ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
9 ապրիլի 2020 թվականի N 508-Լ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-482-20.02.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. ապրիլի 10 Երևան |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-482-20.02.2020-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1292-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն որի՝ ժառանգության նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որի քաղաքացին է ժառանգատուն, եթե կտակարարը կտակում չի ընտրել այն պետության իրավունքը, որտեղ ժառանգատուն ունեցել է վերջին բնակության վայր։
Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող օրենսգրքի գործող հոդվածը թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով ստորև բերված հիմնավորումները:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1292-րդ հոդվածի 1-ին մասի գործող կարգավորման համաձայն՝ ժառանգության նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որտեղ ժառանգատուն ունեցել է վերջին բնակության վայր, եթե կտակարարը կտակում չի ընտրել այն պետության իրավունքը, որի քաղաքացին է ինքը:
Ըստ էության նախագծով նախապատվությունը տրվում է այն պետության իրավունքին, որի քաղաքացիությունն ունի ժառանգատուն։
Անհրաժեշտ է նշել, որ նախագծով ներկայացված հիմնավորումը թերի է, մասնավորապես, այն հանգում է միայն Հայաստանի Հանրապետության բնակչության հոսունությունը վկայակոչելուն։ Նշված հիմքով նախագծի հիմնավորումները հնարավորություն չեն տալիս առաջարկվող կարգավորումների մասով պատկերացնել առկա իրավիճակը և առաջարկվող փոփոխությունների նպատակը: Մինչդեռ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, 2014 թվականի դեկտեմբերի 2-ի ՍԴՈ–1176 որոշմամբ անդրադառնալով օրենքների հիմնավորվածությանը, արձանագրել է. «(…) օրենսդրությունն ստատիկ երևույթ չէ, այն կարող է և պետք է ենթարկվի դինամիկ փոփոխության՝ մշտապես կատարելագործվելով տնտեսական զարգացմանը, տեղի ունեցող միջազգային ինտեգրման գործընթացներին, հասարակական հարաբերությունների վերափոխմանն ու մի շարք այլ գործոններին համահունչ։ (…) Միևնույն ժամանակ, սահմանադրական դատարանը կարևորում է օրենսդրական փոփոխությունների գործընթացի կայունությունն ու ներդաշնակությունը, օրենքների փոփոխման հիմնավորվածությունն ու օբյեկտիվ անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն է ընձեռում իրավունքի սուբյեկտին իր վարքագիծը համապատասխանեցնել փոփոխվող օրենսդրական նորմերին` թույլ չտալով իրավակիրառ մարմինների կողմից ցուցաբերված սուբյեկտիվիզմի դրսևորում և հայեցողության ընդլայնում։»:
Ըստ էության նախագծի ընդունման պարագայում կստացվի, որ կկարգավորվեն օտարերկրյա քաղաքացիների ժառանգության հետ կապված հարաբերությունները, սակայն արտասահմանում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ժառանգության հետ կապված հարաբերությունները նախագծով չեն կարգավորվի, քանի որ օտարերկրյա պետություններում հնարավոր են օրենսդրական այլ կարգավորումներ։
Հետևաբար, հիմնավորմամբ նշված նպատակը նախագծի ընդունմամբ չի իրականացվի:
Հարկ է նշել նաև, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1293-րդ հոդվածի համաձայն՝ անշարժ գույքի ժառանգությունը որոշվում է այն պետության իրավունքով, որտեղ գտնվում է այդ գույքը: Ուստի, անշարժ գույքի մասով միջազգային մասնավոր հարաբերություններն արդեն իսկ ունեն պատշաճ կարգավորում։
Բացի դրանից, նախագծով նախատեսված փոփոխությունը հակասում է Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված միջազգային պայմանագրերին: «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» ԱՊՀ անդամ պետությունների միջև կնքված 1993 թվականի հունվարի 22-ի կոնվենցիայի 45-րդ հոդվածի համաձայն՝ գույքի ժառանգման իրավունքը որոշվում է այն Պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում ժառանգատուն ունեցել է վերջին մշտական բնակության վայր: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից շատերը մշտապես կամ առավելապես բնակվում են ԱՊՀ անդամ պետություններում, նախագծով առաջարկվող փոփոխությունը կհանգեցնի օրենսդրական հակասությունների:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|