Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
26 դեկտեմբերի 2013 թվականի N 53
19. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲՐՈՒՑԵԼՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲՐՈՒՑԵԼՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների և բնակչության շրջանում ստեղծված բրուցելոզ հիվանդության անասնահամաճարակային և համաճարակային բարդ իրավիճակը՝
1. Հավանություն տալ`
1) Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների բրուցելոզ հիվանդության դեմ պայքարի հայեցակարգին՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների բրուցելոզ հիվանդության դեմ պայքարի հայեցակարգի իրականացման միջոցառումների ժամանակացույցին` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. փետրվարի 10 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2013 թ. դեկտեմբերի 26-ի նիստի N 53 արձանագրային որոշման |
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲՐՈՒՑԵԼՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Բրուցելոզը հանդիսանում է մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդություն, որի դեմ պայքարի համալիր միջոցառումների իրականացումը հանդիսանում է առողջապահության և անասնաբուժության ոլորտներում պետության կողմից ձեռնարկվող առաջնահերթ խնդիրներից մեկը: Բրուցելոզը մարդկանց փոխանցվում է հիվանդ կենդանիներից կամ ախտահարված կենդանական ծագման մթերքների օգտագործման ժամանակ: Հայաստանի Հանրապետությունում բրուցելոզ հիվանդության համաճարակային իրավիճակը պայմանավորված է դրա բնական պարբերականությամբ, սեզոնայնությամբ, հիվանդության մշտական օջախների առկայությամբ, գյուղատնտեսական և վայրի կենդանիների տեղաշարժերի անվերահսկելիությամբ, ֆինանսական և նյութական ռեսուրսների անբավարարվածությամբ և այլ գործոններով: Բրուցելոզ հիվանդությունը մարդկանց մոտ կարող է առաջացնել անպտղություն, հանգեցնել հաշմանդամության և նույնիսկ՝ մահվան, իսկ գյուղատնտեսական կենդանիների մոտ անոթային, հենաշարժիչ, մարսողական, միզասեռական և վերարտադրողական օրգանների և համակարգերի ախտահարումների, հղի կենդանիների մոտ՝ զանգվածային վիժումների: Այս հանգամանքը զգալի վնաս է հասցնում հատկապես գյուղատնտեսությանը: Վերլուծությունները ցույց են տալիս, որ բրուցելոզ հիվանդության հետևանքով հանրապետությունում տարեկան պակաս է արտադրվում ավելի քան 5,0 հազար տոննա կաթ, շուրջ 3,0 հազար գլուխ խոշոր եղջերավոր և գրեթե 10 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանիների մատղաշ, վերջինով պայմանավորված պակաս է ստացվում շուրջ 1000 տոննա տավարի և 400 տոննա ոչխարի միս: Ընդհանուր առմամբ բրուցելոզ հիվանդության հետևանքով մեր երկրում տարեկան պակաս է արտադրվում ավելի քան 2.2 մլդ դրամին համարժեք կենդանական ծագման մթերք և հումք: Վերջին տարիներին հանրապետության ազգաբնակչության շրջանում և գյուղատնտեսական կենդանիների մոտ նկատվող բրուցելոզ հիվանդության ակտիվացման միտումները հրատապ է դարձնում հիվանդության դեմ պայքարի հայեցակարգի մշակումը և դրա շրջանակներում համալիր միջոցառումների իրականացումը:
II. ՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԲՐՈՒՑԵԼՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆԱՍՆԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ
1. Հետխորհրդային ժամանակաշրջանի առաջին տարիներին հակահամաճարակային միջոցառումներ իրականացնելու համար անհրաժեշտ կենսապատրաստուկներ և ախտորոշիչ միջոցներ ձեռք են բերվել մասնակի: Կենդանիների ամբողջ գլխաքանակը չի ենթարկվել ախտորոշիչ շիճուկաբանական պլանային հետազոտությունների, որի հետևանքով բրուցելոզով հիվանդ կենդանիները մնացել են նախիրների կամ հոտերի մեջ առողջ կենդանիների համար դառնալով վարակի սկզբնական աղբյուր, չեն կատարվել բրուցելոզով հիվանդ կենդանիների լիարժեք հայտնաբերում, հաշվառում, հարկադիր սպանդ, ինչպես նաև համաճարակային իրավիճակի վերլուծություն:
Հետագայում՝ սկսած 1990-ական թվականների վերջերից, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ամենամյա ֆինանսավորման շնորհիվ ««Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում իրականացվել են գյուղատնտեսական կենդանիների կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներ, որոնցում ընդգրկվել է նաև բրուցելոզ հիվանդության նկատմամբ խոշոր և մանր եղջերավոր կենդանիների ախտորոշումը: Հանրապետության գյուղատնտեսական կենդանիների շրջանում բրուցելոզ հիվանդության դեմ պայքարի նպատակով Միավորված Ազգերի Կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից իրականացված՝ «Աջակցություն Հայաստանում բրուցելոզ հիվանդության վերահսկողությանը» ծրագրի շրջանակներում 2008 թվականի փետրվար-մարտ ամիսներին Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում ընտրանքային կարգով կատարված խոշոր և մանր եղջերավոր կենդանիների շիճուկաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ խոշոր եղջերավոր կենդանիների մոտ բրուցելոզով վարակվածությունը կազմել է 1,17 %, ոչխարների մոտ` 1,49%, այծերի մոտ` 2.73%:
2012 թվականին հանրապետությունում շիճուկաբանական մեթոդով հետազոտման ենթարկված 572761 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներից 1605 գլուխը (0,28%), իսկ 286426 գլուխ մանր եղջերավոր կենդանիներից 1170 գլուխը (0,4%) հիվանդ են եղել բրուցելոզով: Հետազոտությունների տվյալները փաստել են, որ Հայաստանի Հանրապետությունում խոշոր և մանր եղջերավոր կենդանիների բրուցելոզն ունի լայն տարածում, թեև տարբեր մարզերում հիվանդության տարածվածության և վարակվածության աստիճանը տարբեր է: Բրուցելոզ հիվանդության նկատմամբ առավել վարակունակ են բարձր մթերատու և մաքրացեղ խոշոր եղջերավոր կենդանիները:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրականացված համաճարակաբանական վերլուծությունները վկայում են, որ Հայաստանի Հանրապետությունում 2012 թվականի ընթացքում դիտվել է բրուցելոզ հիվանդության դեպքերի արձանագրման նվազման միտում, սակայն բնակչության շրջանում դեպքերի արձանագրումը դեռևս մնում է բարձր մակարդակի վրա` պայմանավորված գյուղատնտեսական կենդանիների շրջանում բրուցելոզ հիվանդության տարածվածությամբ:
2012 թվականի ընթացքում բնակչության շրջանում արձանագրվել է բրուցելոզի առաջնակի հայտնաբերված 227 դեպք (ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվարկով՝ 6,9), որից 8-ն արձանագրվել է 0-14 տարեկան երեխաների շրջանում (ցուցանիշը՝ 1,4), 2011 թվականին համապատասխանաբար` 260 դեպք (ցուցանիշը` 8,0), 18-ը` 0-14 տարեկան երեխաների շրջանում (ցուցանիշը՝ 3,0), 2010 թվականին` 295 դեպք (ցուցանիշը՝ 9,2), որից 32-ը` 0-14 տարեկան երեխաների շրջանում (ցուցանիշը՝ 1), 2009 թվականին` 346 դեպք (ցուցանիշը` 10,7), որից 33-ը` 0-14 տարեկան երեխաների շրջանում (ցուցանիշը՝ 5,4), 2008 թվականին` 289 դեպք (ցուցանիշը` 8.95), որից 24-ը` 0-14 տարեկան երեխաների շրջանում (ցուցանիշը՝ 3.84), 2007 թվականին` 247 դեպք (ցուցանիշը` 7,7), որից 25-ը` 0-14 տարեկան երեխաների շրջանում (ցուցանիշը՝ 3,8), 2006 թվականին` 174 դեպք (ցուցանիշը` 5,4), որից 20-ը` 0-14 տարեկան երեխաների շրջանում (ցուցանիշը՝ 2,9), 2005 թվականին` 151 դեպք (ցուցանիշը՝ 4,7), որից 18-ը` 0-14 տարեկան երեխաների շրջանում (ցուցանիշը՝ 2,5):
Ըստ մարզերի վերլուծությունների 2012 թվականի ընթացքում բրուցելոզի առավել մեծ թվով դեպքեր արձանագրվել են Արարատում 58 դեպք (0-14 տարեկան երեխաների շրջանում` 2) Սյունիքում` 52 դեպք (0-14 տարեկան երեխաների շրջանում` 1), Արագածոտնում` 39 դեպք (0-14 տարեկան երեխաների շրջանում` 1), Արմավիրում` 36 դեպք (0-14 տարեկան երեխաների շրջանում` 4):
Երևան քաղաքում 2012 թվականի ընթացքում արձանագրվել է առաջնակի հայտնաբերված բրուցելոզի 15 դեպք (ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվարկով կազմում է 1,3), 0-14 տարեկան երեխաների շրջանում դեպքեր չեն արձանագրվել:
2011 թվականի ընթացքում արձանագրվել է առաջնակի հայտնաբերված բրուցելոզի 25 դեպք (ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվարկով կազմում է 2,2), որից 3-ը` 0-14 տարեկան երեխաների շրջանում (ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվարկով կազմում է 1.6), 2010 թվականին`26 դեպք (ցուցանիշը` 2,2), որից 4-ը` 0-14 տարեկան երեխաների շրջանում (ցուցանիշը` 1.4), 2009 թվականին` 36 դեպք (ցուցանիշը` 3,2), որից 3-ը` 0-14 տարեկան երեխաների շրջանում (ցուցանիշը` 1.6), 2008 թվականին` 51 դեպք (ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվարկով՝ 4.6), որից 5-ն արձանագրվել է 0-14 տարեկան երեխաների շրջանում (ցուցանիշը՝ 2.6):
3. Թեև հիվանդությունն առավել տարածված է գյուղական ազգաբնակչության շրջանում, այնուամենայնիվ այս հիվանդությունը խիստ վտանգավոր է անասնաբուծությամբ զբաղվող գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների անդամների, անասնաբույժների, սերմնավորող տեխնիկների, անասնապահների, կթվորների, հովիվների, ինչպես նաև հիվանդ կենդանիների և հիվանդության հարուցիչներ պարունակող սննդամթերքի և հումքի հետ շփվող անձանց համար:
4. Բրուցելոզ հիվանդության կանխարգելման և դրա դեմ արդյունավետ պայքար կազմակերպելու նպատակով առանձնակի կարևորվում է համաճարակաբանական և անասնաբուժական հսկողության, արագ արձագանքման և ախտորոշիչ միջոցառումների իրականացման գործընթացներում շահագրգիռ բոլոր մարմինների սերտ համագործակցությունը:
III. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
5. Հայեցակարգի նպատակը` շահագրգիռ կառույցների հետ համատեղ մարդկանց և կենդանիների համար ընդհանուր բրուցելոզ հիվանդության դեմ պայքարի համալիր միջոցառումների իրականացումն է: Հայեցակարգի գործադրումը հնարավորություն կընձեռի լուծել հետևյալ խնդիրները՝
1) շիճուկաբանական մեթոդներով հիվանդ կենդանիների հայտնաբերումը և հարկադիր մորթի իրականացումը,
2) բրուցելոզի նկատմամբ պատվաստումների միջոցով կենդանիների մոտ կայուն վարակամերժության ապահովումը,
3) վարակի հետագա տարածման կանխումը,
4) կենդանիների շրջանում հիվանդության դեպքերի նվազեցումը,
5) սպառողների կողմից օգտագործվող կենդանական ծագման մթերքների անվտանգության մակարդակի բարձրացումը,
6) կենդանիների շրջանում բրուցելոզ հիվանդության անասնահամաճարակաբանական և անասնաբուժական հսկողության համակարգի, ինչպես նաև շահագրգիռ կառույցների միջև տեղեկատվության փոխանակման մեխանիզմների կատարելագործումը,
7) արագ արձագանքման գործիքների ներդրումը և առկա կարողությունների զարգացումը,
8) լաբորատոր ախտորոշիչ մեթոդների միջազգային չափորոշիչներին համապատասխանեցումը:
IV. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
6. Բրուցելոզ հիվանդության դեմ պայքարի համալիր միջոցառումների իրականացման մեկնարկային քայլ պետք է հանդիսանա հիվանդության համաճարակաբանական և անասնահամաճարակաբանական համալիր վերլուծությունը, որը հնարավորություն կընձեռի պարզել բնակչության և կենդանիների շրջանում հիվանդության տարածվածության աստիճանը, բացահայտել վտանգավոր գոտիները, դրանք գույքագրել և քարտեզագրել:
7. Գյուղատնտեսական կենդանիների մոտ բրուցելոզ հիվանդության ախտորոշման արդյունավետության բարձրացման նպատակով անհրաժեշտ է հետևողական աշխատանք տանել ախտորոշման ենթակա ողջ անասնագլխաքանակն այդ միջոցառումներում ներառելու ուղղությամբ՝ առանձնակի ուշադրություն դարձնելով հատկապես անասնատեղաշարժերի գործընթացում ընդգրկված կենդանիների ներգրավմանը: Ախտորոշիչ հետազոտությունները նպատակահարմար է իրականացնել հետևյալ ընթացակարգով.
1) խոշոր եղջերավոր բոլոր սեռահասուն էգ կենդանիների և արտադրող ցուլերի տարեկան 2 անգամ (վեցամսյա ընդմիջումով) ախտորոշում՝ շիճուկաբանական մեթոդներով (նախ Ռոզ-Բենգալ թեստ, որի արդյունքում դրական հակազդած կենդանիների իմունաֆերմենտային կամ որևէ մեկ այլ նախընտրելի մեթոդով կրկնակի ախտորոշում): Երկու մեթոդով դրական հակազդած կենդանիների մեկուսացում և 15-օրվա ընթացքում դրանց հարկադիր մորթի ենթարկում.
2) մանր եղջերավոր բոլոր սեռահասուն էգ կենդանիների և արտադրող խոյերի տարեկան 1 անգամ ախտորոշում՝ շիճուկաբանական մեթոդներով (նախ Ռոզ-Բենգալ թեստ, որի արդյունքում դրական հակազդած կենդանիների իմունաֆերմենտային կամ որևէ մեկ այլ նախընտրելի մեթոդով կրկնակի ախտորոշում): Երկու մեթոդով դրական հակազդած կենդանիների մեկուսացում և 15-օրվա ընթացքում դրանց հարկադիր մորթի ենթարկում.
3) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում բրուցելոզ հիվանդության դեմ պայքարի նպատակով իրականացված մանր եղջերավոր կենդանիների պատվաստման փորձնական ծրագրի արդյունքների ամփոփումից և միջազգային փորձից ելնելով անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետությունում կիրականացվի գյուղատնտեսական կենդանիների բրուցելոզ հիվանդության դեմ պատվաստումներ: Պատվաստումը իրականացվելու է մանր եղջերավոր կենդանիների սեռահասուն տարիքի ոչ հղի և լակտացիայի շրջանում չգտնվող մայր ոչխարների և այծերի, ինչպես նաև վերարտադրության համար պիտանի 3-8 ամսական էգ գառների և ուլերի «REV-1» պատվաստանյութով: Լաբորատոր հետազոտությունների հիման վրա, պատվաստումներից մեկ տարի անց դրական հակազդած կենդանիներին 15-օրվա ընթացքում հարկադիր մորթի ենթարկում: 2014 թվականից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում նախատեսվում է իրականացնել խոշոր և մանր եղջերավոր կենդանիների համատարած պատվաստումներ բրուցելոզ հիվանդության նկատմամբ:
Բրուցելոզի դեմ պայքարի միջոցառումներն արդյունավետ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից նոր խմբագրությամբ կլրամշակվի հիվանդության դեմ պայքարի համալիր միջոցառումների հրահանգ:
Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների մոտ բրուցելոզ հիվանդության ախտորոշման գործընթացում ժամանակակից մեթոդների կիրառման և դրանք բոլոր համայնքներում հասանելի դարձնելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից կմշակվի համապատասխան մեթոդական ուղեցույց, իսկ համայնքային անասնաբույժների համար կկազմակերպվեն ուսուցողական դասընթացներ՝ հիվանդության դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման և իրականացման վերաբերյալ:
8. Բրուցելոզի նկատմամբ անապահով բնակավայրերի շրջակա միջավայրում հարուցչի ոչնչացման նպատակով անհրաժեշտ է կատարել վտանգավոր գոտիների, տնտեսությունների անասնաշենքերի և դրանք շրջապատող տարածքի պարբերական ախտահանություններ:
9. Գյուղատնտեսական կենդանիների բրուցելոզ հիվանդության դեմ պայքարի միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է հանրապետությունում ներդնել կենդանիների համատարած հաշվառում, համարակալում և անձնագրավորում, որի համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից մշակվել է և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացվել ««Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառման, համարակալման և անձնագրավորման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
10. Վերոնշյալ միջոցառումներին զուգահեռ, անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել գյուղատնտեսական կենդանիների մորթն աստիճանաբար սպանդանոցներում իրականացնելու, անասնաշուկաներում կենդանիների զննման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու, ինչպես նաև կենդանիների տեղաշարժը լիարժեք վերահսկելի դարձնելու ուղղությամբ:
V. ՌԻՍԿԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒՅՈՒՆ
11. Հայեցակարգի իրականացմանը խոչընդոտող գործոններ կարող են հանդիսանալ հետևյալ ռիսկերը`
1) հանրապետության բնակչության և կենդանիների շրջանում բրուցելոզ հիվանդության տարածվածության վերաբերյալ թերի և ոչ հավաստի տեղեկատվության հավաքագրում;
ա. այս ռիսկի ազդեցությունը կարող է իսպառ վերանալ Հայաստանի Հանրապետության առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունների համապատասխան կառույցների հետևողական և համագործակցված գործունեության շնորհիվ,
2) գյուղատնտեսական կենդանիների մոտ բրուցելոզ հիվանդության դեպքերի ավելացում;
ա. այս ռիսկի ազդեցությանը կարող է առավելագույնս մեղմանալ հիվանդության ախտորոշումը ժամանակին և արդյունավետ իրականացնելու արդյունքում,
3) բրուցելոզ հիվանդության ախտորոշման գործընթացում ոչ լրիվ գլխաքանակի ընդգրկում;
ա. այս ռիսկի ազդեցությունը կտրուկ կմեղմանա կենդանիների տեղաշարժի նկատմամբ անհրաժեշտ հսկողություն սահմանելու արդյունքում և արդյունավետ կգործի գյուղատնտեսական կենդանիների համատարած հաշվառման, համարակալման և անձնագրավորման գործընթացի ներդրման արդյունքում,
4) գյուղատնտեսական կենդանիների բրուցելոզ հիվանդության դեմ համալիր պայքարի միջոցառումների ցածր արդյունավետություն;
ա. այս ռիսկի հաղթահարման նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարության կողմից կմշակվի «գյուղատնտեսական կենդանիների բրուցելոզ հիվանդության ախտորոշման, կանխարգելման և պայքարի մեթոդական հրահանգ», իսկ համայնքային անասնաբույժների համար կկազմակերպվեն այդ հիվանդության դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման և իրականացման վերաբերյալ ուսուցողական դասընթացներ:
VI. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
12. Հայեցակարգով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում հնարավորություն կընձեռվի մեղմացնել բնակչության և գյուղատնտեսական կենդանիների շրջանում բրուցելոզ հիվանդության տարածման միտումները և լուծել հետևյալ խնդիրները.
1) գյուղատնտեսական կենդանիների տեղաշարժի նկատմամբ վերահսկողությունը և բրուցելոզ հիվանդության դեմ պայքարի միջոցառումների արդյունավետության բարձրացումը,
2) հանրապետությունում արտադրվող կենդանական ծագման մթերքների անվտանգության մակարդակի բարձրացումը,
3) գյուղատնտեսական կենդանիներից մարդկանց փոխանցվող բրուցելոզ հիվանդության դեպքերի նվազեցումը և շահագրգիռ կազմակերպությունների միջև ակտիվ համագործակցությունը,
4) բրուցելոզ հիվանդության ախտորոշման, կանխարգելման և պայքարի ժամանակակից մեթոդների կիրառումը («Էլայզա» թեստի ներդրում),
5) հանրապետության տավարի նախիրների և ոչխարի հոտերի արագացված առողջացման գործընթացի ներդրումը` գյուղատնտեսական կենդանիների շրջանում համատարած հակաբրուցելոզային պատվաստումներ իրականացնելու միջոցով,
6) հայեցակարգի ընդունման արդյունքում բրուցելոզով հիվանդ կենդանիների գլխաքանակի կրճատումը,
7) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, առողջապահության և արտակարգ իրավիճակների նախարարությունների առջև թափանցիկ տեղեկատվության ապահովում, մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների նոր դեպքերի նկատմամբ արագ արձագանքում` հիվանդությունների համալիր ինտեգրված էլեկտրոնային հսկողության համակարգի միջոցով:
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2013 թ. դեկտեմբերի 26-ի նիստի N 53 արձանագրային որոշման |
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների բրուցելոզ հիվանդության դեմ պայքարի հայեցակարգի իրականացման միջոցառումների
N |
Միջոցառումը |
Ակնկալվող արդյունքը |
Կատարման ժամկետը |
Կատարողը |
Համակատարողը |
Ֆինանսավորման աղբյուրը |
1. |
Գյուղատնտեսական կենդանիների բրուցելոզ հիվանդության ախտորոշման, կանխարգելման և պայքարի մեթոդական հրահանգի նոր խմբագրության ներկայացում |
Հիվանդության ախտորոշման, կանխարգելման և պայքարի ժամանակակից մեթոդների ներդրում |
2014 թվականի հունիսի |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում |
2. |
Հիվանդության դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման և իրականացման վերաբերյալ ուսուցողական դասընթացների կազմակերպում |
Համայնքային անասնաբույժների իրազեկվածության մակարդակի բարձրացում` հիվանդության դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման և իրականացման վերաբերյալ (դասընթացներում կընդգրկվեն շուրջ 800 անասնաբույժ) |
2014 թվականի |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, |
Դոնոր կազմակերության միջոցով |
3. |
Գյուղատնտեսական կենդանիների մոտ բրուցելոզ հիվանդության բացահայտման համալիր միջոցառումների իրականացում |
Հանրապետության 599000 գլուխ խոշոր և 499000 մանր եղջերավոր կենդանիների մոտ շուրջ 1.2 մլն արյան նմուշառում, ախտորոշիչ թեստերի իրականացում, արդյունքնեերի ամփոփում |
Ամենամյա |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
««Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, |
Պետական բյուջե «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում |
4. |
Գյուղատնտեսական կենդանիների բրուցելոզ հիվանդության դեմ պատվաստման փորձնական (պիլոտային) ծրագրի իրականացում և արդյունքների ամփոփում |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում խոշոր և մանր եղջերավոր կենդանիների համատարած պատվաստում բրոցելոզ հիվանդության նկատմամբ |
2013-2015 թվականների |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն |
«Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպություն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն |
Զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալության կողմից տրամադրված դրամաշնորհ |
5. |
Հայաստանի Հանրապետությունում հիվանդությունների համալիր ինտեգրված էլեկտրոնային հսկողության համակարգի ներդրում |
Կենդանիների և մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների նոր դեպքերի նկատմամբ արագ արձագանքում, տեղեկատվության փոխանակման կատարելագործում |
2014-2016 թվականների 4-րդ եռամսյակ |
Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալություն և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն |
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, |
Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալության կողմից տրամադրված դրամաշնորհ |
