ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մարտի 2023 թվականի N 384-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՍԻՄՈՆՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 609-րդ հոդվածը, 610-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 685-րդ, 686-րդ, 687-րդ և 688-րդ հոդվածները, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին ենթակետը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշման 3-րդ կետի և 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի 1-ին կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված` քաղ. Երևան, Արամի 44 հասցեում գտնվող, 896 քառ. մետր մակերեսով վարչական շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.0421 հեկտար հողամասը (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և 10 տարի ժամկետով վարձակալության տրամադրել Սիմոնյան կրթական հիմնադրամին (այսուհետ՝ հիմնադրամ)՝ իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ քաղ. Երևան, Կենտրոն, Մ. Բաղրամյան պողոտա 24/6 հասցեում գտնվող շենքի 651,4 քառ. մետր ընդհանուր մակերեսով 5-րդ և 6-րդ հարկերը (այսուհետ՝ տարածք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հիմնարար գիտական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի հետ համատեղ ապահովել հիմնադրամի կողմից սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթամսյա ժամկետում սույն որոշման 2-րդ կետում նշված տարածքի շինթույլտվություն չպահանջող բարեկարգման և վերանորոգման աշխատանքների անխոչընդոտ իրականացումը՝ սահմանելով, որ վերանորոգման աշխատանքների գումարը չի կարող գերազանցել 60 մլն դրամը:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում լուծել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 14.05.2010 թվականին կնքված ոչ բնակելի տարածքի N 20/0010 անհատույց օգտագործման պայմանագիրը՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի լուծման և դրանից բխող իրավունքների դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հիմնարար գիտական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2012 թվականի հունիսի 29-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 72/0012 պայմանագրում սույն որոշման 2-րդ կետից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հիմնարար գիտական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
3) սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 2-րդ կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
4) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի վարձակալության պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ՝
ա. վարձակալության տրամադրվող անշարժ գույքի ամսական վարձավճարը կազմում է 5 035 000 դրամ՝ համաձայն «Ակսոն» ապրանքահումքային բորսա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2022 թվականի հոկտեմբերի 6-ի դրությամբ իրականացված ամսական վարձավճարի շուկայական արժեքի գնահատման հաշվետվության, որն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե,
բ. վարձակալության տրամադրվող անշարժ գույքը հիմնադրամին է հանձնվում սույն կետի 3-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում,
գ. հիմնադրամը պարտավորվում է սույն որոշման հիման վրա կնքված վարձակալության պայմանագրի նոտարական վավերացման պահից 3 տարվա ընթացքում կատարել 100 մլն դրամի ներդրումներ՝ համաձայն իր կողմից ներկայացված ծրագրի,
դ. հիմնադրամը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա ավարտից հետո 15-օրյա ժամկետում,
ե. սույն ենթակետի «գ» պարբերությամբ նախատեսված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50 % կատարելու դեպքում հիմնադրամը 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 20 %-ի չափով,
զ. սույն ենթակետի «գ» պարբերությամբ նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում հիմնադրամը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 15 %-ի չափով,
է. հիմնադրամի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման,
ը. սույն ենթակետի «գ» պարբերությամբ նախատեսված ինչպես անբաժանելի, այնպես էլ բաժանելի բարելավումները վերադարձման ենթակա չեն,
թ. պայմանագրի նոտարական վավերացման և դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին:
5. Սահմանել, որ՝
1) հիմնադրամը պարտավոր է սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո 10-օրյա ժամկետում աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե.
2) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին է հանձնվում սույն որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո 15-օրյա ժամկետում.
3) սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների համար հիմնադրամի կողմից ծախսված միջոցները՝ որպես պետության կողմից հիմնադրամում կատարվող կամավոր գույքային վճար, հաշվանցվում են անշարժ գույքի վարձակալության համար սահմանված վարձավճարներից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
23.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |