեսման և վերացման, երկաթուղային տրանսպորտի գործունեության հետ կապված այլ տեխնիկական միջոցների շահագործման պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողություն:
Հոդված 8. | Երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպիչների պարտականությունները |
(վերնագիրը խմբ. 21.12.15 ՀՕ-18-Ն)
1. Երկաթուղային տրանսպորտի գործունեությունը կազմակերպվում է երկաթուղային տրանսպորտի գործունեության կարգին համապատասխան` համաձայն Հավելված 2-ի:
2. Ենթակառուցվածքի կառավարիչը, փոխադրողները, բեռնառաքողները և փոխադրման գործընթացի այլ մասնակիցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավասությունների շրջանակներում ապահովում են`
1) ուղևորների անվտանգ երթևեկության պայմանները.
2) բեռների փոխադրման անվտանգությունը, պահպանվածությունը և ժամկետները, երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգությունը.
3) բնապահպանական օրենսդրության պահանջների կատարումը:
(8-րդ հոդվածը խմբ. 21.12.15 ՀՕ-18-Ն)
Հոդված 9. | Երկաթուղային տրանսպորտի բնագավառում գործունեության կազմակերպման լիցենզավորումը |
1. Երկաթուղային տրանսպորտի բնագավառում գործունեության կազմակերպման լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2. Լիցենզիայի տրման համար տարեկան պետական տուրքը ենթակա է գանձման (վճարման) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով ու կարգով:
Հոդված 10. | Ստանդարտացումը և չափումների միասնականության ապահովումը երկաթուղային տրանսպորտում |
Ստանդարտացումը և չափումների միասնականության ապահովումը երկաթուղային տրանսպորտում իրականացվում են «Չափումների միասնականության ապահովման մասին» և «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան:
Հոդված 11. | Սակագները և օգտագործման վճարները երկաթուղային տրանսպորտում |
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ` Կարգավորող հանձնաժողով)`
1) մշակում և հաստատում է օգտագործման վճարների հաշվարկման մեթոդաբանությունը (մեթոդիկան).
2) հաստատում և իրականացնում է օգտագործման վճարի հաշվարկը:
2. Օգտագործման վճարների սահմանման և վերանայման կարգը, այդ առնչությամբ ենթակառուցվածքի կառավարչի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը և ցանկը (հայտի փաթեթը) սահմանում է Կարգավորող հանձնաժողովը:
3. Օգտագործման վճարների հաստատման մասին հայտը կառավարչի կողմից ներկայացվում է Կարգավորող հանձնաժողով` դրանք ուժի մեջ մտնելուց առնվազն 90 օր առաջ: Կարգավորող հանձնաժողովը օգտագործման վճարների հաստատման մասին որոշումն ընդունում է դրանք ուժի մեջ մտնելուց առնվազն 60 օր առաջ, բացառությամբ`
1) ենթակառուցվածքի կառավարչի գործունեության համար առաջին անգամ լիցենզիա ստացող անձի գործունեության օգտագործման վճարների, որոնք ուժի մեջ են մտնում Կարգավորող հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետում.
2) եթե Կարգավորող հանձնաժողովի որոշմամբ ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:
4. Օգտագործման վճարների գործողության ժամկետը մեկ տարուց պակաս չի կարող լինել, բացառությամբ այն դեպքերի, երբ սահմանված օգտագործման վճարների մեծությունների` դատական կարգով բողոքարկման արդյունքում դատարանի վճռի հիման վրա Կարգավորող հանձնաժողովն ընդունում է օգտագործման վճարների սահմանման վերաբերյալ նոր որոշում:
5. Կարգավորող հանձնաժողովը կարող է սահմանել ենթակառուցվածքի կառավարչի գործունեության երկարաժամկետ օգտագործման վճար, իսկ անհրաժեշտության դեպքում` դրա ճշգրտման սկզբունքները:
6. Օգտագործման վճարները պետք է արտահայտեն որոշակի թվային արժեք:
7. Օգտագործման վճարը կարող է վերանայվել ենթակառուցվածքի կառավարչի նախաձեռնությամբ:
8. Կարգավորող հանձնաժողովը լիազոր մարմնի առաջարկությամբ կարող է վերանայել գործող օգտագործման վճարը և սահմանել նոր վճար` իր կողմից հաստատված ընթացակարգի համաձայն:
9. Ենթակառուցվածքի կառավարիչը կարող է կիրառել Կարգավորող հանձնաժողովի սահմանած վճարից ավելի ցածր վճար` բացառելով գնային խտրականությունը: Ավելի ցածր վճար կիրառելու արդյունքում ենթակառուցվածքի կառավարչի կրած հնարավոր վնասները Կարգավորող հանձնաժողովի կողմից չեն փոխհատուցվում:
10. Ենթակառուցվածքի կառավարիչը իր ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերող հաշվետվությունները և հանձնաժողովի կողմից պահանջվող այլ տեղեկատվությունն անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերով ներկայացնում է Կարգավորող հանձնաժողով` վերջինիս սահմանած ձևերով և կարգով:
11. Կարգավորող հանձնաժողովը օպերատորի բողոքի դեպքում իրավասու է վերահսկողություն իրականացնելու ենթակառուցվածքի կառավարչի կողմից օգտագործման վճարների կիրառման ճշտության նկատմամբ, ինչպես նաև ներկայացված հաշվետվությունների ու տեղեկատվությունների հավաստիության ճշգրտման նպատակով իրականացնելու կամ կազմակերպելու ֆինանսատնտեսական գործունեության ուսումնասիրություններ` պահանջելով հիմնավորող անհրաժեշտ փաստաթղթեր` օգտագործման վճարների կիրառման մասով:
12. Կարգավորող հանձնաժողովը ենթակառուցվածքի կառավարչի համար սահմանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին, ազգային հաշվային պլանին և իրավական այլ ակտերին համապատասխանող կարգավորմանը վերաբերող հաշիվներ և ենթահաշիվներ:
13. Կարգավորող հանձնաժողովն ընդունում է որոշումներ, որոնցով ապահովում է օգտագործման վճարների կիրառումը:
14. Միջազգային փոխադրումների սակագները սահմանվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն:
15. Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով հայտարարված արտակարգ իրավիճակներում կառավարությունն իրավասու է անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու երկաթուղային տրանսպորտի բնագավառի կառավարման և (կամ) գործունեության կանոնակարգման համար, ներառյալ` օգտագործման վճարների և սակագների սահմանումը:
Հոդված 12. | Ենթակառուցվածքի վերաբերյալ տեղեկատվությունը |
1. Ենթակառուցվածքի կառավարիչն առնվազն տարին մեկ անգամ պետք է կազմի ենթակառուցվածքի վերաբերյալ տեղեկատվություն և հրապարակի այն:
2. Ենթակառուցվածքի վերաբերյալ տեղեկատվությունը ներառում է ենթակառուցվածքից օգտվելու ռեժիմի բնութագիրը, այդ թվում` ենթակառուցվածքի օգտագործման պայմանները, լիազոր մարմնի տրամադրած լիցենզիայի համաձայն ենթակառուցվածքից օգտվելու պայմանները, հիմնական բեռնման-բեռնաթափման կետերի միջև փոխադրման տևողությունը (նվազագույն և առավելագույն ժամկետները), երկաթուղային տրանսպորտով փոխադրվող ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների բեռնափոխադրումների առավելագույն սակագները և կառավարության սահմանած այլ տեղեկատվություն:
3. Ենթակառուցվածքի կառավարիչը ենթակառուցվածքի վերաբերյալ տեղեկատվությունը նախապես համաձայնեցնում է լիազոր մարմնի հետ, այնուհետև հրապարակում և կիրառում իր գործունեության ընթացքում:
4. Ենթակառուցվածքի վերաբերյալ տեղեկատվությունում ներառվող տեղեկատվությունների ցանկը և ենթակառուցվածքի վերաբերյալ տեղեկատվությունը լիազոր մարմնի հետ համաձայնեցման կարգը սահմանում է կառավարությունը:
5. Երկաթուղային տրանսպորտով փոխադրվող ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների ցանկը սահմանում է կառավարությունը:
Հոդված 13. | Ենթակառուցվածքի օգտագործման վճարների ձևավորման սկզբունքները |
1. Երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի օգտագործման վճարների ձևավորման սկզբունքներն են`
1) լիցենզիայի պայմաններին համապատասխան լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ` հիմնավորված շահագործման և պահպանման ծախսերի, հիմնական միջոցների մաշվածության և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի փոխհատուցման ապահովումը.
2) ողջամիտ շահույթի ստացման հնարավորության ապահովումը.
3) հիմնավորված վարկերի սպասարկման ծախսերի ներառումը.
4) ծառայությունների տեսակներով և առանձնահատկություններով պայմանավորված օգտագործման վճարների տարբերակումը.
5) հիմնավորված և անհրաժեշտ ապահովագրական ծախսերի ներառումը.
6) բնապահպանական նորմերն ապահովելու համար անհրաժեշտ` հիմնավորված ծախսերի ներառումը.
7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված` հիմնավորված և անհրաժեշտ այլ ծախսերի ներառումը:
2. Երկաթուղային տրանսպորտի ոլորտում գնագոյացման պետական կարգավորման սկզբունքներն ուղղված են ենթակառուցվածքի մենաշնորհային բաղադրիչի, այսինքն` ենթակառուցվածքի հիմնական միջոցների շնորհած շուկայական հզորությունը սահմանափակելու միջոցով տնտեսական արդյունավետությունը խրախուսելուն, որն իրականացվում է ենթակառուցվածքի օգտագործման ոչ խտրական վճարների կիրառման միջոցով, որոնք նվազագույնի են հասցնում մրցակից փոխադրողների համար ենթակառուցվածքի օգտագործման խոչընդոտները: Գնագոյացման վերահսկողությունը կիրառվում է ենթակառուցվածքի օգտագործման վճարների և ոչ թե երկաթուղային տրանսպորտի ծառայություններից օգտվողների համար փոխադրողի սահմանած վերջնական սակագների նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ երկաթուղային տրանսպորտի ծառայություններից օգտվողների համար փոխադրողի սահմանած սակագները կարող են սահմանափակվել միջազգային համաձայնագրերով կամ արտակարգ իրավիճակներում կամ մենաշնորհային դիրքի չարաշահման կամ տնտեսության համար վտանգավոր կամ ոչ նպաստավոր գործունեության դեպքերում կառավարության որոշմամբ սահմանված առավելագույն սակագներով:
Հոդված 14. | Երկաթուղային տրանսպորտի հողերի օգտագործման պետական կարգավորման առանձնահատկությունները |
1. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի հողերը տրամադրվում են անհատույց օգտագործման իրավունքով:
2. Երկաթուղային տրանսպորտի հողերի օգտագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
3. Երկաթուղային գծերի և երկաթուղային այլ օբյեկտների անվտանգ շահագործման, ինչպես նաև բնակչության, երկաթուղային տրանսպորտի աշխատողների և ուղևորների անվտանգության ապահովման նպատակով սողանքների, փլուզումների, ողողումների և այլ բացասական ազդեցությունների ենթակա տեղերում սահմանվում են պաշտպանական գոտիներ, որոնցում գործում է հողերի օգտագործման և դրա նկատմամբ սահմանափակումների կիրառման հատուկ ռեժիմ:
4. (մասն ուժը կորցրել է 05.02.13 ՀՕ-7-Ն)
(14-րդ հոդվածը փոփ. 05.02.13 ՀՕ-7-Ն)
Հոդված 15. | Երկաթուղային տրանսպորտի օբյեկտների նախագծումը, կառուցումը, վերակառուցումը, ձեռքբերումը և պահպանումը |
1. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի օբյեկտների նախագծումը, կառուցումը, վերակառուցումը, ներառյալ` էլեկտրաֆիկացումը և այդ ուղիների վրա տեղակայված կառույցների, այդ թվում` կամուրջների, թունելների, երկաթուղային անցումների կառուցումը, ինչպես նաև այդ ոլորտի, քաղաքացիական պաշտպանության համակարգի մոբիլիզացիոն օգնությունը, փոխադրման համար շարժակազմի և հատուկ նշանակության վագոնների ձեռքբերումն իրականացվում են ենթակառուցվածքի կառավարչի, փոխադրողների, իրավաբանական և այլ անձանց սեփական միջոցների կամ պետական բյուջեի միջոցների հաշվին` կապիտալ ներդրումների և միջոցների սահմաններում, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներով նախատեսված են այդ նպատակների համար:
2. Երկաթուղային տրանսպորտի օբյեկտների, այդ թվում նաև` երկաթուղային կայարանների, կամուրջների, ուղևորների համար նախատեսված կառամատույցների նախագծումը, կառուցումը, վերակառուցումը (ներառյալ` էլեկտրաֆիկացումը և պահպանումը), բեռների փոխադրման համար երկաթուղային շարժակազմի, բեռնարկղերի, ուղևորափոխադրումների համար էլեկտրագնացքների (վագոնների) ձեռքբերումը, բնակելի տների և ոչ արտադրական նշանակության օբյեկտների կառուցումն իրականացվում են ենթակառուցվածքի կառավարչի, փոխադրողների և իրավաբանական անձանց միջոցների, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրների հաշվին:
3. Երկաթուղային տրանսպորտի օբյեկտների նախագծումը, կառուցումը, վերակառուցումը, ձեռքբերումը և պահպանումը կարող են իրականացվել պետական բյուջեի միջոցների հաշվին, եթե դրանք նախատեսված են համապատասխան պետական նպատակային ծրագրերով:
Գ Լ ՈՒ Խ 2.1
(գլուխը լրաց. 05.02.13 ՀՕ-7-Ն)
ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՕՏԱՐՄԱՆ ՇԵՐՏԵՐԻ ՉԱՓԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 15.1. |
Երկաթուղու օտարման շերտերի չափերի և պաշտպանական գոտիների սահմանման կարգը |
1. Օտարման շերտի չափերը սահմանվում են կառավարության հաստատած նորմերի հիման վրա մշակված ճարտարապետաշինարարական նախագծերով` հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասում նշված հողապաստառի չափերը:
2. Կայարանամիջյան երկաթուղային գծերի տեղակայման համար հատկացվող հողամասի լայնությունը սահմանվում է համաձայն Հավելված 1-ի:
3. Հողաթմբի բարձրությունը կամ փորվածքի խորությունը 12,0 մետրը գերազանցելու, կամ հողապաստառի լայնական կտրվածքի չափերը համապատասխան շինարարական նորմով սահմանված չափերից տարբերվելու, կամ հողաթումբը բլրաշատ ու լեռնային ռելիեֆի կամ թույլ գրունտների վրա տեղադրվելու դեպքերում հողապաստառի լայնությունը սահմանում է լիազոր մարմինը` համաձայնեցնելով քաղաքաշինության բնագավառի կառավարության պետական լիազորված մարմնի հետ:
4. Երկու և ավելի երկաթուղային գծերի տեղակայման դեպքում նախատեսվող հողամասի լայնությունը յուրաքանչյուր հաջորդ երկաթուղային գծի համար սահմանվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված չափերից 4,0 մետրով ավելի:
5. Հողապաստառի երկարությամբ հողաշերտի սահքը պահող հողաամրացուցիչ և այլ տեսակի ծառատնկումներ կատարելու, անտառի եզրից մինչև օտարման շերտի սահմանը բաժանարար շերտ ստեղծելու, կայարանամիջյան երկաթուղային գծերի օտարման շերտերում ձյունապահ անտառատնկումներ կատարելու, փորվածքների լայնական մշակման դեպքում հողակույտերի դիզում կատարելու կամ մշտական ձյունապահ ցանկապատեր տեղադրելու անհրաժեշտության դեպքերում երկաթուղային գծերի տեղակայման համար նախատեսվող օտարման շերտի լայնությունը սահմանվում է լիազոր մարմնի հաստատած նորմերի պահանջներին համապատասխան:
6. Արհեստական կառույցների (կամրջային անցումների, թունելների) տեղաբաշխման վայրերում օտարման շերտի լայնությունը սահմանվում է ճարտարապետաշինարարական նախագծերով:
7. Երկաթուղու պաշտպանական գոտիները չեն մտնում օտարման շերտի մեջ և նախագծվում են օտարման շերտի նախագծման հետ միաժամանակ:
8. Օտարման շերտի երկայնությամբ տեղաբաշխված հողամասերը (դրանց առանձին մասեր) երկաթուղու պաշտպանական գոտիների սահմաններում ընդգրկվում են այն դեպքում, երբ երկաթուղային գծերն անցնում են`
1) ձնահյուսերի, փլուզումների, ողողումների, հեղեղումների, հեղեղատների առաջացման կամ վտանգավոր երկրաբանական ազդեցությունների ենթարկվող վայրերով.
2) պաշտպանիչ անտառատնկվածքների դեր կատարող անտառներով, այդ թվում` գետերի ողողահուներում կամ մակերեսային ջրային օբյեկտների երկարությամբ առկա անտառներով.
3) անտառներով, որտեղ ծառերի համատարած հատումը կարող է ազդել սարերի և բլուրների թեքությունների կայունության վրա կամ հանգեցնել փլուզումների, փլվածքների կամ հեղեղատների առաջացմանը կամ հանգեցնել հեղեղումների և ձնահյուսերի երևան գալուն կամ ազդել երկաթուղու պահպանվածության, կայունության կամ ամրության վրա:
9. Երկաթուղային գծի յուրաքանչյուր կողմում երկաթուղու պաշտպանական գոտու արտաքին սահմանագծի հեռավորությունը երկաթուղային գծի առանցքից սահմանվում է 50 մետրից ոչ պակաս:
10. Երկաթուղու պաշտպանական գոտու չափերը, երկաթուղու պաշտպանական գոտում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(15.1-ին հոդվածը փոփ. 21.12.15 ՀՕ-18-Ն)
Հոդված 15.2. |
Երկաթուղու օտարման շերտերի օգտագործման կարգը |
1. Երկաթուղային տրանսպորտի երթևեկության և շահագործման անվտանգության ապահովման նպատակով օտարման շերտերի սահմաններում արգելվում է`
1) կապիտալ շենք-շինությունների, բազմամյա տնկարկների (արհեստական ծառերի) տեղակայումը.
2) անտառային զանգվածներին հարող վայրերում ցցաչոր ծառերի, թփերի կամ գետնին ընկած չորացած ծառերի ոստերի, խշուրների կամ հատված մնացորդների կամ այլ դյուրավառ նյութերի կուտակումը.
3) գյուղատնտեսական նշանակության հողերին հարող վայրերում մոլախոտային կամ փայտաթփային բուսականության կուտակումը:
2. Երկաթուղային տրանսպորտի երթևեկության և շահագործման անվտանգության պահանջների պահպանմամբ օտարման շերտերի սահմաններում հաղորդակցուղիների տեղադրումը լիազոր մարմնի համաձայնությամբ թույլատրում է ենթակառուցվածքի կառավարիչը (ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի սեփականատերը): Հաղորդակցուղիների տեղադրման համաձայնեցման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
3. Հաղորդակցուղիների համաձայնեցման կարգի պահանջների խախտման համար պատասխանատվությունը կրում է երթակառուցվածքի կառավարիչը:
4. Օտարման շերտի սահմաններում տեղադրված հաղորդակցուղիների անսարքության պատճառով տեղի ունեցած տրանսպորտային պատահարների համար պատասխանատվությունը կրում է ենթակառուցվածքի կառավարիչը:
Հոդված 15.3. |
Երկաթուղու պաշտպանական գոտիների օգտագործման կարգը |
1. Երկաթուղային տրանսպորտի երթևեկության և շահագործման անվտանգության ապահովման նպատակով երկաթուղու պաշտպանական գոտիների սահմաններում արգելվում է`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նորմերի խախտմամբ` կապիտալ շենքերի և շինությունների շինարարությունը կամ ժամանակավոր ճանապարհների կառուցումը.
2) ծառաթփուտային բուսականության հատումը կամ ճիմե ծածկույթի հեռացումը.
3) այնպիսի աշխատանքների կատարումը, որոնց հետևանքով պաշտպանական գոտիների հողերում կարող են առաջանալ հիդրոլոգիական ռեժիմի անբարենպաստ փոփոխություններ կամ ռելիեֆի տարրերի կայունության խախտում (սողանքներ, լանջերի փլվածքներ, ձորակներ, լճակներ կամ հողերի ճահճացում):
2. Երկաթուղու պաշտպանական գոտիների սահմանները և կիրառվող սահմանափակումները ցույց տվող նշանները տեղակայում է ենթակառուցվածքի կառավարիչը (ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի սեփականատերը):
(գլուխը լրաց. 05.02.13 ՀՕ-7-Ն)
Գ Լ ՈՒ Խ 3
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 16. | Ենթակառուցվածքի կառավարչին ներկայացվող հիմնական պահանջները |
1. Ենթակառուցվածքի կառավարիչը պարտավոր է`
1) ունենալ երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզիա.
2) ունենալ ենթակառուցվածքների տարրեր, տեխնիկական միջոցներ, հատուկ ծրագրային միջոցներ, որոնք օգտագործվում են փոխադրման գործընթացի կազմակերպման համար.
3) ունենալ համապատասխան որակավորմամբ աշխատողներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.
4) ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից բխող պարտականությունների կատարումը, որոնք կարգավորում են երկաթուղային տրանսպորտով ուղևորների, բեռների, ուղեբեռների և բեռնածանրոցների փոխադրումները.
5) երկաթուղային տրանսպորտի ծառայություններ մատուցելու համար հրապարակել ենթակառուցվածքի վերաբերյալ սույն օրենքի 12-րդ հոդվածում նշված տեղեկատվությունը:
2. Ենթակառուցվածքի կառավարիչը պարտավոր է չխոչընդոտել այլ օպերատորների մուտքը` ապահովելով ենթակառուցվածքից օգտվելու հավասարության սկզբունքը, որը, անկախ փոխադրողների և օպերատորների կազմակերպաիրավական և սեփականության ձևից, բոլորի համար նախատեսում է ենթակառուցվածքի օգտագործման հավասար պայմաններ:
Հոդված 17. | Փոխադրողներին ներկայացվող հիմնական պահանջները |
1. Փոխադրողը պարտավոր է`
1) ունենալ երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզիա` ուղևորների, բեռների, ուղեբեռների և բեռնածանրոցների փոխադրումների իրականացման համար.
2) ունենալ երկաթուղային լոկոմոտիվներ և այլ շարժակազմ սեփականության կամ այլ իրավունքով` փոխադրումներ իրականացնելու համար.
3) ունենալ համապատասխան որակավորմամբ աշխատողներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.
4) կնքել համապատասխան պայմանագրեր ենթակառուցվածքների օգտագործմամբ ծառայությունների մատուցման վերաբերյալ: Նշված պայմանագրերի կարևորագույն պայմաններն են վագոնահոսքերի կազմակերպումը, վագոնների և շարժակազմերի օգտագործման կարգավորումը, երկաթուղային շարժակազմի տեխնիկական սպասարկման և շահագործման կարգի սահմանումը, կողմերի պատասխանատվությունն այն պարտականությունների կատարման համար, որոնք բխում են երկաթուղային տրանսպորտով փոխադրումներ իրականացնելիս.
5) ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից բխող պարտականությունների կատարումը, որոնք կարգավորում են երկաթուղային տրանսպորտով ուղևորների, բեռների, ուղեբեռների և բեռնածանրոցների փոխադրումները.
6) ուղևորի համար տեսանելի վայրում տեղադրել իր կողմից մատուցվող ծառայությունների ցանկի և դրանց սակագների մասին տեղեկատվություն:
2. Երկաթուղային տրանսպորտի կոնցեսիայի, կառավարման կամ մասնավորեցման ցանկացած պայմանագրի համար ենթակառուցվածքից օգտվելու պայմանները սահմանվում են կոնցեսիոն համաձայնագրում կամ մասնավորեցման պայմանագրում:
3. Լրացուցիչ փոխադրողների կամ երրորդ կողմի համար սահմանվում են ենթակառուցվածքից օգտվելու թույլտվության պայմանների և օգտագործման վճարի չափի նույնպիսի դրույթներ, ինչպիսիք սահմանված են եղել նախնական կոնցեսիոների կամ մասնավոր օպերատորի համար և ուժի մեջ են յուրաքանչյուր լրացուցիչ մուտքի ժամանակ:
4. Ենթակառուցվածքը շահագործող մեկից ավելի փոխադրողների դեպքում նրանք առաջնորդվում են ենթակառուցվածքից օգտվելու պայմաններով և վճարում են օգտագործման վճարները, որոնք սահմանված են ենթակառուցվածքի կառավարչի հրապարակած` ենթակառուցվածքի վերաբերյալ տեղեկատվության մեջ:
Հոդված 18. | Երկաթուղային տրանսպորտով փոխադրումների ընթացքում այլ աշխատանքներ (ծառայություններ) իրականացնող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին ներկայացվող հիմնական պահանջները |
1. Ընդհանուր օգտագործման վայրերում բեռների բեռնման, բեռնաթափման, կշռման, կայարաններում և երթևեկության ընթացքում ուղևորների սպասարկման հետ կապված գործողությունները, ինչպես նաև այլ աշխատանքները (ծառայությունները), որոնք կապված են ուղևորների, բեռների, ուղեբեռների, բեռնածանրոցների և երկաթուղային տրանսպորտով փոխադրման կազմակերպման և իրականացման հետ, բեռնառաքողների (առաքողների), բեռ ստացողների (ստացողների), ենթակառուցվածքի կառավարչի և փոխադրողների հետ պայմանագրով կարող են իրականացվել այլ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված աշխատանքների, ծառայությունների իրականացման համար կազմակերպությունները և ֆիզիկական անձինք պետք է ապահովվեն համապատասխան որակավորում ունեցող աշխատողներով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
3. Նշված կազմակերպությունները և ֆիզիկական անձինք օրենքով նախատեսված դեպքերում պետք է ունենան երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզիա:
Հոդված 19. | Ուղևորների, բեռների, ուղեբեռների և բեռնածանրոցների փոխադրում իրականացնելու հիմքերը |
1. Ուղևորների, բեռների, ուղեբեռների, բեռնածանրոցների փոխադրումը երկաթուղային տրանսպորտով իրականացվում է Հայաստանի Հանրապետության երկաթուղային տրանսպորտի տեխնիկական շահագործման կանոններով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կնքված փոխադրման պայմանագրերով:
2. Երկաթուղային տրանսպորտով միջազգային հաղորդակցությամբ ուղևորների, բեռների, ուղեբեռների և բեռնածանրոցների փոխադրումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:
3. Երկաթուղային տրանսպորտով փոխադրումների իրականացման ընթացքում փոխադրողների և ենթակառուցվածքի կառավարչի միջև հարաբերությունները կարգավորվում են ենթակառուցվածքի օգտագործմամբ մատուցվող ծառայությունների մասին նրանց միջև կնքված պայմանագրերով և օրենքով:
4. Երկաթուղային տրանսպորտով ուղևորների երթևեկությունն իրականացվում է երթևեկության փաստաթղթերով: Երկաթուղային տրանսպորտում օգտագործվող երթևեկության փաստաթղթերի ցանկը, ձևերը և օգտագործման կարգը սահմանում է կառավարությունը:
5. Երկաթուղային տրանսպորտի ծառայություններից օգտվողների, ինչպես նաև ենթակառուցվածքի կառավարչի պահանջով փոխադրողները պարտավոր են ներկայացնել օրենքով նախատեսված երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման լիցենզիա:
6. Երկաթուղային տրանսպորտի ծառայություններից օգտվողների պահանջով ենթակառուցվածքի կառավարիչը պարտավոր է ներկայացնել իր կողմից մատուցվող ծառայությունների ցանկը, դրանց արժեքների և պայմանների մասին տեղեկատվությունը:
(19-րդ հոդվածը լրաց. 21.12.15 ՀՕ-18-Ն)
Հոդված 20. | Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին ներկայացվող հիմնական պահանջները |
1. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը և դրանց վրա տեղակայված շինություններն ու սարքերը պետք է պահվեն երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության կանոնների պահպանմամբ այնպիսի տեխնիկական վիճակում, որը համապատասխանում է լիազոր մարմնի հետ կնքված պայմանագրի պայմաններին, ինչպես նաև իրավական ակտերի, ստանդարտների և տեխնիկական նորմերի պահանջներին:
2. Լիազոր մարմինն իրավունք ունի երկաթուղային տրանսպորտի գործունեություն իրականացնող կազմակերպություններում ստուգելու երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության պահանջների պահպանումը, ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի, երկաթուղային շարժակազմի և բեռնարկղերի տեխնիկական վիճակը, ինչպես նաև բեռնատար վագոնների և բեռնարկղերի բեռնման ու բեռնաթափման աշխատանքների կատարումը:
3. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի նախագծումը և կառուցումն իրականացվում են կառավարության սահմանած կարգով:
4. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի հատումը կառուցվող, նոր կամ վերակառուցված ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին իրականացվում է գործող քաղաքաշինական և ճանապարհաշինական նորմերին համապատասխան` լիազոր մարմնի համաձայնությամբ:
5. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի գործարկումը մշտական շահագործման համար իրականացվում է լիազոր մարմնի համաձայնությամբ` ենթակառուցվածքի կառավարչի առաջարկների հիման վրա:
6. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի, երկաթուղային կայարանների փակումը և ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի անցումը ոչ ընդհանուր օգտագործման գծերի իրականացվում է լիազոր մարմնի առաջարկության հիման վրա` կառավարության կողմից:
7. Պետական, սոցիալական կամ պաշտպանական նշանակության ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի փակման անհնարինության դեպքում կառավարության կողմից սահմանվում է այդ երկաթուղային գծերի պահպանման և ֆինանսավորման աղբյուրը:
8. Գնացքների ժամանման և մեկնման, բեռների բեռնման, բեռնաթափման, տեսակավորման, պահպանման (այդ թվում նաև` բեռնարկղերում) հետ կապված բոլոր կամ որոշ գործողությունների իրականացման նպատակով երկաթուղային կայարանների գործարկումն իրականացվում է լիազոր մարմնի համաձայնությամբ:
9. Լիազոր մարմինն իրավասու չէ մերժելու երկաթուղային կայարանների գործարկումը, եթե դրանք համապատասխանում են նախագծման, կառուցման, շահագործման հանձնման և շահագործման այլ պահանջներին և եթե չեն խախտել սույն օրենքի, այլ իրավական ակտերի, ինչպես նաև համապատասխան տեխնիկական նորմերի պահանջները:
10. (մասն ուժը կորցրել է 05.02.13 ՀՕ-7-Ն)
11. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի հատումը կառուցվող, նոր կամ վերակառուցված ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին, ինչպես նաև մշտական շահագործման համար ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի գործարկման համաձայնություն տալու կարգը սահմանում է լիազոր մարմինը:
(20-րդ հոդվածը խմբ., փոփ. 05.02.13 ՀՕ-7-Ն)
Հոդված 21. | Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին ներկայացվող հիմնական պահանջները |
1. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը և նրանց վրա տեղակայված շինություններն ու սարքավորումները պետք է ապահովեն բեռների ռիթմիկ բեռնումն ու բեռնաթափումը, փոխադրումների ծավալին համապատասխան մանևրային և տեսակավորման աշխատանքները, ինչպես նաև երկաթուղային շարժակազմի արդյունավետ օգտագործումն ու պահպանությունը:
2. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի վրա տեղակայված շինությունների ու սարքավորումների կառուցվածքներն ու դրանց վիճակը պետք է համապատասխանեն շինարարական նորմերին ու կանոններին և ապահովեն ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի վրա տեխնիկական բեռնվածության նորմերին համապատասխան վագոնների, ինչպես նաև ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերում սպասարկման համար նախատեսված շարժակազմերի բացթողումը:
3. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի սեփականատերերը, երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության պահանջները պահպանելով, իրենց հաշվին ապահովում են նշված գծերի պահպանումը:
4. Եթե ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերում կատարվում է այնպիսի երկաթուղային շարժակազմի գծանցում, որի շահագործումն իրականացվում է նաև ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի վրա, ապա ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը պետք է համապատասխանեն ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի համար սահմանված պահանջներին:
5. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի, բեռների բեռնման և բեռնաթափման, վագոնների, բեռնարկղերի մաքրման և լվացման համար նախատեսված սարքավորումների կառուցումը և վերակառուցումը, ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի ընդհանուր օգտագործման երկաթուղային գծանցի տեղի որոշումն իրականացվում են լիազոր մարմնի համաձայնությամբ:
6. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին նոր կառուցվող կամ վերակառուցված ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի հետ հատումն իրականացվում է լիազոր մարմնի համաձայնությամբ:
7. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի մշտական շահագործման համար գործարկումը, ինչպես նաև երկաթուղուն շարժակազմի գծանցումն իրականացնում է լիազոր մարմնի ստեղծած հանձնաժողովը` այդ երկաթուղային գծի շահագործման ընդունումից հետո: Հանձնաժողովի կազմի մեջ են մտնում լիազոր մարմնի ներկայացուցիչը, ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի սեփականատերերը կամ նրանց ներկայացուցիչը և այն ենթակառուցվածքի կառավարիչը կամ նրա ներկայացուցիչը, որի գծին են հատվում տվյալ երկաթուղային գծերը:
8. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային յուրաքանչյուր գիծ պետք է ունենա տեխնիկական անձնագիր, նախագիծ (պլան) և կառույցների գծագրեր:
9. Լիազոր մարմինն իրավունք ունի ստուգելու երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության պահանջների պահպանումը, ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի, շարժակազմի և բեռնարկղերի տեխնիկական վիճակը, ինչպես նաև բեռնատար վագոնների և բեռնարկղերի բեռնման ու բեռնաթափման աշխատանքների կատարումը:
10. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի, բեռների բեռնման ու բեռնաթափման, վագոնների, բեռնարկղերի մաքրման և լվացման համար նախատեսված սարքավորումների կառուցումը և վերակառուցումը, ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի ընդհանուր օգտագործման երկաթուղային գծանցի տեղի որոշման, ինչպես նաև ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին նոր կառուցվող կամ վերակառուցված ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի հետ հատման համաձայնություն տալու կարգը սահմանում է լիազոր մարմինը:
Հոդված 22. | Երկաթուղային շարժակազմին և բեռնարկղերին ներկայացվող հիմնական պահանջները |
1. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտով ուղևորների, բեռների, ուղեբեռների, բեռնածանրոցների փոխադրումների համար նախատեսված երկաթուղային շարժակազմը և բեռնարկղերը, անկախ իրենց պատկանելիությունից, պետք է բավարարեն համապատասխան ստանդարտների և նորմերի, ինչպես նաև լիազոր մարմնի հաստատած` երկաթուղային տրանսպորտի տեխնիկական շահագործման կանոնների պահանջները:
2. Վագոնների հիմնական վերանորոգումից հետո ենթակառուցվածքի կառավարիչն ստուգում է դրանց տարայի զանգվածը:
3. Երկաթուղային շարժակազմի գծանցման կարգը, ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերից դեպի ընդհանուր օգտագործման երկաթուղային գծեր և հակառակը, սահմանում է կառավարությունը:
Հոդված 23. | Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտով փոխադրման գործընթացի կառավարումը |
1. Գնացքների երթևեկության կազմակերպումն իրականացվում է գնացքների երթևեկության ժամանակացույցին համապատասխան: Գնացքների երթևեկության ժամանակացույցը հաստատում է ենթակառուցվածքի կառավարիչը:
2. Պետական կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, փոխադրողները, ուղևորները, բեռնառաքողները և բեռ ստացողներն իրավասու են ենթակառուցվածքի կառավարչի քննարկմանը ներկայացնելու գնացքների երթևեկության ժամանակացույցերի կատարելագործման մասին առաջարկություններ: Ենթակառուցվածքի կառավարիչը պարտավոր է գնացքների երթևեկության ժամանակացույցերի կատարելագործման մասին առաջարկն ստանալու պահից` 30 օրվա ընթացքում, քննարկել այն և դիմողին գրավոր տեղեկացնել ընդունված որոշման մասին:
3. Ենթակառուցվածքի սահմաններում ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտով փոխադրման գործընթացի կառավարումն իրականացվում է այդ ենթակառուցվածքի կառավարչի կողմից, կամ ենթակառուցվածքի կառավարչի և փոխադրողի միջև կնքված պայմանագրին համապատասխան:
4. Պետական կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, ֆիզիկական անձինք իրավասու չեն միջամտելու ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի փոխադրման գործընթացի կառավարմանը, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
Հոդված 24. | Երկաթուղային տրանսպորտի և տրանսպորտի այլ տեսակների փոխհարաբերությունների ընթացքում առաջացած վեճերի կարգավորումը |
Երկաթուղային տրանսպորտի և տրանսպորտի այլ տեսակների փոխհարաբերությունների ընթացքում առաջացած վեճերի կարգավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտի ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կնքված պայմանագրերի և համաձայնագրերի հիման վրա:
Գ Լ ՈՒ Խ 4
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ, ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ, ԲԵՌՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ, ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 25. | Երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության ոլորտի հիմնական դրույթները |
1. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը և ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը, երկաթուղային կայարանները, ուղևորների համար նախատեսված կառամատույցները, ինչպես նաև գնացքների երթևեկության և մանևրային աշխատանքների հետ կապված երկաթուղային տրանսպորտի այլ օբյեկտները հանդիսանում են առավել վտանգավոր գոտիներ և անհրաժեշտության դեպքում պետք է պարսպապատվեն ենթակառուցվածքի կառավարչի (ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի սեփականատերերի) միջոցների հաշվին:
2. Առավել վտանգավոր գոտիներում օբյեկտների տեղակայման և քաղաքացիների գտնվելու կանոնները, այդ գոտիներում աշխատանքների իրականացումը, երկաթուղային գծերով երթևեկության և երկաթուղային գծերի անցման կանոնները հաստատում է կառավարությունը:
3. Օբյեկտները, որոնց տարածքներում իրականացվում են վտանգավոր բեռների արտադրությունը, բեռնումը, փոխադրումը և բեռնաթափումը, պետք է տեղադրվեն ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերից և նրանց վրա տեղակայված շենքերից, շինություններից և կառույցներից այնպիսի հեռավորության վրա, որը կապահովի երկաթուղային տրանսպորտի անվտանգ գործունեությունը: Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերից նշված օբյեկտների և նրանց վրա տեղակայված շենքերի, շինությունների, կառույցների, ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին կապի գծերի, էլեկտրահաղորդումների, նավթամուղների, գազամուղների և այլ վերգետնյա և ստորգետնյա կառույցների հատման վայրերից նվազագույն հեռավորությունը սահմանում է կառավարությունը:
4. Կապի գծերի, էլեկտրահաղորդիչների, նավթամուղների, գազամուղների և ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող կամ այդ գծերի անմիջական հարևանությամբ գտնվող կառույցների սեփականատերերը պատասխանատվություն են կրում նշված կառույցների շինարարության և շահագործման սահմանված նորմերի պահպանման և նշված օբյեկտների գործունեության անվտանգության ապահովման համար: Նշված կառույցների սեփականատերերը պարտավոր են ժամանակին տեղեկացնել ենթակառուցվածքի կառավարչին վթարավտանգ իրավիճակների առաջացման մասին, որոնք կարող են ազդել երկաթուղային տրանսպորտի աշխատանքների կազմակերպման վրա, ինչպես նաև տեղեկացնել վթարների կանխման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումների մասին:
5. Հատուկ և վտանգավոր բեռների փոխադրման, բեռնման ու բեռնաթափման ժամանակ բեռնառաքողները և բեռ ստացողները պետք է ապահովեն այդ փոխադրումների, բեռնման ու բեռնաթափման անվտանգությունը, ինչպես նաև ունենան վթարային իրավիճակների և դրանց հետևանքների վերացման համար նախատեսված համապատասխան միջոցներ: Ենթակառուցվածքի կառավարիչը և փոխադրողներն իրենց տեխնիկական և տեխնոլոգիական հնարավորությունների սահմաններում ունեցած վերականգնողական և հակահրդեհային միջոցների օգտագործմամբ պարտավոր են մասնակցել տրանսպորտային պատահարների հետևանքների վերացմանը:
6. Երկաթուղային տրանսպորտում անվտանգության ապահովման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը: Լիազոր մարմինը վերահսկողություն է իրականացնում երկաթուղային տրանսպորտում անվտանգության ապահովման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ:
7. Երկաթուղային տրանսպորտում երթևեկության անվտանգության, տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման և փոխադրման գործընթացի հետ կապված այլ կանոնների խախտման համար մեղավոր անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
8. Երկաթուղային գծերի ավտոմոբիլային ճանապարհների հետ հատման կարգը և երկաթուղային գծերի հատման կանոնները, երկաթուղային գծանցների շահագործման պայմանները, դրանց գործարկման և փակման կարգը սահմանում է կառավարությունը:
9. Երկաթուղային տրանսպորտում անվտանգությունն ապահովում է ենթակառուցվածքի կառավարչի անվտանգության ծառայությունը, որը հանդիսանում է հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող ծառայություն: Ենթակառուցվածքի կառավարչի անվտանգության ծառայության աշխատակիցներին իրենց գործունեությունն իրականացնելու նպատակով տրվում է վկայական, որի ձևը սահմանում է լիազոր մարմինը: Ենթակառուցվածքի կառավարչի անվտանգության ծառայության աշխատակիցներին ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում թույլատրվում է պահել և կրել քաղաքացիական և ծառայողական զենք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
10. Երկաթուղային տրանսպորտում տրանսպորտային պատահարների և երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության կանոնների խախտման հետ կապված միջադեպերի ծառայողական քննության և հաշվառման կարգերը սահմանում է լիազոր մարմինը:
(25-րդ հոդվածը փոփ., լրաց. 05.02.13 ՀՕ-7-Ն, փոփ. 16.01.24 ՀՕ-40-Ն)
Հոդված 26. | Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտում բնապահպանական, հրդեհային անվտանգության, ինչպես նաև ազգաբնակչության սանիտարահամաճարակային պահպանության ապահովումը |
Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտում բնապահպանական, հրդեհային անվտանգության, ինչպես նաև ազգաբնակչության սանիտարահամաճարակային անվտանգության աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 27. | Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտում օբյեկտների և բեռների պահպանությունը |
1. Փոխադրման ողջ ընթացքում և երկաթուղային կայարաններում բեռների և օբյեկտների պահպանությունը կարող է իրականացվել համապատասխան մարմնի հետ կնքված պայմանագրի հիման վրա:
2. Փոխադրման ողջ ընթացքում և երկաթուղային կայարաններում բեռների, ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի օբյեկտների պահպանության իրականացման հետ կապված միջադեպերի հաշվառումն իրականացնում է լիազոր մարմինը:
Հոդված 28. | Արտակարգ իրավիճակներում երկաթուղային տրանսպորտի աշխատանքների կազմակերպումը |
1. Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների ծագման դեպքում փոխադրման գործընթացի մասնակիցների գործողությունները սահմանում է լիազոր մարմինը: Նման դեպքերում բեռնառաքողը և բեռ ստացողը կարող են ապահովել իրենց ներկայացուցիչների ներկայությունը տրանսպորտային պատահարների համապատասխան վայրերում:
2. Ենթակառուցվածքի կառավարիչները և փոխադրողները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն երկաթուղային տրանսպորտի աշխատանքների խախտման պատճառ հանդիսացող տրանսպորտային պատահարների, տարերային աղետների (սահքեր, ջրհեղեղներ, հրդեհներ և այլն) հետևանքների վերացման ուղղությամբ: Ենթակառուցվածքի կառավարիչները և փոխադրողները սեփական միջոցների հաշվին պետք է ունենան արտակարգ իրավիճակների վերացման ստորաբաժանումներ, տեխնիկական և նյութական միջոցներ:
3. Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների ծագման դեպքում փոխադրման գործընթացի մասնակիցների գործողությունները վերահսկում է լիազոր մարմինը (ստորաբաժանումը):
4. Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման և տարերային աղետների հետևանքների վերացման ոլորտում պետական կառավարման լիազոր մարմինը և տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, օգնություն են ցուցաբերում ենթակառուցվածքի կառավարիչներին և փոխադրողներին` մարդկանց կյանքին և առողջությանը, երթևեկության անվտանգությանը, բեռների, ուղեբեռների, բեռնածանրոցների պահպանությանն արտակարգ իրավիճակների հետևանքով սպառնացող վտանգի վերացման աշխատանքների իրականացման ժամանակ:
5. Բնապահպանական, հրդեհային, սանիտարահամաճարակային, ինչպես նաև բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման աշխատանքներն իրականացվում են ենթակառուցվածքի կառավարիչների և փոխադրողների միջոցների հաշվին:
Գ Լ ՈՒ Խ 5
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՅԼ ՀԱՐՑԵՐ
Հոդված 29. | Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտում աշխատողների համազգեստը |
1. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտում գնացքների երթևեկության և ուղևորների սպասարկման կազմակերպմանն անմիջականորեն մասնակցող աշխատակիցներն իրենց ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ պետք է կրեն համապատասխան համազգեստ:
2. Համազգեստի տարբերանշանները և դրանց կրման կարգը սահմանում է կառավարությունը:
3. Համազգեստի ձեռքբերումն իրականացվում է գործատուների միջոցների հաշվին:
Հոդված 30. | Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտում ապահովագրությունը |
Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտում ապահովագրությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 31. | Զորահավաքային պատրաստությունը և քաղաքացիական պաշտպանությունն ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտում |
Զորահավաքային պատրաստությունը և քաղաքացիական պաշտպանությունն ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտում իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
Հոդված 32. | Երկաթուղային տրանսպորտի աշխատողների աշխատանքային հարաբերությունները և երաշխիքները |
Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի աշխատողների աշխատանքային հարաբերությունները և երաշխիքների հատկացումը կարգավորվում են սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
Հոդված 33. | Երկաթուղային տրանսպորտի մասին օրենսդրության խախտման համար պատասխանատվությունը |
Երկաթուղային տրանսպորտի մասին օրենսդրությունը խախտողները կրում են պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:
Գ Լ ՈՒ Խ 6
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 34. | Եզրափակիչ դրույթներ |
1. Սույն օրենքի 11-րդ հոդվածը Կարգավորող հանձնաժողովին վերապահված լիազորությունների մասով ուժի մեջ է մտնում 2008 թվականի հուլիսի 1-ից:
2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Հավելված 1 |
Աղյուսակ 1
Միագիծ երկաթուղային գծի հողապաստառի լայնությունը մինչև 12 մետր բարձրությամբ հողաթմբի համար
(հողաթմբի հիմքի եզրից 2 մ, ջրահեռացման առուների եզրից 1 մ ապահովիչ շերտերի առկայության դեպքում)
N |
Հողաթմբի |
Երկաթուղային գծեր | |||||
I, II, III կարգի |
IV կարգի | ||||||
տեղանքի լայնական թեքության դեպքում | |||||||
մինչև |
մինչև |
մինչև |
մինչև |
մինչև |
մինչև | ||
1 |
1 |
24 |
21 |
23 |
23 |
20 |
22 |
2 |
2 |
27 |
24 |
26 |
26 |
23 |
25 |
3 |
3 |
21 |
27 |
29 |
20 |
26 |
28 |
4 |
4 |
24 |
30 |
33 |
23 |
29 |
32 |
5 |
5 |
27 |
33 |
37 |
26 |
32 |
36 |
6 |
6 |
30 |
37 |
41 |
29 |
36 |
40 |
7 |
7 |
34 |
40 |
45 |
33 |
39 |
44 |
8 |
8 |
38 |
44 |
49 |
37 |
43 |
48 |
9 |
9 |
41 |
48 |
- |
40 |
47 |
- |
10 |
10 |
45 |
52 |
- |
44 |
51 |
- |
11 |
11 |
48 |
- |
- |
47 |
- |
- |
12 |
12 |
52 |
- |
- |
51 |
- |
- |
Աղյուսակ 2
Միագիծ երկաթուղային գծի հողապաստառի լայնությունը մինչև 12 մետր խորությամբ փորվածքի համար
(փորվածքի եզրից 2 մ, ջրահեռացման առուների եզրից 1 մ ապահովիչ շերտերի առկայության դեպքում)
N |
Հողաթմբի |
Երկաթուղային գծեր | |||||
I, II, III կարգի |
IV կարգի | ||||||
տեղանքի լայնական թեքության դեպքում | |||||||
մինչև |
մինչև |
մինչև |
մինչև |
մինչև |
մինչև | ||
1 |
1 |
26 |
29 |
34 |
25 |
28 |
33 |
2 |
2 |
29 |
32 |
38 |
28 |
31 |
37 |
3 |
3 |
32 |
35 |
42 |
31 |
34 |
41 |
4 |
4 |
35 |
38 |
46 |
34 |
37 |
45 |
5 |
5 |
38 |
41 |
50 |
37 |
40 |
49 |
6 |
6 |
41 |
45 |
54 |
40 |
44 |
53 |
7 |
7 |
44 |
48 |
- |
43 |
47 |
- |
8 |
8 |
47 |
50 |
- |
46 |
49 |
|
9 |
9 |
50 |
- |
- |
49 |
- |
- |
10 |
10 |
54 |
- |
- |
53 |
- |
- |
11 |
11 |
57 |
- |
- |
56 |
- |
- |
12 |
12 |
60 |
- |
- |
59 |
- |
- |
(հավելվածը լրաց. 05.02.13 ՀՕ-7-Ն, փոփ. 21.12.15 ՀՕ-18-Ն)
Հավելված 2 |
Կ Ա Ր Գ
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են երկաթուղային տրանսպորտի կազմակերպման և գործունեության իրականացման գործընթացի հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգը տարածվում է երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպիչների` ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի սեփականատիրոջ կամ կառավարչի (այսուհետ` ենթակառուցվածքի կառավարիչ), փոխադրողների, երկաթուղային շարժակազմի օպերատորների, բեռնառաքողների, բեռ ստացողների, ուղևորների, ինչպես նաև փոխադրման գործընթացին մասնակցող այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև փոխադրման գործընթացում ծագած հարաբերությունների վրա:
3. Սույն կարգը տարածվում է բեռների փոխադրումների վրա, որոնց բեռնում-բեռնաթափումը իրականացվում է ընդհանուր և ոչ ընդհանուր օգտագործման վայրերում:
4. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները՝
1) փոխադրումներ ոչ ուղիղ միջազգային հաղորդակցությամբ` ուղևորների, բեռների փոխադրումներ միջազգային հաղորդակցությամբ, որոնք իրականացվում են երկաթուղային կայարանների սահմանային տարածքի սահմաններում գտնվող փոխադրմանը մասնակցող պետություններում ձևակերպված փոխադրման փաստաթղթերով, ինչպես նաև տրանսպորտի յուրաքանչյուր տեսակի համար առանձին փոխադրման փաստաթղթերով տրանսպորտի մի քանի տեսակներով իրականացվող փոխադրումներ.
2) փոխադրումներ ուղիղ միջազգային հաղորդակցությամբ` ուղևորների, բեռների փոխադրումներ միջազգային հաղորդակցությամբ, որոնք իրականացվում են տարբեր պետություններում երկաթուղային կայարանների միջև տրանսպորտի մի քանի տեսակներով միասնական փոխադրման փաստաթղթով.
3) փոխադրումներ ուղիղ խառը հաղորդակցությամբ` Հայաստանի Հանրապետության տարածքում տրանսպորտի երկու և ավելի տեսակներով միասնական փոխադրման փաստաթղթով իրականացվող փոխադրումներ.
4) փոխադրումներ ոչ ուղիղ խառը հաղորդակցությամբ` Հայաստանի Հանրապետության տարածքում տրանսպորտի յուրաքանչյուր տեսակի համար առանձին ձևակերպված փոխադրման փաստաթղթերով տրանսպորտի մի քանի տեսակներով իրականացվող փոխադրումներ:
Գ Լ ՈՒ Խ 2
ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
5. Ուղևորների, բեռների փոխադրումներն իրականացվում են ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերով և այն երկաթուղային կայարանների միջև, որոնք բաց են նման գործառնությունների իրականացման համար:
6. Ուղևորների, բեռների փոխադրումները իրականացվում են ենթակառուցվածքի կառավարչին կամ փոխադրողին, կամ այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձին՝ սեփականության կամ այլ իրավունքով պատկանող վագոններով և բեռնարկղերով:
7. Այն դեպքում, երբ բեռի հատկությունների կամ դրանց վիճակի հետ կապված՝ բեռնառաքողի կողմից առաջարկվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ սույն կարգով չնախատեսված այլ պայմաններ, ապա փոխադրողի և բեռնառաքողի միջև կնքված համապատասխան պայմանագրում պետք է նախատեսված լինեն այդպիսի բեռների փոխադրման հատուկ պայմաններ և պատասխանատվություն` դրանց փոխադրման և պահպանվածության համար:
8. Մինչև մշտական շահագործման հանձնելը վերանորոգման, արդիականացման, հիմնական նորոգման մեջ գտնվող երկաթուղային ուղիներով փոխադրումների հետ կապված առանձնահատկությունների համար պատասխանատվությունը կրում է ենթակառուցվածքի կառավարիչը:
9. Հատուկ երկաթուղային փոխադրումներն իրականացվում են նախապատվության կարգով՝ առաջնահերթության սկզբունքով:
10. Հատուկ երկաթուղային փոխադրումների իրականացման համար փոխադրողները ձևավորում և պահում են երկաթուղային շարժակազմի պահուստ` հատուկ փոխադրումների պատվիրատուների հաշվին:
11. Ենթակառուցվածքի կառավարիչը (սեփականատերը), վարձակալության պայմանագրի հիման վրա, ընդհանուր օգտագործման վայրերում, երկաթուղային կայարանի տարածքում անհրաժեշտ տարածք է տրամադրում հատուկ երկաթուղային փոխադրումների համար նախատեսված դատարկ վագոնների կայանման համար:
Գ Լ ՈՒ Խ 3
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
12. Բեռների բեռնման-բեռնաթափման, վագոնների տեսակավորման, բեռների պահպանման աշխատանքները կատարվում են ընդհանուր օգտագործման վայրերում:
Ոչ ընդհանուր օգտագործման վայրերում իրականացվում են բեռների և բեռնարկղերի բեռնման, բեռնաթափման աշխատանքներ:
13. Ընդհանուր և ոչ ընդհանուր օգտագործման վայրերը պետք է ունենան պատշաճ կերպով կահավորված կառույցներ և սարքավորումներ` բեռների, վագոնների, բեռնարկղերի պահպանվածության, բեռների՝ վագոնների վրա անխափան բեռնման և վագոններից բեռների բեռնաթափման ապահովման համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:
14. Ընդհանուր օգտագործման վայրերը կարող են լրացուցիչ կահավորվել հատուկ բեռնման-բեռնաթափման սարքավորումներով, մասնագիտացված հրապարակներով, անասունների բեռնման հարթակներով, դեզինֆեկցիոն լվացման սարքավորումներով:
Ընդհանուր օգտագործման վայրերը անհրաժեշտության դեպքում կահավորվում են սառնակպչած բեռների սորունության վերականգնումը, վագոնների, բեռնարկղերի մաքրումն ապահովող կառույցներով և սարքավորումներով:
15. Ընդհանուր և ոչ ընդհանուր օգտագործման վայրերի` սույն կարգի 13-րդ և 14-րդ կետերի պահանջներին համապատասխանությունն ապահովվում է դրանց սեփականատերերի միջոցների հաշվին, հատուկ առանձնացված տեղամասերինը՝ բեռնառաքողների (առաքողների) կամ բեռ ստացողների (ստացողների) հաշվին:
16. Բեռների փոխադրումը երկաթուղային տրանսպորտով իրականացվում է ըստ փոխադրման պայմանագրի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և այլ պարտադիր ներպետական և միջազգային նորմերին համապատասխան:
17. Փոխադրման պայմանագրով նախատեսված բեռների փոխադրումներն իրականացվում են դրանց փոխադրման հայտի (հայտերի) հիման վրա:
18. Հայտը ներկայացվում է ոչ պակաս, քան 10 օր առաջ մինչև բեռների փոխադրման սկիզբը, իսկ միջազգային հաղորդակցությամբ` ոչ պակաս, քան 15 օր առաջ, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
Հրատապ կամ սեղմ ժամկետներում փոխադրում կատարելու անհրաժեշտության դեպքում, համաձայնեցնելով ենթակառուցվածքի կառավարչի հետ, բեռների փոխադրման համար հայտերը կարող են ներկայացվել ավելի կարճ ժամկետում:
19. Բեռնառաքողին չպատկանող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծից բեռներ առաքելու դեպքում հայտը փոխադրողին ներկայացնում է բեռնառաքողը, այն նշված՝ ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծի սեփականատիրոջ հետ համաձայնեցնելուց հետո:
20. Փոխադրողը պարտավոր է երկօրյա ժամկետում քննարկել ներկայացված հայտը և, եթե հնարավոր է համարում համապատասխան փոխադրման իրականացումը, ուղարկում է այդ հայտը ենթակառուցվածքի կառավարչին՝ համաձայնեցման:
21. Ենթակառուցվածքի կառավարիչը քննարկում է փոխադրողի կողմից ներկայացված հայտը, օրենսդրությամբ նախատեսված դեպքում այն համաձայնեցնելով այլ շահագրգիռ անձանց հետ, և ոչ ավել, քան 5-օրյա ժամկետում վերադարձնում է հայտը փոխադրողին` համաձայնեցման վերաբերյալ նշումով:
22. Ենթակառուցվածքի կառավարիչը մերժում է փոխադրման հայտը հետևյալ դեպքերում`
1) նրանց միջև կնքված չէ ենթակառուցվածքի օգտագործմամբ մատուցվող ծառայությունների մասին պայմանագիր.
2) փոխադրման երթուղով բեռնման-բեռնաթափման աշխատանքները դադարեցված են կամ սահմանափակված են ենթակառուցվածքի կառավարչից անկախ՝ անհաղթահարելի ուժի հանգամանքների դեպքում.
3) հայտը մերժվել է այլ երկրների փոխադրողների, ենթակառուցվածքի կառավարչի կողմից.
4) փոխադրման իրականացման համար տեխնիկական և տեխնոլոգիական հնարավորությունների հիմնավորված բացակայության դեպքերում.
5) այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում, ընդ որում, այդ դեպքերում նշվում են մերժման համար հիմք հանդիսացած իրավական ակտի անվանումը, ընդունման ամսաթիվը, ակտի համարը և դրույթը:
23. Ենթակառուցվածքի կառավարչի կողմից սույն կարգի 22-րդ կետով նախատեսված հիմքերով հայտը մերժելու դեպքում այն վերադարձվում է փոխադրողին` մերժման պատճառի նշմամբ:
24. Սույն կարգի 23-րդ կետով նախատեսված դեպքերում, փոխադրողը, մերժումը ստանալուց հետո՝ 3-օրյա ժամկետում, վերադարձնում է հայտը բեռնառաքողին` մերժման համար հիմքերի նշմամբ:
25. Փոխադրողի և ենթակառուցվածքի կառավարչի կողմից հայտը համաձայնեցնելու դեպքում, այն ընդունելու վերաբերյալ նշմամբ, փոխադրողը վերադարձնում է բեռնառաքողին մինչև փոխադրումները սկսելը ոչ ուշ, քան երեք օրում:
26. Հայտի կատարման հաշվառումը, այդ թվում՝ բեռնառաքողի վագոններով, բեռնարկղերով ապահովումը, բեռները վագոններ բեռնման հաշվառումը իրականացվում են փոխադրողի կողմից:
27. Փոխադրողն իրավունք ունի փոխարինելու հայտով նախատեսված երկաթուղային շարժակազմն այլ տեսակի շարժակազմով, եթե այդ շարժակազմը համապատասխանում է այդպիսի բեռների փոխադրման համար, և եթե այդ դեպքում բեռների փոխադրման արժեքը չի ավելանում: Փոխադրման համար նախատեսված շարժակազմի փոխարինման մասին փոխադրողը պետք է նախազգուշացնի բեռնառաքողին մինչև բեռի բեռնման պահը՝ ոչ ուշ, քան 12 ժամում:
28. Բեռնառաքողի նախաձեռնությամբ հայտում փոխադրողի կողմից փոփոխություններ կատարվելու դեպքում, եթե դա կապված է երկաթուղային կայարաններով բեռների վերաբաշխման, ինչպես նաև նշանակման վայրի երկաթուղային կայարանի փոփոխության հետ, փոխադրողը բեռնառաքողից գանձում է փոխադրողի սահմանած դրույքով վճար, եթե կողմերի միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
29. Սույն կարգի 28-րդ կետում նախատեսված փոփոխությունները փոխադրողը գրավոր համաձայնեցնում է ենթակառուցվածքի կառավարչի հետ:
30. Ընդունված հայտերով ժամանակին և առանց խոչընդոտի փոխադրումները կազմակերպելու նպատակով ենթակառուցվածքի կառավարիչը իրականացնում է բեռների փոխադրումների պլանավորում:
31. Փոխադրողները կարող են իրականացնել բեռների փոխադրումները ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծի վրա ձևավորված՝ սահմանված քաշի կամ երկարության գնացքով, և (կամ) ենթակառուցվածքի կառավարչի հետ կնքված պայմանագրի հիման վրա՝ երկաթուղային կայարանում (առաքման երթուղի) գնացքների ձևավորման պլանին համապատասխան:
32. Ենթակառուցվածքի սահմաններում շարժվող բեռնատար գնացքների ձևավորման պլանը հաստատում է ենթակառուցվածքի կառավարիչը:
33. Բեռների փոխադրման համար վճարը գանձվում է փոխադրման պայմանագրով սահմանված չափով և կարգով:
34. Բեռնառաքողները կարող են ներկայացնել բեռները փոխադրումների համար` հայտարարելով դրանց արժեքը:
35. Բեռի արժեքը որոշվում է վճարային կտրոններում կամ առքուվաճառքի պայմանագրում նշված գնով:
36. Փոխադրումը իրականացվում է արժեքի պարտադիր հայտարարությամբ, եթե փոխադրման համար ներկայացվում են`
1) թանկարժեք մետաղներ, քարեր, թանկարժեք մետաղներից պատրաստված իրեր.
2) թանգարանային, հնաոճ առարկաներ, արվեստի ստեղծագործություններ.
3) այլ առարկաներ, որոնց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով նախատեսված է արժեքի պարտադիր հայտարարագրում:
37. Հայտարարված արժեքով բեռների փոխադրման համար կարող է գանձվել վճար, որի վճարման չափը և կարգը սահմանվում է կողմերի համաձայնեցմամբ:
38. Ուղեկցությամբ փոխադրվող բեռների պահպանությունն ապահովում են բեռնառաքողը, բեռ ստացողը կամ պայմանագրով նրանց կողմից լիազորված անձը:
39. Ուղեկցություն և պահպանություն պահանջող հատուկ բեռների ցանկը սահմանում է կառավարությունը:
40. Բեռնառաքողը պարտավոր է նախապատրաստել բեռները բեռի, տարայի փաթեթավորման գործող պարտադիր ստանդարտների, տեխնիկական կանոնակարգերի պահպանմամբ այնպես, որ ապահովվեն երթևեկության անվտանգությունը և երկաթուղային տրանսպորտի շահագործումը, փոխադրվող արտադրանքի որակը, պահպանվածությունը, հրդեհային և բնապահպանական անվտանգությունը:
41. Փոխադրողը և ենթակառուցվածքի կառավարիչն իրավունք ունեն անցկացնելու բեռների տարայի և փաթեթավորման համապատասխանության ստուգում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ առաջադրվող պահանջներին և տեխնիկական նորմերին:
Սահմանված պահանջներին և նորմերին անհամապատասխանության դեպքում բեռը փոխադրման չի ընդունվում:
42. Վտանգավոր բեռներ փոխադրելիս բեռնառաքողը պարտավոր է մակնշել տարան, վագոնները, բեռնարկղերը հատուկ նշաններով` վտանգավոր բեռների փոխադրումների միջազգային կանոնների և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:
43. Փոխադրման համար մթերային և շուտ փչացող բեռներ ներկայացնելու դեպքում բեռնառաքողը ներկայացնում է բեռնառաքողի կամ համապատասխան լիազոր մարմնի կողմից ստորագրված բեռների որակի (վիճակի) մասին համապատասխան փաստաթուղթ:
44. Բեռնառաքողները, բեռ ստացողները, փոխադրողները, ենթակառուցվածքի կառավարիչը պատասխանատվություն են կրում պատահարների արդյունքում պատճառված վնասի համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում և կարգով:
45. Բեռնառաքողը պատասխանատվություն է կրում այն բոլոր ծախսերի, կորուստների և վնասի համար, որոնք կրել է փոխադրողը բեռնառաքողի կողմից փոխադրման փաստաթղթերում նշված տվյալների անհամապատասխանության հետևանքով:
46. Բեռնման և բեռնաթափման համար վագոնների, բեռնարկղերի մատուցման ժամանակի մասին փոխադրողը տեղեկացնում է բեռնառաքողին (բեռ ստացողին) մինչև վագոնների մատուցումը ոչ ուշ, քան 2 ժամում: Տեղեկացման կարգը և եղանակը սահմանվում են կողմերի համաձայնությամբ:
47. Բեռնման համար մատուցվող վագոնների, բեռնարկղերի տեխնիկական պիտանիությունը որոշում է փոխադրողը: Փոխադրողը բեռնման համար մատուցում է տեխնիկական և առևտրային առումով սարքին, կոնկրետ բեռների փոխադրման համար պիտանի վագոններ, բեռնարկղեր:
48. Վագոնների և բեռնարկղերի, այդ թվում` մասնագիտացված, նախապատրաստումը կոնկրետ բեռի փոխադրման համար իրականացնում է բեռնառաքողը կամ փոխադրողը բեռնառաքողի հաշվին` իրենց միջև կնքված պայմանագրին համապատասխան:
49. Գլանատակառները լցնելուց առաջ բեռնառաքողներն ստուգում են գլանատակառների կաթսաների, ամրանների և ունիվերսալ հեղուկաթափման սարքերի սարքինությունը:
50. Կոնկրետ բեռի փոխադրման համար վագոնների պիտանիությունը որոշվում է`
1) վագոնների դեպքում` բեռնառաքողի կողմից, եթե բեռնումն իրականացվում է նրա կամ փոխադրողի կողմից, եթե բեռնումն ապահովվում է նրա կողմից.
2) բեռնարկղերի դեպքում` բեռնառաքողի կողմից:
51. Բեռների բեռնումը վագոններ, ինչպես նաև դրանց բեռնաթափումն ընդհանուր և ոչ ընդհանուր օգտագործման վայրերում ապահովում են բեռնառաքողները (առաքողները), բեռ ստացողները (ստացողները), եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ: Դատարկ կամ բեռնված բեռնարկղերի բեռնումը վագոններ, ինչպես նաև դրանց բեռնաթափումը ընդհանուր օգտագործման վայրերում իրականացնում է փոխադրողը բեռնառաքողի կամ բեռ ստացողի հաշվին` պայմանագրով նախատեսված գնով:
52. Փոխադրողները, այլ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը իրենց տրամադրության տակ համապատասխան բեռնման-բեռնաթափման տեխնիկական սարքավորման առկայության դեպքում կարող են իրականացնել բեռնման-բեռնաթափման աշխատանքներ` բեռնառաքողների, բեռ ստացողների հետ կնքված պայմանագրի հիման վրա:
53. Բեռների բեռնումը վագոններ, բեռնարկղեր իրականացվում է պարտադիր միջազգային նորմերով սահմանված կարգով:
54. Փոխադրման, այդ թվում՝ վագոնների և բեռնարկղերի մաքրման, դրանց մատուցման, օգտագործման և պահպանման, ինչպես նաև բեռնման-բեռնաթափման, դրանց պահպանման և մաքսային հսկողության (ձևակերպման) հետ կապված բոլոր ծախսերի իրականացման պարտավորությունը կրում է բեռնառաքողը կամ բեռ ստացողը:
55. Բեռների բեռնման, ամրակապման, փաթեթավորման և փոխադրման համար անհրաժեշտ սարքավորումները, նյութերը, այդ թվում՝ կենդանիների փոխադրման համար անհրաժեշտ վանդակաճաղերը, տրամադրում է բեռնառաքողը:
56. Բեռների բեռնման, ամրակապման, փաթեթավորման և փոխադրման համար անհրաժեշտ սարքավորումները պայմանագրի հիման վրա կարող են տրամադրվել փոխադրողի կողմից:
57. Փոխադրման համար բեռներ ներկայացնելիս բեռնառաքողը երկաթուղային բեռնագրում պետք է նշի դրանց ծավալը և քաշը, հատիկավոր բեռի դեպքում լրացուցիչ` բեռնատեղերի քանակը:
58. Բեռների ծավալի որոշումը, որոնց լրիվ բեռնումը կարող է հանգեցնել թույլատրելի բեռնատարողության գերազանցման, իրականացվում է միայն կշռման միջոցով: Ընդ որում, կիտվածքով կամ սորուն բեռների քաշի որոշումն իրականացվում է վագոնային կշեռքների վրա կշռման միջոցով:
59. Բեռների կշռումը ապահովվում է`
1) փոխադրողների կողմից ընդհանուր օգտագործման վայրերում, եթե բեռնման և բեռնաթափման աշխատանքները կատարվում են իրենց կողմից.
2) բեռնառաքողների, բեռ ստացողների կողմից ընդհանուր և ոչ ընդհանուր օգտագործման վայրերում և ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերում:
60. Բեռների կշռումն իրականացնում է փոխադրողը բեռնառաքողի, բեռ ստացողի հաշվին` պայմանագրին համապատասխան:
61. Բեռնված վագոնները, բեռնարկղերը պետք է կապարակնքված լինեն բեռնառաքողների կողմից փականակապարակնքման սարքերով (ՓԿՍ):
62. Փակ վագոնները, բեռնարկղերը, ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապ չունեցող՝ անձնական և այլ կարիքների համար բեռների փոխադրման դեպքում պետք է կապարակնքված լինեն փոխադրողի կամ բեռնառաքողի լիազորված անձի կողմից` բեռնառաքողի հաշվին:
63. Վագոնները և (կամ) բեռնարկղերը մաքսային մարմինների կամ այլ պետական մարմինների կողմից բացելու դեպքում, դրանք նորից պետք է կապարակնքվեն, ընդ որում, մաքսային մարմիններին կամ պետական հսկողության այլ մարմիններին ՓԿՍ-ի տրամադրման փոխադրողի ծախսերը փոխհատուցվում են բեռնառաքողների (առաքողների), բեռ ստացողների (ստացողների) հաշվին:
64. Երկաթուղային տրանսպորտի ոլորտում ՓԿՍ-ին ներկայացվող ընդհանուր պահանջները, ինչպես նաև այն բեռների ցանկը, որոնց փոխադրումները թույլատրվում են առանց կապարակնքման, սակայն պտտումների պարտադիր տեղադրմամբ, սահմանվում են ենթակառուցվածքի կառավարչի կողմից:
65. ՓԿՍ-ի և պտտումների տեսակները, ՓԿՍ-ի, բացառությամբ մաքսային ապահովման միջոցների, հաշվառման և պահման կարգը սահմանվում են ենթակառուցվածքի կառավարչի կողմից:
66. Բեռնառաքողներին ՓԿՍ-ով և պտտումներով ապահովումն իրականացվում է պայմանագրի հիման վրա:
67. Փոխադրումների իրականացմանը խոչընդոտող անհաղթահարելի ուժի հետևանքով բեռների փոխադրումը, բեռնումը, բեռնաթափումը կարող են դադարեցվել կամ սահմանափակվել՝ երկաթուղային տրանսպորտի ոլորտում լիազորված մարմնին գրավոր ձևով անմիջապես տեղեկացմամբ: Նշված դեպքերում լիազորված մարմինը սահմանում է բեռի փոխադրման, բեռնման, բեռնաթափման դադարեցման կամ սահմանափակման ժամկետ և այդ մասին հայտնում է փոխադրողին և ենթակառուցվածքի կառավարչին:
68. Երթևեկության դադարեցման կամ սահմանափակման հետ կապված՝ սույն կարգով նախատեսված դրույթները չեն տարածվում հատուկ երկաթուղային փոխադրումների վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված փոխադրումների իրականացումն անհնար է:
69. Առանձին երկաթուղային կայարաններում բեռների բեռնման և փոխադրման սահմանափակումը, կապված բեռ ստացողների կողմից բեռնաթափման չապահովման և օտարերկրյա պետությունների երկաթուղիների կողմից վագոնների չընդունման հետ, իրականացնում է ենթակառուցվածքի կառավարիչը` փոխադրողների և լիազորված մարմնի անմիջապես տեղեկացմամբ:
70. Ծանուցումն ստանալուց հետո բեռնառաքողները պարտավոր են դադարեցնել կամ սահմանափակել բեռների առաքումը համապատասխան երկաթուղային կայարանների ուղղությամբ:
71. Բեռների դադարեցված կամ սահմանափակված փոխադրումները (բեռնման-բեռնաթափման աշխատանքները) վերսկսելու դեպքում, փոխադրողը՝ բեռնառաքողի համաձայնությամբ միջոցներ է ձեռնարկում բեռների բեռնման վերսկսման համար:
72. Բեռների հետագա փոխադրմանը խոչընդոտող անհաղթահարելի ուժի առկայության դեպքում փոխադրողը հարցում է կատարում բեռնառաքողին և (կամ) բեռ ստացողին բեռի հետագա ճակատագրի մասին: Այն դեպքում, երբ անհաղթահարելի ուժն առաջանում է մաքսային հսկողության տակ գտնվող բեռների փոխադրման ժամանակ, փոխադրողը տեղեկացնում է նաև մաքսային մարմիններին:
73. Բեռնառաքողներից կամ բեռ ստացողներից նշանակման նոր երկաթուղային կայարանի վերաբերյալ տեղեկություններ ստանալուց հետո փոխադրողը, հնարավորության դեպքում, փոխադրում է բեռը նշված կայարան` այդ փոխադրումների դիմաց սահմանված կարգով վճարում կատարելով: Ընդ որում, փոխադրման գումարը սահմանվում է՝ ելնելով բեռների փոխադրման ամենակարճ ճանապարհից:
74. Եթե բեռնառաքողը կամ բեռ ստացողը հարցումն ստանալու պահից 4 օրվա ընթացքում բեռի հետագա ճակատագրի վերաբերյալ որոշում չի կայացնում, ապա փոխադրողը վերադարձնում է այդպիսի բեռը բեռնառաքողին վերջինիս հաշվին, իսկ բեռի վերադարձման անհնարինության դեպքում, բացառությամբ մաքսային հսկողության տակ գտնվող բեռների, կարող է իրացնել դրանք սույն կարգին համապատասխան` այդ մասին տեղեկացնելով բեռնառաքողին կամ բեռ ստացողին:
75. Բեռի փոխադրման դիմաց վճարը և փոխադրումների հետ կապված այլ վճարները բեռնառաքողը վճարում է փոխադրողին մինչև բեռը փոխադրման ընդունելը, եթե կողմերի համաձայնագրով այլ բան նախատեսված չէ: Բեռի նախորդ փոխադրման դիմաց ժամանակին վճարում չկատարելու դեպքում, բեռը կարող է չընդունվել փոխադրման համար:
76. Բեռների փոխադրման և բեռների փոխադրման հետ կապված լրացուցիչ ծառայությունների վերջնահաշվարկները կատարվում են բեռ ստացողների կողմից նշանակման երկաթուղային կայարան բեռների ժամանումից մինչև դրանց տրամադրումը: Փոխադրման և դրա հետ կապված այլ վճարների, գանձումների վերահաշվարկի անհրաժեշտություն առաջանալու դեպքում այն կարող է կատարվել բեռը տրամադրելուց հետո:
77. Բեռ ստացողի կողմից բոլոր վճարումները կատարվելուց առաջ բոլոր բեռնարկղերը, վագոնները գտնվում են նրա պատասխանատվության ներքո, և նրանից գանձվում է այդ բեռնարկղերից, վագոններից օգտվելու վճար:
78. Բեռնառաքողի և բեռ ստացողի գրավոր դիմումի համաձայն, եթե կողմերի համաձայնագրով այլ բան նախատեսված չէ, փոխադրողը կարող է վերահասցեագրել փոխադրվող բեռները՝ փոխարինելով բեռ ստացողին և (կամ) նշանակման երկաթուղային կայարանը: Ընդ որում, մաքսային հսկողության տակ գտնվող բեռների վերահասցեագրումը կատարվում է մաքսային մարմնի համաձայնությամբ:
79. Այն դեպքում, երբ բեռների, այդ թվում՝ մաքսային հսկողության տակ գտնվող, փոխադրումն սպառնում է քաղաքացիների առողջությանը, կյանքին, երկաթուղային տրանսպորտի երթևեկության և շահագործման անվտանգությանը, բնապահպանական անվտանգությանը, նշանակման կետի երկաթուղային կայարանի փոփոխությունը կարող է իրականացնել փոխադրողը` առանց համապատասխան մաքսային մարմնի, բեռնառաքողների, բեռ ստացողների հետ համաձայնեցման, սակայն նրանց անհապաղ տեղեկացման պայմանով:
80. Բեռների վերահասցեագրումը, այդ թվում՝ ուղիղ և ոչ ուղիղ հաղորդակցությամբ, ուղիղ խառը և ոչ ուղիղ խառը հաղորդակցությամբ, իրականացվում է փոխադրողի կողմից ենթակառուցվածքի այն կառավարչի հետ համաձայնեցմամբ, որի տարածքում կատարվում է վերահասցեագրումը, կամ տեղակայված են բեռի ընթացքի երթևեկությամբ նախատեսված երկաթուղային կայարանները, նավահանգիստը:
81. Փոխադրողից, ենթակառուցվածքի կառավարչից անկախ հանգամանքներով վերահասցեագրմանը սպասելիս վագոնների, բեռնարկղերի պարապուրդի ժամանակահատվածում բեռնառաքողի, բեռ ստացողի կողմից վճարվում է վագոնների, բեռնարկղերի օգտագործման համար վճար: Ենթակառուցվածքի կառավարչի մեղքով բեռների վերահասցեագրման ուշացման դեպքում վագոնների, բեռնարկղերի օգտագործման համար վճար չի կատարվում:
82. Բեռների վերահասցեագրման հետ կապված փոխադրողի կատարած ծախսերը փոխհատուցում են բեռնառաքողը կամ բեռ ստացողը` կախված նրանից, թե ում նախաձեռնությամբ է կատարվում բեռների փոխադրումը:
83. Բեռնառաքողի կամ բեռ ստացողի գրավոր դիմումով բեռ ստացողի և (կամ) նշանակման երկաթուղային կայարանի փոփոխության դեպքում կողմը, որի դիմումով կատարվում է բեռների վերահասցեագրում, պատասխանատու է սկզբնական բեռ ստացողի առաջ այդպիսի փոփոխության հետևանքների համար և պարտավոր է կարգավորել բեռնառաքողի, սկզբնական բեռ ստացողի և փաստացի բեռ ստացողի միջև հաշվարկներն առանց փոխադրողի մասնակցության:
84. Փոխադրողը պարտավոր է առաքել բեռներն ըստ նշանակության՝ պայմանագրով սահմանված ժամկետներում: Փոխադրման համար բեռի ընդունման ամսաթիվը և բեռը նշանակման կետ հասցնելու ժամկետը սահմանվում են փոխադրման պայմանագրով` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:
85. Փոխադրողը սահմանային երկաթուղային կայարանում տեղեկացնում է մաքսային մարմիններին վագոնների` Հայաստանի Հանրապետության տարածք ժամանման մասին:
86. Փոխադրողը կարող է բեռ ստացողին տրամադրել նախնական տեղեկատվություն բեռների ժամանման մասին, եթե կողմերի միջև առկա է պայմանավորվածություն:
87. Այն դեպքում, երբ նշանակման երկաթուղային կայարանում բացակայում է փոխադրման փաստաթղթերում նշված բեռ ստացողը, փոխադրողը հարցում է կատարում բեռնառաքողին` բեռների հետագա ճակատագրի վերաբերյալ: Եթե հարցումն ստանալուց հետո՝ 7, իսկ մթերային և շուտ փչացող բեռների դեպքում` 4 օրվա ընթացքում, չի ուղարկում համապատասխան պատասխան, փոխադրողը կարող է վերադարձնել բեռները բեռնառաքողին` վերջինիս հաշվին, իսկ վերադարձնելու անհնարինության դեպքում կարող է իրացնել բեռները՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, բացառությամբ մաքսային հսկողության տակ գտնվող բեռների:
88. Բեռը նշանակման երկաթուղային կայարան ժամանելուն պես, փոխադրողը փոխանցում է բեռը և բեռնագիրը բեռ ստացողին, իսկ բեռ ստացողը վճարում է վճարման ենթակա գումարները, եթե դրանք բեռնառաքողի կողմից վճարված չեն, և ընդունում է բեռը:
89. Բեռ ստացողը կարող է հրաժարվել բեռն ընդունելուց այն դեպքերում, երբ վնասման կամ այլ պատճառների հետևանքով բեռի որակը փոփոխվել է այն աստիճանի, որ բացառվում է այդպիսի բեռների՝ ըստ նշանակության մասնակի կամ լրիվ օգտագործման հնարավորությունը, բացառությամբ այն բեռների, որոնք գտնվում են մաքսային հսկողության տակ, որոնք բեռ ստացողը պետք է հայտարարագրի «Վերաարտահանում», «Ոչնչացում» կամ «Սեփականության իրավունքից հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ռեժիմներով:
90. Եթե բեռ ստացողը վճարում չի կատարում բեռի փոխադրման և փոխադրման հետ կապված այլ մատուցված ծառայությունների դիմաց, փոխադրողն իրավունք ունի չտրամադրելու բեռը, այդ մասին գրավոր տեղեկացնելով բեռնառաքողին, որն այդպիսի ծանուցում ստանալուց հետո՝ 10 օրվա ընթացքում, պետք է որոշի բեռի հետագա ճակատագիրը:
91. Այն դեպքում, երբ սույն կարգի 90-րդ կետում նշված ժամկետում բեռ ստացողը չի ձեռնարկում միջոցներ համապատասխան վճարումները կատարելու համար, իսկ բեռնառաքողը չի տնօրինում բեռը, ապա կողմերի միջև այլ պայմանավորվածության բացակայության դեպքում փոխադրողն իրավունք ունի ինքնուրույն իրացնելու բեռը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:
92. Այն բեռների համար, որոնք առգրավվել են իրավասու մարմինների կողմից կամ որոնց նկատմամբ կիրառվել է «Սեփականության իրավունքից հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ռեժիմը, բեռի փոխադրման դիմաց վճարը և այլ վճարները բեռն իրացնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հերթականությամբ փոխանցվում են փոխադրողին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:
93. Նշանակման երկաթուղային կայարան ժամանած մաքսային հսկողության ենթակա բեռը պետք է ժամանակին բեռնաթափված լինի բեռ ստացողի կողմից` մաքսային մարմինների հսկողության ներքո: Մաքսային հսկողության ենթակա՝ նշանակման երկաթուղային կայարանում գտնվող բեռները բեռնաթափվում են մաքսային հսկողության ներքո:
94. Բեռ ստացողի կողմից բեռի բեռնաթափման ժամկետների խախտման դեպքում փոխադրողը, շարժակազմն ազատելու նպատակով, մաքսային մարմինների հետ համաձայնեցմամբ և նրանց հսկողության ներքո բեռնաթափում է բեռը և փոխանցում է մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը:
95. Բեռների, բեռնարկղերի ժամանման մասին ժամանակին տեղեկացնելու դեպքում ժամանած բեռներով բեռնաթափման և ընդհանուր օգտագործման վայրերում տրամադրման ենթակա վագոնների, բեռնարկղերի օգտագործման ծախսերը կատարում է բեռ ստացողը` համաձայն պայմանագրի:
96. Բեռնառաքողների, բեռ ստացողների և սպասարկող բեռ ստացողների, բեռնառաքողների, ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի օգտագործողների մոտ իրենց լոկոմոտիվներով վագոնների, բեռնարկղերի գտնվելու ժամանակահատվածում կամ վագոնների, բեռնարկղերի տրամադրման ուշացման ժամանակահատվածում, եթե դա տեղի է ունեցել նշված անձանց մեղքով, ապա նրանց կողմից կատարվում է վճարում փոխադրողին` վագոնների, բեռնարկղերի օգտագործման համար:
97. Վագոնների, բեռնարկղերի օգտագործման համար վճար չի գանձվում այն ժամանակահատվածում, երբ փոխադրողին չպատկանող վագոնները, բեռնարկղերը գտնվել են ոչ ընդհանուր օգտագործման վայրերում:
98. Ընդհանուր և ոչ ընդհանուր օգտագործման վայրերում վագոնների, բեռնարկղերի օգտագործման համար վճարի չափը սահմանվում է համաձայն պայմանագրի:
99. Ոչ ընդհանուր օգտագործման գծերում բեռների բեռնման, բեռնաթափման համար վագոնների, բեռնարկղերի օգտագործման համար վճարը սահմանվում է կողմերի համաձայնությամբ:
100. Սառնարանային սեկցիաների վագոնների և կցումների կազմում վագոնների օգտագործման համար վճարի հաշվարկը կատարվում է՝ ելնելով այդպիսի սեկցիաների, կցումների վերջին վագոնի վրա բեռների բեռնման, դրանից բեռների բեռնաթափման ավարտի ժամանակից:
101. Այն դեպքում, երբ բեռնառաքողը տեղեկացնում է փոխադրողին դատարկ վագոնները, բեռնարկղերը (այդ թվում՝ մասնագիտացված) օգտագործելուց հրաժարվելու մասին, բեռնման համար տրամադրված վագոնների օգտագործման համար վճարը հաշվարկվում է՝ սկսած հայտով նախատեսված բեռների բեռնման ամսաթվից մինչև փոխադրողի կողմից համապատասխան ծանուցում ստանալու պահը:
102. Բեռնառաքողի կողմից իր հայտին համապատասխան տրամադրված վագոնները, բեռնարկղերը օգտագործելուց հրաժարվելու և այդպիսի վագոնները, բեռնարկղերը այլ բեռնառաքողների կողմից մեկ օրվա ընթացքում օգտագործելու անհնարինության դեպքում փոխադրողը, բացի այդ վագոնների օգտագործման համար վճարից գանձում է այդպիսի բեռնառաքողից վագոնների առաքման կայարան մատակարարման համար վագոնների, բեռնարկղերի փաստացի վազքի համար վճար, սակայն ոչ ավելի, քան 300 կմ վազքը` մասնագիտացված վագոնների համար:
103. Նշանակման երկաթուղային կայարանում բեռը տրամադրելու ժամանակ փոխադրողը իրականացնում է բեռի վիճակի, զանգվածի և քանակի ստուգում հետևյալ դեպքերում`
1) բեռը ժամանել է ոչ սարքին վագոնում, բեռնարկղում, ինչպես նաև վնասված ՓԿՍ-ով.
2) բեռը ժամանել է ըստ համընթաց երկաթուղային կայարանում կազմված առևտրային ակտի.
3) բեռը ժամանել է վնասման նշաններով կամ պակաս քանակությամբ` բաց երկաթուղային շարժակազմով փոխադրելու դեպքում:
104. Բեռի զանգվածը համարվում է ճիշտ, եթե առաքման երկաթուղային կայարանում սահմանված բեռի զանգվածի և նշանակման երկաթուղային կայարանում սահմանված բեռի զանգվածի միջև տարբերությունը չի գերազանցում նետտո քաշը և այդպիսի բեռի բնական կորստի բնական քանակությունը:
105. Առանց պակասորդի, վնասի, փչացման կամ հափշտակման նշանների բեռների ստացման դեպքում բեռ ստացողի խնդրանքով փոխադրողը կարող է առանձին պայմանագրին համապատասխան մասնակցել բեռների վիճակի, դրանց զանգվածի, տեղերի քանակի ստուգմանը:
106. Ստուգման հիմքերից անկախ, մաքսային ապահովության միջոցների առկայության դեպքում, փոխադրողի կողմից բեռի ստուգումը իրականացվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի ներկայությամբ:
107. Մաքսային հսկողության տակ գտնվող բեռները, անկախ ՓԿՍ-ի առկայությունից, տեղափոխվում են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով՝ մաքսային հսկողության միջոցների կիրառմամբ, իսկ դրա անհնարինության դեպքում` պարտադիր մաքսային ուղեկցությամբ:
108. Բեռ ստացողների մոտ և նշանակման երկաթուղային կայարաններում վագոնային կշեռքների բացակայության դեպքում կիտվածքով և սորուն փոխադրվող բեռները, որոնք ժամանել են առանց պակասորդի նշանների, տրամադրվում են առանց դրանց զանգվածի ստուգման:
109. Բեռի պակասորդի դեպքում, եթե առկա են գողության նշաններ, փոխադրողն անմիջապես տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը:
110. Այն դեպքում, երբ նշանակման երկաթուղային կայարանում բեռի վիճակի, զանգվածի, քանակի ստուգման ժամանակ հայտնաբերվել է պակասորդ, բեռի վնասում կամ այդպիսի հանգամանքներն արձանագրվել են ընթացուղում կազմված առևտրային ակտում, փոխադրողը որոշում է փաստացի պակասող բեռի չափը և բեռ ստացողին տրամադրում է առևտրային ակտ:
111. Փորձաքննության անցկացման անհրաժեշտության դեպքում փոխադրողի նախաձեռնությամբ կամ բեռ ստացողի պահանջով հրավիրվում է փորձագետ:
112. Առանց փոխադրողի կամ բեռ ստացողի մասնակցության անցկացված փորձաքննության արդյունքներն անվավեր են:
113. Մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքների նմուշները կարող են վերցվել փորձաքննության համար մաքսային մարմինների թույլտվությամբ:
114. Եթե փոխադրողը հրաժարվում է փորձագետ հրավիրելուց կամ փոխադրողը, բեռ ստացողը հրաժարվում են փորձաքննությանը մասնակցելուց, ապա համապատասխան կողմն իրավունք ունի անցկացնելու փորձաքննությունն առանց հրաժարվող կողմի մասնակցության, այդ մասին նախապես տեղեկացնելով նրան, եթե կողմերի միջև ծանուցման այլ ձև պայմանավորված չէ: Փորձաքննության անցկացման ծախսերն իրականացվում են փորձաքննության անցկացում պահանջող կողմի հաշվին, որոնք հետագայում փոխհատուցում է մեղավոր կողմը:
115. Բեռները բեռնաթափելուց հետո վագոնները, բեռնարկղերը պետք է մաքրվեն ներսից և դրսից բեռ ստացողի կամ փոխադրողի կողմից (կախված նրանից, թե ում կողմից է ապահովվել բեռի բեռնաթափումը), վագոններից, բեռնարկղերից պետք է հանվեն ամրացման միջոցները, բացառությամբ չհանվող միջոցների:
116. Բեռները բեռնաթափելուց հետո դատարկ վագոնները, բեռնարկղերը պետք է փակված լինեն կիրառման համար վագոնների, բեռնարկղերի բեռնաթափումն ապահովող կողմի թույլատրած փակիչ կապարակնքող սարքավորումների կամ ոլորումների տեղադրմամբ:
117. Կենդանիների, թռչունների, կենդանական ծագման մթերքների բեռնաթափումից հետո վագոնների մաքրումը, սանիտարական մշակումը բեռ ստացողի հաշվին իրականացնում է փոխադրողը, հատուկ նշանակության վագոնների սանիտարական մշակումն իրականացնում է բեռ ստացողը, եթե կողմերի համաձայնագրով այլ բան նախատեսված չէ:
118. Բեռ ստացողների մոտ վագոնների լվացման համար համապատասխան սարքավորման բացակայության դեպքում դրանց լվացումը կարող է ապահովել փոխադրողը կամ այլ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր` պայմանագրի հիման վրա:
119. Բեռների, երկաթուղային շարժակազմի վարակազերծումն իրականացնում է բեռ ստացողը:
120. Սույն կարգի 115-116-րդ կետերում նշված պահանջների խախտման դեպքում փոխադրողն իրավունք ունի բեռ ստացողից չընդունել վագոնները, բեռնարկղերը բեռնաթափումից հետո մինչև համապատասխան պահանջները կատարելը: Այդ դեպքերում բեռ ստացողներից գանձվում է վագոնների, բեռնարկղերի` դրանց ուշացման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում օգտագործման համար վճար:
Սույն կարգի 115-րդ կետով նախատեսված պարտավորությունների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը պետք է ձևակերպված լինի փոխադրողի կազմած գրավոր փաստաթղթով, որում հստակ պետք է մատնանշվի չընդունելու հիմքը և պատճառները՝ բացառելով խտրական մոտեցումը:
121. Բեռը համարվում է կորցված, եթե այն չի տրվել բեռ ստացողին բեռը հասցնելու օրվանից՝ պայմանագրով նախատեսված 30 օրվա ընթացքում կամ ուղիղ խառը հաղորդակցությամբ փոխադրման համար բեռն ընդունելու օրվանից հետո՝ 4 ամսվա ընթացքում:
122. Այն դեպքում, երբ բեռը ժամանել է սույն կարգի 121-րդ կետում նշված ժամկետների ավարտին, բեռ ստացողը կարող է ստանալ այն` փոխադրողի տրամադրած փոխհատուցման գումարը փոխադրողին վերադարձնելու պայմանով: Եթե բեռ ստացողը հրաժարվում է ընդունել այդ բեռը կամ չի ընդունում բեռի հետագա ճակատագրի վերաբերյալ որևէ որոշում՝ բեռը երկաթուղային կայարան ժամանելու վերաբերյալ ծանուցումն ստանալու օրվանից հետո՝ 4 օրվա ընթացքում, փոխադրողն իրավունք ունի իրացնել բեռը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների:
123. Բեռնառաքողի կողմից բեռների փոխադրողներին վերաբերող մաքսային կանոնների խախտման դեպքում, եթե այդպիսի խախտումը հանգեցրել է մաքսային կամ պետական հսկողության այլ մարմինների կողմից վագոնների, բեռնարկղերի միջանկյալ կայարաններում կանգնեցնելուն, կամ եթե անհնար է դարձել փոխադրել բեռը երկաթուղային խառը հաղորդակցությամբ այլ տրանսպորտային միջոցի վրա, բեռնառաքողը վճարում է փոխադրողին գանձումներ` պայմանագրին համապատասխան:
124. Եթե բեռնառաքողը միջոցներ չի ձեռնարկում վերոնշյալ պատճառներով կանգնեցված բեռների նկատմամբ փոխադրողի համապատասխան ծանուցումն ստանալու օրվանից հետո՝ 10, իսկ մթերային կամ շուտ փչացող բեռների դեպքում` 4 օրվա ընթացքում, փոխադրողն իրավունք ունի վերադարձնելու բեռը բեռնառաքողին՝ վերջինիս հաշվին, եթե կողմերի համաձայնագրով այլ բան նախատեսված չէ, կամ իրացնել բեռը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների համաձայն:
125. Միջազգային հաղորդակցությամբ փոխադրման փաստաթղթերի ոչ ժամանակին ձևակերպման պատճառով բեռնված վագոնների ուշացման դեպքում բեռնառաքողը փոխադրողին վճարում է վագոնների օգտագործման համար վճար:
126. Եթե ուղիղ և ոչ ուղիղ միջազգային հաղորդակցությամբ բեռնված վագոնների, բեռնարկղերի ուշացումները տեղի են ունեցել մաքսային և հսկողություն իրականացնող մարմինների ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով, նշված մարմինները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
127. Այն դեպքերում, երբ սույն կարգին համապատասխան փոխադրողին տրված է բեռն ինքնուրույն իրացնելու իրավունք, ապա դրա իրացումն իրականացվում է փոխադրողի որոշման հիման վրա:
128. Փոխադրողի կողմից այդպիսի բեռի իրացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, հիմք ընդունելով այն գինը, որը նշված է համապատասխան փոխադրման փաստաթղթում, իսկ եթե այդպիսի գին նշված չէ, ապա փորձագիտական գնահատականի հիման վրա որոշված գնով:
129. Փոխադրողի կողմից իրացված բեռների դիմաց ստացված գումարը՝ հանած փոխադրողին հասանելիք վճարները և բեռի իրացման վրա կատարված ծախսերը, ենթակա է փոխանցման փոխադրման փաստաթղթերում նշված բեռ ստացողին՝ իր կողմից բեռների արժեքը վճարելու դեպքում կամ բեռնառաքողին՝ մնացած բոլոր դեպքերում:
130. Եթե պատշաճ գրավոր ծանուցման ուղարկումից հետո փոխադրողից անկախ հանգամանքներով հնարավոր չէ գտնել բեռ ստացողին և բեռնառաքողին, ապա ծանուցումը չստանալու վերաբերյալ պատասխան ծանուցում ստանալու օրվանից 1 տարի հետո բեռ ստացողին հասանելիք գումարը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
131. Փոխադրողը ձեռնարկում է միջոցներ փոխադրման փաստաթղթերի պահպանումը, բեռի իրացումից ստացված գումարը բեռնառաքողին փոխանցելու, բեռ ստացողի հայտնաբերումն ապահովելու համար:
Գ Լ ՈՒ Խ 4
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄ
132. Ուղևորների, բեռների փոխադրումներ իրականացնելու համար փոխադրողները ենթակառուցվածքի կառավարչի հետ կնքում են ենթակառուցվածքի օգտագործմամբ մատուցվող ծառայությունների մասին պայմանագիր: Ենթակառուցվածքի օգտագործմամբ մատուցվող ծառայությունների մասին պայմանագիրը հրապարակային է և կնքվում է գրավոր ձևով: Պայմանագրում նշվում են պլանավորվող փոխադրումների ծավալը և ժամկետները, մատուցվող ծառայությունների ցանկը և ժամկետները, վճարման կարգը, կողմերի պատասխանատվությունը պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար, ինչպես նաև կարգավորման ենթակա այլ էական պայմանները:
133. Համաձայն պայմանագրի՝ ենթակառուցվածքի կառավարիչը փոխադրողին կարող է տրամադրել հետևյալ ծառայությունները, իսկ փոխադրողը վճարում է մատուցված ծառայությունների դիմաց՝
1) փոխադրողին՝ երկաթուղային գծերի, ինչպես նաև ուղևորների, բեռների փոխադրում իրականացնելու համար ենթակառուցվածքի այլ օբյեկտների օգտագործման իրավունքների տրամադրում.
2) փոխադրողին պատկանող (սեփականության կամ վարձակալության իրավունքով) երկաթուղային շարժակազմի համար երկաթուղային գծերի հասանելիության ապահովում.
3) գնացքների երթևեկության կառավարում, այդ թվում՝ փոխադրումների իրականացման տեխնիկական և տեխնոլոգիական հնարավորությունների համաձայնեցումը ենթակառուցվածքների սեփականատերերի, օտարերկրյա պետությունների երկաթուղիների և այլ տեսակի տրանսպորտի կազմակերպությունների հետ.
4) դատարկ վագոնները փոխադրման գործընթացի հետ կապ չունեցող երկաթուղային գծերում գտնվելու հնարավորության ընձեռում.
5) փոխադրողի անունից ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի վրա վագոնների շահագործման, մատուցման, հավաքման պայմանագրերի կնքում.
6) բեռների բեռնում, բեռնաթափում, պահում և պայմանագրով նախատեսված այլ ծառայություններ:
134. Ուղևորների փոխադրման համար ենթակառուցվածքի նկատմամբ թույլտվությունը փոխադրողին տրամադրվում է ուղևորատար գնացքների երթևեկության ժամանակացույցի հիման վրա: Երթևեկության ժամանակացույցը մշակելիս ուղևորատար գնացքներն ունեն առաջնայնություն բեռնատար գնացքների նկատմամբ:
135. Փոխադրողների դիմումի հիման վրա կարող է մշակվել երթևեկության անհատական ժամանակացույց: Փոխադրման գործընթացի հետ կապ չունեցող ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի վրա փոխադրողին պատկանող (սեփականության կամ վարձակալության իրավունքով) դատարկ վագոնների գտնվելու համար փոխադրողներից գանձվում է պայմանագրով նախատեսված գումար:
Գ Լ ՈՒ Խ 5
ՈՉ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԵՐ
136. Ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի սեփականատերերի հետ հարաբերությունները կարգավորվում են ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի շահագործման մասին պայմանագրի հիման վրա:
137. Ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի սեփականատիրոջ մոտ լոկոմոտիվի բացակայության դեպքում վագոնների մատուցումը և հավաքումը, այդպիսի երկաթուղային գծերի վրա մանևրային աշխատանքները կատարվում են փոխադրողին պատկանող լոկոմոտիվով:
138. Ենթակառուցվածքի կառավարչին պատկանող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի վրա պահեստներ և բեռնման-բեռնաթափման հրապարակներ ունեցող բեռնառաքողների, բեռ ստացողների համար վագոնների մատուցումը և հավաքումը, մանևրային աշխատանքը կարգավորում են փոխադրողները բեռնառաքողների, բեռ ստացողների հետ կնքվող վագոնների մատուցման և հավաքման պայմանագրերով:
139. Իրենց չպատկանող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի վրա պահեստներ և բեռնման-բեռնաթափման հրապարակներ չունեցող բեռնառաքողների և բեռ ստացողների համար վագոնների մատուցումը և հավաքումը իրականացվում է համապատասխանաբար բեռնառաքողների, բեռ ստացողների, փոխադրողների և ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի սեփականատերերի միջև կնքված պայմանագրով: Այդպիսի պայմանագիրը սահմանում է վագոնների մատուցման և հավաքման կարգը, վագոնների օգտագործման համար վճարը:
140. Ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի շահագործման պայմանագրերում և վագոնների մատուցման ու հավաքման պայմանագրերում պետք է հաշվի առնվեն երկաթուղային գծային կայարանի գործելու տեխնոլոգիան, որին հարում է ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գիծը, ինչպես նաև ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծի գործելու տեխնոլոգիան:
141. Այն դեպքերում, երբ վագոնների ժամանման պահին բեռնառաքողները, բեռ ստացողները կամ բեռ ստացողների, բեռնառաքողների սպասարկողն իր լոկոմոտիվներով ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծի սեփականատերը իրենց միջոցներով կատարում են տեխնոլոգիական գործառնություններ (մանևրային աշխատանքներ), որոնք փոխադրողի պարտականություններն են, ապա այդ գործառնությունների կատարման ժամկետը չի ներառվում վագոնների օգտագործման համար վճարվող ժամանակահատվածի մեջ: Այդ գործառնությունների կատարման ժամկետը նշվում է ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծի շահագործման պայմանագրում կամ վագոնների մատուցման և հավաքման պայմանագրում:
142. Ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերում բեռնված և դատարկ վագոնների օգտագործման պահպանությունն ապահովում է ընդունող կողմն իր հաշվին:
143. Փոխադրողների, բեռնառաքողների, բեռ ստացողների, ենթակառուցվածքի կառավարչի, ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի սեփականատերերի միջև հարաբերությունները կարգավորվում են սույն կարգով, ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի շահագործման պայմանագրերով և վագոնների մատուցման և հավաքման պայմանագրերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության այլ նորմատիվ իրավական ակտերով:
144. Ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի սեփականատիրոջը կամ ենթակառուցվածքի կառավարչին պատկանող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի վրա բեռնման-բեռնաթափման հրապարակներ ունեցող բեռնառաքողների, բեռ ստացողների փոփոխության դեպքում կնքվում են նոր պայմանագրեր:
145. Կոնտրագենտի (բեռնառաքողի կամ բեռ ստացողի, ինչպես նաև ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծի օգտագործողի, որի մոտ այլ անձին պատկանող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծի սահմաններում առկա է պահեստ կամ նշված ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծին հարող՝ իրեն պատկանող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գիծ) և ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին հարող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծի սեփականատիրոջ միջև հարաբերությունները կարգավորվում են նրանց միջև կնքված պայմանագրերով:
146. Ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծի սեփականատիրոջ կողմից իրեն պատկանող լոկոմոտիվներով սպասարկման դեպքում վագոնների, բեռնարկղերի օգտագործման համար վճարը վճարում է փոխադրողին ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծի սեփականատերը, եթե փոխադրողի, կոնտրագենտի և ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծի սեփականատիրոջ միջև կնքված պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
147. Փոխադրողին պատկանող լոկոմոտիվներով ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծի սպասարկման դեպքում կոնտրագենտի և փոխադրողի միջև հարաբերությունները կարգավորվում են ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծի շահագործման պայմանագրով կամ վագոնների մատուցման և հավաքման պայմանագրով: Նշված պայմանագրերը կարող են կնքվել միայն ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծի սեփականատիրոջ համաձայնությամբ:
148. Վագոնների, բեռնարկղերի՝ ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի վրա մատուցման կարգը, փոխանցման վայրը, դրանց վերադարձը կարգավորվում է ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծի շահագործման պայմանագրով կամ վագոնների մատուցման և հավաքման պայմանագրով:
149. Ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի օգտագործողների կողմից իրենց պատկանող լոկոմոտիվներով բեռնառաքողների, բեռ ստացողների սպասարկման դեպքում վագոնների փոխանցման հետ կապված գործառնությունները իրականացվում են փոխադրողների և ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի սեփականատերերի միջև՝ պայմանագրով սահմանված կարգով:
150. Ընդհանուր և ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի վրա բեռնման, բեռնաթափման տակ գտնվող վագոնների, բեռնարկղերի ուշացման համար բեռնառաքողները, բեռ ստացողները, ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի օգտագործողները կրում են պատասխանատվություն՝ պայմանագրով սահմանված կարգով:
151. Փոխադրողների ծախսերը, այդ թվում՝ վագոնների մատուցման և հավաքման, բեռների բեռնման և բեռնաթափման հետ կապված ծախսերը, ինչպես նաև վագոնների և բեռնարկղերի օգտագործման համար վճարը և այդ աշխատանքների կատարման հետ կապված առաջացած մաքսային մարմինների կամ պետական հսկողության այլ մարմինների նախաձեռնությամբ այլ ծախսերը փոխհատուցվում են բեռնառաքողների, բեռ ստացողների հաշվին:
Գ Լ ՈՒ Խ 6
ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄ
152. Փոխադրողները և ենթակառուցվածքի կառավարիչը պարտավոր են ապահովել ուղևորների փոխադրման անվտանգությունը, երկաթուղային կայարաններում, երկաթուղային կայարանաշենքերում (կայարանաշենք՝ շենք երկաթուղային կայարանում, որը նախատեսված է ուղևորների սպասարկման համար), ուղևորային հարթակներում և ուղևորային գնացքներում ուղևորների որակյալ սպասարկումը, չվացուցակին համապատասխան ուղևորային գնացքների երթևեկությունը:
153. Ուղևորային վագոնները, երկաթուղային կայարանաշենքերը, ուղևորային հարթակները և այլ կառույցները, որոնք նախատեսված են ուղևորների սպասարկման համար, պետք է պահվեն սարքին տեխնիկական վիճակում և համապատասխանեն շինարարական և սանիտարական նորմերի, կանոնների, այլ նորմատիվային փաստաթղթերի պահանջներին:
154. Երկաթուղային կայարաններում ուղևորների որակյալ սպասարկման համար կառուցվում են ուղևորային հարթակներ, որոնք կահավորված են կախոցներով և (կամ) սրահներով, ինչպես նաև թունելներ, կամուրջներ և այլ անհրաժեշտ կառույցներ:
155. Երկաթուղային կայարանաշենքերը պետք է հագեցած լինեն ուղևորների սպասարկման համար անհրաժեշտ օբյեկտներով, մասնավորապես՝ սպասասրահներ, տոմսերի վաճառքի կետեր, տեղեկատվական բյուրո, մոր և մանկան սենյակներ, ուղևորների բժշկական սպասարկման տարածքներ: Ուղևորներին տրամադրվում է սպասասրահներից և սանհանգույցներից անվճար օգտվելու իրավունք: Ենթակառուցվածքի կառավարիչը կապի ոլորտի կազմակերպություններին տրամադրում է ուղևորներին փոստային, հեռագրային և հեռախոսակապի ծառայությունների մատուցման համար տարածքներ, ինչպես նաև կազմակերպում է սննդի կետեր՝ պայմանագրերի հիման վրա: Երկաթուղային կայարանաշենքերը պետք է հագեցած լինեն այնպես, որ ապահովվի հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժը, երկաթուղային կայարանում առկա սպասարկման բոլոր կետերի հասանելիությունը:
(155-րդ կետը փոփ. 07.02.24 ՀՕ-68-Ն)
156. Փոխադրման մասին պայմանագրով փոխադրողը պարտավորվում է ուղևորին փոխադրել նշանակման կետ, իսկ ուղևորը՝ վճարել մատուցված ծառայությունների համար:
Ուղևորի և փոխադրողի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների համաձայն:
157. Տոմսը ձեռք բերելու և վերադարձնելու կարգը իրականացվում է փոխադրողի սահմանած կարգով:
158. Ուղևորային փոխադրումներ իրականացնելիս փոխադրողը պարտավոր է անվճար տրամադրել երկաթուղային տրանսպորտի ծառայություններից օգտվողներին գնացքների մեկնման և ժամանման, ուղևորների երթևեկության արժեքի, տոմսարկղերի աշխատաժամերի, կայարանաշենքի տարածքների տեղակայման, քաղաքացիների որոշակի խմբերին տրամադրվող ծառայությունների և զեղչերի վերաբերյալ հավաստի տեղեկատվություն:
159. Գրավոր ձևով տեղեկանքներ տրամադրելու, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտի ծառայությունների մատուցման հետ կապ չունեցող տեղեկանքներ տրամադրելու համար գանձվում է վճար՝ երկաթուղային տրանսպորտով ուղևորների փոխադրումների կանոններով սահմանված կարգով:
160. Փոխադրողը պատասխանատվություն չի կրում ուղևորության ընթացքում ուղևորի կողմից փոխադրվող ուղեբեռի պահպանվածության համար:
Գ Լ ՈՒ Խ 7
ՓՈԽԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
161. Ուղևորների, բեռների երկաթուղային տրանսպորտով փոխադրումներ իրականացնելիս փոխադրողի, բեռնառաքողի, բեռ ստացողի, այլ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև ուղևորի համար պատասխանատվության առաջացման հիմքերը հաստատվում են առևտրային ակտերով:
162. Առևտրային ակտը կազմվում է հետևյալ հանգամանքները հաստատելու համար՝
1) բեռի անվանման, զանգվածի, տեղերի քանակի անհամապատասխանությունը տրանսպորտային երկաթուղային բեռնագրի (այսուհետ՝ բեռնագիր) մեջ նշված տվյալներին.
2) բեռի վնասումը (փչացումը) և այդպիսի վնասման հնարավոր պատճառները.
3) բեռի հայտնաբերումն առանց փոխադրման փաստաթղթերի, ինչպես նաև փոխադրման փաստաթղթերի հայտնաբերումն առանց բեռի.
4) փոխադրողի կողմից բեռի չմատուցելը ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծի վրա՝ բեռի տրամադրման մասին փաստաթղթերը ձևակերպելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում: Տվյալ դեպքում առևտրային ակտը կազմվում է միայն բեռ ստացողի պահանջով:
163. Առևտրային ակտը կազմվում է՝
1) բեռն ընդհանուր օգտագործման վայրերում բեռնաթափելու դեպքում՝ բեռի բեռնաթափման օրը, անհրաժեշտության դեպքում՝ բեռը բեռ ստացողին տրամադրելու օրը.
2) բեռը ոչ ընդհանուր օգտագործման վայրերում բեռնաթափելու դեպքում՝ բեռի բեռնաթափման օրը, ընդ որում, բեռի ստուգումը պետք է իրականացվի այն բեռնաթափելու ընթացքում կամ բեռի բեռնաթափումից անմիջապես հետո.
3) բեռի ընթացուղում առևտրային ակտով ձևակերպման ենթակա հանգամանքների հայտնաբերման օրը:
164. Սույն կարգի 163-րդ կետում նշված ժամկետներում առևտրային ակտի կազմման անհնարինության դեպքում այն պետք է կազմված լինի այդ ժամկետներին հաջորդող քսանչորս ժամվա ընթացքում:
165. Առևտրային ակտը կազմվում է փոխադրողի կողմից երեք օրինակից ձևաթղթի վրա և լրացվում է առանց ջնջումների և որևէ ուղղումների:
166. Առևտրային ակտը պետք է բովանդակի՝
1) բեռի վիճակի և այն հանգամանքների ճիշտ և մանրամասն նկարագրությունը, որոնց դեպքում հայտնաբերվել են բեռի վնասումները և չպահպանվածությունը.
2) տվյալներ այն մասին, թե արդյոք ճիշտ է բեռնվել, տեղաբաշխվել և ամրացվել բեռը, ինչպես նաև արդյոք առկա է բաց շարժակազմով փոխադրվող բեռի պաշտպանիչ մակնշումը: Բեռի բեռնման, տեղաբաշխման կամ ամրացման պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում, առևտրային ակտում նշվում են, թե ինչպիսի խախտումներ են թույլ տրվել:
167. Մթերային և շուտ փչացող բեռների փչացման մասին առևտրային ակտ կազմելիս դրան կցվում է իզոթերմիկ վագոնների, բեռնարկղերի ջերմային ռեժիմի վերաբերյալ աշխատանքային մատյանից քաղվածքը:
168. Ոչ հավաստի տեղեկատվություն բովանդակող առևտրային ակտ կազմած և ստորագրած անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
169. Առևտրային ակտն ստորագրում է փոխադրողը, ինչպես նաև բեռ ստացողը, եթե նա մասնակցում է բեռի ստուգման գործընթացին:
170. Բեռ ստացողի պահանջով փոխադրողը պարտավոր է երեք օրվա ընթացքում նրանց տրամադրել առևտրային ակտի օրինակը:
171. Այն դեպքում, երբ փոխադրողը հրաժարվում է կազմել առևտրային ակտը կամ եթե առևտրային ակտը ձևակերպված է սահմանված պահանջների խախտմամբ, բեռ ստացողը ներկայացնում է փոխադրողին գրավոր ձևով դիմում բեռի տրամադրման կամ բեռնաթափման պահից երեք օրվա ընթացքում, իսկ մթերային և շուտ փչացող բեռների դեպքում՝ 1 օրվա ընթացքում: Փոխադրողը, տվյալ դիմումը ստանալու օրվանից հետո՝ երեք օրվա ընթացքում, իսկ մթերային և շուտ փչացող բեռների դեպքում՝ մեկ օրվա ընթացքում, ներկայացնում է պատճառաբանված պատասխան:
172. Փոխադրողը պարտավոր է կազմել առևտրային ակտ, եթե նա հայտնաբերել է սույն կարգի 162-րդ կետում նշված հանգամանքները, կամ եթե այդ հանգամանքներից գոնե մեկի առկայության մասին մատնանշել է բեռ ստացողը, ուղևորը, ստացողը՝ բեռ ստացողի պահանջով:
173. Առևտրային ակտի կազմմանը մասնակցող կողմերի ներկայացուցիչները պարտավոր են ստորագրել առևտրային ակտը: Առևտրային ակտի հետ համաձայն չլինելու դեպքում կողմերի ներկայացուցիչները իրավունք ունեն գրավոր ներկայացնել իրենց առարկությունները:
174. Մինչև փոխադրողի դեմ փոխադրման գործընթացում առաջացած վեճերի հետ կապված հայց ներկայացնելը, բեռնառաքողը կամ բեռ ստացողը փոխադրողին ներկայացնում է նախապահանջ:
175. Նախապահանջին պետք է կցված լինեն դիմումատուի կողմից առաջադրվող պահանջները հաստատող փաստաթղթեր, այդ թվում՝ փոխադրողի կողմից տրամադրված առևտրային ակտը: Նշված փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ կերպով հաստատված ձևով: Անհրաժեշտության դեպքում փոխադրողն իրավունք ունի պահանջել նաև բնօրինակը:
176. Փոխադրողին փոխադրման գործընթացի իրականացման հետ կապված նախապահանջ ներկայացնելու իրավունք ունի ապահովագրական ընկերությունը, որը բեռ ստացողին, բեռնառաքողին վճարել է փոխադրողի կողմից փոխադրման չկատարված կամ ոչ պատշաճ կերպով կատարված պարտավորությունների համար ապահովագրական հատուցումը: Ապահովագրողի կողմից նախապահանջի ներկայացման կարգի վերաբերյալ կիրառում են բեռ ստացողի, բեռնառաքողի կողմից նախապահանջի ներկայացման համար նախատեսված կարգը:
177. Ուղևորների, բեռների փոխադրման կապակցությամբ առաջացած նախապահանջները ներկայացվում են փոխադրողին:
178. Ուղիղ խառը հաղորդակցությամբ բեռների փոխադրման իրականացմամբ պայմանավորված նախապահանջները ներկայացվում են այն փոխադրողին, որի հետ բեռնառաքողը կնքել է բեռի փոխադրման պայմանագիր:
179. Նախապահանջը կարող է ներկայացվել փոխադրողին՝ նախապահանջը ներկայացնելու համար հիմք հանդիսացած հանգամանքների առաջացման օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում:
180. Սույն կարգի 179-րդ կետում նշված ժամկետները հաշվարկվում են հետևյալ դեպքերում՝
1) բեռի պակասորդի կամ վնասման (փչացման) դեպքում՝ բեռի տրամադրման օրվանից.
2) բեռի կորստի հատուցման դեպքում՝ այն առաքելու ժամկետի ավարտի օրվանից հետո՝ երեսուն օրը լրանալու օրվանից սկսած.
3) ուղիղ խառը հաղորդակցությամբ փոխադրման ընթացքում բեռի կորստի փոխհատուցման դեպքում՝ բեռը փոխադրման համար ընդունելու օրվանից մինչև չորս ամիսը լրանալը.
4) բեռի առաքման ուշացման դեպքում՝ պայմանագրին համապատասխան բեռի տրամադրման օրվանից.
5) բեռնառաքողներին, բեռ ստացողներին, այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց, կամ իրենց կողմից վարձու անձանց պատկանող վագոնների, բեռնարկղերի, առանց դրանց սեփականատերերի համաձայնության օգտագործման համար գանձում կատարելու դեպքում՝ այդպիսի վագոնները, բեռնարկղերը բեռնաթափելուց հետո` առաքման ժամկետը լրանալու օրվանից.
6) փոխադրման իրականացման հետ կապված առաջացած այլ դեպքերում՝ այդ իրադարձությունների առաջացման օրվանից, որոնք հիմք են հանդիսացել նախապահանջի ներկայացման համար:
181. Փոխադրողը քննարկում է նախապահանջը և արդյունքների մասին (բավարարել կամ մերժել) գրավոր տեղեկացնում է դիմումատուին՝ նախապահանջն ստանալու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում:
182. Նախապահանջն ընդունելու դեպքում, նախապահանջի մեջ նշված պահանջը բավարարվում է ծանուցումն ուղարկելու օրվանից հետո՝ 30-օրյա ժամկետում:
183. Փոխադրողի կողմից դիմումատուի նախապահանջը մասնակի բավարարելու կամ մերժելու դեպքում փոխադրողի ծանուցման մեջ պետք է նշված լինի իր կողմից ընդունված որոշման հիմքը: Այդ դեպքում նախապահանջի հետ ներկայացված փաստաթղթերը վերադարձվում են դիմումատուին:
Այն դեպքում, երբ նախապահանջը քննարկելիս պարզվել է, որ բեռը վերահասցեագրվել է կամ տրվել է այլ բեռ ստացողին (ստացողին) բեռնառաքողի (առաքողի) կամ սկզբնական բեռ ստացողի (ստացողի) դիմումով, նախապահանջը վերադարձվում է դիմումատուին, թե որտեղ, երբ և ում է տրվել բեռը նշումով, ինչպես նաև այն բեռ ստացողի (ստացողի) անվանման նշումով, որին տրվել է բեռը, կամ կազմակերպության, որի դիմումով կատարվել է բեռի վերահասցեագրումը կամ տրամադրումը՝ փաստացի բեռ ստացողի կամ նշված կազմակերպության հետ դիմումատուի անմիջական հաշվարկի համար:
(հավելվածը լրաց. 21.12.15 ՀՕ-18-Ն, փոփ. 07.02.24 ՀՕ-68-Ն)