ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
22 հունվարի 2010 թ. |
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳԱՂՏՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի հունիսի 14-ին Մոսկվայում ստորագրված` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների գաղտնի կառավարման համակարգ ստեղծելու հիմնական սկզբունքների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` մուտքագրված 24.11.2009թ.:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների գաղտնի կառավարման համակարգ ստեղծելու հիմնական սկզբունքների մասին համաձայնագիրն ստորագրվել է 2009 թվականի հունիսի 14-ին Մոսկվայում` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների գաղտնի կառավարման համակարգ ստեղծելու նպատակով:
2. Գաղտնի կառավարման համակարգը Կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման համակարգի բաղկացուցիչ մասն է և հիմնվում է հավաքական անվտանգության տարածաշրջաններում (շրջաններում) Կողմերի զորքերի (ուժերի) գաղտնի կառավարման համակարգերի և կապի միջոցների տարրերի վրա:
3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
● ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները գաղտնիության պայմանակարգի և գաղտնի տեղեկատվության պահպանության ապահովման ուղղությամբ,
● ինքնուրույն կրել համաձայնագրի կատարման ընթացքում առաջացած ծախսերը, եթե յուրաքանչյուր կոնկրետ դեպքում այլ կարգ չի համաձայնեցվում, և այլն:
4. Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարվելու մասին չորրորդ գրավոր ծանուցումն ավանդապահի ստանալու օրվանից:
Անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան գրավոր ծանուցումն ավանդապահին հանձնելու օրվանից:
5. Համաձայնագիրը կատարված է մեկ բնօրինակով, ռուսերեն: Համաձայնագրի բնօրինակը պահվում է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության քարտուղարությունում, որը համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա վավերացված պատճենը:
6. Համաձայնագրում ամրագրված դրույթները համահունչ են ՀՀ Սահմանադրության 8.2-րդ և 9-րդ հոդվածներին և բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման սահմանադրական սկզբունքից:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2009 թվականի հունիսի 14-ին Մոսկվայում ստորագրված` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների գաղտնի կառավարման համակարգ ստեղծելու հիմնական սկզբունքների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|