ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան, |
ԵԱՔԴ/0150/01/16 | ||||
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան,
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Լ. ԹԱԴևՈՍՅԱՆԻ
Ա. Պողոսյանի |
1 նոյեմբերի 2024 թվական |
ք.Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Նարեկ Արայիկի Պեպանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 31-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2014 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 20141014 քրեական գործը:
2014 թվականի նոյեմբերի 20-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել Նարեկ Արայիկի Պեպանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
2. 2015 թվականի ապրիլի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 10118415 քրեական գործը:
2015 թվականի հուլիսի 29-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել Նարեկ Պեպանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով:
3. 2015 թվականի օգոստոսի 4-ին որոշում է կայացվել թիվ 10118415 քրեական գործը թիվ 20141014 քրեական գործին միացնելու և նախաքննությունը 20141014 համարով շարունակելու մասին:
4. 2015 թվականի հոկտեմբերի 30-ի և 2016 թվականի մարտի 11-ի որոշումներով նախաքննության մարմինը Ն.Պեպանյանին առաջադրված մեղադրանքը փոփոխել, լրացրել և նրան նոր մեղադրանք է առաջադրել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 182-րդ հոդվածի 1-ին մասով և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով:
5. 2016 թվականի մարտի 11-ին որոշում է կայացվել թիվ 20141014 քրեական գործի նյութերով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-182-րդ հոդվածի 1-ին մասով նոր` թիվ 14113916 քրեական գործը հարուցելու մասին:
2016 թվականի հունիսի 1-ին որոշում է կայացվել թիվ 14113916 քրեական գործը թիվ 20141014 քրեական գործին միացնելու և նախաքննությունը 20141014 համարով շարունակելու մասին:
6. 2016 թվականի հունիսի 29-ի որոշումներով նախաքննության մարմինը Ն.Պեպանյանին առաջադրված մեղադրանքը փոփոխել և նրան նոր մեղադրանք է առաջադրել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով:
7. 2016 թվականի հուլիսի 6-ին որոշում է կայացվել թիվ 20141014 քրեական գործից թիվ 14113916 քրեական գործն անջատելու մասին:
8. 2016 թվականի հուլիսի 19-ին թիվ 20141014 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Նարեկ Արայիկի Պեպանյանի՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով, հաստատված մեղադրական եզրակացությամբ ստացվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան և գործին շնորհվել է ԵԱՔԴ/0150/01/16 համարը:
9. 2018 թվականի սեպտեմբերի 8-ին ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 10111018 քրեական գործը:
10. 2019 թվականի հունվարի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 10100519 քրեական գործը:
Նույն օրվա մեկ այլ որոշմամբ թիվ 10100519 քրեական գործը միացվել է թիվ 10111018 քրեական գործին և նախաքննությունը շարունակվել է 10111018 համարի ներքո:
11. 2019 թվականի հունվարի 18-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել Նարեկ Պեպանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով:
12. 2019 թվականի ապրիլի 3-ին քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Նարեկ Պեպանյանի՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով, հաստատված մեղադրական եզրակացությամբ ստացվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և գործին շնորհվել է ԵԴ/0190/01/19 համարը:
2019 թվականի մայիսի 21-ին որոշում է կայացվել թիվ ԵԴ/0190/01/19 քրեական գործը թիվ ԵԱՔԴ/0150/01/16 քրեական գործին միացնելու և գործի քննությունը ԵԱՔԴ/0150/01/16 համարի ներքո շարունակելու մասին:
13. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2022 թվականի մայիսի 26-ի որոշմամբ Ն.Պեպանյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
14. 2023 թվականի ապրիլի 18-ին թիվ ԵԱՔԴ/0150/01/16 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Նարեկ Արայիկի Պեպանյանի՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով և 316-րդ հոդվածի 1-ին մասով, վերաբաշխվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ս.Յուզբաշյանին:
15. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2023 թվականի օգոստոսի 31-ի դատական նիստում մեղադրյալ Ն.Պեպանյանի պաշտպաններ Ա.Սահակյանը և Պ.Սարգսյանը միջնորդություն են ներկայացրել իրենց պաշտպանյալի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 316-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:
16. Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ Ն.Պեպանյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 316-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:
16.1. Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դատավճռով Ն.Պեպանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով` պատժի կրման սկիզբը հաշվելով 2020 թվականի հունվարի 29-ից: Հիշյալ դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ և ի կատար է ածվել:
17. Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 31-ի որոշման դեմ դատախազի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)` 2023 թվականի հոկտեմբերի 31-ի որոշմամբ մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 31-ի որոշումը` թողնվել է անփոփոխ։
18. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի մարտի 14-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
19. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա, ու միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն։
19.1. Այսպես՝ բողոքի հեղինակը, ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնների վերլուծության արդյունքում, եզրահանգել է, որ նոր ընդունված քրեական օրենսդրությամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկման կանոնի հետ կապված առավել նպաստավոր պայմանների նախատեսումը դիտարկվում է որպես հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող նորմ և 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև` ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հետադարձ ուժ ունի միայն օրենքով նախատեսված դեպքում, մինչդեռ նման հնարավորություն օրենքով նախատեսված չէ։ Վերոշարադրյալի հաշվառմամբ բողոքի հեղինակն օրենսդրի կամքից չբխող է համարել Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն առ այն, որ եթե համապատասխանեցման արդյունքում անձին վերագրվող ենթադրյալ արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների խմբին, ապա քրեաիրավական հետևանքները պետք է որոշվեն՝ այդ փաստից ելնելով։
19.2. Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Նարեկ Պեպանյանին վերագրվող ենթադրյալ հանցավոր արարքը, այն կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով դասվել է ծանր հանցագործությունների շարքին, որոնց համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը եղել է տասը տարի։ Գործող քրեական օրենքով` Ն.Պեպանյանին մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, որոնց համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը ևս տասը տարի է։ Այսինքն, քննարկվող երկու դեպքում էլ Նարեկ Պեպանյանին մեղսագրված վերոնշյալ ենթադրյալ հանցավոր արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի է, որը դեռևս չի անցել։
20. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 31-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ կամ վարույթը փոխանցել ստորադաս դատարան` նոր քննության:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
21. Նարեկ Պեպանյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «[Ն]ա, ազատազրկման ձևով պատիժ կրելով քրեակատարողական հիմնարկում, ինքնությունը չպարզված անձանց հետ հանցակցությամբ, խաբեությամբ 2014 թվականի մայիս ամսին մեկ միասնական դիտավորությամբ հափշտակել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 8-րդ փողոցի 3ա տան բնակչուհի Մերի Ցականյանի առանձնապես խոշոր չափերի գույքը` 2.000.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ «Օրիֆլեյմ Քոսմեթիքս» ֆիրմայի օծանելիքներ, 1.000.000 ՀՀ դրամ և 1.074.528 ՀՀ դրամին համարժեք 2.600 ԱՄՆ դոլար կանխիկ գումար:
Այսպես.
Նարեկ Պեպանյանը, ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ և 182-րդ հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու համար ազատազրկման ձևով պատիժ կրելով ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում, 2014 թվականի մարտ ամսվա ընթացքում համացանցի «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքի միջոցով, հանդես գալով «Արման Մարկոսյան» կեղծանվամբ, ծանոթացել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 8-րդ փողոցի 3ա տան բնակչուհի, անչափահաս Նինա Աշոտի Ավետիսյանի հետ, շփվել հաղորդագրությունների միջոցով, ապա փոխանակվել հեռախոսահամարներով` շարունակելով շփումը հեռախոսակապի միջոցով: Հեռախոսազրույցների ընթացքում իմանալով, որ Նինա Ավետիսյանի մայր Մերի Սեմյոնի Ցականյանը հանդիսանում է օծանելիքների վաճառքով զբաղվող «Օրիֆլեյմ Քոսմեթիքս» ՍՊԸ-ի Աբովյան քաղաքի գրասենյակի տնօրեն, վերջինիս մոտ ուրիշի գույքը խաբեությամբ հափշտակելու մտադրություն է ձևավորել: Այդ նպատակով, թաքցնելով ազատազրկման վայրում գտնվելու հանգամանքը, Ն.Ավետիսյանին իր անձի վերաբերյալ սուտ տեղեկություններ է հայտնել` ասելով, որ բարձրագույն կրթություն է ստացել Իտալիայում, որտեղ բնակվում են ծնողները, մասնագիտությամբ հնէաբան է և աշխատում է Էջմիածնում, միաժամանակ, զբաղվում է ոսկերչությամբ: Ընթացքում ասել է նաև, որ իբր սիրահարվել է Ն.Ավետիսյանին ու ամուսնության առաջարկ արել` նշելով, որ ծնողների` ՀՀ գալուց հետո կայցելեն նրանց բնակարան` ծանոթանալու համար: Ապա հեռախոսակապի միջոցով ծանոթացել է Մերի Ցականյանի հետ և հաղորդել դստեր նկատմամբ առաջացած զգացմունքների և ամուսնության հետ կապված մտադրությունների մասին` շարունակելով ստել իր անձի և ընտանիքի մասին տեղեկություններ ներկայացնելիս, մասնավորապես, որ հնէաբան է, զբաղվում է ոսկերչությամբ, իսկ ծնողները բնակվում են Իտալիայում, որտեղ ինքը բարձրագույն կրթություն է ստացել: Զգալով, որ վստահություն է ձեռք բերել Ն.Ավետիսյանի և վերջինիս մոր մոտ, Մերի Ցականյանին ասել է, որ կարող է օժանդակել նրա բիզնեսի զարգացմանը` առևտրի աճին, մասնավորապես, ասելով, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում իր բարեկամներն ունեն օծանելիքի խանութ, ուստի` Մ.Ցականյանը կարող է հետվճարային կարգով ապրանք ուղարկել այնտեղ և վաճառվելուց հետո գումարը ստանալ: Ստանալով Մերի Ցականյանի համաձայնությունը` Ն.Պեպանյանը 2014 թվականի մայիս ամսվա սկզբին իր կողմից օգտագործվող 094-43-49-49 բջջային հեռախոսահամարով զանգահարել է Մ.Ցականյանին և պահանջել է «Օրիֆլեյմ Քոսմեթիքս» ՍՊԸ-ի ֆիրմայի օծանելիքներն ուղարկել իրեն: Մերի Ցականյանն Աբովյան քաղաքում գործող «Ավազար» ԱՁ տաքսի ծառայությանը պատկանող «Տոյոտա Կորոլա» մակնիշի Ա 4043 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ Էդուարդ Մաթևոսյանի հետ պահանջված օծանելիքներն ուղարկել է նախապես պայմանավորված վայր` Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 63 հասցեում գտնվող «Տաշիր պիցցա» հանրային սննդի օբյեկտի մոտ: Ն.Պեպանյանը, բջջային հեռախոսով կապնվելով տաքսու վարորդ Էդուարդ Մաթևոսյանի հետ, հայտնել է, որ իրեն ուղարկված ապրանքը կարող է վերցնել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում, քանի որ աշխատանքի բերումով չի կարող գալ Երևան: Վերջինս հասնելով նշված քաղաք, անծանոթ քաղաքացիներից հարցնելով ճանապարհը, գտել է Ն.Պեպանյանի նշած վայրը, որտեղ Ն.Պեպանյանի հանցակիցը` գործով ինքնությունը չպարզված անձը, հանդես գալով «Արման Մարկոսյանի» (Ն.Պեպանյանի) անունից, ստացել է Մ.Ցականյանի ուղարկված 2.000.000 ՀՀ դրամի ընդհանուր արժողության «Օրիֆլեյմ Քոսմեթիքս» ֆիրմայի օծանելիքները և տնօրինել դրանք, որոնց մի մասը` թվով 12 հատ նոր օծանելիքները, Ն.Պեպանյանն իր հանցակցի` գործով ինքնությունը չպարզված անձի միջոցով վաճառելու նպատակով ուղարկել է եղբոր` Տարոն Պեպանյանի ընկերուհուն` Նելլի Կիրակոսյանին, սակայն վերջինս չկարողանալով վաճառել օծանելիքները, Ն.Պեպանյանի թույլտվությամբ դրանցից 3 հատը վերցրել է իրեն, իսկ մնացածը նույն անձի միջոցով վերադարձրել Ն.Պեպանյանին:
Այնուհետև, Ն.Պեպանյանը, շարունակելով իր հանցավոր մտադրությունը և գիտակցելով, որ Մերի Ցականյանի, ինչպես նաև նրա դստեր մոտ ձեռք է բերել ամուր վստահություն, հեռախոսազանգի միջոցով վերջինիս հայտնել է, որ ոստիկանի է ծեծել, ինչի համար իրեն բերման են ենթարկել Երևան քաղաքի ոստիկանության վարչություն, գտնվում է բանտախցում, գաղտնի է խոսում` ասելով, որ ոստիկաններն իրենից 10.000 ԱՄՆ դոլար են ուզում` ազատ արձակելու համար: Շարունակելով իրականացնել առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելուն ուղղված գործողությունները` Նարեկ Պեպանյանը 2014 թվականի մայիս ամսին Երևան քաղաքի Կոմիտաս պողոտայի 63 հասցեում գործող «Տաշիր Պիցցա» հանրային սննդի օբյեկտի մոտ, ինքնությունը չպարզված հանցակցի միջոցով, հափշտակել է Մերի Ցականյանի կողմից պատվիրված «Ֆոլկսվագեն» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդ Էդգար Արամի Ուզանյանի հետ ուղարկված 1.000.000 ՀՀ դրամ և 1.074.528 ՀՀ դրամին համարժեք 2.600 ԱՄՆ դոլար կանխիկ գումարը` այդ կերպ Մ.Ցականյանից խաբեությամբ հափշտակելով ընդհանուր՝ առանձնապես խոշոր չափերի` 4.074.528 ՀՀ դրամ գումարի գույքը»1։
22. Նարեկ Պեպանյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «[Ն]ա հանդիսանալով ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում ազատազրկման ձևով պատիժը կրող դատապարտյալ, 2018 թվականի օգոստոսի 27-ին ստացիոնար բուժման տեղափոխվելով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի «Անոթային վիրաբուժության բաժանմունք», 2018 թվականի օգոստոսի 29-ին` ժամը 02:00-ից մինչև ժամը 07:15-ն ընկած ժամանակահատվածում, նշված բաժանմունքում հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու դիտավորությամբ, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, առանց պատճառի, բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության և դրանում ընդունված բարոյական և իրավական նորմերի նկատմամբ, խախտել համակեցության ընդհանուր կանոնները, պարբերաբար բարձրաձայն հնչեցրել անհասցե հայհոյանքներ, ձեռքին առկա ձեռնափայտով հարվածներ հասցրել հիվանդասենյակների դռներին` խաթարելով «Անոթային վիրաբուժության բաժանմունքում» բուժվող հիվանդների, հերթապահություն իրականացնող բուժաշխատողների, նրա անվտանգությունն ու պահպանությունն ապահովող ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցների անդորրը և բնականոն աշխատանքը։
(…)
Այնուհետև` Նարեկ Արայիկի Պեպանյանը, ստացիոնար բուժման մեջ գտնվելով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի «Անոթային վիրաբուժության բաժանմունքում», 2018 թվականի օգոստոսի 29-ին` ժամը 07:15-ից մինչև ժամը 07:30-ն ընկած ժամանակահատվածում, չենթարկվելով նույն օրը ժամը 02:00-ից մինչև ժամը 07:15-ն ընկած ժամանակահատվածում իր դրսևորած հակաիրավական վարքագիծը կանխելու նպատակով որպես օգնական ուժ կանչված «Արմավիր» ՔԿՀ-ի պահպանության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Արամ Խաչատրյանի և նույն ժամանակահատվածում «Արմենիա» ՀԲԿ-ում իր անվտանգությունն ու պահպանությունն ապահովող կրտսեր մասնագետներ Հմայակ Սարգսյանի, Գեղամ Մուսիկյանի և երրորդ կարգի մասնագետ Հայկ Շահմազյանի կողմից իր հնչեցրած հայհոյանքները և ագրեսիվ վարքագիծը դադարեցնելու օրինական պահանջներին, ծառայողական պարտականություններն իրականացնող իշխանության ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը հակազդելու դիտավորությամբ, ճանկռել է Արամ Խաչատրյանի պարանոցը, ձեռքով փորձել հարվածել դեմքին և մարմնին, քաշել համազգեստի վերնամասը, մեկ անգամ ոտքով հարվածել որովայնի շրջանին, ձեռքով մեկ անգամ հարվածել Հմայակ Սարգսյանի ծնոտին և ճանկռել ձախ դաստակը` գործադրելով վերջիններիս կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն` կապված նրանց ծառայողական պարտականությունների կատարման հետ, որի հետևանքով Արամ Խաչատրյանին պատճառել է առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող` դեմքի, պարանոցի, աջ բազկի, նախաբազկի, ձախ բազկի, դաստակի շրջանների քերծվածքների և արյունազեղումների ձևով, իսկ Հմայակ Սարգսյանին` առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող` ձախ դաստակի շրջանի քերծվածքի ձևով մարմնական վնասվածքներ։ (…)»2:
23. Նարեկ Պեպանյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «(...) ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում ազատազրկման ձևով պատիժ կրելու ընթացքում ուրիշի գույքը խաբեությամբ հափշտակելու մտադրությամբ 2014 թվականի ամռանը, համացանցի «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքի միջոցով հանդես գալով «Արման» կեղծանվամբ, ծանոթացել է Երևան քաղաքի Դավթաշեն 2-րդ թաղամասի 16-րդ շենքի 33-րդ բնակարանի բնակչուհի, 1971թ. ծնված, երկու երեխաների մայր Արաքսյա Հարությունյանի հետ և սկսել հաղորդագրություններ ուղարկելու միջոցով շփվել: Հանցավոր նպատակին հասնելու համար, թաքցնելով ազատազրկման վայրում գտնվելու հանգամանքը, Ա.Հարությունյանին իր անձի վերաբերյալ սուտ տեղեկություններ է հայտնել՝ ասելով, որ բարձրագույն կրթություն է ստացել Իտալիայում, որտեղ բնակվում են ծնողները, մասնագիտությամբ հնէաբան է և աշխատում է Էջմիածնում և այլն: Ընթացքում ասել է նաև, որ իբր սիրահարվել է Ա.Հարությունյանին ու ամուսնության առաջարկ արել, սակայն մերժում ստացել: Ծանոթությունից մոտ 15-20 օր անց Նարեկ Պեպանյանը Արաքսյա Հարությունյանին խնդրել է ինչ-որ անձի փոխանցել 1500 ԱՄՆ դոլար գումար, պատճառաբանելով, որ ինքը գտնվում է Ծաղկաձորում և վերադառնալուն պես կվերադարձնի գումարը: Արաքսյա Հարությունյանը մերժել է՝ պատճառաբանելով, որ գումար չունի: Այնուհետև շարունակել են շփումը, փոխանակվել հեռախոսահամարներով, որից հետո շփումը շարունակել են Ն.Պեպանյանի 094-43-49-49 և 077-75-95-70 հեռախոսահամարներից կատարվող հեռախոսազանգերի և հաղորդագրությունների միջոցով: Հեռախոսազրույցների ժամանակ Ն.Պեպանյանը ինտիմ բնույթի թեմաներից խոսելով առաջարկել է հայհոյախառն արտահայտություններ կատարել, իսկ ինքն էլ վախենալով կրկնել է դրանք: 2014 թվականի աշնանը Ն.Պեպանյանը Ա.Հարությունյանին հայտնել է, որ իրենց խոսակցությունը ձայնագրել է, և սպառնալով, որ դրանք հանձնելու է վերջինիս հարազատներին, բացի այդ համակարգչային «ֆոտոշոփ» ծրագրի միջոցով պատրաստելու է նրա մերկ նկարները և հրապարակելու է համացանցում, պահանջել է իրեն տրամադրել 300.000 ՀՀ դրամ գումար: Ա.Հարությունյանը ստիպված կատարել է Ն.Պեպանյանի հանցավոր պահանջը և նշված գումարը տարել է Երևան քաղաքի Կոմիտաս փողոցում գտնվող «Տաշիր պիցցա» հանրային սննդի օբյեկտի մոտ ու հանձնել Ն.Պեպանյանի հանցակցին՝ գործով ինքնությունը չպարզված անձին: Դրանից հետո 2015 թվականի ապրիլի 6-ի առավոտյան Ն.Պեպանյանը զանգահարել է Ա.Հարությունյանի կողմից օգտագործվող 098-28-28-25 բջջային հեռախոսահամարին և հայտնել, որ 400.000 ՀՀ դրամ գումար է անհրաժեշտ: Ա.Հարությունյանի կողմից մերժում ստանալով՝ Ն.Պեպանյանը կրկին սպառնացել է համացանցում հրապարակել Ա.Հարությունյանի վերաբերյալ վերը նշված արատավորող տեղեկությունները: Այնուհետև 2015 թվականի ապրիլի 07-ին Ն.Պեպանյանը Ա.Հարությունյանին հաղորդագրություն է ուղարկել՝ պահանջելով 1200 ԱՄՆ դոլար գումար, ինչից հետո վերջինս դիմել է ոստիկանություն: Արդյունքում պահանջված գումարը՝ 580.000 ՀՀ դրամը, Ն.Պեպանյանը չի կարողացել ստանալ իր կողմից ուղարկված անձը ոստիկանության աշխատակիցների կողմից բռնվելու հետևանքով»3:
24. Ն.Պեպանյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 316-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումն Առաջին ատյանի դատարանը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) Դատարանը քննության առարկա դարձնելով (...) վաղեմության ժամկետներն անցնելու հետևանքով քրեական պատաuխանատվությունից ազատելու՝ մեղադրյալ Ն.Պեպանյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 316-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը, գտնում է, որ միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ հիմնավորմամբ.
(...) Նարեկ Արայիկի Պեպանյանին ի թիվս այլնի մեղադրանք է առաջադրվել այն հանցանքի համար, որ նա, ազատազրկման ձևով պատիժ կրելով քրեակատարողական հիմնարկում, ինքնությունը չպարզված անձանց հետ հանցակցությամբ, խաբեությամբ 2014 թվականի մայիս ամսին մեկ միասնական դիտավորությամբ հափշտակել է (...) Մերի Ցականյանի առանձնապես խոշոր չափերի գույքը՝ 2.000.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ «Օրիֆլեյմ Քոսմեթիքս» ֆիրմայի օծանելիքներ, 1.000.000 ՀՀ դրամ և 1.074.528 ՀՀ դրամին համարժեք 2.600 ԱՄՆ դոլար կանխիկ գումար: Այլ կերպ՝ Նարեկ Արայիկի Պեպանյանին մեղսագրվում է 2003 թվականի ապրիլի 3-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը գերազանցող 4.074.528 (չորս միլիոն յոթանասունչորս հազար հինգ հարյուր քսանութ) ՀՀ դրամի, այսինքն` առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն:
(...) [Հ]անցավոր արարքը կատարելուց հետո ընդունված և ուժի մեջ մտած քրեական օրենսգրքով Ն.Պեպանյանին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքին, որը, համաձայն նույն օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ կետի, հանդիսանում է միջին ծանրության հանցագործություն:
Ինչ վերաբերվում է Նարեկ Պեպանյանին 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող հանցանքին, ապա նշված արարքի համար ազատազրկման ձևով պատժի առավելագույն չափը հինգ տարին է, հետևաբար՝ այն նույնպես միջին ծանրության է:
(...)
Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալի նկատմամբ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը պետք է գնահատման առարկա դառնա 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի իրավակարգավորումների համատեքստում, քանի որ 2021 թվականի մայիսի 05-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:
(...)
Տվյալ դեպքում Ն.Պեպանյանին մեղսագրվող՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է 2021 թվականի մայիսի 05-ին [ընդունված] ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին) նախատեսված ենթադրյալ հանցանքը կատարվել է 2014 թվականի մայիս ամսին, որի վաղեմության ժամկետն ընդհատվել է 2018 թվականի օգոստոսի 29-ին՝ նրան մեղսագրվող 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ արարքի կատարմամբ: Նկատի ունենալով, որ 2018 թվականի օգոստոսի 29-ից անցել է 5 տարուց ավելի ժամկետ, քրեական գործում բացակայում են տվյալներ Ն.Պեպանյանի կողմից քննությունից կամ դատից խուսափելու վերաբերյալ, իսկ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի Ձև 8 տեղեկանքի և «Datalex» տեղեկատվական համակարգում առկա տվյալների համաձայն՝ նշված ժամանակահատվածում առկա չէ Ն.Պեպանյանի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, Դատարանը, հաշվի առնելով հանրային մեղադրողների դիրքորոշումը, արձանագրում է, որ առկա է Ն.Պեպանյանին մեղսագրվող միջին ծանրության հանցանքների վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու պայմանները: (...)»4։
25. Առաջին ատյանի դատարանը, 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դատավճռով Ն.Պեպանյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով մեղավոր ճանաչելով, արձանագրել է հետևյալը. «Առաջադրված մեղադրանքը մեղադրյալ Նարեկ Պեպանյանի կողմից ընդունելու և համաձայնեցման վարույթ կիրառելու պայմաններում Դատարանը, գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չկատարելով, արձանագրում է, որ Ն.Պեպանյանը կատարել է իրեն մեղսագրված հանցանքը, որի համար կիրառելի է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետը (համապատասխանում է 2021 թվականի մայիսի 05-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետին): (...)»5:
26. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի օգոստոսի 31-ի որոշումը, արձանագրել է հետևյալը. «(...) Ի տարբերություն 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի, ըստ որի՝ խարդախության համար առանձնապես խոշոր չափ էր համարվում նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը, այն է՝ 3.000.000 (երեք միլիոն) ՀՀ դրամը գերազանցող գումարը, ՀՀ քրեական օրենսգրքով խարդախության առանձնապես խոշոր չափ է համարվում 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամը գերազանցող գումարը (արժեքը):
Վերոգրյալից բխում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի ընդունմամբ հափշտակության չափերի մասով տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ, որպիսի պայմաններում 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամը չգերազանցող վնասը համարվում է խոշոր, այլ ոչ թե առանձնապես խոշոր չափի: Այլ կերպ ասած՝ այն դեպքերում, երբ խարդախությամբ հափշտակվել է 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամը չգերազանցող գույք կամ գումար, ապա խոսք է գնում ոչ թե առանձնապես խոշոր, այլ խոշոր չափերի հափշտակության կատարման մասին: Հետևապես, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դատարանի հետևությունները համապատասխանում են քրեական օրենքի հետադարձության կանոնների տրամաբանությանը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանը գալիս է այն հետևության, [որ] դատարանի որոշումը հիմնավոր է, և այն բեկանելու հիմքեր առկա չեն։ (...)»6։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
27. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք ստորադաս դատարանների հետևությունը՝ Նարեկ Պեպանյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով վերագրվող ենթադրյալ արարքի վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ:
28. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»։
ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:
2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։
(...)
4. Հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով։
(...)
6. Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «(…) Սույն գլխում և սույն օրենսգրքի 216-րդ հոդվածում առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը)»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի համաձայն՝ «հափշտակության` (…) մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը) (...), բացառությամբ սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերի»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի համաձայն՝ «1. Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը՝
(...)
3. Խարդախությունը, որը կատարվել է՝
1) առանձնապես խոշոր չափերով,
(...)
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի համաձայն՝
«1. Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակությունը՝
(...)
2. Խարդախությունը, որը կատարվել է՝
(...)
3) խոշոր չափերով՝
պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
(...)»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 3. Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը (...):
4. Ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը (…)»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 3. Միջին ծանրության հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 5 տարի ժամկետով ազատազրկումը: (…)»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
(…)
2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից.
3) տասը տարի՝ ծանր հանցանքն ավարտված համարելու օրվանից.
(…)
3. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքի ավարտված համարելու պահից: (...)»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են հետևյալ ժամկետները.
(…)
2) 10 տարի՝ միջին ծանրության հանցանքի դեպքում.
3) 15 տարի՝ ծանր հանցանքի դեպքում.
(…)
6. Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետներն անցնելն անձը կատարում է նոր հանցանք: Այդ դեպքում յուրաքանչյուր հանցագործության համար վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքն ավարտվելու պահից: (...)»:
29. Վճռաբեկ դատարանը Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի գործով նախադեպային դիրքորոշում է ձևավորել նոր քրեական օրենսդրությամբ հանցանքի դասակարգման խմբի փոփոխության դեպքում վաղեմության ժամկետների վերաբերյալ, որում անդրադարձել է նաև այն դեպքին, երբ արարքի (հանցանքի) ծանրության աստիճանը նվազում է, իսկ այդ արարքի համար սահմանված վաղեմության ժամկետը չի փոփոխվում: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այս դեպքում օրենսդրական փոփոխության արդյունքում պատժի մեղմացման հետևանքով նախկինում ծանր համարվող հանցանքը հանդիսանում է միջին ծանրության հանցանք։ Միևնույն ժամանակ, արդեն միջին ծանրության հանցանք համարվող այդ նույն արարքի վաղեմության ժամկետը նոր օրենքով չի փոփոխվել և ՀՀ նախկին քրեական օրենսգրքով ծանր հանցանքի համար նախատեսված վաղեմության ժամկետի պես, տասը տարի է։ Հետևաբար, այս դեպքում ևս կիրառելի է մեղմացնող օրենքին հետադարձ ուժ տալու կանոնը՝ հանցանքի տեսակի և պատժի մասով՝ արարքը պետք է որակվի ՀՀ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով։
Քրեական օրենքի հետադարձության կանոնների համաձայն՝ տվյալ իրավիճակում նախկին օրենքով ծանր հանցագործության համար նախատեսված քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը համեմատելով նոր օրենքով միջին ծանրության հանցանքի համար սահմանված վաղեմության ժամկետի հետ, կարող ենք արձանագրել, որ թեև հանցանքի տեսակը մեղմացել է, սակայն վաղեմության ժամկետները մնացել են անփոփոխ։ Հետևաբար, շարունակում է գործել տվյալ արարքի համար վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու տասնամյա ժամկետը։
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ տվյալ դեպքում անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (տասը տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (հինգ տարի) հետ7:
30. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- Նարեկ Պեպանյանին, ի թիվս այլնի, վերագրվել է առանձնապես խոշոր չափի խարդախություն, որը որակվել է այն կատարելու պահին գործող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով8,
- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ Նարեկ Պեպանյանին մեղսագրվում է 4.074.528 ՀՀ դրամի չափով խարդախություն, որը ենթադրյալ արարքի պահին գործող քրեական օրենքի համաձայն՝ համարվում է առանձնապես խոշոր չափերով հափշտակություն: Դատարանը նշել է, որ վերոհիշյալ ենթադրյալ արարքը կատարելուց հետո ընդունված և ուժի մեջ մտած քրեական օրենսգրքով Ն.Պեպանյանին վերագրված արարքը համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին, որը, համաձայն նույն օրենսգրքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի, հանդիսանում է միջին ծանրության հանցագործություն: Անդրադառնալով Ն.Պեպանյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրվող հանցանքին՝ դատարանն արձանագրել է, որ նշված արարքի համար ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը հինգ տարի է, հետևաբար՝ այն նույնպես միջին ծանրության է: Դատարանը նշել է նաև, որ մեղադրյալի նկատմամբ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը պետք է գնահատման առարկա դառնա ՀՀ նախկին քրեական օրենսգրքի իրավակարգավորումների համատեքստում, քանի որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի: Դատարանն արձանագրել է, որ Ն.Պեպանյանին մեղսագրվող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված ենթադրյալ արարքը կատարվել է 2014 թվականի մայիս ամսին, որի վաղեմության ժամկետն ընդհատվել է 2018 թվականի օգոստոսի 29-ին՝ նրան մեղսագրվող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ արարքի կատարմամբ: Ըստ այդմ, նկատի ունենալով, որ 2018 թվականի օգոստոսի 29-ից անցել է 5 տարուց ավելի ժամկետ, քրեական գործում բացակայում են տվյալներ Ն.Պեպանյանի կողմից քննությունից կամ դատից խուսափելու վերաբերյալ, իսկ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի Ձև 8 տեղեկանքի և «Դատալեքս» տեղեկատվական համակարգում առկա տվյալների համաձայն՝ նշված ժամանակահատվածում առկա չէ Ն.Պեպանյանի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, դատարանը գտել է, որ Ն.Պեպանյանին մեղսագրվող միջին ծանրության հանցանքների վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման9,
- Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի ընդունմամբ հափշտակության չափերի մասով տեղի են ունեցել որոշակի փոփոխություններ, որպիսի պայմաններում 5.000.000 ՀՀ դրամը չգերազանցող վնասը համարվում է խոշոր, այլ ոչ թե առանձնապես խոշոր չափի: Ըստ այդմ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ ստորադաս դատարանի հետևությունները համապատասխանում են քրեական օրենքի հետադարձության կանոնների տրամաբանությանը, ուստի վիճարկվող դատական ակտը հիմնավոր է և այն բեկանելու հիմքեր առկա չեն10։
31. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 28-29-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Նարեկ Պեպանյանին վերագրվող՝ 4.074.528 ՀՀ դրամի խարդախությունը թեև ՀՀ գործող քրեական օրենսգրքով դասվել է միջին ծանրության հանցագործությունների շարքին, սակայն նույն օրենսգրքի՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելը կանոնակարգող նորմերի համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդրական այդ փոփոխությունը Ն.Պեպանյանի համար վաղեմության ժամկետների առումով բարենպաստ հետևանքներ չի առաջացնում, քանզի երկու օրենսդրություններն էլ ցուցաբերում են նույն մոտեցումը. վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մեղսագրվող արարքը կատարելուց անցել է տասը տարի։
Մինչդեռ ստորադաս դատարանների մոտեցումը ոչ իրավաչափորեն հանգեցրել է նրան, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Ն.Պեպանյանին վերագրվող ենթադրյալ արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած չլինելու պայմաններում նա ազատվել է քրեական պատասխանատվությունից, այն դեպքում, երբ, և՛ վերագրվող ենթադրյալ արարքի կատարման ժամանակ, և՛ գործող քրեական օրենքի համաձայն, նրան քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը տասը տարի է։
32. Ինչ վերաբերում է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ արարքին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանն իրավացիորեն է արձանագրել, որ հիշյալ միջին ծանրության հանցանքի վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, քանի որ այդ արարքի համար սահմանված 5 տարվա վաղեմության ժամկետը լրացել է 2023 թվականի օգոստոսի 29-ին:
33. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված լինելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններին:
33.1. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վաղեմության ժամկետի ընդհատման հիմնահարցին այնպիսի քրեական գործերով, որոնք քննվում են տարբեր վարույթներով, փաստարկել է, որ նույն անձի վերաբերյալ մեկ այլ քրեական գործի քննության փաստը դեռևս չի կարող վկայել կոնկրետ քրեական գործով հաշվարկվող վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման մասին՝ հաշվի առնելով, որ տվյալ գործը դեռևս գտնվում է քննության ընթացքում և ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով դեռ չի հաստատվել անձին մեղսագրվող արարքների կատարման փաստ11։ Վճռաբեկ դատարանի վերոնշյալ դիրքորոշումն ըստ էության բխում է անձի անմեղության կանխավարկածը երաշխավորելու անհրաժեշտությունից. այսպես՝ վաղեմության ժամկետն ընդհատված լինելու հանգամանքն ի սկզբանե չի կարող կանխորոշվել, քանի որ մեկ այլ վարույթում քննվող քրեական գործով անձը կարող է ճանաչվել անմեղ և արդարացվել։
33.2. Վերոնշյալը, սակայն, վերաբերելի չէ այն դեպքերին, երբ միևնույն անձին մեղսագրվող մեկից ավելի հանցավոր արարքներով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվում է դատարան և քննվում է միևնույն վարույթի շրջանակներում։ Տվյալ դեպքում դատարանը, եթե քրեական գործի քննության արդյունքում հաստատված է համարում անձին մեղսագրվող հանցավոր արարքները վերջինիս կողմից կատարելու փաստը, ըստ էության հաստատում է նաև վաղեմության ժամկետի ընդհատման հանգամանքը, ինչը հիմք է մեղադրական դատավճիռ կայացնելու համար։ Վճռաբեկ դատարանի համոզմամբ, վերոնշյալ դեպքերում չի կարող ողջամտորեն վտանգվել անձի անմեղության կանխավարկածը12։
33.3. Վճռաբեկ դատարանը Սարգիս Կարապետյանի գործով կայացված որոշմամբ միևնույն ժամանակ ընդգծել է, որ. «(...) [Ի]րավիճակն այլ է այն դեպքերում, երբ անձին մեղսագրվող մեկից ավելի հանցավոր արարքներով քրեական գործը թեպետ քննվում է մեկ վարույթի շրջանակներում, սակայն վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատող արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկվելու ժամկետներն արդեն իսկ լրացել են, իսկ անձն էլ վաղեմության ժամկետի կիրառման վերաբերյալ տվել է իր համաձայնությունը։ Նշված դեպքում փաստացի առկա է քրեական գործով վարույթը բացառող հանգամանք, ինչն արգելք է քրեական գործի քննությունը շարունակելու համար, ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով անձին մեղսագրվող արարքների կատարման փաստը չի կարող հաստատված համարվել։
Այլ կերպ, թեև տվյալ դեպքում քրեական հետապնդումը դադարեցվում է ոչ արդարացնող հիմքով, այնուամենայնիվ, անձին մեղսագրվող հանցանքի կատարման փաստը չի հաստատվում օրենքով սահմանված կարգով, այն է՝ մեղադրական դատավճռի կայացմամբ»13։
34. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ն.Պեպանյանին վերագրվող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ արարքի կատարման փաստը օրենքով սահմանված կարգով, այն է՝ մեղադրական դատավճռի կայացմամբ հաստատված չլինելու և 2023 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ այդ ենթադրյալ արարքի համար սահմանված վաղեմության ժամկետն անցած լինելու պայմաններում, ստորադաս դատարանները չէին կարող արձանագրել, որ նրան վերագրվող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված ենթադրյալ արարքի վաղեմության ժամկետն ընդհատվել է 2018 թվականի օգոստոսի 29-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ արարքի կատարմամբ:
35. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ն.Պեպանյանին նույն վարույթի շրջանակներում վերագրվել է նաև ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով նախատեսված արարքի կատարում, որն ավարտվել է 2015 թվականի ապրիլի 7-ին, և որի համար Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դատավճռով Ն.Պեպանյանին մեղավոր է ճանաչել և նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով` պատժի կրման սկիզբը հաշվելով 2020 թվականի հունվարի 29-ից14:
Այս պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված ենթադրյալ արարքի վաղեմության ժամկետն ընդհատվել է 2015 թվականի ապրիլի 7-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-րդ կետով նախատեսված արարքի կատարմամբ: Հետևաբար` Ն.Պեպանյանին վերագրվող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված ենթադրյալ արարքի վաղեմության տասը տարվա ժամկետի հաշվարկը, նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա, սկսվում է 2015 թվականի ապրիլի 7-ից, այսինքն` նոր հանցանքն ավարտված համարելու պահից:
36. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Նարեկ Պեպանյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով վերագրվող ենթադրյալ արարքի վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունն իրավաչափ չէ:
37. Ինչ վերաբերում է բողոքաբերի` սույն որոշման 19.1-ին կետում հիշատակված դատողությանը, ապա Վճռաբեկ դատարանն այն հիմնավոր չի համարում՝ հիմք ընդունելով Միշա Մուրադյանի գործով արտահայտած իրավական դիրքորոշումները15։ Բացի այդ, բողոքաբերի այդ փաստարկը սույն գործով ընդունելի չէ նաև այն պատճառաբանությամբ, որ նոր ընդունված քրեական օրենսդրությամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների առումով Ն.Պեպանյանի համար առավել բարենպաստ պայմաններ չեն նախատեսվել։
38. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը՝ դատական ակտ կայացնելիս, իսկ Վերաքննիչ դատարանը՝ Առաջին ատյանի դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելով, թույլ են տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է` կիրառել են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը սույն վարույթով ենթակա չէր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, ստորադաս դատարանների դատական ակտերը մասնակիորեն, այն է՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Ն.Պեպանյանին վերագրվող ենթադրյալ արարքի վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու մասով, բեկանելու հիմք է։
Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ն.Պեպանյանի պաշտպաններ Ա.Սահակյանի և Պ.Սարգսյանի միջնորդությունն այդ մասով պետք է մերժել:
Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ն.Պեպանյանի վերաբերյալ վարույթը` ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, պետք է փոխանցել Առաջին ատյանի դատարան` ըստ էության քննությունը շարունակելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ ու 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Նարեկ Արայիկի Պեպանյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 31-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 31-ի որոշումը մասնակիորեն` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Նարեկ Պեպանյանին վերագրվող ենթադրյալ արարքի վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու մասով, բեկանել, այդ մասով Նարեկ Պեպանյանի պաշտպաններ Ա.Սահակյանի և Պ.Սարգսյանի միջնորդությունը մերժել և վարույթը փոխանցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
_______________________
1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 1-17։
2 Տե՛ս www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԵԱՔԴ/0150/01/16 քրեական գործը:
3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 1-17։
4 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 24-33։
5 Տե՛ս www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԵԱՔԴ/0150/01/16 քրեական գործը:
6 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 95-103։
7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի գործով 2024 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՔԴ/0196/01/17 որոշումը:
8 Տե՛ս սույն որոշման 21-րդ կետը։
9 Տե՛ս սույն որոշման 24-րդ կետը։
10 Տե՛ս սույն որոշման 26-րդ կետը։
11 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Կարեն Հարությունյանի գործով 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ ԵԿԴ/0160/01/14 որոշումը։
12 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սարգիս Կարապետյանի գործով 2022 թվականի հունիսի 29-ի թիվ ԵԷԴ/0071/01/17 որոշման 11-րդ կետը:
13 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սարգիս Կարապետյանի գործով 2022 թվականի հունիսի 29-ի թիվ ԵԷԴ/0071/01/17 որոշման 11.1-րդ կետը:
14 Տե՛ս սույն որոշման 8-րդ, 14-րդ, 16.1-րդ կետերը։
15 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Միշա Մուրադյանի գործով 2023 թվականի նոյեմբերի 10-ի թիվ ԵԴ/1424/01/21 որոշման 16-20-րդ կետերը։
Նախագահող` Հ. ԱՍԱՏՐՅԱՆ Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Ա. Պողոսյան
Լ. ԹԱԴևՈՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 փետրվարի 2025 թվական:
