Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (12.05.2020-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.07.27-2020.08.09 Պաշտոնական հրապարակման օրը 28.07.2020
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
12.05.2020
Подписан
Նախագահող
Дата подписания
12.05.2020
Дата вступления в силу
12.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/3724/02/17

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/3724/02/17
2020 թ.

Նախագահող դատավոր՝ Ս. Թորոսյան  

Դատավորներ՝

Ա. Պետրոսյան

 

Ա. Խառատյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ`Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով,

 

նախագահող

Ռ. հակոբյան

զեկուցող

Ե. Խունդկարյան

   

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

   

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

 

 

Գ. հակոբյան

 

 

Տ. Պետրոսյան

   

Է. Սեդրակյան

   

Ն. Տավարացյան

 

2020 թվականի մայիսի 12-ին

գրավոր ընթացակարգով քննելով Անժելա Գևորգյանի ներկայացուցիչ Դիանա Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.08.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Անժելա Գևորգյանի ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Կազմակերպություն) և «Էյ-Ի-Ջի Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն)՝ վճարված գումարը որպես կանխավճար դիտարկելուն և պարտավորությունների մարմանը փոխանցելուն պարտավորեցնելու, գազամատակարարման դադարեցումը, ինչպես նաև վճարում իրականացնելուց հետո գազամատակարարման չվերականգնման գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու, արձանագրություններն անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Անժելա Գևորգյանը պահանջել է պարտավորեցնել Կազմակերպությանը վճարված 36.140 ՀՀ դրամը դիտարկել որպես կանխավճար՝ փոխանցելով Կազմակերպության նկատմամբ իր կողմից առաջացող պարտավորությունների մարմանը, ոչ իրավաչափ ճանաչել Անժելա Գևորգյանի՝ Արարատի մարզի Այնթապ գյուղի 20-րդ փողոցի 17/1 հասցեի բնակարանի՝ 02.10.2017 թվականի (30.09.2017 թվական) գազամատակարարման դադարեցումը, ինչպես նաև վճարում իրականացնելուց հետո գազամատակարարման չվերականգնման գործողությունը, անվավեր ճանաչել (վերացնել) Ընկերության 08.09.2017 թվականի թիվ 142698 և 142699 արձանագրությունները:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Բունիաթյան) (այսուհետ` Դատարան) 11.03.2019 թվականի վճռով Անժելա Գևորգյանի հայցը բավարարվել է մասնակի: Վճռվել է ոչ իրավաչափ ճանաչել Արարատի մարզի Այնթապ գյուղի 20-րդ փողոցի 17/1 հասցեի անշարժ գույքի գազամատակարարման դադարեցման, ինչպես նաև վճարում իրականացնելուց հետո գազամատակարարման չվերականգնման գործողությունները, անվավեր ճանաչել Ընկերության գազասպառման համակարգում հայտնաբերված խախտումների ու թերությունների, դրանց վերացման կամ գազասարքի (հանգույցի անջատման) 08.09.2017 թվականի թիվ 142698 արձանագրությունը: Հայցը՝ մնացած մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.08.2019 թվականի որոշմամբ Կազմակերպության և Ընկերության վերաքննիչ բողոքները բավարարվել են մասնակի, և Դատարանի 11.03.2019 թվականի վճիռը մասնակի՝ հայցը բավարարելու մասով, բեկանվել և փոփոխվել է, այն է՝ քաղաքացիական գործի վարույթը` ըստ Անժելա Գևորգյանի հայցի ընդդեմ Կազմակերպության և Ընկերության՝ գազամատակարարման դադարեցումը, ինչպես նաև վճարում իրականացնելուց հետո գազամատակարարման չվերականգնման գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու, արձանագրություններն անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջների մասին, կարճվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անժելա Գևորգյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացրել Կազմակերպության և Ընկերության ներկայացուցիչները:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թեԿազմակերպության գործողություններով, թեԸնկերության կողմից 08.09.2017 թվականին կազմված թվով երկու արձանագրություններով խախտվել են հայցվորի իրավունքներն ու օրինական շահերը, նշված արձանագրությունները կիրառվել և հայցվորի համար առաջացրել են բացասական հետևանքներ, ուստի վերջինս իր խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք պետք է ունենա: Մինչդեռ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածին տրվել է այնպիսի նեղ, սահմանափակ մեկնաբանում, որը խախտում է հայցվորի իրավունքներն ու օրինական շահերը, ուղղակիորեն ոտնահարում դատական պաշտպանության իրավունքի բուն էությունը:

 

2. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն իրավասու չէր անդրադառնալ և քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքների այն հիմքերը, որոնք ներկայացված չեն եղել և չեն քննվել ստորադաս դատարանում: Ստորադաս դատարանում գործի քննության ընթացքում հայցվորի ներկայացրած պահանջները դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով պատասխանողների կողմից չեն վիճարկվել, ուստի Վերաքննիչ դատարանի կողմից գործի վարույթը կարճելու հետևանքով խախտվել է Անժելա Գևորգյանի լսված լինելու իրավունքը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.08.2019 թվականի որոշումը և ուժ տալ Դատարանի 11.03.2019 թվականի վճռին։

 

2.1 Կազմակերպության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Հայցվորն ինքը պետք է ընտրեր պաշտպանության ճիշտ եղանակ, որը, սակայն, չի կատարել՝ ներկայացնելով անհիմն հայց: Ինչ վերաբերում է Հայցվորի այն պնդմանը, թե Դատարանում չի բարձրացվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի կիրառելիության հարցը, ապա պատասխանող կողմը դատաքննության ընթացքում ներկայացրել է բավարար ապացույցներ և հիմնավորումներ, որ Ընկերության կողմից 08.09.2017 թվականին կազմված թիվ 142699 արձանագրությունը չի կարող առաջացնել իրավական հետևանք և կրում է զուտ տեղեկատվական բնույթ:

 

2.2 Ընկերության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Հայցվորն ինքը պետք է նշեր այն օրենքը կամ իրավական ակտը, որն իր քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացնելու նման եղանակ է սահմանում կամ սահմանում է Դատարանի այնպիսի պարտականություն, ըստ որի՝ վերջինս իր որոշմամբ պետք է մատնանշի իրավունքի պաշտպանության ճիշտ եղանակը կամ հնարավորությունը: Բացի այդ, պատասխանողները Դատարանում առարկել են հայցադիմումի դեմ՝ այն անհիմն լինելու պատճառաբանությամբ՝ նշելով, որ գոյություն չունեցող և խոտանված թիվ 142698 արձանագրությունը որևէ իրավական հետևանքներ չի կարող առաջացնել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Կազմակերպության (Մատակարար) և Անժելա Գևորգյանի (Բաժանորդ) միջև 24.06.2016 թվականին կնքվել է բնական գազի մատակարարման թիվ 4397 պայմանագիրը: Պայմանագրի համաձայն՝ այն գործում է անորոշ ժամկետով (հատոր 1-ին, գ.թ. 42-45):

2) Գազասպառման համակարգում հայտնաբերված խախտումների ու թերությունների, դրանց վերացման կամ գազասարքի (հանգույցի) անջատման 08.09.2017 թվականի թիվ 142699 արձանագրության համաձայն` աշխատանքների կատարման ընթացքում հայտնաբերվել են խախտումներ: Նշված արձանագրությունը ստորագրվել է Ընկերության ներկայացուցչի և բաժանորդ Անժելա Գևորգյանի կողմից (հատոր 1-ին, գ.թ. 47):

3) Կազմակերպության աշխատակցի կողմից 30.09.2017 թվականին կազմված գազամատակարարման դադարեցման թիվ 6956 ակտի համաձայն՝ բաժանորդ Անժելա Գևորգյանի ունեցած դեբիտորական պարտքի պատճառով գազամատակարարումը դադարեցվել է (հատոր 1-ին, գ.թ. 48):

4) Անժելա Գևորգյանը, որպես հայցի իրավական հիմք, վկայակոչել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 553-րդ, 558-րդ, 560-րդ հոդվածները (հատոր 1-ին, գ.թ. 3-6, 105-107, 114):

5) Կազմակերպության կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանը փաստարկ չի պարունակում գործի վարույթը կարճելու հիմքի առկայության մասին (հատոր 1-ին, գ.թ. 35-39): Նման փաստարկ չի ներկայացվել նաև դատական նիստերի ընթացքում:

6) Ընկերության կողմից ներկայացված հայցադիմումի պատասխանը փաստարկ չի պարունակում գործի վարույթը կարճելու հիմքի առկայության մասին (հատոր 1-ին, գ.թ. 74-76): Նման փաստարկ չի ներկայացվել նաև դատական նիստերի ընթացքում:

7) Դատարանի 11.03.2019 թվականի վճռի դեմ Կազմակերպության կողմից վերաքննիչ բողոքը, ի թիվս այլնի, բերվել է նաև այն հիմնավորմամբ, որ Դատարանի վճիռն օրինական և հիմնավորված չէ, քանի որ Դատարանը չի նշել, թե որ իրավական ակտով է սահմանված իրավունքի պաշտպանության հայցվող եղանակը: Վերաքննիչ բողոքը չի պարունակում գործի վարույթը կարճելու հիմքի առկայության վերաբերյալ հիմք և հիմնավորում (հատոր 3-րդ, գ.թ. 4-8):

8) Դատարանի 11.03.2019 թվականի վճռի դեմ Ընկերության կողմից վերաքննիչ բողոքը, ի թիվս այլնի, բերվել է այն հիմնավորմամբ, որ Դատարանն անվավեր է ճանաչել թիվ 142698 արձանագրությունը, որը ոչ թե գործարք է, այլ խախտումների և թերությունների մասին տեղեկություն պարունակող փաստաթուղթ: Ընդ որում, այն չի կարող համարվել նաև վարչական ակտ: Բացի այդ, հայցվորը չի նշել այն իրավական ակտը, որն իր քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացնելու նման եղանակ է սահմանում: Վերաքննիչ բողոքը չի պարունակում գործի վարույթը կարճելու հիմքի առկայության վերաբերյալ հիմք և հիմնավորում (հատոր 3-րդ, գ.թ. 20-25):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, ու գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածով սահմանված իրավունքի պաշտպանության իրականացման եղանակների կիրառման, ինչպես նաև անվերապահ բեկանման հիմքերով դատական ակտը բեկանելու առանձնահատկությունների վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միաժամանակ սույն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է`ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածը և վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետը սխալ մեկնաբանելու և կիրառելու հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

1) արդյո՞ք գործի վարույթը ենթակա է կարճման՝ վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով, եթե ներկայացված պահանջի ձևակերպումն առերևույթ չի համընկնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածում ներառված իրավունքի պաշտպանության եղանակներից որևէ մեկին.

2) արդյո՞ք վերաքննիչ դատարանն իրավասու է բեկանել դատական ակտը՝ վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով, եթե այդ հիմքը ոչ միայն ուղղակիորեն նշված չէ վերաքննիչ բողոքում, այլ նաև դրա վերաբերյալ ստորադաս դատարանում կողմերը դիրքորոշում չեն հայտնել:

 

1. Բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակի՝ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) որոշումներում:

Այսպես՝ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է՝ քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորվում է յուրաքանչյուրի դատական պաշտպանության իրավունքը, երբ որոշվում են նրա «քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները»։ Այս կապակցությամբ Եվրոպական դատարանը դեռևս 1971 թվականին նշել է, որ խնդրո առարկա հասկացությունը ներառում է բոլոր ընթացակարգերը, որոնց արդյունքը վճռորոշ է մասնավոր իրավունքների և պարտականությունների համար (տե՛ս, Ringeisen v. Austria գործով Եվրոպական դատարանի 16.07.1971 թվականի վճիռը, 94-րդ կետ):

Անդրադառնալով անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին` ՀՀ սահմանադրական դատարանը 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը.

Հայցը կամ դիմումը դատարան ներկայացնելն իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում` դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և բոլոր այլ իրավական պետություններում ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ:

Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը և պայմանները սահմանում է օրենսդիրը: Օրենսդիրն այս գործընթացում օժտված է գնահատման որոշակի ազատությամբ, սակայն սա չի նշանակում, որ օրենսդիրն իրավասու է սահմանել դատարան դիմելու իրավունքի իրացմանը վերաբերող ցանկացած իրավակարգավորում: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված այս հիմնարար իրավունքի իրացման կարգը և պայմանները նախատեսող իրավակարգավորումները պետք է նպատակ հետապնդեն ապահովելու դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, այլ խոսքով` արդարադատության պատշաճ իրականացումը և անձանց իրավունքների ու ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը:

Եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի վերոգրյալ որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների համադրված վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, ու ՀՀ Սահմանադրությամբ դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը սահմանում է օրենսդիրը (տե՛ս, Գեղանուշ Հարությունյանի ընդդեմ Մարտին Մկրտչյանի թիվ ԱՐԴ/4024/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2018 թվականի որոշումը):

Վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:

Նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա:

Գործող՝ 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցադիմումի կամ դիմումի հիման վրա: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրականացնում է իր դատավարական իրավունքները, տնօրինում է դատական պաշտպանության միջոցները և եղանակները սեփական հայեցողությամբ՝ օրենքով սահմանված կարգով:

Վերոնշյալ սահմանադրական, օրենսդրական և կոնվենցիոն դրույթների, ինչպես նաև Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների վերլուծությունից հետևում է, որ դատարանի մատչելիության իրավունքը (որի բաղկացուցիչ մասն է դատարան դիմելու իրավունքը) ուղղակիորեն հարաբերակցվում է հայց հարուցելու իրավունքի նախադրյալների հետ: Դրանք այն հանգամանքներն են, որոնց առկայության կամ բացակայության հետ օրենսդիրը կապում է կոնկրետ գործով դատարան հայց ներկայացնելու սուբյեկտիվ իրավունքի ծագումը:

Հայց հարուցելու իրավունքի բացասական նախադրյալ է վեճը դատարանում քննության ենթակա չլինելը, որը ինչպես հայցադիմումի ընդունումը մերժելու, այնպես էլ գործի վարույթը կարճելու հիմքերից է: Այսպես.

Վիճելի իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:

Համանման կարգավորում է բովանդակում նաև գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, համաձայն որի՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ օրենսդրի կողմից վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով դատարան դիմելու իրավունքի սահմանափակումն ինքնանպատակ չէ, այլ նպատակաուղղված է ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի և դատական խնայողության սկզբունքների ապահովմանը: Օրենսդիրը երաշխավորել է անձանց դատական պաշտպանության իրավունքը՝ նրանց իրավունք վերապահելով իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար հայց հարուցել դատարան, իսկ դատարանի համար սահմանելով պարտականություն՝ քննելու գործը և գործով կայացնելու օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ: Միևնույն ժամանակ օրենսդիրն ամրագրել է դատարանի լիազորությունը՝ կարճել գործի վարույթը բոլոր այն դեպքերում, երբ վեճն իր բնույթով ենթակա չէ դատարանում քննության: Հետևաբար, յուրաքանչյուր դեպքում դատարանի կողմից նշված հիմքով գործի վարույթը կարճելու լիազորության կիրառումը և ըստ այդմ՝ անձի դատական պաշտպանության իրավունքի մերժումը պետք է պայմանավորված լինեն ներկայացված հայցի շրջանակում անձի՝ իր սուբյեկտիվ իրավունքների դատական կարգով վերականգնման, դրանց ենթադրյալ խախտումների վերացման հնարավորության իսպառ բացակայությամբ, որն անհնարին է դարձնում տվյալ վեճի քննումը դատարանի կողմից: Ընդ որում, նշված կանոնը գործում է վերադաս ատյաններում այնպես, ինչպես առաջին ատյանի դատարանում:

Վերոգրյալ վերլուծությունների հիման վրա անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակների (միջոցների) բովանդակությանը և դրանց իրացման առանձնահատկություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը կամ արբիտրաժային տրիբունալը (այսուհետ` դատարան):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է`

1) իրավունքը ճանաչելով.

2) մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելով.

3) իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կանխելով.

4) առոչինչ գործարքի անվավերության հետևանքները կիրառելով.

5) վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելով և դրա անվավերության հետևանքները կիրառելով.

6) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտն անվավեր ճանաչելով.

7) դատարանի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին հակասող ակտը չկիրառելով.

8) իրավունքի ինքնապաշտպանությամբ.

9) պարտականությունը բնեղենով կատարելուն հարկադրելով.

10) վնասներ հատուցելով.

11) տուժանք բռնագանձելով.

12) իրավահարաբերությունը դադարեցնելով կամ փոփոխելով.

13) օրենքով նախատեսված այլ եղանակներով:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վկայակոչված իրավադրույթների համակարգային վերլուծությունից հետևում է, որ քաղաքացիական օրենսդրության հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ քաղաքացիական հարաբերությունների մասնակիցների իրավունքների անարգել իրականացման, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների ապահովման նպատակով օրենսդիրը քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ կրող սուբյեկտներին օժտել է իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրենց հայեցողությամբ իրականացնելու իրավազորությամբ:

Ընդ որում, օրենսդիրը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի կարգավորմամբ սահմանելով քաղաքացիական իրավունքների պաշտպանության իրականացման հիմնական եղանակները, որոնց օգնությամբ շահագրգիռ անձը կարող է խափանել, կանխել իր իրավունքի խախտումը, վերականգնել (ճանաչել) իր իրավունքները և (կամ) փոխհատուցում ստանալ իրավունքի խախտմամբ պատճառված վնասների դիմաց, միաժամանակ հնարավորություն է վերապահել անձանց՝ իրենց իրավունքների պաշտպանությունն իրականացնել նաև օրենքով նախատեսված այլ եղանակներով:

Վերոգրյալը հաշվի առնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածում քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակների թվարկումը նպատակ ունի ոչ թե սպառիչ կերպով ձևակերպել քաղաքացիական իրավունքների պաշտպանության բոլոր եղանակները, այլ դրանցից առավել տարածված եղանակների մատնանշմամբ կողմնորոշել շահագրգիռ անձանց՝ իրենց խախտված իրավունքների դատական պաշտպանության միջոցների ընտրության հարցում: Այլ կերպ ասած՝ անկախ նրանից, թե անձն ինչպես է ձևակերպում իրավունքի պաշտպանության եղանակն իր պահանջում, դատարանը նախ պետք է պարզի ներկայացված նյութաիրավական պահանջի բովանդակային, այլ ոչ թե ձևական համապատասխանությունն օրենքով նախատեսված պաշտպանության եղանակներից որևէ մեկին, որից հետո պարզի ներկայացված պահանջի շրջանակում հայցվորի խախտված կամ վիճարկվող իրավունքների պաշտպանության և վերականգնման հնարավորությունը:

Նշվածն ինքնին բացառում է դատարանի կողմից ներկայացված նյութաիրավական պահանջի քննության մեխանիկորեն մերժումը՝ այն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածով կամ այլ օրենքով սահմանված քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակների մեջ ներառված չլինելու (այդ թվում՝ ներկայացված պահանջն իրավունքի պաշտպանություն եղանակներին համահունչ ձևակերպված չլինելու) հիմքով, քանի դեռ դատարանի կողմից չի պարզվել իրավունքի պաշտպանության նպատակով հարուցված հայցի էությունը և ներկայացված հայցապահանջների շրջանակում հայցվորի խախտված կամ վիճարկվող իրավունքների պաշտպանության և վերականգման հնարավորությունը:

Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ եթե անգամ հայցվորի ձևակերպած պահանջն առերևույթ չի համընկնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածում ներառված իրավունքի պաշտպանության եղանակներից որևէ մեկին, սակայն բովանդակային առումով համապատասխանում է դրանց, ապա դատարանը չի կարող մերժել իրավունքի պաշտպանությունը՝ վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով:

 

Սույն գործի փաստերի համաձայն՝ Կազմակերպության և Անժելա Գևորգյանի միջև կնքվել է բնական գազի մատակարարման պայմանագիր: Ընկերության ներկայացուցչի և Անժելա Գևորգյանի միջև 08.09.2017 թվականին ստորագրվել է գազասպառման համակարգում հայտնաբերված խախտումների ու թերությունների, դրանց վերացման կամ գազասարքի (հանգույցի) անջատման արձանագրություն, որի համաձայն` աշխատանքների կատարման ընթացքում հայտնաբերվել են խախտումներ: 30.09.2017 թվականին կազմված գազամատակարարման դադարեցման թիվ 6956 ակտի համաձայն՝ Կազմակերպության կողմից Անժելա Գևորգյանի ունեցած դեբիտորական պարտքի պատճառով գազամատակարարումը դադարեցվել է:

Անժելա Գևորգյանը Դատարան ներկայացրած հայցադիմումով պահանջել է պարտավորեցնել Կազմակերպությանը վճարված 36.140 ՀՀ դրամը դիտարկել որպես կանխավճար՝ փոխանցելով Կազմակերպության նկատմամբ իր կողմից առաջացող պարտավորությունների մարմանը, ոչ իրավաչափ ճանաչել Անժելա Գևորգյանի՝ Արարատի մարզի Այնթապ գյուղի 20-րդ փողոցի 17/1 հասցեի բնակարանի՝ 02.10.2017 թվականի (30.09.2017 թվական) գազամատակարարման դադարեցումը, ինչպես նաև վճարում իրականացնելուց հետո գազամատակարարման չվերականգնման գործողությունը, անվավեր ճանաչել (վերացնել) Ընկերության 08.09.2017 թվականի թիվ 142698 և 142699 արձանագրությունները:

Դատարանը հայցը մասնակի՝ Արարատի մարզի Այնթապ գյուղի 20-րդ փողոցի 17/1 հասցեի բնակարանի գազամատակարարման դադարեցման, ինչպես նաև վճարում իրականացնելուց հետո գազամատակարարման չվերականգնման գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասով, բավարարել է այն հիմնավորմամբ, որ գործում առկա ապացույցներից պարզ է դառնում, որ գազամատակարարումը դադարեցվել է դեբիտորական պարտքերի պատճառով, մինչդեռ կողմերի միջև կնքված պայմանագրից հետևում է, որ մատակարարը չպետք է դադարեցներ բաժանորդի գազամատակարարումը, եթե վերջինս վճարել է գազի՝ իր կողմից չվիճարկվող մասի արժեքը: Հայցը՝ 08.09.2017 թվականի թիվ 142698 արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասով բավարարելիս, իսկ թիվ 142699 արձանագրությունն անվավեր ճանաչելու պահանջը մերժելիս Դատարանը նշել է, որ արձանագրությունների կազմման պահին ներկա է եղել նաև հայցվորը և առկա խախտումների մասին տեղեկացված լինելով՝ ստորագրել է արձանագրությունների տակ, իսկ 08.09.2017 թվականի թիվ 142698 արձանագրությունը որևէ հետևանք չի առաջացրել՝ ի տարբերություն նույն օրվա թիվ 142699 արձանագրության:

Վերաքննիչ դատարանը մասնակի բեկանել է Դատարանի վճիռը և կարճել քաղաքացիական գործի վարույթը՝ գազամատակարարման դադարեցումը, ինչպես նաև վճարում իրականացնելուց հետո գազամատակարարման չվերականգնման գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու, արձանագրություններն անվավեր ճանաչելու (վերացնելու) պահանջների մասով՝ վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով: Վերաքննիչ դատարանը նախ արձանագրել է, որ արձանագրությունները հաշվառքի սարքի զննման մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթեր են, ոչ թե գործարք կամ վարչական ակտ, ուստի՝ դրանք անվավեր ճանաչելու պահանջը չի կարող քննվել դատարանում: Վերաքննիչ դատարանը նաև նշել է, որ արձանագրություններն անվավեր ճանաչելու, ինչպես նաև Կազմակերպության կողմից իրականացված գործողությունը, այնուհետև նաև անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջների մասով Դատարանի եզրահանգումներն անհիմն են, քանի որ նշված պահանջները՝ որպես իրավունքի պաշտպանության միջոց, օրենքով նախատեսված չեն, ուստիև՝ ենթակա չեն դատարանում քննության:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

1) Վերաքննիչ դատարանի եզրահանգումը՝ արձանագրություններն անվավեր ճանաչելու պահանջը դատարանում քննության ենթակա չլինելու մասով, հիմնավոր է: Նման եզրահանգման համար ՀՀ վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում ինչպես նախկին, այնպես էլ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերով գրավոր ապացույցին տրված հասկացությունը: Մասնավորապես, նախկին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավոր ապացույցներ են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին տեղեկություններ պարունակող ակտերը, պայմանագրերը, տեղեկանքները, գործարար թղթակցությունը, այլ փաստաթղթերը և նյութերը, այդ թվում` էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով կամ փաստաթղթերի իսկությունը հաստատելու հնարավորություն ընձեռող այլ եղանակով ստացված ապացույցները: Գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր ապացույցներ են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին տեղեկություններ պարունակող անհատական կամ ներքին իրավական ակտերը, գործարքները, տեղեկանքները, գործարար և մասնավոր թղթակցությունը և այլ գրավոր նյութերը (փաստաթղթերը)։

Սույն գործով հայցվորը պահանջել է անվավեր ճանաչել իր հայցի հիմքում ընկած գրավոր ապացույցը: Մինչդեռ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին տեղեկություններ պարունակող ապացույցները՝ տվյալ դեպքում արձանագրությունը, կարող են վիճարկվել դատավարական գործընթացում դրանց թույլատրելիության, վերաբերելիության կամ արժանահավատության տեսանկյունից, այլ ոչ թե կարող են վիճարկվել նույն գործով՝ որպես ինքնուրույն հայցի առարկա: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումը՝ արձանագրությունների անվավեր ճանաչելու պահանջը դատարանում քննության ենթակա չլինելու մասով, հիմնավոր է:

2) Ինչ վերաբերում է Կազմակերպության կողմից գազամատակարարման դադարեցումը, ինչպես նաև վճարում իրականացնելուց հետո գազամատակարարման չվերականգնման գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջների մասով գործի վարույթը կարճելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգմանը, ապա Վճռաբեկ դատարանն այն համարում է անհիմն՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցվոր Անժելա Գևորգյանը ներկայացված հայցադիմումով պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Կազմակերպության կողմից իր բնակարանի գազամատակարարման դադարեցումը, ինչպես նաև վճարում իրականացնելուց հետո գազամատակարարման չվերականգնման գործողությունը՝ հիմքում դնելով Կազմակերպության կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 553-րդ (էներգիայի քանակը), 558-րդ (էներգամատակարարման պայմանագիրը փոփոխելը և լուծելը), 560-րդ (էներգամատակարարման պայմանագրի կանոնների կիրառումը այլ պայմանագրերի նկատմամբ) հոդվածների պահանջների խախտմամբ, այն է՝ առանց օրինական հիմքի և նախապես ծանուցելու բնակարանի գազամատակարարումը դադարեցնելը և այն չվերականգնելը:

Նշված պահանջի և դրա հիմքերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ներկայացված պահանջով հայցվոր Անժելա Գևորգյանը հետամուտ է եղել կողմերի միջև կնքված բնական գազի մատակարարման պայմանագրից բխող և իր պնդմամբ՝ Կազմակերպության ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով խախտված իրավունքի, այն է՝ կենցաղային սպառման համար անհրաժեշտ քանակի բնական գազ ստանալու իրավունքի վերականգնմանը: Ընդ որում, հայցվորի՝ պաշտպանության ենթակա սուբյեկտիվ իրավունքը պահանջի ներկայացման պահի դրությամբ չի դադարել գոյություն ունենալուց և այն իրապես հնարավոր է եղել վերականգնել՝ նկատի ունենալով, որ կողմերի միջև կնքված գազամատակարարման պայմանագիրը շարունակել է գործել, ուստիև չի դադարել նաև Կազմակերպության պարտականությունը՝ մատակարարել հայցվորին կենցաղային սպառման համար անհրաժեշտ քանակի բնական գազ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Անժելա Գևորգյանի կողմից ներկայացված պահանջը, անկախ դրա ձևակերպումից, բովանդակային առումով ուղղված է եղել մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու միջոցով իր քաղաքացիական իրավունքների պաշտպանությանը, և վեճի քննության պահի դրությամբ ներկայացված հայցի շրջանակում հայցվորի սուբյեկտիվ իրավունքների վերականգնման, դրանց ենթադրյալ խախտումների վերացման հնարավորությունը վերացած չի եղել, ինչը պաշտպանության տվյալ եղանակի կիրառման համար անհրաժեշտ պայման է:

Ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ փաստերի առկայությունը բավարար է Կազմակերպության կողմից գազամատակարարման դադարեցումը, ինչպես նաև վճարում իրականացնելուց հետո գազամատակարարման չվերականգնման գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասով վեճը դատարանում քննության ենթակա լինելը փաստելու համար։

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված՝ գազամատակարարման դադարեցումը, ինչպես նաև վճարում իրականացնելուց հետո գազամատակարարման չվերականգնման գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջն օրենքով նախատեսված իրավունքի պաշտպանության միջոց չհանդիսանալու ու այդ հիմքով այն դատարանում քննության ենթակա չլինելու և նշված պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումները հիմնավոր չեն: Ուստի, նկատի ունենալով, որ նշված պահանջի մասով Վերաքննիչ դատարանը բողոքի ըստ էության քննություն չի իրականացրել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է նշված պահանջների մասով գործը նույն դատարան՝ նոր քննության ուղարկելու անհրաժեշտություն:

 

Վճռաբեկ բողոքի առաջին հիմքի վերաբերյալ վճռաբեկ բողոքի պատասխաններում բերված փաստարկները հերքվում են վերոհիշյալ պատճառաբանություններով:

 

2. Բողոքը երկրորդ հիմքով անհիմն է՝ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների և նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքում նշվում են վերաքննիչ բողոքի հիմքերը՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այն խախտումները, որոնք կարող են ազդել գործի ելքի վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանն անդրադառնում է վերաքննիչ բողոքի հիմքին և դրա հիմնավորումներին, եթե բողոք բերած անձը տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե`(...)

11) ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք. (...):

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն`անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով անդրադարձել է վերաքննության սահմաններին և վերաքննիչ դատարանի՝ առաջին ատյանի դատարանում քննության առարկա չդարձված վերաքննիչ բողոքի փաստարկին անդրադառնալու իրավասությանը: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը, գործին մասնակցող անձանց վերապահելով առաջին ատյանի դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունք, միաժամանակ սահմանել է, որ վերաքննիչ բողոքը ենթակա չէ քննության, եթե բողոք բերած անձը բողոքում արտահայտած իր դիրքորոշման մասին չի հայտնել առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ: Ընդ որում, բացառություն է դիտել այն դեպքը, երբ բողոք բերած անձի համար անհնարին է եղել հայտնել վերաքննիչ բողոքում բերած դիրքորոշումը (տե՛ս, Նիկոլա Աբրահամյանն ընդդեմ Վարդուհի Մինասյանի թիվ ԱՐԱԴ/0313/02/09 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, մեկ այլ որոշմամբ զարգացնելով վերը նշված իրավական դիրքորոշումը, հավելել է, որ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում առաջին ատյանի դատական ակտը վերանայելիս հայտնաբերվում է, որ կողմը վերաքննիչ բողոքում նշված փաստարկի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում որևէ դիրքորոշում չի հայտնել և չի փաստարկել դրա չհայտնելու անհնարինությունը, ապա վերաքննիչ դատարանն իրավասու չէ քննության առնելու նշված փաստարկի վերաբերյալ վերաքննիչ բողոքի հիմքը և հիմնավորումը:

Նման սահմանափակումը պայմանավորված է ոչ լրիվ վերաքննության ինստիտուտի առանձնահատկություններով: Մասնավորապես` ոչ լրիվ վերաքննության պարագայում վերաքննիչ դատարանը վերանայում է առաջին ատյանի դատական ակտը, այլ ոչ թե` գործն ընդհանրապես: Ըստ այդմ էլ, եթե ստորադաս դատարանը որևէ պահանջով վերջնական եզրահանգում չի կատարել, կամ կողմը վերաքննիչ բողոքում նշված փաստարկի վերաբերյալ որևէ դիրքորոշում չի հայտնել առաջին ատյանի դատարանում, ապա վերաքննության օբյեկտը բացակայում է (տե՛ս, «Էքսպրես Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ն ընդդեմ Արայիկ, Արմեն և Սուրեն Մելքումյանների թիվ ԵԿԴ/2680/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Արձանագրելով, որ վերոգրյալ կարգավորումը գործում էր նախորդ քաղաքացիական դատավարության օրենսգրքի գործողության ընթացքում՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթներին՝ նկատի ունենալով, որ բացի վերոգրյալ կարգավորումներից, գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսել է նաև այլ բացառություններ վերաքննության սահմաններից:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի: Վերոնշյալ 365-րդ հոդվածի 3-րդ մասով թվարկվում են դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը, որոնց դեպքում դատական ակտը ենթակա է բեկանման՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից (տե՛ս նաև, «Հ.Վ.Մ. Միլի Ֆուդ» ՍՊԸ-ն ընդդեմ «Երևան Ջուր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0219/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2018 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ թեև վերաքննիչ դատարանն իրավասու չէ քննության առնելու այն փաստարկի վերաբերյալ վերաքննիչ բողոքի հիմքը և հիմնավորումը, որի առնչությամբ բողոք բերած անձը բողոքում արտահայտած իր դիրքորոշման մասին չի հայտնել առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ, այդուհանդերձ օրենսդիրն իմպերատիվ կերպով ամրագրել է վերաքննիչ դատարանի պարտականությունը՝ դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերի առկայության դեպքում, անկախ վերաքննիչ բողոքի հիմքերից և հիմնավորումներից, հետևաբար նաև՝ դրանց շրջանակում գործին մասնակցող անձանց դիրքորոշումներն առաջին ատյանում ներկայացված լինելուց կամ չլինելուց, բեկանել վիճարկվող դատական ակտը: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանափակումը չի վերաբերում այն դեպքերին, երբ առկա է դատական ակտի անվերապահ բեկանման հիմք:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ վերաքննիչ դատարանն իրավասու է բեկանել դատական ակտը՝ վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով, անգամ եթե այդ հիմքի առկայության վերաբերյալ ստորադաս դատարանում կողմերը դիրքորոշում չեն հայտնել:

 

Սույն գործով հայցվորի ներկայացրած հայցադիմումի դեմ ներկայացված պատասխաններում, ինչպես նաև դատական նիստերի ընթացքում պատասխանողների ներկայացուցիչները չեն հայտնել վեճը դատարանում քննության ենթակա չլինելու մասին դիրքորոշում: Բացի այդ, այդ հիմքով վերաքննիչ բողոքներ չեն ներկայացրել:

Վերաքննիչ դատարանը քաղաքացիական գործի վարույթը մասնակի կարճել է՝ այդ մասին վերաքննիչ բողոքներում ուղղակիորեն հիմք նշված չլինելու պայմաններում՝ վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետը:

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում պահանջի մի մասով առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք, որը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համաձայն՝ անվերապահ բեկանման հիմք է (անկախ բողոքում նման հիմքի առկայությունից): Հետևաբար, անգամ եթե վերաքննիչ բողոքներում գործի վարույթը կարճելու հիմք առկա չէր կամ բողոքաբերներն այդ մասին առաջին ատյանի դատարանում դիրքորոշում չէին հայտնել, Վերաքննիչ դատարանն իրավասու էր կարճել գործի վարույթը՝ չխախտելով վերաքննության սահմանների վերաբերյալ օրենսդրական կարգավորումները: Ուստի այս հիմքով վճռաբեկ բողոքն անհիմն է:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար` նկատի ունենալով, որ ստորադաս դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքների նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածով սահմանված քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակները նեղ մեկնաբանելու և քաղաքացիական գործի վարույթը՝ գազամատակարարման դադարեցումը, ինչպես նաև վճարում իրականացնելուց հետո գազամատակարարման չվերականգնման գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջների մասով, կարճելու արդյունքում Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Անժելա Գևորգյանի դատական պաշտպանության իրավունքը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պետք է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված՝ դատական ակտը մասնակիորեն բեկանելու և գործը՝ բեկանված մասով, նոր քննության ուղարկելու լիազորությունը, քանի որ Վերաքննիչ դատարանը գազամատակարարման դադարեցումը, ինչպես նաև վճարում իրականացնելուց հետո գազամատակարարման չվերականգնման գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջների մասով վերաքննիչ բողոքների ըստ էության քննություն չի իրականացրել:

 

Ընդ որում, Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի որոշումը վերանայում է միայն քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասով, քանի որ Դատարանի վճիռը՝ հայցադիմումը մասնակի մերժելու մասով, Անժելա Գևորգյանը վերաքննության կարգով չի բողոքարկել:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [«Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի 1-ին պարբերության համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպություններ և ֆիզիկական անձինք գործը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումը բեկանելու, (…) վերաբերյալ հայցերով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն՝ պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ տվյալ գործով վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու դեպքում, եթե գործը ենթակա չէ դատարանում քննության, (…):

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոք բերած անձը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի 1-ին պարբերության և 38-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի ուժով ազատված է պետական տուրքի վճարումից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վճռաբեկ դատարանում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

Միաժամանակ նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի մասնակի բավարարման արդյունքում Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանվում է մասնակի, իսկ գործն ուղարկվում է նույն դատարան՝ նոր քննության, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բեկանված մասով դատական ծախսերի բաշխման հարցին անհրաժեշտ է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.08.2019 թվականի որոշման՝ քաղաքացիական գործի վարույթը` ըստ Անժելա Գևորգյանի հայցի ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության և «Էյ-Ի-Ջի Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` գազամատակարարման դադարեցումը, ինչպես նաև վճարում իրականացնելուց հետո գազամատակարարման չվերականգնման գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջների մասին, կարճելու և նշված պահանջների մասով դատական ծախսերի բաշխման մասը, և գործն այդ մասով ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության։

Մնացած մասով որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Վճռաբեկ դատարանում պետական տուրքի հարցը համարել լուծված:

Բեկանված մասով դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Ե. Խունդկարյան

  Ս. Անտոնյան
 

Վ. Ավանեսյան

 

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

 

Գ. Հակոբյան

 

Տ. Պետրոսյան

 

Է. Սեդրակյան

 

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հուլիսի 2020 թվական

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան