Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-355-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (19.01.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.01.09/2(876) Հոդ.22
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
08.12.2011
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
29.12.2011
Дата вступления в силу
19.01.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի դեկտեմբերի 8-ին

 

«ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասում «90» թիվը փոխարինել «180» թվով:

 

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

 

«4.1. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված պետությունների ազգությամբ հայ քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում կարող են ստանալ մուտքի վիզա առանց հրավերի: Ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասում «կարող է մերժվել» բառերը փոխարինել «մերժվում է» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 12. Հայաստանի Հանրապետությունից ելքը

 

1. Օտարերկրացիները Հայաստանի Հանրապետությունից կարող են դուրս գալ վավերական անձնագրի և մինչև դուրս գալու պահը Հայաստանի Հանրապետության տարածքում նրանց օրինական գտնվելը կամ բնակվելը հավաստող վավերական փաստաթղթի առկայության դեպքում, եթե այլ կարգ նախատեսված չէ օրենքով կամ միջազգային պայմանագրերով:

2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով վարչական պատասխանատվության ենթարկված օտարերկրացին առանց վավերական անձնագրի և մինչև Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու պահը Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական գտնվելը կամ բնակվելը հավաստող վավերական փաստաթղթի կարող է դուրս գալ Հայաստանի Հանրապետության տարածքից տուգանքի վճարման մասին անդորրագիրը (տուգանքի վճարումը հավաստող այլ փաստաթուղթը) սահմանային հսկողության մարմնին ներկայացնելու դեպքում:

3. Հայաստանի Հանրապետությունից օտարերկրացու ելքն արգելվում է, եթե օրենքով սահմանված կարգով`

ա) նրա նկատմամբ նշանակվել է այնպիսի պատիժ, որի կրումը հնարավոր է միայն Հայաստանի Հանրապետությունում մինչև պատիժը կրելու ժամկետի ավարտը կամ պատիժը կրելուց օրենքով սահմանված կարգով ազատվելը.

բ) հարուցված քրեական գործով նրա նկատմամբ կիրառվել է խափանման միջոց, բացառությամբ այն դեպքերի, երբ քրեական հետապնդման մարմինը տվյալ անձին Հայաստանի Հանրապետությունից ելքի գրավոր թույլտվություն է տվել:

4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված անձանց մասին տվյալները անհապաղ փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Այն դեպքում, երբ վերանում են հանգամանքները, որոնց ուժով արգելվել է օտարերկրացու ելքը Հայաստանի Հանրապետությունից, իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը պարտավոր է անմիջապես տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնին:»:

 

Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում «և (կամ)» բառերը փոխարինել «կամ» բառով, և նույն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հայաստանի Հանրապետության ցամաքային սահմանով երրորդ երկիր տարանցիկ երթևեկող օտարերկրացիները կարող են տարանցիկ վիզա ստանալ նաև առանց դեպի երրորդ երկիր ուղետոմսեր կամ երրորդ երկրի մուտքի վիզա ներկայացնելու:»:

 

Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի «գ» և «դ» կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը, ծնողը կամ զավակը լինելը, կամ

դ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում մշտական կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու ամուսինը կամ մերձավոր ազգականը (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) լինելը, կամ».

2) 1-ին մասի «զ» կետի «ծագումով հայ» բառերը փոխարինել «ազգությամբ հայ» բառերով.

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի 1-ին մասի «գ» և «դ» կետերով նախատեսված հիմքով ժամանակավոր կարգավիճակ ձեռք բերած օտարերկրացի ամուսինը Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու հետ ամուսնությունը լուծելու կամ անվավեր ճանաչելու դեպքում կարող է դիմել ժամանակավոր կացության կարգավիճակը երկարաձգելու դիմումով, եթե նա ամուսնության մեջ է գտնվել և Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվել է առնվազն մեկ տարի:»:

 

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 16. Մշտական կացության կարգավիճակ տալու հիմքերը և ժամկետները

 

1. Մշտական կացության կարգավիճակը տրվում է օտարերկրացուն, եթե նա`

ա) ապացուցում է Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող ամուսնու կամ մերձավոր ազգականների (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) առկայությունը, Հայաստանի Հանրապետությունում ապահովված է բնակարանով ու գոյության միջոցներով և մինչև մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելն օրենքով սահմանված կարգով առնվազն երեք տարի բնակվել է Հայաստանի Հանրապետությունում կամ

բ) ազգությամբ հայ է կամ Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն:

2. Մշտական կացության կարգավիճակը տրվում է 5 տարի ժամկետով` յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ: Մշտական կացության քարտը երկարաձգելու դիմումը պետք է ներկայացվի մշտական կացության քարտի վավերականության ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ:»:

 

Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում «ծագումով հայ» բառերը փոխարինել «ազգությամբ հայ» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 19-րդ հոդվածը`

 

1) 1-ին մասի «բ» կետի «նախատեսված» բառից հետո լրացնել «միջին ծանրության,» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով.

«Սույն հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետությունում օրինական կարգով բնակվող ամուսին, ծնող կամ զավակ ունեցող անձանց վրա:»:

 

Հոդված 10. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սույն մասով նախատեսված հիմքերով մերժվում է օտարերկրացու կացության կարգավիճակը երկարաձգելու վերաբերյալ դիմումը:»:

 

Հոդված 11. Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերի ցանկը Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 29
Երևան
ՀՕ-355-Ն