ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
19 դեկտեմբերի 2023 թ. |
ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 398-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանը՝ կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ե. Խունդկարյանի, Հ. Հովակիմյանի, Է. Շաթիրյանի, Ս. Սաֆարյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝
դիմողի՝ Արուսյակ Ալեքսանյանի ներկայացուցիչ Ա. Մանուկյանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Մ. Ստեփանյանի,
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2021 թվականի հունիսի 30-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2021 թվականի հուլիսի 27-ին և ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 1-ին:
Օրենսգրքի՝ «Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման բողոքով նախնական վարույթը» վերտառությամբ 398-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է.
«Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե Վճռաբեկ դատարանը գալիս է հետևության, որ վարույթ ընդունելու պայմանների հիմնավորումները բավարար չեն»:
Գործի քննության առիթն Արուսյակ Ալեքսանյանի (այսուհետ նաև՝ Դիմող) 2023 թվականի օգոստոսի 7-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը և վերլուծելով Օրենսգրքի վիճարկվող իրավադրույթները` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Սահմանադրական վեճի նախապատմությունը
Հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի հունվարի 18-ի թիվ ՀԿԴ/0002/01/23 գործով որոշմամբ մեղադրյալ Ա. Ալեքսանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը՝ երեք ամիս ժամանակով՝ նույն ժամանակահատվածում սահմանափակելով նրա՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը:
Վերաքննիչ քրեական դատարանը, գրավոր ընթացակարգով դատական վերանայման ենթարկելով հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի հունվարի 18-ի՝ մեղադրյալ Ա. Ալեքսանյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու մասին թիվ ՀԿԴ/0002/01/23 գործով որոշման դեմ մեղադրյալ Ա. Ալեքսանյանի պաշտպանների հատուկ վերանայման բողոքները, 2023 թվականի փետրվարի 23-ին որոշել է հակակոռուպցիոն դատարանի 2023 թվականի հունվարի 18-ի՝ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու մասին թիվ ՀԿԴ/0002/01/23 գործով որոշումը մասնակիորեն՝ այլ անձանց հետ հաղորդակցության սահմանափակման մասով, բեկանել և մեղադրյալի՝ այլ անձանց հետ հաղորդակցության սահմանափակումները վերացնել, մնացած մասով դատական ակտը թողնել օրինական ուժի մեջ:
Վճռաբեկ դատարանը, քննարկելով թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով վերաքննիչ քրեական դատարանի 2023 թվականի փետրվարի 23-ի որոշման դեմ մեղադրյալ Ա. Ալեքսանյանի պաշտպանի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցը, 2023 թվականի ապրիլի 26-ին որոշել է մերժել վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը՝ հետևյալ պատճառաբանությամբ. «Բողոքաբերի փաստարկների, սույն գործի նյութերի, ինչպես նաև բողոքարկվող դատական ակտի պատճառաբանությունների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձի կողմից բավարար կերպով չի հիմնավորվել, որ Վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տվել դատական սխալ, և որ միաժամանակ բողոքներում բարձրացված հարցերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, հետևաբար բացակայում են բողոքները վարույթ ընդունելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված պայմանը»:
2. Դիմողի դիրքորոշումները
Ներկայացնելով թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ հիշյալ քրեական գործով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասին Վճռաբեկ դատարանի կողմից փաստացի տրված այն մեկնաբանությունը, ըստ որի՝ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը կարող է պարունակել միայն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի անբավարարության մասին եզրահանգում՝ առանց այդպիսի եզրահանգման համար հիմք ծառայած դատողությունների ընթացքի արձանագրման, հակասում է Սահմանադրությամբ ամրագրված արդար դատաքննության իրավունքի բովանդակությանն այնքանով, որքանով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասին Վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանության շրջանակներում թույլատրելի է համարվում հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել՝ առանց կոնկրետ գործով փաստերի և իրավունքի վերաբերյալ ողջամիտ ու համոզիչ պատճառաբանության, այն է՝ առանց գործի լուծման համար նշանակություն ունեցող և կողմի ներկայացրած փաստի կամ իրավունքի հարցերի վերաբերյալ փաստարկները մերժելու մասին դատողությունների ընթացքի և դրա եզրահանգման առկայության:
Վկայակոչելով արդար դատաքննության հիմնական իրավունքի և դրա բաղադրատարր հանդիսացող՝ դատական ակտերի պատճառաբանվածության վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված մի շարք իրավական դիրքորոշումներ՝ Դիմողը գտնում է, որ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված, և թեև Վճռաբեկ դատարանն ունի հայեցողություն՝ որոշելու հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման պատճառաբանությունների ծավալը և խորությունը, այնուամենայնիվ Վճռաբեկ դատարանի նշված հայեցողությունը չի կարող հիմք հանդիսանալ՝ իր որոշումը պատճառաբանելու այն կերպ, որ դրանում արձանագրվի բացառապես հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի անբավարարության մասին եզրահանգումը՝ առանց այդպիսի եզրահանգման համար հիմք ծառայած դատողությունների ընթացքի արձանագրման, այսինքն՝ առանց հստակ անդրադառնալու հատուկ վերանայման վճռաբեկ բողոքում նշված բոլոր այն հանգամանքներին և փաստարկներին, որոնք կարող են որոշիչ լինել գործի համար, և առանց հաստատելու այն, որ այդ հանգամանքների և փաստարկների կապակցությամբ Վճռաբեկ դատարանի համար ընդունելի են ստորադաս դատարանի դիրքորոշումները:
Դիմողի կարծիքով՝ այն դեպքում, երբ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը պարունակում է լոկ արձանագրում բողոքը վարույթ ընդունելու հիմքերի անբավարարության մասին, ապա հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը չի բավարարում դատական ակտերի պատճառաբանվածության չափանիշը, հետևաբար՝ ուղղակիորեն խախտում է իր՝ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված արդար դատաքննության իրավունքը:
Ամփոփելով իր փաստարկները՝ Դիմողը խնդրում է Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված արդար դատաքննության իրավունքին հակասող և անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասը՝ թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով տրված այն մեկնաբանության կամ այն բովանդակության շրջանակներում, որ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը կարող է պարունակել միայն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի անբավարարության մասին եզրահանգում՝ առանց այդպիսի եզրահանգման համար հիմք ծառայած դատողությունների ընթացքի արձանագրման, մասնավորապես՝ առանց հստակ անդրադառնալու հատուկ վերանայման վճռաբեկ բողոքում նշված բոլոր այն հանգամանքներին և փաստարկներին, որոնք կարող են որոշիչ լինել գործի համար, և առանց հաստատելու, որ այդ հանգամանքների և փաստարկների կապակցությամբ Վճռաբեկ դատարանի համար ընդունելի են ստորադաս դատարանների դիրքորոշումները:
3. Պատասխանողի դիրքորոշումները
Ազգային ժողովը (այսուհետ նաև՝ Պատասխանող), վկայակոչելով դատական ակտերի պատճառաբանվածության վերաբերյալ Սահմանադրական դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները, փաստում է, որ դատավարական ակտը պետք է պարունակի նաև պատճառաբանական մաս, քանի որ միայն այդ դեպքում կարող են երևալ փաստերի հաստատման, ապացույցների գնահատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:
Օրենսգրքի` վիճարկվող և վերաբերելի այդ դրույթներով ամրագրված իրավակարգավորումների վերլուծության արդյունքում Պատասխանողն արձանագրում է, որ Դիմողը, ձևականորեն վիճարկելով Օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը, դիմումում բարձրացնում է դատական ակտի իրավաչափության հարց, մինչդեռ դատական ակտի իրավաչափության գնահատումը ենթակա չէ Սահմանադրական դատարանին:
Ամփոփելով իր դիրքորոշումը՝ Պատասխանողը խնդրում է «Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել կամ «Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ընդունել վիճարկվող դրույթները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշում:
4. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները
Սույն գործով սահմանադրաիրավական վեճի շրջանակներում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.
- որո՞նք են դատական ակտի, այդ թվում՝ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանվածության՝ որպես Սահմանադրության 63-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի ծավալում ներառված երաշխիքի պահպանվածության սահմանադրական պահանջները` հաշվի առնելով Վճռաբեկ դատարանի որոշումների առանձնահատկությունները,
- արդյո՞ք վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը, ըստ որի՝ քրեական դատավարության շրջանակներում հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ նշվում են միայն Վճռաբեկ դատարանի եզրահանգումները՝ առանց դրանց հիմքում ընկած դատողությունների շարադրանքի, համապատասխանում է Սահմանադրության 63-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքին:
5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
5.1. Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:
Սույն հիմնական իրավունքի ապահովման երաշխիքներն ունեն տարբեր բովանդակություն և կապված են դատավարության տվյալ փուլի (կամ իրականցվող միջանկյալ վարույթի) խնդիրների հետ: Վճռաբեկ դատարանում վարույթի, այդ թվում նաև՝ Վճռաբեկ դատարանի կողմից հատուկ վերանայման վարույթում դատական ակտի վերանայման շրջանակներում անձի արդար դատաքննության իրավունքի իրացման երաշխիքն արտահայտվում է դատական ակտի պատճառաբանվածության օրենսդրական պահանջում, որից հետևում է դատարանի պարտականությունը՝ դատավարության ցանկացած փուլում կայացնելու պատճառաբանված դատական ակտ:
Սահմանադրական դատարանը, 2010 թվականի հունիսի 15-ի ՍԴՈ-896 որոշմամբ անդրադառնալով դատական ակտերի պատճառաբանվածության պահանջին, նշել է. «(...) օրենսդրությունն ընդհանրապես պետք է բացառի չպատճառաբանված դատական ակտի գոյությունը, որովհետև նման ակտը չի կարող համապատասխանել իրավական պետության հիմնարար սկզբունքներին, չի կարող երաշխավորել մարդկանց իրավունքների արդյունավետ դատական պաշտպանություն, ինչպես նաև ապահովել խախտված իրավունքների արդյունավետ վերականգնում»։
2022 թվականի փետրվարի 1-ի ՍԴՈ-1628 որոշմամբ Սահմանադրական դատարանը զարգացրել է դատական ակտի պատճառաբանվածության նորմատիվ պահանջի վերաբերյալ նշյալ դիրքորոշումը՝ դատական ակտի պատճառաբանվածությունը կապելով դատավորի անկախության և անկողմնակալության սկզբունքների հետ: Համաձայն նշյալ որոշման՝ «(...) Սահմանադրության 63-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի սույն բաղադրիչը դատական քննության որակի առաջնային չափանիշ է, իսկ դատական ակտի պատճառաբանության բացակայությունը կասկածի տակ է առնում դատարանի կողմից տվյալ դատական ակտի կայացմամբ արդարադատության նպատակին համահունչ գործունեությունը։ Կոնկրետ գործով դատարանի կողմից կայացված դատական ակտի իրավաչափության գնահատման առաջնային չափանիշը, անկախ դատական ակտի նկատմամբ ձևավորված հանրային կարծիքից կամ կողմերի կամ հասարակության կամ դրա մի մասի վերաբերմունքից, տվյալ գործով փաստերի և իրավունքի հարցերի վերաբերյալ դատական ակտի հիմքում ընկած ողջամիտ և համոզիչ պատճառաբանությունն է։ Ավելին, դատավարական կողմերի մրցակցող և հակասող շահերի բախման պայմաններում ընթացող դատական վեճերում դատական ակտի պատճառաբանության բացակայությունը նման պատճառաբանության առկայության իրավական պահանջի պայմաններում կարող է սասանել կողմերի և հանրության վստահությունն առ այն, որ բացակայում են տվյալ դատական ակտը կանխորոշող այլ՝ արդարադատության նպատակների հետ չառնչվող պատճառներ։
(...)
Սահմանադրական դատարանը, վերահաստատելով դատական ակտերի պատճառաբանված լինելու սահմանադրական հրամայականի վերաբերյալ նախկինում իր արտահայտած վերոհիշյալ դիրքորոշումները, շեշտում է, որ դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է համոզելու, որ դատական ակտի հիմքում ընկած են ոչ թե դատավորների անհատական կամ խմբակային մոտեցումներն ու շահերը, նրանց սուբյեկտիվ վերաբերմունքը վեճի լուծման որևէ տարբերակի նկատմամբ, այլ իրավունքը։ Հետևաբար՝ ձախողելով տրամաբանական շղթայի մեջ արտացոլել վեճի լուծման համար նշանակություն ունեցող և կողմերի ներկայացրած փաստի կամ իրավունքի հարցերի վերաբերյալ փաստարկներն ընդունելու կամ մերժելու մասին դատարանի դատողությունների ընթացքը և դրանց եզրահանգումը դատական ակտում՝ վերջինս արդարադատություն իրականացնող հանրային իշխանության ատյանի ակտից վերածվում է այն հեղինակող դատավորի կողմից վեճի լուծման վերաբերյալ սուբյեկտիվ մոտեցման շարադրանքի՝ վտանգելով Սահմանադրության 63-րդ հոդվածով նախատեսված՝ անհատի արդար դատաքննության իրավունքը»:
Վերահաստատելով ՍԴՈ-1628 որոշման մեջ արտահայտված դիրքորոշումը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ չպատճառաբանված դատական ակտը բովանդակազրկում է տվյալ գործով իրականացված արդարադատությունը՝ զրկելով պատճառաբանված դատական ակտ ակնկալելու իրավունքից, ուստիև՝ իրավատիրոջ խախտված իրավունքների վերականգնման կամ այլ կերպ պաշտպանության՝ հանրային իշխանության սահմանադրական պարտականությունը պատշաճորեն չի կատարվում: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նման պայմաններում անձի հիմնարար իրավունքների դատական պաշտպանության երաշխավորման՝ հանրային իշխանության պարտականությունը չի կարող լիարժեքորեն կատարված համարվել, եթե դատական ակտը չի պարունակում դրա եզրահանգմանը նախորդող պատճառաբանությունը:
Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ պատճառաբանված դատական ակտ կայացնելը կարևոր է անձի արդար դատաքննության իրավունքի տարբեր բաղադրիչների իրացման համար և, ընդհանուր առմամբ, օրգանապես փոխկապակցված է արդար դատաքննության իրավունքի իրացման բոլոր կառուցակարգերի հետ:
Սահմանադրական դատարանը, ՍԴՈ-1628 որոշման մեջ անդրադառնալով սույն հարցին, նաև նշել է. «(...) դատական ակտի պատճառաբանվածությունը կողմի համար այն արդյունավետորեն բողոքարկելու և նման բողոքարկման հաջողության գնահատականի հիմք է։ Այս կապակցությամբ դատական ակտի բողոքարկման ներքո նկատի է առնվում ոչ միայն դատական ակտի եռաստիճան դատական համակարգում բողոքարկման հնարավորությունը՝ փաստերի գնահատման կամ իրավունքի նորմերի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ, այլ նաև դատական ակտի պատճառաբանության մեջ վկայակոչված իրավական նորմերի սահմանադրականության ստուգման հնարավորությունը նման իրավունքն ունեցող անձի՝ Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումով, ինչպես նաև Սահմանադրության 61-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան միջազգային համապատասխան մարմիններ ներկայացվող բողոքին (…)»:
Զարգացնելով հիշյալ որոշման մեջբերված դիրքորոշումը՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ, ըստ էության, դատական ակտի պատճառաբանվածությունն ունի ոչ միայն անհատական իրավունքների դատական պաշտպանության հիմնարար երաշխիքի նշանակություն, այլև ժողովրդավարական հասարակությունում հանդիսանում է դատական իշխանության գործունեության հանրային հաշվետվողականության իրավական նախադրյալ:
Վերոնշյալի համատեքստում Վճռաբեկ դատարանում վարույթի, այդ թվում նաև՝ Վճռաբեկ դատարանի կողմից հատուկ վերանայման վարույթում դատական ակտի վերանայման շրջանակներում անձի արդար դատաքննության իրավունքից բխող հանրային իշխանության սահմանադրական պարտականությունների շրջանակի որոշակիացումը նկատի ունենալով՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ Վճռաբեկ դատարանի՝ ստորադաս դատարանների դատական ակտերի վերանայման նորմատիվ և բովանդակային ընդգրկմանը և վերջինիս միջոցով օրենքների ու նորմատիվ իրավական այլ ակտերի միասնական կիրառությունն ապահովելու՝ Սահմանադրությամբ Վճռաբեկ դատարանին վերապահված գործառույթի միջև կապի հարցերին:
Այսպես՝ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ «Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը»:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Դատական օրենսգիրք) 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Նույնանման փաստերով այլ գործով Վճռաբեկ դատարանի կողմից իրավական նորմի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանության դեպքում դատարանը պետք է հիմնավորի օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի՝ Վճռաբեկ դատարանի մեկնաբանությունից շեղվելը»:
Դատական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են դրանց հասցեատերերի համար»:
Դատական օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝
«1. Վճռաբեկ դատարանը վերանայում է վերաքննիչ դատարանի, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ իր կայացրած դատական ակտերը:
2. Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով`
1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը»:
Դատական օրենսգրքից մեջբերված իրավադրույթներից հետևում է, որ Վճռաբեկ դատարանի որոշումները՝ որպես ուժի մեջ մտած վերջնական դատական ակտեր, պարտադիր են դրանց գործողության տիրույթում գտնվող բոլոր սուբյեկտների, ներառյալ՝ հենց Վճռաբեկ դատարանի համար, երբ վերջինս քննում է նույնական կամ նույնանման փաստական հանգամանքներով գործ:
Ընդ որում՝ Վճռաբեկ դատարանի՝ ստորադաս դատարանների դատական ակտերի վերանայման միջոցով օրենքի և նորմատիվ իրավական այլ ակտերի միատեսակ կիրառության սահմանադրական գործառույթն իրացվում է նաև վճռաբեկ բողոքը, այդ թվում՝ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը, վարույթ ընդունելը մերժելու մասին դատական ակտ կայացնելու միջոցով:
Նշյալով պայմանավորված՝ Սահմանադրական դատարանը կարևոր է համարում սույն սահմանադրաիրավական վեճը քննության առնել նաև Վճռաբեկ դատարանի բոլոր տեսակի դատական ակտերի պատճառաբանվածության միասնական դատական պրակտիկայի ձևավորման անհրաժեշտության համատեքստում՝ որպես Սահմանադրության 171-րդ հոդվածից բխող նորմատիվ պահանջ:
Այս առումով հատկանշական է Սահմանադրական դատարանի 2007 թվականի ապրիլի 9-ի ՍԴՈ-690 որոշումը, որում անդրադարձ է կատարվել Վճռաբեկ դատարանի դատական ակտերի պատճառաբանվածության խնդրին՝ հաշվի առնելով Վճռաբեկ դատարանի սահմանադրական կարգավիճակը, վերջինով պայմանավորված գործառութային լիազորությունները և Վճռաբեկ դատարանի դատական ակտերի կարևորությունը բողոքաբերների և ողջ իրավակիրառ պրակտիկայի համար: Մասնավորապես՝ նշյալ որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ վճռաբեկ դատարանի արդարադատական գործառույթը վճռաբեկության կարգով օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելն է, այսինքն.
- այն պետք է առաջին հերթին իրականացվի օրենքների և դրանց կատարումն ապահովող նորմատիվ այլ այնպիսի ակտերի իրավական բովանդակության մեկնաբանմամբ, որոնք ստորադաս դատարանների կողմից կիրառվել են (կամ չեն կիրառվել) դրանց տարաբնույթ իրավաընկալման արդյունքում,
- վճռաբեկության կարգով սահմանադրական իր վերահսկողական գործառույթի իրականացմամբ, ստորադաս դատարանների դատական ակտերը վերանայելիս և դատական սխալներն ուղղելիս վճռաբեկ դատարանը բացառապես պետք է լուծի իրավունքի իրացման հարցեր,
- որպես սահմանադրորեն նախատեսված շրջանակներում բարձրագույն դատական ատյան` վճռաբեկ դատարանը, իր լիազորություններին համապատասխան, կոչված է երաշխավորելու ընդհանուր իրավասության և մասնագիտացված բոլոր դատարաններում մարդու իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության արդյունավետ միջոցների, արդարության, հավասարության պայմաններում և ողջամիտ ժամկետում դատաքննության` անձի սահմանադրական իրավունքների անմիջական գործադրումը,
- վճռաբեկ դատարանի սահմանադրական գործառույթից է անմիջականորեն բխում ոչ միայն ընդհանուր և մասնագիտացված ստորադաս դատարանների թույլ տված դատական սխալներն իր իրավասության շրջանակներում ուղղելը, այլև այդ դատարանների կողմից կիրառված նորմատիվ ակտերի (դրանց դրույթների) միասնական ընկալման վերաբերյալ իրավական դիրքորոշում արտահայտելը:
(...)
(...) ՀՀ վճռաբեկ դատարանի գործունեության` օրենքով նախանշված նպատակները պայմանավորված են այդ մարմնի սահմանադրաիրավական կարգավիճակով։ Օրենքի միատեսակ կիրառությունը, ճիշտ մեկնաբանությունն ապահովելը` որպես նաև իրավունքի զարգացմանը նպաստելու միջոցներ, կառուցակարգային փոխկապակցված գործառույթներ են, հետապնդում են իրավաչափ նպատակներ և երաշխիք են վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանների դատական ակտերը վերանայելու ընթացակարգային լիազորությունների իրականացման համար։ Այդպիսի երաշխիք է նաև դատական ակտերի բողոքարկման ինստիտուտը` նյութական և ընթացակարգային օրենսդրական այնպիսի կարգավորմամբ, որն ապահովի անձի իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ և լիարժեք իրականացում»:
Հիշյալ որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է, որ՝ «(...) նախապայմանների խստացումը չպետք է տեղի ունենա անհամաչափ՝ անձանց համար ստեղծելով իրավունքների պաշտպանության խոչընդոտներ: Բացի դրանից, վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ՝ օրենսդրորեն նախատեսված, հստակ, և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն»:
Վերահաստատելով նշյալ որոշմամբ արտահայտված դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումները լրացնում են Վճռաբեկ դատարանի կողմից զարգացվող իրավունքի շրջանակը: Հետևաբար՝ արդարադատություն հայցող անձն իրավունք ունի ակնկալելու Վճռաբեկ դատարանի օրենսդրական կանոնների մեկնաբանման արդյունքում առաջադրած բողոքի ընդունելիության կանխատեսելի գործնական չափանիշներ ու պահանջներ։ Սույն հանգամանքը կարևոր է ինչպես վճռաբեկ բողոք ներկայացնող անձի, այնպես էլ այն անձանց համար, որոնք Վճռաբեկ դատարան կդիմեն հետագայում: Հետևաբար՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման պատճառաբանությունները հնարավոր բողոք բերող անձանց կողմից նույն հարցի առնչությամբ դատավարական կանխատեսելի վարքագիծ դրսևորելու հնարավորություն են ընձեռում:
Ընդսմին, բողոքի ընդունելիության վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումները, լինելով օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառման գործառույթի իրացման բաղկացուցիչ մաս, պետք է ապահովեն վճռաբեկ բողոքի ընդունելիության օրենսդրական չափանիշներից յուրաքանչյուրի մեկնաբանման և կիրառման կայունությունն ու հետևողականությունը:
Նշյալի համատեքստում Սահմանադրական դատարանի կողմից կարևորվում է նաև խնդրո առարկայի վերաբերյալ միջազգային իրավական պրակտիկայի ուսումնասիրությունն այնքանով, որքանով Սահմանադրության 81-րդ հոդվածի համաձայն՝ այն հանդիսանում է սահմանադրական իրավունքների պաշտպանության երաշխիքների նվազագույն շեմը:
Սահմանադրական դատարանը, «Աղասի Դանիելյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ և 9-րդ հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ՍԴՈ-1628 որոշմամբ անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայի շրջանակներում դատական ակտերի պատճառաբանվածության հիմնախնդրին, արձանագրել է. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև ՄԻԵԴ) ներպետական դատարանների կողմից կայացված որոշումները չպատճառաբանելը ճանաչելով արդար դատական քննության իրավունքի խախտում, նշել է, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950 թվականի կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանների կողմից կայացվող որոշումները պետք է ողջամտորեն պարունակեն այդ դատական ակտերի կայացման համար հիմք հանդիսացած պատճառաբանություններ՝ կողմերի լսված լինելու հանգամանքը ցույց տալու, ինչպես նաև արդարադատության իրականացման նկատմամբ հանրային հսկողություն ապահովելու նպատակով (տե՛ս, օրինակ, Սալովն ընդդեմ Ուկրաինայի գործով (Salov v. Ukraine), թիվ 65518/01, § 89, ՄԻԵԴ 2005-VIII (քաղվածքներ), Գարսիա Ռուիզն ընդդեմ Իսպանիայի (García Ruiz v. Spain) [ՄՊ], թիվ 30544/96, § 26, ՄԻԵԴ 1999-I):
Դատական ակտի պատճառաբանվածությունը ՄԻԵԴ-ը դիտարկել է որպես արդարադատության պատշաճ իրականացման սկզբունքի պահանջ։ Այս պարտականությունը ներառում է առնվազն հստակ անդրադարձ այն հանգամանքներին և փաստարկներին, որոնք կարող են որոշիչ լինել տվյալ գործի համար (տես՝ Ռուիզ Տորիխան ընդդեմ Իսպանիայի գործով (Ruiz Torija v. Spain), 1994 թվականի դեկտեմբերի 9, § 29-30, Շարք A թիվ 303-A), Հիգգինսը և այլք ընդդեմ Ֆրանսիայի գործով (Higgins and Others v. France), 1998 թվականի փետրվարի 19, § 42-43, Վճիռների և որոշումների հաղորդումներ 1998-I)։ Ավելին, այն գործերով, որոնք կարող են առնչվել Կոնվենցիայով նախատեսված իրավունքներին, ՄԻԵԴ-ի մի շարք վճիռներով մանրամասն ուսումնասիրության է ենթարկվել նաև այն հարցը, թե որքանով են դատական ակտերում բերված պատճառաբանությունները եղել բովանդակալից, այլ ոչ՝ ձևական բնույթի (տես, mutatis mutandis, Պարադիսոն և Կամպանելլին ընդդեմ Իտալիայի գործով (Paradiso and Campanelli v. Italy) [ՄՊ], թիվ 25358/12, § 210, 2017 թվականի հունվարի 24)` դատական ակտի պատճառաբանվածության սկզբունքի պահպանված լինելու նկատմամբ իրականացնելով բովանդակային վերահսկողություն։
ՄԻԵԴ-ի վերը նշված մոտեցումները դատական ակտերի պատճառաբանվածության պահանջի ընդհանուր կանոններն են, որոնք բարձր (մասնավորապես՝ վճռաբեկ) դատարաններին վերաբերելի մասով մասնավորեցվել են ըստ այնմ, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը դատական ակտերը վերանայող դատարաններին չի պարտավորեցնում որոշումների պատճառաբանություններում արձագանքել կողմերի ներկայացրած բոլոր փաստարկներին, և, օրինակ, այնպիսի իրավիճակներում, երբ որոշումը վերանայող դատարանները համաձայնում են բողոքարկվող որոշումը կայացրած դատարանների որոշմանը, ապա համապատասխան բողոքները մերժելու մասին որոշումներում ընդունելի են ստորադաս դատարանների իրավական դիրքորոշումների հաստատումները, որպես դատարանի պատճառաբանություն (տես, օրինակ՝ Գարսիա Ռուիզն ընդդեմ Իսպանիայի գործով վերը նշված վճիռը, § 26, Հելլն ընդդեմ Ֆինլանդիայի գործով (Helle v. Finland), 1997 թվականի դեկտեմբերի 19, §§ 59-60, Վճիռների և որոշումների հաղորդումներ 1997-VIII)»։
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակից է բխում Վճռաբեկ դատարանի դատական ակտերի պատճառաբանվածության առանձնահատուկ անհրաժեշտությունը, քանզի Վճռաբեկ դատարանը ոչ միայն իրականացնում է կոնկրետ գործով իրավունքների դատական պաշտպանություն, այլև իր կայացրած դատական ակտով ապահովում է միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձևավորումը՝ պահպանելով իրավական նորմերին տրվող մեկնաբանության որոշակիությունը, կայունությունը և հետևողականությունը:
Ընդ որում, սույն պահանջները հավասարապես կիրառելի են Վճռաբեկ դատարանի բոլոր դատական ակտերի նկատմամբ: Ըստ այդմ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի որոշումներում բողոքաբերների փաստարկների ստուգման և կատարվող հետևությունների և եզրահանգումների շղթան պետք է լինի որոշակի, այն է՝ տեսանելի լինի դատողությունների և եզրահանգումների միջև տրամաբանական կապը:
Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանը նկատում է, որ ի տարբերություն վճռաբեկ բողոքը վերադարձնելու կամ առանց քննության թողնելու հիմքերի, որոնք դատավարական օրենսգրքերում սահմանված են սպառիչ բովանդակությամբ, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի նկարագրությունն ընդհանրական է, ինչն առաջացնում է որոշակի և ողջամտորեն մանրամասն դատական մեկնաբանության անհրաժեշտություն: Այլ կերպ՝ վճռաբեկ բողոքը վերադարձնելու և առանց քննության թողնելու հիմքերն օրենսդրորեն սահմանված են, որպես կանոն, տարամեկնաբանության առիթ չստեղծող հստակությամբ, ինչը նվազեցնում է համապատասխան իրավանորմերի իրավակիրառ պրակտիկայի միասնականություն և հետևողականություն ապահովելու հարցում Վճռաբեկ դատարանի դերակատարումը՝ ի տարբերություն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու հիմքերի, որոնց վերացարկման բարձր աստիճանը դրանց պատշաճ և որոշակի կիրառումը պայմանավորում է բացառապես Վճռաբեկ դատարանի իրավամեկնաբանությամբ:
Սահմանադրական դատարանի դիտարկմամբ՝ Վճռաբեկ դատարանի դատական ակտերը բողոքաբերների համար առաջացնում են ընդհանուր իրավասության դատական համակարգում վերջնական լուծում ձևավորող հետևանքներ, հետևապես՝ իրավական որոշակիության և կանխատեսելիության անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումների որակական հատկանիշները պետք է համարժեք լինեն Վճռաբեկ դատարանի և վերջինիս կայացրած դատական ակտերի սահմանադրաիրավական և գործնական նշանակությանը:
5.2. Սահմանադրական դատարանը նկատում է, որ թեև դատական ակտի պատճառաբանվածության պահանջն ինքնին ունի սահմանադրական բովանդակություն, քրեական վարույթում այն ձեռք է բերում հատուկ կարևորություն, քանի որ տվյալ դատական վարույթը կարող է հանգեցնել մարդու հիմնական իրավունքներին և ազատություններին խիստ միջամտության:
Աներկբա իրողություն է, որ դատարանները՝ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, օժտված են անձի իրավունքների պաշտպանությունը երաշխավորող սահմանադրաիրավական համապարփակ լիազորությունների համալիրով, ուստի՝ բացառիկ նշանակություն ունեն անձի իրավունքների պաշտպանության առումով: Ըստ այդմ, քրեական վարույթով համապատասխան դեպքերում մերժելով բողոքը վարույթ ընդունելը՝ Վճռաբեկ դատարանը վերջնականորեն մերժում է քրեական վարույթով եռաստիճան դատական համակարգում բողոքաբերի գործով արդարադատության իրականացման հետագա հնարավորությունը, հետևաբար՝ պետք է իր որոշումներում առավելագույնս իրավաբանորեն հիմնավորի և պատճառաբանի արդարադատության իրականացման հնարավորության բացակայությունն այնպես, որ անձի համար օբյեկտիվորեն ըմբռնելի և ընկալելի լինեն դրա պատճառները, հակառակ պարագայում՝ արդարադատությունը կընկալվի իբրև ենթադրյալ խախտված իրավունքի պաշտպանության պատրանքային միջոց՝ վերջնարդյունքում նաև հանգեցնելով դատական իշխանության նկատմամբ հասարակության վստահության նվազեցման:
Սահմանադրական դատարանը վիճարկվող նորմի սահմանադրականությունը գնահատելիս հարկ է համարում նախ անդրադառնալ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու՝ Օրենսգրքով սահմանված պայմանների կիրառման խնդրին, քանի որ վերջինս Վճռաբեկ դատարանի՝ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման պատճառաբանության բովանդակության հիմնական բաղադրիչն է:
Օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի՝ համաձայն՝ «Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե գալիս է հետևության, որ՝
1) վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, կամ առերևույթ առկա է բողոքարկվող դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող որևէ փաստական կամ իրավական հանգամանք, և միաժամանակ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար.
2) առերևույթ քրեադատավարական օրենքի էական խախտում թույլ տալու հետևանքով կայացված դատական ակտը կարող էր խաթարել արդարադատության բուն էությունը»:
Օրենսգրքից մեջբերված և սույն գործով վիճարկվող իրավադրույթների համադրված վերլուծությունից հետևում է, որ Օրենսգրքում սահմանված է հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու երկու պայման։ Դրանցից առնվազն մեկի առկայությունն անհրաժեշտ է հատուկ վերանայման բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման կայացման համար (Օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մաս, 397-րդ հոդվածի 1-ին մաս, 398-րդ հոդվածի 4-րդ մաս)։
Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանը հաշվի է առնում Օրենսգրքի 359-րդ հոդվածով սահմանված՝ դատական ակտի՝ ներառյալ սույն բողոքին վերաբերելի հատուկ վերանայման բողոքի վճռաբեկ քննության սահմանների վերաբերյալ իրավակարգավորումները, որոնց համաձայն՝ բացառությամբ նշյալ հոդվածով նախատեսված որոշակի դեպքերի, Վճռաբեկ դատարանը բողոքը պետք է քննի բողոքի հիմքի և այն հաստատող փաստերի սահմաններում: Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանի՝ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման պատճառաբանվածության սահմանադրաիրավական պահանջը, բացառությամբ Օրենսգրքի 359-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, սահմանափակվում է վճռաբեկ բողոքի հիմք(եր)ին և այն հաստատող փաստերին, բողոքը վարույթ ընդունելու պայմանները հիմնավորող փաստարկներին բավարար իրավական անդրադարձ կատարելու անհրաժեշտությամբ՝ համապատասխանաբար, բողոքը վարույթ ընդունելու համար դրանց անբավարարության առումով:
Սահմանադրական դատարանը պատճառաբանված դատական ակտի հիմնարար իրավունքի երաշխավորվածության համատեքստում կարևոր է համարում, որ վճռաբեկ բողոքը, ներառյալ՝ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը, վարույթ ընդունելու հիմքերից յուրաքանչյուրի մասով ձևավորվի կայուն և կանխատեսելի իրավակիրառ պրակտիկա, ինչը հնարավորություն կտա բողոքաբերին անձամբ կամ համապատասխան խորհրդատվությամբ հստակ ընկալել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերից յուրաքանչյուրի նորմատիվ բովանդակությանն առաջադրվող պահանջները և իր բողոքը համապատասխանեցնել այդ պահանջներին: Սրանից հետևում է նաև, որ կայուն և կանխատեսելի պրակտիկա չի կարող ձևավորվել, և, համապատասխանաբար, Վճռաբեկ դատարանի՝ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը չի կարող համարվել պատճառաբանված, եթե դրանում միայն որպես հետևություն արձանագրված է վճռաբեկ բողոքի՝ Օրենսգրքով նախատեսված ընդունելիության հիմքերին անհամապատասխանությունը՝ առանց այդ հիմքերին բողոքի անհամապատասխանությունը հիմնավորող դատողությունների շարադրանքի:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործի նյութերի ուսումնասիրությունից պարզվել է, որ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով Վճռաբեկ դատարանի 2023 թվականի ապրիլի 26-ի որոշմամբ, Դիմողի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքերին և բողոքը վարույթ ընդունելու պայմանները հիմնավորող փաստարկներին ի պատասխան, միայն նշվել է, որ բողոքաբերի փաստարկների, գործի նյութերի, ինչպես նաև բողոքարկվող դատական ակտի պատճառաբանությունների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքաբերի կողմից բավարար կերպով չի հիմնավորվել, որ վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, և որ միաժամանակ բողոքաբերի կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողի նկատմամբ դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ Օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասը կիրառվել է այն մեկնաբանությամբ, որի արդյունքում դատական ակտի պատճառաբանությունների փոխարեն այն պարունակում է միայն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի անբավարարության մասին եզրահանգում։ Հետևաբար՝ Դիմողի գործով Վճռաբեկ դատարանի կողմից դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ վիճարկվող իրավական դրույթը մեկնաբանվել և կիրառվել է Սահմանադրական դատարանի սույն որոշմամբ նախատեսված դիրքորոշումների հիման վրա տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ։
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական գործերով իրավակիրառ պրակտիկայում ուղենշային դեր ունի Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1628 որոշումը՝ Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումների պատճառաբանվածության կարևորության մասով: Սույնի առնչությամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ թեև այն վերաբերում է քաղաքացիական դատավարությանը, սակայն Սահմանադրական դատարանի դիրքորոշումը հիմնված է Սահմանադրության 63-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ հանդիսացող՝ դատական ակտի պատճառաբանվածության ընդհանրական սահմանադրական պահանջին, որը նույնական է նաև քրեական դատավարության շրջանակում հատուկ վերանայման բողոքների վերաբերյալ կայացվող Վճռաբեկ դատարանի ակտերի նկատմամբ։ Հետևաբար՝ Սահմանադրական դատարանը սույն սահմանադրական վեճի լուծման նպատակով հիշյալ որոշմամբ իր արտահայտած իրավական դիրքորոշումից շեղվելու պատճառ չի տեսնում։
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 170-րդ հոդվածով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ Վճռաբեկ դատարանի՝ հատուկ վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը՝ դրա հիմքում դրված եզրահանգման հետ մեկտեղ, պետք է պարունակի նաև դրան հանգեցրած պատճառաբանությունը։
2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով, քանի որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասը Դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:
3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ՆԱԽԱԳԱՀող |
Ա. ԴիլանՅԱՆ |
19 դեկտեմբերի 2023 թվականի ՍԴՈ-1707 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2023 թվական: