ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում, |
ԵԴ/0157/01/19 | ||||||
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ | ||
|
|
Լ. Թադևոսյանի |
27 դեկտեմբերի 2024 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Սուրեն Հայկի Աղաջանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի ապրիլի 25-ի որոշման դեմ Ս.Աղաջանյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2019 թվականի դեկտեմբերի 2-ին, ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում, հարուցվել է թիվ 36101719 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 258․2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ Սուրեն Հայկի Աղաջանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258․2-րդ հոդվածի 1-ին մասով:
2019 թվականի դեկտեմբերի 27-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 15-ի դատավճռով Սուրեն Աղաջանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 258․2-րդ հոդվածի 1-ին մասով արդարացվել է՝ արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2022 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ Ս.Աղաջանյանի պաշտպան Ռ․Ալիխանյանի բողոքը մերժել է, իսկ դատախազի բողոքը՝ բավարարել, Առաջին ատյանի դատարանի վերը նշված դատավճիռը բեկանել է, Սուրեն Աղաջանյանին մեղավոր ճանաչել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258․2-րդ հոդվածի 1-ին մասով և վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է, և գործի վարույթը կարճել։
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Ս.Աղաջանյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 28-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1։
Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 28-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքաբերի պնդմամբ` Վերաքննիչ դատարանը կայացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածին չհամապատասխանող դատական ակտ։ Մասնավորապես, բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ու կիրառել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258․2-րդ հոդվածը, քանի որ այդ հոդվածով նախատեսված հանցակազմի պարտադիր հատկանիշ է համարվում կենդանուն դաժան կամ ցավոտ մահ պատճառելը, որը վերաբերում է հիշյալ հոդվածի դիսպոզիցիայում թվարկված՝ հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող բոլոր գործողություններին, այդ թվում՝ հրազենով կրակելու դեպքերին։ Սակայն, Վերաքննիչ դատարանի մոտեցման համաձայն՝ դաժան կամ ցավոտ մահվան հատկանիշը վերաբերում է հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող գործողություններից միայն երկուսին՝ թունավորմանը կամ նյութ ներարկելուն։ Վերոգրյալի համատեքստում, բողոքաբերը նշել է, որ առաջադրված մեղադրանքում բացակայում է որևէ նշում կենդանուն դաժան կամ ցավոտ մահ պատճառելու հանգամանքի վերաբերյալ, ուստի Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն կայացրել է արդարացման դատական ակտ։
Միևնույն ժամանակ, բողոքաբերն ընդգծել է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով իրեն մեղագրված արարքն ապաքրեականացվել է։
6․ Բողոք բերած անձի կարծիքով, սույն գործով պարզված չեն նաև գործի լուծման համար առանցքային նշանակություն ունեցող մի շարք հանգամանքեր, մասնավորապես՝ չի հայտնաբերվել շան մարմինը, այն չի ենթարկվել զննության և փորձաքննության, չեն հայտնաբերվել կրակոցի փաստը հաստատող որևէ հետքեր, արգասիքներ։
Դեպքի վայրի զննության արձանագրության և դրան կից լուսանկարչական հավելվածի արժանահավատությունը կասկած է հարուցում, քանի որ ոստիկանները դեպքից 20-30 րոպե անց՝ ժամը 13։30-ի սահմաններում, ժամանել են, այնուհետև հեռացել են և վերադարձել ժամը 18։00-ի սահմաններում, երբ շան մարմինը տարածքում չի եղել, ուստի անհասկանալի է, թե լուսանկարում ինչ շուն է պատկերված։ Բացի այդ, դեպքի վայրի զննության ընթացքում օգտագործված լուսանկարչական սարքի տեսակն արձանագրության մեջ նշվել է ոչ պատշաճ կերպով, իսկ կատարված լուսանկարները անորակ են ու պիտանի չեն նույնականացման համար։
Բողոքաբերը գտել է նաև, որ «Գետափ» ռեստորանային համալիրում կատարված տեսաձայնագրության սկավառակի զննության արձանագրությամբ որևէ վերաբերելի փաստական տվյալ չի պարզվել, քանի որ սկավառակի զննության արձանագրության մեջ նշված է, որ դեպքի վերաբերյալ որևէ տեղեկություն առկա չէ, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, որպես ապացույց, հղում է կատարել նաև հիշյալ արձանագրությանը։
Բողոքի հեղինակի կարծիքով, իր և բնապահպանական կայքի խմբագիր Մ․Տաշչյանի հեռախոսազրույցի ձայնագրության սկավառակն անթույլատրելի ապացույց է, քանի որ վերջինս թաքցրել է իր՝ կայքի խմբագիր լինելու և հեռախոսային խոսակցությունը ձայնագրելու հանգամանքը՝ այդպիսով խախտելով բողոքաբերի հեռախոսային խոսակցության գաղտնիության իրավունքը։ Բացի այդ, Մ․Տաշչյանի կողմից ներկայացված հաղորդումն ինքնին նույնպես չի կարող համարվել ապացույց, քանի որ հաղորդում ներկայացրած անձը նշել է, որ դեպքի վերաբերյալ հրապարակումը տեղադրվել է կայքում 2019 թվականի նոյեմբերի 28-ին, մինչդեռ դեպքը տեղի է ունեցել նույն թվականի դեկտեմբերի 1-ին։
7. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի ապրիլի 25-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 15-ի արդարացման դատավճռին կամ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և գործի վարույթը կարճել՝ իրեն մեղսագրված արարքի ապաքրեականացման հիմքով։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8. Սուրեն Աղաջանյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258․2-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. «[Նա], 2019 թվականի դեկտեմբերի 01-ին` ժամը 13:15-ի սահմաններում, «Գետափ» ռեստորանային համալիրի բակում, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու դիտավորությամբ, իրեն ամրակցված «ՏՕԶ-16» մոդելի Տ-2090 գործարանային համարի որսորդական ակոսափող հրազենով շան գլխի հատվածին կրակելու միջոցով ընդհատել է կենդանու` շան, կյանքը»2:
9. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(…) Գործի դատաքննությամբ դատարանը հաստատված համարեց այն փաստը, որ ամբաստանյալ Սուրեն Հայկի Աղաջանյանը հանդիսանում է «Գետափ» ռեստորանային համալիրի հիմնադիրը և սեփականատերը: Համալիրի տարածքում նա պահել է բազմաթիվ կենդանիներ: 2019 թվականի դեկտեմբերի 1-ին համալիրի աշխատակիցներից մեկը` Անժելա Մուկուչյանը, Ս.Աղաջանյանին հայտնել է, որ շներից մեկը կատաղած է և հարձակվել է իր վրա: Նույն օրը` ժամը 13:15-ի սահմաններում, Սուրեն Աղաջանյանը համալիրի բակում, իրեն ամրակցված «ՏՕԶ-16» մոդելի Տ-2090 գործարանային համարի որսորդական ակոսափող հրազենով կրակել է շան գլխին:
Կատարած արարքի համար Սուրեն Հայկի Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258.2 հոդվածի 1-ին մասով, որում նա իրեն մեղավոր չճանաչեց և ցուցմունք տվեց այն մասին, որ շատ կենդանասեր է, իր ռեստորանային համալիրի տարածքում ունի կատուներ, շներ, ձիեր: Շներից մեկը նոյեմբերի վերջին իրեն տարօրինակ է պահել: Հարձակվել է և՛ աշխատողների, և՛ հաճախորդների վրա: Շան արտաքինը փոխված է եղել: Լայն բացված աչքերով է նայել, ատամները` բացած: Քաղաքապետարան է դիմել և իրեն ասել են, որ անասնաբույժի դիմի: Դիմել է անասնաբույժ Թաթուլ Թովմասյանին: Նկարագրել է շան արտաքինը: Այդ շունն իր սիրած շներից է եղել և մոտ 2 տարի իր տարածքում է բնակվել: Անասնաբույժն ասել է, որ կգա կնայի շանը, քանի որ հնարավոր է, որ շունը կատաղած լինի: Նոյեմբերի 30-ին Թաթուլը եկել է, որ շանը նայի, սակայն չեն գտել: Անասնաբույժը գնացել է և զգուշացրել, որ շունը վտանգավոր է աշխատողների և հանգստացողների համար. երբ շանը գտնեն` անպայման մեկուսացնեն: Հաջորդ օրը` դեկտեմբերի 1-ին, մատուցողը եկել է, ասել, որ շունը հարձակվել է իր վրա և հազիվ է սկուտեղով պաշտպանվել: Ասել է, որ երեկ էլ հարձակվել է հաճախորդների վրա: Մատուցողին ասել է, որ գնա հանգստանա, քանի որ դողում էր: Մոտեցել է, որ բռնի շանը, իր վրա էլ է հարձակվել: Իր աշխատողներին ասել է, որ բռնեն շանը, որ հաճախորդներին հանկարծ չվնասի: (…)
Շունը Մուկուչյան Գեղամի վրա է հարձակվել, իր աշխատողի վրա է հարձակվել, երեխայի վրա է հարձակվել: Վտանգ է եղել, այդ պատճառով էլ ինքը քաղաքապետին է դիմել: Շան բերանից փսլիք էր թափվում: (…) Չի կարող ասել, թե իր կրակոցից կարող էր շունն սպանվել, թե ոչ: (…) Շանն սպանելու, տանջամահ անելու մտադրություն չի ունեցել: Եթե այդպիսի միտք ունենար` գիշերը կսպաներ: (…)։
Գործով վկա Անժելա Անուշավանի Մուկուչյանի ցուցմունքով, այն մասին, որ աշխատում է «Գետափ» ռեստորանային համալիրում` որպես սպասք հավաքող: Ռեստորանային համալիրի տարածքում կան շներ, որոնք պահվում են տնօրինության կողմից: Դեպքից օրեր առաջ սև ու սպիտակ գլխով շունը, որը նույնպես ռեստորանային համալիրի շներից է եղել, ագրեսիվ էր պահում իրեն և մի քանի անգամ հարձակվել է իր վրա: Այս ամենի մասին մի քանի անգամ հայտնել է Սուրիկ Աղաջանյանին: Այդ շունն իրեն միշտ նորմալ է պահել, սակայն վերջին օրերին սկսել է իրեն վատ պահել: (…) Շունը նստել էր սենյակներից մեկի դռան մոտ, սենյակի մոտով անցնելու ժամանակ կրկին մռնչացել է և փորձել հարձակվել, ոտքով խփել է, որից նա ավելի է ագրեսիվացել ու հարձակվել իր վրա: Ինքը վախից մտել է սենյակ ու բարձր գոռացել: Սուրիկ Աղաջանյանը մոտեցել է իրեն և հարցրել, թե ինչ է պատահել, իսկ ինքը կրկին գանգատվել է, որ շունը հարձակվել է իր վրա: Վախեցած` վազելով դուրս է եկել սենյակից ու գնացել խոհանոց: Վախից սկսել է դողալ, ճնշումը բարձրացել է (…)։
Գործով վկա Կարեն Վարդանյանը ցուցմունք է տվել այն մասին, որ աշխատում է «Գետափ» ռեստորանային համալիրում` որպես տնտեսվար: 2019 թվականի դեկտեմբերի 1-ին գտնվել է «Գետափ» ռեստորանային համալիրում, որ լամպ փոխի: Իրենց ռեստորանի տարածքում բնակվող շունը հարձակվել է իր վրա, շան բերանից փրփուր թափվելիս է եղել: Ինքն անմիջապես տեղյակ է պահել Սուրեն Աղաջանյանին, որ շունն ագրեսիվ վարքագիծ է դրսևորում: Այդ շունը, բացի իրենից, այլ աշխատողների վրա էլ է հարձակվել, իսկ աշխատողներից իմացել է, որ հարձակվել է հարսանիք եկած երեխաների վրա: Սուրեն Աղաջանյանն ասել է, որ տեղյակ կպահի անասնաբույժին (…):
Գործով վկա Թաթուլ Թովմասյանը ցուցմունք է տվել այն մասին, որ աշխատում է Դիլիջան ազգային պարկում` որպես ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնի ղեկավար: Ճանաչում է գործով ամբաստանյալին և նրա հետ բարեկամություն, թշնամություն չունի: 2019 թվականի նոյեմբերի վերջին Սուրեն Աղաջանյանը զանգահարել է իրեն և ասել, որ մի շուն կա, որն իրեն տարօրինակ է պահում: Ամբաստանյալը հայտնել է, որ շան աչքերը չռված են, բերանից փսլիք է հոսում և իրեն ագրեսիվ է դրսևորում: Ինքը հայտնել է, որ հնարավոր է` շունը կատաղած լինի, քանի որ նշված հատկանիշները բնորոշ են կատաղած շներին: Գնացել է, որ տեսնի շանը, սակայն շանը չեն գտել: Ինքը զգուշացրել է Սուրեն Աղաջանյանին, որ երբ շունը հայտնվի` նրան մեկուսացնեն և 10-օրյա հսկողության տակ վերցնեն: Ինքը բացատրել է, որ կատաղած շան կծածը մարդու համար վտանգավոր է, նույնիսկ` մահացու (…)։
