ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հունիսի 2024 թվականի N 843-Լ
ՀՈՂԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ, ՍԱԿԱՅՆ ՉՎԱՃԱՌՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի N 138-Ն որոշման հավելվածի 17-րդ կետի 9-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N 1605-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) շրջանակներում ձեռք բերված առանձին գույքային միավոր հանդիսացող կամ միավորված 04-055-0101-0013, 04-055-0101-0014, 04-055-0108-0012, 04-055-0109-0008, 04-055-0109-0011, 04-055-0111-0011, 04-055-0112-0012, 04-055-0113-0008, 04-055-0113-0010, 04-055-0120-0001, 04-055-0121-0001, 04-055-0121-0002, 04-055-0121-0009, 04-055-0122-0007, 04-055-0122-0012 կադաստրային ծածկագրերով հողամասերը վաճառել՝ չբաժանելով առանձին գույքային միավորների:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի շուկայական արժեքի գնահատման և օտարման գործընթացը կիրականացվի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:
3. Սահմանել, որ կազմակերպության կողմից որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում ձեռք բերված առանձին գույքային միավոր հանդիսացող հողամասերը պետք է վաճառվեն շուկայական արժեքով, բայց ոչ պակաս ձեռքբերման և դրանց վրա իրականացված ծախսերի (ավելացված արժեքի հարկի վճարը, հողերի առուվաճառքի, փոխանակման, ժառանգության, նոտարական և այլ գործարքների իրականացման համար կատարված ծախսերը) արժեքը, իսկ միավորված հողամասի դեպքում՝ հողամասերից յուրաքանչյուրի ձեռքբերման և դրանց վրա իրականացված ծախսերի (ավելացված արժեքի հարկի վճարը, հողերի առուվաճառքի, փոխանակման, ժառանգության, նոտարական և այլ գործարքների իրականացման համար կատարված ծախսերը) հանրագումարային արժեքը:
4. Կազմակերպությունը սույն որոշման 3-րդ կետով սահմանված գործարքներից ստացված գումարները տասնօրյա ժամկետում պետք է փոխանցի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
5. Կազմակերպությանը՝ սույն որոշման ընդունումից հետո երկու տարի ժամկետում ապահովել սույն որոշումից բխող գործողությունների իրականացումը:
6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման 5-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից երկու ամիս առաջ (չվաճառված հողերի առկայության դեպքում) կազմակերպել քննարկում շահագրգիռ կողմերի հետ և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ չվաճառված հողերի հետագա տնօրինման և տիրապետման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
06.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |