«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 նոյեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 2006 թվականի N 1586-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԵՐԿՐԱՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը և Հայաստանի Հանրապետությունում վերականգնվող երկրաջերմային էներգետիկայի կարողությունների ուսումնասիրման և զարգացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա ՍԱ» կազմակերպության միջև կնքվող փոխըմբռնման հուշագրի նախագծին` համաձայն հավելվածի:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել փոխըմբռնման հուշագիրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. նոյեմբերի 10 |
Հավելված |
Փ Ո Խ Ը Մ Բ Ռ Ն Մ Ա Ն Հ ՈՒ Շ Ա Գ Ի Ր
Սույն փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է 2006 թ. նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության կառավարության` ի դեմս ՀՀ էներգետիկայի նախարար պրն Արմեն Մովսիսյանի (այսուհետ` ՀՀ կառավարություն) և «Կորպորասիոն Ամերիկա ՍԱ» կազմակերպության` ի դեմս Էդուարդո Էռնեկյանի (այսուհետ` Ներդրող) միջև:
Հաշվի առնելով ՀՀ կառավարության շահագրգռվածությունն էներգիայի առաջնային աղբյուրների տարատեսականացման միջոցով Հայաստանի Հանրապետությունում զարգացնելու էներգետիկ անկախությունը,
Հաշվի առնելով ՀՀ կառավարության շահագրգռվածությունը Հայաստանի Հանրապետությունում զարգացնելու վերականգնողական էներգետիկան,
Հաշվի առնելով, որ էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունը (այսուհետ` ԷԲԸ) համաձայն օրենքի պարտավոր է գնել վերականգնողական էներգիա արտադրողների կողմից արտադրված ամբողջ էլեկտրաէներգիան,
Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարությունը հանգել է այն եզրակացության, որ կից ներկայացված քարտեզում ուրվագծված Սիսիանի հյուսիսային շրջանում (այսուհետ` Ջերմաղբյուր) առկա են երկրաջերմային էներգիայի արտադրության կայան հիմնադրելու նախադրյալներ (այսուհետ` Նախագիծ):
Հաշվի առնելով, որ ծավալուն ներդրումներն են անհրաժեշտ հետախուզական հորատումների եղանակով Ջերմաղբյուրը հաստատելու, դրա պաշարների ծավալը գնահատելու, ինչպես նաև Նախագծի ուսումնասիրման և իրականացման ֆինանսական հիմնավորումները գնահատելու համար,
Հաշվի առնելով, որ վերոնշյալի իրականացումը պարունակում է մեծ ֆինանսական ռիսկեր` առանց երաշխավորված արդյունքի,
Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարությունը չի կարող ստանձնել պահանջվող ներդրումները և ֆինանսական ռիսկերը,
Հաշվի առնելով, որ առ այսօր ՀՀ կառավարությունը Ներդրողից բացի չի կարողացել բացահայտել այլ պոտենցիալ ներդրողների, որոնք կցանկանային ստանձնել ֆինանսական ռիսկերը և ներդնել անհրաժեշտ միջոցներ հետախուզական հորատումների եղանակով Ջերմաղբյուրը հաստատելու, պաշարների ծավալը գնահատելու, ինչպես նաև Նախագծի ուսումնասիրման և իրականացման ֆինանսական հիմնավորումները գնահատելու համար` չունենալով նախագծի կենսունակության վերաբերյալ երաշխավորություն,
Հաշվի առնելով, որ Ներդրողը ցանկանում է ստանձնել ամբողջ ֆինանսական ռիսկերը և կատարել անհրաժեշտ ներդրումները հետախուզական հորատումների եղանակով Ջերմաղբյուրը հաստատելու և պաշարների ծավալը գնահատելու համար, ինչպես նաև ուսումնասիրելու և գնահատելու Նախագծի իրականացման ֆինանսական հիմնավորումները,
ՀՀ կառավարությունը և Ներդրողը համաձայնվեցին հետևյալի շուրջ.
Ներդրողն իր սեփական միջոցներով կկատարի հետախուզական հորատումներ, կգնահատի պաշարների ծավալը, ինչպես նաև կուսումնասիրի և կգնահատի Նախագծի իրականացման ֆինանսական հիմնավորումները:
Առաջին կետում նշված գործողություններն իրականացնելիս Ներդրողը կվարձի օտարերկրյա և տեղացի անհրաժեշտ փորձագետներ, ինչպես նաև կապահովի անհրաժեշտ սարքավորումները և տեխնոլոգիան:
ՀՀ կառավարությունը Ներդրողին անվճար կտրամադրի Նախագծի վերաբերյալ իր տրամադրության տակ առկա բոլոր տեխնիկական, ֆինանսական և այլ կարգի տեղեկատվությունները:
ՀՀ կառավարությունը Նախագծի զարգացման համար Ներդրողին հասանելի կդարձնի իր տեխնիկական և ֆինանսական ոլորտի փորձագետներին, ընդ որում դա կարվի առանց Ներդրողի համար լրացուցիչ ծախսերի, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ փորձագետներն անհրաժեշտ կլինեն այնպիսի առաջադրանքների իրականացման համար, որոնք չեն բխում այդ փորձագետների ծառայողական պարտականություններից:
ՀՀ կառավարությունը Ներդրողին կտրամադրի այլ համապատասխան աջակցություն, որը վերջինս կարող է պահանջել Նախագծի զարգացման համար, ներառյալ, սակայն չսահմանափակվելով Ջերմաղբյուրի հետախուզման և շահագործման համար սարքավորումների ներկրումը և արտահանումը, Ներդրողի կողմից վարձված օտարերկրյա փորձագետների մուտքի արտոնագրերը, աշխատանքի թույլտվությունները և այլն:
Հաշվի առնելով ֆինանսական ռիսկերը և այն փաստը, որ ներդրումները կատարվելու են առանց տեխնիկատնտեսական հիմնավորման առկայության, Ներդրողը կունենա Ջերմաղբյուրի շահագործման բացառիկ անժամկետ իրավունք: Միևնույն ժամանակ Ներդրողը պարտավորվում է տաս (10) տարվա ընթացքում Ջերմաղբյուրի վրա կառուցել էլեկտրակայան(ներ), որոնց միջոցով առավելագույնս կշահագործվեն Ջերմաղբյուրի հնարավորությունները: Այդ էլեկտրակայանները կկառուցվեն փուլերով, ընդ որում առաջին փուլը կկառուցվի Ջերմաղբյուրի պոտենցիալ հնարավորությունները հաստատելուց հետո երկու (2) տարվա ընթացքում և կունենա 50 ՄՎտ հզորություն, եթե այդպիսի հզորությունը կհիմնավորվի Ջերմաղբյուրի հնարավորությամբ:
Տաս (10) տարվա արտադրության զարգացման ծրագրի մանրամասները կբանակցվեն ՀՀ կառավարության և Ներդրողի միջև` սույն փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո չորս (4) ամսվա ընթացքում:
Ներդրողի պարտավորությունն այս ծրագրում ներդրում կատարելու վերաբերյալ կախված կլինի սակագնի կամ սակագնի հաշվարկի մեթոդոլոգիայի վերաբերյալ ստացված երաշխիքից, որի բավարար լինելը կորոշվի Ներդրողի բացառիկ հայեցողությամբ:
Ներդրողն իրավունք ունի փոխանցել այս փոխըմբռնման հուշագրով սահմանված իրավունքներն ու պարտականություններն իր մասնաճյուղերից ցանկացածին` առանց ՀՀ կառավարության համաձայնության:
________________________ |
________________________ |
Էդուարդո Էռնեկյան |
Արմեն Մովսիսյան |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |