ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունիսի 2014 թվականի N 671-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի օգտագործմանը հանձնված, սույն որոշման 2-րդ կետում նշված շենք-շինություններում կապիտալ վերանորոգման, բարեկարգման և շինարարական աշխատանքների կատարման դիմաց «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված ու Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օգտագործմանը հանձնված` Երևան քաղաքի Աճառյան 54ա հասցեում գտնվող` 399.240.000 դրամ գնահատված արժեքով 4-հարկանի շենքը և նկուղը՝ ընդհանուրը` 1292.3 քառ. մետր, օժանդակ շինությունը` 400.8 քառ. մետր, և այդ շենքի սպասարկման համար նախատեսված 7584,66 քառ. մետր մակերեսով հողամասը (վկայական` N 2681399, տրված` 22.04.2011 թ.) (այսուհետ` գույք) սեփականության իրավունքով հանձնել «Ճանապարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
2. «Ճանապարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որպես կառուցապատող (այսուհետ` կառուցապատող), ներգրավել հետևյալ շինարարական և կապիտալ վերանորոգման աշխատանքներում`
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնիի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում իրականացվելիք` 284.400,0 հազ. դրամ արժեքով շինարարական-վերանորոգման աշխատանքներ.
2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գետարգելի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող` «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված հայ-ռուսական հումանիտար կենտրոնի շենք-շինություններում և տարածքում իրականացվելիք` 124.800,0 հազ. դրամ արժեքով շինարարական-վերանորոգման աշխատանքներ:
3. Սույն որոշման 2-րդ կետում նշված շինարարության իրականացման (կառուցման) արժեքը, ներառյալ ավելացված արժեքի հարկը, առանց տարբերության ենթակա է հաշվանցման` կառուցապատողին սեփականության իրավունքով հանձնվող` սույն որոշման 1-ին կետում նշված գույքի (ավելացված արժեքի հարկից ազատված) գնահատված արժեքի հետ միասին:
4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ համաձայն սույն որոշման 2-րդ կետի` շինարարական և կապիտալ վերանորոգման աշխատանքների կատարման նպատակով, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ, կառուցապատողի հետ կնքել գլխավոր կապալի պայմանագիր` դրանում սահմանելով հետևյալ պարտադիր պայմանները`
1) կառուցապատողն իր միջոցների հաշվին`
ա. գլխավոր կապալի պայմանագրի և ամփոփ ֆինանսական հաշվարկի շրջանակներում իրականացնում է նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումն ու սահմանված կարգով համաձայնեցումը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ,
բ. շինարարական համալիր աշխատանքների արդյունքը սահմանված կարգով, սեփականության իրավունքով հանձնում է Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի.
2) շինարարական աշխատանքների ավարտման ժամկետը սահմանել 16 ամիս` շինարարության թույլտվություն ստանալու օրվանից.
3) նախագծի մշակման և շինարարության իրականացման արժեքը չի կարող պակաս լինել 399.240.000,0 դրամից` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
4) գլխավոր կապալի պայմանագրի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում` շինարարության ինքնարժեքի ավելացման հետևանքով Հայաստանի Հանրապետությանը հանձնվող շինարարական աշխատանքների գնի ավելացման դեպքում նույն չափով համապատասխանաբար ավելացվում է կառուցապատողին հանձնվող` սույն որոշման 1-ին կետում նշված գույքի օտարման գինը` առանց լրացուցիչ գնահատման.
5) նախագծի մշակման և շինարարության արժեքը սույն կետի 3-րդ ենթակետում նշված արժեքից ավելի լինելու դեպքում կառուցապատողը փոխհատուցման պահանջներ չի ներկայացնում.
6) սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների իրականացման դիմաց կառուցապատողի սեփականությանն է հանձնվում սույն որոշման 1-ին կետում նշված գույքը` համաձայն սույն որոշման 5-րդ կետի:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողատարածքների և դրանց վրա տեղակայված շենքերի ու շինությունների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման` որպես կառուցապատման դիմաց վճարման միջոց, ինչպես նաև սույն որոշման 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով կնքել գրավի պայմանագիր` գրավի առարկա նախատեսելով սույն որոշման 1-ին կետում նշված գույքը.
2) սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների իրականացումից հետո` կառուցապատողի ներկայացրած կատարողական ակտերը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից հաստատվելուց հետո մեկամսյա ժամկետում գրավից հանել սույն որոշման 1-ին կետում նշված գույքը.
3) սույն որոշման 1-ին կետով նախատեսված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման մասին պայմանագրով նախատեսել, որ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումներն զբաղեցնելու են հանձնվող գույքը` մինչև շինարարության ավարտը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հուլիսի 10 Երևան |