(...) ՀՀ քրեական օրենսգրքի 258.2 հոդվածի 1-ին մասը պատիժ է նախատեսում կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի, այն է՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելու, անդամահատելու, կրակը նետելու, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելու, կենդանիների մարտեր կազմակերպելու և իրականացնելու, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելու և այլ դաժան վերաբերմունքի համար:
Նշված հոդվածում օրենսդիրը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ասելով` այլ արարքների շարքում, նկատի է ունեցել նաև կենդանու կյանքի ընդհատումը մի շարք եղանակներով, այդ թվում` հրազենով կրակելու միջոցով, որը հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան:
Սույն գործով ամբաստանյալ Սուրեն Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել «Գետափ» ռեստորանային համալիրի բակում կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու դիտավորությամբ` իրեն ամրակցված «ՏՕԶ-16» մոդելի Տ-2090 գործարանային համարի որսորդական ակոսափող հրազենով, շան գլխի հատվածին կրակելու միջոցով, կենդանու կյանքն ընդհատելու համար:
Համաձայն քրեական օրենսգրքի տվյալ հոդվածի բովանդակության` քրեական պատասխանատվությունը կարող է վրա հասնել այն դեպքում, եթե կատարված գործողությունները հանգեցնում են կենդանու դաժան կամ ցավոտ մահվան: Մեղադրանքում դաժան կամ ցավոտ մահվան հանգեցնելու մասին խոսք անգամ չկա:
Տվյալ դեպքում, ենթադրաբար, կենդանու մահը վրա է հասել անմիջապես` հրացանից շան գլխին արձակված մեկ կրակոցով: Այդ մասին են վկայում թե գործի տվյալները, թե «Գետափ» ռեստորանային համալիրից առգրավված տեսանկարահանում կատարող տեսախցիկների հիշողության կրիչի 9 վայրկյան տևողությամբ տեսագրությունը: Վարույթ իրականացնող մարմինը որևէ ապացույց չի ներկայացրել այն մասին, որ տվյալ կրակոցը կենդանու համար եղել է դաժան կամ ցավոտ մահվան պատճառ:
Դեպքին ականատես անձանցից որևէ մեկը կենդանուն տանջվելիս չի տեսել: Դեպքի վայրից չի առգրավվել շան մարմինը, որևէ հարցի կապակցությամբ փորձաքննություն չի նշանակվել: Պարզված չեն կենդանու մահվան պատճառը և հանգամանքները: Դեպքի վայրի զննության արձանագրությամբ ընդամենը նշված է, որ շան գլխի հատվածում առկա է հրազենային կրակոցից առաջացած անցք: Չի նշվել գլխի վրա հրազենից առաջացած անցքի տեղակայումը, վնասվածքի չափերը, չկան արյան հետքերի վերաբերյալ տվյալներ:
Գործով վկա Կարեն Վարդանյանը և ամբաստանյալ Սուրեն Աղաջանյանը դատաքննությամբ հայտնեցին, որ դեպքից հետո տարածքում տեսել են շանը և համոզված չեն, որ այն սատկել է: Սուրեն Աղաջանյանը նշեց նաև, որ համոզված չէ, որ դեպքի վայրի զննությամբ առկա լուսանկարում պատկերվածը նույն շունն է, որի ուղղությամբ կրակել է, քանի որ դեպքից անմիջապես հետո իր կարգադրությամբ ռեստորանի աշխատակիցները շանը հեռացրել են տարածքից: Դեպքի վայրի արձանագրությունը կազմելու ընթացքում ոստիկանության աշխատակիցների ձեռքին ֆոտոապարատ չի տեսել և իրեն չեն ասել, որ լուսանկարում են:
Վերը նշված պատճառաբանություններով դատարանը գտավ, որ ապացուցված չէ այն փաստը, որ ամբաստանյալը կատարել է իրեն մեղսագրվող արարքը` կենդանուն դաժան կան ցավոտ մահ պատճառելը (...)»3։
10. Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ.
ՀՀ քրեական օրենսգրքի 258.2 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը՝ պատժվում է (...)»:
Վերը նշված հոդվածի դիսպոզիցիայի ձևակերպումից ակնհայտ է, որ հրազենով կենդանուն կրակելու դեպքում նրա կյանքի ընդհատումն արդեն բավարար է արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 258.2 հոդվածով որակելու համար, իսկ «որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան» ձևակերպումը վերաբերվում է միայն թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով ձևակերպմանը: Օրենսդիրը նախատեսել է կոնկրետացված դեպքեր, որոնց պայմաններում առկա է կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, իսկ թունավոր նյութ ներարկելու դեպքը՝ որպես առանձին դեպք նախատեսվում է և նշվում, որ այս դեպքում պետք է հիմնավորվի կենդանու մահը վրա հասնելու դաժանությունն ու ցավոտ լինելը:
Կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու դեպքերում անհնար է դրանք չհամարել ցավոտ կամ դաժան: Անհնար է պատկերացնել մի իրավիճակ, երբ կենդանին հրազենով կրակվի, կյանքը ընդհատվի ու կենդանին չզգա ցավ (...)»4։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Սուրեն Աղաջանյանի արարքում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշների առկայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը։
12. ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այն է՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանուն մաշկահատելը, անդամահատելը, կրակը նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտեր կազմակերպելը և իրականացնելը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումներ կատարելը և այլ դաժան վերաբերմունքը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով»:
2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 307-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որը տառապանք պատճառելով է հանգեցնում մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկազերծումը, անդամահատումը, կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը կամ անտուն կենդանու այնպիսի հավաքը կամ բռնումը, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կենդանու կյանքի ընդհատմանը, ինչպես նաև կենդանուն սահմանված կարգի խախտմամբ գիտահետազոտական, բժշկական կամ փորձարարական նպատակով օգտագործելը կամ այլ դաժան վերաբերմունքը՝
պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:
12.1. Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար քրեական պատասխանատվություն նախատեսող նորմը թե՛ ՀՀ նախկին, թե՛ գործող քրեական օրենսդրությամբ զետեղված է հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված հանցագործությունների շարքում: Հանցագործության հիմնական անմիջական օբյեկտը հասարակության անդամների բարոյական զարգացման պաշտպանությունն ապահովող հասարակական հարաբերություններն են:
Օբյեկտիվ կողմից հանցակազմը նկարագրված է երկընտրելի արարքներով, որոնցից յուրաքանչյուրի կատարումն արդեն իսկ հիմք է անձի արարքում տվյալ հանցակազմի հատկանիշների առկայությունը հավաստելու համար։ Ընդ որում, թե՛ նախկին, թե՛ գործող խմբագրությամբ վերոնշյալ հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող արարքները սպառիչ կերպով չեն թվարկվել, և կենդանու նկատմամբ ցանկացած այլ վերաբերմունք, որն իր մեջ դաժանության տարրեր է պարունակում, համապատասխան հատկանիշների առկայության դեպքում հիմք է անձի արարքում քննարկվող հանցակազմի առկայությունը հավաստելու համար։
Սուբյեկտիվ կողմից հանցակազմը դրսևորվում է դիտավորությամբ․ որպեսզի արարքը որակվի որպես կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք, անհրաժեշտ է, որ անձը նպատակ հետապնդի դաժան վերաբերմունք ցուցաբերել կենդանու նկատմամբ և գիտակցի դաժան վերաբերմունք ցուցաբերելու փաստը:
13. Միաժամանակ, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258.2-րդ հոդվածի և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի հանցակազմի օբյեկտիվ կողմը որոշակի փոփոխության է ենթարկվել։ Այսպես՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258.2-րդ հոդվածի 1-ին մասում որպես կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորում, ի թիվս այլնի, նախատեսված է կենդանու կյանքի ընդհատումը ուժեղ հարվածելու, մտրակելու, հրազենով կրակելու միջոցով, որը հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան։ Այլ կերպ՝ օրենսդրական կարգավորման տրամաբանությունից բխում է, որ հանցակազմում նկարագրված եղանակներով կենդանու կյանքի ընդհատումը կդիտարկվի որպես դաժան վերաբերմունք, եթե հանգեցնի դաժան, ցավոտ, տառապանք պատճառող մահվան։
Միևնույն ժամանակ, թեև ՀՀ գործող քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին մասում տեղ չեն գտել օբյեկտիվ կողմի այնպիսի դրսևորումներ, ինչպիսիք են ուժեղ հարվածելը, մտրակելը, հրազենով կրակելը, այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հոդվածի շրջանակներում օբյեկտիվ կողմը կազմող արարքները սպառիչ կերպով թվարկված չլինելու պայմաններում, վերոնշյալ գործողությունները կարող են դիտարկվել որպես կենդանու նկատմամբ այլ դաժան վերաբերմունք, եթե իրենց մեջ պարունակում են տառապանք պատճառող կամ դաժանության տարրեր՝ վկայելով կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու անձի դիտավորության մասին:
Հետևաբար, պարզելու համար՝ արդյոք կենդանու նկատմամբ դրսևորված վերաբերմունքը եղել է դաժան, թե ոչ, անհրաժեշտ է գործի փաստական հանգամանքների համակողմանի վերլուծության արդյունքում բացահայտել փաստացի կատարված արարքի բնույթը, դրա շարժառիթն ու նպատակը, այն է՝ արդյո՞ք անձը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու նպատակ է հետապնդել, կամ եթե այդպիսի նպատակ չի հետապնդել, արդյո՞ք գիտակցել է իր արարքով կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու փաստը, ինչպես նաև կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու անձի դիտավորության մասին վկայող այլ հանգամանքներ:
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Ս.Աղաջանյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258.2-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա «Գետափ» ռեստորանային համալիրի բակում, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու դիտավորությամբ, իրեն ամրակցված «ՏՕԶ-16» մոդելի Տ-2090 գործարանային համարի որսորդական ակոսափող հրազենով շան գլխի հատվածին կրակելու միջոցով ընդհատել է կենդանու կյանքը5,
- Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում նշել է, որ գործում առկա փաստական տվյալներով չի ապացուցվում, որ Ս.Աղաջանյանը կատարել է իրեն մեղսագրվող արարքը, այն է՝ կենդանուն դաժան կամ ցավոտ մահ է պատճառել։ Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանն ընդգծել է, որ մեղադրանքում դաժան կամ ցավոտ մահվան հանգեցնելու մասին խոսք անգամ չկա, կենդանու մահը վրա է հասել անմիջապես` հրացանից շան գլխին արձակված մեկ կրակոցով, իսկ վարույթ իրականացնող մարմինը որևէ ապացույց չի ներկայացրել այն մասին, որ տվյալ կրակոցը կենդանու համար եղել է դաժան կամ ցավոտ մահվան պատճառ6,
- Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, Ս.Աղաջանյանին մեղավոր է ճանաչել իրեն մեղսագրվող արարքում և վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, դադարեցրել է և գործի վարույթը կարճել։ Վերաքննիչ դատարանն ընդգծել է, որ հոդվածի դիսպոզիցիայի ձևակերպումից ակնհայտ է, որ հրազենով կենդանուն կրակելու դեպքում նրա կյանքի ընդհատումն արդեն իսկ բավարար է՝ արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 258.2-րդ հոդվածով որակելու համար, իսկ «որ հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան» ձևակերպումը վերաբերում է միայն «թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով» ձևակերպմանը: Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ հնարավոր չէ կենդանու կյանքը՝ կրակելու միջոցով ընդհատելու դեպքում չարձանագրել վերջինիս դաժան կամ ցավոտ մահը7:
15. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները դիտարկելով սույն որոշման 12-13-րդ կետերում շարադրված իրավական նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, Ս.Աղաջանյանին մեղսագրվող արարքում արդարացնելով, եկել է ճիշտ եզրահանգման։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է արտահայտում Առաջին ատյանի դատարանի այն դիրքորոշմանը, որ Ս.Աղաջանյանին առաջադրված մեղադրանքում կենդանուն դաժան կամ ցավոտ մահվան հանգեցնելու հատկանիշը ներառված չէ, իսկ գործում առկա չէ որևէ փաստական տվյալ այն մասին, որ կրակոցը կենդանու դաժան կամ ցավոտ մահվան պատճառ է հանդիսացել։
Այսպես՝ սույն գործի փաստական տվյալներից հետևում է, որ Ս.Աղաջանյանին մեղադրանք է առաջադրվել հրազենով շան գլխի հատվածում կրակոց արձակելու միջոցով կենդանու կյանքն ընդհատելու համար, ընդ որում, գործի փաստերից երևում է, որ կենդանու մահը վրա է հասել արձակված կրակոցից անմիջապես հետո, և որևէ տվյալ առ այն, որ շանը դաժան, ցավոտ կամ տառապանք պատճառող մահվան է հանգեցրել, գործում առկա չէ և Ս.Աղաջանյանին առաջադրված մեղադրանքում չի ներառվել։ Միևնույն ժամանակ, անդրադառնալով արարքի կատարման շարժառիթին և նպատակին, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ գործում առկա չէ որևէ փաստական տվյալ այն մասին, որ Ս.Աղաջանյանը կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու նպատակ է հետապնդել և գիտակցել է դաժան վերաբերմունք ցուցաբերելու փաստը8:
15.1. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ հոդվածի դիսպոզիցիայի ձևակերպումից ակնհայտ է, որ հրազենով կենդանուն կրակելու դեպքում նրա կյանքի ընդհատումն արդեն իսկ բավարար է արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 258.2-րդ հոդվածով որակելու համար, քանի որ «հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան» ձևակերպումը վերաբերում է միայն թունավորելուն կամ նյութ ներարկելուն, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման եզրահանգումն օրենքի սխալ մեկնաբանման արդյունք է և չի բխում վերոնշյալ հոդվածի ձևակերպումից ու «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված՝ օրենսդրական տեխնիկայի կանոններից (տե՛ս, օրինակ, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 277-րդ, 360-րդ, 364-րդ, 373-րդ, 375-րդ, 381-րդ, 441-րդ, 451-րդ հոդվածների 1-ին մասերը և այլն)9:
Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ Ս.Աղաջանյանին մեղսագրվող արարքը ՀՀ գործող քրեական օրենդրությամբ ապաքրեականացվել է, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող արարքները սպառիչ կերպով թվարկված չլինելու պայմաններում, կոնկրետ գործի փաստական հանգամանքների առանձնահատկություններով պայմանավորված, հրազենով կրակելը կարող է դիտարկվել որպես կենդանու նկատմամբ այլ դաժան վերաբերմունք, եթե գործում առկա լինեն այնպիսի փաստական տվյալներ, որոնք կվկայեն կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի՝ տառապանք պատճառելով մահվան հանգեցնելու հանցավորի դիտավորության մասին, հետևաբար մասնակի ապաքրեականացման վերաբերյալ խոսք չի կարող լինել։
15.1. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սուրեն Աղաջանյանի արարքում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշների առկայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավոր չէ։
16. Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն առարկայազուրկ է համարում անդրադառնալ բողոքաբերի՝ սույն որոշման 6-րդ կետում նշված փաստարկներին:
Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, հետևաբար անհրաժեշտ է Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի դատական ակտին՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Վճռաբեկ բողոքը բավարարել։ Ամբաստանյալ Սուրեն Հայկի Աղաջանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2022 թվականի ապրիլի 25-ի որոշումը բեկանել՝ օրինական ուժ տալով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի ապրիլի 15-ի դատավճռին՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
_________________
1 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող՝ 483-րդ հոդվածի 8-րդ մասի, սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
2 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 145-149:
3 Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 59-65:
4 Տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 121-154:
5 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
6 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
7 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
8 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
9 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Գագիկ Գևորգյանի գործով 2021 թվականի փետրվարի 19-ի թիվ ԵԴ/1090/01/19 որոշումը։
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ | |
Լ. Թադևոսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 փետրվարի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|