Գլխավոր տեղեկություն
Номер
N 1119-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.07.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.07.08-2024.07.21 Պաշտոնական հրապարակման օրը 19.07.2024
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.07.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
18.07.2024
Дата вступления в силу
20.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հուլիսի 2024 թվականի N 1119-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5307 10 000 0 ԵՎ 5307 20 000 0 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՋՈՒԹԵ ՄԱՆՐԱԹԵԼԵՐԻՑ ԿԱՄ 5303 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՅԼ ԹԵԼԱՏՈՒՆԵՐԻ ՄԱՆԱԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԱՆՐԱԹԵԼԵՐԻՑ ՄԱՆՎԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 338-րդ հոդվածի 6-րդ մասով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի մարտի 1-ի N 13 որոշման 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5307 10 000 0 և 5307 20 000 0 ծածկագրերին դասվող ջութե մանրաթելերից կամ 5303 ապրանքային դիրքում ընդգրկված այլ թելատուների մանածագործական մանրաթելերից մանվածքների՝ Հայաստանի Հանրապետության տարածք «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծումը թույլատրվում է 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` յուրաքանչուր տարվա համար 1 տոննայից ոչ ավելի ծավալով:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին լիազոր մարմին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի մարտի 1-ի N 13 որոշման կիրարկման իմաստով:

3. Հաստատել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5307 10 000 0 և 5307 20 000 0 ծածկագրերին դասվող ջութե մանրաթելերից կամ 5303 ապրանքային դիրքում ընդգրկված այլ թելատուների մանածագործական մանրաթելերից մանվածքների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ընթացակարգը` համաձայն հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը ներառյալ։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

18.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

հուլիսի 18-ի N 1119-Ն որոշման

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5307 10 000 0 ԵՎ 5307 20 000 0 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՋՈՒԹԵ ՄԱՆՐԱԹԵԼԵՐԻՑ ԿԱՄ 5303 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՅԼ ԹԵԼԱՏՈՒՆԵՐԻ ՄԱՆԱԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄԱՆՐԱԹԵԼԵՐԻՑ ՄԱՆՎԱԾՔՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ

 

1. Սույն ընթացակարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետություն սակագնային արտոնության կիրառմամբ ապրանքների ներմուծման ժամանակ ծագող հարաբերությունները:

2. Սույն որոշմամբ նախատեսված մաքսատուրքի սակագնային արտոնության կիրառման նպատակով հայտատուն ապրանքի ներմուծումից հետո Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետում համապատասխան մաքսային մարմին է ներկայացնում՝

1) մաքսային հայտարարագիրը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N 228-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացություն:

3. Սույն ընթացակարգով նախատեսված սակագնային արտոնության կիրառմամբ լրացված մաքսային հայտարարագրի մաքսային մարմինների հայտարարագրման ավտոմատ համակարգի կողմից գրանցումը դիտվում է որպես լիազոր մարմնի կողմից տրամադրված թույլտվություն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի մարտի 1-ի N 13 որոշման կիրարկման իմաստով:

4. Սույն որոշմամբ նախատեսված սակագնային արտոնության կիրառման նպատակներով նախնական մաքսային հայտարարագրման դեպքում ապրանքի հայտարարագրի գրանցում է համարվում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ պարբերությամբ նախատեսված տեղեկությունների ներկայացման արդյունքում մաքսային մարմինների կողմից նախնական մաքսային հայտարարագրում ճշգրտումների (փոփոխությունների, լրացումների) գրանցումը։

5. Սույն ընթացակարգով նախատեսված սակագնային արտոնության կիրառմամբ լրացված մաքսային հայտարարագրի գրանցումը կամ բացթողումը սակագնային արտոնության կիրառմամբ մերժվում է, եթե սույն որոշմամբ սահմանված սակագնային արտոնության կիրառմամբ ներմուծվող (ներմուծված) ապրանքների նախատեսված քանակը սպառվել է նշված փաստաթղթերի գրանցման կամ բացթողման պահի դրությամբ:

6. Ապրանքների նկատմամբ սակագնային արտոնության կիրառմամբ բացթողումը թույլատրվում է մաքսային մարմինների կողմից ժամանակագրական սկզբունքով, հերթականությամբ՝ հիմք ընդունելով մաքսային հայտարարագրերի գրանցման պահը, իսկ դրանց քանակական հաշվառումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ հայտարարագրման համակարգի կիրառմամբ։ Միաժամանակ գրանցված մաքսային հայտարարագրերի առկայության պարագայում սակագնային արտոնության կիրառման հնարավորությունը տրամադրվում է առավել վաղ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատած ապրանքներին:

7. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծման մասին տեղեկատվություն`

1) 2024-2026 թվականների ընթացքում կիսամյակային պարբերականությամբ` յուրաքանչյուր կիսամյակի համար մինչև հաջորդող ամսվա 15-ը.

2) արտոնություն կիրառելու ժամկետի ավարտից հետո՝ մեկամսյա ժամկետում։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

18.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հուլիսի 2024 թվական: