ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի դեկտեմբերի 8-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածից հանել «, բացի սույն օրենքով նախատեսված դեպքերից» բառերը:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետում «ծագումով հայ» բառերը փոխարինել «ազգությամբ հայ» բառերով:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի հանձնել օտարերկրյա պետությանը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:»:
Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած և գործունակ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ, օտարերկրյա պետությունում բնակվող (գտնվող) կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվող (գտնվող)» բառերով.
2) ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասի 3-րդ կետը.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«Առանց սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պահանջների պահպանման՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայ անձը:»:
Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածում «չորրորդ» բառը փոխարինել «յոթերորդ» բառով, իսկ «և եթե նա չի զրկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից» բառերը փոխարինել «և եթե նրա քաղաքացիությունը չի դադարեցվել սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով» բառերով:
Հոդված 6. Օրենքի 3-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԵՐԵԽԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԾՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԿԱՄ ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ»:
Հոդված 7. Օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 16. | Երեխայի քաղաքացիությունը ծնողների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած ծնողների երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ձեռք բերում ծնողներից մեկը, իսկ մյուսն օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա նրանց երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե առկա է ծնողների գրավոր համաձայնությունը, կամ եթե երեխան բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, և առկա է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողի համաձայնությունը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած օտարերկրյա քաղաքացիների երեխան, անկախ այլ պետության քաղաքացիություն ունենալու հանգամանքից, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայացված դիմումի հիման վրա:
Սույն հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված դեպքերում 14-18 տարեկան երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար տալիս է գրավոր համաձայնություն:
Հոդված 17. | Երեխայի քաղաքացիությունը ծնողների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու դեպքում |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած ծնողների երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե նա ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն:
Եթե ծնողներից մեկը կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, իսկ մյուսը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ապա նրանց երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե առկա է ծնողների համաձայնությունը, կամ եթե երեխան բնակվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, և առկա է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողի համաձայնությունը:
Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված դեպքերում 14-18 տարեկան երեխան կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը իր գրավոր համաձայնության առակայության դեպքում, եթե չունի պետության հանդեպ չկատարված՝ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պարտավորություններ:»:
Հոդված 8. Օրենքի 22-րդ և 25-րդ հոդվածները ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 9. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 23. | Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցումը |
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու դեպքում.
2) կեղծ փաստաթղթերի կամ կեղծ տվյալների հիման վրա քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում.
3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հիմքերով:»:
Հոդված 10. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) նա ունի պետության հանդեպ չկատարված պարտավորություններ:»:
Հոդված 11. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքի 7-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասը տարածվում է նաև այն անձանց վրա, որոնց ծնողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք են բերել մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. դեկտեմբերի 26 |