Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.07.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.01.22/3(1183).1 Հոդ.28.7
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
17.07.2015
Подписан
Նախագահող
Дата подписания
17.07.2015
Дата вступления в силу
17.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0901/02/10

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0901/02/10

2015 թ.

Նախագահող դատավոր` Գ. Մատինյան

Դատավորներ`

Կ. Հակոբյան

Ա. Թումանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ռ. Հակոբյանի

Ե. Սողոմոնյանի

2015 թվականի հուլիսի 17-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Զոյա Ջուլհակյանի ներկայացուցիչ Թամարա Պողոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2014 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Զոյա Ջուլհակյանի ընդդեմ Զինաիդա Գալստյանի, երրորդ անձ Մանուշակ Ասլանյանի` ընդհանուր հողատարածքից բաժնեմասի առանձնացման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Զոյա Ջուլհակյանը պահանջել է առանձնացնել Երևանի Պ. Տիչինայի թիվ 52 և թիվ 52/1 հասցեներում առկա ընդհանուր օգտագործման ներքո գտնվող 419քմ մակերեսով ընդհանուր հողատարածքից իր 1/2 բաժնեմասը, որը կազմում է 210քմ մակերես:

Գործը դատաքննության նախապատրաստելու փուլում Զոյա Ջուլհակյանը, վկայակոչելով «Կառուցագետ» ՍՊԸ-ի 23.12.2010 թվականի թիվ Կ10/103-01 եզրակացությունը, հստակեցրել է հայցի առարկան՝ պահանջելով Երևանի Պ. Տիչինայի թիվ 52 և թիվ 52/1 հասցեներում առկա ընդհանուր օգտագործման ներքո գտնվող 419քմ մակերեսով ընդհանուր հողատարածքից առանձնացնել իրեն պատկանող 186,1քմ մակերեսով տարածքը:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 04.03.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.07.2013 թվականի որոշմամբ Մանուշակ Ասլանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 04.03.2011 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 29.11.2013 թվականի որոշմամբ Մանուշակ Ասլանյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.07.2013 թվականի որոշումը բեկանվել է և գործն ուղարկվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մկրտչյան) (այսուհետ` Դատարան) 17.09.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.12.2014 թվականի որոշմամբ Զինաիդա Գալստյանի և Մանուշակ Ասլանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 17.09.2014 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Զոյա Ջուլհակյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Զինաիդա Գալստյանի և Մանուշակ Ասլանյանի ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ, 197-րդ, 199-րդ հոդվածները, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 48-րդ, 49-րդ, 51-րդ, 52-րդ, 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Զոյա Ջուլհակյանն ապացուցել է իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները, որոնց հիման վրա էլ Դատարանն ամբողջ ծավալով պարզել է գործի ըստ էության ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող փաստերը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ 09.01.1997 թվականին Զոյա Ջուլհակյանի անվամբ տրված թիվ 1014 սեփականության իրավունքի վկայականի համաձայն՝ 419քմ մակերեսով հողատարածքը սեփականության իրավունքով գտնվել է Զոյա Ջուլհակյանի և Վաղարշակ Գալստյանի ընդհանուր օգտագործման ներքո, և այն հանգամանքը, որ դա չի վիճարկվել Վաղարշակ Գալստյանի կողմից, ապացուցում է, որ նրանց միջև առկա է եղել բանավոր համաձայնություն ամբողջ հողամասը հավասարապես օգտագործելու շուրջ՝ առանց հողի սահմանազատման: Ավելին, Վաղարշակ Գալստյանի կնոջ՝ Զինաիդա Գալստյանի`որպես փաստացի տիրապետող ժառանգի հետ 419քմ մակերեսով հողամասը հավասարապես օգտագործվել է մինչև դատարան դիմելը:

 Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.12.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 17.09.2014 թվականի վճռին։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վճռաբեկ բողոքի պատճառաբանություններն անհիմն են, քանի որ Վաղարշակ Գալստյանը Զոյա Ջուլհակյանին վաճառել է բնակելի տան 1/6 մասը, որը կազմում է 12,6քմ մակերեսով տարածք, իսկ սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի վերաբերյալ 25.12.1996 թվականին կնքված բնակելի տան մասի առուվաճառքի պայմանագրում որևէ նշում առկա չէ, հետևաբար գնորդի բաժինն արդեն իսկ նշված առուվաճառքի պայմանագրով որոշված է, և այն բաժնային սեփականություն է:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Երևանի Պ. Տիչինայի (Մայիսի 9-ի) փողոցի թիվ 52 հասցեում գտնվող 419քմ մակերեսով հողամասը և բնակելի տունը 22.04.1988 թվականին գույքագրվել է 13.12.1998 թվականին մահացած Վաղարշակ Գալստյանի անվամբ (հատոր 1-ին, գ.թ. 11-14)։

2. Վաղարշակ Գալստյանի և Զոյա Ջուլհակյանի միջև 25.12.1996 թվականին նոտարական վավերացմամբ կնքված բնակելի տան մասի առուծախի պայմանագրի համաձայն` Վաղարշակ Գալստյանը վաճառել, իսկ հայցվոր Զոյա Ջուլհակյանը գնել է Երևանի Պ. Տիչինայի փողոցի թիվ 52 բնակելի տան 1/6 մասը (հատոր 1-ին, գ.թ. 7):

3. Նշված պայմանագրի հիման վրա Զոյա Ջուլհակյանին 09.01.1997 թվականին տրված թիվ 1014 սեփականության իրավունքի վկայականի համաձայն` Երևանի Պ. Տիչինայի փողոցի թիվ 52/1 հասցեում գտնվող շինության մակերեսը կազում է 12,6քմ և գտնվում է 419քմ մակերեսով ընդհանուր հողամասի վրա (հատոր 1-ին, գ.թ. 15):

4. Վաղարշակ Գալստյանին 09.01.1997 թվականին տրված թիվ 1014 սեփականության իրավունքի վկայականի համաձայն` Երևանի Պ. Տիչինայի փողոցի թիվ 52 հասցեում գտնվող անշարժ գույքը բաղկացած է 57,6քմ մակերեսով բնակելի և 36,4քմ մակերեսով այլ շինություններից և գտնվում է 419քմ մակերեսով ընդհանուր հողամասի վրա (հատոր 1-ին, գ.թ. 59-60):

5. Զինաիդա Գալստյանը և երրորդ անձ Մանուշակ Ասլանյանը հանգուցյալ Վաղարշակ Գալստյանի իրավահաջորդներն են` համապատասխանաբար կինը և դուստրը (հատոր 1-ին, գ.թ. 41):

6. Վաղարշակ Գալստյանի մահից հետո Զինաիդա Գալստյանին 27.09.2007 թվականին Կենտրոն նոտարական տարածքի նոտար Է. Շաբոյանի կողմից տրված սեփականության իրավունքի վկայագրով հաստատվել է, որ Զինաիդա Գալստյանը, որը 13.10.1998 թվականին մահացած Վաղարշակ Գալստյանի կենդանի ամուսինն է, սեփականության իրավունք ունի ամուսինների գույքի 1/2 բաժնի նկատմամբ: Ընդհանուր համատեղ գույքը բաղկացած է Երևանի Պ. Տիչինայի փողոցի թիվ 52 բնակարանի 5/6 բաժնից: Ամբողջ բնակարանը բաղկացած է 94,9քմ ընդհանուր մակերեսից և 419քմ մակերեսով ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողամասից: Զինաիդա Գալստյանին և Մանուշակ Ասլանյանին նույն օրը նույն նոտարի կողմից տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն՝ վերջիններս Վաղարշակ Հմայակի Գալստյանի գույքի նկատմամբ հավասար բաժիններով ժառանգներ են, ժառանգական գույքը բաղկացած է Պ. Տիչինայի փողոցի թիվ 52 բնակարանի 5/12 բաժնից: Ամբողջ բնակարանը բաղկացած է 94,0քմ ընդհանուր մակերեսից և 419քմ մակերեսով հողամասից և շենքի տակ գտնվող հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքից և այն իրավունքներից, որոնք անհրաժեշտ են շենք-շինության օգտագործման և սպասարկման համար (հատոր 1-ին, գ.թ. 40-41):

7. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթի տարածքային ստորաբաժանման ղեկավարի 01.09.2010 թվականի թիվ 4518 գրության համաձայն` նոտարի 25.12.1996 թվականի թիվ 1-2934 առուվաճառքի պայմանագրի հիման վրա ընդհանուր օգտագործման 419,0քմ մակերեսով հողամասում 94,09քմ մակերեսով բնակելի տունը 09.01.1997 թվականին գույքագրվել է Վաղարշակ Գալստյանի անվամբ` Երևանի Պ. Տիչինայի փողոց թիվ 52 հասցեով, 12,6քմ մակերեսով բնակելի տունը 09.01.1997 թվականին գույքագրվել է Զոյա Ջուլհակյանի անվամբ՝ Երևանի Պ. Տիչինայի փողոցի թիվ 52/1 հասցեով (հատոր 1-ին, գ.թ. 16):

8. «Կառուցագետ» ՍՊԸ-ի 23.12.2010 թվականի թիվ Կ-10/103-01 եզրակացության համաձայն` ելնելով այն հանգամանքից, որ Երևանի Տիչինայի փողոցի թիվ 52 և 52/1 հասցեներում գտնվող 419քմ մակերեսով հողամասն ընդհանուր է, ոչ թե բաժնային սեփականություն, միաժամանակ հաշվի առնելով հետազոտվող հասցեներում գտնվող շինությունների դիրքերն ու փոխադարձ դասավորվածությունը, պատուհանների առկայությունն ու գոյություն ունեցող մուտքերի տեղակայումը՝ առաջարկվել է Զոյա Ջուլհակյանին հասանելիք հողամասի առանձնացումն իրականացնել կից սխեմատիկ հատակագծում արտացոլված տարբերակով, ըստ որի՝ Զոյա Ջուլհակյանին հատկացվելիք հողամասի մակերեսը կազում է 186,1քմ, որից 51,7քմ մակերեսով մասը ծանրաբեռնված է Զոյա Ջուլհակյանին պատկանող շինությամբ, իսկ Զինաիդա Գալստյանին և Մանուշակ Ասլանյանին հատկացվելիք հողամասի մասը կազում է 232,9քմ մակերես, որից 116քմ մակերեսով մասը ծանրաբեռնված է Զինաիդա Գալստյանին և Մանուշակ Ասլանյանին պատկանող շինությամբ (հատոր 1-ին, գ.թ. 84-88):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ, 199-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով դատական ակտերի հիմնավորվածության հարցի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը, հարկ է համարում անդրադառնալ այն խնդրին, թե արդյոք սեփականության իրավունքի գրանցման վկայականում հողամասի կարգավիճակի վերաբերյալ նշում առկա լինելու հանգամանքը բավարար չէ հաստատված համարելու տվյալ հողամասի նկատմամբ սեփականության տեսակի մասին փաստը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն՝ վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի այն փաստերը, որոնք հաստատվել են դատարանի կողմից և վերաքննիչ բողոքում վիճարկվել են, և վերաքննիչ դատարանը հանգել է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը սխալ է թույլ տվել` պատճառաբանելով նման եզրակացությունը և հղում կատարելով նման եզրակացության հիմքում ընկած ապացույցներին։ Նման դեպքերում վերաքննիչ դատարանը պետք է նշի, թե դատարանի հաստատած փաստի փոխարեն ինչ նոր փաստ է հաստատված համարում, կամ դատարանի հաստատած որ փաստը հաստատված չի համարվում` պատճառաբանելով նման եզրահանգումը և հղում կատարելով առաջին ատյանի դատարանի հետազոտած համապատասխան ապացույցներին:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ դատական ակտի իրավական հիմնավորումը: Դատական ակտի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի, որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Դատական ակտում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը: Դատական ակտի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա դատական ակտի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական ակտի օրինականությունը:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում դատական ակտ կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե'ս, օրինակ, Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների թիվ 3-54(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևանի Պ. Տիչինայի (Մայիսի 9-ի) փողոցի թիվ 52 հասցեում գտնվող 419քմ մակերեսով հողամասը և բնակելի տունը 22.04.1988 թվականին գույքագրվել է 13.12.1998 թվականին մահացած Վաղարշակ Գալստյանի անվամբ: Վաղարշակ Գալստյանի և Զոյա Ջուլհակյանի միջև 25.12.1996 թվականին նոտարական վավերացմամբ կնքված բնակելի տան մասի առուծախի պայմանագրի համաձայն` Վաղարշակ Գալստյանը վաճառել, իսկ հայցվոր Զոյա Ջուլհակյանը գնել է Երևանի Պ. Տիչինայի փողոցի թիվ 52 բնակելի տան 1/6 մասը: Նշված պայմանագրի հիման վրա Զոյա Ջուլհակյանին 09.01.1997 թվականին տրված թիվ 1014 սեփականության իրավունքի վկայականում և Վաղարշակ Գալստյանին 09.01.1997 թվականին տրված թիվ 1014 սեփականության իրավունքի վկայականում վեճի առարկա 419քմ մակերեսով հողամասը գրանցված է որպես ընդհանուր:

Սույն գործով Դատարանը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածը և հիմք ընդունելով սույն գործում առկա ապացույցները, մասնավորապես՝ 09.01.1997 թվականին Զոյա Ջուլհակյանին տրված թիվ 1014 սեփականության վկայականը և «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Է. Շաբոյանի կողմից 28.09.2007 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի և սեփականության իրավունքի վկայագրերը, եկել է այն եզրահանգման, որ Երևանի Պ. Տիչինայի թիվ 52 և թիվ 52/1 հասցեներում առկա հողատարածքը հանդիսանում է ընդհանուր համատեղ սեփականություն: Դատարանը, միաժամանակ հիմնավոր համարելով բաժինը բնեղենով առանձանցնելու վերաբերյալ հայցվորի պահանջը, հայցը բավարարել է:

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը բավարարելով և Դատարանի վճիռը բեկանելով, պատճառաբանել է, որ սույն գործի փաստական հանգամանքները, ինչպես նաև 1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածով նախատեսված նորմը հիմք են տալիս արձանագրելու, որ վերը նշված օրենքի ընդունումից հետո Վաղարշակ Գալստյանը 22.04.1988 թվականին իրեն հատկացված Երևանի Պ. Տիչինայի (Մայիսի 9-ի) փողոցի թիվ 52 հասցեում գտնվող 419քմ մակերեսով հողամասի և բնակելի տան սեփականատերն էր, 25.12.1996 թվականին նոտարական վավերացմամբ կնքված բնակելի տան մասի առուծախի պայմանագրով` Վաղարշակ Գալստյանը վաճառելով բնակելի տան 1/6 մասը Զոյա Ջուլհակյանին, նույն պայմանագրով կարող էր օտարել նաև իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասի մի մասը, ինչը չի արել և ինչի վերաբերյալ որևէ նշում կամ դրա հետ կապված այլ վավերապայմաններ կողմերի միջև 25.12.1996 թվականին կնքված բնակելի տան մասի առուծախի պայմանագրում առկա չէ: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել բողոքաբերի պատճառաբանությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 49-րդ հոդվածների խախտման վերաբերյալ՝ նկատի ունենալով, որ գործում առկա չէ և Զոյա Ջուլհակյանի կողմից որևէ ապացույց չի ներկայացվել հիմնավորելու այն հանգամանքը, որ վիճելի հողամասի սեփականատեր Վաղարշակ Գալստյանի, ինչպես նաև վերջինիս իրավահաջորդների և իր միջև եղել է բանավոր պայմանավորվածություն վիճելի հողամասը հավասար չափերով (1/2) օգտագործելու, ինչպես նաև հողամասի վերջում շինություն կառուցելու վերաբերյալ:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանի վերը նշված եզրահանգումները հիմնազուրկ են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը նախևառաջ հարկ է համարում անդրադառնալ սույն գործով կիրառման ենթակա օրենսդրության հարցին.

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ Երևանի Պ. Տիչինայի փողոցի թիվ 52 բնակելի տան մի մասի առուծախի պայմանագիրը կնքվել է 25.12.1996 թվականին, իսկ սեփականության իրավունքը գրանցվել է 09.01.1997 թվականին, գտնում է, որ վիճելի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի առկայության փաստը գնահատելու և դրա տեսակը որոշելու համար կիրառման ենթակա են 04.06.1964 թվականի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (ուժը կորցրել է 01.01.1999 թվականին) և 27.12.1995 թվականի «Անշարժ գույքի մասին» ՀՀ օրենքի (ուժը կորցրել է 01.01.1999 թվականին) համապատասխան դրույթները:

04.06.1964 թվականի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ընդհանուր սեփականության իրավունքով գույքը կարող է պատկանել երկու կամ մի քանի կոլտնտեսությունների կամ այլ կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպությունների, կամ պետությանը և մեկ կամ մի քանի կոլտնտեսությունների, կամ այլ կոոպերատիվ և մյուս հասարակական կազմակերպությունների, կամ երկու կամ մի քանի քաղաքացիների: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ընդհանուր սեփականության տարբեր տեսակներ կան, այն է` երբ որոշված են մասնակիցների բաժինները (բաժնային սեփականություն), կամ երբ որոշված չեն բաժինները (համատեղ սեփականություն):

04.06.1964 թվականի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 136-րդ հոդվածի համաձայն` պայմանագրով գույք ձեռք բերողի սեփականության իրավունքը (օպերատիվ կառավարության իրավունքը) ծագում է իրը հանձնելու պահից, եթե այլ բան չի նախատեսված օրենքով կամ պայմանագրով: Եթե իրի օտարման պայմանագիրը ենթակա է գրանցման, ապա սեփականության իրավունքը ծագում է գրանցման պահից:

27.12.1995 թվականի «Անշարժ գույքի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի «գ» կետի համաձայն` նույն օրենքով սահմանված կարգով պարտադիր գրանցման ենթակա են` անշարժ գույքի օտարման (ձեռքբերման), վարձակալության, ենթավարձակալության, օգտագործման, գրավի, փոխանակման և օգտակալության պայմանագրերը, ինչպես նաև օգտակալության վերաբերյալ դատական որոշումները:

Վերոնշյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող օրենսդրությունը ևս նախատեսել է ընդհանուր սեփականության ինստիտուտը: Ընդ որում, պայմանավորված այն հանգամանքով, թե ընդհանուր սեփականության մեջ մասնակիցների բաժինները նախապես որոշված են, թե` ոչ, առանձնացվել է ընդհանուր սեփականության երկու տեսակ` բաժնային սեփականություն, երբ մասնակիցների բաժինները որոշված են, և համատեղ սեփականություն, երբ մասնակիցների բաժինները որոշված չեն: Միաժամանակ իրավահարաբերության ծագման պահին գործող օրենսդրությունն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագումը պայմանավորել է դրա գրանցման փաստով:

Վերոնշյալ վերլուծությունների համատեքստում համադրելով և գնահատելով սույն գործի փաստերը և ի հիմնավորումն դրանց ներկայացված ապացույցները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վաղարշակ Գալստյանի և Զոյա Ջուլհակյանի միջև 25.12.1996 թվականին նոտարական վավերացմամբ կնքված բնակելի տան մասի առուծախի պայմանագրի հիման վրա Զոյա Ջուլհակյանին 09.01.1997 թվականին տրված թիվ 1014 սեփականության իրավունքի վկայականով հաստատվում է այն փաստը, որ Երևանի Պ. Տիչինայի փողոցի թիվ 52/1 հասցեի շինության հետ միասին Զոյա Ջուլհակյանի անվամբ գրանցվել է նաև Երևանի Պ. Տիչինայի փողոցի թիվ 52/1 և թիվ 52 հասցեներում գտնվող 419քմ մակերեսով հողամասը` ընդհանուր սեփականության իրավունքով: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված ապացույցը բավարար է՝ հաստատված համարելու վիճելի հասցեների 419քմ մակերեսով հողամասի նկատմամբ Զոյա Ջուլհակյանի ընդհանուր սեփականության իրավունքի առկայության փաստը: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով 04.06.1964 թվականի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 117-րդ հոդվածի իրավակարգավորումը, գտնում է, որ վիճելի հողամասի նկատմամբ բաժինները որոշված չլինելու պայմաններում այն համարվում է կողմերի ընդհանուր համատեղ սեփականությունը:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, առանց որևէ պատճառաբանության գնահատման առարկա չդարձնելով գործում առկա՝ Զոյա Ջուլհակյանին 09.01.1997 թվականին տրված թիվ 1014 սեփականության իրավունքի վկայականը, մասնավորապես` առանց իրավական գնահատական տալու դրանում վեճի առարկա հողամասի կարգավիճակի վերաբերյալ «ընդհանուր» նշումին, եկել է սխալ եզրահանգման վեճի առարկա գույքի պատկանելիության և իրավական կարգավիճակի մասին:

Վճռաբեկ դատարանը, միաժամանակ նկատի ունենալով, որ ընդհանուր համատեղ սեփականությունից բաժնի առանձնացման պահանջը ներկայացվել է գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կիրառության ժամանակահատվածում, գտնում է, որ այդ մասով վիճելի իրավահարաբերության նկատմամբ ենթակա են կիրառման գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան իրավանորմերը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` համատեղ սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանվում կամ նրանցից մեկի բաժինն առանձնացվում է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը նախապես որոշելուց հետո: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ընդհանուր գույքը բաժանելիս և դրանից բաժին առանձնացնելիս համատեղ սեփականության մասնակիցների բաժինները համարվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ընդհանուր գույքը բաժանելու և դրանից բաժին առանձնացնելու հիմքերը և կարգը սահմանվում են նույն օրենսգրքի 197-րդ հոդվածի կանոններով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը:

Սույն գործում առկա ապացույցի, այն է՝ «Կառուցագետ» ՍՊԸ-ի 23.12.2010 թվականի թիվ Կ-10/103-01 եզրակացության համաձայն` ելնելով այն հանգամանքից, որ Երևանի Տիչինայի փողոցի թիվ 52 և 52/1 հասցեներում գտնվող 419քմ մակերեսով հողամասը հանդիսանում է ընդհանուր, ոչ թե բաժնային սեփականություն, միաժամանակ հաշվի առնելով հետազոտվող հասցեներում գտնվող շինությունների դիրքերն ու փոխադարձ դասավորվածությունը, պատուհանների առկայությունն ու գոյություն ունեցող մուտքերի տեղակայումը՝ առաջարկվել է Զոյա Ջուլհակյանին հասանելիք հողամասի առանձնացումն իրականացնել կից սխեմատիկ հատակագծում արտացոլված տարբերակով, ըստ որի՝ Զոյա Ջուլհակյանին հատկացվելիք հողամասի մակերեսը կազմում է 186,1քմ, որից 51,7քմ մակերեսով մասը ծանրաբեռնված է Զոյա Ջուլհակյանին պատկանող շինությամբ, իսկ Զինաիդա Գալստյանին և Մանուշակ Ասլանյանին հատկացվելիք հողամասի մասը կազմում է 232,9քմ մակերես, որից 116քմ մակերեսով մասը ծանրաբեռնված է Զինաիդա Գալստյանին և Մանուշակ Ասլանյանին պատկանող շինությամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև գործող օրենսդրության համաձայն գործում է ընդհանուր համատեղ սեփականությունում սեփականատերերի բաժինները հավասար լինելու կանխավարկածը, այնուամենայնիվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Կառուցագետ» ՍՊԸ-ի 23.12.2010 թվականի թիվ Կ-10/103-01 եզրակացությամբ առաջարկվել է Զոյա Ջուլհակյանի բաժնեմասը բնեղենով առանձնացնել 186,1քմ-ի մասով, իսկ Զոյա Ջուլհակյանն էլ, ելնելով տնօրինչականության սկզբունքից, հայցապահանջը ներկայացրել է նշված մակերեսի մասով՝ ըստ էության համաձայնելով «Կառուցագետ» ՍՊԸ-ի եզրակացությամբ առաջարկված չափով հողատարածքի առանձնացման տարբերակի հետ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Պ. Տիչինայի թիվ 52 և թիվ 52/1 հասցեներում առկա ընդհանուր 419քմ մակերեսով հողատարածքը համատեղ սեփականության մասնակիցների միջև ենթակա է բաժանման՝ համաձայն «Կառուցագետ» ՍՊԸ-ի 23.12.2010 թվականի թիվ Կ-10/103-01 եզրակացության, որպիսի իրավաչափ եզրահանգման էլ եկել էր Դատարանը:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը, համաձայն որի` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանը վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը փոփոխվելու դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վերաքննիչ դատարանի դատական ակտը` օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին: Այս դեպքում վճռաբեկ դատարանը լրացուցիչ պատճառաբանում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը, եթե այն թերի կամ սխալ է պատճառաբանված:

 Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված, ուստի Դատարանի վճռին պետք է տալ օրինական ուժ` սույն որոշման պատճառաբանություններով հանդերձ:

Միաժամանակ վերոհիշյալ դիրքորոշման համար Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Սույն գործով նկատի ունենալով, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.05.2015 թվականի որոշմամբ Զոյա Ջուլհակյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին, բավարարվել է, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումարը` 20.000 ՀՀ դրամը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի հիմքով հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման Զինաիդա Գալստյանից:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2014 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 17.09.2014 թվականի վճռին` սույն որոշման պատճառաբանություններով:

2. Զինաիդա Գալստյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.05.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան

Ե. Սողոմոնյան