«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 մարտի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 05011149
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
1 մարտի 2011 թ. |
թիվ 39-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆԿԱԽ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի կողմից անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության կարգը»` համաձայն Հավելվածի (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի հունիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի կողմից անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության կարգը» թիվ 162-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում բանկերն ընդունում են սույն որոշման ուժի մեջ մտնելով պայմանավորված իրավական ակտերը և ընդունելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ:
4. Սույն որոշումը տարածվում է աուդիտորական կազմակերպության կողմից բանկերի 2011 թվականի և դրանից հետո ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի իրականացման վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2011 թ. մարտի 4 |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆԿԱԽ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի (այսուհետ` բանկեր) կողմից անկախ աուդիտորական կազմակերպության ընտրությանը ներկայացվող չափանիշները:
2. Բանկը ներքին իրավական ակտերով սահմանում է աուդիտորական կազմակերպության ընտրության նկատմամբ սույն կարգի 2-րդ գլխում սահմանված չափանիշները մանրամասնող և դրանց գործնական կիրառումն ապահովող ընթացակարգերը, չափանիշների կիրառման մեթոդաբանությունը, աուդիտի ընդգրկման բնագավառները և սույն կարգի պահանջների կատարումն ապահովող այլ դրույթներ: Բանկերը կարող են սահմանել սույն կարգի 2-րդ գլխում սահմանված չափանիշներին չհակասող այլ չափանիշներ:
3. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները սույն կարգի իմաստով ունեն հետևյալ նշանակությունը.
1) «ֆինանսական կազմակերպություն»` բանկ, վարկային կազմակերպություն, ապահովագրական ընկերություն, ներդրումային ընկերություն, ներդրումային ֆոնդի կառավարիչ,
2) «աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտոր»` աուդիտորական կազմակերպության աուդիտորական եզրակացությունը ստորագրող աշխատակից,
3) «աուդիտորական խումբ»` աուդիտորական կազմակերպության աշխատակիցների խումբ, որն անմիջականորեն ընդգրկված է բանկի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի իրականացման մեջ:
Գ Լ ՈՒ Խ 2
ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
4. Բանկն ընտրում է այն աուդիտորական կազմակերպությունը, որը բավարարում է հետևյալ նվազագույն չափանիշներին.
1) բանկի կամ ապահովագրական ընկերության աուդիտի իրականացման առնվազն 5 տարվա փորձ: Ընդ որում, այս չափանիշը չի տարածվում միջազգային ճանաչում ունեցող աուդիտորական կազմակերպությունների վրա (http://www.accountancyage.com/static/top50-this-year, http://accountants.entrepreneur.com/, http://www.vault.com/wps/portal/usa/rankings/landing?rankingId=177®ionId=0 կայքերից որևէ մեկում տեղադրված ցանկում ներառված լավագույն 10 աուդիտորական ցանցերի լիիրավ անդամ հանդիսացող կազմակերպություններ),
2) աուդիտորական կազմակերպության պատասխանատու աուդիտորը պետք է ունենա ֆինանսական կազմակերպության աուդիտորի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և առնվազն 5 բանկի կամ ապահովագրական ընկերության աուդիտի իրականացման փորձ և միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որակավորման (օրինակ՝ Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսը ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական),
3) աուդիտորական խմբում ներգրավված աշխատակիցների առնվազն կեսը պետք է ունենա աուդիտորական կազմակերպությունում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և միջազգային հաշվապահական և (կամ) աուդիտորական որակավորման (օրինակ՝ Էյ-Սի-Սի-Էյ, ՍԻ-Փի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ) փուլերի առնվազն կեսը ավարտած լինելու փաստը հավաստող փաստաթուղթ (վկայական) կամ Հայաստանի աուդիտորների և հաշվապահների ասոցիացիայի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից տրված աուդիտորի որակավորում,
4) աուդիտորական կազմակերպությունը բանկի հետ կնքվող պայմանագրով համաձայնություն է տալիս Կենտրոնական բանկի հրավերով մասնակցելու բանկի, աուդիտորական կազմակերպության և Կենտրոնական բանկի միջև արտաքին աուդիտի արդյունքների քննարկման համար կազմակերպվող եռակողմ հանդիպմանը:
(4-րդ կետը խմբ. 25.06.13 թիվ 163-Ն)
5. Միևնույն պատասխանատու աուդիտորը չի կարող իրականացնել նույն բանկի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտը, եթե տվյալ ֆինանսական տարվան նախորդող 3 ֆինանսական տարիներին անընդմեջ իրականացրել է տվյալ բանկի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտը:
(հավելվածը խմբ. 25.06.13 թիվ 163-Ն)