«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 փետրվարի 2011 թ.
Պետական գրանցման թիվ 05011109
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
8 փետրվարի 2011 թ. |
թիվ 25-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՌԱՐԿԱՅԱԶՈՒՐԿ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԲԱՑՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Առարկայազուրկ մետաղական հաշիվների բացման և վարման կարգը»` համաձայն Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2011 թ. փետրվարի 11 |
ՀԱՎԵԼՎԱԾ Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի փետրվարի 8-ի թիվ 25-Ն որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ԱՌԱՐԿԱՅԱԶՈՒՐԿ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԲԱՑՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է բանկերի կողմից առարկայազուրկ մետաղական հաշիվների բացման և վարման սահմանափակումները` առարկայազուրկ մետաղական հաշիվների բացման և վարման կարգը, առարկայազուրկ մետաղական հաշիվներով թույլատրվող գործառնությունները, սահմանափակումները, տեղեկությունների հրապարակումը, ինչպես նաև կարգավորում է առարկայազուրկ մետաղական հաշիվների վարման կապակցությամբ բանկի և հաճախորդի հարաբերությունները:
2. Սույն կարգի պահանջները չեն տարածվում բանկերի կողմից թանկարժեք մետաղների, ոսկերչական իրերի և այլ արժեքների ի պահ ընդունման գործառնությունների վրա:
3. Սույն կարգի իմաստով առարկայազուրկ մետաղական հաշիվը (այսուհետ` մետաղական հաշիվ) ցպահանջ կամ ժամկետային հաշիվ է, որը նախատեսված է անկանխիկ ոսկու հաշվառման համար, որի համար նշվում է միայն ոսկու հարգը և կշիռը և չեն նշվում այլ անհատական տվյալներ: Մետաղական հաշիվները կարող են բացվել միայն 999.5 կամ 999.9 հարգով: Սույն կարգում օգտագործվող «բանկային ոսկի» և «ոսկու ստանդարտացված ձուլակտոր» հասկացությունները կիրառվում են համապատասխանաբար «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» և «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված նշանակությամբ:
4. Մետաղական հաշիվներում հաշվառվող անկանխիկ ոսկու հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դրամով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) կողմից ոսկու համար հայտարարած հաշվարկային գնով և կշռային արտահայտությամբ` արտահայտված գրամներով` 0.01 գրամ ճշտությամբ կամ տրոյական ունցիաներով` 0.001 տրոյական ունցիա ճշտությամբ: Սույն կարգի իմաստով մեկ տրոյական ունցիան հավասար է 31.10348 գրամի:
Գ Լ ՈՒ Խ 2
ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
5. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը մետաղական հաշիվներ, այդ թվում` այլ բանկերի անկանխիկ ոսկով թղթակցային հաշիվներ բացելու և վարելու համար պետք է ստանան Կենտրոնական բանկի թույլտվությունը:
6. Սույն կարգի 5-րդ կետում նշված թույլտվությունը ստանալու նպատակով Կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը.
1) թույլտվություն ստանալու հայտ,
2) մետաղական հաշիվների բացման, վարման, գնանշման, հսկողության (այդ թվում` ռիսկերի կառավարման) և փակման սկզբունքները, կարգը և գործընթացները նկարագրող ներքին իրավական ակտեր` հաստատված բանկի կառավարման իրավասու մարմնի կողմից,
3) տեղեկանք Լոնդոնի ոսկու շուկայում քլիրինգ իրականացնող առնվազն մեկ բանկում (Լոնդոն Բուլլիոն Քլիերինգ Մեմբեր) (այսուհետ` քլիրինգ իրականացնող բանկ) կամ քլիրինգ իրականացնող բանկում համապատասխան հարգով մետաղական հաշիվ (հաշիվներ) ունեցող առնվազն մեկ բանկում կամ մետաղական հաշիվների բացման և վարման ծառայություններ մատուցող Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առնվազն մեկ բանկում թույլտվություն ստանալու հայտը ներկայացնելու պահի դրությամբ անկանխիկ ոսկով թղթակցային հաշիվ ունենալու վերաբերյալ` նշելով բանկի անվանումը և համապատասխան թղթակցային հաշվի բացման ամսաթիվը, իսկ քլիրինգ իրականացնող բանկում մետաղական հաշիվ (հաշիվներ) ունեցող բանկում թղթակցային հաշիվ ունենալու դեպքում` նաև քլրինգ իրականացնող բանկի անվանումը,
4) Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերում, ինչպես նաև օտարերկրյա բանկերում նոստրո թղթակցային հաշիվների բացման, Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի, ինչպես նաև օտարերկրյա բանկերի կողմից (առկայության դեպքում) լորո թղթակցային հաշիվների բացման, վարման և փակման կարգը, գործընթացները, սույն կարգի 12-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված գործառնություններն իրականացնելու նպատակով թղթակցային հաշիվների միջոցով հաճախորդների մետաղական հաշիվների անկանխիկ փոխանցման իրականացման կարգը և պայմանները նկարագրող բանկի ներքին իրավական ակտերը,
5) մետաղական հաշիվներով մատուցվող ծառայության մանրամասն նկարագրությունը ներառող բանկի ներքին իրավական ակտերը, որոնք պետք է առնվազն պարունակեն`
ա. մատուցման պայմանները (կանոնները), պայմանագրերի ձևերը,
բ. ծառայությունը մատուցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը (տեղեկությունները),
գ. մատուցվող ծառայության սակագների, միջնորդավճարների և գանձվող այլ վճարների, տույժերի և տուգանքների, դրանց կիրառման դեպքերի, ինչպես նաև հաճախորդներին վճարվող տոկոսների կամ այլ եկամտի մասին տեղեկատվությունը, դրանց չափը որոշելու գործընթացը նկարագրող ընթացակարգերը, դրանք փոփոխելու պայմաններն ու կարգը, դրանց փոփոխությունների վրա ազդող գործոնների նկարագրությունը,
դ. անկանխիկ ոսկու գնանշման կարգը,
ե. հաճախորդների համար բանկի կողմից մատուցվող ծառայության հասանելիությունը սահմանափակող բոլոր պայմանները,
զ. բանկի կողմից գործարքները մերժելու (ծառայությունը մատուցելուց հրաժարվելու) չափանիշները և ընթացակարգերը,
է. ծառայության մատուցումը դադարեցնելու ընթացակարգերը, դադարեցման չափանիշները,
ը. սահմանված ընդհանուր պայմաններից տարբերվող պայմաններով ծառայություններ մատուցելու (առավել/նվազ բարենպաստ պայմաններով պայմանագրեր կնքելու) ընթացակարգերը, այդ թվում այն չափանիշները, որոնց հիման վրա բանկի իրավասու մարմնի կողմից կընդունվեն նմանատիպ որոշումներ,
6) բանկի կողմից մետաղական հաշիվներով մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման կարգը նկարագրող ներքին իրավական ակտեր:
7. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված փաստաթղթերը ստանալուց հետո Կենտրոնական բանկը քննում է այդ փաստաթղթերը և 30-օրյա ժամկետում թույլատրում կամ մերժում բանկին մետաղական հաշիվների բացման և վարման թույլտվության տրամադրումը, որի մասին ծանուցում է բանկին մինչև 30-օրյա ժամկետի ավարտը: Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու և (կամ) բանկի կողմից ներկայացված փաստաթղթերում փոփոխություններ, ճշգրտումներ կատարելու անհրաժեշտության դեպքում 30-օրյա ժամկետը կարող է Կենտրոնական բանկի որոշմամբ կասեցվել, բայց ոչ ավելի, քան մեկ անգամ և առավելագույնը 30 օր ժամկետով: Սույն կետում նշված 30-օրյա ժամկետը կասեցնելու վերաբերյալ Կենտրոնական բանկը ծանուցում է բանկին մինչև 30-օրյա ժամկետի ավարտը: Սույն կետում նշված ժամկետներում մետաղական հաշիվների բացման և վարման թույլտվության տրամադրման կամ մերժման կամ 30-օրյա ժամկետի կասեցման վերաբերյալ բանկին չծանուցելու դեպքում բանկին մետաղական հաշիվների բացման և վարման թույլտվությունը համարվում է տրված:
8. Կենտրոնական բանկը կարող է մերժել սույն կարգի 7-րդ կետում նշված հայտը, եթե՝
1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքների, այլ իրավական ակտերի կամ սույն կարգի պահանջներին,
2) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով բանկի կողմից մետաղական հաշիվների բացման և վարման գործունեությամբ զբաղվելը կարող է էականորեն վտանգել բանկի ավանդատուների և (կամ) վարկատուների շահերը:
Գ Լ ՈՒ Խ 3
ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ
9. Մետաղական հաշիվ բացելիս բանկի և հաճախորդի միջև կնքվում է պայմանագիր, որը պարունակում է պայմանագրի բոլոր էական պայմանները և ստորագրվում կողմերի կողմից: Մետաղական հաշիվների պայմանագրի գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է այդ պայմանագրի անվավերության, և նման պայմանագիրն առոչինչ է:
10. Այն դեպքում, երբ մետաղական հաշվի պայմանագրով նախատեսվում է հաշվում անկանխիկ ոսկու նվազագույն քանակի առկայություն, ապա մետաղական հաշիվը բացված է համարվում մետաղական հաշիվը համապատասխան չափի անկանխիկ ոսկով համալրելու պահից:
11. Բանկերն իրենց մոտ մետաղական հաշիվներ բացող (այդ թվում` նույն բանկում արդեն մետաղական կամ այլ հաշիվ ունեցող)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 319-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում բանկային հաշիվներ բացելիս ստորագրությունների նմուշների քարտերը հարկային մարմիններ հաշվառման ներկայացնելու վերաբերյալ կարգում» նշված անձանցից պահանջում են վերջիններիս գործադիր մարմնի ղեկավարի, գլխավոր հաշվապահի, ինչպես նաև հաշվապահական հաշվառման վարման համար պատասխանատու, բանկի հետ ֆինանսական գործարքներ կնքելու լիազորություն ունեցող անձանց ստորագրությունների նմուշների քարտերը հաշվառման ներկայացնել իրենց հաշվառման վայրի (մարզային) տարածքային հարկային մարմին և հարկային մարմնի կողմից վավերացված ստորագրությունների նմուշների քարտերը ներկայացնել բանկին` սույն կետում նշված կարգի համաձայն:
Գ Լ ՈՒ Խ 4
ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐՈՎ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
12. Բանկերը մետաղական հաշիվներով իրականացնում են հետևյալ գործառնությունները.
1) մետաղական հաշվի համալրում` բանկից անկանխիկ ոսկի գնելու և այն մետաղական հաշվին մուտքագրելու միջոցով,
2) մետաղական հաշվի համալրում հաճախորդի կամ այլ անձի նույն բանկում կամ այլ բանկում առկա մետաղական հաշվից ոսկու անկանխիկ փոխանցման միջոցով,
3) մետաղական հաշվի ելքագրում` մետաղական հաշվում առկա անկանխիկ ոսկին բանկին վաճառելու միջոցով,
4) մետաղական հաշվի ելքագրում` հաճախորդի կամ այլ անձի նույն բանկում կամ այլ բանկում առկա մետաղական հաշվին ոսկու անկանխիկ փոխանցում կատարելու միջոցով:
13. Բանկերի կողմից մետաղական հաշիվներով չեն կարող իրականացվել սույն կարգի 12-րդ կետով սահմանված գործառնություններից բացի այլ գործառնություններ, այդ թվում` մետաղական հաշվի վարկավորում, ինչպես նաև մետաղական հաշիվների համալրում կամ ելքագրում ոչ դրամական միջոցներով, բացառությամբ միջբանկային փոխանցումների, որոնց դեպքում անկանխիկ ոսկով թղթակցային հաշիվների համալրումը կամ ելքագրումը կարող է իրականացվել համապատասխան հարգի բանկային ոսկու կամ ոսկու ստանդարտացված ձուլակտորների միջոցով: Մետաղական հաշիվները կարող են գրավադրվել:
14. Սույն կարգի 12-րդ կետով սահմանված գործառնությունները բանկն իրականացնում է հաճախորդի կարգադրության հիման վրա: Առանց հաճախորդի կարգադրության` սույն կարգի 12-րդ կետով սահմանված գործառնությունները կարող են իրականացվել դատարանի վճռի հիման վրա, ինչպես նաև օրենքով կամ բանկի և հաճախորդի միջև պայմանագրով նախատեսված դեպքերում:
15. Սույն կարգի 12-րդ կետի 1-ին կամ 3-րդ ենթակետերով սահմանված գործառնությունների դեպքում բանկը հաճախորդին տրամադրում է անկանխիկ ոսկու առք ու վաճառքի գործառնությունները հաստատող անդորրագիր, որն առնվազն պետք է պարունակի հետևյալ վավերապայմանները (տեղեկատվությունը).
1) բանկի անվանումը (բանկի մասնաճյուղերի կողմից իրականացվող գործարքների դեպքում` նաև բանկի մասնաճյուղի անվանումը),
2) բանկի (բանկի մասնաճյուղերի կողմից իրականացվող գործարքների դեպքում` բանկի մասնաճյուղի) գտնվելու վայրը,
3) բանկային լիցենզիայի համարը,
4) հարկ վճարողի հաշվառման համարը,
5) գործարքի հերթական համարը,
6) գործարքի կատարման ամսաթիվը և ժամը,
7) գործարքի տեսակը («անկանխիկ ոսկու առք» կամ «անկանխիկ ոսկու վաճառք»),
8) գործարքի փոխարժեքը Հայաստանի Հանրապետության դրամով,
9) գնված գումարը (գումարը թվերով և բառերով) և վաճառված անկանխիկ ոսկու հարգը և կշիռը` գրամներով և (կամ) տրոյական ունցիաներով կամ վաճառված գումարը (գումարը թվերով և բառերով) և գնված անկանխիկ ոսկու հարգը և կշիռը` գրամներով և (կամ) տրոյական ունցիաներով,
10) հաճախորդի անունը, ազգանունը (իրավաբանական անձանց ներկայացուցիչների համար նաև կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը և կազմակերպության դրոշմակնիքը),
11) հաճախորդի անձը հաստատող փաստաթղթի տվյալները,
12) հաճախորդի ստորագրությունը,
13) բանկի աշխատակցի ստորագրությունը և համապատասխան դրոշմակնիքը:
16. Սույն կարգի 15-րդ կետում նշված անդորրագրերի վրա կիրառվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հունիսի 8-ի թիվ 293-Ն որոշմամբ հաստատված «Մասնագիտացված անձանց կողմից հաճախորդներին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթղթերի տրամադրման կարգի» 3-րդ գլխի պահանջները:
17. Բանկը պարտավոր է հաճախորդի մետաղական հաշվին մուտք եղող անկանխիկ ոսկին մուտքագրել ոչ ուշ, քան համապատասխան վճարային փաստաթուղթը բանկ մուտք լինելու հաջորդ օրը, եթե ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ օրենքով կամ մետաղական հաշվի պայմանագրով:
18. Ցպահանջ մետաղական հաշվի պայմանագրով բանկը պարտավոր է հաճախորդի կարգադրությամբ հաշվից անկանխիկ ոսկին ելքագրել ոչ ուշ, քան համապատասխան վճարային փաստաթուղթը բանկ մուտք լինելու հաջորդ օրը, եթե ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ օրենքով կամ մետաղական հաշվի պայմանագրով:
19. Ժամկետային մետաղական հաշվի պայմանագրով բանկը պարտավոր է մետաղական հաշվում առկա անկանխիկ ոսկին կամ դրա մի մասը ելքագրել հաճախորդի առաջին իսկ պահանջով` սույն կարգի 18-րդ կետում սահմանված ժամկետներում, բացառությամբ պայմանագրով նախատեսված` իրավաբանական անձանց կողմից վերադարձման այլ պայմաններով բացված մետաղական հաշիվների:
20. Մետաղական հաշիվների բացման և վարման ծառայություններ մատուցող բանկը քլիրինգ իրականացնող բանկում կամ քլիրինգ իրականացնող բանկում համապատասխան հարգով մետաղական հաշիվ (հաշիվներ) ունեցող առնվազն մեկ բանկում կամ մետաղական հաշիվների բացման և վարման ծառայություններ մատուցող Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առնվազն մեկ բանկում պետք է ունենա համապատասխան հարգով անկանխիկ ոսկով թղթակցային հաշիվ` սույն կարգի 12-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված գործառնություններն իրականացնելու նպատակով:
21. Բանկերը կարող են սահմանել մետաղական հաշիվ բացելու համար անհրաժեշտ անկանխիկ ոսկու նվազագույն քանակ, ինչպես նաև հաշիվը համալրելու նվազագույն քայլ:
Գ Լ ՈՒ Խ 5
ՏՈԿՈՍՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՈՒՄԸ
22. Մետաղական հաշիվներով տոկոսների վճարում նախատեսվելու դեպքում հաշվարկված տոկոսների վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դրամով` վճարման օրվա դրությամբ անկանխիկ ոսկու համար տվյալ բանկի կողմից սահմանված գնանշմանը համապատասխան կամ հաճախորդի ցանկությամբ` տվյալ բանկի կողմից այդ օրվա գնանշման համաձայն ավելացվում է հաճախորդի մետաղական հաշվին (միաժամանակ իրականացնելով անկանխիկ ոսկու առք և վաճառք):
23. Բանկերն ամեն օր վերագնահատում են մետաղական հաշիվներում (այդ թվում` տվյալ բանկի կողմից այլ բանկում բացված մետաղական հաշիվներում) առկա մնացորդային ոսկին` տվյալ օրվա համար ոսկու համար Կենտրոնական բանկի կողմից հայտարարած հաշվարկային գնով:
Գ Լ ՈՒ Խ 6
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
24. Բանկերն առնվազն իրենց ինտերնետային կայքում և բանկի գլխամասում և տարածքային ստորաբաժանումներում (որտեղ մատուցվում են մետաղական հաշիվների բացման կամ սպասարկման ծառայությունները)` հաճախորդների համար տեսանելի վայրում տեղադրում են բանկի կողմից սահմանված անկանխիկ ոսկու գնանշումները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը և գրանցումը» կանոնակարգ 1-ի 90.1-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան:
25. Բանկերը մետաղական հաշիվների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակում են համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009թ. հունիսի 2-ի թիվ 166-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, Կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ի (այսուհետ` Կանոնակարգ 8/03) պահանջների:
26. Մետաղական հաշիվների բացման կամ պայմանագրի կնքման վերաբերյալ բանկերի կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կամ ինտերնետ ցանցում տեղադրված որևէ գովազդ, հայտարարություն, առաջարկ, օֆերտա կամ օֆերտա անելու հրավեր, բացի Կանոնակարգ 8/03-ով սահմանված պահանջներից, պետք է հիշատակի նաև, որ մետաղական հաշիվները չեն հատուցվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
27. Ֆիզիկական անձանց հետ կնքվող մետաղական հաշվի պայմանագրում աչքի ընկնող և ընդգծված ձևով (այլ տառատեսակով, մեծ տառաչափով, այլ գույնով և (կամ) այլ ձևով) նշվում է, որ մետաղական հաշիվները չեն հատուցվում Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
28. Մետաղական հաշվի պայմանագրում առնվազն նշվում են մետաղական հաշիվների գծով թույլատրվող գործառնությունները, մետաղական հաշիվների մուտքագրման և ելքագրման կարգը, սակագների, իսկ տոկոսների վճարում նախատեսելու դեպքում` նաև դրանց հաշվարկման և վճարման (գանձման) կարգը և պայմանները, ինչպես նաև հետևյալ տեղեկատվությունը.
1) նշում այն մասին, որ հաճախորդը հնարավորություն ունի բանկի և հաճախորդի միջև կնքվող գործարքից բխող բողոք-պահանջները ներկայացնել Ֆինանսական համակարգի հաշտարարին: Այն դեպքում, երբ բանկը Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր չի կնքել, նշում այդ մասին` համաձայն Կենտրոնական բանկի կողմից սահմանված նորմատիվ իրավական ակտերի,
2) եթե պայմանագրի առնչությամբ բանկի և հաճախորդի միջև կնքվում է արբիտրաժային համաձայնություն, ապա գրավոր բացահայտվում է կողմերի իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ բավարար տեղեկատվություն: Պայմանագրին կից տրամադրվում է վեճերի լուծման վերաբերյալ բացատրական տեղեկատվություն` համաձայն Կենտրոնական բանկի կողմից սահմանված նորմատիվ իրավական ակտերի
Գ Լ ՈՒ Խ 7
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
29. Կենտրոնական բանկը կարող է կասեցնել սույն կարգի 5-րդ կետում նշված թույլտվությունը (այսուհետ` սույն գլխի իմաստով թույլտվություն) բանկի կողմից սույն կարգով կամ այլ իրավական ակտերով սահմանված պահանջները խախտելու դեպքում: Թույլտվությունը կասեցնելու վերաբերյալ Կենտրոնական բանկի որոշումը բանկին ծանուցելու օրվան հաջորդող օրվանից, եթե թույլտվությունը կասեցնելու մասին Կենտրոնական բանկի որոշմամբ ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ, մինչև թույլտվության կասեցման վերացումը բանկն իրավունք չունի կնքել մետաղական հաշվի նոր պայմանագրեր կամ երկարաձգել գործող պայմանագրերը, ինչպես նաև նախատեսել մետաղական հաշվի գործող պայմանագրի այնպիսի փոփոխություններ, որոնց արդյունքում տեղի է ունենում մետաղական հաշվի հաշվետիրոջ փոփոխություն: Թույլտվության կասեցումը վերացված է համարվում կասեցման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրվանից: Եթե Կենտրոնական բանկի որոշմամբ թույլտվության կասեցման ժամկետը սահմանվել է մինչև խախտման պատճառի վերացումը, ապա թույլտվության կասեցման վերացման համար անհրաժեշտ է Կենտրոնական բանկի համապատասխան որոշումը, որը կարող է ընդունվել ինչպես Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ, այնպես էլ բանկի միջնորդագրի հիման վրա: Ընդ որում, Կենտրոնական բանկը կարող է մերժել սույն մասով նախատեսված միջնորդագիրը, եթե չեն վերացվել խախտման պատճառները: Թույլտվության կասեցման ընթացքում բանկն իրավունք ունի սպասարկել թույլտվությունը կասեցնելու վերաբերյալ Կենտրոնական բանկի որոշման ընդունման օրվա դրությամբ առկա մետաղական հաշիվները` իրականացնելով սույն կարգի 12-րդ կետով սահմանված գործառնությունները:
30. Կենտրոնական բանկը կարող է բանկի կողմից սույն կարգով կամ այլ իրավական ակտերով սահմանված պահանջները խախտելու դեպքում թույլտվությունը ուժը կորցրած ճանաչել: Թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Կենտրոնական բանկի որոշումը բանկին ծանուցելու օրվան հաջորդող օրվանից, եթե թույլտվությունը ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի որոշմամբ ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ, բանկն իրավունք չունի կնքել մետաղական հաշվի նոր պայմանագրեր կամ երկարաձգել գործող պայմանագրերը: Թույլտվության դադարեցման դեպքում բանկն իրավունք ունի սպասարկել թույլտվությունը դադարեցնելու վերաբերյալ Կենտրոնական բանկի որոշման ընդունման օրվա դրությամբ առկա մետաղական հաշիվները` իրականացնելով սույն կարգի 12-րդ կետով սահմանված գործառնությունները, բացառությամբ այն դեպքերի, երբ թույլտվությունը դադարեցնելու վերաբերյալ Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանվել է, որ բանկը պարտավոր է մարել մետաղական հաշիվներով ստանձնած բոլոր պարտավորությունները` դրանք մարելու կամ այլ բանկի փոխանցելու միջոցով: Թույլտվությունը ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Կենտրոնական բանկի որոշումը բանկին ծանուցելու օրվան հաջորդող օրվանից երկու տարվա ընթացքում բանկը չի կարող դիմել Կենտրոնական բանկ` մետաղական հաշիվներ, այդ թվում` այլ բանկերի անկանխիկ ոսկով թղթակցային հաշիվներ բացելու և վարելու թույլտվություն ստանալու նպատակով:
Գ Լ ՈՒ Խ 8
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
31. Մետաղական հաշիվներով ներգրավվող միջոցները ենթակա են պահուստավորման Կենտրոնական բանկում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կանոնակարգումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» Կանոնակարգ 2-ով (այսուհետ` Կանոնակարգ 2) սահմանված կարգով:
32. Մետաղական հաշիվների գծով արտարժութային ռիսկի հաշվարկն իրականացվում է Կանոնակարգ 2-ով սահմանված կարգով:
33. Բանկերը մետաղական հաշիվների գծով կատարված անկանխիկ ոսկու առուվաճառքից ստացված եկամուտների և (կամ) ծախսերի` հարկային նպատակով ճանաչումն իրականացնում են համապատասխան պետական մարմնի կողմից սահմանված կարգով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
20.02.2024, թիվ 37-Ն | 14.03.2024, թիվ 25-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|