Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (05.08.2022-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Դատալեքս համակարգ www.datalex.am
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
05.08.2022
Подписан
Նախագահող
Дата подписания
05.08.2022
Дата вступления в силу
05.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 

ԱՐԱԴ/0015/01/09

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

               

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Ե. Դանիելյանի

 

Ս. Օհանյանի

 

5 օգոստոսի 2022 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով նոր հանգամանքի հիմքով դատապարտյալ Գարիկ Ստեփանի Դավթյանի և նրա պաշտպան Լ.Սիմոնյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` 2010 թվականի սեպտեմբերի 3-ի դատավճռով Գարիկ Ստեփանի Դավթյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ, 8-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով, 38-238-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 268-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ, 8-րդ կետերով՝ ազատազրկման՝ 14 (տասնչորս) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով՝ ազատազրկման՝ 10 (տասը) տարի ժամկետով` անձնական գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավելի քան 180.000 (հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամը, ՀՀ քրեական օրենսգրքի 38-238-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ազատազրկման՝ 6 (վեց) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով՝ ազատազրկման 1 (մեկ) տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ, հանցանքների համակցությամբ, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Գ.Դավթյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 15 (տասնհինգ) տարի ժամկետով` անձնական գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավելի քան 180.000 (հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամը:

Պատժի կրման սկիզբը հաշվվել է՝ 2009 թվականի փետրվարի 12-ից:

Նույն դատավճռով դատապարտվել են նաև Գոռ Բաղդասարյանը և Սոնյա Մուշալովան:

2. Ամբաստանյալ Գ.Դավթյանի, ամբաստանյալներ Ս.Մուշալովայի և Գ.Բաղդասարյանի պաշտպանների և մեղադրողների վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան), 2010 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ բողոքները մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի` 2010 թվականի սեպտեմբերի 3-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

3. Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի հունվարի 31-ի որոշմամբ, ամբաստանյալ Գ.Դավթյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2010 թվականի նոյեմբերի 23-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

4. ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի՝ 2014 թվականի հունվարի 16-ի որոշմամբ դատապարտյալ Գ.Դավթյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ Ազգային Ժողովի՝ 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման 8-րդ կետի 6-րդ ենթակետի հիման վրա 6 (վեց) ամիս ժամկետով կրճատվել է, և վերջինիս թողնվել է կրելու ազատազրկում՝ 14 (տասնչորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով։

4.1. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ դատապարտյալ Գարիկ Դավթյանը պայմանական վաղաժամկետ ազատվել է 2 (երկու) տարի 10 (տասը) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով պատիժը կրելուց, որը Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի մարտի 23-ի որոշմամբ բեկանվել է և վերջինս 2022 թվականի ապրիլի 4-ին վերադարձվել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ՝ չկրած 2 (երկու) տարի 10 (տասը) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով պատիժը կրելու: Պատժի սկիզբը հաշվվել է 2022 թվականի ապրիլի 4-ից1:

5. Դատապարտյալ Գ.Դավթյանի և նրա պաշտպանի կողմից նոր հանգամանքի հիմքով բերված բողոքի հիման վրա, Վճռաբեկ դատարանը 2022 թվականի հունիսի 27-ի որոշմամբ հարուցել է դատական ակտի վերանայման վարույթ և վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ2: Վճռաբեկ դատարանը 2022 թվականի հունիսի 30-ին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6. Դատապարտյալ Գարիկ Դավթյանը ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է այն բանի համար, որ «(…) առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար կանեփի բույսից ապօրինաբար պատրաստել և պահել է զգալի չափի, 1.9 գրամ քաշով չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոց, որը 2009 թվականի փետրվարի 12-ին, Գ.Դավթյանի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է»3:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոշարադրյալ հիմնավորումներով.

7. Բողոք բերած անձինք, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելու մասին «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն օրենքի 4-րդ հոդվածին և այդ չափերը սահմանող ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասը և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը` փաստարկել են, որ նշված փոփոխություններով վերացվել է Գ.Դավթանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի հանցավորությունը, բարելավվել է նրա վիճակը, հետևաբար դրանք ենթակա են կիրառման վերջինիս նկատմամբ:

8. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձինք խնդրել են նոր հանգամանքի հիմքով վերանայել Գ.Դավթյանի վերաբերյալ կայացված ու օրինական ուժի մեջ մտած՝ 2010 թվականի սեպտեմբերի 3-ի դատավճիռը, բեկանել ու փոփոխել ստորադաս դատարանների դատական ակտերը, Գ.Դավթյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ, նրա նկատմամբ վերջնական նշանակված պատժաչափից հանել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատժաչափը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է դատապարտյալ Գարիկ Դավթյյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի հունվարի 31-ի որոշումը վերանայելու համար:

10. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(…) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

11. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա'մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա'մ մեղմացնում է պատիժը, կա'մ այլ կերպ՝ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում՝ այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն4:

12. ՀՀ Սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) [Ե]լնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում՝ արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով՝ որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (…)»5:

Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»6:

13. Նախորդ կետում մեջբերված՝ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար։

ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը՝

պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով (…)»։

Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանված եղել 0.5 գրամից մինչև 5.0 գրամը ներառյալ։

Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո, ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի համար որպես մանր չափ է սահմանվել 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ, իսկ որպես զգալի չափ՝ 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ:

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Գ.Դավթյանը դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով` առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար կանեփի բույսից ապօրինաբար զգալի չափի` 1.9 գրամ քաշով չորացված «մարիխուանա» տեսակի թմրամիջոց պատրաստելու և պահելու համար7:

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-13-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները վերացնում են Գ.Դավթյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի հանցավորությունը:

Մասնավորապես, «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի զգալի չափի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 1,9 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե զգալի, այլ մանր չափի է։ Այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում Գ.Դավթյանին պետք է արդարացնել՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այն է՝ արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Նման պայմաններում, թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Գ.Դավթյանի կողմից կատարված արարքի վրա:

16. Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով, «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքը նոր հանգամանք է՝ դատապարտյալ Գարիկ Դավթյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի հունվարի 31-ի որոշումը վերանայելու համար:

17. Վերանայման արդյունքում անհրաժեշտ է բեկանել ու փոփոխել դատապարտյալ Գարիկ Ստեփանի Դավթյանի վերաբերյալ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2010 թվականի սեպտեմբերի 3-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2010 թվականի նոյեմբերի 23-ի որոշումը և Գ.Դավթյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գարիկ Դավթյանն իր նկատմամբ նշանակված՝ 14 (տասնչորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով վերջնական պատժից Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ պայմանական վաղաժամկետ ազատվել է 2 (երկու) տարի 10 (տասը) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով, որը Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի մարտի 23-ի որոշմամբ բեկանվել է և վերջինս 2022 թվականի ապրիլի 4-ին վերադարձվել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ՝ չկրած 2 (երկու) տարի 10 (տասը) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով պատիժը կրելու, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գարիկ Դավթյանի չկրած՝ 2 (երկու) տարի 10 (տասը) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով ազատազրկում պատժից պետք է հանել 4 (չորս) ամիս ժամկետով ազատազրկումը և Գարիկ Դավթյանին վերջնական թողնել կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով՝ անձնական գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավել քան՝ 180.000 (հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամը՝ պատժի կրման սկիզբը հաշվելով 2022 թվականի ապրիլի 4-ից:

Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով պետք է թողնել անփոփոխ:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Գարիկ Ստեփանի Դավթյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի հունվարի 31-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2010 թվականի սեպտեմբերի 3-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2010 թվականի նոյեմբերի 23-ի որոշումը բեկանել ու փոփոխել:

3. Գարիկ Ստեփանի Դավթյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

4. Գարիկ Ստեփանի Դավթյանի նկատմամբ նշանակված և չկրած՝ 2 (երկու) տարի 10 (տասը) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով ազատազրկում պատժից հանել 4 (չորս) ամիս ժամկետով ազատազրկումը և վերջնական թողնել կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով՝ անձնական գույքի բռնագրավմամբ, բայց ոչ ավել քան՝ 180.000 (հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամը:

Պատժի կրման սկիզբը հաշվել 2022 թվականի ապրիլի 4-ից:

5. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

6. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

________________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 12-րդ, թերթ 47:

2 Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի՝ սույն բողոքը քննվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 10-րդ, թերթեր 119-153:

4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը։

5 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:

6 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:

7 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե. Դանիելյան

 

Ս. Օհանյան