ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2013 թվականի N 1451-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2334-Ն, 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 890-Ն ԵՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1201-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և նրա կանոնադրությունը հաստատելու մասին» N 2334-Ն որոշման 6-րդ կետի «գ» ենթակետից և որոշմամբ հաստատված կանոնադրության 12-րդ կետի 3-րդ ենթակետից հանել «և հակահրդեհային» բառերը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1229-Ն և 2004 թվականի նոյեմբերի 4-ի N 1630-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի N 508-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 890-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ե» պարբերությամբ.
«ե. որակավորման դասընթացների կազմակերպում՝ համապատասխանության գնահատման մարմինների անձնակազմերի համար»:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 6-ի «Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի N 302-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1201-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12.1-ին կետով.
«12.1. Եթե հավատարմագրման չափանիշներով ՀԳՄ-ի անձնակազմի համար սահմանված են համապատասխան որակավորում ունենալու պահանջներ, ապա որակավորման պահանջը համարվում է բավարարված, եթե անձնակազմի տվյալ անդամն ունի համապատասխան ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ կամ մասնակցել է համապատասխան որակավորման դասընթացներին և ստացել որակավորման վկայական:».
2) կարգի 40-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«40. Հետագա հավատարմագրման դեպքում ՀԳՄ-ն հայտը ներկայացնում է հավատարմագրման ժամկետի ավարտից ոչ ուշ, քան՝ 6 ամիս առաջ, հակառակ դեպքում` ժամկետի փոփոխությունը հիմք է հավատարմագրումը որպես առաջին հավատարմագրում դիտարկելու համար: Սահմանված ժամկետը ՀԳՄ-ի կողմից պահպանելու, ինչպես նաև «Համապատասխանության գնահատման մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն հավատարմագրված ՀԳՄ-ների կողմից հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետի ընթացքում հավատարմագրման հայտ ներկայացնելու դեպքերում, եթե հավատարմագրման գործընթացը չի ավարտվել, ապա ՀԳՄ-ի հավատարմագրման վկայագիրը շարունակում է գործել մինչև խորհրդի կողմից հավատարմագրման վերաբերյալ համապատասխան որոշման ընդունումը:»:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) մեկշաբաթյա ժամկետում «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել սույն որոշման 2-րդ կետից բխող համապատասխան փոփոխություններ.
2) մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետով նախատեսված փոփոխությամբ պայմանավորված՝ որակավորման դասընթացների կազմակերպումն ու անցկացումը «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 25 Երևան |