Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-193-Ն
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (24.03.2012-09.08.2014)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2006.12.20/64(519) Հոդ.1309
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
27.11.2006
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
15.12.2006
Дата вступления в силу
30.12.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի նոյեմբերի 27-ին

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գ Լ ՈՒ Խ  1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, արտահանման, արտադրության, մշակման, վերամշակման, փաթեթավորման, մակնշման, փոխադրման, պահման, իրացման, ինչպես նաև առևտրի և հանրային սննդի ոլորտում ծառայությունների մատուցման փուլերում անվտանգության հետ առնչվող հարաբերությունները:

(1-ին հոդվածը լրաց. 07.02.12 ՀՕ-16-Ն)

 

Հոդված 2. Հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

սննդամթերք՝ ցանկացած պարենային հումք և արտադրանք, որոնք նախատեսված են մարդու սննդում օգտագործելու համար՝ վերամշակված, մասնակի վերամշակված կամ չվերամշակված տեսքով, ներառյալ` խմիչքները, մաստակը և ջուրը, որն ավելացվում է սննդամթերքին վերջինիս պատրաստման, մշակման կամ վերամշակման ժամանակ:

Սննդամթերք չեն համարվում`

- անասնակերերը,

- կենդանիները, եթե դրանք չեն նախատեսվել շուկա հանելու` մարդու կողմից սննդի մեջ կիրառելու համար,

- բուսաբուծության արտադրանքը՝ մինչև բերքահավաք,

- դեղամիջոցները,

- կոսմետիկ միջոցները,

- ծխախոտը և ծխախոտային արտադրանքները,

- թմրադեղերը և հոգեմետ նյութերը,

- մնացորդային նյութերը և աղտոտիչները.

պարենային հումք՝ սննդամթերքի արտադրության համար օգտագործվող բուսական, կենդանական, հանքային, սինթետիկ կամ կենսատեխնոլոգիական ծագում ունեցող մթերք, հումք, նյութ, արտադրանք և ջուր.

սննդամթերքի բաղադրամաս (բաղադրիչ)` կենդանական, բուսական, մանրէաբանական կամ հանքային ծագման նյութ կամ մթերք, ինչպես նաև բնական կամ համադրված (սինթեզված) սննդային հավելում, որն օգտագործվում է սննդամթերքի նախապատրաստման կամ արտադրման ընթացքում և սկզբնական կամ փոփոխված տեսքով պարունակվում է վերջնական արտադրանքում.

հատուկ նշանակության սննդամթերք՝ սննդամթերք, որն իր առանձնահատուկ բաղադրության կամ սննդային հատկություններով տարբերվում է սովորական սպառման համար նախատեսված սննդամթերքից և ունի առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրված դրական մասնագիտական եզրակացություն առ այն, որ տվյալ սննդամթերքն ունի բուժիչ հատկություններ և (կամ) բավարարում է մարդկանց հետևյալ խմբերի պահանջները`

- խախտված մարսողական ու նյութափոխանակման համակարգ ունեցող մարդկանց,

- մարմնական (ֆիզիոլոգիական) հատուկ վիճակում գտնվող մարդկանց, որոնց համար հատկապես օգտակար է սննդի մեջ որոշակի նյութերի վերահսկվող քանակով սպառումը,

- առողջ մանուկների և երեխաների.

սննդի շղթա (արտադրության և շրջանառության փուլեր)՝ սննդամթերքի և դրա բաղադրիչների արտադրության, մշակման, բաշխման, պահման, փոխադրման, ներմուծման, արտահանման և իրացման փուլերը՝ նախնական արտադրությունից մինչև սպառում: Սննդի շղթան ընդգրկում է նաև սննդամթերքի կամ պարենային հումքի հետ շփման մեջ մտնելու համար նախատեսված նյութերը, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումները, ինչպես նաև առևտրի և հանրային սննդի ծառայությունների ոլորտը.

նախնական (առաջնային) արտադրություն՝ պարենային հումքի արտադրություն, բուսաբուծության արտադրանքը, ներառյալ` բերքահավաքը, գյուղատնտեսական կենդանիների արտադրությունը՝ մինչև սպանդը, կիթը, ինչպես նաև որսորդությունը, ձկնորսությունը և վայրի բույսերի բերքահավաքը.

մշակում՝ պարենային հումքի մաքրում, տեսակավորում կամ դասակարգում, չորացում, պաղեցում, կտրտում, փաթեթավորում կամ այլ գործողություններ, որոնց միջոցով արտադրանքը նախապատրաստվում է սննդամթերքի վերամշակման կամ պատրաստման մեջ օգտագործելու համար.

սննդամթերքի անվտանգություն՝ երաշխիք, որ սննդամթերքն ըստ նշանակության օգտագործելու դեպքում վնասակար ազդեցություն չի ունենա մարդու կյանքի և առողջության վրա, պայմանավորված է Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով` տվյալ սննդամթերքի և սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների համար սահմանված տեխնիկական կանոնակարգերին, սանիտարական կանոններին, անասնաբուժասանիտարական, բուսասանիտարական և հիգիենիկ նորմերի պահանջներին դրա համապատասխանությամբ.

կեղծված սննդամթերք` սննդամթերք`

- որի բաղադրությունը փոփոխվել է առանց մակնշման համապատասխան փոփոխության,

- որի մակնշումը փոփոխվել է առանց բաղադրության համապատասխան փոփոխության,

- որին ավելացվել են այլ նյութեր կամ վերամշակվել է այլ նյութերի ներառմամբ, սննդամթերքի անհամապատասխանությունը սահմանված պահանջներին թաքցնելու նպատակով,

- որի պիտակի վրա առկա է ոչ ճիշտ նշում` սննդամթերքի հատուկ նշանակության մասին,

- որի ներկայացման կամ առաջարկման համար օգտագործվում է մեկ այլ կազմակերպության անվանումը, առևտրային նշանը կամ ֆիրմային անվանումը` առանց այդ կազմակերպությունից պատշաճ կերպով թույյտվություն ձեռք բերելու.

ռիսկ՝ մարդու առողջության վրա սննդամթերքի վնասակար ազդեցության հավանականությունը և այդ ազդեցության աստիճանը.

ռիսկի վերլուծություն՝ ռիսկի գնահատման, ռիսկի կառավարման և ռիսկի հաղորդակցման երեք առանձին փոխկապակցված փուլերից կազմված գործընթաց.

ռիսկի գնահատում` գիտականորեն հիմնավորված գործընթաց, որը կազմված է վտանգի աղբյուրի նույնականացման, վտանգի աղբյուրի բնութագրման, վտանգին ենթակա լինելու կամ վտանգի հանդեպ անպաշտպանվածության աստիճանի գնահատման և ռիսկի բնութագրման փուլերից.

ռիսկի կառավարում` ռիսկի գնահատումից տարբերվող գործընթաց, որով շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունների անցկացման միջոցով քննության են առնվում ռիսկի կառավարմանն ուղղված քաղաքականության հնարավոր միջոցները, դիտարկվում են ռիսկի գնահատման արդյունքները և այլ հիմնավոր գործոններ և անհրաժեշտության դեպքում ընտրվում և կիրառվում են ռիսկի կանխմանը, վերացմանը կամ նվազեցմանն ուղղված համապատասխան գործողություններ, այդ թվում` վերահսկողության միջոցառումներ.

ռիսկի հաղորդակցում` ռիսկի վերլուծության գործընթացում ռիսկը գնահատողների, ռիսկը կառավարող մարմինների, սպառողների, սննդի շղթայի փուլերում գործառնություններ իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց, գիտական (ակադեմիական) շրջանակների ներկայացուցիչների և շահագրգիռ այլ կողմերի միջև վտանգի աղբյուրի, ռիսկի, վտանգին առնչվող գործոնների և վտանգի վերաբերյալ ընկալումների մասին տեղեկությունների և կարծիքների փոխանակում, ներառյալ` ռիսկի գնահատման արդյունքների և ռիսկի կառավարման առնչությամբ ընդունված որոշումների վերաբերյալ բացատրությունները.

վտանգի աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգ (այսուհետ` ՎԱՎԿԿՀ համակարգ)` սննդամթերքի անվտանգությունն ապահովող կանխարգելիչ կառավարման համակարգ, որը հիմնված է հետևյալ սկզբունքների և քայլերի վրա`

- վտանգի աղբյուրների վերլուծություն` հատկորոշվում է հավանական վտանգի աղբյուրը և գնահատվում դրա առկայության հավանականությունը, սահմանվում են վերահսկման միջոցները,

- հսկման կրիտիկական կետերի հատկորոշում` որոշվում են այն կետերը, ընթացակարգերը կամ արտադրության փուլերը, որոնք ենթակա են վերահսկման` վտանգի աղբյուրները կանխելու, վերացնելու կամ մինչև ընդունելի մակարդակը նվազեցնելու նպատակով,

- յուրաքանչյուր կրիտիկական կետի համար կրիտիկական սահմանի հատկորոշում` հսկման յուրաքանչյուր կրիտիկական կետի համար որոշվում է կրիտիկական սահմանը, որի չափանիշներով հնարավոր է տարանջատել վտանգի աղբյուրի ընդունելի և անընդունելի մակարդակները, կամ որի պահպանումը երաշխավորում է, որ կրիտիկական կետը վերահսկվում է,

- յուրաքանչյուր կրիտիկական կետի համար դիտանցի ընթացակարգերի սահմանում,

- ուղղիչ գործողությունների ծրագրի սահմանում այն դեպքերի համար, երբ դիտանցմամբ հայտնաբերվում է, որ տվյալ կրիտիկական կետը դուրս է եկել վերահսկողությունից,

- պլանավորված պարբերականությամբ անցկացվող ստուգման ընթացակարգի սահմանում` հիմնավորվում է ՎԱՎԿԿՀ համակարգի գործողության արդյունավետությունը, սահմանվում են ստուգման նպատակները, եղանակները, հաճախականությունը, ընթացակարգը, փորձաքննությունը և գնահատման այլ գործողություններ, ինչպես նաև դրանց կատարման պատասխանատուները,

- ՎԱՎԿԿՀ համակարգի սկզբունքների, քայլերի և ընթացակարգերի փաստաթղթավորման և գրանցումների համակարգի ստեղծում.

դիտանց` ՎԱՎԿԿՀ համակարգի գործողության ընթացքում դիտարկումների կամ չափագրումների պլանավորված (ծրագրավորված) միջոցառումների իրականացում` սննդամթերքի անվտանգությանն սպառնացող վտանգը վերացնելու կամ մինչև թույլատրելի մակարդակը նվազեցնելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցների կամ գործողությունների ընթացքը ստուգելու համար.

դիտարկում՝ շուկայահանված սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների անվտանգության ապահովման նպատակով իրականացվող գործողությունների համալիր.

սննդամթերքի անվտանգությանը սպառնացող վտանգ (վտանգի աղբյուր)՝ սննդի մեջ առկա կենսաբանական, քիմիական կամ ֆիզիկական նյութ և (կամ) սննդամթերքի վիճակ, որը կարող է բացասաբար անդրադառնալ մարդու առողջության վրա.

վտանգավոր սննդամթերք` սննդամթերք, որը պիտանի չէ մարդու կողմից սպառման համար և ըստ իր նշանակության պահվելու, պատրաստվելու, օգտագործվելու, մատուցվելու և սպառվելու դեպքում վնասակար է մարդու կյանքի և առողջության համար.

աղտոտիչներ՝ սննդամթերքի բաղադրության մեջ չմտնող քիմիական, կենսաբանական, հանքային կամ օրգանական ծագման ցանկացած նյութ և (կամ) տարր, որը սննդամթերքի հետ կապված գործառնությունների ընթացքում կամ շրջակա միջավայրի աղտոտման հետևանքով հայտնվել է սննդամթերքում կամ սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումներում և կարող է վնաս պատճառել մարդու կյանքին և առողջությանը.

մնացորդային նյութեր՝ սննդամթերքի մեջ կամ սննդամթերքի վրա քիմիական և (կամ) կենսաբանական ծագման ցանկացած նյութերի և (կամ) տարրերի, ինչպես նաև դրանց նյութափոխանակման և քայքայման (տրոհման) արդյունքում ստացվող նյութերի և (կամ) տարրերի մնացորդային քանակներ, որոնց որոշակի չափերով օգտագործումը թույլատրված է սննդամթերքի արտադրության առանձին փուլերում, մասնավորապես նախնական արտադրության փուլում.

սննդային հավելումներ՝ սովորաբար որպես սննդամթերք չօգտագործվող և սննդամթերքի բաղադրամաս չհամարվող նյութեր, անկախ դրանց սննդային արժեքից, որոնք տեխնոլոգիական մշակման կամ վերամշակման ժամանակ ավելացվում են սննդամթերքին՝ ցանկալի համազգայական և (կամ) այլ հատկանիշներ ստանալու համար.

կենսաբանական ակտիվ հավելումներ` բնական կամ բնականին համանման սննդանյութերի կամ ֆիզիոլոգիական ազդեցությամբ օժտված այլ նյութերի առանձին կամ համակցված խտացված միավորներ, որոնք նախատեսված են սննդամթերքի հետ միաժամանակ կամ սննդամթերքի բաղադրության մեջ ներառելով օգտագործման համար և շուկայահանվում են ճշգրտված փոքր չափաբաժիններով` հաբերի, պատիճների, սրվակների կամ փոքր այլ փաթեթավորումների տեսքով.

մակնշում՝ սննդամթերքին առնչվող տեղեկատվության, բառի, տարրի, ապրանքային նշանի, անվանման, խորհրդանիշի զետեղումը սննդամթերքի հետ շփվող նյութերի, պիտակի կամ ուղեկցող փաստաթղթերի վրա.

սննդամթերքի հետ շփվող նյութեր՝ սննդամթերք չհամարվող ցանկացած նյութ, որն օգտագործվում է սննդամթերքի արտադրության, պահման, փոխադրման, իրացման, փաթեթավորման ու մակնշման փուլերում և անմիջական շփման մեջ է սննդամթերքի հետ.

սննդային արժեք՝ սննդամթերքի բաղադրիչ մասերը՝ սննդանյութերը (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրատներ, վիտամիններ և հանքային նյութեր) գնահատելու համար ընդունված հասկացություն, որի գումարելիներն են էներգետիկ և կենսաբանական արժեքները, որոնք՝

- օրգանիզմում քայքայվելով` առաջացնում են էներգիա (սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրատներ), կազմում են սննդամթերքի էներգետիկ արժեքը և արտահայտվում են կալորիաներով կամ ջոուլներով,

- էներգիա չեն առաջացնում, սակայն մասնակցում և կարգավորում են օրգանիզմի նյութափոխանակությունը (վիտամիններ, հանքային աղեր, այդ թվում՝ միկրոէլեմենտներ և ջուր) և կազմում են սննդամթերքի կենսաբանական արժեքը.

տեխնոլոգիական գործընթացներ՝ սննդամթերք արտադրելու համար անհրաժեշտ գործողություններ, որոնց միջոցով պարենային հումքը ենթարկվում է որոշակի տեխնոլոգիական մշակման կամ վերամշակման.

տեխնոլոգիական սարքավորումներ՝ տեխնոլոգիական գործընթացներ իրագործելու համար համապատասխան սարքավորումներ, որոնք ապահովում են տվյալ տեխնոլոգիական գործընթացում նախատեսված գործելակարգի (ռեժիմի) իրականացումը.

տեխնոլոգիական հրահանգ՝ արտադրողի հաստատած փաստաթուղթ, որում ամրագրվում են ըստ բաղադրագրի տվյալ արտադրանքի պատրաստման տեխնոլոգիական գործելակարգը (ռեժիմը), տեխնոլոգիական գործընթացների կատարման կարգը և դրանց իրականացման համար օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումները.

գենետիկորեն ձևափոխված մթերք՝ հետևյալ երեք տեսակի մթերքները՝

- որակական այլ հատկանիշների ստացման նպատակով կենդանի օրգանիզմներում (կենդանիներ, բույսեր, միկրոօրգանիզմներ) օտար գենի ավելացմամբ կամ գեների համակցմամբ գենետիկական կառուցվածքի վերափոխման արդյունքում ստացված մթերքը,

- կենդանի վերափոխված օրգանիզմների կենսագործունեության արդյունքում ստացված մթերքը,

- սննդամթերքի բաղադրության մեջ գենետիկական կառուցվածքի վերափոխման արդյունքում ստացված մթերքի և (կամ) կենդանի վերափոխված օրգանիզմների կենսագործունեության արդյունքում ստացված մթերքի և (կամ) դրանց առանձին մասերի օգտագործումից ստացված մթերքը.

ճառագայթահարմամբ մշակված սննդամթերք` իոնացնող ճառագայթով մշակված սննդամթերք.

նորահայտ սննդամթերք` սննդամթերք կամ սննդամթերքի բաղադրամաս, որը Հայաստանի Հանրապետության տարածքում մարդու սպառման համար նախկինում կիրառություն չի ունեցել: Նորահայտ սննդամթերք է համարվում`

- նոր կամ նախնական մոլեկուլային կառուցվածքը կանխամտածված փոփոխության ենթարկած սննդամթերքը կամ սննդամթերքի բաղադրամասերը,

- մանրէներից, սնկերից կամ ջրիմուռներից կազմված կամ դրանցից անջատված սննդամթերքը կամ սննդամթերքի բաղադրամասերը,

- բույսերից կազմված կամ անջատված սննդամթերքը կամ սննդամթերքի բաղադրամասերը և կենդանիներից անջատված սննդամթերքի բաղադրամասերը, բացառությամբ այն սննդամթերքի կամ սննդամթերքի բաղադրամասերի, որոնք ստացվում են բազմացման ու բուծման ավանդական եղանակներով և հանրահայտ են որպես անվտանգ սննդամթերք,

- սննդամթերքը և սննդամթերքի բաղադրամասերը, որոնց նկատմամբ կիրառվել է նախկինում չկիրառված արտադրական գործընթաց և արդյունքում նշանակալիորեն փոփոխվել է սննդամթերքի և սննդամթերքի բաղադրամասերի կազմությունը կամ կառուցվածքը, ինչն ազդեցություն է թողել սննդամթերքի սննդային արժեքի, մարսելիության կամ դրանում անցանկալի նյութերի պարունակության վրա.

արագ սառեցված սննդամթերք` սննդամթերք, որի սառեցման ժամանակ` կախված սննդամթերքի տեսակից, առավելագույն բյուրեղացման փուլը (գոտին) անցել է հնարավորինս արագ և արդյունքում ջերմային կայունացումից հետո ստացված ջերմաստիճանը սննդամթերքի բոլոր մասերում պահպանվում է -180 C և ավելի ցածր ջերմաստիճան և որի շուկայահանման ժամանակ այդ հատկանիշների մասին մակնշվում է: Արագ սառեցված սննդամթերք չի համարվում ԱԱ ԱՏԳ «Պաղպաղակ և արտադրանք համանման, սառեցրած» դասի 2105.00 ծածկագրով սննդամթերքը.

շուկա հանել (շուկայահանել)` արտադրանքը իրացնելը կամ այլ ձևով փոխանցելը կամ ցանկացած այլ տեսակի փոխանցման համար առաջարկելը.

հետագծելիություն` սննդի շղթայի բոլոր փուլերում սննդամթերքի, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների, սննդամթերքի հետ շփվող նյութերի, անասնակերի և նախնական արտադրության արդյունքի շարժին հետևելու հնարավորություն.

խմբաքանակ՝ իրացման համար միևնույն իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գործնականորեն նույն պայմաններում արտադրած (պատրաստած) կամ փաթեթավորած սննդամթերքի միավորների որոշակի քանակություն, որն ուղեկցվում է մեկ ապրանքաուղեկից փաստաթղթով.

լիազոր մարմին` սննդամթերքի անվտանգության բնագավառում առանձին գործառույթներ իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման կամ այլ մարմին:

(2-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 07.02.12 ՀՕ-16-Ն)

Հոդված 3. Օրենքի կիրառման ոլորտը

 

1. Սույն օրենքը տարածվում է սննդի շղթայի փուլերում սննդամթերքի անվտանգության բնագավառում ծագած հասարակական հարաբերությունների մասնակից բոլոր սուբյեկտների վրա:

2. Սույն օրենքը չի տարածվում՝

ա) անձնական կամ ընտանեկան օգտագործման համար նախատեսված սննդամթերքի տնային պայմաններում պատրաստման, վերամշակման, օգտագործման կամ պահման վրա.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքում տարանցիկ փոխադրվող սննդամթերքի վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ տարանցիկ փոխադրումը կարող է վտանգ սպառնալ բնակչության առողջությանը և շրջակա միջավայրին.

գ) գիտահետազոտական և ուսումնական նպատակներով իրականացվող` սննդամթերքի մշակման և պատրաստման աշխատանքների արդյունքում ստացված սննդամթերքի վրա, որը ենթակա չէ շուկայահանման:

(3-րդ հոդվածը լրաց. 07.02.12 ՀՕ-16-Ն)

Հոդված 4. Սննդամթերքի անվտանգության մասին օրենսդրությունը

 

1. Սննդամթերքի անվտանգության բնագավառում ծագած հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 5. Սննդամթերքի անվտանգության ապահովման ուղղությամբ կիրառվող պետական քաղաքականությունը

 

Սննդամթերքի անվտանգության ապահովման պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն ու խնդիրներն են`

ա) սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի իրավական ակտերի կատարման ապահովումը և մարդու կյանքի, առողջության պահպանման նպատակով անվտանգ սննդամթերքի օգտագործման և սպառողների իրավունքների պաշտպանության գերակայությունը.

բ) սննդի շղթայի բոլոր փուլերում կատարվող գործառնությունների ժամանակ մարդու կյանքի, առողջության և շրջակա միջավայրի անվտանգության երաշխիքների ապահովումը.

գ) սննդամթերքի անվտանգության ապահովման նպատակով միջազգային և տարածաշրջանային համապատասխան կազմակերպությունների հետ համագործակցության ապահովումը և տեղեկատվության փոխանակումը.

դ) Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության միջազգային չափանիշների ու պահանջների ներդրման ապահովումը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ


Հոդված 6. Սննդամթերքի արտադրությանը ներկայացվող պահանջները

 

1. Սննդամթերքի արտադրություն (բացառությամբ հանրային սննդի) թույլատրվում է իրականացնել միայն համապատասխան տեխնոլոգիական հրահանգներով նախատեսված տեխնոլոգիական սարքավորումների առկայության պայմաններում:

Տեխնոլոգիական հրահանգին ներկայացվող պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` կառավարություն):

2. Վերամշակման համար ձեռք բերված պարենային հումքը, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումները և սննդամթերքի հետ շփվող նյութերը պետք է բավարարեն տեխնիկական կանոնակարգերով և (կամ) նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները:

3. Սննդամթերքի պատրաստման, մշակման և վերամշակման ժամանակ սննդամթերքին ավելացվող ջուրը պետք է համապատասխանի տեխնիկական կանոնակարգերով և (կամ) նորմատիվ իրավական ակտերով խմելու ջրին ներկայացվող պահանջներին:

4. Արգելվում է սննդամթերքի պատրաստման, մշակման և վերամշակման փուլերում օգտագործել կամ սննդամթերքի արտադրության և պահման համար նախատեսված տարածքներում պահել արգելված սննդային հավելումներ:

Արգելված սննդային հավելումների ցանկը սահմանում է կառավարությունը:

5. Սննդամթերքի արտադրության և պահման պահեստային տարածքների, տեխնոլոգիական սարքավորումների և գործիքների մաքրման ու ախտահանման, ինչպես նաև միջատների և կրծողների դեմ օգտագործվող պայքարի միջոցները, սարքերը և նյութերը չպետք է աղտոտեն սննդամթերքը կամ վնասեն դրա հատկությունները և դրանով վտանգեն մարդու առողջությունը:

6. Սննդամթերքի արտադրության (բացառությամբ հանրային սննդի) տեխնոլոգիական գործելակարգը (ռեժիմը) և տեխնոլոգիական գործընթացը պետք է իրականացվեն տվյալ սննդամթերքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան:

7. Սննդամթերքի անվտանգությունն ապահովելու նպատակով ներդրվում է վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման (ՎԱՎԿԿՀ) համակարգի սկզբունքների վրա հիմնված ինքնահսկման համակարգ:

Վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման (ՎԱՎԿԿՀ) համակարգի ներդրման աշխատանքներին աջակցելու նպատակով լիազոր մարմինը, ըստ արտադրության ոլորտների, իրականացնում է մեթոդական ձեռնարկների թողարկում և կազմակերպում է ուսուցում:

Վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման (ՎԱՎԿԿՀ) համակարգի ներդրման ժամանակացույցը, ըստ արտադրության ոլորտների, սահմանում է կառավարությունը:

(6-րդ հոդվածը լրաց. 07.02.12 ՀՕ-16-Ն)

Հոդված 7. Սննդի շղթայի փուլերին և աշխատակիցներին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները

 

1. Սննդի շղթայի փուլերը պետք է իրականացվեն սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի նորմատիվ իրավական ակտերով սահմանված սանիտարական կանոններին և հիգիենիկ նորմերին համապատասխան:

2. Սննդամթերքի փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցները պետք է ապահովեն սննդամթերքի որակական հատկությունների պահպանությունը, չվնասեն դրա փաթեթավորումը և պաշտպանեն աղտոտումից՝ սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի նորմատիվ իրավական ակտերով սահմանված սանիտարական կանոններին և հիգիենիկ նորմերին համապատասխան:

3. Սննդամթերքի փոխադրումը պետք է իրականացվի սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի նորմատիվ իրավական ակտերով սահմանված սանիտարական կանոններին և հիգիենիկ նորմերին համապատասխանող փոխադրամիջոցներով:

4. Սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերի համար նախատեսված տարածքները պետք է կառուցվեն, կահավորվեն, վերանորոգվեն և պահպանվեն սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի նորմատիվ իրավական ակտերով սահմանված տվյալ սննդամթերքին ներկայացվող պահանջներին համապատասխան:

5. Սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերում սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներն օրենքով սահմանված կարգով պետք է ենթարկվեն բժշկական զննության:

 

 

Հոդված 7.1.

Նորահայտ, ճառագայթահարմամբ մշակված, հատուկ նշանակության սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների շուկայահանումը

 

1. Նորահայտ, ճառագայթահարմամբ մշակված, հատուկ նշանակության սննդամթերքը, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումները և (կամ) դրանց բաղադրիչները պետք է անվտանգ լինեն մարդու կյանքի, առողջության ու շրջակա միջավայրի համար:

2. Սննդամթերքի մշակումը ճառագայթահարմամբ պետք է իրականացվի, եթե առկա է դրա տեխնոլոգիական անհրաժեշտությունը, հետևյալ նպատակներով`

1) միկրոօրգանիզմների ոչնչացմամբ` փտման (փչացման) ընթացքի դադարեցման կամ դանդաղեցման և սննդային թունավորումների վտանգի նվազեցման.

2) հասունացման, ծլման կամ ծլարձակման ընթացքի դանդաղեցմամբ` պահման ժամանակ սննդամթերքի կորուստների կրճատման.

3) բուսական ծագման սննդամթերքի և բույսերի համար վնասակար օրգանիզմների ոչնչացման:

3. Արգելվում է ճառագայթահարմամբ մշակված և ճառագայթահարմամբ մշակված բաղադրամաս պարունակող հատուկ նշանակության սննդամթերքի արտադրությունը, ներմուծումն ու շուկայահանումը:

4. Արգելվում է հատուկ նշանակության սննդամթերքի արտադրությունում գենետիկորեն ձևափոխված մթերքի, կերային հավելումների և կենդանիների աճի խթանիչների, այդ թվում` հորմոնալ միջոցների օգտագործումը:

5. Արգելվում է սննդամթերքի արտադրությունում կենդանիների աճի խթանիչների, այդ թվում` հորմոնալ միջոցների, ինչպես նաև արգելված դեղամիջոցների մնացորդներ պարունակող պարենային հումքի օգտագործումը:

6. Լիազոր մարմինը վարում է Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ արտադրվող և շուկայահանվող նորահայտ, ճառագայթահարմամբ մշակված, հատուկ նշանակության սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների (բացառությամբ հանրային սննդի) տվյալների շտեմարանը, որը պարունակում է արտադրանքի անվանումը, տեսակը, նշանակությունը, հիմնական բաղադրիչները, սննդային արժեքը և արտադրող կամ ներմուծող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ տվյալները (անվանումը, գտնվելու վայրը):

7. Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ արտադրվող և շուկայահանվող նորահայտ, ճառագայթահարմամբ մշակված, հատուկ նշանակության սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների շտեմարանի վարման և տվյալների հրապարակման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

(7.1-ին հոդվածը լրաց. 07.02.12 ՀՕ-16-Ն)

Հոդված 8. Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների անվտանգությանը, մակնշմանը և փաթեթավորմանը ներկայացվող պահանջները

(վերնագիրը լրաց. 07.02.12 ՀՕ-16-Ն)


 

1. Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող նյութերը և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումները պետք է բավարարեն սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի տեխնիկական կանոնակարգերով և (կամ) նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները:

2. Հայաստանի Հանրապետությունում արտադրված, վերամշակված, փաթեթավորված սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող նյութերը և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումները (բացառությամբ արտահանվողի) մակնշվում են հայերենով:

3. Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների մակնշումը հայերենով պետք է ներառի`

ա) անվանումը, զտաքաշը կամ ծավալը.

բ) սննդամթերքի հիմնական բաղադրիչների ցանկը.

գ) սննդամթերքի մեջ օգտագործված սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ցանկը (եթե այդպիսիք կան).

դ) արտադրության տարեթիվը, ամիսը, օրը, պահման պայմանները, առանձնակի ցուցումներ պահման մասին (եթե այդպիսիք կան) և պիտանիության ժամկետը:

Պիտանիության ժամկետը կարող է չմակնշվել հետևյալ արտադրատեսակների համար`

- մշակման չենթարկված թարմ պտուղ և բանջարեղեն, ներառյալ` կարտոֆիլ,

- 10 և ավելի ծավ.% սպիրտ պարունակող ոգելից խմիչքներ,

- պինդ շաքարներ,

- քացախ,

- կերակրի աղ.

ե) սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների օգտագործման վերաբերյալ ցուցումներ, եթե առանց դրանց սննդամթերքը չի կարող պատշաճորեն օգտագործվել, առանձնակի հանձնարարականներ դրանց օգտագործման մասին (եթե այդպիսիք կան), տեղեկատվություն՝ դրանց օգտագործման հակացուցումների վերաբերյալ (եթե այդպիսիք կան).

զ) տվյալներ արտադրողի մասին (գտնվելու վայրը և ֆիրմային անվանումը).

է) խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանը.

ը) սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ծագման երկիրը.

թ) ոգելից խմիչքների համար՝ ալկոհոլի պարունակության տոկոսը.

ժ) սննդամթերքի սննդային արժեքը՝ հատուկ նշանակության և Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ արտադրվող և շուկայահանվող սննդամթերքի համար.

ժա) օրենքով սահմանված այլ տեղեկատվություն.

ժբ) «գենետիկորեն ձևափոխված սննդամթերք» մակնշումը, եթե սննդամթերքի բաղադրության մեջ դրա պարունակությունը 0,9 %-ից բարձր է.

ժգ) «նորույթ» մակնշումը` Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ արտադրվող և շուկայահանվող նորահայտ սննդամթերքի առաջին խմբաքանակի համար և տեղեկատվություն սննդամթերքի բնութագրի, հատկանիշի, նշանակության կամ օգտագործման, ինչպես նաև բաղադրության մեջ մտնող այնպիսի նյութերի վերաբերյալ, որոնք չեն պարունակվել մինչ այդ օգտագործվող համարժեք սննդամթերքում և կարող են ազդել որոշակի խմբերի մարդկանց առողջության վրա.

 ժդ) եթե սննդամթերքը մշակվել է ճառագայթահարմամբ, ապա պարտադիր է «ճառագայթահարմամբ մշակված» մակնշումը, իսկ եթե սննդամթերքը պարունակում է ճառագայթահարմամբ մշակված բաղադրիչ, ապա «ճառագայթահարմամբ մշակված» մակնշումը կատարվում է այդ բաղադրիչի համար.

ժե) «արագ սառեցված» մակնշումը, եթե սննդամթերքն այդպիսին է և հստակ ցուցում այն մասին, որ ապասառեցնելուց հետո այն չի կարելի կրկին սառեցնել:

4. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների մակնշումը հայերենով պետք է պարունակի տեղեկություններ, որոնց ձևերին և բովանդակությանը ներկայացվող պահանջները՝ ըստ առանձին տեսականու, սահմանում է կառավարությունը:

5. Արգելվում է շուկայահանված սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների պիտակի վրա զետեղված տեղեկությունների փոփոխությունը:

6. Արգելվում է պիտանիության ժամկետը լրացած սննդամթերքի վերափաթեթավորումը և իրացումը` որպես սննդամթերք:

7. Սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների փաթեթավորման, սպառողական տարայի, պիտակի, լրացուցիչ պիտակի կամ ներդրակի վրա զետեղված տեղեկությունները պետք է լինեն ընթեռնելի, ամբողջական ու հավաստի:

8. Սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների փաթեթավորումը պետք է ապահովի դրանց անվտանգությունն արտադրության և շրջանառության բոլոր փուլերում՝ համաձայն տեխնոլոգիական հրահանգի:

9. Արգելվում է վնասված փաթեթավորումով և մակնշումով սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների իրացումը:

9.1. Արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել և(կամ) Հայաստանի Հանրապետությունում իրացնել կամ հանրային սննդի ծառայության ոլորտում օգտագործել սննդամթերք, սննդամթերքի հետ շփվող նյութեր և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումներ, անկախ այն հանգամանքից, թե պիտանիության ժամկետի նշումը որ լեզվով է կատարված, որոնց`

ա) պիտանիության ժամկետն անցած է.

բ) ընդհանուր պիտանիության ժամկետի լրանալուն մնացել է 30 օրից պակաս, իսկ 120 օրից պակաս պիտանիության ժամկետ ունեցող արտադրանքի դեպքում` 1/4-ից պակաս ժամկետ.

գ) փաթեթավորման կամ տարայի վրա պիտանիության ժամկետը բացակայում է կամ ընթեռնելի չէ.

դ) ժամկետը կրկնակի մակնշված է, կամ արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված է, և նշված է պիտանիության նոր ժամկետ:

Սույն մասի «բ» կետի պահանջը տարածվում է միայն Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների վրա:

9.2. Արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծված սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների հայերեն մակնշումը փակցնել արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետի վրա:

10. Սույն հոդվածի երկրորդ-իններորդ մասերի դրույթները չեն տարածվում հանրային սննդի ոլորտում արտադրվող և տեղում իրացվող սննդամթերքի վրա:

(8-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.09.11 ՀՕ-252-Ն, 07.02.12 ՀՕ-16-Ն)


Հոդված 9. Արտադրության և շրջանառության փուլերում սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների անվտանգության հիմնավորման ընթացակարգը

(վերնագիրը լրաց. 07.02.12 ՀՕ-16-Ն)


 

1. Արգելվում է որևէ սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծումը, օգտագործումը արտադրության մեջ կամ իրացումը, առանց դրանց անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթերի առկայության և հետագծելիության հնարավորության:

Սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթերն են՝

ա) համապատասխանության սերտիֆիկատը կամ համապատասխանության հայտարարագիրը (տեխնիկական կանոնակարգերով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ կառավարության սահմանած համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի և ծառայությունների ցանկով նախատեսված սննդամթերքի համար).

բ) կենդանական ծագման պարենային հումքի համար՝ անասնաբուժասանիտարական նորմերին դրա համապատասխանությունը հավաստող փաստաթուղթը:

2. Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքը և սննդամթերքի հետ շփվող նյութերը ենթակա են համապատասխանության պարտադիր հավաստման՝ օրենքով սահմանված կարգով:

Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի և ծառայությունների ցանկը հաստատում է կառավարությունը:

3. Հայաստանի Հանրապետությունում իրացվող կենդանական ծագման սննդամթերքը, համաձայն «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ենթակա է պարտադիր փորձաքննության:

4. Հայաստանի Հանրապետությունում իրացվող բուսական ծագման սննդամթերքը, համաձայն «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ենթակա է բուսասանիտարական ստուգման:

 5. Սննդամթերքի առևտուրը, ինչպես նաև հանրային սննդի ոլորտում մատուցվող ծառայությունները պետք է համապատասխանեն «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին:

(9-րդ հոդվածը լրաց. 07.02.12 ՀՕ-16-Ն)


 

Հոդված 10. Սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության և շրջանառության փուլերում ընդգրկված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից կատարվող գործառնությունների և դրանց իրականացման տարածքների մասին տեղեկատվության տրամադրումը

(վերնագիրը խմբ. 07.02.12 ՀՕ-16-Ն)

 

1. Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող և ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ գյուղատնտեսական մթերքի ու գյուղատնտեսական կենդանիների վաճառքով և շրջիկ առևտրով զբաղվողների, անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկներ արտադրողների) իրենց կողմից կատարվող գործառնությունների և դրանց իրականացման տարածքների մասին տեղեկատվություն են տրամադրում լիազոր մարմնին:

2. Տեղեկատվությունը տրամադրվում է հետևյալ ժամկետներում`

1) օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործառնություններ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը` օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում.

2) օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո գործառնություններ սկսող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը` մինչև գործառնություններ սկսելը:

3. Ներկայացվող տեղեկատվությունը պետք է պարունակի հետևյալ տվյալները`

1) իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և գործառնության տեսակը.

2) գործունեության իրականացման վայրը:

4. Ներկայացված տեղեկատվության տվյալներում տեղի ունեցած փոփոխության դեպքում այդ մասին լրացուցիչ տեղեկացվում է լիազոր մարմնին:

5. Տնտեսավարողը նշված տեղեկատվությունը կարող է փոխանցել անձամբ լիազոր մարմնին հանձնելու, փոստային նամակի, ֆաքսի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

6. Լիազոր մարմինը ստեղծում է սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող և ծառայություններ մատուցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից կատարվող գործառնությունների և դրանց իրականացման տարածքների տեղեկատվական բանկ, որում ներառվում են հետևյալ տեղեկությունները`

 1) իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և գործառնության տեսակը.

 2) գործունեության իրականացման վայրը:

(10-րդ հոդվածը խմբ. 07.02.12 ՀՕ-16-Ն)

Հոդված 11. Վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի և վտանգավոր սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ներմուծման, օգտագործման և իրացման սահմանափակումները

(վերնագիրը լրաց. 07.02.12 ՀՕ-16-Ն)

 

1. Արգելվում է ներմուծել, արտադրել, իրացնել կամ հանրային սննդի ծառայությունների ոլորտում օգտագործել վտանգավոր և կեղծված սննդամթերք, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր և կեղծված նյութեր և վտանգավոր ու կեղծված սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումներ:

2. Եթե վտանգավոր սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերը կամ վտանգավոր սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումները վերաբերում են խմբաքանակի մի մասին, ապա տվյալ խմբաքանակի մեջ մտնող սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող նյութերը կամ սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումներն ամբողջությամբ համարվում են վտանգավոր (եթե փորձաքննությամբ չի հիմնավորվել խմբաքանակի մնացած մասի անվտանգ լինելը):

3. Եթե սննդամթերքի առանձին տեսականու անվտանգության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված են լրացուցիչ պահանջներ և (կամ) ցուցումներ, և սննդամթերքը համապատասխանում է դրանց, ապա տվյալ սննդամթերքը համարվում է անվտանգ միայն այդ պահանջների և (կամ) ցուցումների տեսանկյունից:

Այդպիսի սննդամթերքը նույնպես պետք է բավարարի սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի տեխնիկական կանոնակարգերով և նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները:

(11-րդ հոդվածը լրաց. 07.02.12 ՀՕ-16-Ն)

Հոդված 12. Շուկայից վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի և վտանգավոր սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների հետկանչումը, օգտահանումը և ոչնչացումը

(վերնագիրը լրաց. 07.02.12 ՀՕ-16-Ն)

 

1. Վտանգավոր սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերը և վտանգավոր սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումները ենթակա են առանձին հաշվառման ու պահման, շուկայից հետկանչման և փորձաքննության:

2. Վտանգավոր սննդամթերք, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութեր և վտանգավոր սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումներ տնօրինողը դրա վտանգավոր լինելու կամ վտանգավոր լինելու վերաբերյալ հիմնավոր կասկած ունենալու դեպքում կամ այդ մասին տեղեկացվելուց հետո պարտավոր է անհապաղ սկսել հետկանչման գործընթաց՝ ձեռնարկելով հետևյալ քայլերը՝

ա) տվյալ խմբաքանակի սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող նյութերը և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումները ենթարկել առանձին հաշվառման ու պահման.

բ) այդ մասին տեղեկացնել տվյալ սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների մատակարարին, ձեռք բերողին և լիազոր մարմնին:

3. Լիազոր մարմինն իրականացնում է հայտնաբերված վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի և վտանգավոր սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ամբողջ խմբաքանակի շուկայից հետկանչման գործընթացի վերահսկողությունը և դրա շրջանառության հետ կապված ռիսկի տեսակի, ծավալի և աստիճանի վերլուծությունը, ինչպես նաև այդ մասին, ըստ անհրաժեշտության, զանգվածային լրատվության միջոցներով իրազեկում է ազգաբնակչությանը:

Եթե վտանգավոր սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերը և վտանգավոր սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումներն իրացվել են սպառողին, ապա վաճառողը պարտավոր է հետ վերցնել այդ սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող նյութերը և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումները և «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բավարարել սպառողների պահանջները:

4. Օրենքով սահմանված կարգով հավատարմագրված լաբորատորիայի կատարած փորձաքննության արդյունքների հիման վրա վտանգավոր խմբաքանակի սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող նյութերը և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումները ենթակա են առանձին հաշվառման ու պահման՝ հետագայում օգտահանելու կամ ոչնչացնելու համար:

5. Վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի և վտանգավոր սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների հետկանչումը, փորձաքննությունը, փոխադրումը, պահումը, օգտահանումը կամ ոչնչացումը կատարվում է տվյալ սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող նյութերը և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումները տնօրինողի միջոցների հաշվին:

6. Վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի և վտանգավոր սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների օգտահանման և ոչնչացման կարգը սահմանում է կառավարությունը:

7. Արտադրության փուլում վտանգավոր սննդամթերքի կամ վտանգավոր սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների թողարկում հայտնաբերելու դեպքում վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինն իրավունք ունի խախտումը հայտնաբերած տեսուչի եզրակացության հիման վրա արգելելու տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները:

Արտադրական գործունեության կամ այդ գործունեության առանձին գործառույթների արգելման մասին լիազոր մարմնի ղեկավարը կայացնում է որոշում, որն ուժի մեջ է մտնում տնտեսավարող սուբյեկտին պատշաճ ձևով հանձնելու պահից:

Խախտում հայտնաբերած լիազոր մարմնի տեսուչն իրավունք ունի անմիջապես ժամանակավորապես կասեցնելու արտադրական գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները և տնտեսավարող սուբյեկտին տալ հանձնարարականներ ու ցուցումներ՝ խախտումը կամ վտանգի աղբյուրը վերացնելու համար:

Եթե արտադրական գործունեության կամ այդ գործունեության առանձին գործառույթների կասեցման մասին որոշումը կայացնելու օրվանից երեք օրվա ընթացքում խախտումը հայտնաբերած տեսուչի եզրակացությունը վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ չի հաստատվում, ապա կասեցման մասին որոշումը համարվում է անվավեր: Այդ դեպքում վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի տեսուչը պարտավոր է փոխհատուցել կասեցման հետևանքով տնտեսավարող սուբյեկտին պատճառված վնասը:

Տնտեսավարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում արտադրության փուլում վտանգավոր սննդամթերք թողարկելու համար:

Վտանգի աղբյուրը վերացնելու ուղղությամբ կիրառվող միջոցառումները տնտեսավարող սուբյեկտն իրականացնում է իր միջոցների հաշվին:

8. Արգելքը վերացվում է վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան որոշմամբ՝ խախտումը հայտնաբերած տեսուչի եզրակացության հիման վրա:

(12-րդ հոդվածը լրաց. 07.02.12 ՀՕ-16-Ն)

Հոդված 13. Սննդամթերքի անվտանգության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինների համագործակցությունը

 

1. Սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության և շրջանառության փուլերում դրանց անվտանգությանն առնչվող գործառույթներ իրականացնող պետական կառավարման լիազոր մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում կատարած ուսումնասիրությունների, վերլուծությունների, բացահայտած խախտումների ու թերությունների, հայտնաբերած վտանգավոր սննդամթերքի, դրա հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների մասին տեղեկատվությունը պարբերաբար փոխանցում են միմյանց:

Սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության և շրջանառության փուլերում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինները «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխանության գնահատման ազգային մարմին ներկայացնում է տեղեկատվություն սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության և շրջանառության փուլերում իրականացված պետական վերահսկողության արդյունքների մասին:

Տեղեկատվությունների տրամադրման կարգերը և ձևերը սահմանում է կառավարությունը:

2. Սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության և շրջանառության փուլերում դրանց անվտանգությանն առնչվող գործառույթներ իրականացնող պետական կառավարման լիազոր մարմինները սննդային թունավորումների և համաճարակների բռնկման դեպքում համատեղ մշակում և իրականացնում են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ:

(13-րդ հոդվածը լրաց. 07.02.12 ՀՕ-16-Ն)


 

Հոդված 14. Սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների գովազդին ներկայացվող պահանջները

(վերնագիրը լրաց. 07.02.12 ՀՕ-16-Ն)

 

1. Արգելվում են գովազդել այն սննդամթերքը և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումները, որոնք չունեն դրա անվտանգությունը հիմնավորող փաստաթղթեր:

2. Արգելվում է սննդամթերքի բուժիչ հատկությունների, ինչպես նաև հատուկ նշանակության սննդամթերքի գովազդն առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցման:

3. Արգելվում է ապրանքային նշանների կամ ֆիրմային անվանումների գովազդը, եթե այդ ապրանքային նշաններով կամ ֆիրմային անվանումներով թողարկվում են սննդամթերքի այնպիսի տեսակներ, որոնց նկատմամբ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսվել են որոշակի սահմանափակումներ:

(14-րդ հոդվածը լրաց. 07.02.12 ՀՕ-16-Ն)


 

Հոդված 15. Սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների անվտանգության պետական վերահսկողությունը

(վերնագիրը լրաց. 07.02.12 ՀՕ-16-Ն)

 

1. Արտադրության և շրջանառության բոլոր փուլերում սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների անվտանգության պետական վերահսկողությունն իրականացնում է կառավարությունը՝ իր լիազորած մարմինների միջոցով:

Պետական վերահսկողությունն իրականացվում է՝

ա) սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության և շրջանառության փուլերում օգտագործվող տրանսպորտային միջոցներին, արտադրամասերին, պահեստային և այլ տարածքներին նորմատիվ իրավական ակտերով ներկայացվող պահանջների և կանոնների պահպանման նկատմամբ.

բ) սննդամթերքի արտադրության համար օգտագործվող պարենային հումքին, ջրին, օժանդակ նյութերին, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումներին, սննդամթերքի հետ շփվող նյութերին և վերամշակված սննդամթերքին տեխնիկական կանոնակարգերով կամ նորմատիվ իրավական ակտերով ներկայացվող պահանջների և պահման պայմաններին ներկայացվող պահանջների ապահովման նկատմամբ.

գ) տեխնոլոգիական հրահանգներում ամրագրված տեխնոլոգիական սարքավորումների և տեխնոլոգիական գործելակարգերի (ռեժիմների) ապահովման (բացառությամբ հանրային սննդի) նկատմամբ.

դ) ախտահանող նյութերի և կրծողների ու վնասատուների դեմ պայքարի միջոցների օգտագործմանը ներկայացվող պահանջների և դրանց պահման պայմանների ապահովման նկատմամբ.

ե) մակնշմանը ներկայացվող պահանջների ապահովման նկատմամբ.

զ) օրենքով նախատեսված այլ գործընթացների նկատմամբ:

2. Սննդամթերքի անվտանգության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության նպատակով իրականացվող փորձարկումները կատարվում են կառավարության սահմանած կարգով մրցույթի արդյունքում լիազորված փորձարկման լաբորատորիաներում:

4. Սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության և շրջանառության փուլերում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի տեսուչները, «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, պետք է ունենան համապատասխանության գնահատման բնագավառի փորձագետի որակավորում, ինչն ամրագրվում է տվյալ պաշտոնի համար սահմանված քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրում:

(15-րդ հոդվածը լրաց. 07.02.12 ՀՕ-16-Ն)

 

Հոդված 15.1.

Դիտարկումների իրականացումը

 

1. Դիտարկումն իրականացվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա, որտեղ նշվում են դիտարկում իրականացնող մարմնի անվանումը, դիտարկում իրականացնող անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, դիտարկման նպատակը, ժամանակահատվածը և դիտարկվող հարցերի շրջանակը:

2. Դիտարկում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) կողմից լրացվում է դիտարկման թերթիկը 2 օրինակից, որի մեկ օրինակը դիտարկումն ավարտվելուց հետո տրվում է տնտեսավարող սուբյեկտին:

3. Դիտարկման թերթիկի ձևը հաստատում է լիազոր մարմինը և հրապարակում իր պաշտոնական ինտերնետային կայքում:

4. Լրացված դիտարկման թերթիկը ստորագրում են դիտարկում իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) և տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը:

5. Դիտարկման ընթացքում իրականացվում են՝

1) դիտարկման թերթիկով սահմանված տվյալների հավաքում.

2) սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների մակնշմանը ներկայացվող պահանջներին անհամապատասխանության դեպքում` իրացման (վաճառքի) կասեցում և նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության համար.

3) կենդանական ծագման մթերքի պահման պայմանների անհամապատասխանության դեպքում` իրացման (վաճառքի) կասեցում և նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության համար.

4) լաբորատոր փորձաքննության արդյունքում վտանգավոր ճանաչված և (կամ) պիտանիության ժամկետն անցած սննդամթերքի իրացման (վաճառքի) արգելում: Կասեցման դեպքում դիտարկումն իրականացնող անձը կազմում է կասեցման վերաբերյալ արձանագրություն, որտեղ նշվում են կասեցման պատճառը և կասեցման ժամկետը: Կասեցման ժամկետը չի կարող գերազանցել լաբորատոր փորձաքննության համար նախատեսված առավելագույն ժամկետը:

6. Սույն հոդվածով սահմանված դիտարկման տևողությունը յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտում չպետք է գերազանցի երկու աշխատանքային օրը: Դիտարկման ընթացքում վերցված նմուշների փորձաքննության անցկացման դեպքում դիտարկման տևողությունը կասեցվում է այդ փորձաքննության ժամկետով:

7. Լիազոր մարմինը դիտարկման ընթացքում սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների մակնշման մեջ առկա տեղեկատվության համապատասխանությունը որոշելու նպատակով կարող է իրականացնել նաև հսկիչ գնում, որի անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8. Սույն հոդվածով սահմանված դիտարկման արդյունքում վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվում:

9. Դիտարկման արդյունքները տեղադրվում են լիազոր մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:

(15.1-ին հոդվածը լրաց. 07.02.12 ՀՕ-16-Ն)

Հոդված 15.2.

Ներմուծվող սննդամթերքի և կենդանական ծագման մթերքի զննման և ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար վճարման կարգը

 

1. Լիազոր մարմնի կազմում գործող սահմանային հսկիչ կետի տեսուչը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանությունը պարզելու նպատակով սահմանային անցումային կետում զննում է ներմուծվող սննդամթերքը և կենդանական ծագման մթերքը և որոշում ուղեկցող փաստաթղթերին համապատասխանությունը: Զննման ընթացքում ուսումնասիրվում են միայն փաստաթղթեր, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերի:

2. Ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի զննման և ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար տնտեսավարող սուբյեկտից գանձվում է վճար՝

1) կես տոննայից մինչև մեկ տոննա քաշի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չափով.

2) մեկ տոննան գերազանցող քաշի դեպքում՝ լրացուցիչ յուրաքանչյուր տոննայի համար 300 դրամի չափով:

3. Մինչև կես տոննա քաշի համար վճար չի գանձվում:

4. Սույն հոդվածի երկրորդ մասի իմաստով քաշի մեկ միավոր է համարվում ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի մեկ խմբաքանակը:

5. Ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի զննման և ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար տնտեսավարող սուբյեկտից գանձված վճարը փոխանցվում է լիազոր մարմնի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի հատուկ հաշվին, որում գոյացած միջոցներն օգտագործվում են լիազոր մարմնի աշխատակիցների խրախուսման և համակարգի զարգացման նպատակով: Լիազոր մարմնի նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(15.2-րդ հոդվածը լրաց. 07.02.12 ՀՕ-16-Ն)

Հոդված 15.3.

Ներմուծվող սննդամթերքի և կենդանական ծագման մթերքի լաբորատոր փորձաքննությունը և փորձաքննության համար վճարման կարգը

 

1. Ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի փորձաքննության իրականացման դեպքերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Փորձաքննությունն իրականացվում է լիազոր մարմնի` յուրաքանչյուր տարվա համար հայտարարած մրցույթում (այսուհետ՝ մրցույթ) հաղթող ճանաչված մասնագիտացված կազմակերպությունների (այսուհետ՝ կազմակերպություններ) կողմից:

3. Փորձաքննություն կատարելու համար սննդամթերք և (կամ) կենդանական ծագման մթերք ներմուծող տնտեսավարող սուբյեկտից գանձվում է փորձաքննության վճար՝ մրցույթի արդյունքում ըստ փորձաքննությունների ձևավորված գնացուցակի համաձայն:

4. Փորձաքննության վճարը փոխանցվում է լիազոր մարմնի հատուկ հաշվին, որը հետագայում փոխանցվում է փորձաքննություն կատարած կազմակերպություններին՝ յուրաքանչյուր փորձաքննության համար՝ գնացուցակով սահմանված չափով:

(15.3-րդ հոդվածը լրաց. 07.02.12 ՀՕ-16-Ն)


Գ Լ ՈՒ Խ  3

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ՍՆՆԴԱՅԻՆ ու կենսաբանական ակտիվ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԵՐՈՒՄ  ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԻՏԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(վերնագիրը լրաց. 07.02.12 ՀՕ-16-Ն)

Հոդված 16. Սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող և ծառայություններ մատուցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի իրավունքները և պարտականությունները

(վերնագիրը լրաց. 07.02.12 ՀՕ-16-Ն)

 

1. Սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող և ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը իրավունք ունեն`

ա) լիազոր մարմնից ստանալու սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի իրավական ակտերի, ինչպես նաև սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառնությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն.

բ) վերադասության կամ դատական կարգով բողոքարկելու լիազոր մարմնի և վերահսկողություն իրականացնող տեսուչի գործողությունները և որոշումները:

2. Սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության և շրջանառության փուլերում գործառնություններ իրականացնող և ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են`

ա) ապահովել սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության և շրջանառության փուլերը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների հետ կապված գործառնությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների կատարումը.

բ) Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ արտադրվող և շուկայահանվող նորահայտ, ճառագայթահարմամբ մշակված, հատուկ նշանակության սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների (բացառությամբ հանրային սննդի) տվյալների շտեմարանում ընդգրկելու համար լիազոր մարմնի սահմանած կարգով տրամադրել իրենց կողմից արտադրվող և (կամ) շուկայահանվող այդպիսի արտադրանքի վերաբերյալ սույն օրենքով սահմանված տեղեկատվությունը.

գ) տրամադրել սույն օրենքով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթեր, ապահովել պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի տեսուչների մուտքը համապատասխան արտադրամասեր, անվճար տրամադրել փորձաքննության համար անհրաժեշտ նմուշներ:

Փորձաքննության համար նմուշառման կարգը սահմանում է կառավարությունը.

դ) ռիսկի վերլուծության նպատակով լիազոր մարմնին տրամադրել տվյալներ վտանգավոր սննդամթերքի, դրա հետ շփվող նյութերի կամ սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների հետագծելիությունը որոշելու համար.

ե) լիազոր մարմնի հետ համատեղ կազմակերպել միջոցառումներ վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի կամ սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների հետ կապված ռիսկի կանխարգելման կամ նվազեցման ուղղությամբ.

զ) իրենց գործունեության ընթացքում ապահովել շրջակա միջավայրի պաշտպանությունը.

է) իրականացնել սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ պարտականություններ:

2.1. (մասը 07.02.12 ՀՕ-16-Ն օրենքի լրացմամբ ուժի մեջ կմտնի 01.01.18թ.)

(16-րդ հոդվածը լրաց., խմբ.  07.02.12 ՀՕ-16-Ն)


 

Հոդված 17. Սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության և շրջանառության փուլերում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի տեսուչների իրավունքները և պարտականությունները

(վերնագիրը լրաց. 07.02.12 ՀՕ-16-Ն)

 

1. Սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների արտադրության և շրջանառության փուլերում պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի տեսուչներն իրավունք ունեն`

ա) առանց խոչընդոտների ստանալու իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, մուտք գործելու համապատասխան արտադրամասեր, պահեստային և այլ տարածքներ և վերցնելու փորձաքննության համար անհրաժեշտ նմուշներ.

բ) վերահսկողության ընթացքում սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների հետ կապված գործառնությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտումների հայտնաբերման և սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի կամ սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների վտանգավոր լինելու վերաբերյալ փաստացի հիմնավորված կասկածների դեպքում սույն օրենքի դրույթների և իրենց իրավասությունների շրջանակներում կիրառելու սահմանափակումներ.

գ) իրականացնելու օրենքով սահմանված այլ իրավունքներ:

2. Պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի տեսուչները պարտավոր են`

ա) բացահայտված խախտումներն ու թերությունները վերացնելու նպատակով տալ պարտադիր կատարման համար ցուցումներ և հսկողություն սահմանել դրանց իրականացման նկատմամբ.

բ) ապահովել իրենց լիազորությունների իրականացման ընթացքում ձեռք բերված առևտրային գաղտնիք համարվող տեղեկատվության գաղտնիությունը.

գ) վերահսկողության իրականացման ընթացքում անհարկի չխոչընդոտել տնտեսավարող սուբյեկտների բնականոն գործունեությունը.

դ) իրականացնել սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ պարտականություններ:

(17-րդ հոդվածը լրաց. 07.02.12 ՀՕ-16-Ն)

 

Հոդված 17.1.

Դիտարկումն իրականացնող անձանց իրավունքները

 

1. Դիտարկումն իրականացնող անձինք իրենց լիազորություններն իրականացնելիս իրավունք ունեն`

ա) տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործելու տնտեսավարող սուբյեկտի դիտարկվող ստորաբաժանումներ.

բ) պահանջելու փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց իրավասության շրջանակներում իրականացվող դիտարկման նպատակներին.

գ) անհրաժեշտության դեպքում դիտարկումներին ներգրավելու տնտեսավարող սուբյեկտի մասնագետներին` տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի համաձայնությամբ.

դ) սահմանելու ժամկետներ` բացահայտված այն թերությունների և խախտումների վերացման համար, որոնք չեն առաջացնում քրեական կամ վարչական պատասխանատվություն.

ե) դիտարկման ցանկացած փուլում առանձին հարցերի պարզաբանման նպատակով դիտարկմանը ներգրավելու տնտեսավարող սուբյեկտի կողմից իրականացվող տնտեսական գործունեության ոլորտի համապատասխան մասնագետների և թարգմանիչների:

(17.1-ին հոդվածը լրաց. 07.02.12 ՀՕ-16-Ն)

 

Հոդված 17.2.

Դիտարկումն իրականացնող անձանց պարտականությունները

 

1. Դիտարկումն իրականացնող անձինք պարտավոր են`

ա) պահպանել դիտարկման հետ առնչվող` Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները.

բ) առանց տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի գրավոր համաձայնության` չհրապարակել դիտարկման ընթացքում իրեն (իրենց) հայտնի դարձած տնտեսավարող սուբյեկտի գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները, գործունեության մասին ցանկացած ծրագրի կամ մշակման, գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի մասին տեղեկությունները և դրա վերաբերյալ ցանկացած այլ տեղեկատվություն, որը տնտեսավարող սուբյեկտը մտադիր է եղել գաղտնի պահել, և դիտարկում իրականացնող անձը (անձինք) տեղյակ է (են) կամ կարող է (են) տեղյակ լինել այդ մտադրության վերաբերյալ, ինչպես նաև առևտրային գաղտնիք համարվող տեղեկություններ (այսուհետ` տեղեկություն):

Սույն օրենքի իմաստով` տեղեկության հրապարակում է համարվում տեղեկությունը բանավոր կամ գրավոր ձևով զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ հրապարակելը կամ տարածելը, երրորդ անձին կամ անձանց հայտնի դարձնելը.

գ) պահպանել տնտեսավարող սուբյեկտի` օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված իրավունքներն ու շահերը.

դ) չխոչընդոտել տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին.

ե) իրենց իրավունքների և պարտականությունների մասին տեղեկացնել տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց.

զ) դիտարկման ընթացքում գրավոր պատասխանել տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի` դիտարկման հետ առնչվող, անմիջականորեն տնտեսավարող սուբյեկտի դիտարկվող ժամանակաշրջանին վերաբերող ցանկացած գրավոր հարցման:

(17.2-րդ հոդվածը լրաց. 07.02.12 ՀՕ-16-Ն)

 

Հոդված 17.3.

Տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց իրավունքները

 

1. Տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձինք իրավունք ունեն`

ա) ծանոթանալու դիտարկումների արձանագրություններին.

բ) ներկայացնելու բացատրություններ, պարզաբանումներ, հարուցելու միջնորդություններ, օրենքով սահմանված կարգով բողոքարկելու դիտարկումն իրականացնող անձանց գործողությունները.

գ) պահանջելու դիտարկումն իրականացնող անձանց ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասի հատուցում.

դ) չկատարելու դիտարկումն իրականացնող անձանց իրավասություններից, ինչպես նաև դիտարկման նպատակներից և ծրագրերից չբխող պահանջներ.

ե) դիտարկվող տնտեսավարող սուբյեկտի շահերի պաշտպանության նպատակով դիտարկման ցանկացած փուլում դիտարկմանը մասնակից դարձնելու մասնագետների, փորձագետների, աուդիտորների, փաստաբանների:

(17.3-րդ հոդվածը լրաց. 07.02.12 ՀՕ-16-Ն)

 

Հոդված 17.4.

Տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց պարտականությունները

 

1. Տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձինք պարտավոր են`

ա) չխոչընդոտել դիտարկումների ընթացքին, կատարել դիտարկումն իրականացնող անձանց օրինական պահանջները.

բ) անհրաժեշտ պայմաններ ստեղծել դիտարկումն իրականացնող անձանց գործունեության համար:

(17.4-րդ հոդվածը լրաց. 07.02.12 ՀՕ-16-Ն)

 

Հոդված 17.5.

Դիտարկումն իրականացնող անձանց պատասխանատվությունը և գործողությունների բողոքարկումը

 

1. Սույն օրենքի պահանջների խախտմամբ դիտարկում իրականացնող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Դիտարկումն իրականացնող անձանց գործողությունները, ինչպես նաև դիտարկման արդյունքում կազմված փաստաթղթերը երկու ամսվա ընթացքում (եթե օրենքով այլ բան չի նախատեսվում) կարող են բողոքարկվել այն պետական մարմին, որին անմիջականորեն ենթարկվում է (են) դիտարկող անձը (անձինք), կամ դատարան:

3. Ընդունված որոշմանը չհամաձայնելու դեպքում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն իրավունք ունի բողոքարկելու դատարան:

(17.5-րդ հոդվածը լրաց. 07.02.12 ՀՕ-16-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ, ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ


Հոդված 18. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

 

Սույն օրենքի դրույթները խախտողները կրում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

Հոդված 19. Եզրափակիչ և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Սույն օրենքի`

ա) 6-րդ հոդվածի յոթերորդ մասն ուժի մեջ է մտնում կառավարության սահմանած ժամանակացույցով.

 բ) 8-րդ հոդվածի չորրորդ մասն ուժի մեջ է մտնում կառավարության սահմանած ժամանակացույցով.

գ) 8-րդ հոդվածի չորրորդ մասն ուժի մեջ մտնելուց հետո նույն հոդվածի երրորդ մասը՝ Հայաստանի Հանրապետությունում իրացվող ներմուծված սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների մասով համարվում է ուժը կորցրած:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-25 օրենքը:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. դեկտեմբերի 15
Երևան
ՀՕ-193-Ն