Գլխավոր տեղեկություն
Номер
N 280-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.03.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.03.07-2022.03.20 Պաշտոնական հրապարակման օրը 07.03.2022
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.03.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.03.2022
Дата вступления в силу
08.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

         

3 մարտի 2022 թվականի N 280-Լ

   

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      

Հիմք ընդունելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) սննդամթերքի լաբորատոր փորձաքննությունների ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) սննդամթերքի լաբորատոր փորձաքննությունների ծրագրից բխող միջոցառումների կատարման ժամանակացույցը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

          

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

04.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

մարտի 3-ի N 280-Լ որոշման

      

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

   

I. Ներածություն

  

1. Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի լաբորատոր փորձաքննությունների իրականացման ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) Հայաստանի Հանրապետությունում համարվում է սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացմանն ուղղված կարևորագույն տարրերից մեկը, որի իրականացումը հնարավորություն կընձեռի սննդամթերքի անվտանգության ապահովման նկատմամբ պետական վերահսկողության կատարելագործմանը և արդյունավետության բարձրացմանը, վտանգավոր սննդամթերքի հայտնաբերմանը, օգտահանմանը և (կամ) ոչնչացմանը, արտադրվող սննդամթերքի որակի բարձրացմանը, որն էլ իր հերթին կնպաստի սննդամթերքի արտահանման ծավալների ավելացմանը, ինչպես նաև կօժանդակի Հայաստանի Հանրապետության ազգաբնակչությանն անվտանգ և որակյալ սննդամթերքով ապահովմանը:

2. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի N 1147-Ն որոշման՝ սննդամթերքի անվտանգության բնագավառում վերահսկողություն իրականացնող և «Սննդամթերքի անվտանգության մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն ծառայություններ մատուցող մարմին է ճանաչվել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին):

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1940-Լ որոշմամբ հաստատված կանոնադրությանը համապատասխան՝ տեսչական մարմինն իրականացնում է մի շարք գործառույթներ, այդ թվում՝ կատարում է սննդի շղթայի բոլոր փուլերում (արտադրության, մշակման, բաշխման, պահման, փոխադրման, ներմուծման, արտահանման և իրացման փուլեր) վերահսկողական գործառույթներ, որոնց շրջանակներում մասնագետները Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 16-ի N 1142-Ն որոշմամբ սահմանված կարգով իրականացնում են սննդամթերքի նմուշառում` լաբորատոր փորձաքննության ներկայացնելու նպատակով:

4. Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության նպատակով իրականացվող փորձաքննությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշմամբ սահմանված կարգով մրցույթի արդյունքում լիազորված փորձարկման լաբորատորիաներում: Լաբորատոր փորձաքննությունները հանդիսանում են վճարովի ծառայություններ, որոնց ֆինանսավորումը նախկինում կատարվել է պետական մարմնի կողմից միջնաժամկետ ծախսային ծրագրերի իրականացման միջոցով:

5. Սննդամթերքի լաբորատոր փորձաքննություններ իրականացնող լաբորատորիաները հավատարմագրվում են ըստ փորձարկման ոլորտների՝ նշանակվում են որպես համապատասխանության գնահատման մարմին և ներառված են Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում:

6. Ծրագիրը համահունչ է «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Առևտրի համաշխարհային կազմակերպության «Սանիտարական և բուսասանիտարական միջոցների կիրառման մասին» համաձայնագրին (Հայաստանի Հանրապետությունը համաձայնագրին անդամակցում է 2003 թվականի փետրվարի 5-ից):

   

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

  

7. Ծրագրի իրականացման նպատակներն են՝

1) սննդամթերքի անվտանգության և որակի ապահովման բնագավառ ներում միջազգային չափորոշիչների պահանջներին համապատասխան ունենալ հնարավորություն իրականացնել լաբորատոր փորձաքննություններ.

2) անասնաբուժասանիտարական, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերով և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված պահանջների տեսակետից բնակչությանն անվտանգ ու բարձրորակ սննդամթերքով և հումքով ապահովում.

3) սննդի շղթայի փուլերում վտանգավոր սննդամթերքի հայտնաբերում, դրա հետագա իրացման կանխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1060-Ն որոշմամբ սահմանված կարգով օգտահանում կամ ոչնչացում:

8. Ելնելով տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումներից, դիտարկումներից, ուսումնասիրություններից, ինչպես նաև հիմնվելով սպառողների դիմում-բողոքների վերլուծության վրա՝ ակնհայտ են Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում մեծ ծավալների անհայտ ծագման, անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերով չուղեկցվող, կասկածելի որակ ունեցող և նույնականացում պահանջող սննդամթերքի առկայության փաստերը: Այս պարագայում անհրաժեշտություն է առաջանում տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության ուժեղացման շրջանակներում նախորդ տարիների հետ համեմատ կատարել շուկայահանված սննդամթերքի ավելի լայն տեսակների լաբորատոր փորձաքննություններ և հաճախակի դարձնել վերջիններիս պարբերականությունը:

9. Տեսչական մարմնին ներկայումս վերապահվել են վերահսկողական դաշտի ավելի լայն շրջանակներ, այդ թվում՝ լաբորատոր փորձաքննություններ իրականացնող հավատարմագրված լաբորատորիաների կողմից գենետիկորեն ձևափոխված սննդամթերքի փորձաքննության, անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային քանակների որոշման վերահսկողություն:

    

III. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ

   

10. Ծրագրի իրականացման հետ կապված ռիսկերը պայմանավորված են հնարավոր սննդային թունավորումների, ինչպես նաև սպառողների կողմից դիմում-բողոքների ավելացմամբ, որի հաղթահարման ուղղությամբ նախատեսվում է իրականացնել հետագծելիության սկզբունքով օջախի հայտնաբերում, վտանգավոր սննդամթերքի հետկանչում, մեկուսացում և ոչնչացում:

    

IV. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

       

11. Սննդամթերքի որակի մեջ կան պիտանելիության բազմաթիվ ցուցանիշներ՝ 600-ից ավելի, այդ թվում՝ մանրէաբանական, սանիտարահիգիենիկ, ֆիզիկաքիմիական, մնացորդային նյութերի քանակների, նաև այնպիսի ցուցանիշներ, որոնք բնորոշ են միայն տվյալ սննդամթերքին:

12. Ծրագիրը կրում է շարունակական բնույթ:

13. Ծրագրով նախատեսվում է յուրաքանչյուր տարի իրականացնել սննդամթերքի լաբորատոր փորձաքննություններ: Նմուշների քանակի որոշման համար հիմք է հանդիսանում նախորդ տարիներին իրականացված լաբորատոր փորձաքննությունների ծավալը:

     

V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

     

14. Ծրագիրն իրականացվում է յուրաքանչյուր տարի «Պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ծրագրի գծով սահմանվող ֆինանսական միջոցների հաշվին:

     

VI. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

          

15. Ծրագրի իրականացումը կնպաստի հանրապետությունում ազգաբնակչության համար անվտանգ և որակյալ սննդամթերքի ապահովմանը, սննդի շղթայում մարդու կյանքի ու առողջության համար ռիսկային գործոնների հայտնաբերմանը, դրանց վտանգավոր ազդեցության նվազեցմանը կամ բացառմանը, ինչը հնարավորություն կընձեռի գործնականում կիրառել «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի սկզբունքները`

1) ապահովել սպառողների առողջությունը.

2) արտադրող կազմակերպություններին ապահովել սննդամթերքի անվտանգության տեսակետից ապահով հումքով.

3) կանխել բնակչության շրջանում կենդանիների և մարդկանց համար ընդհանուր հիվանդությունների առաջացման և տարածման դեպքերը:

16. Ծրագրի միջոցառումների իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները`

1) քանակական` Երևան քաղաքից և մարզերից հավաքագրված սննդամթերքի նմուշների՝ մանրէաբանական, սանիտարահիգիենիկ, ֆիզիկոքիմիական, մնացորդային նյութերի քանակների հայտնաբերմանն ուղղված լաբորատոր փորձաքննությունների իրականացում.

2) որակական՝ Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում անհայտ ծագման, անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերով չուղեկցվող, կասկածելի որակ ունեցող և նույնականացում պահանջող սննդամթերքի առկայության փաստերի բացահայտում:

   

ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

          

Ցուցանիշի անվանումը

Սննդամթերքի լաբորատոր փորձաքննությունների

իրականացում:

Համառոտ նկարագրությունը

Երևան քաղաքից և մարզերից հավաքագրված սննդամթերքի նմուշների՝ մանրէաբանական, սանիտարահիգիենիկ, ֆիզիկաքիմիական, մնացորդային նյութերի քանակների հայտնաբերմանն ուղղված

լաբորատոր փորձաքննությունների իրականացում:

Նպատակը/կարևորությունը

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում անհայտ ծագման, անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերով չուղեկցվող, կասկածելի որակ ունեցող և նույնականացում պահանջող սննդամթերքի առկայության փաստերի բացահայտում:

Ազգաբնակչության համար անվտանգ և որակյալ սննդամթերքի ապահովում, սննդի շղթայում մարդու կյանքի ու առողջության համար ռիսկային գործոնների հայտնաբերում, դրանց վտանգավոր ազդեցության

նվազեցում կամ բացառում:

Տեղեկատվության հավաքագրումը/աղբյուրը

Տեղեկատվությունն ակնկալվում է ստանալ տեսչական մարմնի համապատասխան ստորաբաժանումների մշտադիտարկումների արդյունքում: Տեղեկատվությունը հավաքագրվելու և վերլուծվելու է ծրագրի իրականացման համար պատասխանատու ստորաբաժանումների կողմից:

Հաշվարկման մեթոդը

Ծրագրի շրջանակներում իրականացվող փորձաքննությունների հաշվարկման հիմք են հանդիսանում վերջին երկու տարիներին իրականացված լաբորատոր փորձաքննությունների վիճակագրական տվյալները (փաստացի կատարված լաբորատոր փորձաքննությունների՝ ցուցանիշների քանակ, տեսակարար կշիռ, արժեք):

Տեղեկատվության

սահմանափակումները

Սահմանափակումը գործնականում բացակայում է:

Ցուցանիշի տեսակը

Ցուցանիշը չափում է ծրագրի ուղղակի արդյունքը:

Չափման միավորը

Փորձաքննության քանակը։

Ներկայացման եղանակը

Կատարողականները ներկայացվում են ամսական կտրվածքով թղթային տարբերակով:

Հաշվետվողականության ցիկլը

Տարեկան

Թույլատրելի շեղումը

Փաստացի կատարված լաբորատոր փորձաքննությունների ընդհանուր թիվն արժեքային արտահայտությամբ չի կարող գերազանցել ծրագրի ընդհանուր արժեքը:

Պատասխանատվությունը

Տեղեկատվության ձեռքբերման և հաշվետվողականության համար պատասխանատու է «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը:

      

VII. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

        

17. Ծրագրի արդյունավետ իրականացման համար կարևոր նախապայման է ծրագրի մոնիթորինգը, որը կիրականացվի «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան մասնագետների կողմից: Վերջիններս պարբերաբար կիրականացնեն ծրագրի կատարման ընթացքի ուսումնասիրություն՝ ծրագրի արդյունավետ իրականացմանը խոչընդոտող խնդիրները, հանգամանքները բացահայտելու և դրանց շտկման ուղղությամբ համապատասխան միջոցառումներ իրականացնելու համար:

18. Մոնիթորինգի ժամանակ անհրաժեշտ է հետևյալ փոխկապակցված և փոխհամաձայնեցված միջոցառումների իրականացումը՝

1) գնահատել, թե որքանով են իրականանում ծրագրում նախանշված գործողությունները, բացահայտել դրանց արդյունքը, ինչպես նաև համեմատել ակնկալվող արդյունքի հետ.

2) տալ պարզաբանում չիրականացված գործողությունների համար և որոշել այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն այդ գործողությունների իրականացման համար:

       

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

  

04.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

մարտի 3-ի N 280-Լ որոշման

   

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

  

ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

    

NN

ը/կ

Միջոցառման

անվանումը

Ժամկետը

Պատասխանատու կատարողը

1.

Նմուշի փորձաքննության իրականացում

յուրաքանչյուր տարվա 1-ին կիսամյակընդհանուր թվի 50%, յուրաքանչյուր տարվա 2-րդ կիսամյակընդհանուր թվի 50%

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին,

«Հանրապետական անասնաբուժական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

04.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

      

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 մարտի 2022 թվական: