ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2018 թվականի հոկտեմբերի 2-ին
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պաշտոնատար անձանց՝ հանձնաժողով ներկայանալու և բացատրություններ տալու, ինչպես նաև հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելու պարտականությունը պահպանվում է նաև նրանց պաշտոնից ազատվելուց հետո, եթե տեղեկատվության տրամադրման պահանջը կամ նիստին ներկայանալու և բացատրություններ տալու հրավերն ստացվել է մինչև պաշտոնից ազատվելը:».
2) 2-րդ մասի «1-ին մասում» բառերը փոխարինել «1-ին և 1.1-ին մասերում» բառերով։
Հոդված 2. Օրենքի 50-րդ հոդվածում՝
1) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Եթե Կանոնակարգի 51-րդ հոդվածով սահմանված կարգով նիստի իրավազորությունը՝
1) ապահովվում է, ապա հարցի քննարկումն ավարտվելուց հետո նախագահողը հայտարարում է հատուկ նիստն ավարտված.
2) սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված հարցի քննարկման համար չի ապահովվում` պայմանավորված արտակարգ իրավիճակներով, ինչպես նաև երբ խոչընդոտվում է պատգամավորների մասնակցությունն Ազգային ժողովի նիստին, այդ թվում՝ սպառնալիքի միջոցով, ապա Ազգային ժողովի նիստը համարվում է ընդհատված, որի վերաբերյալ Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ: Այդ դեպքում նիստը գումարվում է հաջորդ օրը՝ ժամը 10։00-ին: Նիստն ընդհատելու՝ սույն կետով նախատեսված կանոնները կիրառվում են նաև վերսկսված նիստի նկատմամբ.
3) չի ապահովվում, և առկա չէ սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքը, ապա հատուկ նիստը համարվում է չկայացած:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Եթե սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված հարցի քննարկման ժամանակ խոչընդոտվում է նիստի բնականոն ընթացքը, և նիստը վարողի ձեռնարկած միջոցառումների ընթացքում այն հնարավոր չի լինում վերականգնել, ինչպես նաև երբ խոչընդոտվում է պատգամավորների մասնակցությունն Ազգային ժողովի նիստին, այդ թվում՝ սպառնալիքի միջոցով, ապա Ազգային ժողովի նիստը համարվում է ընդհատված, որի վերաբերյալ Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ: Այդ դեպքում նիստը շարունակվում է հաջորդ օրը՝ ժամը 10։00-ին: Նիստն ընդհատելու՝ սույն մասով նախատեսված կանոնները կիրառվում են նաև վերսկսված նիստի նկատմամբ։»:
Հոդված 3. Օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1) չապահովման դեպքում` պայմանավորված արտակարգ իրավիճակներով, ինչպես նաև երբ խոչընդոտվում է պատգամավորների մասնակցությունն Ազգային ժողովի նիստին, այդ թվում՝ սպառնալիքի միջոցով, ապա Ազգային ժողովի նիստը համարվում է ընդհատված, որի վերաբերյալ Ազգային ժողովի նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ, բացառությամբ սույն օրենքի 50-րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված հարցերի քննարկման դեպքերի: Այդ դեպքում նիստը գումարվում է հաջորդ օրը՝ ժամը 10։00-ին: Նիստն ընդհատելու՝ սույն կետով նախատեսված կանոնները կիրառվում են վերսկսված նիստի նկատմամբ.»:
Հոդված 4. Օրենքի 79-րդ հոդվածի 1-ին մասում «կարող (է) են հանդես գալ» բառերը փոխարինել «հանդես (է) են գալիս» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2019 թ. ապրիլի 23 Երևան ՀՕ-17-Ն |