Գլխավոր տեղեկություն
Номер
N 272-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (11.10.2013-05.01.2015)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2013.10.01/28(472) Հոդ.272
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
31.07.2013
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
31.07.2013
Дата вступления в силу
11.10.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 սեպտեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 60013368

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

31 հուլիսի 2013 թ.

ք. Երևան

N 272-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետը և 16-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզավորման կարգը (հավելված):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի`

1) 2006 թվականի մարտի 31-ի «Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 43-Ն որոշումը,

2) 2007 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 31-ի N 43-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 342-Ն որոշումը,

3) 2007 թվականի հոկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 31-ի N 43-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» N 478-Ն որոշումը,

4) 2007 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 31-ի N 43-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» N 694-Ն որոշումը,

5) 2009 թվականի նոյեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 31-ի N 43-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 735-Ն որոշումը,

6) 2009 թվականի նոյեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 31-ի N 43-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 736-Ն որոշումը,

7) 2010 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 31-ի N 43-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 435-Ն որոշումը,

8) 2011 թվականի մարտի 23-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 31-ի N 43-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 108-Ն որոշումը,

9) 2012 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 31-ի N 43-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 200-Ն որոշումը,

10) 2012 թվականի նոյեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 31-ի N 43-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 440-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և գործում է մինչև 2015 թվականի հունվարի 1-ը:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

 

 

Հավելված

Հաստատված է ՀՀ հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի

2013 թվականի հուլիսի 31-ի

N 272-Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործում) լիցենզիա ստանալու հայտի (դիմումի) ընդունման, քննարկման, տրամադրման (մերժման), ինչպես նաև լիցենզիայի վերաձևակերպման ընթացակարգերը:

2. Սույն կարգը չի տարածվում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերից բացի որևէ այլ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի, ինչպես նաև մրցութային դիմումների կամ աճուրդի միջոցով իրականացվող լիցենզավորման գործընթացի վրա:

3. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործումը ներառում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի ստեղծում կամ զարգացում, կամ օգտագործման կազմակերպում:

4. Լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեցող անձինք կարող են զբաղվել այդ գործունեությամբ լիցենզիան ուժի մեջ մտնելու պահից և լիցենզիայի գործողության ժամկետում։

5. Լիցենզիայի գործողության ժամկետը սահմանվում է մինչև 10 տարի:

6. Լիցենզիայի անբաժանելի մաս են համարվում լիցենզավորված գործունեություն իրականացնելու պայմանները:

7. Լիցենզիան չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավադրվել՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

8. Լիցենզիայի գործողությունը չի տարածվում լիցենզավորված անձի հետ համատեղ, այդ թվում՝ համատեղ գործունեության պայմանագրով գործունեություն իրականացնող այլ անձանց, ինչպես նաև լիցենզավորված անձի մասնակցությամբ հիմնադրված կամ գործող իրավաբանական անձանց վրա։

9. Առանց լիցենզիայի առկայության սույն կարգով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն։

10. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) կարող է լիցենզիա տրամադրել մրցութային դիմումների կամ աճուրդի միջոցով` նույնիսկ ռեսուրսների որևէ սահմանափակության բացակայության պայմաններում, եթե համարում է, որ նման գործելակերպը լավագույնս կբավարարի Հայաստանի Հանրապետության սպառողների պահանջմունքները էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում: Մրցութային դիմումների կամ աճուրդի միջոցով լիցենզիաների տրամադրումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:

 

2. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

11. Հայտատուի ներկայացրած հայտը մուտքագրվում է Հանձնաժողովում։ Հայտը պետք է լրացված լինի համաձայն սույն կարգի N 1 հավելվածի և պարունակի հետևյալ փաստաթղթերը.

1) Գործարար ծրագիր, որը պետք է ներառի առնվազն հետևյալ տեղեկատվությունը.

ա. հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման) նպատակը և սպասվող տնտեսական, սոցիալական և առևտրային արդյունքը,

բ. շահագործվող ցանցի ընդհանուր բնութագիրը և տեխնիկատնտեսական ամփոփ ցուցանիշները,

գ. շուկայի ուսումնասիրություն,

դ. հիմնական տեխնոլոգիական և տնտեսական լուծումներ (ծառայության տեխնոլոգիայի և հիմնական տեխնոլոգիական սարքավորումների ընտրության տեխնիկական և տնտեսական հիմնավորումը),

ե. ցանցի շահագործման տարածքը,

զ. ցանցի շինությունների և կառույցների հիմնական բնութագրերը,

է. ցանցի շահագործման ժամանակացույցը՝ ըստ փուլերի,

ը. շրջակա միջավայրի վրա ցանցի ազդեցության գնահատումը,

թ. ներդրումների արդյունավետությունը (ցանցի ստեղծման կամ զարգացման աշխատանքների արժեքը բացված տեսքով, ֆինանսավորման հնարավոր աղբյուրները, ծառայությունների ինքնարժեքի հաշվարկը, ներդրումների ռիսկի գնահատականը, ցանցի ստեղծման կամ զարգացման և շահագործման ժամկետները),

2) կապի ոլորտում քաղաքաշինության փաստաթղթերի մշակման լիցենզիա ունեցող անձանց կողմից մշակված հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի տեխնիկական նախագիծ,

3) պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը, կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը, բացառությամբ սույն կարգի 29-րդ կետով սահմանված դեպքի:

12. Հայտում ներառված տեղեկությունները պետք է հասանելի լինեն հանրությանը: Եթե հայտատուն միջնորդում է Հանձնաժողովին և հիմնավորում, որ հրապարակման ենթակա որոշակի տեղեկություններ կազմում են առևտրային գաղտնիք, և Հանձնաժողովն այդ փաստարկները համարում է հիմնավոր, ապա նման տեղեկությունները հրապարակման ենթակա չեն:

13. Հայտատուն, օրենքով սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած տեղեկատվության հավաստիության համար։

14. Հայտը և նրանում ընդգրկված փաստաթղթերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կարգով սահմանված պահանջներին:

15. Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումը ստուգում է հայտի ամբողջականությունը, նրանում ընդգրկված փաստաթղթերի ձևակերպման ճշտությունը և համապատասխանությունը սույն կարգի 11-րդ կետին՝ 8 աշխատանքային օրվա ընթացքում:

16. Հանձնաժողովը, հայտում ոչ էական թերությունների (վրիպակների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերի թերի լինելու դեպքում, դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:

17. Հայտը չի ընդունվում ուսումնասիրության, եթե՝

1) նրանում ընդգրկված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և սույն կարգով սահմանված պահանջներին,

2) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը ակնհայտ կեղծ են կամ խեղաթյուրված, կամ հայտատուն սույն կարգի 16-րդ կետով սահմանված ժամկետում չի վերացրել թերությունները,

3) հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով։

18. Հանձնաժողովը հայտի ուսումնասիրության բացասական արդյունքի մասին գրավոր տեղեկացնում է հայտատուին՝ հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 8 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտի ուսումնասիրության բացասական արդյունքի դեպքում հայտը պահպանվում է Հանձնաժողովում:

19. Հայտատուն, Հանձնաժողովի կողմից հայտի ուսումնասիրության բացասական արդյունքի պատճառները վերացնելուց հետո, դրանք մուտքագրում է Հանձնաժողով։ Այդ դեպքում հայտատուն և Հանձնաժողովն առաջնորդվում են սույն կարգի 15-18-րդ կետերով սահմանված պահանջներով և ժամկետներով:

20. Հայտը բավարարվում կամ մերժվում է Հանձնաժողովի կողմից` այդ հայտի ներկայացումից հետո 23 աշխատանքային օրվա ընթացքում:

21. Հանձնաժողովը Հայտը մերժում է, եթե՝

1) հայտատուն օրենքով սահմանված կարգով անվճարունակ կամ սնանկ է ճանաչված,

2) հայտում բերված տեխնիկական ցուցանիշները չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող տեխնիկական կանոնակարգերին,

3) լիցենզիա տալու դեպքում սահմանափակվում է մեկ այլ լիցենզավորված անձին տրված իրավունքը կամ կարող է բացասական ազդեցություն ունենալ նրա գործունեության տեխնիկական ցուցանիշների վրա,

4) հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվել հայցվող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով,

5) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը կամ տեղեկությունները թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված, չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենքների, իրավական ակտերի կամ սույն կարգի պահանջներին:

22. Հայտի մերժման մասին Հանձնաժողովի որոշումը չի կարող ազդեցություն ունենալ անձի` հաջորդ հայտերի քննարկման վրա:

23. Հանձնաժողովը լիցենզիայի տրման կամ հայտի մերժման մասին որոշման ընդունումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով այդ մասին տեղեկացնում է հայտատուին:

24. Հանձնաժողովը լիցենզիայի տրման կամ հայտի մերժման մասին որոշման պատճենը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է շահագրգիռ անձին:

25. Հանձնաժողովում յուրաքանչյուր լիցենզավորված անձի համար վարվում է հաշվառման գործավարություն և կազմվում անհատական գործ:

26. Լիցենզիա տրամադրելու մասին որոշում ընդունելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովը լիցենզիան՝ մեկ օրինակից, հանձնում է լիցենզավորված անձին, իսկ նրա չներկայանալու դեպքում՝ լիցենզիան պահվում է Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումում՝ մինչև լիցենզավորված անձի ներկայանալը։ Լիցենզիա ստացած անձի ստորագրությամբ լիցենզիայի ստացման կտրոնը (հավելված N 2) պահվում է Հանձնաժողովում։

27. Լիցենզիայի գործողությունը դադարեցվելու դեպքում անհատական գործը պահվում է Հանձնաժողովում:

28. Լիցենզավորման գործընթացին առնչվող Հանձնաժողովի որոշումները ծանոթանալու նպատակով պետք է մատչելի լինեն ցանկացած շահագրգիռ անձի համար, եթե դրանք չեն պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական, ծառայողական կամ առևտրային գաղտնիքներ:

29. Հայտատուն Հանձնաժողով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը կարող է չներկայացնել կամ վճարել պետական տուրքը լիցենզիայի տրման մասին որոշման վերաբերյալ պատշաճ ձևով տեղեկացվելուց հետո՝ սույն կարգի 23-րդ կետում նշված ժամկետում:

30. Պետական տուրքը լիցենզիայի տրման մասին որոշման վերաբերյալ պատշաճ ձևով տեղեկացվելուց հետո՝ սույն կարգի 23-րդ կետում նշված ժամկետում չվճարելու դեպքում Հանձնաժողովն առաջնորդվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

3. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

31. Լիցենզավորված անձի վերակազմակերպման կամ նրա անվանման (անվան), կամ գտնվելու վայրի (բնակության վայրի) փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխությունները իրավական ուժ ստանալու օրվանից սկսած տասնհինգօրյա ժամկետում՝ լիցենզիայի վերաձևակերպման համար հայտ ներկայացնել Հանձնաժողով, կցելով տեղեկություններ պետական գրանցման համարի (պետական հաշվառման համարի) վերաբերյալ: Լիցենզավորված անձը, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի տարածական զարգացում նախաձեռնելու դեպքում, պարտավոր է լիցենզիայի վերաձևակերպման համար հայտ ներկայացնել Հանձնաժողով, կցելով այդ հիմքով վերաձևակերպման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը: Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի տարածական զարգացում է հանդիսանում լիցենզիայում նշված վայրից դուրս որևէ այլ վայրում գործող ցանցային ենթակառուցվածքների ընդլայնումն այնպես, որ նոր ստեղծվող ենթակառուցվածքները ֆիզիկական և տրամաբանական առումով կապակցված լինեն գործող ցանցային ենթակառուցվածքներին:

32. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի տարածական զարգացում նախաձեռնելու և այդ նպատակով հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման) լիցենզիայի վերաձևակերպման դեպքում, որի արդյունքում փոփոխվում է բազային տարեկան պետական տուրքի չափը` տարեկան պետական տուրքը ենթակա է համամասնորեն հաշվարկման և գանձման` հաշվի առնելով մինչև լիցենզիայի վերաձևակերպումը և դրանից հետո նախատեսված տարեկան պետական տուրքի չափերը ու ընթացիկ տարվա այն ամիսների քանակը, որոնց ընթացքում գործել է յուրաքանչյուր տարեկան պետական տուրքի չափը: Ընդ որում, տարեկան պետական տուրքն այն ամսվա համար, երբ կատարվել է վերաձևակերպումը, հաշվարկվում է հիմք ընդունելով վերաձևակերպումից հետո նախատեսված տարեկան պետական տուրքի չափը:

33. Հայտերը բավարարվում կամ մերժվում են Հանձնաժողովի կողմից ոչ ուշ, քան Հայտն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:

34. Հայտը մերժվում է, եթե՝

1) հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.

2) հայտատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն զրկվել է հայցվող գործունեության տեսակով զբաղվելու իրավունքից:

35. Հայտատուն Հանձնաժողով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը կարող է չներկայացնել կամ վճարել պետական տուրքը լիցենզիայի վերաձևակերպման մասին որոշման վերաբերյալ պատշաճ ձևով տեղեկացվելուց հետո՝ սույն կարգի 23-րդ կետում նշված ժամկետում:

36. Պետական տուրքը լիցենզիայի վերաձևակերպման մասին որոշման վերաբերյալ պատշաճ ձևով տեղեկացվելուց հետո՝ սույն կարգի 23-րդ կետում նշված ժամկետում չվճարելու դեպքում Հանձնաժողովն առաջնորդվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

 

Հավելված N 1

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2013 թվականի հուլիսի 31-ի N 272-Ն

որոշմամբ հաստատված կարգի

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

1. Խնդրում եմ տրամադրել լիցենզիա հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործում) գործունեությամբ զբաղվելու համար:

_____________________________________________________________________

(աշխարհագրական տարածքը, մարզը, բնակավայրը, լիցենզիայի գործողության հայցվող ժամկետը)

 

2. Հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

 

3. Սույն դիմումին կցվում են՝

 

1) Գործարար ծրագիր

2) Կապի ոլորտում քաղաքաշինության փաստաթղթերի մշակման լիցենզիա ունեցող անձանց կողմից մշակված հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի տեխնիկական նախագիծ

 

3) ________________________________________________________________

 

4) ________________________________________________________________

 

___________________________________________________________________

(լիցենզավորվող անձի անվանումը, պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը, հարկ վճարողի

    հաշվառման համարը, գտնվելու վայրը (բնակության վայրը), հեռախոսը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը,

__________________________________________________________________

բանկային տվյալները)

   

__________________________

(ղեկավարի անունը, ազգանունը)

___________________________

(ղեկավարի ստորագրությունը)

 

 «___»_____________20__ թվական

 

 

Հավելված N 2

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2013 թվականի հուլիսի 31-ի N 272-Ն

որոշմամբ հաստատված կարգի

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ (ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ ԿՏՐՈՆ

 

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի

 

20__ թվականի __________ «___»-ի N _____ որոշում

 

1. Լիցենզավորված գործունեության տեսակը՝ _____________________________

__________________________________________________________________

2. Լիցենզիայի գրանցման ամսաթիվը «___»_____________20__ թվական

3. Լիցենզիայի գրանցման համարը N _________

4. Ստացված էջերի քանակը՝ ________________

5. Տրված է՝ _________________________________________________________

(լիցենզավորված անձի անվանումը/անունը, ազգանունը,

____________________________________________________________________

գործունեության վայրը (բնակության վայրը), հեռախոսը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը)

__________________________________________________________________

(լիցենզիա ստացողի անունը, ազգանունը, անձնագրի կամ այն փոխարինող փաստաթղթի սերիան և համարը,

__________________________________________________________________

ում կողմից և երբ է տրված)

6. Լիցենզիան ստացվել է՝

 

 

«____»________________20__ թվական

 

___________________________________________

(լիցենզիա ստացողի ստորագրությունը)

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.02.2018, N 29-Ն 03.03.2018, N 272-Ն
10.05.2017, N 155-Ն 11.06.2017, N 272-Ն
10.12.2014, N 453-Ն 05.01.2015, N 272-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան