ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր՝ Ս. Մարդանյան
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, |
ՏԴ/0119/01/21 | ||
|
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ Լ. Թադևոսյանի Դ. Խաչատուրյանի | |
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի |
11 հունվարի 2024 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով, քննության առնելով դատապարտյալ
Սևակ Ծովակի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի մայիսի 30-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1․ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի օգոստոսի 16-ի դատավճռով Սևակ Ծովակի Հովհաննիսյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 243․1-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված՝ 300․000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքի չվճարված մասի` 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամ չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի պետի պաշտոնակատար Ա.Կոստանդյանի միջնորդությունը Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2022 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմամբ մերժվել է։
2. Դատախազի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի մայիսի 30-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի` 2022 թվականի դեկտեմբերի 6-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին:
3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե.Ավագյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի սեպտեմբերի 25-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
4. Բողոք բերած անձը փաստարկել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ` նյութական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա, ինչպես նաև դատական ակտի պատճառաբանությունները հակասում են Վճռաբեկ դատարանի՝ Գարուն Ասրյանի գործով 2023 թվականի հունիսի 30-ի թիվ ՍԴ/0006/13/22 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին:
Բողոքաբերը փաստարկել է, որ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու իրավական ընթացակարգը, որպես այդպիսին, կոչված է ապահովելու տուգանք պատժատեսակի կատարումը՝ որպես դրա կատարման եղանակ։ Նման պայմաններում, բողոքաբերը գտել է, որ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում դրա չափին համարժեք գույք բռնագանձելու իրավակարգավորումը որպես անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենք դիտարկելու պայմաններում, տուգանք պատժատեսակի կատարումը գործնականում դառնալու է անհնարին՝ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը հանցանք կատարած անձանց նկատմամբ, մինչդեռ քրեական օրենսդրության այս փոփոխությունը ոչ թե նման նպատակ է հետապնդում, այլ կոչված է տուգանքի դատապարտված անձի վիճակն առանց այլ կերպ վատթարացնելու ապահովել նշված պատժատեսակի կատարումը։
Բացի այդ, բողոքի հեղինակը նշել է նաև, որ Ս.Հովհաննիսյանի նկատմամբ առկա չէ նշանակված տուգանք պատժատեսակը հանրային աշխատանքներով փոխարինելու անհնարինություն, հետևաբար գույքի բռնագանձման ինստիտուտը նրա համար վատթարացնող բնույթ չի կարող ունենալ։
5․ Արդյունքում, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի մայիսի 30-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ բավարարելով Ս.Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված տուգանք պատժատեսակի չվճարված մասին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ միջնորդությունը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(…) Դատարանը գտնում է, որ 01.07.2022 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները, մասնավորապես տուգանքը չվճարելու դեպքում այն բռնագանձելու ինստիտուտը, չի կարող կիրառվել դատապարտյալ Սևակ Ծովակի Հովհաննիսյանի վրա, քանի որ վերջինիս կողմից հանցանք կատարելու պահին գործող քրեական օրենսգրքով տուգանքը չվճարելու դեպքում այն կարող էր փոխարինվել հանրային աշխատանքներով: Դատարանը գտնում է, որ սեփականության իրավունքի սահմանափակումը որևէ դեպքում չի կարող դիտվել անձի վիճակը բարելավող՝ անձի աշխատանքային իրավունքի սահմանափակման համեմատ:
Ներկայումս դատապարտյալ Ս.Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված տուգանքը չվճարելու դեպքում 01.07.2022 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված տուգանքը բռնագանձելու կարգավորումները վատթարացնում են անձի վիճակը, իսկ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:
Ելնելով վերոգրյալից՝ Դատարանը գտնում է, որ ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի պետի պաշտոնակատարի կողմից ներկայացված միջնորդությունը՝ թիվ ՏԴ/0119/01/21 քրեական գործով դատապարտյալ Սևակ Ծովակի Հովհաննիիսյանից ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 16.08.2021 թվականի դատավճռով նշանակված 300.000 /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ տուգանքի չվճարված մասի՝ 100.000 ՀՀ դրամի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ, ենթակա է մերժման (...)»1։
7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ տուգանքը վճարելուց խուսափող դատապարտյալների, տվյալ դեպքում՝ դատապարտյալ Սևակ Ծովակի Հովհաննիսյանի նկատմամբ կիրառելի են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի ստորև ներկայացվող կարգավորումները և խնդիրը լուծման ենթակա է այդ իրավական հարթությունում (տիրույթում): (...):
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ հանրային աշխատանքներ պատժատեսակը նախատեսված է նաև գործող ՀՀ քրեական օրենսգրքի, մասնավորապես՝ 56-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում և 60-րդ հոդվածում: Ավելին՝ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 60-րդ հոդվածի 7-րդ մասը հնարավոր է համարում հանրային աշխատանքները կատարելուց խուսափելու դեպքում այն բացառապես ազատազրկմամբ փոխարինելը, մինչդեռ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգիրքը հնարավոր էր համարում այն ազատությունից զրկելու հետ կապված ավելի մեղմ պատժատեսակով՝ կալանքով փոխարինելու հնարավորությունը (այդ պատժատեսակը նախատեսված է նաև գործող ՀՀ քրեական օրենսգրքի, սակայն կարճաժամկետ ազատազրկում անվամբ): Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քննարկվող իրավակարգավորումը, որն ըստ միջնորդությունը հարուցած Պրոբացիայի ծառայության և Բողոքաբերի՝ դատապարտյալների անձի վիճակը բարելավող օրենք է, կարող էր դիտարկվել որպես օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտը վերանայելու նոր հանգամանք, եթե կոնկրետ իրավիճակում այն անվերապահորեն բարելավեր անձի վիճակը, որպիսի պայմաններում դատապարտյալ Սևակ Հովհաննիսյանի նկատմամբ կայացված եզրափակիչ դատական ակտը չվերանայելը կհանգեցներ օրինականության սկզբունքի ոտնահարման։ Այլ կերպ՝ գործող ՀՀ քրեական օրենսգրքով ներդրված և սույն Բողոքի շրջանակներում վկայակոչված իրավական կարգավորումը (ինստիտուտը) «էական և անհաղթահարելի» հանգամանք չէ, որը կարդարացներ շեղումն իրավական որոշակիության սկզբունքից։
Այսպիսով, քննարկվող քրեաիրավական նոր կարգավորումը (ինստիտուտը) դատապարտյալ Սևակ Հովհաննիսյանի վիճակը ոչ թե մեղմացնող, այլ ընդհակառակը՝ վատթարացնող է: Դատապարտյալի վիճակը վատթարացնող նորմեր է բովանդակում նաև գործող ՀՀ քրեակատարողական օրենսգրքի՝ տուգանքի կատարման կարգին և պայմաններին առնչվող վերաբերելի դրույթները, թեև դատապարտյալ Սևակ Հովհաննիսյանի նկատմամբ կայացված դատավճիռն ուժի մեջ էր մտել և կատարման հանձնվել մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը, հետևաբար՝ նրա նկատմամբ առերևույթ կիրառելի են պատժի կատարման պահին գործող՝ մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող ՀՀ քրեակատարողական օրենսգրքի (բարենպաստ) դրույթները: Չի նախատեսվել (չի ընդունվել) նաև գույքի բռնագանձման ինստիտուտին հետադարձություն տալու մասին օրենք, եթե նույնիսկ պայմանականորեն ընդունվի, որ այդ ինստիտուտի նորմերն անձի վիճակը բարելավող օրենք (օրենսդրություն) են:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ քննարկվող քրեաիրավական նոր կարգավորումը (ինստիտուտը) և դրա կատարումն ապահովող քրեակատարողական նորմերը դատապարտյալ Սևակ Հովհաննիսյանի նկատմամբ կիրառելի չեն, Առաջին ատյանի դատարանը, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի պետի պաշտոնակատար Ա.Կոստանդյանի ներկայացրած միջնորդությունը մերժելով, թույլ չի տվել դատական սխալ՝ քրեական օրենքի խախտում, որը ազդել կամ կարող էր ազդել վարույթի ելքի վրա, ուստի՝ սույն որոշման մեջ նշված լրացուցիչ հիմնավորմամբ Դատախազի ներկայացրած բողոքն անհրաժեշտ է մերժել՝ վիճարկվող դատական ակտը թողնելով անփոփոխ (...)»2։
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված` տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կարգավորումն անձի վիճակը վատթարացնող դիտարկելու մասին ստորադաս դատարանների հետևությունները։
9. 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 9-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ մասնակիորեն խստացնող օրենքը սույն հոդվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»։
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Դատարանը տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը փոխարինում է հանրային աշխատանքներով տուգանքը վճարելու անհնարինության դեպքում` հանրային աշխատանքների երեք ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց, իսկ տուգանքը վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքում՝ հանրային աշխատանքների հինգ ժամը նվազագույն աշխատավարձի դիմաց: Եթե տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարված հաշվարկի արդյունքը գերազանցում է երկու հազար երկու հարյուր ժամը, ապա նշանակվում է երկու հազար երկու հարյուր ժամ: Տուգանքը կամ տուգանքի չվճարված մասը հանրային աշխատանքներով փոխարինելու համար կատարվող հաշվարկի արդյունքում ժամային արժեքները կլորացնելը կատարվում է դատապարտյալի օգտին»։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 8. Եթե դատապարտվողն ի վիճակի չէ անհապաղ և ամբողջությամբ վճարելու նշանակված տուգանքը, ապա դատարանը նրա համար վճարման ժամկետ է սահմանում՝ առավելագույնը 1 տարի, կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում։ Եթե տուգանքը նշանակելուց հետո դատապարտյալի նյութական վիճակի վատթարացման հետևանքով նա զրկվում է տուգանքը վճարելու հնարավորությունից, ապա դատարանը, հաշվի առնելով դատապարտյալի դիրքորոշումը`
1) երկարաձգում է տուգանքի վճարման սահմանված վերջնաժամկետը` առավելագույնը 1 տարով,
2) նշանակում է հանրային աշխատանքներ` հանրային աշխատանքների 24 ժամը հաշվարկելով հանցանքը կատարելու պահին նվազագույն աշխատավարձի չափով:
(…)
11. Տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք, եթե այդպիսին առկա է: Եթե այդպիսի գույք առկա չէ, ապա տուգանքը փոխարինվում է ազատազրկմամբ` ազատազրկման 3 օրը հաշվարկելով նվազագույն աշխատավարձի դիմաց»:
10. Վճռաբեկ դատարանը Գարուն Ասրյանի որոշմամբ անդրադառնալով տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու ինստիտուտի էությանը՝ ընդգծել է, որ այն նախևառաջ միտված է ապահովելու տուգանք պատժատեսակի պատշաճ կատարումը, ընդ որում՝ անձի իրավունքներին հնարավորինս նվազ միջամտությամբ։ Այսպես՝ տուգանքի չափին համարժեք գույքի բռնագանձումն ինքնին պատժատեսակ չէ և ընդգրկված չէ քրեական օրենսդրությամբ սահմանված պատժի համակարգում, չունի պատժիչ բնույթ, քանի որ դրա միակ նպատակը դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով նշանակված պատժի կատարումն ապահովելն է։ Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հատկապես կարևորել է բռնագանձվող գույքի և տուգանքի չափի միջև համաչափության ապահովման՝ օրենսդրորեն ամրագրված երաշխիքը, ըստ որի՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում բռնագանձվում է դատարանի որոշած տուգանքի չափին համարժեք գույք:
Քննարկվող ինստիտուտը դիտարկելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորման համատեքստում, ըստ որի՝ տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում այն միանգամից փոխարինվում էր մեկ այլ պատժատեսակով՝ հանրային աշխատանքներով, Վճռաբեկ դատարանը փաստել է, որ բռնագանձման պարագայում պատժատեսակի փոփոխություն, որպես այդպիսին, տեղի չի ունենում։ Այլ կերպ՝ նախքան չվճարված տուգանքն ավելի խիստ պատժատեսակով փոխարինելը, օրենսդրորեն նախատեսվել է միջանկյալ հնարավորություն՝ տուգանքի կատարումն ապահովող ինքնուրույն գործիք, որը թույլ է տալիս հասնելու դատարանի դատավճռով նշանակված պատժի կատարմանը՝ անձի իրավունքների համեմատաբար նվազ սահմանափակման արդյունքում։
Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կատարված փոփոխությունն ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող է, քանի որ թույլ է տալիս տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժատեսակով։ Հետևաբար, մինչև գործող քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կատարված արարքների դեպքում, եթե դատապարտյալը խուսափում է իր նկատմամբ նշանակված տուգանքը վճարելուց, դատարանը համապատասխան միջնորդության քննարկման արդյունքում պետք է տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ դատական ակտ կայացնի։ Համապատասխան գույքի բացակայության դեպքում միայն նշանակված տուգանքը կարող է փոխարինվել հանրային աշխատանքներով՝ նախկին դատավարական ընթացակարգերին համապատասխան, քանի որ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգավորումը՝ տուգանքի չափին համարժեք գույքի բացակայության դեպքում այն ազատազրկմամբ փոխարինելը, անձի համար ըստ էության պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող է, ուստի հետադարձ ուժ չի կարող ունենալ3։
10.1. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ նախկին քրեական օրենսգրքի գործողության պայմաններում հանցանք կատարելու դեպքում տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու ինստիտուտն ըստ էության միջանկյալ գործիք է, որը թույլ է տալիս դատարանի դատավճռով նշանակված տուգանքն անմիջաբար չփոխարինել հանրային աշխատանքներով, այսինքն՝ դատարանը պետք է նախ և առաջ քննարկի տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու հարցը, իսկ այդպիսի գույքի բացակայության փաստը օրենքով սահմանված կարգով հաստատվելու դեպքում՝ տուգանքը փոխարինի հանրային աշխատանքներով4։
11. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝
- Առաջին ատյանի դատարանը մերժել է Ս.Հովհաննիսյանից տուգանքի չվճարված չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի միջնորդությունը՝ ընդգծելով, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքով դատապարտյալի կողմից տուգանքը վճարելուց խուսափելու դեպքում տուգանքը բռնագանձելու կարգավորումները վատթարացնում են անձի վիճակը, ուստի հետադարձ ուժ ունենալ չեն կարող5:
- Վերաքննիչ դատարանը մերժել է Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ ներկայացված բողոքը՝ նշելով, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի և քրեակատարողական օրենսգրքի իրավակարգավորումները ոչ թե մեղմացնում, այլ ընդհակառակը` վատթարացնում են դատապարտյալ Ս.Հովհաննիսյանի վիճակը, քանի որ վերջինիս նկատմամբ կայացված դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել և կատարման հանձնվել մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը6:
12. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 9-10.1-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի և դրանց վերլուծության համատեքստում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների այն դիրքորոշումը, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված իրավակարգավորումն անձի վիճակը վատթարացնող է, հիմնավոր չէ։ Մասնավորապես, նախկին և գործող քրեական օրենսգրքերի համապատասխան իրավակարգավորումների համակցված վերլուծությունը ցույց է տալիս, որ կատարված փոփոխություններն ընդհանուր առմամբ անձի համար պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող են, քանի որ թույլ են տալիս նշանակված տուգանքն անմիջաբար չփոխարինել ավելի խիստ պատժով՝ հանրային աշխատանքներով՝ նախատեսելով միջանկյալ գործիքակազմ։
13․Վերոշարադրյալ դատողությունների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված՝ տուգանքի չափին համարժեք գույք բռնագանձելու վերաբերյալ կարգավորումն անձի վիճակը վատթարացնող դիտարկելու մասին ստորադաս դատարանների հետևություններն իրավաչափ չեն։
14. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, սույն գործով դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել դատական սխալ՝ նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է՝ սխալ է մեկնաբանել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ, 59-րդ հոդվածները, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի՝ հիմք է Վերաքննիչ դատարանի` 2023 թվականի մայիսի 30-ի որոշումը բեկանելու և վարույթը Վերաքննիչ դատարան` նոր քննության փոխանցելու համար7:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է քննության առնի դատախազի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը և ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա.Կոստանդյանի միջնորդության վերաբերյալ հանգի համապատասխան հետևության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դատապարտյալ Սևակ Ծովակի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի մայիսի 30-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
______________________
1 Տե՛ս հատոր 4, թերթեր 14-18։
2 Տե՛ս հատոր 4, թերթեր 79-100։
3 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Գարուն Ասրյանի գործով 2023 թվականի հունիսի 30-ի թիվ ՍԴ/0006/13/22 որոշումը։
4 Տե՛ս նույն որոշումը։
5 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։
6 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։
7 Հատուկ վերանայման արդյունքում դատական ակտը բեկանելուց հետո Վճռաբեկ դատարանի կողմից վարույթը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության փոխանցելու լիազորության վերաբերյալ տե՛ս, Վճռաբեկ դատարանի` Ավաթ Ամինի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումը, կետ 17.1։
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
Դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Լ. Թադևոսյան Դ. Խաչատուրյան |
Ա. Պողոսյան | |
Ս. Օհանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 օգոստոսի 2024 թվական: