Գլխավոր տեղեկություն
Номер
N 787-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.08.2015-21.12.2020)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.07.29/47(1136) Հոդ.664
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.07.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.07.2015
Дата вступления в силу
08.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հուլիսի 2015 թվականի N 787-Ն

 

ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 777-Ն որոշման N 1 հավելվածի 17-րդ կետի կատարումը, ինչպես նաև հաշվի առնելով գազի տնտեսությունում գազատարների և դրանց վրա գտնվող ինժեներական կառույցների նախագծման, կառուցման ու շահագործման ժամանակ մարդու կյանքին և առողջությանը, ֆիզիկական ու իրավաբանական անձանց գույքին, շրջակա միջավայրին վնաս պատճառելու ռիսկի աստիճանը և գազատարներում ու դրանց վրա գտնվող ինժեներական կառույցներում դժբախտ դեպքերի կանխարգելումը և գազատարների պահպանվածությունն ապահովելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գազի տնտեսությունում գազատարների և դրանց վրա գտնվող ինժեներական կառույցների անվտանգության գոտիների չափերն ու դրանց օգտագործման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. հուլիսի 20

Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
հուլիսի 16-ի N 787-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԳԱԶԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն՝ գազի տնտեսությունում գազատարների և դրանց վրա գտնվող ինժեներական կառույցների, այդ թվում` համապատասխան ճնշման գազակարգավորիչ կետերի, գազի ծախսի չափման հանգույցների (այսուհետ՝ գազատարներ) անվտանգության գոտիների չափերի ու դրանց օգտագործման կարգի պահանջները տարածվում են միջին և բարձր ճնշման գազատարների գծային մասը և դրանց վրա գտնվող ինժեներական կառույցները նախագծող, կառուցող, շահագործող, ինչպես նաև տվյալ հողատարածքն օգտագործող (տիրապետող) կազմակերպությունների (ֆիզիկական և իրավաբանական անձանց) վրա՝ անկախ դրանց սեփականության ձևից ու գերատեսչական պատկանելությունից, այդ թվում՝

1) գազաբաշխիչ ցանցի (0,005 ՄՊա-ից մինչև 0,3 ՄՊա ներառյալ) միջին ճնշման գազատարների.

2) գազաբաշխիչ ցանցի (0,3 ՄՊա-ից մինչև 1,2 ՄՊա) բարձր ճնշման գազատարների.

3) մայրուղային (1,2 ՄՊա-ից մինչև 3,0 ՄՊա) գազատարների.

4) գազի խտուցքահավաքիչների, մեթանոլի ներանցման սարքվածքների, գազաբաշխիչ և ճնշակային կայանների:

2. «Անվտանգության գոտիներ» հասկացությունը սահմանված է «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: Գազատարների անվտանգության գոտիների սահմանման նպատակը դժբախտ դեպքերի կանխարգելումն ու գազատարների պահպանվածության ապահովումն է:

3. Գազի տնտեսությունում գազատարների անվտանգության գոտիներն օգտագործվում են ըստ նպատակայնության: Այդ գոտիներում չի կարող իրականացվել որևէ գործունեություն, որը կարող է սպառնալիք լինել գազատարների բնականոն աշխատանքի, քաղաքացիների և շահագործող անձնակազմի կյանքի անվտանգության ու առողջության, ինչպես նաև գույքի պահպանության համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

4. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններն ու էներգետիկական օբյեկտներ շահագործող կազմակերպությունները օրենքով սահմանված կարգով իրենց լիազորությունների սահմաններում և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի պետական տեսչությունը «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավասության սահմաններում օրենքով սահմանված կարգով իրականացնում են վերահսկողություն սույն կարգով սահմանված` գազատարների անվտանգության գոտիներին ներկայացվող պահանջների պահպանման նկատմամբ:

5. Նոր գազատարների կառուցման և գործող գազատարների վերակառուցման ժամանակ, եթե դրանց անվտանգության գոտիների մեջ ներառվում են այլ անձանց կողմից օգտագործվող (տիրապետվող) հողատարածքներ, ապա հողի նկատմամբ օգտակալությունը սահմանելու հետևանքով հողի սեփականատիրոջը կամ վարձակալին հասցված վնասները փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

6. Գործող, կառուցվող և նախագծվող գազատարների անվտանգության գոտիներում, ինչպես նաև գազատարների կառուցման և շահագործման ընթացքում, օբյեկտների հեռավորությունների պահպանումը, նաև շինարարական նորմերով, կանոններով և այլ նորմատիվային փաստաթղթերով սահմանված պահանջների կատարումը ենթակա են պահպանման բոլոր իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից:

 

II. ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԻ ՄԻՋԻՆ ՃՆՇՄԱՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ

 

7. Գազաբաշխիչ ցանցի (0,005 ՄՊա-ից մինչև 0,3 ՄՊա ներառյալ) միջին ճնշման գազատարների խողովակաշարերի շահագործման բնականոն պայմաններն ապահովելու և դրանց վնասվելու հնարավորությունները բացառելու նպատակով (անցկացման ցանկացած ձևի դեպքում) սահմանվում են անվտանգության (պահպանման) գոտիներ`

1) խողովակաշարի ուղեգծի երկայնքով ձգվող հողատարածքը, որը սահմանազատվում է խողովակաշարի երկու կողմով` առանցքից 10 մ հեռավորությամբ անցնող պայմանական գծերով: Գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում անվտանգության գոտին սահմանազատվում է խողովակաշարի յուրաքանչյուր կողմով` առանցքից 5 մ հեռավորությամբ անցնող պայմանական գծերով: Ստորջրյա անցումների երկայնքով անվտանգության գոտին սահմանազատվում է (ջրի մակերեսից մինչև հատակը սահմանափակված) խողովակաշարի յուրաքանչյուր կողմով` առանցքից 20 մ հեռավորությամբ ջրային տարածքի զուգահեռ հարթություններով.

2) բազմագիծ խողովակաշարերի ուղեգծի երկայնքով ձգվող հողատարածքը, որը սահմանազատվում է յուրաքանչյուր կողմի եզրային խողովակի առանցքից 10 մ հեռավորությամբ անցնող պայմանական գծերով: Գյուղատնտեսական հողատարածքներում անվտանգության գոտին սահմանազատվում է յուրաքանչյուր կողմի եզրային խողովակի առանցքից 5 մ հեռավորությամբ անցնող պայմանական գծերով: Ստորջրյա անցումների երկայնքով անվտանգության գոտին սահմանազատվում է (ջրի մակերեսից մինչև հատակը սահմանափակված) յուրաքանչյուր կողմի եզրային խողովակի առանցքից 20 մ հեռավորությամբ ջրային տարածքի զուգահեռ հարթություններով:

 

III. ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԻ ԲԱՐՁՐ ՃՆՇՄԱՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ

 

8. Գազաբաշխիչ ցանցի (0,3 ՄՊա-ից մինչև 1,2 ՄՊա) բարձր ճնշման գազատարների խողովակաշարերի շահագործման բնականոն պայմաններն ապահովելու և դրանց վնասվելու հնարավորությունները բացառելու նպատակով (անցկացման ցանկացած ձևի դեպքում) սահմանվում են անվտանգության (պահպանման) գոտիներ`

1) խողովակաշարի ուղեգծի երկայնքով ձգվող հողատարածքը, որը սահմանազատվում է խողովակաշարի երկու կողմով` առանցքից 20 մ հեռավորությամբ անցնող պայմանական գծերով: Գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում անվտանգության գոտին սահմանազատվում է խողովակաշարի յուրաքանչյուր կողմով` առանցքից 10 մ հեռավորությամբ անցնող պայմանական գծերով: Ստորջրյա անցումների երկայնքով անվտանգության գոտին սահմանազատվում է (ջրի մակերեսից մինչև հատակը սահմանափակված) խողովակաշարի յուրաքանչյուր կողմով` առանցքից 40 մ հեռավորությամբ ջրային տարածքի զուգահեռ հարթություններով.

2) բազմագիծ խողովակաշարերի ուղեգծի երկայնքով ձգվող հողատարածքը, որը սահմանազատվում է յուրաքանչյուր կողմի եզրային խողովակի առանցքից 20 մ հեռավորությամբ անցնող պայմանական գծերով: Գյուղատնտեսական հողատարածքներում անվտանգության գոտին սահմանազատվում է յուրաքանչյուր կողմի եզրային խողովակի առանցքից 10 մ հեռավորությամբ անցնող պայմանական գծերով: Ստորջրյա անցումների երկայնքով անվտանգության գոտին սահմանազատվում է (ջրի մակերեսից մինչև հատակը սահմանափակված) յուրաքանչյուր կողմի եզրային խողովակի առանցքից 40 մ հեռավորությամբ ջրային տարածքի զուգահեռ հարթություններով:

 

IV. ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ

 

9. Մայրուղային (1,2 ՄՊա-ից մինչև 3,0 ՄՊա) գազատարների խողովակաշարերի շահագործման բնականոն պայմաններն ապահովելու և դրանց վնասվելու հնարավորությունները բացառելու նպատակով (անցկացման ցանկացած ձևի դեպքում) սահմանվում են անվտանգության (պահպանման) գոտիներ`

1) խողովակաշարի ուղեգծի երկայնքով ձգվող հողատարածքը, որը սահմանազատվում է խողովակաշարի երկու կողմով` առանցքից 30 մ հեռավորությամբ անցնող պայմանական գծերով: Գյուղատնտեսական նշանակության հողատարածքներում անվտանգության գոտին սահմանազատվում է խողովակաշարի յուրաքանչյուր կողմով` առանցքից 15 մ հեռավորությամբ անցնող պայմանական գծերով: Ստորջրյա անցումների երկայնքով անվտանգության գոտին սահմանազատվում է (ջրի մակերեսից մինչև հատակը սահմանափակված) խողովակաշարի յուրաքանչյուր կողմով` առանցքից 50 մ հեռավորությամբ ջրային տարածքի զուգահեռ հարթություններով.

2) բազմագիծ խողովակաշարերի ուղեգծի երկայնքով ձգվող հողատարածքը, որը սահմանազատվում է յուրաքանչյուր կողմի եզրային խողովակաշարի առանցքից 30 մ հեռավորությամբ անցնող պայմանական գծերով: Գյուղատնտեսական հողատարածքներում անվտանգության գոտին սահմանազատվում է յուրաքանչյուր կողմի եզրային խողովակաշարերի առանցքից 15 մ հեռավորությամբ անցնող պայմանական գծերով: Ստորջրյա անցումների երկայնքով անվտանգության գոտին սահմանազատվում է (ջրի մակերեսից մինչև հատակը սահմանափակված) յուրաքանչյուր կողմի եզրային խողովակի առանցքից 50 մ հեռավորությամբ ջրային տարածքի զուգահեռ հարթություններով:

 

V. ԽՏՈՒՑՔԱՀԱՎԱՔԻՉՆԵՐԻ, ՄԵԹԱՆՈԼԻ ՆԵՐԱՆՑՄԱՆ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԻ, ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ԵՎ ՃՆՇԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ

 

10. Անվտանգության գոտի է նաև խտուցքի պահման և ապագազավորման տարողությունների շրջակայքում, խտուցքների և հեղուկացված ածխաջրածինների վթարային բացթողման հողե ամբարների մոտ` նշված օբյեկտների սահմանային տարածքի յուրաքանչյուր կողմից 50 մ հեռավորությամբ պարփակ գծով սահմանազատված հողատարածքը:

11. Ճնշակային և գազաբաշխիչ կայանների, ստորգետնյա գազապահեստարանների շուրջը` նշված օբյեկտների տարածքի սահմանի բոլոր կողմերից 100 մ հեռավորությամբ պարփակ գծով սահմանազատված հողատարածքը ևս անվտանգության գոտի է:

12. Գազի տնտեսությունում գազատարների անվտանգության գոտիներում գտնվող հողատարածքները հողօգտագործողների կողմից գյուղատնտեսական ու այլ աշխատանքներ կատարելու նպատակով օգտագործվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի N 119-Ն որոշման պահանջներին համապատասխան:

13. Գազատարների անվտանգության գոտիներում գազի տնտեսությունը տնօրինող կազմակերպությունների կողմից տրված տեխնիկական պայմաններին համապատասխան կարող է իրականացվել ցանկացած տնտեսական գործունեություն:

14. Գազատարների բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով չի թույլատրվում կատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են խախտել կամ հանգեցնել դրանց վնասմանը:

15. Եթե կազմակերպությունները և ֆիզիկական անձինք գազատարների անվտանգության գոտիներում կատարում են պայթեցման, շինարարական և այլ աշխատանքներ, որոնք կարող են վնաս պատճառել գազատարներին, ապա այդ աշխատանքներն սկսելուց առնվազն 10 օր առաջ գազի տնտեսության շահագործող կազմակերպություններին տեղեկացնում են և նրանց հետ համաձայնեցնում աշխատանքների կատարման այն պայմաններն ու կարգը, որոնք կապահովեն գազատարների բնականոն աշխատանքը:

16. Տարածքային կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինները գազատարների անվտանգության գոտիներում ինքնակամ կառուցված շենք-շինությունների օրինականացման, սեփականաշնորհման կամ օտարման համար պահանջվող փաստաթղթերում ընդգրկում են գազի տնտեսությունը տնօրինող կազմակերպության տեղեկանքը նշված հողամասում կամ շենք-շինության տարածքում էներգետիկ օբյեկտի առկայության մասին:

17. Եթե գազատարների անվտանգության գոտին համընկնում է երկաթուղու կամ ավտոմոբիլային ճանապարհների համար հատկացված գոտու, կապի գծերի, էլեկտրահաղորդման գծերի և օբյեկտների անվտանգության գոտիների հետ, ապա դրանց պահպանությունն ու շահագործման աշխատանքները, տարածքի համընկնող հատվածներում կատարելիս, իրականացվում են դրանք տնօրինողների փոխհամաձայնությամբ:

18. Այն կազմակերպությունները, որոնց տնօրինության տակ գտնվող տարածքում առկա են անտառային տարածքներով և անտառուղիներով անցնող գազատարներ, ապահովում են՝

1) անտառուղիների հրդեհաանվտանգ վիճակը.

2) անտառուղիների ծառերի և թփուտների հատման միջոցով և այլ եղանակներով անտառուղիների լայնության համապատասխանությունը գազատարների կառուցման նախագծերով նախատեսված չափերին:

19. Անտառային ֆոնդի հողատարածքներով անցնող գազատարներին անմիջականորեն մոտ աճող ծառերի էտման աշխատանքներն իրականացնում են անտառները տնօրինող կազմակերպությունները` այդ գազատարները տնօրինողների գրավոր տեղեկանք-հայտի համաձայն: Եթե գազատարներն անցնում են զբոսայգիների, այգիների և այլ բազմամյա տնկարկների վրայով, ապա ծառերի էտման աշխատանքներն իրականացվում են դրանց տնօրինողների գրավոր տեղեկանք-հայտի համաձայն:

20. Գազատարների հիմնանորոգման ու վերակառուցման աշխատանքներ կատարելու համար տարածքներ և ուղիներ ունենալու անհրաժեշտության դեպքում նշված օբյեկտները տնօրինողները, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 210-րդ հոդվածի, այդ տարածքների սեփականատերերի հետ կնքում են ուրիշի հողամասից սահմանափակ օգտվելու իրավունքի (սերվիտուտի) պայմանագիր:

21. Գյուղատնտեսական տարածքներով անցնող գազատարների նորոգման և վերակառուցման պլանային աշխատանքները կատարվում են հողօգտագործողների հետ համաձայնեցնելով և, որպես կանոն, այն ժամանակ, երբ այդ տարածքները գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղեցված չեն կամ հնարավոր է ապահովել այդ մշակաբույսերի պահպանվածությունը:

22. Գազատարների վրա տեղի ունեցող վթարների կանխման կամ դրանց հետևանքների վերացման աշխատանքները կարող են կատարվել տարվա ցանկացած ժամանակ՝ առանց հողօգտագործողների հետ համաձայնեցնելու, բայց նրանց նախօրոք տեղեկացնելով կատարվելիք աշխատանքների մասին (վթարների կանխման ժամանակ՝ 3 օր առաջ, իսկ վթարների վերացման աշխատանքների կատարման ժամանակ՝ նույն օրը): Գազատարները տնօրինողները նշված աշխատանքները կատարելուց հետո ապահովում են գյուղատնտեսական տարածքների նպատակային օգտագործման համար պիտանի վիճակը:

23. Գազատարների նորոգման, վերակառուցման և այն պլանային աշխատանքները, որոնց հետևանքով վնասվում են ճանապարհների հողային պաստառը և երեսարկը, կարող են կատարվել աշխատանքի կատարման պայմանները միայն պետական ճանապարհային մարմնի և այդ ճանապարհները տնօրինողների, իսկ բնակավայրերի սահմաններում՝ նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ նախապես համաձայնեցնելուց հետո: Աշխատանքների կատարման պայմանները համաձայնեցվում են և սահմանված կարգով շինարարության (քանդման) թույլտվությունը ձևակերպվում է աշխատանքներն սկսելուց առնվազն 3 օր առաջ:

24. Գազատարների վթարների դեպքում ճանապարհների հողային պաստառը և երեսարկը վնասող նորոգման աշխատանքները թույլատրվում է կատարել առանց նախնական համաձայնեցման, բայց պետական ճանապարհային մարմնին և այդ ճանապարհները տնօրինողներին, իսկ բնակավայրերի սահմաններում՝ նաև տեղական ինքնակառավարման մարմիններին բանավոր տեղեկացնելուց հետո: Նշված աշխատանքները կատարող կազմակերպությունները պատրաստում են շրջուղիներ և պատնեշում են այդ աշխատանքների կատարման տեղերն ու տեղադրում համապատասխան ճանապարհային նշաններ, իսկ աշխատանքների ավարտից հետո՝ համահարթում հողը և վերականգնում ճանապարհների հողային պաստառն ու երեսարկը:

25. Գազատարների փաստացի տեղադրման վերաբերյալ նյութերը հանձնվում են տեղական ինքնակառավարման և ընդերքի բնագավառում պետական կառավարման համապատասխան մարմիններին՝ հողօգտագործման, երկրաբանական հատկացման և լեռնահատկացման քարտեզներում գրանցելու համար:

26. Կազմակերպությունները և քաղաքացիները գազատարների անվտանգության գոտիներում ապահովում են գազի տնտեսության տնօրինող կազմակերպությունների և սույն կարգից բխող պահանջների կատարումը՝ գազատարների պահպանվածության ապահովման ու դժբախտ պատահարների կանխման նպատակով: Կազմակերպությունների կամ քաղաքացիների կողմից գազատարների անվտանգության գոտիներում սույն կարգի պահանջների խախտմամբ կատարվող աշխատանքների դեպքեր հայտնաբերելիս գազատարները տնօրինող կազմակերպությունները պարտավոր են նրանց զգուշացնել, իսկ այդ աշխատանքները չդադարեցնելու դեպքում՝ դիմել պետական վերահսկողություն իրականացնող իրավասու մարմիններին, որոնք պարտավոր են աշխատանքները դադարեցնելուց հետո պարտավորեցնել վերջիններիս վերականգնել գազատարների և դրանց անվտանգության գոտիների նախնական վիճակը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.12.2020, N 2010-Ն 21.12.2020, N 787-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան