Գլխավոր տեղեկություն
Номер
N 235-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.03.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.02.20-2023.03.05 Պաշտոնական հրապարակման օրը 27.02.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.02.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.02.2023
Дата вступления в силу
09.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 փետրվարի 2023 թվականի N 235-Ն

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԹԱՐԳՄԱՆՉԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 133-րդ հոդվածի 15-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել պետության միջոցների հաշվին թարգմանչի ծառայություններից դատապարտյալի օգտվելու կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

23.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

փետրվարի 23-ի N 235-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԹԱՐԳՄԱՆՉԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ՕԳՏՎԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձը, հայերենին չտիրապետելու դեպքում, Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով սահմանված իրավունքներն արդյունավետորեն իրացնելու նպատակով իրավունք ունի պետական միջոցների հաշվին օգտվելու թարգմանչի ծառայություններից:

2. Թարգմանիչը թարգմանության համար անհրաժեշտ լեզվին տիրապետող և ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին իր իրավունքների իրացման համար թարգմանչական ծառայություններ մատուցող գործունակ այն անձն է, որն ունի մասնագիտական համապատասխան բարձրագույն կրթություն և ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձի մայրենի կամ հասկանալի այլ՝ օտար լեզվին տիրապետելու փաստը հաստատող՝ համապատասխան աստիճանի ավարտական փաստաթուղթ: Թարգմանիչ է համարվում նաև ժեստերի լեզվի կամ Բրայլի (կետառելիեֆային այբուբենով) լեզվի թարգմանիչը:

 

2. ԹԱՐԳՄԱՆՉԻ ՆԵՐԳՐԱՎՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼԸ

 

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության (այսուհետ՝ ծառայություն) կողմից թարգմանիչները ներգրավվում են «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով:

4. Թարգմանչի վարձատրության չափը և կարգը որոշվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1334-Ն որոշմամբ:

5. Ծառայությունը հայտարարում է թարգմանիչների մրցույթ, որի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների հետ պայմանագիր կնքելուց հետո վերջիններս ներառվում են ծառայության կողմից վարվող՝ թարգմանիչների էլեկտրոնային ռեեստրում (այսուհետ՝ ռեեստր): Թարգմանչի հետ կնքված պայմանագրի ժամկետը լրանալուց հետո թարգմանչի մասին տվյալները հանվում են ռեեստրից:

6. Հաղթող ճանաչվելուց հետո որպես թարգմանիչ ներգրավված անձը ծառայություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում, որում պետք է նշվեն դիմողի անունը, ազգանունը և հայրանունը, այն լեզուները, որոնցով դիմողն իրականացնելու է թարգմանությունը.

2) դիմողի բնակության կամ գտնվելու վայրի հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.

3) 2 գունավոր լուսանկար՝ 4 x 6 չափսի.

4) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

5) համապատասխան բարձրագույն կրթության և սույն կետի 1-ին ենթակետում նշված լեզուներին տիրապետելու փաստը հաստատող փաստաթղթերի պատճենները:

7. Ռեեստրում ներառված անձը որպես թարգմանիչ նշանակվում է թարգմանչի նշանակման որոշում կայացնելու իրավասություն ունեցող քրեակատարողական ծառայողի որոշմամբ, որում նշվում են ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները, դատական ակտի մասին տվյալները), թարգմանչի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը), այն ժամանակահատվածը, որի ընթացքում մատուցվելու են ծառայությունները, այն լեզուն, որով իրականացվելու է թարգմանությունը:

8. Ժեստերի լեզվի կամ Բրայլի (կետառելիեֆային այբուբենով) լեզվի թարգմանիչն ընտրվում է ժեստերի լեզվի կամ Բրայլի (կետառելիեֆային այբուբենով) լեզվի թարգմանչի կարիքն ունեցող դատապարտյալի կողմից՝ ռեեստրում ներառված թարգմանիչներից։

9. Այն դեպքում, երբ ռեեստրում դատապարտյալի մայրենի կամ հասկանալի այլ լեզվին տիրապետող և այդ փաստը հաստատող փաստաթուղթ ունեցող թարգմանիչ ներառված չէ, թարգմանության իրականացումը կազմակերպվում է տեսազանգի կամ այլ հասանելի միջոցներով՝ սույն հավելվածով սահմանված կարգին համապատասխան:

10. Դատապարտյալի մայրենի կամ հասկանալի այլ լեզվին տիրապետող, այդ թվում՝ ժեստերի լեզվի կամ Բրայլի (կետառելիեֆային այբուբենով) լեզվի թարգմանիչը, մինչև սույն կարգի 7-րդ կետով նախատեսված որոշմամբ թարգմանչական ծառայությունների տրամադրումը, նախապես հանդիպում է ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձի հետ և վերջինիս համաձայնության դեպքում է սկսում մատուցել թարգմանչական ծառայություններ:

11. Սույն հավելվածի 7-րդ կետում նշված քրեակատարողական ծառայողը փոխում է թարգմանչին, եթե ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձը չի համաձայնում օգտվել ընտրված թարգմանչի ծառայություններից:

12. Սույն հավելվածի 11-րդ կետով նախատեսված դեպքում ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձը ներկայացնում է դիմում, որի վերաբերյալ թարգմանչի նշանակման որոշում կայացնելու իրավասություն ունեցող քրեակատարողական ծառայողի կողմից անհապաղ, բայց ոչ ուշ, քան երկու օրվա ընթացքում կայացվում է նշանակված թարգմանչին փոխարինելու մասին որոշում:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Բ. Բադալյան

 

23.02.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 փետրվարի 2023 թվական: