ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
5 փետրվարի 2025 թ. |
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ 2021 Թ. ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 11-ՐԴ ԿԵՏԻ՝ ԴՐԱ ՀԵՏ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՌՈՒՄՈՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Դ. Խաչատուրյանի, Ե. Խունդկարյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
դիմողի՝ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դիմող կամ Դատարան),
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի (այսուհետ նաև` Պատասխանող) ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Մ. Ստեփանյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 40 և 71-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա՝ 2021 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի՝ դրա հետ համակարգային առումով փոխկապակցված` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
2021 թվականի հունիսի 30-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ նաև՝ 2021 թվականի ՔԴՕ կամ Օրենսգիրք) ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 1-ին:
1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ նաև՝ Նախկին ՔԴՕ կամ Նախկին օրենսգիրք) ուժը կորցրել է 2022 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-306-Ն օրենսգրքի 483-րդ հոդվածով նախատեսված դեպքերի: Նախկին օրենսգրքի 54-րդ, 54.1-ին, 54.2-րդ, 54.3-րդ, 54.4-րդ գլուխների դրույթներն ուժը կորցրած չեն ճանաչվել:
Օրենսգրքի՝ «Քրեական հետապնդումը բացառող հանգամանքները» վերտառությամբ 12-րդ հոդվածի՝ սույն գործին առավել վերաբերելի դրույթներով ամրագրված է.
«1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե`
1) անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը.
2) առկա է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ քրեական պատասխանատվությունը բացառող որևէ հանգամանք (բացառությամբ անմեղսունակության).
(…)
11) անձն արարքի կատարման պահին չի հաuել քրեական պատաuխանատվության ենթարկելու` oրենքով նախատեuված տարիքին.
(…)
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հանգամանքները ռեաբիլիտացնող են։
(…)
4. Սույն հոդվածի 1-ին մաuի 11-14-րդ կետերով նախատեսված հանգամանքների առկայությունը քրեական հետապնդումը բացառող չէ, եթե անձն առարկում է դրա դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: Այu դեպքում քրեական վարույթը շարունակվում է ընդհանուր կարգով, սակայն մեղադրական վերդիկտ կայացնելու դեպքում այդ անձի նկատմամբ պատիժ չի նշանակվում»:
Օրենսգրքի 12-րդ հոդվածում փոփոխություն կամ լրացում չի կատարվել:
Գործի քննության առիթը՝ Դիմողի՝ թիվ ԱՐԱԴ2/0012/01/23 գործով «ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու և դատալսումները հետաձգելու մասին» որոշման հիման վրա նույն դատարանի` 2024 թվականի սեպտեմբերի 2-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացված դիմումով վիճարկել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը: Սահմանադրական դատարանը 2025 թվականի փետրվարի 5-ի ՍԴԱՈ-14 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթն այդ մասով կարճել է:
Ուսումնասիրելով դիմումը, Դիմողի և Պատասխանողի գրավոր բացատրությունները, գործում առկա մյուս փաստաթղթերը, վերլուծելով վիճարկվող և վերաբերելի օրինադրույթները՝ Սահմանադրական դատարանը պարզեց.
1. Գործի համառոտ դատավարական նախապատմությունը
1.1. 2022 թվականի հունիսի 10-ին ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ Քրեական օրենսգիրք) 118-րդ հոդվածի (Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որն առողջությանը թեթև վնաս չի պատճառել) և 137.1-ին հոդվածի 1-ին մասի (Անձին ծանր վիրավորանք հասցնելը` հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը) հատկանիշներով հարուցվել է թիվ 54154122 քրեական գործը և ուղարկվել ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու համար:
2023 թվականի մարտի 9-ին որոշում է կայացվել թիվ 54154122 քրեական վարույթով Սլ.Ս.-ի, Մ.Ս.-ի, Ս.Ս.-ի (ծնված՝ 30.11.2008 թ.), Զ.Ն.-ի և Սվ.Ս.-ի նկատմամբ 18.04.2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-ին հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ 2021 թվականի ՔԴՕ 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի հիմքով:
2023 թվականի մարտի 13-ին Ս.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով (Հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, որն առողջության թեթև վնաս չի առաջացրել): Նույն օրը Ս.Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Ս.Ս.-ին առաջադրված մեղադրանքի փաստական նկարագրությունը հանգում է նրան, որ «նա, 2022 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, գտնվել է Արագածոտնի մարզի (…) համայնքի (…) բնակավայրում, որտեղ անասունները արգելված վայրում արածեցնելու հարցի շուրջ վիճաբանել է նույն բնակավայրի բնակիչ Սվ.Ս.-ի հետ, որից հետո փայտով, ձեռքերով ու ոտքերով մի քանի անգամ հարվածներ է հասցրել Սվ.Ս.-ի մարմնի տարբեր հատվածներին՝ նրան պատճառելով ֆիզիկական ցավ»: Նույն օրը Զ.Ն.-ն ճանաչվել է անչափահաս մեղադրյալ Ս.Ս.-ի օրինական ներկայացուցիչ:
2023 թվականի մայիսի 3-ին որոշում է կայացվել թիվ 54154122 քրեական վարույթով Սվ.Ս.-ի նկատմամբ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ Օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով: 2023 թվականի մայիսի 8-ին Սվ.Ս.-ն ճանաչվել է տուժող:
2023 թվականի մայիսի 22-ին թիվ 54154122 քրեական վարույթը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
2024 թվականի ապրիլի 18-ին Դատարանի կողմից որոշում է կայացվել քրեական գործի վարույթն ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին:
1.2. 2024 թվականի օգոստոսի 13-ին նախնական դատալսումների ընթացքում մեղադրյալ Ս.Ս.-ի պաշտպան Ա. Հակոբյանը միջնորդություն է ներկայացրել Դատարան՝ անչափահաս մեղադրյալ Ս.Ս.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին: Ի հիմնավորումն իր միջնորդության՝ պաշտպան Ա. Հակոբյանը, ի թիվս այլնի, նշել է, որ Քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ քրեական պատասխանատվություն չի կարող կրել 14 տարին չլրացած անձը, իսկ քանի որ նույն օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ քրեական պատասխանատվության հիմքը հանցանք կատարելն է, որի պարտադիր հատկանիշ է արարքը հանցագործության սուբյեկտի կողմից կատարված լինելը, ապա վերջինիս՝ քրեական պատասխանատվության տարիքի հասած չլինելու պատճառով, բացակայում է նաև հանցագործությունը: Մինչդեռ, ըստ պաշտպանի՝ օրենսդիրը քրեական պատասխանատվության հիմքի բացակայության պայմաններում (հանցանք կատարած լինելը) նման բացակայությունը չի համարել քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանք: Նման պայմաններում, հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի այն դրույթը, որ «1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե՝ (...) 11) անձն արարքի կատարման պահին չի հաuել քրեական պատաuխանատվության ենթարկելու` oրենքով նախատեuված տարիքին», պաշտպանի պնդմամբ՝ առաջանում է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի սահմանադրաիրավականության հարց»: Նույն օրը Զ.Ն.-ն ճանաչվել է անչափահաս մեղադրյալ Ս.Ս.-ի օրինական ներկայացուցիչ:
Պաշտպան Ա. Հակոբյանի՝ վերը նկարագրված միջնորդությանը միացել են անչափահաս մեղադրյալ Ս.Ս.-ն և նրա օրինական ներկայացուցիչ Զ.Ն.-ն: Հանրային մեղադրող Վ. Մելքոնյանն առարկել է միջնորդության դեմ, իսկ տուժող Սվ.Ս.-ն, ըստ էության, դիրքորոշում չի հայտնել:
1.3. Դատարանը, ներկայացված միջնորդությունը քննելու արդյունքում, որպես Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պայմանի առկայության հիմք արձանագրելով այն, որ «[Տ]վյալ դեպքում պաշտպան Ա. Հակոբյանի կողմից ներկայացված միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու միակ իրավաչափ լուծումը Դատարանը տեսնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմի սահմանադրականության ստուգման ճանապարհով», ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասով, 2024 թվականի օգոստոսի 30-ին որոշում է կայացրել «ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու և դատալսումները հետաձգելու մասին», որով որոշել է՝
«Թիվ ԱՐԱԴ2/0012/01/23 քրեական վարույթով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի՝ նույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի հետ փոխկապվածության մեջ, ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի լուծման խնդրանքով:
Հետաձգել թիվ ԱՐԱԴ2/0012/01/23 քրեական վարույթով դատալսումները՝ մինչև ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացնելը»:
Սահմանադրական դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 4-ի ՍԴԱՈ-154 աշխատակարգային որոշմամբ գործն ընդունել է քննության, որոշել՝ գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով, ինչպես նաև սույն գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել՝ 2021 թվականի ՔԴՕ-ն ընդունած մարմնին` Ազգային ժողովին:
2. Դիմողի դիրքորոշումները
2.1. Դիմողը, ներկայացնելով թիվ ԱՐԱԴ2/0012/01/23 քրեական գործի դատավարական նախապատմությունը, գործով պաշտպանի՝ վերը նկարագրված միջնորդության հիմնավորումները և պահանջը, վերլուծելով Սահմանադրության, քրեաիրավական և քրեադատավարական օրենսդրության վերաբերելի կարգավորումներն ու դրանց առթիվ Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ վերաբերելի միջազգային պայմանագրերի առանձին դրույթներ, գտել է, որ տվյալ գործով կիրառման ենթակա՝ Օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը՝ նույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի հետ փոխկապվածության մեջ, առերևույթ հակասում է Սահմանադրությամբ ամրագրված՝ համաչափության (78-րդ հոդված), իրավական որոշակիության (79-րդ հոդված), հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության (75-րդ հոդված), երեխայի լավագույն շահերի (37-րդ հոդված) ապահովման սկզբունքներին: Բացի դրանից, Դիմողը Սահմանադրության 78, 79, 75 և 37-րդ հոդվածների ներքո իր պնդումները շարադրելիս դրանք նախորդել է հենց անձի՝ Սահմանադրության 66-րդ հոդվածով ամրագրված՝ մեղադրյալի անմեղության կանխավարկածի իրավունքին արված հղումով:
2.2. Մասնավորապես՝ մեղադրյալի անմեղության կանխավարկածի հետ կապված Դիմողը նշել է հետևյալը՝
«(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 11-րդ կետերը, որպես քրեական հետապնդման դադարեցման հիմքեր, էապես տարբերվում են միմյանցից իրենց բովանդակությամբ, կիրառման իրավական և բարոյական հետևանքներով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ նույն հոդվածի 2-րդ մասի ուժով դասվում է քրեական հետապնդման դադարեցման «արդարացնող» հիմքերի խմբին: Նշված հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելիս չի թույլատրվում որոշման մեջ տալ ձևակերպումներ, որոնք կասկածի տակ կդնեն այն անձի անմեղությունը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այս հիմքերով քրեական հետապնդման դադարեցումը միշտ ենթադրում է մեղադրյալի լիովին արդարացում, այսինքն՝ այս հիմքով արդարացված անձին ոչ ոք իրավունք չունի ներկայացնելու իրավական և (կամ) բարոյական բնույթի որևէ պահանջ: Ի տարբերություն դրան, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետն ընդգրկված է քրեական հետապնդման դադարեցման «ոչ արդարացնող» հիմքերի շարքում: Նման հիմքով քրեական հետապնդման դադարեցման դեպքում փաստվում է, որ անձի կատարած արարքն իր մեջ պարունակում է քրեական օրենքով արգելված արարքի հատկանիշներ, սակայն օրենքով սահմանված պայմանների առկայության պարագայում վարույթն իրականացնող մարմինը նրան ազատում է քրեական պատասխանատվությունից»:
Դիմողի պնդմամբ` օրենսդիր և դատական պրակտիկան ելնում են այն հանգամանքից, որ «անձի արարքում հանցակազմի բացակայությունից» տարբերվող (արդարացնող հիմք) և անչափահասի համար բացասական քրեաիրավական հետևանքներ առաջացնող քրեական հետապնդումը դադարեցնելու այնպիսի հիմքի առանձնացումը, ինչպիսին է՝ քրեական պատասխանատվության տարիքի հասած չլինելը (ոչ արդարացնող հիմք), լուծում է ընդամենը մեկ խնդիր՝ «ոչ արդարացնող» հիմքը չի բացառում անձի վրա որոշակի իրավական կամ բարոյական բնույթի պարտականություններ դնելը:
Դատական պրակտիկայում նշված մոտեցման առկայությունը Դիմողը հիմնավորել է ՀՀ Վճռաբեկ դատարանի՝ Հ. Աթոյանի գործով 2010 թվականի հուլիսի 23-ի թիվ ԵԱԴԴ/0014/11/09 որոշմամբ՝ 1998 թվականի հունիսի 30-ին ընդունված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի (համապատասխանում է 2021 թվականի ՔԴՕ 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետին) վերաբերյալ արտահայտված այն դիրքորոշումներով, որոնց համաձայն՝
«20. (…) եթե հանցագործության կատարման պահին անձը չի հասել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված` քրեական պատասխանատվության տարիքին, իսկ հանցակազմի մյուս բոլոր տարրերը և հատկանիշներն առկա են, ապա նրա նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և ոչ թե նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով:
(…):
22. (…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, (…) ի տարբերություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, քրեական գործով վարույթի կարճման և քրեական հետապնդման դադարեցման «ոչ արդարացնող» հիմք է և չի բացառում անձի վրա որոշակի իրավական կամ բարոյական բնույթի պարտականություններ դնելը: (…)»:
Դիմողը, նշելով, որ Վճռաբեկ դատարանի վերոգրյալ դիրքորոշումներից հետևում է, որ «ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից հիշյալ երկու հիմքերի տարբերակման համար ելակետ է ընդունվել այն, որ քրեական հետապնդման դադարեցման «արդարացնող» հիմքը բացառում է այս հիմքով արդարացված անձի վրա իրավական կամ բարոյական բնույթի որևէ պահանջ դնելը, մինչդեռ քրեական հետապնդման դադարեցման «ոչ արդարացնող» հիմքը չի բացառում անձի վրա որոշակի իրավական կամ բարոյական բնույթի պարտականություններ դնելը», ընդգծել է, որ «Այստեղ է, որ Դատարանի մոտ հիմնավոր կասկածներ են առաջանում, թե որքանով է հիշյալ օրենսդրական կարգավորումը համահունչ ՀՀ Սահմանադրությանը և արդյոք սահմանադրաիրավական տեսանկյունից իրավաչափ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածում նման տարբերակված մոտեցումը»:
2.3. Անդրադառնալով Սահմանադրության 78-րդ հոդվածով ամրագրված համաչափության սկզբունքին, Դիմողը գտել է, որ «քրեական պատասխանատվության տարիքի հասած չլինելը՝ որպես քրեական հետապնդումը դադարեցնելու ինքնուրույն հիմքի առանձնացումն այն նպատակով, որ տուժող կողմը կարող է որևէ իրավական կամ բարոյական բնույթի պահանջ ներկայացնել անչափահասին՝ չի համապատասխանում ընտրված միջոցի և ակնկալվող արդյունքի միջև ողջամիտ հավասարակշռությանը»: Դիմողը գտել է նաև, որ Վճռաբեկ դատարանի՝ նշված տարբերակման համար վերը բերված հիմնավորումը բավարար չէ համաչափության սկզբունքի տեսանկյունից, քանի որ տարբերակման հիմք տված խնդիրները կարող են լուծվել քաղաքացիաիրավական և քաղաքացիադատավարական հարաբերությունների տիրույթում, և ի հիմնավորումն իր այս հետևության՝ նշում, որ «ենթադրյալ հանցանքը քաղաքացիաիրավական առումով հանդիսանում է դելիկտ, իսկ դրանից ածանցվող հարաբերությունները դելիկտային, ընդ որում, դելիկտը, ինչպես և հանցակազմը, բաղկացած է օբյեկտիվ և սուբյեկտիվ նույն տարրերից, հետևաբար այդ տարրերը պետք է ապացուցվեն բոլոր դեպքերում»:
Հետևաբար, ըստ Դիմողի՝ ստացվում է, որ ոչ արդարացնող քննարկվող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելը որևէ այլ հարց չի լուծում քրեական դատավարությունում, քան երեխայի համար բացասական իրավական հետևանքներ առաջացնելը: Այլ կերպ ասած՝ քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքի հասած չլինելը` որպես քրեական հետապնդումը դադարեցնելու ինքնուրույն հիմք առանձնացնելը և ոչ արդարացնող հիմքերի շարքին դասելն իրավաչափ չէ ինչպես սահմանադրական համաչափության տեսանկյունից, այնպես էլ ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածով երաշխավորված երեխայի լավագույն շահի ապահովման տեսանկյունից, քանի որ, բացի երեխային պիտակավորելուց, քրեական օրենքը խախտված համարելուց և համապատասխան հաշվառման վերցնելուց, որևէ իրավական խնդիր չի լուծվում:
2.4. Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված իրավական որոշակիության սկզբունքի մասով Դիմողը պնդել է, որ դրա հետ հակասության մեջ է ՔԴՕ 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը՝ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և նույն հոդվածի 2-րդ մասի հետ փոխկապվածության մեջ վերցրած, «քանի որ «հանցանքի» բացակայությունը մի դեպքում արդարացնող է, իսկ մեկ այլ դեպքում՝ ոչ արդարացնող»: Դիմողի կողմից ներկայացվող փաստարկները հիմնականում հանգում են նրան, որ Քրեական օրենսգրքի 16-րդ և 19-րդ հոդվածների բովանդակությունից հետևում է, որ՝ «հանցանք է համարվում այն արարքը, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքում, արգելված է պատժով, կատարվել է հանցագործության սուբյեկտի կողմից մեղավորությամբ, ընդ որում՝ հանցագործության սուբյեկտ կարող է լինել 14 կամ 16 տարին լրացած մեղսունակ ֆիզիկական անձը: (…): Փաստորեն եթե երեխան չի հասել քրեական պատասխանատվության տարիքի, ապա նա ենթակա չէ քրեական պատասխանատվության, քանի որ նրա արարքը չի համարվում հանցանք»:
Ըստ Դիմողի՝ քրեաիրավական նշված դրույթներից հետևում է, որ՝ «քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքի չհասած անձի կատարած արարքը, եթե անգամ համընկնում է ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասում սահմանված որևէ հանցագործության հատկանիշներին, այդուհանդերձ չի համարվում հանցանք, ինչն էլ ենթադրում է, որ այն կատարող անձը չի կարող ենթարկվել քրեաիրավական որևէ ներգործության և նրա համար որևէ քրեաիրավական բացասական հետևանք չի կարող առաջանալ այդ արարքի կատարման համար», մինչդեռ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը՝ նույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի հետ փոխկապվածության մեջ թույլ է տալիս, ավելին՝ պարտադիր է համարում ոչ միայն երեխայի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը և նախաքննություն իրականացնելը, եթե նա չի համաձայնում քրեական հետապնդումը դադարեցնելու հետ, այլև նրա համար առաջացնում է բացասական բնույթի քրեաիրավական հետևանքներ»:
Դիմողը պնդել է, որ Քրեական օրենսգրքի այն կարգավորման պայմաններում, որով սահմանվել է «այն նվազագույն տարիքը, որից ցածր երեխաները չեն կարող ճանաչվել հանցանք կատարող կամ հանցագործության սուբյեկտ (քրեական օրենսդրությունը խախտելու անընդունակ)», 2021 թ. ՔԴՕ 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը ««քողարկված» կերպով վերացրել է նվազագույն տարիքի սահմանը (շեմը) և փաստացի ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված տարիքից ցածր երեխաներին դիտում է հանցանք կատարող կամ հանցագործության սուբյեկտ»:
Արդյունքում, Դիմողը եզրակացրել է, որ Քրեական օրենսգրքի 16-րդ հոդվածում սահմանված «հանցանք» հասկացությունը և դրան համապատասխան 19-րդ հոդվածում սահմանված՝ քրեական պատասխանատվության նվազագույն տարիքը, համահունչ լինելով անչափահասների արդարադատության բնագավառում առկա միջազգային իրավական չափանիշներին և ՀՀ Սահմանադրությանը, փաստացի չեղարկվում են Օրենսգրքի 12-րդ հոդվածի տարբերակված մոտեցմամբ:
2.5. Դիմողը պնդել է նաև, որ Սահմանադրության 78-րդ հոդվածով ամրագրված՝ համաչափության սկզբունքին հակասելու վերաբերյալ փաստարկները վերաբերում են նաև Սահմանադրության 37-րդ հոդվածով ամրագրված՝ երեխայի լավագույն շահերի ապահովման սկզբունքին, քանի որ «քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքի հասած չլինելը` քրեական դատավարությունում որպես քրեական հետապնդումը դադարեցնելու ինքնուրույն հիմք առանձնացնելը և ոչ արդարացնող հիմքերի շարքին դասելը (…) բացի երեխային պիտակավորելուց, քրեական օրենքը խախտված համարելուց և համապատասխան հաշվառման վերցնելուց՝ որևէ իրավական խնդիր չի լուծվում»:
Դիմողը, ի թիվս այլնի, նշել է նաև, որ՝ «Երեխայի իրավունքների մասին» Միավորված ազգերի կազմակերպության (այսուհետ՝ ՄԱԿ) կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին»: Նույն կոնվենցիայի 40-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 3. Մասնակից պետությունները ձգտում են նպաստել մեղադրվող կամ քրեական օրենսդրությունը խախտած համարվող երեխաների նկատմամբ հատկապես կիրառելի օրենքների, ընթացակարգերի, մարմինների և հաստատությունների ստեղծմանը, մասնավորապես.
(ա) այն նվազագույն տարիքի սահմանմանը, որից ցածր երեխաները համարվում են անընդունակ խախտելու քրեական օրենսդրությունը,
(բ) անհրաժեշտության և ցանկալիության դեպքում նման երեխաների նկատմամբ միջոցներ ձեռնարկել՝ առանց դատաքննության դիմելու, մարդու իրավունքների լիակատար պաշտպանության և իրավական երաշխիքների պահպանման պայմանով: (…)»:
Դիմողը նշել է նաև, որ «Անչափահասների նկատմամբ արդարադատություն իրականացնելու վերաբերյալ» ՄԱԿ-ի նվազագույն ստանդարտ կանոնների (այսուհետ՝ «Պեկինյան կանոններ») համաձայն՝ «11.1. Անչափահաս իրավախախտների գործերի քննության ժամանակ հնարավորության սահմաններում չպետք է դիմել (…) իշխանության իրավասու մարմինների կողմից գործի պաշտոնական քննությանը: 11.2. Ոստիկանությունը, դատախազությունը, անչափահասների գործերը վարող մյուս մարմինները պետք է լիազորված լինեն այդպիսի գործերի կապակցությամբ վճիռ ընդունել իրենց հայեցողությամբ, առանց գործերի պաշտոնական լսումների` համապատասխան իրավական համակարգում այդ նպատակով սահմանված չափանիշների, ինչպես նաև սույն կանոններում ամփոփված սկզբունքների համաձայն: (…)»:
Դիմողը, վկայակոչելով ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 1997 թվականի հուլիսի 21-ի թիվ 1997/30 բանաձևով առաջարկված «Քրեական արդարադատության համակարգում հայտնված երեխաների նկատմամբ գործողությունների ուղենիշների» (Guidelines for Action on Children in the Criminal Justice System) 14-րդ կետում ամրագրված այն արձանագրումը, որ «Առանձնակի ուշադրություն պետք է դարձվի հետևյալին. (…) (գ) քրեական պատասխանատվության տարիքից ցածր որևէ երեխայի չպետք է քրեական մեղադրանք առաջադրվի», եկել է այն եզրակացության, որ դրանցից «(…) հստակ երևում է, որ անհրաժեշտ է տարբերակված մոտեցում ցուցաբերել անչափահասների վերաբերյալ քրեական գործերով դատավարություններին, մասնավորապես օրենսդրորեն սահմանել և գործնականում ապահովել այնպիսի ընթացակարգեր, որոնք հիմնված են անչափահաս իրավախախտի խոցելի վիճակի վրա և հնարավորություն են ընձեռում նրան առավելագույնս ներկայացնելու իր իրավունքներն ու օրինական շահերը»:
2.6. Վերոնշյալի հիման վրա՝ Դիմողը «ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու և դատալսումները հետաձգելու մասին» որոշմամբ արձանագրել է, որ «[Տ]վյալ դեպքում պաշտպան Ա. Հակոբյանի կողմից ներկայացված միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու միակ իրավաչափ լուծումը (…) տեսնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմի սահմանադրականության ստուգման ճանապարհով»:
3. Պատասխանողի դիրքորոշումները
3.1. Պատասխանողը, վկայակոչելով Սահմանադրության 71, 72, 78, և 79-րդ հոդվածների, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի դրույթները, մեջբերելով Օրենսգրքի վիճարկվող դրույթներով սահմանված և այլ վերաբերելի իրավակարգավորումները, Սահմանադրական դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի մի շարք ակտերում արտացոլված առանձին իրավական դիրքորոշումներ, գտել է, որ՝ «... անձի նկատմամբ քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե՝ անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը, ինչը նշանակում է, որ անձի կողմից կատարվածն՝ այն գործողություն կամ անգործություն չէ, որը արգելված է պատժի սպառնալիքով։ Հետևաբար, քրեական հետապնդման չհարուցումը, իսկ հարուցված քրեական հետապնդման դադարեցումը նշյալ հիմքով՝ ռեաբիլիտացնող, այսինքն՝ արդարացնող հանգամանք է։ Այլ կերպ՝ անձն անմեղ է իր գործողություններում (կամ անգործությամբ)», մինչդեռ՝ վիճարկվող դրույթով նախատեսված՝ «հիմքը չի դասվում ռեաբիլիտացնող, այսինքն՝ արդարացնող հանգամանքների շարքին այն պատճառաբանությամբ, որ անձն իր գործողություններում անմեղ չէ և կատարել է իրեն մեղսագրվող արարքը։ Նշված մոտեցումն անհրաժեշտ է անձի հանցավոր վարքագծին հակազդելու և այդպիսի վարքագծի կանխման տեսանկյունից:
Անհրաժեշտ է հանցակազմի բացակայության փաստը տարբերակել՝ պատժի սպառնալիքով արգելված արարքի (գործողություն կամ անգործություն) կատարված լինելու հանգամանքից»։
Ի հիմնավորումն իր պնդումների՝ Պատասխանողը, մասնավորապես, վկայակոչել է Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի հուլիսի 23-ի թիվ ԵԱԴԴ/0014/11/09 քրեական գործով որոշմամբ, ի թիվս այլնի, արտահայտված և սույն որոշման 2.2-րդ կետում վկայակոչված այն դիրքորոշումը, որից ելնելով՝ Պատասխանողը եզրահանգել է, որ «Վերոնշյալի համակարգային մեկնաբանությունը թույլ է տալիս եզրակացնել, որ արարքի կատարման պահին անձի՝ օրենքով նախատեսված քրեական պատասխանատվության տարիքին հասած չլինելու ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցելը, իսկ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելը չի հաստատում, որ արարքը չի կատարվել կամ որ այդ արարքն անմեղ է: Այլ կերպ ասած, քրեական պատասխանատվության տարիքին հասած չլինելը չի արդարացնում կամ վերացնում կատարած արարքը՝ պարզապես ազատում է քրեական պատասխանատվությունից՝ իրավաբանական հասունության բացակայության պատճառով»։
Անդրադառնալով Դիմողի կողմից բարձրացված՝ վիճարկվող դրույթով հետապնդվող նպատակների իրավաչափության հարցին՝ Պատասխանողը պնդել է, որ՝ «Օրենքով նախատեսված քրեական պատասխանատվության տարիքին հասած չլինելու հանգամանքը օրենսդրի կողմից որպես ոչ ռեաբիլիտացնող հիմք դասելն ինքնանպատակ չի եղել, այն ընտրվել է որպես հակազդման այլընտրանքային միջոց՝ հիմքում ունենալով ոչ միայն անչափահասների դաստիարակչական նշանակության սկզբունքները, այլ նաև հասարակական անվտանգության, խաղաղության, մարդկության անվտանգության ապահովման նկատառումները, ինչպես նաև հաշվի առնելով քրեական վարույթի մյուս մասնակիցների սահմանադրական իրավունքների արդյունավետ պաշտպանությունը։ Հակառակ դեպքում կխախտվի ոչ միայն հասարակական կարգը, այլև հասարակության միջանձնային հարաբերություններում գլուխ կբարձրացնեն անկարգությունն ու ագրեսիվ դրսևորումները»:
Արդյունքում, Պատասխանողը եզրակացրել է. «Այսպիսով, Օրենսգրքի՝ «Քրեական հետապնդումը բացառող հանգամանքները» վերտառությամբ 12-րդ հոդվածով նախատեսված հիմքերը պայմաններ կամ հանգամանքներ են, որոնք բացառում են քրեական հետապնդումը, իսկ դրանց արդարացնող կամ ոչ արդարացնող հիմքերը գնահատվում և որոշվում են իրավասու մարմինների կողմից` յուրաքանչյուր գործով առանձնապես։ Այսինքն՝ վիճարկվող դրույթը հնարավորություն է տալիս իրավապահ մարմիններին ընտրելու այն հիմքը, որն անհրաժեշտ է կոնկրետ գործով»:
3.2. Վերոգրյալի հիման վրա՝ Պատասխանողը խնդրել է. ««Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի՝ նույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի հետ փոխկապվածության մեջ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ընդունել որոշում վիճարկվող դրույթը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին»։
4. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները
Հաշվի առնելով, որ սույն գործով սահմանադրաիրավական վեճը հանգում է քրեական պատասխանատվության տարիքի չհասած անձի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքում դրվող՝ նման անձի՝ իրեն ներկայացված մեղադրանքի առնչությամբ հայտնած դատավարական դիրքորոշմանը դատավարական կանխորոշիչ հանգամանքի կարգավիճակ տվող քրեաիրավական նորմի սահմանադրականության հարցին, Սահմանադրական դատարանը, սույն գործով վիճարկվող օրինադրույթների սահմանադրականությունը պարզելու համար, անհրաժեշտ է համարում անդրադառնալ ներքոնշյալ հարցադրումներին`
- արդյո՞ք Օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված Օրենսգրքի 12-րդ հոդվածի 2 և 4-րդ մասերով նախատեսված՝ քրեական պատասխանատվության տարիքի չհասած անձի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը շարունակելու կամ դադարեցնելու հարցի լուծումը նման մեղադրյալի կամահայտնությամբ պայմանավորող կարգավորումը առնչվում է Սահմանադրությամբ երաշխավորված՝ մեղադրյալի՝ արդար դատաքննության մաս կազմող անմեղության կանխավարկածի իրավունքին, անձի՝ կատարման պահին հանցագործություն չհանդիսացած գործողության կամ անգործության համար չդատապարտվելու իրավունքին, ինչպես նաև երեխայի՝ իրեն վերաբերող հարցերում իր շահերը առաջնահերթ ուշադրության արժանացվելու իրավունքին.
- նախորդ կետում ձևակերպված որևէ հարցի դրական պատասխանի դեպքում՝ արդյո՞ք վիճարկվող դրույթով նախատեսված կարգավորումները՝ որպես անձի և մեղադրյալի վերոնշյալ սահմանադրական իրավունքների հնարավոր սահմանափակում, նախատեսված են օրենքով, հետապնդում են օրենքով նախատեսված նպատակ, ինչպես նաև համաչափ են՝ հետապնդվող նպատակի հետ ռացիոնալ կապի, հռչակված նպատակին հասնելու համար պիտանի և համարժեք միջոց լինելու և իրավունքի սահմանափակման դիմաց տրամադրվող պարտադիր երաշխիքների արդյունավետության տեսակետից՝ հաշվի առնելով նաև քրեական պատասխանատվության տարիքի չհասած անձ հանդիսացող մեղադրյալի՝ նաև որպես երեխա ունեցած՝ իր շահերն առաջնահերթ ուշադրության արժանացվելու իրավունքի արդյունավետ իրացման անհրաժեշտությունը:
5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
5.1. Անձի սահմանադրական ո՞ր իրավունքն է սահմանափակվելու վիճարկվող դրույթի կիրառման դեպքում
Սահմանադրական դատարանը, Դիմումի և դրանում մեջբերված վերաբերելի իրավակարգավորումների լույսի ներքո հարկ է համարում ընդգծել, որ ենթադրաբար միջամտության ենթարկվող իրավունքը Սահմանադրության 63-րդ հոդվածով ամրագրված՝ յուրաքանչյուրի արդար դատաքննության իրավունքն է և դրա մաս կազմող՝ Սահմանադրության 66-րդ հոդվածով ամրագրված՝ մեղադրյալի անմեղության կանխավարկածի իրավունքը:
Ինչ վերաբերում է Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ երեխայի՝ իրեն վերաբերող հարցերում իր շահերն առաջնահերթ ուշադրության արժանացվելու իրավունքին, ապա Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով նշված իրավունքի նկատմամբ միջամտությունը կրում է ոչ թե ինքնուրույն, այլ կողմնակի բնույթ: Այլ կերպ՝ ենթադրյալ միջամտությամբ սահմանափակվում են ոչ թե երեխայի՝ որպես այդպիսին, այլ՝ մեղադրյալի՝ անկախ տարիքից ունեցած իրավունքները, իսկ երեխայի լավագույն շահերը հաշվի առնվելու իրավունքը վերաբերելի է նշված միջամտությամբ սահմանափակվող զուտ մեղադրյալի որևէ կոնկրետ իրավունքի, տվյալ դեպքում՝ անձի՝ արդար դատաքննության մաս կազմող՝ մեղադրյալի անմեղության կանխավարկածի իրավունքի նկատմամբ միջամտության դիմաց տրամադրվող պարտադիր երաշխիքի արդյունավետության պահանջին՝ իբրև անմեղության կանխավարկածի տարր դիտելով նաև դրա հերքման՝ օրենքով սահմանված կարգը, այդ թվում՝ բացառապես օրենքով սահմանված կարգով մեղադրյալի կարգավիճակ ձեռք բերելու և պահպանելու, այսինքն՝ քրեական հետապնդման ենթարկվելու օրինականությունը:
Հետևաբար՝ Դիմումում վիճարկվող դրույթի՝ Սահմանադրության 37-րդ հոդվածին համապատասխանելու մասով սահմանադրականության հարցի վերլուծությանը Սահմանադրական դատարանը կանդրադառնա անձի՝ վիճարկվող դրույթի կիրառմամբ սահմանափակվող՝ անմեղության կանխավարկածի իրավունքի նկատմամբ միջամտության համաչափությանը վերաբերող՝ սույն որոշման համապատասխան կետում:
Ինչ վերաբերում է Սահմանադրության 72-րդ հոդվածով ամրագրված՝ անձի՝ կատարման պահին հանցագործություն չհանդիսացած գործողության կամ անգործության համար չդատապարտվելու իրավունքին, ապա Սահմանադրական դատարանը գտնում է, որ այս իրավունքը անմիջականորեն առնչվում է անձին առաջադրված մեղադրանքի օրինականության հարցին, այլ կերպ՝ արդեն մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար՝ վիճարկվող դրույթով նախատեսված դատավարական պայմանի լեգիտիմության հարցին այն պայմաններում, երբ անձի քրեական պատասխանատվությունը բացառված է քրեական նյութական օրենքով:
Այլ խոսքով՝ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ այն պայմաններում, երբ մի կողմից՝ Սահմանադրության 72-րդ հոդվածը սահմանում է, որ անձը կարող է քրեական պատասխանատվություն կրել բացառապես այնպիսի գործողության կամ անգործության համար, որը հանցանք է եղել դրա կատարման պահին, և Քրեական օրենսգրքով սահմանվում է քրեական պատասխանատվության նվազագույն տարիքը, իսկ մյուս կողմից՝ Քրեական դատավարության օրենսգիրքը չի բացառում այդ տարիքի չհասած անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելը և նրա՝ իբրև մեղադրյալի նկատմամբ մեղադրական վերդիկտ կայացնելը, ապա այստեղ Սահմանադրության 72-րդ հոդվածով նախատեսված իրավունքի իրացումը հնարավոր է կատարել բացառապես մեղադրյալի սահմանադրական իրավունքների, առաջին հերթին՝ Սահմանադրության 63-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության և դրա մաս կազմող՝ Սահմանադրության 66-րդ հոդվածով անմեղության կանխավարկածի շրջանակներում: Մասնավորապես՝ այստեղ վերաբերելի են դառնում անձի՝ մինչև մեղադրյալ ունեցած դատավարական այնպիսի իրավունքներ, որոնք երաշխավորում են մեղադրանքի օրինականությունը և ապօրինի քրեական հետապնդման չենթարկվելու, ինչպես նաև նման հետապնդումը դադարեցվելու, այլ կերպ՝ արդեն մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձի՝ իր անմեղության կանխավարկածը բացառապես օրենքով սահմանված կարգով հերքելու՝ դարձյալ մեղադրյալի դատավարական իրավունքները:
Վերոգրյալից ելնելով՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Քրեական դատավարության օրենսգրքի՝ մեղադրյալի իրավունքների նկատմամբ սահմանափակում նախատեսող վիճարկվող դրույթների սահմանադրականության ստուգումը կարող է իրականացվել բացառապես մեղադրյալի դատավարական սահմանադրական իրավունքների՝ արդար դատաքննության իրավունքի և դրա մաս կազմող անմեղության կանխավարկածի իրավունքի սահմանադրական բովանդակությունը բացահայտելու միջոցով:
Հետևաբար՝ Դիմումում վիճարկվող դրույթի՝ նույն դիմումում չվկայակոչված՝ Սահմանադրության 72-րդ հոդվածին համապատասխանելու մասով սահմանադրականության հարցի վերլուծությանը Սահմանադրական դատարանը նույնպես, ինչպես և Սահմանադրության 37-րդ հոդվածի դեպքում, կանդրադառնա անձի՝ արդար դատաքննության իրավունքի և դրա մաս կազմող մեղադրյալի անմեղության կանխավարկածի դատավարական իրավունքների նկատմամբ միջամտության օրինականությանը վերաբերող՝ սույն որոշման համապատասխան կետում:
Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են»:
Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ»:
Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»:
Սահմանադրության 81-րդ հոդվածի համաձայն՝
«(...)
2. Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները»։
Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը` ապահովելով Սահմանադրության գերակայությունը»:
Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան»:
Սահմանադրության՝ «Հանցագործություններ սահմանելիս և պատիժներ նշանակելիս օրինականության սկզբունքը» վերտառությամբ 72-րդ հոդվածի 1-ին նախադասության համաձայն՝ «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել»:
Անձի՝ արդար դատաքննության իրավունքն ամրագրող Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:
Մեղադրյալի՝ անմեղության կանխավարկածն ամրագրող Սահմանադրության 66-րդ հոդվածի համաձայն՝ «Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:
Ի սկզբանե Սահմանադրական դատարանը կարևոր է համարում արձանագրել, որ չնայած Սահմանադրության տարբեր՝ 63 և 66-րդ հոդվածներով ամրագրված իրավունքների՝ Սահմանադրության տեքստում տեղ գտած այս տարանջատմանը, անմեղության կանխավարկածն անձի՝ արդար դատաքննության իրավունքի մասն է:
Նշվածը, ի թիվս Սահմանադրական դատարանի և ՄԻԵԴ-ի հարուստ նախադեպային իրավունքի, ապացուցվում է նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա կամ ՄԻԵԿ) 6-րդ՝ «Արդար դատաքննության իրավունքը» վերտառությունը կրող հոդվածի բուն կառուցվածքով, որի շրջանակներում 1-ին մասը սահմանում է մեղադրյալի՝ դատարանի իրավունքը՝ դատարանին և դատավարությանը ներկայացվող պահանջներով հանդերձ, իսկ 2-րդ մասը՝ որպես արդար դատաքննության, այսինքն՝ այդ թվում «օրենքով սահմանված կարգով» իրեն ներկայացված մեղադրանքի վերաբերյալ գործով դատարանի իրավունքի մի մաս, ամրագրում է, հետևաբար, ներառում է նաև մեղադրյալի անմեղության կանխավարկածի իրավունքը: Մասնավորապես՝ Սալաբիակուն ընդդեմ Ֆրանսիայի գործով 1988 թ. հոկտեմբերի 7-ի վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև՝ ՄԻԵԴ) նշել է, որ՝ «28 (...) 6-րդ հոդվածը, արդար դատաքննության իրավունքը և, մասնավորապես՝ անմեղության կանխավարկածի իրավունքը պաշտպանելով, նպատակ ունի արտացոլելու իրավունքի գերակայության հիմնարար սկզբունքը (see, inter alia, the Sunday Times judgment of 26 April 1979, Series A no. 30, p. 34, para. 55)»:
Այլ կերպ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավունքի սահմանափակման համաչափության, սահմանափակող կամ կարգավորող նորմերի որոշակիության և իրավունքի պաշտպանության արդյունավետ ապահովման սկզբունքներն անհնար է վերլուծել առանց այն իրավունքի, տվյալ դեպքում՝ մեղադրյալի արդար դատաքննության իրավունքի մաս կազմող անմեղության կանխավարկածի սահմանադրաիրավական բովանդակությունը՝ սույն գործով բացահայտման ենթակա սահմաններում վերլուծելու, որի նկատմամբ վիճարկվող դրույթի կիրառման դեպքում, ըստ Դիմողի, տեղի կունենա Սահմանադրության՝ համաչափության, իրավական որոշակիության, հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության և երեխայի լավագույն շահերի ապահովման պահանջներին չհամապատասխանող միջամտություն:
Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում նաև ընդգծել, որ Դիմողը Սահմանադրության 37, 78 և 79-րդ հոդվածների ներքո իր պնդումները շարադրելիս դրանք նախորդել է հենց անձի՝ անմեղության կանխավարկածի իրավունքին արված հղումով:
Հետևաբար՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է տալ այն հարցի պատասխանը, թե արդյոք Սահմանադրության 66-րդ հոդվածին, հետևաբար՝ նաև 63-րդ հոդվածին համապատասխանում է 14 տարին չլրացած անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը, իսկ նման հետապնդում հարուցված լինելու պայմաններում և մեղադրյալի՝ հանցագործության կատարման պահին ունեցած տարիքը հայտնի լինելու դեպքում նրա կողմից ենթադրաբար կատարված արարքը օրենսդրի կողմից հանցանք համարելը և նման մեղադրյալի կամահայտնությանը քրեադատավարական որոշիչ նշանակություն տալը, այն է՝ առարկություն չներկայացնելու կամ ներկայացնելու փաստը՝ որպես քրեական հետապնդումը, համապատասխանաբար, դադարեցնելու կամ շարունակելու հիմք դիտարկելու ձևով:
Ինչպես նշվեց՝ Սահմանադրության՝ «Անմեղության կանխավարկածը» վերտառությունը կրող 66-րդ հոդվածի համաձայն՝ «Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: Բառացիորեն նույնը՝ բացառությամբ՝ «մեղք» բառի, որի փոխարեն օգտագործվում է «մեղավորություն» բառը, նախատեսված է Օրենսգրքի՝ «Անմեղության կանխավարկածը» վերտառությամբ 17-րդ հոդվածի 1-ին մասով:
Օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Մեղադրական վերդիկտը չի կարող հիմնված լինել ենթադրությունների վրա և կայացվում է միայն այն դեպքում, երբ հանցանքը կատարելու մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցված է դատաքննության ընթացքում: Հանցանքը կատարելու մեջ մեղադրյալի մեղավորությունը կարող է համարվել ապացուցված, եթե դատարանը, ղեկավարվելով անմեղության կանխավարկածով, հիմնվելով պատշաճ ապացուցման արդյունքների վրա, հանգում է մեղադրյալի մեղավորության մասին հետևության»:
Օրենսգրքի 196-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Սույն օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հիմքերով քրեական հետապնդում չհարուցելիս կամ այն դադարեցնելիս որոշման մեջ չպետք է տրվեն այնպիսի ձևակերպումներ, որոնք կասկածի տակ են դնում անձի անմեղությունը»:
Անմեղության կանխավարկածի սահմանադրական իրավունքի՝ Սահմանադրության 66-րդ հոդվածով և ՔԴՕ 17-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված բովանդակությունից ելնելով՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անմեղության կանխավարկածի առաջնային տարրը դրա հերքման կամ դատավարական բացասման օրենքով սահմանված կարգն է, այլ կերպ՝ մեղադրական վերդիկտի՝ դրան ներկայացվող՝ օրինականության, հիմնավորվածության և պատճառաբանվածության պայմանները բավարարող դատական ակտի ուժի մեջ մտնելը: Այսինքն՝ մեղադրյալի անմեղության կանխավարկածի անքակտելի առաջնային տարրերից է անձի մեղավորությունը հաստատելու՝ դատարանի բացառիկ իրավասության սկզբունքը, կամ այլ կերպ՝ այն, որ յուրաքանչյուր մեղադրյալ իրավունք ունի, որ իր մեղավորությունը հաստատվի, կամ որ նույնն է՝ իր անմեղության կանխավարկածը հերքվի բացառապես իր նկատմամբ արձակված և դատական ակտին՝ ընդհանրապես, և մեղադրական դատավճռին՝ մասնավորապես, առաջադրվող պայմանները բավարարող և օրինական ուժի մեջ մտած ակտով:
Մեղադրյալի՝ անմեղության կանխավարկածի իրավունքի բնույթի և բովանդակության առնչությամբ Սահմանադրական դատարանի կողմից նախկինում արտահայտված՝ սույն գործին առավել վերաբերելի դիրքորոշումները, ի թիվ այլնի, հետևյալն են`
- «5. (…) ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածում ամրագրված` անմեղության կանխավարկածի սկզբունքը պահանջում է հանցագործության կատարման մեջ մեղադրվողին համարել անմեղ այնքան ժամանակ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել օրենքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Այս սկզբունքի էությունն անձի մեղքը բացառապես դատական կարգով հաստատելու երաշխավորումն է, այսինքն` այս սկզբունքի ուժով անձի մեղքը կարող է հաստատվել բացառապես քրեական դատավարության արդյունքում և միայն դատական ակտով»: (ՍԴՈ–871, 30 մարտի 2010 թ.).
- «8. (…) [Ա]նձի` պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում մեղավորության կամ անմեղության հաստատումը համապատասխանում է (...) օրինականության (...), օրենքի և դատարանի առջև բոլորի հավասարության (...), անձի իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը հարգելու ... և գործի արդարացի քննության (...) սկզբունքներին:
Հետևաբար, եթե մահացած անձի (կասկածյալի կամ մեղադրյալի) մեղավորությունն ապացուցված չէ օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով, հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը, գործող օրենսդրության համաձայն, անկախ նրանից` նա ողջ է, թե մահացած, համարվում է անմեղ»: (ՍԴՈ-1358, 21 մարտի 2017 թ.).
Միաժամանակ, Սահմանադրական դատարանը կարևոր է համարում ընդգծել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայուն հաստատված նախադեպային իրավունքն է այն, որ մեղադրյալի անմեղության կանխավարկածը հանդիսանում է ոչ բացարձակ սկզբունք, որի երաշխիքները (տարրերը), մասնավորապես՝ ապացուցման պարտականությունը մեղադրանքի կողմի վրա դրված լինելու, մեղադրյալի լռության իրավունքը իր դեմ չօգտագործելու և միայն դատարանի մեղադրական դատավճռով անձի կողմից հանցանքի կատարումը հաստատելու սկզբունքները կարող են սահմանափակվել՝ համապատասխան վավերապայմանների առկայությամբ1:
Մեղքը բացառապես դատարանի կողմից հաստատվելու իրավունքի սահմանափակման հետ կապված ՄԻԵԴ-ը հաստատել է, որ ոչ դատական մարմինների կողմից կայացվող որոշումներով անձի մեղքը հաստատելու հնարավորությունը խախտում է հանդիսանում այն դեպքում, երբ չի կատարվել մեղադրյալի համաձայնությամբ՝ հստակ արձանագրելով մի կողմից՝ անձին մեղավոր ճանաչելու դատարանի բացառիկ իրավասության սկզբունքը՝ որպես անմեղության կանխավարկածի անքակտելի մաս, և միաժամանակ սահմանելով, որ այդ իրավունքը նույնպես բացարձակ չէ և կարող է սահմանափակվել մեղադրյալի համաձայնությամբ: Մասնավորապես՝ «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2012 թվականի հոկտեմբերի 2-ի վճռով ՄԻԵԴ-ը նշել է, որ Նախկին ՔԴՕ 37-րդ հոդվածով նախատեսված՝ դատախազի՝ առանց մեղադրյալի համաձայնության նրա նկատմամբ քրեական հետապնդումը ոչ արդարացնող, օրինակ՝ գործուն զղջալու կամ իրադրության փոփոխության հիմքով դադարեցնելու լիազորությունը հակասում էր ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածի 2-րդ մասին, այսինքն՝ անմեղության կանխավարկածին: Այս գործով, ի թիվս այլնի, ՄԻԵԴ-ն արտահայտել է հետևյալ վերաբերելի դիրքորոշումները.
«185. Դատարանը վերահաստատում է, որ 6-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված անմեղության կանխավարկածը արդար քրեական դատավարության այն բաղադրիչներից մեկն է, որը պահանջվում է 6-րդ հոդվածի 1-ին կետով (...): … 187. … Դատարանը անհրաժեշտ համարեց որոշելու, թե արդյոք սույն գործում դիմումատուի նկատմամբ հարուցված քրեական վարույթի արդյունքը կասկածի տակ էր դրել նրա անմեղությունը, չնայած որ նրա մեղավորությունը դեռ չէր ապացուցվել: 188. Դատարանը նշում է, որ դիմումատուի նկատմամբ հարուցված քրեական վարույթը կարճվել է նախադատական փուլում դատախազի ... որոշմամբ ՔԴՕ-ի 37-րդ հոդվածի նախկին 2-րդ կետի 2-րդ մասով սահմանված հիմքով, որով թույլատրվում էր վարույթի կարճում այն դեպքում, եթե դատախազի կարծիքով մեղադրյալը քավել է կատարածը տուժելու և այլ զրկանքների միջոցով, որոնց նա ենթարկվել է կատարածի առումով: Դատախազի որոշումը թողնվել է անփոփոխ ներպետական դատարանների կողմից: 189. Հաշվի առնելով դատախազի ... որոշումը՝ Դատարանը նշում է, որ այս որոշումը ձևակերպվել է այնպես, որ կասկած չի առաջացել այն առումով, որ դատախազի կարծիքով դիմումատուն հանցանք է կատարել: Մասնավորապես, դատախազը … եզրակացրել է, որ նպատակահարմար չէր քրեական հետապնդում իրականացնել դիմումատուի նկատմամբ, քանի որ կատարվածի պատճառով նա նույնպես վնասվել է: Սա նշելով՝ դատախազը հատուկ օգտագործել է «Հանցանքը կատարելու ժամանակ [դիմումատուն] նույնպես վնաս է ստացել» և «զրկանքների միջոցով [դիմումատուն] քավել է իր մեղքը» բառերը (տե´ս վերոնշյալ § 82): … 191. Վերջապես, Դատարանը նկատում է, որ ՔԴՕ-ի 37-րդ հոդվածի նախկին 2-րդ կետի 2–րդ մասով նախատեսված քրեական վարույթը կարճելու հիմքը ենթադրում էր, որ մեղսագրվող արարքի կատարումը անվիճարկելի փաստ էր: 192. Հաշվի առնելով վերոնշյալը՝ Դատարանը համարում է, որ դիմումատուի դեմ քրեական գործի կարճման համար դատախազի կողմից տրված պատճառները և ՔԴՕ-ի 37-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ մասի հիման վրա անփոփոխ թողնելը անմեղության կանխավարկածի խախտում էին»:2
Անմեղության կանխավարկածի ոչ բացարձակ բնույթ կրելուն Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անդրադարձել է նաև մեղադրյալի լռությունը նրա դեմ օգտագործելու հնարավորության մասով: Մասնավորապես՝ Ջոն Մյուրեյն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով իր 1996թ. փետրվարի 8-ի վճռում,3 ՄԻԵԴ-ն ընդունել է, որ իր դեմ ցուցմունք չտալու արտոնությունը մտնում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի երաշխիքների մեջ: Այնուամենայնիվ, Դատարանը նաև ընդունել է, որ այդ անձեռնմխելիությունը չի կարող և չպետք է արգելք հանդիսանա, որպեսզի այնպիսի իրավիճակներում, որոնք պարզորոշ կերպով նրանից բացատրություն են ակնկալում, մեղադրյալի լռությունը հաշվի առնվի մեղադրանքի կողմի ներկայացրած ապացույցների համոզիչ լինելը գնահատելիս:4
Ջոն Մյուրեյի գործով արտահայտած իր դիրքորոշումը Դատարանն օգտագործեց Կոկն ընդդեմ Նիդերլանդների գործով 2000թ. հուլիսի 4-ի իր վճռում` նշելով. «5. (...) մեղադրյալի կողմից արված, իսկ հետագայում որպես ոչ ճշմարիտ հաստատված հայտարարությունից մեղադրյալի համար ոչ բարենպաստ եզրակացություն դուրս բերելը նույնպես բացառված չէ: Սույն գործի հանգամանքներից ելնելով` Դատարանը չի կարող գտնել, որ խնդրո առարկա հայտարարությունից եզրակացություն դուրս բերելը որևէ հարց է բարձրացնում 6-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի ներքո: Հետևաբար, այս գանգատը նույնպես ակնհայտ անհիմն է»:5
Սահմանադրական դատարանի և ՄԻԵԴ-ի՝ վերը մեջբերված իրավական դիրքորոշումներից կարելի է եզրակացնել, որ անձի անմեղության կանխավարկածը՝ 1) ներառում է դրա հաղթահարման պարտադիր դատավարական նախապայմանը, այն է՝ ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայությունը, հետևաբար՝ ներառում է մեղադրյալի՝ օրինական, հիմնավորված և պատճառաբանված մեղադրական վերդիկտ ստանալու իրավունքը, ընդ որում՝ դատարանը մեղադրյալի մեղավորության մասին հետևությանը հանգում է՝ ղեկավարվելով անմեղության կանխավարկածով, այսինքն՝ վերջինս նաև դատական ճանաչողության, այլ ոչ միայն դատական ակտի տեքստին առաջադրվող սկզբունք է, և՝ 2) կրում է ոչ բացարձակ բնույթ, այսինքն՝ կարող են լինել լեգիտիմ (իրավագո) շահեր, որոնք հետապնդելիս այն կարող է սահմանափակվել, ընդ որում՝ համապատասխան կոնկրետ երաշխիքներ (վավերապայմաններ) նախատեսելով անմեղության կանխավարկածի յուրաքանչյուր տարրի սահմանափակման համար: Մասնավորապես՝ անձի մեղավորությունը բացառապես մեղադրական դատավճռով հաստատելու տարրը կարող է սահմանափակվել մեղադրյալի կողմից այդ իրավունքից հրաժարվելու կամ այլ կերպ՝ դրան իր համաձայնությունը տալու միջոցով, ինչի հնարավորությունը և նախատեսված է Օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով, որի համաձայն՝ քրեական վարույթը չբացառող հանգամանքների հիմքով (նույն հոդվածի 2-րդ մասի 11-14-րդ կետեր) քրեական հետապնդումը բացառելու համար անհրաժեշտ է մեղադրյալի համաձայնությունը:
Այսպիսով, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող դրույթի կիրառման դեպքում միջամտության կամ սահմանափակման առարկան մեղադրյալի՝ արդար դատաքննության մաս կազմող՝ անմեղության կանխավարկածի իրավունքն է՝ ի դեմս անձի մեղքը բացառապես օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռով հաստատված համարվելու իրավունքի, որի համար որպես հանդիպակաց երաշխիք նախատեսված է մեղադրյալի՝ իր նկատմամբ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցնելու համար տրվող համաձայնությունը: Սահմանադրական դատարանը նկատում է նաև, որ քրեական դատավարության շրջանակներում իրականացվող քրեական հետապնդումը կարող է իրականացվել բացառապես անձի կողմից արարքի մեղավոր կատարման փաստը հաստատելու համար, այսինքն՝ քրեական հետապնդումը և քրեական վարույթն ընդհանրապես չեն իրականացվում զուտ արարքի կատարումը՝ այն կատարողի մեղքից և հանցագործության սուբյեկտ լինելու փաստից անկախ, հաստատելու համար:
Դիմողի կողմից վիճարկվող դրույթի՝ Օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի և նույն հոդվածի 2 և 4-րդ մասերի՝ վերը մեջբերված բովանդակության համակարգված վերլուծությունից, հաշվի առնելով նաև դատական պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, բխում է, որ անձի նկատմամբ կարող են կայացվել մեղադրական դատավճռից բացի այլ դատավարական ակտեր, որոնց հիմքում դրված կլինեն մեղադրյալի կողմից տվյալ արարքի կատարումը հաստատող փաստեր, այսինքն՝ որոնցով կճանաչվի արարքը մեղադրյալի կողմից կատարվելու փաստը:
Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Սահմանադրական դատարանի համար լուծման ենթակա հարցերի տեսակետից՝ անմեղության կանխավարկածի նկատմամբ ենթադրյալ միջամտությունն այն է, երբ վիճարկվող դրույթով թույլատրվում է քրեական հետապնդումը շարունակելը արարքը կատարելու պահին քրեական պատասխանատվության տարիքի չհասած անձի նկատմամբ և ոչ արդարացնող հիմքով այդ հետապնդումը դադարեցնելը՝ որպես նշված սահմանափակումը հակակշռող երաշխիք նախատեսելով մեղադրյալից՝ իր նկատմամբ քրեական հետապնդումը չշարունակելու (դադարեցնելու) համար համաձայնություն (առարկության բացակայություն) ստանալը՝ որպես նման մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացվելու համար անհրաժեշտ՝ 14 տարին լրացած չլինելու փաստից բացի նաև լրացուցիչ դատավարական պայման:
5.2. Արդյո՞ք միջամտությունը նախատեսված է օրենքով
5.2.1. Սահմանադրական դատարանը գտնում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճարկվող դրույթների կիրառումն ուղղակիորեն կապված է քրեական օրենքով նախատեսված՝ քրեական պատասխանատվության նվազագույն տարիքի հետ, անձի սահմանադրական իրավունքի նկատմամբ ենթադրյալ միջամտության` օրենքով նախատեսված և սահմանադրաչափ նպատակ հետապնդելու հարցերը քննարկելիս վիճարկվող դրույթներն անհրաժեշտ է վերլուծել ՀՀ քրեական օրենսգրքի՝ քրեական պատասխանատվության նվազագույն տարիքը սահմանող՝ 16 և 19-րդ հոդվածների հետ համակցության մեջ: Բացի դրանից, վիճարկվող դրույթներն անհրաժեշտ է քննարկել նաև 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված՝ ՀՀ քրեական դատավարության օրենս-գրքի (այսուհետ նաև՝ Նախկին՝ օրենսգիրք կամ ՔԴՕ) համապատասխան իրավակարգավորումների հետ համեմատական վերլուծության շրջանակներում՝ ինչպես օրենսդրի փոփոխված կամքը պարզելու համար, այնպես էլ հաշվի առնելով համապատասխան վերաբերելի դրույթների առթիվ Սահմանադրական դատարանի՝ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների առկայությունը:
Օրենսգրքի՝ 12-րդ հոդվածի՝ սույն գործին առավել վերաբերելի դրույթների համաձայն՝
«1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե`
(…)
11) անձն արարքի կատարման պահին չի հաuել քրեական պատաuխանատվության ենթարկելու` oրենքով նախատեuված տարիքին.
(…)
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հանգամանքները ռեաբիլիտացնող են։
4. Սույն հոդվածի 1-ին մաuի 11-14-րդ կետերով նախատեսված հանգամանքների առկայությունը քրեական հետապնդումը բացառող չէ, եթե անձն առարկում է դրա դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: Այu դեպքում քրեական վարույթը շարունակվում է ընդհանուր կարգով, սակայն մեղադրական վերդիկտ կայացնելու դեպքում այդ անձի նկատմամբ պատիժ չի նշանակվում»:
Սահմանադրական դատարանը քննարկվող դրույթներում օրենսդրի կամքի հստակ արտահայտվածությունը պարզելու նպատակով անհրաժեշտ է համարում գործող Օրենսգրքի նշված կարգավորումները համեմատել նույն հարցի՝ Նախկին ՔԴՕ-ում տրված կարգավորումների հետ:
Նախկին ՔԴՕ՝ «Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ» վերտառությամբ 35-րդ հոդվածի՝ սույն գործով սահմանադրաիրավական վեճի առարկային առավել վերաբերելի դրույթներով նախատեսված էր հետևյալը.
«1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե`
(…).
9) անձն արարքը կատարելու պահին չի հասել քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված տարիքին.
(…):
4. Մեղադրողը, դատարանում հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, պարտավոր է հայտարարել ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին: Ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին մեղադրողի հայտարարությունը դատարանի համար քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք է:
5. Դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը»:
Սահմանադրական դատարանն այսպիսով արձանագրում է, որ Նախկին ՔԴՕ՝ մեջբերված կարգավորումներով աներկբայորեն սահմանված էր այն սկզբունքը, որ քրեական պատասխանատվության տարիքի չհասած անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելն անթույլատրելի է (Նախկին օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նորմատիվային դրույթ՝ «1. Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, ... եթե...»): Այնուամենայնիվ, Նախկին ՔԴՕ-ն չէր բացառում, որ նշված կանոնը լիներ խախտված և քրեական հետապնդում հարուցված լիներ քրեական պատասխանատվության տարիքի չհասած անձի նկատմամբ՝ անմիջապես նախատեսելով նման խախտման փաստը պարզելու հետևանքները՝ վարույթ իրականացնող մարմնի գործողությունների տեսքով, մասնավորապես՝ նշելով, որ նման հետապնդումը ենթակա է պարտադիր դադարեցման՝ առանց մեղադրյալի դիրքորոշմանը որևէ դատավարական նշանակություն տալու:
Այսպիսով, նշված արգելքը բացառում էր քրեական հետապնդումը շարունակելը և մեղադրական դատավճռի կայացումը քրեական պատասխանատվության տարիքի չհասած անձի նկատմամբ: Այս է պատճառը, որ Վճռաբեկ դատարանի՝ Դիմողի և Պատասխանողի կողմից վկայակոչված՝ 2010 թվականի հուլիսի 23-ի թիվ ԵԱԴԴ/0014/11/09 որոշումը վերաբերել է քրեական պատասխանատվության տարիքի հասած չլինելուն՝ ոչ թե որպես հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու, այլ նման հետապնդման հարուցումը մերժելու հիմքին, երբ գործով բողոքաբերը՝ անչափահասի ծնողը, բողոքարկել էր քննիչի նշված որոշումը՝ նշելով, որ իր երեխայի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցելը մերժելու մասին որոշումը պետք է կայացվեր ոչ թե հանցակազմի, այլ հանցադեպի բացակայության հիմքով, ընդ որում՝ երկու հիմքերն էլ, ըստ Նախկին ՔԴՕ 35-րդ հոդվածի 1-ին մասի, եղել են ամբողջությամբ արդարացնող, ինչը նաև նշվել է Վճռաբեկ դատարանի՝ վկայակոչված որոշման մեջ:
Ի տարբերություն Նախկին օրենսգրքի՝ 2021 թվականի Օրենսգիրքը վարույթ իրականացնող մարմինների նույն՝ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու պարտադիր գործողության, վերջինիս համար նախատեսել է լրացուցիչ դատավարական պայման: Մասնավորապես, եթե Նախկին օրենսգրքի համաձայն՝ մեղադրողը, դատարանում հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, պարտավոր էր հայտարարել ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին, ինչը դատարանի համար հիմք էր քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու համար, իսկ եթե նման հիմք հայտնաբերում էր դատարանը, ապա ինքն էլ լուծում էր ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը (տես՝ Նախկին օրենսգրքի 35-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը), ապա գործող Օրենսգիրքը, ինչպես հստակ երևում է վերջինիս 12-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումից, նույն գործողության՝ քրեական հետապնդումը դադարեցնելու համար նման պարտադիր պայման նախատեսում է՝ ի դեմս դրա դեմ մեղադրյալի չառարկելու փաստի:
Վերը մեջբերված իրավադրույթների վերլուծության արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդրի հստակ արտահայտած, նախկինի համեմատ փոփոխված կամքն արտահայտվել է՝ հենց նշված դատավարական նախապայմանը սահմանելով, որի պարտադիրությունն էլ հենց հանդիսանում է սույն գործով՝ անձի սահմանադրական իրավունքի նկատմամբ՝ քննարկման ենթակա միջամտության նախապայմանը:
Հետևաբար՝ որոշման սույն կետի ներքո Սահմանադրական դատարանը կարևոր է համարում նշել, որ այն իրավիճակը, երբ օրենսդիրը, մի կողմից՝ Քրեական օրենսգրքով հստակ սահմանում է քրեական պատասխանատվության նվազագույն տարիքը, այսինքն՝ այդ տարիքին չհասած անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու արգելքը, իսկ մյուս կողմից՝ սահմանում, որ այդ արգելքը փաստացի խախտվելու դեպքում ստեղծված իրավիճակը (քրեական հետապնդման իրականացումը) կարող է պահպանվել, առաջացնում է ոչ թե իրավական որոշակիության, այլ երկու դրույթների միջև հնարավոր հակասության, իսկ դրանցից մեկի՝ նաև Սահմանադրության հետ հակասության խնդիր:
Ուստի՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ քրեական պատասխանատվության տարիքի չհասած անձի կամահայտնությանը՝ չառարկելու կամ առարկելու ձևով քրեադատավարական նշանակություն հաղորդելն ի սկզբանե առաջացնում է ոչ թե 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի անորոշություն, այլ նույն հոդվածի 1-ին մասի՝ «չպետք է հարուցվի»՝ Քրեական օրենսգրքի՝ քրեական պատասխանատվության նվազագույն տարիքը սահմանող 19-րդ հոդվածի հետ համակցությամբ՝ օրենսդրական պատվիրանի ակնհայտ խախտում, իսկ խախտումը պարզվելու դեպքում՝ նախկին վիճակն առանց որևէ նոր վավերապայմանի վերականգնելու հարց:
Սահմանադրական դատարանն արձանագրում է այն փաստը, որ Օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասը՝ Քրեական օրենսգրքի՝ քրեական պատասխանատվության նվազագույն տարիքը սահմանող նորմերի հետ համակցությամբ արդեն իսկ «չպետք է հարուցվի» ձևակերպմամբ արգելում է քրեական պատասխանատվության ոչ ենթակա անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը, հետևաբար և՝ ելնելով օրենքի պատվիրանների կատարման, այդ թվում՝ սահմանված արգելքների խախտման դեպքում մինչև արգելքի խախտումը գոյություն ունեցած վիճակը վերականգնելու սկզբունքից՝ բացառում է ինչպես քրեական պատասխանատվության ոչ ենթակա անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը, այնպես էլ նման հետապնդումը շարունակելը՝ նշված արգելքի խախտված լինելը պարզելու դեպքում:
Նշվածից ելնելով՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ քրեական պատասխանատվության տարիքի չհասած անձի նկատմամբ քրեական հետապնդումն արգելված է քրեական օրենքով, իսկ քրեադատավարական օրենքը պետք է ամրագրի բացառապես վարութային կարգավորումներ՝ չհակասելով նյութական օրենքին, և հետևաբար՝ քրեական օրենքի խախտմամբ քրեական հետապնդում հարուցված լինելու դեպքում՝ մեղադրյալի անմեղության կանխավարկածի նկատմամբ միջամտու-թյունը, ի դեմս նրա կամահայտնությանը դատավարական եզրափակիչ ակտի կայացումը կանխորոշող փաստի կարգավիճակ տալու, նախատեսված չի եղել օրենքով:
5.2.2. Այս տեսակետից վիճարկվող կարգավորումը, այսինքն՝ Օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ մասում նույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի ներառումը, խախտում է ոչ միայն 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ քրեական պատասխանատվության տարիքի չհասած անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, հետևաբար նաև՝ հարուցված հետապնդումը շարունակելու իմպերատիվ արգելքը, այլ նաև խնդրահարույց է Սահմանադրության 72-րդ հոդվածի տեսանկյունից, քանի որ ստացվում է, որ անձը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել մի գործողության կամ անգործության համար, որը չէր կարող կատարել՝ Քրեական օրենսգրքի ընդհանուր մասով սահմանված հանցագործության սուբյեկտին առաջադրվող տարիքային պահանջը չբավարարելու պատճառով, այլ խոսքով՝ որ անձը կարող է մեղադրյալ դառնալ և դատապարտվել մի արարքի համար, որը հանցանք չէ դրա կատարման պահի դրությամբ: Այնուամենայնիվ, Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Սահմանադրության 66-րդ հոդվածով նախատեսված անմեղության կանխավարկածը չի կորցնում իր վերաբերելիությունը, այլ ապահովվում է լրացուցիչ՝ Սահմանադրության 72-րդ հոդվածով նախատեսված՝ բացառապես օրենքի դիմաց քրեական պատասխանատվության ենթարկվելու՝ անձի բացարձակ իրավունք հանդիսացող սկզբունքով՝ այն առումով, որ պաշտպանում է անձին նաև քրեադատավարական պատասխանատվությունից, հանցանք չհանդիսացող արարքի համար մեղադրանքի առաջադրումից, խափանման միջոցների կիրառումից և այլն, իսկ այդ արգելքը խախտելու դեպքում տալիս է նախկին վիճակը վերականգնելու իրավունք:
Վերջապես, Քրեական օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Սույն օրենսգրքի իմաստով՝ հանցանք կատարած անչափահաս է համարվում հանցագործության պահին 14 տարին լրացած, սակայն 18 տարին չլրացած անձը»: Համադրելով այս դրույթը «քրեական վարույթ» հասկացության՝ 2021 թվականի ՔԴՕ 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում տրված սահմանման հետ, այն է` «քրեական վարույթ՝ առերևույթ հանցանքի մասին պատշաճ ձևով տեղեկանալու պահից սույն օրենսգրքով սահմանված պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից իրենց իրավասության սահմաններում իրականացվող ընթացակարգ, որը դրսևորվում է վարութային գործողությունների կատարմամբ և դատավարական ակտերի ընդունմամբ», Սահմանադրական դատարանը նկատում է, որ հանցանք կատարելուն ակնհայտորեն ոչ ընդունակ անձի կողմից կատարված արարքը չի կարող համարվել առերևույթ հանցանք, հետևաբար՝ նման անձի կողմից որևէ արարք կատարելու վերաբերյալ քրեական վարույթ և հետապնդում իրականացվել չեն կարող:
Ընդ որում՝ Սահմանադրական դատարանը կարևոր է համարում ընդգծել նաև այն փաստը, որ օրենսդրի կողմից սահմանված՝ քրեական պատասխանատվության նվազագույն տարիքի հասած չլինելը որպես քրեական հետապնդումը բոլոր դեպքերում իմպերատիվ կարգով բացառող հանգամանք չդիտելը ստեղծում է կամայականություն դրսևորելու հնարավորություններ այն առումով, որ եթե, փաստորեն, քրեական հետապնդման իրականացումը հնարավոր է քրեական օրենքով սահմանվածից ցածր տարիքի երեխայի նկատմամբ, իսկ քրեադատավարական օրենքը նման որևէ տարիք սահմանել չի կարող, ապա հնարավոր է քրեական հետապնդման իրականացումը, և մեղադրական վերդիկտի կայացումը 14 տարին չլրացած ցանկացած տարիքի երեխայի նկատմամբ, և նման, օրինակ՝ 5, 6, 7, 8, 9, 10, 11 կամ 12 տարեկան երեխային մեղադրանք առաջադրելու լիազորության իրացումն այլևս որևէ դատավարական օրենքով արգելված չէ:
5.3. Արդյո՞ք միջամտությունը հետապնդում է սահմանադրաչափ և օրենքով սահմանված նպատակ
5.3.1. Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար»:
Սահմանադրության 31-րդ, 32-րդ, 33-րդ և մի շարք այլ հոդվածներով ամրագրված են այն նպատակները, որոնցով մարդու հիմնական սահմանադրական իրավունքները կարող են սահմանափակվել քրեական վարույթում: Մասնավորապես՝ այդ նպատակներն են հանցագործությունների կանխումը և բացահայտումը, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ խնդրո առարկա միջամտության նպատակը (նպատակները) անհրաժեշտ է պարզել՝ ելնելով օրենսդրի կողմից սահմանված՝ քրեական և քրեական դատավարության օրենսդրության ընդհանուր խնդիրների շրջանակից։ Այսպես՝ 2021 թվականի ՔԴՕ-ի 2-րդ՝ «Քրեական դատավարության օրենսգրքի նպատակը» վերտառությամբ հոդվածի համաձայն՝ «Սույն օրենսգրքի նպատակն անձի իրավունքների և ազատությունների երաշխավորման վրա հիմնված՝ ենթադրյալ հանցանքների վերաբերյալ վարույթի իրականացման արդյունավետ կարգի սահմանումն է»:
Ըստ Օրենսգրքի նախագծի հեղինակների կողմից կազմված Օրենսգրքի մեկնաբանման ուղեցույցի՝ «Քրեադատավարական օրենսդրությանը վերաբերող նորամուծություններից մեկն էլ այն է, որ սահմանվել է Օրենսգրքի նպատակը, այսինքն՝ այն վերջնարդյունքը, որի նվաճմանը միտված են այս նորմատիվ իրավական ակտում ներառված բոլոր իրավակարգավորումներն իրենց ամբողջության մեջ:6 (…) Դրա հետ մեկտեղ օրենսդիրը ձեռնպահ է մնացել առանձին հոդվածով Օրենսգրքի խնդիրները նախատեսելուց՝ երբեմն դրանք ամրագրելով այլ հիմնարար դրույթներում»:7
Ըստ նշված ուղեցույցի՝ այդ դրույթներից են, ի թիվս այլնի՝ «Օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը, 16-րդ հոդվածի 3-րդ մասը, 29-րդ հոդվածի 1-ին մասը և այլն»:8
Օրենսգրքի 15-րդ՝ «Վարույթի հանրայնությունը» վերտառությամբ հոդվածի 2 և 4-րդ մասերի համաձայն՝ «2. Արդարադատությունը, դատախազական հսկողությունը, նախաքննությունը, հետաքննությունը և հանրային այլ գործունեությունն իրականացվում են բացառապես իրավունքի շահից ելնելով` օրենքի հիման վրա ստեղծված իրավասու մարմինների կողմից: (…) 4. Վարույթի հանրայնությունն ապահովելիս անձի իրավունքների կամ ազատությունների սահմանափակումը պետք է համաչափ լինի հակակշիռ հանրային շահերի պաշտպանության նպատակին»:
Օրենսգրքի 16-րդ՝ «Բոլորի հավասարությունն օրենքի առջև» վերտառությամբ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Քրեական վարույթն իրականացնող մարմինների իրավասությունը, նրանց կողմից վարույթի իրականացման ձևը չեն կարող կամայականորեն փոփոխվել առանձին դեպքի կամ անձի կամ որոշակի իրավիճակի համար կամ որևէ ժամանակահատվածով»:
Օրենսգրքի 29-րդ՝ «Ոչ իրավաչափ վարքագծի արգելքը» վերտառությամբ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Վարույթի մասնավոր մասնակիցները և վարույթին օժանդակող անձինք պետք է իրենց իրավունքներից օգտվեն և իրենց պարտականությունները կատարեն բարեխղճորեն»:
Մեջբերված իրավադրույթներից երևում է, որ քրեական դատավարության միասնական նպատակն է անձի իրավունքների և ազատությունների երաշխավորումը և դրա վրա հիմնված՝ ենթադրյալ հանցանքների վերաբերյալ վարույթի իրականացման արդյունավետ կարգի ապահովումը, իսկ խնդիրներն են՝ հանրային գործունեության՝ բացառապես իրավունքի շահից ելնելով` օրենքի հիման վրա ստեղծված իրավասու մարմինների կողմից իրականացումը, անձի իրավունքների կամ ազատությունների սահմանափակումների համաչափությունը հակակշիռ հանրային շահերի պաշտպանության նպատակին, քրեական վարույթն իրականացնող մարմինների կամայականության բացառումը, և մյուս կողմից՝ վարույթի մասնավոր մասնակիցների, ինչպես նաև վարույթին օժանդակող անձանց կողմից իրենց իրավունքներից օգտվելու և իրենց պարտականությունները կատարելու բարեխղճության ապահովումը:
Քրեական դատավարության Նախկին օրենսգրքի՝ վերը ներկայացված նպատակների սահմանադրաչափությունը Սահմանադրական դատարանի կողմից հաստատվել է 2015 թվականի նոյեմբերի 17-ի ՍԴՈ-1236 որոշմամբ, որտեղ արձանագրվել է հետևյալը՝
«5. (…) [ս]ույն գործով վիճարկվող նորմերն իրենց իրավական բովանդակությամբ կոչված են (...) երաշխավորել, որպեսզի`
- քրեական օրենսգրքերով չթույլատրված արարք կատարած յուրաքանչյուր ոք բացահայտվի և քրեական օրենքով նախատեսված դեպքերում ու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվի,
- ոչ մի անմեղ անձ հանցանքի կատարման մեջ չկասկածվի, չմեղադրվի և չդատապարտվի,
- ոչ ոք անօրինական կամ առանց անհրաժեշտության չենթարկվի դատավարական հարկադրանքի միջոցների, պատժի, իրավունքների և ազատությունների այլ սահմանափակման /ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք, հոդվ. 2/։
Այսպիսով, վեճի առարկա իրավակարգավորմամբ հետապնդվող վերոհիշյալ նպատակներն ունեն սահմանադրական հիմնավորում, քանի որ հետաքննություն, նախաքննություն իրականացնող մարմինների՝ քրեական գործի հարուցումը մերժելու, քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները վերացնելու լիազորության նախատեսմամբ ոչ միայն երաշխավորվում են դատախազության սահմանադրական կոնկրետ գործառույթի իրականացման կարգն ու պայմանները, այլև ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` անձի հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը։ Հետևաբար, հետապնդվող այդպիսի նպատակների առումով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21–րդ հոդվածի 4–րդ մասի նորմերը սահմանադրականության խնդիր չեն հարուցում»։
Քրեական օրենսգրքի 2-րդ՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսդրության խնդիրները» վերտառությամբ հոդվածի համաձայն՝ «1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսդրության խնդիրներն են օրենքով նախատեսված շահերի պաշտպանությունը հանցավոր ոտնձգություններից, հանցագործությունների կանխումը, քրեական պատասխանատվության ենթակա իրավաբանական անձի և հանցանք կատարած անձի պատասխանատվության արդարացիությունը, հասարակությունում հանցանք կատարած անձի վերաինտեգրումը, վերասոցիալականացումն ապահովելը»:
5.3.2. Սահմանադրական դատարանը, վերը մեջբերված իրավադրույթների և նախկինում արտահայտած դիրքորոշումների հիման վրա արձանագրում է, որ Քրեական դատավարության նախկին օրենսգրքի 2-րդ հոդվածում նշված խնդիրները՝ որպես խնդիրներ կամ նպատակներ արտացոլված են 2021 թվականի ՔԴՕ 2-րդ և համապատասխան այլ հոդվածներում, ինչպես նաև նոր Քրեական օրենսգրքի 2-րդ հոդվածում, հետևաբար՝ սույն գործով Սահմանադրական դատարանն առաջնորդվում է նշված նպատակների սահմանադրաչափության կանխավարկածով:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքում ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի ձևով հստակեցված չեն այն կոնկրետ նպատակները, որոնք օրենսդիրն հետապնդել է այն կարգավորումը նախատեսելիս, որով հանրային իշխանության մարմիններին հնարավորություն է տվել քրեական հետապնդում իրականացնել քրեական պատասխանատվության ոչ ենթակա անձի նկատմամբ, ընդ որում՝ անկախ տարիքից:
Սահմանադրական դատարանը կարևոր է համարում նշել, որ վիճարկվող կարգավորման կոնկրետ նպատակների հստակ ձևակերպվածության բացակայության պատճառով իրավակիրառներին, այդ թվում՝ Սահմանադրական դատարանին, մնում է տրամաբանական դատողությունների միջոցով օրենսդրի նպատակը բխեցնել վերը նշված գործողությունների հետևանքներից, ինչի արդյունքում էլ, մասնավորապես, Դիմողը եկել է այն եզրակացության, որ վիճարկվող կարգավորման նպատակն է ապահովել երեխայի հաշվառումը և գույքային հայցի առթիվ համապատասխան դատական ակտերի կայացումը:
Այնուամենայնիվ, չնայած Օրենսդրի կողմից համապատասխան օրենսգրքերում կոնկրետ նպատակներ չնախատեսելու փաստին՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում նկատել, որ Պատասխանողը, անդրադառնալով վիճարկվող դրույթով հետապնդվող նպատակների իրավաչափության մասին Դիմողի արտահայտած կասկածին, պնդել է, որ՝ «Օրենքով նախատեսված քրեական պատասխանատվության տարիքին հասած չլինելու հանգամանքը օրենսդրի կողմից որպես ոչ ռեաբիլիտացնող հիմք դասելն ինքնանպատակ չի եղել, այն ընտրվել է որպես հակազդման միջոց՝ հիմքում ունենալով ոչ միայն անչափահասների դաստիարակչական նշանակության սկզբունքները, այլ նաև հասարակական անվտանգության խաղաղության, մարդկության անվտանգության ապահովման նկատառումները, ինչպես նաև հաշվի առնելով քրեական վարույթի մյուս մասնակիցների սահմանադրական իրավունքների արդյունավետ պաշտպանությունը։ Հակառակ դեպքում կխախտվի ոչ միայն հասարակական կարգը, այլև հասարակության միջանձնային հարաբերություններում գլուխ կբարձրացնեն անկարգությունն ու ագրեսիվ դրսևորումները»:
Սահմանադրական դատարանը նույնպես իր հետագա վերլուծությունն իրականացնելու է այդ թվում նաև Դիմողի կողմից որպես իրավաչափորեն հնարավոր ենթադրված, ինչպես նաև Պատասխանողի կողմից ուղիղ մատնանշած նպատակների իրավաչափության լույսի ներքո: Միաժամանակ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողի և Պատասխանողի նշած նպատակները՝ անգամ առավել վերացարկված ձևով, այն է՝ քրեական վարույթի խնդիրների մակարդակով, Օրենսգրքով ամրագրված չեն:
Սահմանադրական դատարանը 2015 թվականի փետրվարի 24-ի ՍԴՈ-1191 որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը՝
«6. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, (…), ի թիվս այլ խնդիրների, կոչված է երաշխավորելու անձի, հասարակության և պետության պաշտպանությունը հանրորեն առավել վտանգավոր (հանցավոր) արարքներից: Այդ օրենսգրքի համապատասխան նորմերը կոչված են սահմանելու իրավասու պետական մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից քրեական գործերով վարույթի իրականացման կարգը, որպեսզի քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարած յուրաքանչյուր ոք բացահայտվի և քրեական օրենքով նախատեսված դեպքերում և օրենսգրքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվի, ոչ մի անմեղ անձ հանցանքի կատարման մեջ չկասկածվի, չմեղադրվի և չդատապարտվի, ոչ ոք անօրինական կամ առանց անհրաժեշտության չենթարկվի դատավարական հարկադրանքի միջոցների, պատժի, իրավունքների և ազատությունների այլ սահմանափակման»:
Սահմանադրական դատարանը 2019 թվականի սեպտեմբերի 4-ի ՍԴՈ-1476 որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը՝
«4.2. Սահմանադրական դատարանը գտնում է, որ քրեական գործի վարույթի կարճման և քրեական հետապնդման դադարեցման ինստիտուտների նպատակը նախևառաջ հանցանքի կատարման մեջ կասկածվող կամ մեղադրվող անձի հիմնական, ներառյալ՝ արդար դատաքննության, անմեղության կանխավարկածի և կրկին չդատվելու իրավունքների իրականացման դատավարական երաշխիքներ ամրագրելն է, ինչպես նաև քրեական վարույթի իրականացման արդյունավետ կազմակերպական կառուցակարգ և ընթացակարգ սահմանելը: Ուստի դրանց ոչ ամբողջական կամ ոչ պատշաճ իրավական կանոնակարգումներն ուղղակիորեն վտանգում են այդ նպատակի կենսագործումը»:
Վերահաստատելով մեջբերված դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը նկատում է, որ սահմանելով քրեական վարույթի ընդհանուր խնդիրները՝ օրենսդիրը կարևորել է հանցանք կատարած անձանց բացահայտման և քրեական պատասխանատվության ենթարկելու միջոցով իրավակարգի ապահովումը։
Այս իրողության լույսի ներքո Սահմանադրական դատարանը փաստում է, որ անչափահաս երեխա հանդիսացող անձի հաշվին, քրեական վարույթի խնդիրներից դուրս այլ նպատակներ, մասնավորապես՝ այլ վարույթների շրջանակներում կայացվելիք դատական ակտերի հիմքեր ստեղծելը, մասնավորապես՝ քաղաքացիական հայցի հիմքում դրվելիք փաստերը հաստատելով, դուրս է քրեադատավարական օրենսդրության խնդիրների շրջանակից և չի կարող համարվել որպես օրենքով նախատեսված նպատակ:
Վերոգրյալի հիման վրա՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անձի նկատմամբ քրեական հետապնդումը չի կարող իրականացվել ՔԴՕ օրենսգրքով սահմանված խնդիրներից բացի որևէ այլ խնդիր լուծելու համար:
Սահմանադրական դատարանը գտնում է նաև, որ քանի որ օրենսդրի՝ քրեական դատավարության խնդիրներից բխող կարգավորումն այն է, որ հանցանք կատարած անձինք ենթարկվեն քրեական պատասխանատվության, իսկ անմեղ անձինք ազատվեն քրեական պատասխանատվությունից, Օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքը՝ նույն հոդվածի 4-րդ մասի հետ ամբողջության մեջ վերցված, նպատակ ունի կարգավորել մեղքն ընդունելու պայմանով այնպիսի անձի քրեական պատասխանատվությունից ազատելը, որն արդեն իսկ դրանից ազատված է քրեական օրենքով:
Այսպիսով, վիճարկվող դրույթներով՝ Օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և դրա հետ համակարգային ամբողջության մեջ վերցված նույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված միջամտությունը չի հետապնդում օրենքով նախատեսված նպատակ:
5.4. Արդյո՞ք միջամտությունը համաչափ է կամ հավասարակշռված է արդյունավետ դատավարական երաշխիքներով
5.4.1. Արդյո՞ք միջամտությունը համաչափ է կամ անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում
Սահմանադրական դատարանի՝ 2007 թվականի փետրվարի 7-ի ՍԴՈ-677 որոշման համաձայն՝ «5. (…) Սահմանադրության 23–25, 27, 28–30, 30.1 հոդվածներով, 32 հոդվածի երրորդ մասով ամրագրված հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար: (…)
Սահմանադրության 43 հոդվածի 1-ին մասում նաև անուղղակիորեն ամրագրված է հիմնական իրավունքների պաշտպանության համար կարևորագույն նշանակություն ունեցող սկզբունքներից մեկը` համաչափության սկզբունքը, որի համաձայն` օրենքը կարող է նախատեսել մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների միայն այնպիսի սահմանափակումներ, որոնք համապատասխանում են Սահմանադրությամբ սահմանված նպատակներին և պիտանի, անհրաժեշտ ու իրավաչափ են դրանց հասնելու համար»:
Սահմանադրական դատարանի՝ 2010 թվականի հոկտեմբերի 12-ի ՍԴՈ-920 որոշման համաձայն՝ «5. (…) հանրային իշխանության իրականացումը նախևառաջ սահմանափակվում է իրավական պետության գաղափարից բխող` համաչափության ընդհանուր սկզբունքով։ Այս սկզբունքը հանդիսանում է ընդհանրապես իրավաբանական պատասխանատվության (…) հիմքում ընկած կարևորագույն սկզբունքներից մեկը, որի ապահովման տեսանկյունից էլ նախևառաջ անհրաժեշտ է գնահատել վիճարկվող նորմի սահմանադրականությունը»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայուն հաստատված նախադեպային իրավունքի համաձայն՝ համաչափության սկզբունքը պահանջում է, որ ՄԻԵԿ մասնակից պետությունները ղեկավարվեն նվազագույն միջամտության սկզբունքով, այսինքն՝ օրենքով հռչակված իրավաչափ նպատակներին հասնելու համար կիրառեն մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հնարավորինս նվազագույն սահմանափակումները:9
Վերոգրյալի հիման վրա՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն կետի ներքո անհրաժեշտ է պարզել, թե արդյո՞ք քրեական պատասխանատվության ոչ ենթակա երեխա-մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, այնուհետև՝ այն՝ մեղադրյալի համաձայնությամբ միայն քրեական պատասխանատվության տարիքը լրացած չլինելու ոչ արդարացնող հիմքով դադարեցնելու արդյունքում առաջացող հետևանքներին հնարավոր է հասնել քրեական արդարադատությունից դուրս կայացվող որոշումներով, ինչպես նաև՝ արդյո՞ք այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը պիտանի է քրեական արդարադատության համակարգից դուրս գտնվող խնդիրները լուծելու համար:
Սահմանադրական դատարանը փաստում է, որ վիճարկվող դրույթի կիրառման՝ վերը նկարագրված հետևանքներից առաջինը հնարավոր գույքային հայցի լուծումն է քրեական դատավարության կամ քաղաքացիական դատավարության շրջանակներում: Քրեական վարույթում դատարանի կողմից հաստատվող անձի մեղավորությունը և արարք կատարելը հաստատվում են ողջամիտ կասկածից վեր շեմով, մինչդեռ գույքային հայցը լուծվում է քաղաքացիական դատավարության ապացուցողական շեմով: Դրա ապացույցն է այն, որ 2021 թ. ՔԴՕ 162-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «2. Արդարացման դատավճիռ կայացնելու, քրեական հետապնդումը դադարեցնելու կամ վարույթը կարճելու դեպքում, ելնելով հայցի ապացուցվածությունից, դատարանն իրավասու է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու»:
Նշված կարգավորումների հիման վրա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անգամ քրեական վարույթում արարքը կատարելու և հայցի ապացուցվածության հետ կապված փաստերը հաստատող որոշումները չեն կայացվում այն շեմից բարձր շեմով, որով նույն հարցերը լուծվում են քաղաքացիական վարույթի ընթացքում կայացվող որոշումներով: Հետևաբար՝ գույքային հարցերի լուծման քրեադատավարական կարգն օրենսդրի հռչակած կամ իրավաչափորեն հնարավոր նպատակների իրագործելիության տեսակետից որևէ կերպ ավելի արդյունավետ համարվել չի կարող՝ դատավարական այլ կարգերի համեմատ:
Սահմանադրական դատարանը նկատում է, որ հիշյալ նպատակների իրագործելիության առավել արդյունավետության ապահովման լրացուցիչ փաստարկ կարող է ծառայել Օրենսգրքի 162-րդ հոդվածի 3-րդ մասի այն կարգավորումը, որ՝ «3. Գույքային հայցը մերժելու, լրիվ կամ մասնակի բավարարելու մասին` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բացառում է նույն անձանց միջև նույն առարկայի մասին հայցի քննությունը քաղաքացիական դատավարության կարգով»:
Նշված կարգավորման՝ քրեական վարույթի շրջանակներում քաղաքացիական վարույթի համեմատ նույն հարցերի առավել արդյունավետ լուծում ապահովելու ենթադրությունը, սակայն, ուղղակիորեն հերքվում է նույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված այն կարգավորմամբ, որ՝ «4. Առանց լուծման թողնված գույքային հայցը կարող է հետագայում հարուցվել քաղաքացիական դատավարության կարգով»:
Բացի դրանից, Օրենսգրքի 162-րդ հոդվածի 3-րդ մասի վկայակոչված կարգավորման նպատակն է դատական ակտերի վերջնականության ապահովումը և այն իրավիճակների բացառումը, երբ դատական ակտով լուծված նույն հարցերը հետագայում վիճարկվեն այլ մասնագիտացման դատարանում՝ նույն՝ քրեական մասնագիտացման դատարանների համակարգի ներսում բողոքարկման ընթացակարգերից դուրս: Նշված վերջնականության (res judicata)՝ որպես իրավաչափ նպատակին հասնելու արդյունավետությունը բխում է այն կանխավարկածից, որ քրեական վարույթի ընթացքում հարուցված գույքային հարցի քննությանը մասնակցում են այն բոլոր անձինք, որոնց գույքային շահերին տվյալ գույքային հարցի լուծումը ոչ միայն առնչվում է, այլ նաև կարող է առնչվել:
Նշված կանխավարկածն ուղղակիորեն բխում է ՀՀ վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 24-ին ԵԿԴ/0282/01/09 որոշմամբ արտահայտված այն դիրքորոշումից, որ՝ «22. (...) եթե անձը դատավարության մասնակից չէ, սակայն վարույթն իրականացնող մարմնի ընդունած ակտով խախտվում են նրա իրավունքներն ու օրինական շահերը կամ այդ ակտն առնչվում է նրա իրավունքներին և օրինական շահերին, ապա անձն իրավունք ունի դիմել թե՛ դատարան և թե՛ վերադասության կարգով բողոքարկել դատական ակտը` իր իրավունքների պաշտպանության կամ խախտված իրավունքները վերականգնելու համար, իսկ դատարանները պարտավոր են քննության առնել նրանց դիմումները և բողոքները:
23. Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական հիմնավորումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության հիմնարար իրավունքը վերաբերում է նաև այն անձանց, ովքեր դատավարության մասնակից չեն, սակայն վարույթն իրականացնող մարմինների ընդունած որոշումն առնչվում է նրանց օրինական շահերին, ենթադրաբար խախտում է նրանց իրավունքներն ու ազատությունները»:
Այսինքն՝ Օրենսգրքի 162-րդ հոդվածի 3-րդ մասի այդ կարգավորումն արտացոլում է դատական պրակտիկայից բխած այն կանխավարկածը, որ գույքային հայցին քրեական վարույթում տրված լուծումը հաշվի է առնում դատավարության բոլոր հնարավոր մասնակիցների շահերը, այդ թվում՝ քրեական արդարադատության բողոքարկման ընթացակարգերում:
Վերջապես, Սահմանադրական դատարանը նկատում է, որ Օրենսգրքի 162-րդ հոդվածի 4-րդ մասի բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ 14 տարին չլրացած մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը և իրականացնելը՝ անգամ եթե դրանք հանգեցնելու են ոչ արդարացնող կամ նաև արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելուն, պարտադիր կերպով չեն ապահովում այն հետևանքը, որը իրավաչափորեն կարող էր հետապնդվել քրեական վարույթի շրջանակներում, մասնավորապես՝ որպեսզի քրեական գործեր քննող դատարանի դատավորը պարտադիր գույքային հայցին լուծում տար քրեական վարույթի շրջանակներում: Ստացվում է, որ հնարավոր է, որ քրեական պատասխանատվության տարիքի չհասած երեխան՝ անկախ տարիքից, քրեորեն հետապնդվի, ընդունի իր կողմից արարքը կատարելը, սակայն դատարանը գույքային հայցը թողնի առանց քննության, և նույն գույքային հայցը հարուցվի և քննվի քաղաքացիական դատավարության կարգով:
Մյուս կողմից, եթե քրեական վարույթում այդ հարցը չի լուծվել, ապա կրկին ՀՀ օրենսդրությունը, մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ՝ «Ապացուցելուց ազատվելու հիմքերը» վերտառությամբ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Գործին մասնակցող անձն ազատվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերն ապացուցելու պարտականությունից, որոնք գործին մասնակցող մյուս անձինք ընդունում են առաջին ատյանի դատարան ներկայացված դատավարական փաստաթղթով, դատական նիստի ընթացքում արված հայտարարությամբ, դիրքորոշում հայտնելու կամ ցուցմունք տալու ընթացքում (անվիճելի փաստեր) (…)»:
Այսինքն՝ հանցանքի հատկանիշներ պարունակող արարքից տուժած անձի կողմից քաղաքացիական հայցով դատարան դիմելու դեպքում 14 տարին չլրացած երեխան նույնպես կարող է դիրքորոշում հայտնել հայցի համար նշանակություն ունեցող փաստի՝ արարքը իր կողմից կատարելու կապակցությամբ, և այդ փաստը այլևս ապացուցման կարիք չունենա ճիշտ այնպես, ինչպես այդ փաստը նա ընդունում է քրեական վարույթի շրջանակներում հայտնած իր դիրքորոշմամբ՝ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ առարկություն չներկայացնելու ձևով: Այլ կերպ՝ և՛ քաղաքացիական, և՛ քրեական վարույթներում արարքի կատարման փաստը հաստատվում է նույն անձի դատավարական դիրքորոշմամբ, դրա հետևանքները նույնն են, և անձն իրավունք ունի հրաժարվել նման դիրքորոշում հայտնելուց:
Հետևաբար` Սահմանադրական դատարանը գտնում է, որ քրեական պատասխանատվության տարիքի չհասած անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը, այնուհետև այն՝ մեղադրյալի՝ զուտ քրեական պատասխանատվության տարիքը լրացած չլինելու ոչ արդարացնող հիմքով դադարեցնելու դեմ չառարկելու միջոցով արարքի կատարումն ընդունելու՝ այլևս ապացուցման ոչ ենթակա փաստը քրեական վարույթի շրջանակներում հաստատելու համար անհրաժեշտ և համաչափ միջոց չէ սահմանադրաչափ որևէ նպատակի հասնելու համար:
Մյուս հետևանքը, որը կարող է առաջանալ քրեական պատասխանատվության տարիքի չհասած անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, այնուհետև՝ այն մեղադրյալի համաձայնությամբ զուտ քրեական պատասխանատվության տարիքը լրացած չլինելու ոչ արդարացնող հիմքով դադարեցնելու արդյունքում, երեխային հաշվառման վերցնելն է, որն անհրաժեշտ է դեվիանտ (շեղվող) վարքագիծ դրսևորող երեխաներին պետության հատուկ հսկողության տակ վերցնելու և վերադաստիարակումն ապահովելու համար:
Սահմանադրական դատարանը նկատում է, սակայն, որ նշված հետևանքը կարող է առաջանալ քրեական վարույթից դուրս կայացվող որոշումների արդյունքում, և զուտ քրեական վարույթում կայացվող՝ տվյալ ոչ արդարացնող հիմքով դադարեցնելու մասին որոշումը՝ որպես հաշվառման վերցնելու հիմք, որևէ կերպ պարտադիր կամ այլ հիմքերի համեմատ առավել արդյունավետ կամ պիտանի միջոց համարվել չի կարող: Այլ կերպ՝ սույն սահմանադրաիրավական վեճին վերաբերելի հնարավոր նպատակներին կարելի է հասնել անձի իրավունքների նկատմամբ նվազ ծանր միջամտություն իրականացնելով, մասնավորապես՝ առանց 14 տարին չլրացած երեխայի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, իրականացնելու և նրա առարկության բացակայությամբ նշված հետապնդումը դադարեցնելու, կամ առարկության դեպքում՝ վարույթը ընդհանուր կարգով շարունակելու և մեղադրական վերդիկտ կայացնելու դեպքում՝ պատիժ չնշանակելու, ինչի հնարավորությունը նախատեսված է ՔԴՕ 12-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ նախադասությամբ:
Անդրադառնալով Պատասխանողի կողմից վկայակոչված՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արտահայտված այն դիրքորոշմանը (T. v. The United Kingdom (Application no. 24724/94) page 41), որ՝ «Եթե երեխաները ենթակա են քրեական պատասխանատվության, ապա նրանց նկատմամբ պետք է իրականացվի դատաքննություն, սակայն այդ դատական ընթացակարգը տեղին չէ այն պարագայում, երբ երեխան չափազանց անհաս է արդար դատաքննություն ապահովելու համար», որից ելնելով Պատասխանողը պնդում է, որ՝ «[Ս]ա նշանակում է, որ անչափահասները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից, սակայն դա չի նշանակում, որ նրանք անմեղ են իրենց գործողություններում»՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ մեջբերված դիրքորոշումից ուղղակիորեն բխում է, որ դատաքննություն չի կարող իրականացվել այն երեխաների նկատմամբ, որոնք քրեական պատասխանատվության ենթակա չեն:
Միավորված ազգերի կազմակերպության Տնտեսական և սոցիալական խորհրդի 1997 թվականի հուլիսի 21-ի թիվ 1997/30 բանաձևով սահմանված «Քրեական արդարադատության համակարգում հայտնված երեխաների նկատմամբ գործողությունների ուղենիշների» (Guidelines for Action on Children in the Criminal Justice System) 14-րդ կետում ամրագրված է, որ «(գ) քրեական պատասխանատվության տարիքից ցածր որևէ երեխայի չպետք է քրեական մեղադրանք առաջադրվի»:
Բացի դրանից, միջազգային նույն վերաբերելի չափորոշիչները սահմանում են, որ անգամ այն դեպքերում, երբ անչափահասները ենթակա են քրեական պատասխանատվության, պետությունները պետք է քայլեր ձեռնարկեն հնարավորության դեպքում երեխաներին քրեական արդարադատության ոլորտից արդարադատության այլ ոլորտներ ուղղորդելու համար: Մասնավորապես՝ ՄԱԿ-ի նույն Ուղենիշների 15-րդ կետի համաձայն՝ «Անհրաժեշտ է գործող ընթացակարգերի վերանայում ձեռնարկել, իսկ հնարավորության դեպքում մշակել գործերի լուծման արտադատական կամ քրեական արդարադատության դասական համակարգերից տարբերվող այլընտրանքային այլ նախաձեռնություններ՝ քրեական հանցանք կատարած երիտասարդ անձանց քրեական արդարադատության համակարգեր ուղղորդելուց խուսափելու համար»։
Վերոհիշյալին ուղիղ հակառակ՝ վիճարկվող դրույթներով սահմանված է քրեական պատասխանատվության ոչ ենթակա երեխաներին դեպի քրեական արդարադատության ոլորտ ներգրավելու հնարավորությունն այնպիսի նպատակների իրագործման համար, որոնք նույն արդյունավետությամբ իրագործելի են արդարադատության այլ ոլորտներում:
Վերոգրյալի հիման վրա՝ Սահմանադրական դատարանը եզրակացնում է, որ քրեական պատասխանատվության տարիքի չհասած երեխայի նկատմամբ քրեական հետապնդում սկսելն ու իրականացնելը պիտանի միջոց չեն սույն գործով իրավաչափորեն հնարավոր որևէ սահմանադրական նպատակի հասնելու համար, ինչպես նաև համաչափ չեն՝ երեխայի լավագույն շահերը հաշվի առնելու, մասնավորապես՝ առանց խիստ անհրաժեշտության երեխային քրեական արդարադատության ոլորտին ներգրավելու տեսանկյունից:
5.4.2. Արդյո՞ք միջամտությունը հավասարակշռված է արդյունավետ դատավարական երաշխիքներով
Այս կետի ներքո Սահմանադրական դատարանի խնդիրն է պարզել, թե արդյո՞ք 14 տարին չլրացած մեղադրյալ հանդիսացող անձի կողմից՝ իր անմեղության կանխավարկածի տարր հանդիսացող՝ միայն մեղադրական դատավճռով իր մեղքը հաստատված համարվելու իրավունքից հրաժարվելը՝ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցնելու դեմ չառարկելու ձևով, արդյունավետ երաշխիք է իր անմեղության կանխավարկածը՝ նշված տարրի մասով, սահմանափակելու դիմաց:
Սահմանադրական դատարանը 2020 թվականի դեկտեմբերի 8-ի ՍԴՈ-1571 որոշմամբ արձանագրել է.
«Պետությունը պետք է ստեղծի անհրաժեշտ երաշխիքներ մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ իրացման համար: Պետությունը պարտավորվում է ոչ միայն ճանաչել, պահպանել և պաշտպանել իրավունքները և ազատությունները, այլև ստեղծել պետական-իրավական այնպիսի կառուցակարգեր, որոնք արդյունավետ ձևով կարող են կանխել, վերացնել դրանց ցանկացած խախտումներ, վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները» (կետ 4.1)»։
Սույն սահմանադրաիրավական վեճի առարկայի մասով, իրավունքից հրաժարման (waiver) իրավաչափության չափանիշները նաև անմիջականորեն այն պարտադիր երաշխիքի (առարկություն ներկայացնելու հնարավորության) արդյունավետության չափանիշներն են, որով սահմանափակվում է մեղադրյալի, մասնավորապես՝ մեղադրյալ-երեխայի անմեղության կանխավարկածի իրավունքը:
Սահմանադրական դատարանը 2018 թվականի փետրվարի 13-ի ՍԴՈ-1403 որոշմամբ արձանագրել է. «7. (…) [Ի]րավունքի իրացումից հրաժարվելու ինստիտուտը չի կարող հանգեցնել պետության կողմից արդարադատության շահի և մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված՝ իր վրա դրված պոզիտիվ պարտավորություններից հրաժարվելու պահանջի: Այսպիսի իրավիճակում պետությունն առաջնորդվում է մարդու իրավունքով՝ ոչ միայն որպես անձի կողմից իր վարքագծի ընտրության հնարավորություն, այլ որպես բարձրագույն արժեք»:
Անձի՝ իր սահմանադրական իրավունքի, մասնավորապես՝ արդար դատաքննության մաս կազմող տարբեր իրավունքներից հրաժարվելու լեգիտիմության վերաբերյալ հարուստ նախադեպային իրավունք է ձևավորել ՄԻԵԴ-ը՝ սահմանելով, որ իրավունքից հրաժարումը պետք է արված լինի իմացաբար և գիտակցված ձևով (“knowing and intelligent waiver”),10 որպիսի «չափորոշիչը պահանջում է, որ ցանկացած հրաժարում11 պետք է տրված լինի աներկբա ձևով,12 ապահովված լինի դրա կարևորությանը համարժեք նվազագույն երաշխիքներով, լինի կամովին, հիմնված լինի տեղեկացված կերպով կատարված ընտրության վրա, լինի պարզ. անձը պետք է ողջամտորեն ի վիճակի լինի կանխատեսելու այն հետևանքները, որոնց կարող է հանգեցնել իր վարքագիծը, չհակասի որևէ կարևոր հանրային շահի»:13
Բացի դրանից, արդար դատաքննության մաս կազմող առանձին իրավունքներից, օրինակ՝ վկաներին հակընդդեմ հարցաքննելու (Murtazaliyeva v. Russia [GC], 2018, § 118), պաշտպան ունենալու (Fariz Ahmadov v. Azerbaijan, 2021, §§ 50-55) իրավունքներից հրաժարումը, ինչպես նաև իրավունքից հրաժարումը խոցելի վիճակում գտնվող անձանց կողմից (Bogdan v. Ukraine, 2024, §§ 57-69 and 75) գտնվում են «հատուկ պաշտպանության ներքո»:14
Սահմանադրական դատարանի խնդիրն է, հետևաբար, վերը նշված չափորոշիչների տեսանկյունից պարզել, թե արդյոք 14 տարին չլրացած երեխայի կողմից իր սահմանադրական իրավունքից անմեղության կանխավարկածի մաս կազմող՝ միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռով իր մեղքը հաստատվելու իրավունքից հրաժարվելը կարող է համարվել գիտակցված, իմացաբար և կամովին արված, ինչպես նաև՝ արդյո՞ք այդպիսին կարող է համարվել նույն անձի կողմից՝ նշված իրավունքից հրաժարվելը քրեական վարույթի ընթացքում քրեական պատասխանատվության տարիքին հասնելուց հետո, որի համար անհրաժեշտ է ուսումնասիրել, թե ինչ մոտեցում ունի օրենսդիրն ընդհանրապես՝ իր առավել վերաբերելի կարգավորումներում, 14 տարին չլրացած անձի կամահայտնության տարբեր դրսևորումների արժանահավատության նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 29-րդ՝ «Մինչև տասնչորս տարեկան անչափահասների գործունակությունը» վերտառությունը կրող հոդվածի համաձայն՝ 14 տարին չլրացած երեխաները համարվում են «փոքրահասակներ», և նրանց փոխարեն և նրանց անունից բոլոր գործարքները, բացառությամբ՝ մանր կենցաղային գործարքների, նոտարական վավերացում կամ գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցում չպահանջող` անհատույց օգուտներ ստանալուն ուղղված գործարքների, օրինական ներկայացուցչի կամ վերջինիս համաձայնությամբ երրորդ անձանց կողմից որոշակի նպատակով կամ ազատորեն տնօրինելու համար տրամադրված միջոցները տնօրինելու գործարքների, կարող են կնքել միայն նրանց ծնողները, որդեգրողները կամ խնամակալները:
Քրեական օրենսգրքի 45-րդ՝ «Արդարադատության շահերի դեմ ուղղված հանցագործությունները» վերտառությամբ գլխում ներառված և ոչ մի հանցագործության համար (տես՝ Քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը և 473-515 հոդվածները) նախատեսված չէ քրեական պատասխանատվություն անգամ 14 տարին լրացած, բայց 16 տարին չլրացած անձի համար: Այսինքն՝ այս անձինք նաև հարցաքննության ընթացքում չեն նախազգուշացվում ցուցմունք տալուց հրաժարվելու և սուտ ցուցմունք տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին (տե՛ս 2021 թ. ՔԴՕ 218-րդ հոդվածի 3-րդ մասը): Այլ կերպ՝ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված չէ 16 տարին չլրացած անձի կողմից տրված ցուցմունքի արժանահավատության ապահովման կարևորագույն երաշխիքը՝ քրեական պատասխանատվության սպառնալիքի մասին տեղեկացնելը, օրինակ՝ սուտ մատնության համար: Մինչդեռ նույն Օրենսգիրքը վիճարկվող դրույթում՝ 12-րդ հոդվածի 4-րդ մասում քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք նախատեսում է ոչ միայն 16, այլև 14 տարին չլրացած անձի հայտնած «դատավարական» դիրքորոշումը:
Վերջապես, օրենսդիրը Քրեական օրենսգրքի շրջանակներում մի կողմից համարում է, որ 14 տարին չլրացած անձը չունի բավարար հասունություն քրեական պատասխանատվության ենթարկվելու համար, սակայն Քրեական դատավարության օրենսգրքով ամրագրում է, որ նույն անչափահասը կարող է տալ իր գիտակցված, կամովին և աներկբա համաձայնությունը՝ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու համար: Այս տեսակետից Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այն գործոնները, որոնք օրենսդրի կողմից հաշվի են առնվել քրեական պատասխանատվության կոնկրետ նվազագույն տարիք սահմանելիս, անտեսվել են քրեական վարույթի ելքը նույնպիսի անձի նկատմամբ կանխորոշող դատավարական դիրքորոշման «հասունության» աստիճանը գնահատելիս:
Այլ խոսքով՝ եթե անձը չի կարող քրեական պատասխանատվություն կրել իր ենթադրաբար կատարած արարքի համար, չի կարող պատասխանատվություն կրել սուտ մատնություն և սուտ ցուցմունք տալու համար և կարող է կնքել միայն մանր կենցաղային և այլ սահմանափակ բնույթի գործարքներ, ապա նույն անձի դիրքորոշումը՝ առարկություն չներկայացնելը կամ ներկայացնելը, չի կարող քննարկվող իրավունքից հրաժարվելու իրավաչափ երաշխիք համարվել՝ նշված արգելքների հիմքում ընկած՝ նրա հասունությունը բնութագրող նույն օբյեկտիվ պատճառներով:
Վերոնշյալի հիման վրա՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն գործով վիճարկվող դրույթներով իրավունքից հրաժարման իրավաչափության երաշխիքները բացակայում են՝ սուբյեկտի անձի ուժով:
Սահմանադրական դատարանն այսպիսով գտնում է, որ 14 տարին չլրացած մեղադրյալի՝ իր դեմ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ ուղղված առարկությունը արդյունավետ հակակշռող երաշխիք չէ նրա անմեղության կանխավարկածը սահմանափակելու համար, քանի որ իրավունքից հրաժարվելը չի կարող կատարվել իմացաբար և գիտակցված՝ իր դատավարական գործողությունների բնույթը լիովին հասկանալու և դրանց հետևանքները կանխատեսելու ունակության բացակայության առումով, որպիսի կանխավարկածն ամրագրված է Քաղաքացիական օրենսգրքի, Քրեական օրենսգրքի և Օրենսգրքի՝ վերը մեջբերված վերաբերելի դրույթներով, հատկապես՝ քրեական պատասխանատվության նվազագույն տարիքի հասած չլինելու փաստով: Միայն օրենսդիրը կարող է հերքել այդ կանխավարկածը՝ քրեական պատասխանատվության ենթարկելու նվազագույն տարիքը նվազեցնելու միջոցով:
Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք 14 տարին չլրացած երեխայի ունեցած սահմանադրական իրավունքից, այն է՝ անմեղության կանխավարկածի մաս կազմող՝ միայն օրինական ուժի մեջ մտած դատավճռով իր կողմից արարքի կատարումը հաստատվելու իրավունքից հրաժարվելը, կարող է համարվել գիտակցված, իմացաբար և կամովին արված, եթե այն կատարվում է նույն անձի կողմից՝ քրեական վարույթի ընթացքում քրեական պատասխանատվության տարիքին հասնելուց հետո, ապա Սահմանադրական դատարանը նկատում է, որ վիճարկվող դրույթի պարագայում սահմանափակելի իրավունքի նկատմամբ իրականացվող միջամտության պահին հանդիպակաց արդյունավետ երաշխիքի բացակայությունը չի կարող լրացվել հետագայում, այսինքն՝ քրեական պատասխանատվության ոչ ենթակա անձի կողմից առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքի կատարման համար նրան նաև «հանցանքի» կատարման մեջ մեղադրելու լեգիտիմությունը չի կարող կախված լինել նույն անձի հետագա հասունացումից և, ըստ այդմ՝ ավելի գիտակցված դիրքորոշումներ արտահայտելու կարողությունից:
Ավելին՝ հակառակ մոտեցումը կարող է կամայականությունների պատճառ դառնալ այն առումով, որ քրեական վարույթը կարող է արհեստականորեն ձգձգվել թե՛ քրեական հետապնդման հարուցման և թե՛ հետագայում այն դադարեցնելու պահին՝ անչափահասի՝ քրեական պատասխանատվության տարիքին հասնելն ապահովելու և հետո միայն նրանից «գիտակցված, իմացաբար և կամովին արված» համաձայնություն ստանալու համար:
Նշվածի հիման վրա՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ անձի՝ Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված հիմնական սահմանադրական իրավունքը՝ երեխայի լավագույն շահերը հաշվի առնելն է, ինչը նշանակում է, որ որոշ դեպքերում երեխայի կարծիքը կարող է հակասել իր իսկ լավագույն շահերին: Այլ խոսքով, երեխայի կարծիքը, թեկուզ ազատորեն և աներկբա արտահայտված, չի կարող a priori համարվել նրա լավագույն շահի արտացոլումը:
Ողջ վերոգրյալի հիման վրա՝ Սահմանադրական դատարանը եզրակացնում է, որ փոքրահասակ երեխայի՝ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ առարկելն արդյունավետ երաշխիք չէ նրա՝ արդար դատաքննության իրավունքի, այդ թվում՝ անմեղության կանխավարկածի՝ միայն դատարանի մեղադրական դատավճռով նրա մեղքը հաստատված լինելու սկզբունքի սահմանափակման համար: Սրանից էլ ուղղակիորեն բխում է, որ Սահմանադրության 66-րդ հոդվածի ուժով՝ Օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը չի կարող, հակառակ նույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույթի, համարվել քրեական հետապնդումը դադարեցնելու ոչ ռեաբիլիտացնող հիմք՝ դրա դեմ առարկելու հնարավորությունն անմեղության կանխավարկածի նշված սահմանափակման նկատմամբ ի սկզբանե համարժեք և արդյունավետ հակակշիռ չհանդիսանալու պատճառով:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասով, 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 4-րդ մասով, 170-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 71-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ մասը՝ նույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետին հղում պարունակելու մասով, ճանաչել Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 66-րդ հոդվածին, 72 և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր՝ այնքանով, որքանով հնարավոր է համարում քրեական պատասխանատվության` օրենքով նախատեսված տարիքին չհասած անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը և այն շարունակելը, ինչպես նաև քրեական վարույթը՝ քրեական օրենքով սահմանված արգելքի խախտմամբ հարուցված քրեական հետապնդման պայմաններում մեղադրյալի դիրքորոշմամբ պայմանավորված՝ ընդհանուր կարգով շարունակելը և, ըստ դատաքննության արդյունքի՝ նրա նկատմամբ մեղադրական վերդիկտ կայացնելը:
3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
____________________
1 Տե՛ս, մասնավորապես, ապացուցման բեռի մասով՝ Սալաբիակուն ընդդեմ Ֆրանսիայի գործով 1988թ. հոկտեմբերի 7-ի վճիռը (Salabiaku v. France, Application no. 10519/83, par 28), Գրեյսոնն ու Բարնհամն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով 2007թ. սեպտեմբերի 27-ի վճիռը (Grayson and Barnham v. the United Kingdom, 19955/05 and 15085/06, par 49)
2 Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի, գանգատ թիվ 40094/05:
3 John Murray v. the United Kingdom judgment of 8 February 1996, Reports 1996-I, § 45
4 նույն տեղում, կետ 47-րդ:
5 Kok v. The Netherlands, Հ-43149/98), Իրավունք, կետ 5:
6 Տես՝ Օրենսգրքի 2-րդ հոդվածը։
7 Տես՝ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգային լուծումների, նորարարական մոտեցումների և հիմնական ինստիտուտների մեկնաբանման գործնական ուղեցույց», Եվրոպայի խորհուրդ, հուլիս, 2022 թ., էջ 31-32:
8 Տես՝ նույն տեղում, էջ 32:
9 Տես՝ ի թիվս բազմաթիվ այլ աղբյուրների՝ «6-րդ հոդվածի 1-ին մասի ներքո թույլատրելի են պաշտպանական կողմի իրավունքների միայն այնպիսի սահմանափակումներ, որոնք խիստ անհրաժեշտ են: Ավելին, մեղադրյալի նկատմամբ արդարացի դատական քննության իրականացումը երաշխավորելու նպատակով, պաշտպանական կողմի համար, նրա իրավունքների սահմանափակմամբ հարուցվող բոլոր դժվարությունները պետք է բավարար չափով հավասարակշռվեն դատական մարմինների կողմից իրականացվող հետագա ընթացակարգերով», (Jasper v. the United Kingdom, application no. 27052/95, Judgment of 16 February 2000, par. 52):
10 Տե՛ս՝ Ibrahim and Others v. the United Kingdom GC, 2016, § 272:
11 Տե՛ս՝ Dvorski v. Croatia GC, 2015, §§ 100-102; Simeonovi v. Bulgaria GC, 2017, § 115; Pishchalnikov v. Russia, 2009, § 77):
12 Տե՛ս նաև՝ Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 8088/05) 2012 թվականի ապրիլի 10-ի վճռում՝ արտահայտված դիրքորոշումը՝ «85. (…) Կոնվենցիայով երաշխավորված որևէ իրացումից հրաժարվելը՝ որքանով նման հրաժարում թույլ է տրվում ներպետական իրավունքում, պետք է հաստատված լինի միանշանակ ձևով»:
13 Տե՛ս՝ «Հոդված 6 (քրեական հատված): Արդար դատաքննության երաշխիքներից հրաժարումը (խմբ. 31.08.2024)», էջ 1, Article 6 (criminal limb): Waiver of the guarantees of a fair trial (Last updated: 31/08/2024):
14 Նույն տեղում, էջ 1-2:
Նախագահող |
Ա. Դիլանյան |
5 փետրվարի 2025 թվականի ՍԴՈ-1767 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 փետրվարի 2025 թվական:
